Shushanik Kurghinyan

Վարդենին և պարտիզանը

Մի քնքույշ ծիլ էր տնկել պարտիզպանը, ամբողջ ձմեռը պահել էր նրան հստակ ձյան տակ, հետո դուրս բերել, փաթաթել, որ չմրսի, իսկ այժմ, գարնանամուտին ամեն օր չոքում էր առաջը, ուղղում ոտքերի տակի հողը, թումբը, խնամում հա խնամում։ Ծառ ու ծաղիկ նայում էին նրա վրա ու ծիծաղում․ խենթացել է ծերունին։

Պապ, այ պապ, ո՞վ է այդ ծիլը, մի օր անհամբեր հարցրեր վարդենին։

Վարդենի է, աղջիկս, պատասխաներ ծերուկը, հեռու տեղի, տաք երկրի վարդենի․․․

Մի՞թե․․․ Է՛հ, պապիկ, կեղծավորի մեկն ես եղել դու․ հեռու տեղից եկածի համար, որ խելքդ կորցնես, վայ կգա քո պարտեզի գլխին։

Մի մեղանչիր, վարդենիս, եթե նրան ես հոգ չտանեմ, կթառամի, քեզ ի՞նչ շահ, թող ծլի, ծաղկի, ապրի, ասաց պարտիզպանը։

Կթառամի․ հա՛, հա՛, հա՛․ ինչո՞ւ ես չթառամեցի։

Դու քո հայրենի հողումն ես, կարոտը չի մաշում քեզ, կարոտը չի կրծում սիրտդ, ասաց պարտիզպանն ու հեռացավ։

Կարոտը․․․, զարմացավ վարդենին ու բերանը բաց մնաց։

Ու՞ր ես նայում զարմացած, շշնջաց խանդոտ սոխակը և սկսեց շուրջը դիտել։

Այ այն փոքրիկ ծիլին, որ չթոշնի կարոտից, ծիծաղեց վարդենին, դու կյանքումդ լսե՞լ էիր մի այսպիսի դատարկ բան։

Ես լսած չեմ, զգացել եմ, սիրելիս, դայլայլեց սիրահար թռչունը և կուրծքը դեմ տվեց վարդենու սուր և անսիրտ փշերին։

1903 թ․

Be the first who will comment on this
Yatuk Music
Vagharshapat
Komitas

Vagharshapat

Still life of flower
Still life of flower
Play Online