Shushanik Kurghinyan

Ղարիպ մշեցու նամակը

Իմ անուշիկ հոգուս հատոր զավակներ,
Ուղարկում եմ սրտիս խորունկ խորքերից
Թանկագին ու սրտաբուխ բարևներ։
Յոթը տարին ահա անցավ ու գնաց,
Տառապեցի գիշեր ցերեկ ես մենակ․
Ծերացել եմ, ուժ, զորություն չմնաց,
Դարդերս շա՜տ , ծով է անծայր ու անտակ։
Գիշեր ցերեկ մորմոքում եմ ու լալիս,
Երազումս ձեզ եմ տեսնում շարունակ,
Սև-սև մտքեր ինձի հանգիստ չեն տալիս,
Անիծում եմ իմ կյանք, իմ բախտ, ժամանակ։

Թե երբ կգամ, աստված վկա՝ չգիտեմ,
Ամեն մի օր, ամեն վայրկյան եռանդով
Ես ինքս ինձ ճարահատյալ ասում եմ․
Էլ չեմ մնա, տուն կգնամ ես շուտով։
Բայց գալիս են ու գնում իմ ամիսներ,
Էլի ղարիբ թափառում եմ ես տխուր,
Օրըստօրե թուլանում են իմ թևեր,
Քիչ չտեսա ես մարդկանցից թուք ու մուր։
Արևի հետ վեր եմ կենում ես տեղից
Գրաստի պես խոնարհ, հլու աշխատում
Եվ շատ անգամ դեմքիս հասած բռունցքից
Հացի համար հոգոց անգամ չեմ հանում։

Էլ ի՞նչ ասեմ, ո՛ր մեկ ցավս ձեզ պատմեմ,
Անտեր մնա օտար երկիր աշխատանք՝
Գլուխս քարին, քարը գլխիս տալիս եմ,
Չկա մի ճար, չկա օգուտ, սփոփանք․․․

Իմ սիրելի, իմ թանկագին կողակից.
Նայե տանս, բալաներիս սփոփե,
Չլինի թե նոր պարտք առնես աղայից,
Ճերմակ եզս էլ մինչև գալս մի ծախե։
Իմ ուղարկած այս մի քանի մանեթով
Մի կերպ ապրիր զատկին՝ թե տա տեր աստված․․․


1906 թ․

Be the first who will comment on this
Yatuk Music
Lullaby
Alexander Spendiaryan

Lullaby

Field Flowers
Field Flowers
Play Online