Shushanik Kurghinyan

Մայիսի մեկը

Նվեր Ալ. Ֆ. Մյասնիկյանին

Առանց աստծո,
Առանց ծեսի,
Եկեղեցու․
Բուրժուական այդ կրոնին,
Որ դարերով բեռնավորին, վաստակյալին
Քարշ է տվել իր հետևից
Հանկարծահոս
Բարիքների խոստումներով՝
Հանդերձյալում,
Ու մթագնել միտքն անկարող
Իրավազուրկ տարրի միայն
Իր նենգահյուս
Հին-նոր ուխտով,
Ստեղծեցինք առասպելը ամբոխային,
Գիտակցորեն
Եվ իրական պարզությունով
Վեհ ու վսեմ
Տոնը կարմիր,
Տոնն անդորրի,
Հոգնողների բանակի մեջ,
Աշխատանքի սահմաններում՝
Խորտակելով մեզ բաժանող
Կրոնական
Եվ ազգային պատնեշները,
Օղակելով երկրագնդի
Բանվորության սրտերն արի,
Շահն ու պայքար․․․
Այսօր շոգի, դարի ուժը էլեկտրիկ,
Մեքենաներ, բահ, մուրճ, քլունգ՝
Ատելությամբ
Մատնված են անշարժության․
Արդյունաբեր աշխատանքի
Որջերի մեջ՝ ֆաբրիկներում
Գեհենային ժխոր չկա՝
Լուռ է այսօր,
Տոն է այսօր,
Մեծ, քինառու, սասանական
Տոնը կարմիր,
Թափորը այն,
Որ ապրածը գալիք բախտին
Կցորդելով
Հարյուրավոր միլիոն բերան
Պիտ ցանկանա
Աշխարհակալ նվաճումը
Նմանների,
Հարյուրավոր միլիոն բռունցք
Պիտ սպառնա
Մա՛հ տերերին, մա՛հ բռնության,
Շահագործման
Ու իր նեցուկ կապիտալին։


Ահա արփին հուր է մաղում
Մեր վրեժի անմար բոցից,
Բռնությունը արթնացել է
Մեր մտքի պես․
Կարկաչահոս գետը, կասես,
Իր քաղցրալուր լոզունգներով
Կուզե մրցել մեր ճառի հետ,
Իշխողների երկիրը նենգ
Իր դեմքը սև, ամոթապարտ
Քողարկել է կանաչներով,
Շուշանները դաշտի միջին
Զարդարել են
Մեր քրտինքի, թափած արյան
Կաթիլների շիրիմները
Հողի վրա,
Հովիկն անուշ խունկ է ծխում
Անհայտ ընկած
Ընկերների ոսկորներին․․․
Փողոցներում ալեծածան
Ծով է հուզվում, մարդկային ծով․․․
Փողփողում են
Դրոշները կարմիր, ալ-վառ․
Մրրկաշունչ
Երգերն այսօր
Նո՛ր շեշտ ունեն,
Որ նմանը դեռ չի լսել
Ժամանակը
Փոշեկալած իր ծալքերում․․․
Մրրկաշունչ
Երգերն այսօր
Նո՛ր թափ ունեն՝
Երկրագնդի զրկվածներին
Թևավորեց կարմիր Մոսկվան․․․


1922 թ. 24 ապրիլի

Be the first who will comment on this
Yatuk Music
Elegy
Arno Babajanyan

Elegy

Constantinople 1910
Constantinople 1910
Play Online