Vrtanes Papazyan

Ժայռ

Արարված երրորդ

Գրիգոր աղա Վարակյանի տանը մի հյուրասենյակ՝ հարուստ և ճոխ կահավորությամբ։ Փոքրիկ գրադարան, երկար վարագույրները լուսամուտներին։ Առավոտյան ժամը 10-ի մոտերն է. բաց լուսամատից արևի ճառագայթները ներս են ընկել։ Աջ կողմից մի դուռ՝ տանում է դեպի Թերեզայի ննջարանը։ Խորքում՝ մուտքն է: Թերեզան մի օրորվող աթոռի մեջ նստած՝ գիրք է կարդում։ Բեմի վրա մի քանի րոպե լռություն է։ Դրսից լսվում են խառնիխուռն ձայներ:

1) Թերեզա, տիկին Վարակյան (մայրը)

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. (Տնային հագուստով և փոշոտ՝ մտնում է և ձեռքերն իրար քսելով թափ է տալիս ալյուրոտ ձեռքը)։ Վերջացավ… (Աղջկան)։ Բաս մենա՞կ ես կարդում, ա՛ղջի… (Նստում է մի բազկաթոռի մեջ)։ Շա՞տ ես անցկացել։

ԹԵՐԵԶԱ. (Տխուր և մռայլ)։ Չէի կարդում… Դեռ չվերջացրի՞ն…

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. Ի՞նչը. ցորեն դատարկե՞լը… Չէ՛, մի՛շտ բերում են… բայց դե՛հ, տեղը արել եմ. ծառաները կհսկեն։

ԹԵՐԵԶԱ. (Քիչ լուռ): Ասա, մայրի՛կ, հայրս գնե՞լ է այդքան ցորենը: Ի՞նչ պետք է մեզ այդքանը։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Ի՛հ, ա՛ղջի… Դե ես ի՞նչ գիտեմ։ Հա՛լբաթ ծախելու համար է։

ԹԵՐԵԶԱ. Գուցե իր պարտքով տված փողերի տոկոսներն են, չէ՞:

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. Ի՞նչ մեր բանն է այդ. ինչ ուզում է լինի… Հորդ գործերի մեջ ես ո՛չ խառնվել եմ, ո՛չ էլ ուզում եմ խառնվել… Դե՛հ, կարդա տեսնե՛նք… Որտե՞ղ մնացինք:

ԹԵՐԵԶԱ. (Գրքի վրա է նայում և մտազբաղ)։ «Տղան հասնում է վիշապի տան առաջ»… (Հանկարծ մորը)։ Ասա՛ խնդրեմ, մայրիկ, յուղ, մածուն, ձու… այդ բոլորը որ այնքան բերում եմ մեզ դրա՞նք էլ տոկոսներ են։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Զա՛հլես տարար… Մե՞զ ինչ. կուզեն՝ թող տոկոսներ լինեն… Հա՛լբաթ, փող որ պարտք է տվել – խո ձրի չի՞ տվել… Առևտուրը ա՛յդպես է լինում… Կա՛րդա, հետաքրքիր է, թե վիշապը ի՞նչպես ընդունեց տղային։

ԹԵՐԵԶԱ.- Ի՞նչպես պիտի ընդուներ… Անշուշտ կտոր-կտոր արած կլիներ։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– (Ժպտուն)։ Հենց է՛դ ա, է՜է՜… Հեքիաթների մեջ մի՛շտ ամենապստիկ տղան սպանում է վիշապին: Ես շա՛տ եմ սիրում այդպես հեքիաթները։ ԹԵՐԵԶԱ. Սա հեքիա՛թ չէ. այլաբանական զրույց է։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. Կուզի՝ յալլիբան էլ լինի մեջը. սի՛րում եմ… Դե՛հ կարդա…

ԹԵՐԵԶԱ. (Քիչ լուռ ու մտախոհ մնալուց հետո՝ կարդում է)։ «Եվ երրորդ որդին, կտրիճ Միլլեթը, եկավ կանգնեց երկաթե դռան մոտ, վիշապի պալատի առաջ»… (Ընդհատում է, մեկեն դառնում է մորը)։ Կուզեի իմանալ, սրբաշենցիք էլ կա՞ն դրանց մեջ։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. Բա սրբաշենցիք ի՞նչ գործ ունեն ըտեղ:

ԹԵՐԵԶԱ. Չէ… Ցորեն բերողների՛…

2) Նույնք և Սերգո (ծառան)

ՍԵՐԳՈ. (Փոշոտ՝ երևում է դռան մեջ): Խա՛նում…

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. Ի՞նչ կա… Թոզոտ ո՞ւր ես զալը մտնում։

ՍԵՐԳՈ. Բա աղեն ո՞րտեղ ա. գեղացիք սպասում են ախր։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. Էլ ինչի՞ են սպասում, թող գնան է՜լի…

ՍԵՐԳՈ. Չե՛ն գնում, ասում են՝ աղի հետ գործ ունենք։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Իրա օթա՞խում չի։

ՍԵՐԳՈ. Չէ, մտի՛կ տվի… Խաչատո՛ւրն ա ընտեղ։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Դե ուր որ ա՝ կգա… Թող սպասե՛ն… Անց կենալիս Հերիքնազին ասա մսի քյափը քաշի՝ էս ա գա՛լիս եմ… (Ծառան գնում է

ԹԵՐԵԶԱ. Ինչո՞ւ են սպասում գյուղացիք, մայրի՛կ։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Ի՛հ… աղջի… մեկ հալալ չե՛ս թողնում հեքիաթը լսեմ… Դե ես ի՞նչ գիտեմ, հալբաթ գործ ունեն։

ԹԵՐԵԶԱ. Այո՛… Երևի վեքսիլները նորոգելու… (Ելնում է և գնում դեպի լուսամուտը, այնտեղից)։ Մայրի՛կ. Բաղդասար ամին շա՞տ խեղճ է։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Ասում են՝ շա՛տ խեղճ է… ինչո՞ւ ես հարցնում… վեց–յոթ ջան ընտանի՛ք ունի։

ԹԵՐԵԶԱ. Եվ շա՛տ էլ պարտք… բաս ո՞րտեղից է այդքան ընծա բերում մեզ… (Քիչ լուռ)։ Տոկոսների տե՞ղ է… Դու չգիտե՞ս, մայրիկ, թե նա ո՛րքան է պարտ հորս։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Հո՛րդ… (Զարմացած)։ Բա նա ինչի՞ պիտի հորդ պարտք ունենա։

ԹԵՐԵԶԱ. Ո՛ւնի… 100 ռուբլի է պարտքը, բայց 200 պիտի տա… Հարյուրը՝ մի տարվա տոկոս… Մեկին մեկ… Մածունը, գառը դրանք էլ ավելի… ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. (Շփոթված)։ Ես էդ չէի իմանում… (Ակամա նեղացած)։ Դե տե՛ղն ա նրան, ինչի՞ ա պարտք անում, թող յորղանի գյորա՛ ոտները պարզի… (Ելնում է և քայլում դեպի դուռը

ԹԵՐԵԶԱ. Չլսեցի՛նք, թե վիշապը ինչպես ընդունեց տղային:

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. Դե կարդո՞ւմ ես, որ… Գնամ տեսնեմ կուխնումը ի՞նչ են անում. Մատվեյ Եգորիչը էսօր ճաշին մե՛զ մոտ է գալու։

ԹԵՐԵԶԱ.– Դատավո՞րը… Իսկ հա՞յրս երբ կերթա նրա մոտ:

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. (Զարմացած՝ կանգ է առնում)։ Ընչի՞ որ… Երբ կանչի։

ԹԵՐԵԶԱ. Երևի շուտո՛վ… (Մտախոհ՝ նայում է դուրս լուսամուտից

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. (Քիչ նայում է նրան, հետո գլուխն է շարժում և դուրս գնում

Դրսում խառն աղմուկը մեծանում է. լսվում է Գրիգոր աղայի բարձր ձայնը։ Հետո աղմուկը հանկարծ դադարում է, և Գրիգոր աղան է խոսողը՝ դրսից։

ԳՐԻԳՈՐ. (Դրսից)։ Լա՛վ, կտեսնե՛նք… Մի քիչ սպասե՛ք…

ԹԵՐԵԶԱ. (Ցնցվում է, դառնում և գնում է ննջարանը

3) Գրիգոր, քաչալ Մարտիրոս

ԳՐԻԳՈՐ. (Մտնում է խորքի դռնից, նայում է շուրջը)։ Էս ո՞ւր են մերոնք… (Գնում է դեպի ննջարանի դուռը և քիչ բաց է անում)։ Դու այստե՞ղ ես, Թերե՛զ… Հա՛, կարդո՞ւմ ես։ Լա՛վ, քեզ անհանգիստ չենք անի։ (Փակում է դուռը և Մարտիրոսին): Դեհ, տեսնե՞նք… Նստի՛ր… Ասածներս արի՞ր…

ՄԱՐՏԻՐՈՍ.– Բա չէի՞ անի։ Կանչեցի ամենքին։ Կգան։ Էնպե՜ս ուրախ էին որ…

ԳՐԻԳՈՐ. (Չար ժպիտով)։ Հիմար լինելուցն է… Նստի՛ր։ Ապա՞, ցույց տուր վեքսիլները… Շա՞տ է։

ՄԱՐՏԻՐՈՍ.– Հինգ հարյուր մանեթի… Հենց որ փողերը տաս՝ ձեռք կքաշեն։

ԳՐԻԳՈՐ Իսկ գրա՞ծն ինչքան է։

ՄԱՐՏԻՐՈՍ. Ճիշտ 703 մանեթ… Բոլորը մեկ տարով կամ վեց ամսով… (Հանում է ծոցից մի կապոց և վերցնում է մեկ-մեկ մուրհակները): Ա՛յ, էս մեկը Կարմիր-քարերից Սարուխանինը, 150 կտանք՝ մեկ տարով… Տոկոսն էլ վրան խփած 317 մանեթի։

ԳՐԻԳՈՐ. Էլ ինչի՞ յոթը… (Ժպտալով): Ամա հասկանում եմ… Սատանա՜ն ես եղել, հա՜… ՄԱՐՏԻՐՈՍ.– Քո ղուլլուղումը՝ ո՞վ չի ըլի… Ըսենց պակաս թվե՛րն են լավ։ (Շարունակում է)։ Էս մեկը քիչ զոռն էր: Մեր գեղացի ա: Շատ գրել չեղավ, կարդա՛լ էր ուզում տա… 200 ուզեց, ու մեկ սահաթ չանա խփելուց հետո՝ հազիվ թողաց, որ 250 գրեմ։

ԳՐԻԳՈՐ. (Բարկացած)։ 25 տոկո՞ս… Ինչի՞, փողը չո՞լումն եմ գտել, թե՞ նրա հորն եմ պարտական… Էդ ո՞ր շան որդին էր։

ՄԱՐՏԻՐՈՍ. Սարիկենց Սմբատը։

ԳՐԻԳՈՐ– (Ոստնում է տեղից)։ Ինչ ես ասո՜ւմ… (Ուրախ)։ Գրավ-բա՞ն. խո գրե՞լ ես։

ՄԱՐՏԻՐՈՍ. (Ժպտուն)։ Չէ , էլ ի՞նչ գրավ… Վեց ամսով…

ԳՐԻԳՈՐ. (Ընդհատում է զայրացած)։ Ադա, քյա՜չալ, քեզ չե՞մ ասել, որ մեր գեղացոց հետ գործ բռնելիս՝ առաջ ինձ հետ խոսես… է՛շն ես եղել, է՛շը… Բա դու չե՞ս իմանում, որ նրանց տունը մեր տանը կպած ա…

ՄԱՐՏԻՐՈՍ. Գիտեմ, ո՞նց չիմանամ… Ամա դե որ չեղա՜վ…

ԳՐԻԳՈՐ.– Պա՛տռի դեն քցի: Չե՛մ տալիս. ո՛չ մի կոպեկ… թե իր տունը գրավ կդնի՜…

ՄԱՐՏԻՐՈՍ. (Խորամանկ)։ Բա որ գրավ դնի. ինձ ի՞նչ խեր կա դրանից։

ԳՐԻԳՈՐ.– Հա՜յ շունն ես, հա՜… Դե՜, քեզ ես պակա՞ս եմ գոհացրել… Հիսուն մանեթ կտամ, թե Սարիկենց Սմբատը մեկ ճանկս ընկնի։

ՄԱՐՏԻՐՈՍ. (Ոտքի է ելնում)։ Բաս տուր… (Մի ձեռքով մուրհակն է ցույց տալիս և մյուս ձեռքը պարզում)։ Հրես, ա՜յ. ձեռք քաշած, տունն էլ գրավ դրած, փողն էլ ես տվի, որ դու ինձ տաս…

ԳՐԻԳՈՐ.– (Ուրախ)։ Հարամզադեն ես եղել, հա՜… Ամա հա՛լալ ըլի քեզ տամ… (Հանում է և տալիս)։ Տո՜ւր վեքսիլը… Տես թե եկող տարի ո՜նց եմ մեր բաղը լենացնում էդ կողմից…

4) Նույնք, Սերգո, Թերեզա

ՍԵՐԳՈ. (Երևում է դռան մեջ)։ Աղա՛, գեղացիք…

ԳՐԻԳՈՐ. (Հախուռն)։ Ի՞նչ… Թող սպասե՜ն։

ՄԱՐՏԻՐՈՍ. Աղա՛, լա՛վ չի, մի սպասեցնի, կեսօր կդառնա, մարդիկ խեղճ են, գործեր ունեն։

ԳՐԻԳՈՐ. Բաս լավ. գնա օթախս տար՝ գալիս եմ։

ՍԵՐԳՈ. Ընտեղ ախր Խաչատո՛ւրն ա խաչքարեցոց հետ հաշիվ տեսնում։

ԳՐԻԳՈՐ. Ըտե՞նց… (Քիչ լուռ)։ Բաս կաց… (Գնում է դեպի Թերեզի ննջարանը, դուռը քիչ բաց է անում և աղջկան)։ Թերե՛զ… (Քիչ լուռ): Որ դուրս գնաս՝ պարտեզում կարդաս, լավ չի՞ լինի,.. Հիմի այստեղ գյուղացիներ կլցվեն, նրանց գոռգոռոցը քեզ կխանգարի։

ԹԵՐԵԶԱ. (Ներսից)։ Լավ… Գնամ…

ԳՐԻԳՈՐ.- (Աչքով է անում ծառային և ինքը սպասում

ԹԵՐԵԶԱ.- (Քիչ հետո դուրս է գալիս և անցնում, չի պատասխանում Մարտիրոսի խոնարհ բարևին։ Մյուս դռան մոտ հասնելիս՝ դառնում է հորը)։ Հա՛յր, այդ եկող գյուղացիների մեջ սրբաշենցիք էլ կա՞ն…

ԳՐԻԳՈՐ. (Թարմացած)։ Ի՞նչ… Սրբաշե՜նցիք… Չէ, ինչի՞ որ…

ԹԵՐԵԶԱ. Ոչի՜նչ… (Գնում է

ԳՐԻԳՈՐ. (Նրա գնալուց հետո կնճռված ու մտախոհ դառնում է Մարտիրոսին)։ Դու բան հասկացա՞ր…

ՄԱՐՏԻՐՈՍ. (Ուսերն է թոթվում)։ Բարիշնեն հիվա՜նդ ա երևում…

ԳՐԻԳՈՐ. (Ծառային): Ասա թող գան հիմի… Խանումին էլ ասա՝ թող մեկ գնա Թերեզի մոտ… (Խիստ)։ Շա՛ն օրը կգցեմ ձեզ, թե բարիշնի քեֆին կպել եք… Գնա՛… (Ծառայի գնալուց հետո)։ Հիվա՜նդ ա երևում… (Կնճռոտ և կատաղի)։ Է՜ն-է՜ն-է՜ն… աբլակատի՛ն… (Սթափվում է և Մարտիրոսին)։ Պրծի՛ր, էլի՞ կա։

ՄԱՐՏԻՐՈՍ. (Խոնարհ)։ Մեկը մնաց… Շա՛տ չի. 150 մեկ տարով տված՝ 236 մանեթ… Սպիտակ-շենից։

ԳՐԻԳՈՐ.– Լա՛վ, թող ձեռք քաշեն, երեկոյան բեր ու փողերն ստացիր… Դե՛հ, հիմի դու գնա։ Բաղդասար ամին, բանը թե գան՝ խոսիր հետները, մինչև ես ըստեղ պրծնեմ։

ՄԱՐՏԻՐՈՍ. (Գնում է դեպի դուռը

ԳՐԻԳՈՐ. Ամա բաղչեն չմտնեք… Ղալմաղա՛լ էլ չհանեք:

ՄԱՐՏԻՐՈՍ. Չէ. քուչումը կսպասենք, մինչև մյուսները գնան։ (Գնում է

5) Գրիգոր, Մարկոս, Գալուստ և Հայրապետ (գյուղացիներ)

ԳՐԻԳՈՐ. (Մենակ, դեմքը կնճռած և մռայլ)։ Ամեն բան ասած կլինի… Սրբաշե՜ն… հը՜մ… Չլինի՞ դա էլ է պատմել… (Սպառնալից)։ Սպասի՜ր, ես քեզ էնպես թռցնեմ որ…

ԳՅՈԻՂԱՑԻՔ. (Երևում են դռան մեջ, ներս են գալիս և կողքին խոնարհ կանգնում

ԳՐԻԳՈՐ. (Նրանց)։ Նե՛րս եկեք… Հը՞, ուզում եք թազացնի՞… (Նեղացած)։ Չէ՛, էլ չե՛մ կարող… Փողերս բերեք ու պրծնի-գնա… Գործերս հավաքում եմ-գնում ըստեղից, հավիտյա՛ն գնում… էն ա ձեզ նոր ատվա՜կատ ա եկել, նրա՛ն գնացեք, թող նա՛ պարտք տա ձեզ… Քանի նա կա էլ ես ի՞նչացու եմ… Ես ձեզ կողո՛պտում եմ զրկում, ես փիս մարդ եմ… Հրե՛ն, լավ մարդը եկել ա. առանց տոկո՜սի թող տա… Չէ՛, էլ չի՛ կարելի, փո՛ղերս տվեք… Գործերս հավաքում եմ։

ԳԱԼՈՒՍՏ. Դե էլ ինչո՞ւ ես նեղանում, աղա, մենք սկի ե՞րբ ենք տեսել նրա երեսը… Կամ նա ի՞նչ փող ունի, որ մեզ պարտք տա… Մենք քեզ չե՛նք թողալ… դու մեզ մի՛շտ լավություն ես արել… Էս անգա՛մ էլ արա, քեզ ղուրբան… Չունենք, բան չմնաց, քյասադ տարի էր… Ձմեռս կկոտորվեն՝ թե եղածն էլ ծախենք ու պարտքներս տանք։

ԳՐԻԳՈՐ.– Դե բա ես ո՞նց անեմ, խո պարտավո՞ր չեմ ձեզ… Թե լավություն էր է՛ս էլ հերիք էր։ Հայ-քրիստոնի պես՝ էս երկու տարի փողս ձեզ մոտ՝ աբարո՛տ չի անում… Խո ես խազնատար չեմ, յա միլիոնատեր… Չե՛մ կարա, չէ, փո՛ղս պիտի տաք… (Խիստ՝ նստում է

ՀԱՅՐԱՊԵՏ. Մեզ վրա իզո՛ւր ես նեղանում, աղա՛… Չունենք, ո՞րտեղից տանք, խո վերջին ունեցածներս էլ չե՞ս ծախելու։ Մի քիչ մա՛ջալ տուր, տոկոսը վրա՛ն եկ՝ մինչև եկող ամառ…

ԳՐԻԳՈՐ.– (Բարկությամբ)։ Փիե՜… Էդ ի՞նչ տեսակ ես խոսում. տո՛, կասես ե՛ս ըլեմ քեզ պարտական… Բա դու խիղճ չունե՞ս… Ես ի՞նչ ասեմ՝ որ ունեցածս էլ ձեզ մոտ քնացնեմ… Հալա գնացել եք էն… էն լա՛ծիրակին էլ գանգատվել, թե ես ձեզ կողո՛պտում եմ, զրկում եմ…

ԳԱԼՈՒՍՏ. Բո՜ւյ, մեղա՜ աստծու… Ո՞վ ա ըտենց բան արել… Աստվա՛ծ, ե՛րկինք… Ընչի՞, բա մենք երախտիք չե՞նք իմանում…

ՄԱՐԿՈՍ. Ա՛յ Գրիգոր աղա, յանի որ ուշք չդարձնես էդ երեխին չի՞ ըլի… Թող իրա համար հա՛ խոսա, ասի. քեզ ի՞նչ կարա անի որ…

ԳՐԻԳՈՐ. (Ոտքի է ելնում, հպարտ)։ Բո՛, իհա՜րկե… Նա ո՞ւմ շունն ա որ… Ամա ես ձե՛զ համար եմ ասում, ձե՛զ եմ խղճում… որ ըտենց մարդկանց ձեր մեջը թողաք է՜է՜ էլ ինձ պես մարդիկ ձեզ չե՛ն օգնի… ինչի՞, գժվե՞լ են, որ հա՛մ օգնեն, հա՛մ էլ խոսք լսեն…

ԳԱԼՈՒՍՏ. Դե ի՞նչ անենք, ա՛ քեզ մատաղ, դուրս խո չենք անելու գեղիցը։

ԳՐԻԳՈՐ. Դո՛ւրս կանենք, բա՜ս… Ընչի՞, որ հասարակությունը կամենա, չի՞ կարող թուղթ շինի, նաչալնիկին, գուբերնա՛տորին… Թե էս մարդը մեր հասարակության մեջ չե՛նք ուզում… Հը՞, Մարկո՜ս, սա լավ չի՞…

ՄԱՐԿՈՍ. Բա ի՞նչ անենք: Ախր մի պատճառ պիտի ըլի՞, թե՞ չէ… Էն մարդը որի՞ն ա վնաս տվել… Յա թե չէ… ՀԱՅՐԱՊԵՏ.– (Ընդհատում է)։ Մեր քյոխվան էլ ասում են, հետը բարեկա՛մ ա, միշտ ընտե՛ղ ա, միա՛սին են։

ԳՐԻԳՈՐ. (Մարկոսին)։ Պատճա՞ռ՝ ասում ես… Տո սրանից լավ պատճա՞ռ որ պատվա՛կան մարդկանց անո՛ւնն ա կոտրում, զրպարտում ա… Յա թե չէ՝ խռովություն ա գցում գեղումը…

ԳԱԼՈՒՍՏ. Ո՞նց կըլի, աղա՛։ Բա ընչի՞, քննություն չե՞ն անի… հենց ընենց մեր ասա՞ծին կլսեն։ Չե՞ն ասի, թե սուդումը գանգատ տվեք ու քննենք… Յա թե չէ՝ որ թուղթ էլ հենց շինենք ողջ հասարակությունը ձեռք կքաշի՞, քյոխվան կթո՞ղա, չե՞ն հարցնի, թե մարդը ի՞նչ ա արել, որ ուզում եք գեղիցը դուրս քշի…

ՄԱՐԿՈՍ. Չէ՛, աղա՛, էտ ըլելու բան չի՛… չե՛նք կարա… բան չի դուրս գա։

ԳՐԻԳՈՐ. (Քիչ նրանց է զննում, հետո հանկարծ ժպտում է և ավելի կակուղ)։ Ա՜յ թէ միամիտ խալխ եք ըլել, հա՜… Հավատացիք, է՞լի, որ իմ շա՛տ վեջն ա, թե նա գե՞ղումն ա, յա չէ… (Խրոխտ)։ Տո՛, ըստի մտիկ տվեք մեկ, է՜… (Գլխարկը վեր է քաշում և ձեռքը ճակատին խփում)։ Ա՜յ, ճակատս բա՛ց ա, ո՛չ ոքից վախ չունեմ։ Ո՛չ գողություն եմ անում, ո՛չ ավազակություն… Հնչի՞ց պիտի վախենամ… Հա՜նաք արի, հա՛նաք… Ա՜մա միամիտ խալխ եք… (Բռնազբոսիկ քրքիջ, հետո լրջանում է)։ Հա՛, դե վնա՛ս չունի, էն որ էդքան խնդրում եք, է՛լի ձեզ լավություն կանեմ, հայ-քրիստոնյա ենք, քանի ձեռքներիցս լավություն գա՝ պիտի անենք… Գնացեք քյաչալին թազա վեքսիլներ գրել տվեք… Աչքի՛ս վրա. թող փողերս մե՛կ տարի էլ ձեր մոտը պառկի, կորած տեղ չի։

ԳԱԼՈՒՍՏ.– Աստված քեզ անպակաս անի։ Աստծով… եկող տարի…

ԳՐԻԳՈՐ.– Աստծո՛վ, աստծո՛վ… Քյաչալը ցա՛ծումն ա. վեքսիլնե՛ր էլ կա մոտը (Գալուստին)։ Քոնը ի՞նչքան ա, Գալո՛ւստ… Հա՛, 125 մանեթ ա, չէ՞… Գրել կտաս 200: Դու էս տարի, գիտե՞ս, բոլորովի՛ն մոռացել ես մեզ։ Ո՛չ բաղիցդ ես մեզ պտուղ, յա գինի… ոչ զատկին մի գառը… Բա մեր փողը հենց ընե՞նց, մո՞ւֆտա պառկի մոտդ… 200 գրել կտաս։

ԳԱԼՈՒՍՏ. Վա՜յ, աղա՛, էդ ի՞նչ կրակի մեջ ես գցում ինձ… Բա ես կա՞րամ էդքան տոկոս տալ… Բա ինձ ընտանիք չո՞ւնեմ… Մարկոսի՞ց էլ ավելի տոկոս։

ԳՐԻԳՈՐ. (Բարկությամբ): Էդ դու ո՞րտեղից իմացար, թե Մարկոսից պակաս տոկոս եմ առնելու… Համ էլ՝ Մարկոսը մարդ ա, դո՞ւ ինչ ես։ Նոր տարուն, ծնունդին՝ էլ խոզի ճուտը, է՛լ կարագ, գառը… Ո՛չ մի բանիցը չի մոռանում. մարդը գի՛տի լավություն, երա՛խտիք… (Մարկոսին)։ Քոնը 75 մանեթ ա գրել կտաս 125… 25 մանեթ պակաս… Էլ մի ասի, թե մենք երախտիքը բանի՛ տեղ չենք դնում…

ՀԱՅՐԱՊԵՏ. (Գրգռված)։ Ի՛մը ի՞նչքան գրել տամ, աղա՛…

ԳՐԻԳՈՐ. (Դառնալով դեպի նա, զսպված բարկությամբ)։ Հը՛մ, քո՞նը. 200 չի՞, գրել կտաս 300: Է՛դ ա, կուզես՝ գրել տուր, չես ուզի՝ փողս բեր… ի՞նչ ա, քեֆիդ չեկա՞վ… Բա կարծում ես մոռա՞ցել եմ… Միտդ չի՞, կանչեցի արտս հնձես չեկար. այգիս փորես՝ փախար… Քեզնից հլա մինչի օրս մի խի՛լ էլա չեմ տեսել…

ՀԱՅՐԱՊԵՏ. (Բարկությունից դողալով): Բաս էտ ա, է՜լի… Հա՛մ էնքան տոկոս տամ, հա՛մ էլ մուֆտա գամ բա՞նեմ քեզ համար…

ԳՐԻԳՈՐ. (Կատաղի): Մո՞ւֆտա… Տո բա ես քո հո՞րն եմ պարտական, յա՞ քեզ. տո. բաս քեզ տված փողը իմ կնգա, աղջկա բերնիցը կտրա՞ծ չի, քրտինքովս աշխատա՞ծը չի… Հը, հա՛րամզադա, ասա տեսնե՞նք… Ո՞նց ես էգուց ևեթ սուդը տամ վեքսիլդ, տուն ու տեղդ վեր գրեմ, տավարդ ծախեմ. քեզ չոլերը գցեմ… Ա՜յ ես ձեզ մարդ ասողին, հա՜… Է՞դ ա իմ լավությունը… Գնա՛ կորի, գնա փողս բեր՝ ու ռադ ըլի աչքիցս… Ձեզպեսները պիտի քաղցած սատկեն, որ խելքի գան… հարա՜մզադա…

6) Նույնք և Թերեզա

ԹԵՐԵԶԱ. (Որ դռնից անշշուկ ներս էր մտել, գունատ՝ կռթնում է դռան և ականջ է դնում

ԳՐԻԳՈՐ. (Չի նկատում նրան, երեսը Հայրապետին է և շարունակում է, հետզհետե ավելի զայրացած)։ Հա՛յդե, էլ ո՞ւր ես ցցվել ըստեղ… Գնա փողս բեր. որտեղան կուզես՝ 200 մանեթս իր տոկոսովը գտի ու բեր… Թե էսօր չես բերել, աստվա՜ծ է վկա, փալասդ տակիցդ քաշել կտամ…

ՀԱՅՐԱՊԵՏ. (Խեղճացած և մեղմ): Աղա՛, դե ես ի՞նչ ասի որ… Ախր առածս իսկի հարիր մանեթ չի ըլի, մեկ տարվա մեջ երկու հարյուր դարձրիր, հիմի էլ վրես բարկանում ես, թե ինչ ա մուֆտա չեմ եկել ու բանել քեզ համար, յա թե չէ գառը, գինի ընծա չեմ բերել… ու 300 ես շինում… (Լացի ձայնով)։ Բա ես մե՞ղք չեմ, ուզում ես, որ երեխեքս կոտո՞րվեն, հիվա՜նդ, սովա՜ծ…

ԳՐԻԳՈՐ. (Կատաղի)։ Տո ի՞նձ ինչ, ա՛խմախ, որ թեկուզ ամենքդ էլ սատկեք… բա որ ըտենց ա, էլ ո՞ւր ես գոռգոռում, ո՞ւր ես մեծ-մեծ խոսում։ Չէ՛, գնա՛, գնա՛ փողս բեր ու ռա՜դ ըլի: Չունես էգուց ևեթ տակիդ դոշա՛կն էլ քաշել կտամ… հարա՛մզադա… (Շարժում գործելու ժամանակ հանկարծ նկատում է Թերեզային և լռում

ՀԱՅՐԱՊԵՏ. Աղա…

ԳԱԼՈԻՍՏ. (Որ նույնպես նկատում է Թերեզային, բոթում է Հայրապետին)։ Սո՛ւս, տո՛…

ԳՐԻԳՈՐ. (Ճիգ է գործում, քաղցր ժպիտ ստանում և գնում դեպի աղջիկը)։ Հը՜, օթա՞խդ ես ուզում գնալ… Բա էդ ընչի՞ ես գույնդ գցել… Հիվա՞նդ ես… (Գյուղացոց՝ խիստ դեմքով և բուռն շարժմամբ)։ Կո՛րեք…

ԳՅՈՒՂԱՑԻՔ. (Կծկված՝ անցնում են Թերեզայի մոտով

ԹԵՐԵԶԱ. (Լուռ՝ ճանապարհ է տալիս և կծկուն դիմագծերով, լաց լինելու պես՝ նայում է նրանց ետևից և հուզված՝ կռթնում դռան

ԳՐԻԳՈՐ. (Ուզում է բռնել նրան)։ Բո՛ւ… ա՛ղջի, էդ ի՞նչ էլավ քեզ, է՜է՜… Ո՞ւր է մայրդ… (Կանչում է դռնից)։ Ա՛յ կնիկ, Սաթենիկ…

ԹԵՐԵԶԱ. (Որ երերուն թուլացել էր, ճիգ է գործում, ուղղվում է)։ Ոչի՛նչ, գլուխս պտտեց… Թո՛ղ ինձ, ես սենյակս կերթամ… (Քայլում է դեպի սենյակը, բայց կես ճանապարհին կանգ է առնում և հանկարծ դառնում դեպի հայրը)։ Հա՛յր… ուրեմն… իրա՞վ է այդ բոլորը…

ԳՐԻԳՈՐ. Ի՞նչը, աղջի՛կս… (Խիստ)։ Դու մեզ լսո՞ւմ էիր… Ի՞նչ ես խառնվում իմ առևտրական գործերի մեջ… Սա առևտուր է, դիմացինդ՝ կոպիտ, անտաշ գյուղացինե՜ր… նստի՛ր, նստիր՝ գնամ մորդ կանչեմ… (Ուզում է գնալ

ԹԵՐԵԶԱ. (Ուժ տալով իրեն): Ո՛չ… մնա՛, հա՛յր… խոսե՛լ եմ ուզում քեզ հետ… Այդ դուռն էլ փակիր… (Նստում է

ԳՐԻԳՈՐ. (Ուսերը թոթվելով՝ դուռն է փակում, լուրջ կերպար է ստանում և մոտենում է։ Մի րոպե երկուսն էլ լուռ են։ Թերեզը գլուխը խոնարհած, իսկ հայրը ուշադրությամբ զննում է նրան

ԳՐԻԳՈՐ. Ապա՞, ի՞նչ է ասելիքդ… Գործ ունեմ, ասա՛… (Կատարելապես զսպել է իրեն, խիստ դեմք է ընդունում և նստում)։ Խոսի՛ր… Թե հիվանդ ես, քաղաք գնա մորդ հետ… Այդ ասե՛լ եմ քեզ, դու չե՞ս ուզում։ Կո՛ւզես՝ հենց ա՛յսօր գնա. երևի կարոտել ես քաղաքին…

ԹԵՐԵԶԱ. (Զարմացած և լուռ՝ նայում է նրան

ԳՐԻԳՈՐ. Դե ասա տեսնե՛նք… Թե ցավ ունես և քաղաք չե՛ս ուզում գնալ այստեղի բժիշկը կանչենք,.. Բայց (Ժպտալով)։ Չլինի՝ փող է ուզածդ, հը՞… Գիտես, որ չեմ խնայում ոչինչ,… Ի՞նչքան ես ուզում տամ։ (Ձեռքը ծոցն է տանում

ԹԵՐԵԶԱ. (Ցնցվելով ոտքի է ելնում, դեմառդեմ մի րոպե նայում է հորը, հետո խիստ)։ Հա՛յր, դու ինձ մի՛շտ երեխայի տեղ ես դնում… Ամեն բանի վե՛րջը կա, հա՛յր…

ԳՐԻԳՈՐ. Ուրեմն ի՞նչ է ուզածդ, ի՞նչ է ասելիքդ… Չլինի էլի այն անպիտանի մասին է… Սիրո՞ւմ ես նրան ինչո՞ւ մերժեցիր… (Հեգնորեն)։ Չուզեցիր իբր վա՞րձ դառնալ իմ փրկության… փրկությո՞ւն… ինչի՞ց, օրիո՛րդ, ումնի՞ց… Նրանի՞ց, այդ լակոտի՞ց… ավելի շուտ մտածիր նրա՛ն փրկել իմ ձեռքից, հասկանո՞ւմ ես. նրան, որի թոզը երկինք կբարձրանա շուտով… (Լրջանում է)։ Թո՛ղ երեխայություններդ, Թերեզ. կարդացածդ ռոմանների միջից վերցրած խոսքե՛րն էլ թող… Սիրո՞ւմ ես նրան գնա՛, ես խո չե՛մ արգելում։ Ընդհակառակն… Տես ես որքա՜ն բարի եմ և ներողամիտ: Նախատե՛ց ինձ, ավազա՛կ կոչեց բայց եթե դու կամենաս նրա կինը լինել ամենը կմոռանամ և հոժարությունս կտամ… Էլ բան ուզո՞ւմ ես։ Սրանից ավելի՞ն…

ԹԵՐԵԶԱ. (Քիչ լռությունից հետո՝ վճռական): Հա՛յր, ես ուզում եմ, որ դու զղջաս և չշարունակես այլևս այդ կեղտոտ արհեստը, այդ… գյուղացիներին կեղեքելդ… (Խիստ)։ Ամաչո՛ւմ եմ, որ քո աղջիկն եմ, հա՜յր…

ԳՐԻԳՈՐ. (Ոստնում է տեղից և բարկությամբ)։ Ահա՜ թե ինչ… ամաչում ես, որ իմ աղջի՞կն ես… Այդպե՞ս ես խոսում դու հո՛րդ, հորդ հետ, որ քեզ համար ոչինչ չի խնայել… Ա՞յդ է քեզ ուսման տալուս հետևանքը… Այդպե՞ս ուրեմն… Լա՛վ, դու այսուհետև՛ կտեսնես, կտեսնես, թե ի՞նչ է նշանակում հորդ դեմ զինվել, նրա գործերի մեջը խառնվել…

ԹԵՐԵԶԱ. Հա՛յր…

ԳՐԻԳՈՐ. (Խիստ բարկացած): Լռի՛ր։ Անզգամություն չեմ ուզում… Ահա՛ ուսմանդ, քեզ ազատ մեծացնելու, երես տալուս հետևանքը… (Քայլում է դեպի դուռը)։ Չհամարձակվե՛ս հորդ հետ այդպես։ Անզգա՛մ… (Դուրս է գնում և դուռը շրխկոցով փակում ետևից):

7) Թերեզա, տիկին Վարակյան


ԹԵՐԵԶԱ.- (Դեմքը ձեռքերի մեջ՝ մնում է, հետո, հուսահատ ցնցումներով հեկեկում է բազկաթոռի մեջ։ Այդ տևում է մի րոպե, բեմի վրա լոություն էՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. (Ներս է վազում վախեցած): Թերե՛զ, քե՛զ ղուրբան, էդ ի՞նչ ա եղել քեզ… Հերդ ղրկեց, թե հիվանդ ես… (Գրկում է նրան)։ Ասա՛, ո՞րտեղդ ա ցավում… Բժի՛շկ կանչենք…

ԹԵՐԵԶԱ.– (Բարձր հեկեկալով՝ ընկնում է մոր գիրկը)։ Ա՛խ, մա՛յր, մա՛յր, որքա՛ն թշվառ եմ ես…

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. Բո՛ւյ… ա՛յ աղջի, ի՞նչի, ի՞նչ էլավ քեզ… Գնա՛նք, գնանք պառկիր… (Տանում է ննջարանը, որի բաց դռնից լսվում է Թերեզայի հեկեկալու ձայնը

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. (Ննջարանից)։ Բո՛ւյ, ա՛ղջի, դե հերիք ա, է՜է՜… Պա՛ռկի, պա՛ռկի… էս ջուրն էլ մեկ խմի՛… Ըտե՛նց… (Դուրս է գալիս ննջարանից, դուռը փակում, ականջ է դնում, հետո գլուխը երերցնելով և զգույշ քայլերով՝ խորքի դռնից դուրս է գնում):

Բեմի վրա մի րոպե լուռ է։

8) Գրիգոր, Մարտիրոս, Բաղդասար, Մարգար և Զաքար

ԳՐԻԳՈՐ. (Ներս է մտնում։ Ետևից՝ Բաղդասար, Զաքար, Մարգար և Քաչալ Մարտիրոս): Էդպես, հա՞, Բաղդասար ամի… (Նստում է)։ Ադա՛, բաս էդքան էլ նամըքյո՞ռ կըլեն… Ինձ վրա գա՞նգատ եք ուզում անի, ինձ սո՞ւդն եք ուզում քաշ տա. էս ծեր հալո՞վս… Հա՜յ-գիտի աշխարհ, հա՜յ, տե՛ս, թե ինչ օրերի ենք հասել: Սրանց ես լա՛վություն անեմ, փող տամ, խեղճությունից ազատեմ, որդկերանցը սովածությունից քաշեմ-հանեմ… (Մարգարին): Ադա՛, բաս դու մոռացա՞ր, որ ոտներս ընկել աղաչում էիր… Թյո՛ւ ձեր նամուսին, հա՛… (Զաքարին)։ Բաս դո՞ւ, բեհայա՛, դո՞ւ չէիր, որ հլա կնգանդ էլ ուղարկել էիր, լա՜ց, արտասո՜ւք… Հմի ինձնից, գանգատ եք անում, է՛լի, ինձ սուդն եք քաշում, հա՞… Տո՛, բաս ուզում եք փողս ո՞ւտի, ո՞ւրանա… Բա ըտենց բա՞ն եք լսել, հը՞…

ԲԱՂԴԱՍԱՐ. (Շփոթված)։ Յանի որ… հանց որ… տո՛կոսը…

ԶԱՔԱՐ.– Էլ ինչի՞ ես նեղանում, ա՛ղա, էն ա սուդը կվճռի, է՛լի, թե մենք քեզ էնքա՞ն ենք պարտական, ինչքան գրած ա վեքսիլումը…

ԳՐԻԳՈՐ.– Փիե՜… Տո բաս դո՞ւ չես ձեռք քաշել տակին… Հրես, ա՜յ… (Հանում է վեքսիլների ծրարը և միջից մեկը դուրս բերում՝ խոսելով միաժամանակ): Թուր ու թվա՞նքով վախացրի, բուկիցդ հո՞ւպ տվի… Չէիր ուզում, ո՞ւր էիր ձեռք քաշում: Հը՞, ըտե՞նց չի, Մարտիրո՛ս…

ՄԱՐՏԻՐՈՍ. Դե հմի աղա՛, սխալվել են, ղալաթ են արել, բաշխի… Խեղճ մարդիկ են, փող չունեն, որ տան… ԳՐԻԳՈՐ.– Տո՛, որ փող չունեն տան, էլ ո՞ւր են գանգատի գնում: Ընչի՞ մեկ չեկան ինձ մոտ, խնդրեին. «Գրիգոր աղա,– ասեին, ղուրբան, չունենք, չե՛նք կարող պարտքներս տալ, խղճա մեզ»… Ես էլ խո մա՛րդ եմ, կնիկ-զա՛վակ ունեմ, խո ջանավար չե՞մ.. Հա՛լբաթ մի բա՛ն կանեի, յա թե, ո՞վ ա իմանում… քրիստոնյա չե՞մ, սիրտ չունե՞մ… Քաղցր լեզուն, աղաչանքը՝ ի՞նչ քար սիրտ ասես՝ որ չշարժի… հը՞։ Բաղդասար ամի, սրա՞ն ինչ կասես, սո՞ւտ եմ ասում… Ես անզգա՞մ մարդ եմ, քեզ քի՞չ լավություն եմ արել…

ԲԱՂԴԱՍԱՐ. Հանց ո՜ր… ի՛հարկե, աստված կյանք տա… Ամա դե ասում են՝ թազա զա՜կոն… Յանի որ մենք էլ, դե՛, ուտելու հաց չունենք, սո՜ված…

ԳՐԻԳՈՐ. Տո ընչի՞ ինձ մոտ չեկար առաջ: Մեկ գայիր, ըտոնք դիփ ասեիր… Թե քեզ հետ կռվեի, ուշունց տայի, յա մերժեի է՛լի գնայիր էն լակոտի մոտ… Հը՞, հենց հմի, որ էդ ասում ես, յանի ես շա՞տ գիտեի, որ հալդ փի՛ս ա, չես կարողանում պարտքդ տա… (Լուռ՝ նայում է գյուղացոց և մյուս կողմից հանում է ձեռքի ծրարից երեք մուրհակներ։ Գյուղացիք թեև գլխիկոր են, երբ չի նայում, սրտատրոփ հետևում են թղթերի շարժմանը): Տո՛, հա՛յվաններ, ե՞ս եմ էլի ձեր հին բարեկամը, թե՞ էն թազա եկած լակոտը… էլ ո՞ւր եք հայ-հարա՜յ նրան վազել… Ըստի մտիկ տվե՛ք… Ես որ ուզենամ չար լինել է՜, որ վեքսիլներդ տանեմ սուդը, ունեցած չունեցածներդ գրել տամ էն լակո՞տը ձեզ կազատի… (Քրքիջ)։ Ախմախնե՜ր… Ամա տեսե՛ք, ես է՛ն մարդը չեմ… (Հանկարծ Բաղդասարին)։ Հլա մեկ մոտ արի, ամի՛… Մտիկ տո՛ւ… էս չի՞ վեքսիլը։

ԲԱՂԴԱՍԱՐ.– (Մոտենում է և նայում)։ Հա՛, է՛դ ա…

ԳՐԻԳՈՐ. Բաս, դո՛ւ, Մարգա՛ր, էս էլ քոնը չի՞։

ՄԱՐԳԱՐ. Ադա՛, բաս գործը սուդն էիր տվել ախր…

ԳՐԻԳՈՐ. (Քրքիջով)։ Տո ե՞ս չեմ գործը սուդ տվել… Հլա չե՞ք հասկացել, որ սու՛դիան էլ է ձեռքումս, նաչա՛լնիկն է՛, դուք էլ… (Լուրջ)։ Գործդ ե՛տ եմ վերցրել… (Զաքարին): Էս էլ քոնը, Զաքար… (Ցույց է տալիս

ԶԱՔԱՐ. (Ուզում է մոտ գալ և վերցնել

ԳՐԻԳՈՐ. Կա՜մաց… Հլա կա՛ց… Ո՞նց ես սուդը տամ ու բաղդ ձեռքիցդ թռցնեմ, հը՞… Ալեքսան բեկը կարա՞ ազատել քեզ… (Բոլորին)։ Խո հմի երեքդ էլ ձեռքո՞ւմս եք։ Թպրտացե՛ք՝ ինչքան կուզեք, ամա ա՜, սրանց դեմ խոսալ չի ըլի, չէ. ձե՛ռք եք քաշել պտի տաք։ ՔԱՉԱԼ ՄԱՐՏԻՐՈՍ. Դե պրծի, աղա՛, մի՛ տանջի, խե՛ղճ են, էլ հո՛գի չմնաց վրաները։

ԳՐԻԳՈՐ. Լա՜վ, է՛դ էլ ա իմ ձեռքին… (Գյուղացոց)։ Ա՛յ, երեքիդ վեքսիլներն էլ… Տեսնո՞ւմ եք… Նայեցե՛ք (Պատռում է)։ Ըսենց… Էլ տալիք չունեք ինձ… Ազա՜տ հմի… Դե գնացե՛ք, ըստունց դենը ինձ ո՛ւշունց տվեք, սո՛ւդ քաշ տվեք…

ԲԱՂԴԱՍԱՐ. Ա՛յ, աստված քեզ օր ու արև… Ա՛յ դու ող… Վա՜յ ես քու հոգուն… Յանի որ… (Լռում է հուզված

ՄԱՐԳԱՐ. (Վրա է վազում և ուզում է Գրիգորի ձեռքը համբուրել)։ Բա ես շո՞ւն եմ, մարդ չե՞մ… քո ա՛մագդ…

ԳՐԻԳՈՐ. (Ձեռքը ետ է քաշում)։ Լա՛վ, լա՛վ, պե՛տքը չի…

ԶԱՔԱՐ. Յանի էդ ի՞մ վեքսիլն էր… (Վերցնում է գետնից պատռածը և զննում): Պրծա՞, ա՛ խալխը… դրո՞ւստ… (Ընկնում է Գրիգորի ոտները)։ Բախշի՛ աղա, որ ոտովդ էլ գլուխս տրորես…

ԳՐԻԳՈՐ. (Ոտքով հրում է նրան)։ Վե՛ր, վե՛ր ռա՛դ ըլի. գնա ժա՛մումը երկրպագություն տուր…

ՄԱՐՏԻՐՈՍ. (Այդ միջոցին հանել է ծոցից մի թուղթ, մի կողմի սեղանի վրա է դրել, գրիչ թաթախել)։ Դե՛, ամի՛, Մա՛րգար ու Զաքար, հմի դեսն եկեք… Էս թղթին ձեռք քաշեք…

ԶԱՔԱՐ. (Վախեցած)։ Ձե՞ռք քաշենք…

ՄԱՐԳԱՐ. Էդ ի՞նչ թուղթ ա, որ…

ՄԱՐՏԻՐՈՍ. Պտի ձեռք քաշեք, որ էլ աղիցը պահանջ յա գանգատ չունեք, որ շնորհա՛կալ եք, որ աղեն ձեզ լա՛վություն ա արել…

ՄԱՐԳԱՐ. Յանի էդ հարկավո՞ր ա… Որ ձեռք չքաշենք՝ չի՞ ըլի…

ԳՐԻԳՈՐ. (Սառը): Թո՛ղ, Մա՛րտիրոս, իրա՛նց կամքն ա. կուզեն՝ ձեռք կքաշեն, չեն ուզի՝ թող գնան, աստված իրանց հետ… Ամա թե շնորհակա՛լ են, թե իմանում են իմ արած լավությունը…

ՄԱՐՏԻՐՈՍ. Հա՛լբաթ… Բա ըտենց բա՞ն կըլի: Էլ ի՞նչ են ուզում։ Հա՛մ պարտքներիցը պրծնեն, հա՛մ էլ օրհնող չըլե՞ն, ոտքերդ էլ չպա՞չեն… (Բաղդասարին): Ե՛կ, ե՛կ, ամի՛, ձեռք դիր ըստեղ, որ ո՞վ ա իմանում բալքի ըստեղ-ընտեղ խոսաք աղի վրեն…

ԲԱՂԴԱՍԱՐ. Յանի որ… ի՞նչ կա, ձեռք դնեմ… (Մոտենում է և նայում է թղթին, հետո՝ հանկարծ)։ Դո՛ւ քո աստվածը, քյաչա՛լ, սա խո թազա վեքսիլ չի՞…

ՄԱՐՏԻՐՈՍ. (Ծիծաղում է): Տո քո՞ռ ես, վեքսիլը հասարակ թղթից ջոկել չե՞ս կարում… Հրե՛ն, Զաքարը կարդալ գիտի, թող կարդա՝ հետո ձեռք քաշեք… (Թուղթը տալիս է Զաքարին)։ Կարդա՛, Զաքա՛ր։ ԶԱՔԱՐ. (Լուռ կարդում է, հետո դնում սեղանի վրա): Վեքսիլ չի. շնորհակալության թուղթ ա:

ԲԱՂԴԱՍԱՐ. Բաս որ ըտենց ա, մյոհրս դնեմ… (Հանում է գրպանից կնիք, ճկույթով թանաք քսում, թղթի վրա շունչ փշում և կնքում է

ՄԱՐԳԱՐ. Տուր ե՛ս էլ ձեռք քաշեմ… Աստված աղին կյանք տա, ընչի՞ չեմ քաշի:

ԶԱՔԱՐ. (Լուռ առնում է գրիչը ու ստորագրում

ԲԱՂԴԱՍԱՐ.– (Հուզված՝ Գրիգորին)։ Յանի որ… աղա՛… բա ինչպե՞ս դուրս գանք էս քո լավությունիցը։

ԳՐԻԳՈՐ. (Ելնում է)։ Սկի հինչ… Գնացեք մեկ-մեկ արաղ էլ անուշ արեք, որ աստված ձեզ հետ… Ձեր տվածովը ոչ ես կհարստանամ, ո՛չ էլ չտվածովը՝ կաղքատանամ… Քեֆս ուզեց՝ արի։

ԶԱՔԱՐ.– Դե գնանք, ա խալխը… Ըսենց լավության սկի՛ մարդ չէր արել մեզ…

ԳՐԻԳՈՐ. (Կեղծ համեստությամբ): Քրիստոնյա ենք… Ավետարանն ա ասում, թե՝ «թող մեզ զպարտիս մեր»… (Մարտիրոսին): Դրանց մեկ լավ պա՛տվիր, Մարտիրոս:

ԳՅՈՒՂԱՑԻՔ. (Բարեմաղթություններով՝ խառնիխուռն և խոնարհ ողջույններով դուրս են գնում

ՄԱՐՏԻՐՈՍ. (Ամենից վերջն է ելնում, դուռը կիսափակ՝ դառնում է և ատամները բաց՝ լուռ ծիծաղում է Գրիգորին

ԳՐԻԳՈՐ. (Քրքջում է)։ Հա՛-հա՛-հա … ա՜յ թե ախմախներ… Ըտե՛նց ձեր հոգին կհանեն հա՜… Վնաս չունի, հալբա՛թ էլի մեկ ձեռք կընկնեք դուք… (Երբ Մարտիրոսը բոլորովին գնում է, սպառնալից և բուռը սեղմած)։ Դե հմի, պարո՛ն Ալեքսան, մնացինք ես ու դու…

ՎԱՐԱԳՈՒՅՐ
Be the first who will comment on this

Other parts of "Ժայռ"

Yatuk Music
Yerevan etudes
Alexander Spendiaryan

Yerevan etudes

Karmravor
Karmravor
Play Online