Shushanik Kurghinyan

Եվ մենք քսան դար

«Եկայք առ իս ամենայն վաստակեալք
և բեռնաւորք և ես հանգուցից զձեզ․․․»

․․․Եվ մենք քսան դար, լքված, վաստակած,
Չարանենգ կյանքի բեռն ուսերիս,
Անարդարության ցանցում խճճված,
Հոգեմաշ ցավից արցունք թափելիս,
Անտակ խավարում մերթ սայթաքելով,
Խոնարհ ու հլու՝ բռնության առաջ,
Սրտերումս վրեժ, սակայն սողալով
Ընկանք դեպ հառաջ․․․

Շրջեցինք աշխարհ անվերջ շարքերով,
Կեղեքված, հիվանդ, գծուծ մուրացկան՝
Տառապանքների բովում հուսալով
Քո կոչին միայն․․․

Անցանք դառնության մեծ անապատով,
Տվինք շատ զոհեր, պակսան մեր շարքեր,
Ըստրկության մեջ անարժան մահով
Փառքդ երգեցինք, մեռանք անվեհեր․․․
Եկա՜նք վաստակած․․․ հանգած հույսերով,
Զրկանքի թափից անմահ հավատի
Մնացորդներով։

Լքման զայրույթի, բողոքի հուժկու
Տրտունջ ու անեծք տիրեց ամբոխին,
Որ գրաստական բնազդով հլու
Չուներ քաջություն իշխելու ոխին․
Եվ տիրեց վայրագ գերիշխանության
Ստոր հակումը ամեն խորքերում․

Թշնամի դարձան և եղբայրասպան,
Մեղապարտ գործը կյանքեր էր լափում․
Եվ երբ ճար չկար քո ճանապարհով
Անհայտ վայելքի կոչին փրկարար
Առաջ ընթանալ անխախտ հավատով
Ու առնել դադար՝

Դառնության ծովի մեծ անապատում
Արնաքամ, անուժ քեզ ենք սպասում․․․
Սակայն դու չկաս․․․ ցավոտ աշխարհից
Համբարձար երկինք․ վաստակյալներու
Վաստակած հոգուն այլ վայելքների
Ուղի հարթելու․․․

Եվ դո՛ւ, որ թշվառ բեռնավորների
Բեռը վայր առնել անգամ զլացար,
Անվիշտ ու անմեռ լոկ հոգիների
Եդեմ խոստացար։

Եվ դո՛ւ, որ իզուր քո աստվածության
Զոհի սեղանը մեզնով տոնեցիր,
Դու կամ այն չէիր, կամ մեր փրկության
Ղեկը լինելու ուժը չունեիր՝
Ինչո՞ւ կանչեցիր։

1906 թ. 3 նոյեմբերի

Be the first who will comment on this
Yatuk Music
Dreams
Arno Babajanyan

Dreams