Shushanik Kurghinyan

Պատկեր

Տնակը սաստիկ փոքրիկ է ու հին,
Քամին ծերպերից սաղմոս է ասում,
Ապրում է այնտեղ խեղճ բանվորուհին
Եվ ծվեններից փալասներ հյուսում։

Չէ հնչվում այնտեղ քրքիջ կամ երգ-տաղ,
Չկա կենցաղի պետք ու հարմար իր․
Եվ տեսքից զրկված հատակն, առաստաղ
Խարխուլ պատերին մեծ ճիգով հպված,

Կասես սպասվող արարքից նանիր,
Պահում են գթով մենակ աղջկան՝
Ում բարվոք կյանքի էլ հույսեր չկան,
Վառարանն էլ պաղ, հացը՝ ողջ կերված։

Ում տարիքն արագ գալիս են գնում,
Դեմքին լիառատ գծում ցանց-կնճիռ,
Ով բախտի բերմամբ ուտում է, քնում,
Ում դատը չունի ո՛չ ելք, ո՛չ վճիռ։

Ով կայտառ, անհոգ մտավ գործարան,
Ժպիտը դեմքին, նախշուն երազով․
Ով ընկավ, ելավ․ ում ուժով առան
Ու դեն նետեցին՝ կուրծք տաշող հազով։

Դուրսը ցուրտ է, բուք-տխուր երեկո․
Լքումն է գերել թշվառ աղջկան․
Իր անզոր զորքից վհատ ու դժգոհ՝
Դիտում է նրան սուրբը պապական․

Եվ հիշում՝ ինչպես գեղեցիկ մի օր
Իջավ փոթորիկ տնակում ցուրտ, հին,
Հավատը փախավ, թռավ թևավոր,
Մնաց մեն մենակ խեղճ բանվորուհին։

Կանթեղն այն օրից կախված է անձեթ,
Աղոթք, աղերսի նույնիսկ խոսք չկա․
Դաշտային ծաղկի մի փունջ հոտավետ
Նրա վաղանցուկ փառքին է վկա․․․

Ճոճում է լռիկ կեռը ափի մեջ,
Շարքերն են բազում, սակայն վարձը՝ քիչ․
Մի՞թե այս կյանքում նենգ ու սնամեջ
Մի վարդ չի պոկվի կույր բախտի կրծքից։

Մի՞թե չի գալու կինը իմաստուն
Մի նորոգ կյանքի սրբազան ուխտով․․․
Ժպտում է քնից ծեր, մռկան կատուն,
Շոյում աղջկան իր բրդոտ թաթով։

Դուրսը ցուրտ է, բուք․ տխո՜ւր երեկո․
Ի՞նչ շահ լինել միշտ բախտից լոկ դժգոհ․․․


1911 թ. 31 հոկտեմբերի

Be the first who will comment on this
Yatuk Music
Spartacus - Adagio
Aram Khachatryan

Spartacus - Adagio