Vahan Totovents

Հրդեհ

Երրորդ պատկեր

Թաղային կոմիսարի սենյակ: Անդրեյը, նստած մի պարզ սեղանի առաջ, ինչ-որ գրում է: Գրությունը լրացնելուց հետո՝ կնքում և զանգ է տալիս։ Մտնում է մի զինված բանվոր:

ԱՆԴՐԵՅ. Խնդրեմ՝ այս գրությունը շուտով հասցնես Արտակարգ Հանձնաժողովի գրասենյակը, շտապ է, ընկեր։

ԲԱՆՎՈՐ. Շատ լավ, ընկեր կոմիսար, իսկույն, բայց իմ պոստի վրա ոչ ոք չկա։

ԱՆԴՐԵՅ. Ես մի ուրիշին կնշանակեմ։

ԲԱՆՎՈՐ. Գնացի... (Դուրս:)

Անդրեյը մի սլահ դուրս է գնում:

ԱՆԴՐԵՅ. (Դրսից) Մատվեյ, խնդրում եմ այստեղ, գրասենյակի մուտքը հսկել, մինչև ընկերը վերադառնա։ (Ներս է գալիս: Զանգահարում է հեռախոսով:) Տվեք 205, հալլո՜։ Ո՞վ է, այո՛, ի՞նչ եղավ, ինչքա՞ն եք հաջողել։ (Զայրացած) Անմիջապես ձերբակալեցեք տանտիրոջը, կնոջն էլ հետը. եթե մի քիչ նստեն, կասեն ամեն բան։ Այո՛, այո՛։ Անմիջապես։ Ճիշտ է։ Այդպես էլ կարծում էի։ Վերջապես ձեռք քաշեցեք այդ զգուշավորությունից։ Լսի՛ր, եթե ձեռքից փախցնես, դու անձամբ պատասխանատու ես հեղափոխության առաջ։ Լա՛վ, լա՛վ, հասկանում եմ։ (Մտնում է մի զինվոր) Սպասում եմ, սպասում եմ։

ԶԻՆՎՈՐ. Հացը բաժանեցինք, բայց շատ կարևոր է, որ շաքար էլ տանք, շաքարի մեծ կարիք է զգում ազգաբնակչությանը։

ԱՆԴՐԵՅ. (Ձեռքը դնելով զինվորի ուսին) Այո, ճիշտ է, պետք է շաքար էլ բաժանել, կարգադրել եմ, որ բերեն. մեծ քանակությամբ չի լինի, ընկեր, մեծ հույսեր չունենաս։

ԶԻՆՎՈՐ. այնքան որ կարողանանք մի երեկոյի համար բավականացնել։

ԱՆԴՐԵՅ. Ոչ թե մի երեկոյի, այլ երկու օրվա համար։

ԶԻՆՎՈՐ. Երկու օ՞ր... գնամ, լուր տամ կոմիսարին։

ԱՆԴՐԵՅ. Լսիր (թևից բռնում է) դրա ժամանակը չէ, շաքար շատ կլինի, ուրիշ կարևոր հարց կա այստեղ։ (Նայելով իր սեղանի վրա գտնված մի քանի թղթերին՝ մեկը վերցնում է) Ձեր փողոցի № 62-ում կասկածվում է, որ ռումբեր թաքցրած լինեն։ Մի՞թե ձեզանից որևէ մեկը չի գուշակել որևէ բան մինչև հիմա. պետք է արթուն լինել, հասկանո՞ւմ եք։ Ռումբ լինելու բոլոր տվյալները կան, ահագին մատերիալ է հավաքվել այդ բնակարանի մասին։

ԶԻՆՎՈՐ. (Մտածելով) № 62-ում... (գլուխն է քորում) № 62-ում, սատանան տանի, անցյալ օրը ընկերներից մեկնումեկը, կարծես լսեցի, խոսում էր այդ մասին, ոչ թե ռումբի մասին, այդ ողորմելիների մոտ ռումբ չի կարող գոյություն ունենալ, բայց ասում էր՝ ինչ-որ հակա են, կարևորսւթյուն չտվինք։

ԱՆԴՐԵՅ. Լսեցեք ինձ, ընկե՛ր, չի կարելի կարևորություն չտալ։ (Հետզհետե ոգևորվում է) Ամեն մի փոքր, աննշան խնդիր մեծ նշանակություն ունի հեղափոխության հաջողության տեսակետից, բոլոր փոքր, աննշան խնդիրների գումարը կարող է կատաստրոֆա ստեղծել քաղաքական իշխանության ոչ-փորձառու պրոլետարիատի դիկտատուրայի համար։ (Ձեռքը խփելով սեղանին) Հասկանո՞ւմ եք, այս րոպեիս ես ձեզ գրավոր կկարգադրեմ № 62 բնակարանը մանրակրկիտ խուզարկության ենթարկել և ստուգել, ասում եմ ձեզ, այդ բնակարանը կասկածվում է որպես հակահեղափոխության կարևոր որջերից մեկը։ (Նստում է և սկսում գրել, ստորագրում, կնքում և տալիս է զինվորին) Անմիջապես գործի, ընկե՛ր, րոպեն անգամ թանկ է մեր պայքարի համար։

ԶԻՆՎՈՐ. (ձեռքը խփելով սեղանին) Սատանան տանի։ (Գնում է: Զանգահարում են):

ԱՆԴՐԵՅ. Հալլո՛։ Այո, կոմիսարն է։ Այս երեկո մի մասը կարող ենք տալ, առավոտյան էլ մյուս մասը։ Մենք աշխատում ենք ավելի հաց ձեռք բերել, քան շաքար, կարևորը հացն է։ Այո։ Ուրախ եմ, օգտագործեցեք ամեն մի զենք, ամեն մի րոպե, ամեն մի պատեհություն։ Ճիշտ է նրա ասածը, ավելի լավ է մտքով, երկաթյա տրամաբանությամբ գործել, քան զգացմունքով։ Ի՞նչ արած, թող դժոխք գնա։ Ձերբակալեցե՛ք անմիջապես։ Հեղափոխությունից ավելի թանկը չկա։ Լսեցեք, ընկե՛ր, մի՛ հակաճառեք, այսօր կարդացե՞լ եք ընկեր Լենինի ճառը Համառուսական ռազմական նավատորմիղի համագումարում՝ տպված «Իզվեստիայում». «Մեզ վրա մեղադրանքների կարկուտ է թափվում, թե մենք տեռորով և բռնությամբ ենք գործում, բայց մենք անվրդով ենք այդ հարցումների հանդեպ. մենք ասում ենք՝ մենք անարխիստներ չենք, մենք կողմնակից ենք պետության։ Այո, կապիտալիստական պետությունը պետք է ոչնչանա։ Մեր նպատակն է նոր պետություն կառուցել՝ սոցիալիստական պետություն։ Այդ ուղղությամբ մենք անդուլ կաշխատենք, և ոչ մի խոչընդոտ չի կարող մեզ կանգնեցնել»։ Լսո՞ւմ ես, ընկե՛ր, և ոչ մի խոչընդոտ։ Անմիջապես ձերբակալեցեք, մենք դարեր դրանց հայհոյանքներն ենք լսել, ոչ մի արժեք չունի ներկայի արցունքը։ Լսում եմ. այո, կարող է պատահել. ոչ, ոչ, ասում եմ։ Սպասում եմ։ Այո, շտապ կարգով։

(Ներս է մտնում մի զինված բանվոր՝ առաջը գզած հուզված ինտելիգենտ մի մարդու: Մարդը անասելի երկյուղի մեջ է, ուզում է խոսել, բայց չի կարող:)

ԶԻՆՎ. ԲԱՆՎՈՐ. Ընկեր կոմիսար, փողոցում ձերբակալեցի այս մարդուն, հայհոյում էր հեղափոխությանը։

ԱՆԴՐԵՅ. Բրավո՜ հանդգնություն...

ՄԱՐԴԸ. Նայած թե ինչպես է հասկացել իմ ասածները։

ԱՆԴՐԵՅ. (Բարկացած) Ի՞նչ լեզվով էիր խոսում, օտար լեզվով հո չէի՞ր խոսում, որ չհասկացավ։

ՄԱՐԴԸ. Ոչ, ընկեր կոմիսար, խոսում էի մեր լեզվով։

ԱՆԴՐԵՅ. Ուրեմն կարող էր սխալ չհասկանալ։

ՄԱՐԴԸ. Սխալ է հասկացել։ Ես ասում էի, որ...

ԱՆԴՐԵՅ. (Ընդմիջելով) Ի՞նչ մարդ եք դուք, ի՞նչ դասակարգի եք պատկանում։

ՄԱՐԴԸ. Ես ասում էի, որ այս արյունահեղությունը...

ԱՆԴՐԵՅ. (Զայրույթով ընդմիջելու) Ի՞նչ գործով եք զբաղվել, ի՞նչ պրոֆեսիա ունեք, ո՞րն է ձեր դասակարգը, դասակարգն ասեք, դա է կարևորը։

ՄԱՐԴԸ. Թույլ տվեք խոսքս վերջացնեմ, ասեմ, թե ինչ էի ասում։

ԱՆԴՐԵՅ. (Բղավելով) Ասեք ձեր դասակարգը և ապա սկսեցեք խոսել, ես ձեզ կլսեմ մինչև վերջ։

ՄԱՐԴԸ. (Հանգստացած և ուրախ) Համարյա պրոլետար եմ, չքավոր ինտելիգենտ։

ԱՆԴՐԵՅ. Սա էլ նոր դասակարգ է, համարյա պրոլետար (ծիծաղում է): Հիմա ասացեք, թե ինչ էիք ասում։

ՄԱՐԴԸ. Ասում էի, որ այս արյունահեղությունը լավ չէ, դա կկործանի մեր հայրենիքը, թշնամին կգրավի մեր երկիրը, ոչինչ էլ չի փոխվի։ Ահա իմ բոլոր ասածները, այս ընկերը լսելուն պես՝ ինձ ձերբակալեց, պետք է ասել, որ շատ կոպիտ էլ վարվեց ինձ հետ, մինչև անգամ հրացանի կոթով մի անգամ էլ խփեց կողիս։

ԱՆԴՐԵՅ. Լսի՛ր, ողորմելի մարդ, ոչ թե կողիդ, այլ գլխիդ պետք է խփել, իզուր չի արել, լավ է արել, որ ձերբակալել է քեզ. հենց քեզ պես մարդկանց պետք է ձերբակալել։ Ավելի վտանգավոր եք դուք, քան ճակատից կռվող պրոլետարիատի թշնամիները։

ՄԱՐԴԸ. Ընկեր կոմիսար...

ԱՆԴՐԵՅ. (Բղավելով) Մի ընդմիջի խոսքս. ես քեզ լսեցի մինչև վերջը, բարի եղիր ինձ էլ լսել։ Ո՞վ է հարուցել այս կռիվը, ո՞վ է պատճառ լինում այս արյունահեղության։ Ուրեմն, եթե մեկը անիրավ տեղը քո վզին չոքի քեզ խեղդելու և եթե դու նրա վիզը ավելի շուտ բռնես և խեղդես, սիրտը պոկես և դուրս թափես, քո գործած, այսպես ասած, ոճրի պատճառը դու կլինես, չէ՞, ողորմելի մարդ, դու չես հասկացել այս ամբողջ թափված, դարերից ի վեր թափված արյան իմաստը։ Կնստես միառժամանակ նկուղում և շուտով կհասկանաս ամեն բան, մանավանդ լավ կըմբռնես «հայրենիք» բառի իմաստը։ Տա՛ր սրան, թող իմաստություն սովորի։ Հեղափոխությունը քեզ ձեռք չի տա, բայց պարտական է մի քանի գիտելիքներ տալ քեզ, տա՛ր սրան։

Զինված բանվորը հրացանը չխկացնում է, ուզում է առաջը գցել, բայց մարդը դանդաղում է, ուզում է խոսել:

ՄԱՐԴԸ. Ներեցեք, ընկեր կոմիսար, ես կարծում էի, որ լավ բան էի ասում, եթե գիտենայի, որ իմ ասածները հեղափոխության դեմ են, չէի ասի, աստված վկա, չէի ասի։

ԱՆԴՐԵՅ. Լավ, որ ասել ես. անհրաժեշտն այն է, որ այդպես չմտածես, իսկ եթե մտածել ես, լավ է, որ ասել ես. դրանում գեթ անկեղծություն կա։

ՄԱՐԴԸ. (Ոգևորված) Այո, այո, անկեղծ եմ. այդպես էի մտածում. հայրենիքի սերը ինձ թելադրեց այդպես մտածել, և անկեղծորեն ասացի։

ԱՆԴՐԵՅ. Տարե՛ք սրան, բավական է։

Զինված բանվորը տանում է նրան։

Սատանան տանի, սա էլ ինտելիգենտ է. կարծես ցեխով է պատել ամբողջ ուղեղը։

Զանգահարում են:

Հալլո՛։ (Երկար լսելուց հետո) Տեսնո՞ւմ եք. (ջղայնացած) և մինչև հիմա անուշադրության էր մատնված այդ հակահեղափոխության որջը։ Այս րոպեիս։ 50 զինվոր բավակա՞ն է։ Լա՛վ։ Այս րոպեիս։ (Հեռախոսը կախում է և առանց հեռանալու։) Սատանան տանի, վախենում եմ ուշ լինի ամեն բան։ (Նորից հեռախոսը ձեռքն է առնում և ջղային) Տվեք Արտակարգ Հանձնաժողով։ (Ուշանում է:) Տվեք Արտակարգ Հանձնաժողով, անմիջապես։ Հալլո՛. Ալյոշա, խուզարկել տվի № 62-ը, տրված մատերիաները բոլորն էլ ճիշտ են. մեծ քանակությամբ ռռւմբերի պահեստ է գտնված, շտապ կարգով պահանջվում է 59 զինվոր, առանց րոպե ուշացնելու. վախենում եմ, որ հակահեղափոխական այդ որջը պաշտպանելու համար ընդհարումներ տեղի ունենան, տնեցիները փախել են, ոչ ոք չի բռնվել։ Այո՛, այո՛, անմիջապես ուղարկեցեք։ (Կախում է հեռախոսափողը, նստում է սեղանի առաջ, ձեռքը ուժգին խփում է սեղանին) Մի փոքրիկ անհոգություն, և ահա ծանր աշխատանքով ձեռք բերված բոլոր նվաճումները կարող են մի րոպեում զուր գնալ։

Մտնում Մարիաննան գթության քրոջ զգեստով:

ՄԱՐԻԱՆՆԱ. Անդրյուշա, քանի օր է քեզ չեմ տեսել (վազում, գրկում է իր ամուսնուն և համբուրում):

ԱՆԴՐԵՅ. Տանը եղե՞լ ես։

ՄԱՐԻԱՆՆԱ. Երեկ տանն էի։

ԱՆԴՐԵՅ. Շատ եմ զբաղված, Մարիաննա, սիրելիս, ներիր։

ՄԱՐԻԱՆՆԱ. Ես էլ եմ զբաղված։ Միայն երեկ գիշեր տանը եղել եմ, այն էլ մի քանի ժամով, ես կարծում էի, որ դու եկել և գնացել ես։

ԱՆԴՐԵՅ. Ոչ, սիրելիս, գրասենյակից դուրս չեմ եկել, այստեղ մի քիչ քնել եմ. ուրիշ ոչինչ. մատակարարման գործն ավելի դժվար է, քան կռվելը։ Ավելի լավ էր կռվում լինեի, քան այս գործում, դժվար է, պահանջները շատ են և մեր միջոցները՝ քիչ։

ՄԱՐԻԱՆՆԱ. Անդրյուշա, պետք է տանել, շատ աշխատանք պետք է կատարել։ Ես այնքան ուրախ եմ, որ երկուսս էլ նվիրված ենք հեղափոխության գործին։ Ուրախ եմ, որ խնամում եմ հեղափոխության զինվորներին։

ԱՆԴՐԵՅ. Ապրես, Մարիաննա, ես էլ քեզ հիմա հազարապատիկ ավելի եմ սիրում։ Կանայք էլ պետք է դառնան պետական և հասարակական գործիչներ, կանայք հո հավիտյան չպետք է մնան տանը իբրև կաթնատու մայրեր։

ՄԱՐԻԱՆՆԱ. Ես կանեմ այն, ինչ ինձանից սպասվում է, և կարող եմ անել։

ԱՆԴՐԵՅ. Ինչպե՞ս է ծերունի Վասիլին։

ՄԱՐԻԱՆՆԱ. (Աչքերը լցվում են արցունքով) Անդրյուշա, խեղճ ծերունին չդիմացավ, մեռավ նա երեկ առավոտյան։

ԱՆԴՐԵՅ. (Տխուր և ծանր տոնով) Մարիաննա, ծերունի Վասիլին 40 տարվա բանվոր էր. նա աշխատանքի հերոս էր, եղավ և հեղափոխության հերոս։ Ամբողջ 30 տարի նա հեղափոխական էր, այսօրվա հեղափոխական բանվորներից շատերը նրա աշակերտներն են։ Ես հիշում եմ, թե ինչպես նա մոտեցավ ինձ առաջին անգամ, բացատրեց մեր դասակարգի բոլոր հարցերը, և ես ինձ շղթայված զգացի նրա քարոզած գաղափարներով։ Նա հին մարդ էր, բայց միշտ թարմ, երիտասարդական ոգևորությամբ։ Հիշո՞ւմ ես վերջին գիշերը, երբ մենք մեկնեցինք մեր պոստերը, պատանու չափ կայտառ էր, աշխույժ և միաժամանակ՝ իմաստուն։ Մարիաննա, այս հրդեհը երկար կտևի, այս հրդեհը պետք է բռնի ամբողջ աշխարհը, որպեսզի մաքրի դարերի կեղտը։

ՄԱՐԻԱՆՆԱ. Անդրյուշա, վերջին րոպեին մոտն էի, բռնեց ձեռքս, ուզեց սեղմել, բայց անուժ էր, նայեց աչքերիս մեջ. նայեց երկար և ասաց. «Լավ նայիր Անդրյուշային, նա լավ զինվոր է» և աչքերը փակեց (լաց է լինում)։

ԱՆԴՐԵՅ. Մի լաց լինի, Մարիաննա. հեղափոխությունը դեռևս այդպիսի շատ զինվորներ պիտի կուլ տա. անողոք է կռիվը, դաժան, բայց այս կռիվը վերջնական է։

Մտնում է մի քաղաքացի:

ՄԱՐԻԱՆՆԱ. Գնամ, Անդրյուշա, երկար ժամանակով հիվանդանոցից դռւրս չեմ եկել։ (Համբուրում է) Այս երեկո տուն արի, եթե կարող ես։

ԱՆԴՐԵՅ. Լավ, եթե ժամանակ ունենամ։

Մարիաննան գնում է:

Ի՞նչ կա, ընկեր։

ՔԱՂԱՔԱՑԻ. (Բարկացած) Ո՞վ է իրավունք տվել ձեռքիցս խլելու իմ հարստությունը։

ԱՆԴՐԵՅ. (Քմծիծաղով) Ո՞վ է իրավունք տվել... ի՞նչ է պատահել։

ՔԱՂԱՔԱՑԻ. Իմ տան ալյուրը ամբողջ տարան։

ԱՆԴՐԵՅ. Ալյուրը հարկավոր է բոլորի համար։

ՔԱՂԱՔԱՑԻ. Բոլորը ինչի՞ս են պետք, ալյուրը իմն է։

ԱՆԴՐԵՅ. (Ծանր տոնով) Լսի՛ր, ընկեր քաղաքացի, ոչինչ քոնը չէ. այս մեկը լավ իմացիր։ Կարգադրված է բռնագրավել այն ամենը, ինչ հարկավոր է հասարակական կարիքների համար, այս հեղափոխությունը հենց նրա համար է, որ այլևս ոչ ոք չկարողանա ասել իմը և քոնը. հասկանո՞ւմ եք։

ՔԱՂԱՔԱՑԻ. Ինչպե՞ս թե իմը և քոնը չկա. բողոքում եմ։

ԱՆԴՐԵՅ. Հանգի՛ստ։

ՔԱՂԱՔԱՑԻ. (Բղավելով) Բողոքում եմ. անիրավություն է։ Ներս է մտնում դռան պահակը:

ԱՆԴՐԵՅ. Տար այս ապուշին։

(Պահակը տանում է. Անդրեյը մի պահ մենակ է մնում, հոգնության և քնատության նշաններ է ցույց տալիս, գնում է լուսամատի առաջ. երկար նայում է. հեռվից լսվում է զինվորական օրկեստրի ձայնը, նրա աչքերը կամաց-կամաց փայլում են:)

Անցնում են հեղափոխական ջոկատները, անցնում են դարերի ստրուկները հաղթական երգով։ Հինը վերջացավ, հինը անդարձ գնաց, սկսվում է սոցիալիզմի կառուցման փառահեղ աշխատանքը։

Be the first who will comment on this

Other parts of "Հրդեհ"

Yatuk Music
Symphonic Panel "Armenia"
Ghazaros Saryan

Symphonic Panel "Armenia"

Beyond the curtain
Beyond the curtain
Play Online