Raffi

Ոսկի աքաղաղ

8
Ը

Անցավ ձմեռը, անցավ գարունը, անցավ վեց ամիս այն օրից, որ վախճանվել էր աղան։ Օրը կիրակի էր։ Այն օրը նշանավոր էր Մասիսյանների համար նրանով, որ այսօր պետք է նրանք դուրս գային սգից, պետք է փոխեին իրանց սևերը և հագնեին սովորական հագուստ։ Իսկ Միքայելի համար նշանավոր էր նրանով, որ Գայանեն և Հռիփսիմեն այսօր առաջին անգամ պետք է հագնեին այն հագուստը, որ ինքը կարել էր տվել նրանց համար և բերել էր Մոսկվայից։

Կնիկների մի բազմություն առավոտյան վաղ եկել էին Մասիսյանների տունը կատարելու հիշյալ ծեսը. նրանց սևերը փոխեցին, հետո եկեղեցի տարան, այնուհետև գնացին հանգուցյալ աղայի գերեզմանի վրա հոգեհանգիստ կատարելու։ Գերեզմանատանից գնացին Մասիսյանների այգին, որ հեռու չէր այնտեղից, որովհետև վճռված էր այգում ճաշել։ Գայանեն և Հռիփսիմեն իրանց նոր հագուստի մեջ հիանալի էին։ Կնիկների հասարակության մեջ բացի Միքայելից մի ուրիշ տղամարդ չկար. նա էլ հեռվից-հեռու էր գնում և նրանց խմբի մեջ չէր խառնվում։

Մտնելով այգին, հյուրերը հավաքվեցին ճյուղերից հյուսված տաղավարի մեջ, որ հովանավորված էր ծիրանի ահագին ծառերով։ Այնտեղ տիկին Մարիամը սկսեց զբաղվել կերակուրների պատրաստությամբ, և հասակավոր հյուրերից մի քանիսը, որպես ընդունված է տնից դուրս ճաշելու ժամանակ, սկսեցին օգնել նրան, իսկ ոմանք, որոնք մանկահասակներ էին, գնացին այգին պտտելու և միրգ ուտելու, մինչև սեղանը պատրաստ կլիներ։ Բայց Գայանեն և Հռիփսիմեն, մի խումբ աղջիկների հետ միացած, բաժանվեցան կնիկներից և սկսեցին այգու մի ուրիշ կողմը զբոսնել։

Միքայելին զգալի եղավ իր դրության անտանելիությունը. ոչ ոք չէր մոտենում նրան բացի պառավ կնիկներից, որովհետև նա տղամարդ էր, որովհետև ջահել աղջիկների և մանկահասակ հարսների հարակցությունը նրա հետ անպատշաճ էր։ Նա առանձնացավ այգու մի հեռավոր կողմը և այնտեղ գտավ ծերունի այգեպանին։

Բարև, Խաչո։

Աստծո բարին քեզ, աղա։

Ծառերի պտուղները այս տարի սակավ են երևում, այսպես չէ՞, Խաչո։

Մեր մեղքից խաղողն էլ պակաս է, աղա, պատասխանեց այգեպանը ներքին դժգոհությամբ։

Ի՞նչ է պատճառը։

Ո՞վ է իմանում... աստված գիտե... բայց ես իմ կարճ խելքով այսքան գիտեմ, որ այն օրից, երբ Պետրոս աղան վախճանվեցավ, աստծո խեր-բարաքյաթը այս այգուց վերացավ։ Բայց առաջ պետք էր տեսնել, կատարյալ դրախտ էր այդ այգին. ծառերի ճղներր այնքան ծանրանում էին պտուղներից, որ պետք էր ամենի տակին նեցուկ տալ, որ չկոտրվեին, խաղողը խո չափ չուներ. ամեն եկող-գնացող ուտում էր, տանում էր, էլի մնացածով ամեն տարի հարյուր կարասից ավելի գինի էինք լեցնում, բայց հիմա ի՞նչ կա...

Ես կարծում եմ, պատասխանեց Միքայելը, այս բոլորը նրանից է, որ այս տարի ծառերի տակը չես բրել տվել, Խաչո, խաղողի որթերն էլ, տեսնում ես, խոտի մեջ կորել են, քաղհան չես անել տվել։

Չէ, աղա, դրանից չէ։

Ապա ինչի՞ց է։

Դու, երևի, չե՞ս լսել այն դժբախտությունը։

Ո՞ր դժբախտությունը։

«Ոսկի աքաղաղի» մահը...

Լսել եմ...

Հիմա իմացա՞ր, նրանից է։ նա երբ մեռավ, ամեն բան տակնուվրա ելավ, ոչ ծառն է պտուղ տալիս, ոչ որթը՝ խաղող. կարկուտը մեկ կողմից, թրթուրը մյուս կողմից սկսեցին փչացնել բոլորը։

Միքայելը ոչինչ չպատասխանեց։

Ավելի քան քսան տարի ես այս այգում ծառայում եմ, շարունակեց ծերունի այգեպանը. բոլոր ծառերին այնպես եմ սիրում, որպես իմ զավակներիս. տես, այս մատներովս եմ պահել, մշակել և հասցրել բոլորը (նա ցույց տվեց իր կոշտացած մատները), բայց հիմա, ուղիղն ասած, սիրտ չէ մնացել ինձանում, ամեն բան աչքիցս ընկել է, մանավանդ այն օրից, երբ ականջիդ հասավ այն ցավալի լուրը...

Ի՞նչ լուր։

Ասում են, այս այգին պիտի ծախվի պարտքի տեղ. հենց որ լսեցի, կարծես սրտումս մի դանակ ցցեցին։ Ո՞վ էր տեսել մի այսպիսի բան։ Հանգուցյալ աղայի հարստությունը այնքան շատ էր, որ եթե Արազի առջևը լցնեիր, ջուրը կկանգնացներ. ի՞նչ եղավ, ո՞րտեղ կորավ, որ հիմա այգին էլ են ծախում։

Չի ծախվի, Խաչո, դարդ մի արա, մխիթարում էր նրան Միքայելը։

Ա՜խ, Խաչոն կմեռնի, եթե այս այգին ծախվի, պատասխանեց նա հառաչանքով և կոշտացած ձեռքով սկսեց սրբել աչքերի արտասուքը։

Խաչոյի տխրությունն առանց պատճառի չէր. այգու վրա արդեն կապանք էր դրված պարտքի փոխարեն վաճառելու համար, բայց Միքայելի աշխատությամբ աճուրդը մի քանի ամսով ետ էր ձգած։

Միքայելը, ոչ սակավ տրտում, քան թե ծերունի այգեպանը, մի քանի մխիթարական խոսքեր ասավ նրան և հեռացավ։

Այսուամենայնիվ, այգումը ամեն ինչ անդորր էր և զվարճալի, օդի խաղաղության մեջ մի տերև անգամ չէր շարժվում. իսկ արեգակի այրող ճառագայթները ոսկեղեն կայծերով, թափվելով տերևախիտ ծառերի վրա, չէին անցնում նրանց անթափանցիկ և կանաչազարդ կամարներից։ Նրանց հովանու տակ զովասուն օդը խիստ թարմ ու կազդուրիչ էր։ Այստեղ առանձնացած երգեցիկ թռչունները ուրախ-ուրախ թռչկոտում էին մի ոստից դեպի մյուսը, և օդի խուլ լռության մեջ լսելի էր լինում նրանց քաղցր ձայնը։ Բայց գեղեցիկ բնության թովիչ հրապույրը ամենևին չէր ազդում Միքայելի վրա, ամենևին չէր գրավում նրան։ Նա մոլորվածի նման խիստ տխուր էր, ինքնամոռացության մեջ, պտտում էր ծառազարդ ճեմելիքներով և նրա աչքերը անխորհուրդ կերպով նայում էին տունկերի ուղիղ շարքերի վրա, որոնք երկու կողմից կազմում էին, կարծես, կանաչազարդ պատեր։

Նա տեսավ հեռվից աղջիկների խումբը, որոնք անտառային հավերժահարսանց նման վազվզում էին, ճախրում էին և զվարճանում էին ծառերի մեջ։ Նա մի կողմ քաշվեցավ, որ իրան չտեսնեն։ Ուրախ խմբից երկուսը բաժանվելով, հանդարտ քայլերով անցնում էին նրա մոտից։ Նրանք որոնում էին խոտի մեջ թաքնված երեքթերթիկներ և աշխատում էին գտնել չորս թերթ ունեցողը։ Մեկը Հռիփսիմեն էր, մյուսը անծանոթ աղջիկ։

Ինչո՞ւ համար ես այսքան պտռում, հարցրեց անծանոթը։

Ա՜խ, թե գտնեի... պատասխանեց Հռիփսիմեն, չդադարելով իր քնքշիկ ձեռքերով քրքրել խոտերը։

Ախր ասա՝ ի՞նչ պիտի անես։

Ուզում եմ բախտս փորձել։

Անծանոթ աղջկա դեմքի վրա երևաց մի հեգնական ժպիտ, և խուլ անկնարկությամբ պատասխանեց.

Դու արդեն քո բախտին հասել ես... էլ ի՞նչ պետք է...

Չէ. Նազանի, սուտ են խոսում, ասաց Հռիփսիմեն շառագունելով։

Սուտը ո՞րն է, ողջ քաղաքում խոսում են...

Ի՞նչ են խոսում։

Ասում են, որ ձեր տան տղան, ի՞նչ է անունը, հա՛, Միքայելը քեզ սիրում է։

Չեմ իմանում, Նազանի, խաչը վկա, չեմ իմանում։

Բայց դու սիրում ե՞ս։

Ես...

«Եսի» պատասխանը Միքայելը չլսեց։ Նրանք անցան։ Բայց այս խոսակցությունը սաստիկ ազդեց Միքայելի վրա։ Մինչև այն օր հանգուցյալ աղայի գործերը և նրա անբախտացած ընտանիքի հոգսերը այն աստիճան զբաղեցրել էին Միքայելին, որ նա երբեք ժամանակ չէր ունեցել խոսելու իր հոգու և սրտի հետ։ Մինչև այնօր նա մի անգամ ևս չէր հետաքրքրվել Հռիփսիմեով, միանգամ ևս, ինչպես ասում են, մուշտարու աչքով չէր նայել նրա վրա։ Բայց այսօր նա առաջին անգամ տեսավ նրան, որպես պետք էր. այսօր Հռիփսիմեն երևաց նրան իր գեղեցկության բոլոր հրապուրանքով, այսօր նա կախարդելու չափ աննման էր։

Կեսօրից բավական անցել էր. ժամանակ էր ճաշելու. և ամեն կողմից աղջիկների ու կնիկների բազմությունը սկսեցին հավաքվել տաղավարի մոտ, ուր պատրաստ էր սեղանը։ Միքայելը սպասում էր երկու ծանոթների, որոնք խոսք էին տվել գալ այգին և նրա հետ միասին ճաշել։ Վերջապես հայտնվեցան նրանք։ Միքայելը իր քայլերը ուղղեց դեպի նրանց կողմը։ Նրանք երկու աստիճանավոր էին, որ ծառայում էին դատարանում։

Մենք ուշացանք, այնպես չէ՞, ասաց նրանցից մեկը սեղմելով Միքայելի ձեռքը։

Շատ չեք ուշացել, կնիկները դեռ նոր են նստել սեղան, պատասխանեց Միքայելը, ձեռքը մեկնելով դեպի տաղավարի կողմը և ցույց տալով նրանց։

Օ՜-հո, ինչ ահագին բազմություն է, բացականչեց աստիճանավորներից մեկը, բա՛ մենք նրանց հետ չե՞նք ճաշելու։

Շատ ցանկալի կլիներ, բայց ո՞վ կթողնե, ասաց Միքայելը, և միևնույն ժամանակ նրա տխուր դեմքի վրա երևացան մի տեսակ ցնցումներ։

Ասացեք, խնդրեմ, այս ի՞նչ բանի նման կլինի, երբ մենք առանձին պիտի ուտենք, նրանք առանձին։

Իմ կարծիքով, մի առանձին հաճություն էլ չէ կարելի զգալ մեր կանանց հասարակությունից. ի՞նչ կարող ես խոսել. ոչ դու նրանց կհասկանաս, ոչ նրանք քեզ. պիտի լուռումունջ նստես ու նայես երեսներին։ Մենք ավելի կխանգարենք նրանց քեֆը, եթե, խառնվելու լինենք նրանց մեջ։

Այսպես խոսելով, Միքայելը հյուրերի հետ դիմեցին ահագին տանձենու տակը, ուր նրանց համար առանձին սեղան էր պատրաստված։ Ծերունի այգեպանը սպասավորի պաշտոն էր կատարում։

Սեղանի վրա խոսակցությունը ըստ մեծի մասին Մասիսյանի մահվան, «ոսկի աքաղաղի», Սիմոն Յագորիչի և աղայի գործակատարների չարագործությունների մասին էր, որոնք այն ժամանակ հասարակաց խոսակցության առարկա էին դարձել։

Գիտե՞ք, Միքայել, ասաց ծառայողներից մեկը. նրանց չորսին էլ այսօր կալանավորեցին, այժմ բանտումն են։

Խոսքը Սիմոն Յագորիչի և Մասիսյանի երեք գործակատարների մասին էր։

Այժմ շատ ուշ է... պատասխանեց Միքայելը սառնությամբ։ Դրան ասում են «հարսանիքից հետո երաժշտություն», որովհետև կողոպտած ապրանքների մեծ մասը արդեն ոչնչացրել են։

Բայց նրանք Սիբիր կկորչեն։

Ի՞նչ օգուտ, դրանով Մասիսյանի զավակների փորը չի կշտանա։

Զարմանալի է, ես մինչև այսօր երևակայել չեմ կարող այս տեսակ ավազակություն։

Զարմանալին այն է, որ ավազակները այսքան ժամանակ պաշտոնավարում էին... պատասխանեց Միքայելը դառն վրդովմունքով։ Ես այնքան չեմ ցավում, որ այդ չարագործները դատարկեցին Մասիսյանի հարուստ կրպակները, բայց ամենամեծ կորուստն այն է, որ գողացան մի արկղ լի պարտամուրհակներով և, չնչին վարձատրություններ ստանալով, տվեցին Մասիսյանի պարտականներին, այլևս չեմ խոսում այն բանի վրա, որ հանգուցյալի անունով կեղծ պարտամուրհակներ շինեցին և տվեցին այս և այն խաբեբայի ձեռքը։ Այս գործը մի այնպիսի բաղադրյալ քրեական գործ է, որ եթե օրինավոր կերպով քննվելու լինի, շատերը կմերկացվեն, որոնց վրա դեռևս ոչ ոք կասկած չէ տանում...

Իսկ այդ անպիտանները ի՞նչ արեցին այնքան փողերը։

Չե՞ք լսել՝ «գողը գողից գողացավ, աստված տեսավ, զարմացավ»։ Փողերը տվեցին իրանց նման գողերին, որոնք նրանց պաշտպանում էին... Մասիսյանի տունը քանդվեցավ և նրանից տասը-քսան տուն շինվեցավ...

Ուրեմն այդ ընտանիքը բոլորովին կաղքատանա։

Դեռևս չգիտեմ... եղավ Միքայելի խոսքը։

Ճաշից հետո միքայելի հյուրերն ցանկացան լողանալ գետի մեջ, որ հոսում էր այգու կողքից։ Ինքը ևս նրանց հետ գնաց, թեև լողանալու ցանկություն չուներ։ Նույն միջոցին կնիկները նույնպես վերջացրել էին իրանց ճաշը, նրանք էլ տարածվեցան այգու մեջ և սկսեցին զբոսանք անել։

Միքայելը հասնելով գետի ափը, բաժանվեցավ իր ընկերներից։ Նա պառկեց խոտերի վրա, հովանավոր ընկուզենու տակին, և լուռ մտահողության մեջ մտիկ էր տալիս գետի հոսանքին, տեսնում էր, թե որպես կոհակները զարկելով ժայռերին, փրփրալով և կատաղելով, առաջ էին վազում։

Այս գետին նայելով, Միքայելը մտաբերում էր Արաքսը, որի ափերի մոտ անցուցել էր իր մանկության ամենագեղեցիկ օրերը, մտաբերում էր իր ընկերներին, այն սիրելի և բարեսիրտ ընկերներին, որոնց հետ այնքան երջանիկ էր, Շուշան տատին և Ավետ ապորը, որոնք վաղուց գերեզման էին դրած... Եվ մանկության օրերը երազի նման գալիս և անցնում էին նրա հիշողության մեջ, որպես իր մոտից անցնող գետի սրընթաց հոսանքը, որ արտահայտում էր մի աղմկալի կյանք...

Այգու այդ մասը, բոլորովին սահմանափակվում էր գետով, և ծառերը տեղ-տեղ կպած էին եզերքին: Հանկարծ նրա ականջին զարկեց մի ճիչ, որ խառնվեցավ խուլ աղաղակների հետ: Կայծակի արագությամբ վեր թռավ իր տեղից և վազեց դեպի կոչող ձայնը, որ վտանգ էր գուշակում։ Նրա առջև հանդիսացավ մի այսպիսի տեսարան, մի քանի աղջիկներ սարսափած, ուշակորույս եղած կուչ էին եկել թփերի մեջ... Հռիփսիմեն ընկած էր գետին... և մի ահագին կատաղած շուն առել էր նրան իր թաթերի մեջ... Որթերի տակին նեցուկ տված ցիցերից մեկը դուրս քաշելը և կատաղած գազանի գլխին խփելը մի րոպեի գործ եղավ, երկրորդ զարկին շունը գլորվեցավ և անշարժ մնաց։

Օրիորդը անվնաս էր, միայն նրա աջ թևի վրա երևում էր թեթև կեղեքվածք, որից դուրս ցայտող արյունը կարմիր բծերով ներկել էր նրա ամառային հագուստի թևքը։ Միքայելը գիտեր, թե որքան վտանգավոր բան էր կատաղած շան կծելը, առանց ժամանակ կորցնելու, գրկեց ուշակորույս աղջկան և հասցրեց մոր մոտ, որի դրությունը ոչ սակավ ցավալի էր, երբ լսեց իր դստեր հետ պատահածը։

Բոլոր հյուրերի վրա տիրեց սարսափ, և ամեն մեկը շտապում էր տուն դառնալ։ Հռիփսիմեին դրեցին ձիան վրա և իսկույն տարան քաղաք։

Թ

Հռիփսիմեի վերքը անվնաս էր. բժշկի հետազոտությունից երևաց, որ նա առաջ էր եկել շան ճանկռտելուց և ոչ կծելուց։ Մի շաբաթից հետո նա կարողացավ ոտքի կանգնել, բայց տակավին իրան թույլ էր զգում. դեմքը գունաթափվել էր, և աչքերի մեջ փայլում էր, կարծես, մի տեսակ շրջմոլիկ հուր։

Հռիփսիմեի թևքի վերքը բժշկվեցավ, բայց նրա փոխարեն բացվեցավ մի ուրիշ վերք անմեղ աղջկա սրտումը, մի վերք, որ առաջ է գալիս Աստղիկի որդու սուր սլաքից...

Մինչև այն օր անխոցելի էր մնացել Հռիփսիմեի սիրտը, իսկ այժմ սկսեց տանջել նրան մի անորոշ, մթին զգացմունք, որ ինքն էլ չգիտեր, թե որպես պետք էր բացատրել։ Նա միշտ տխուր էր, միշտ լուռ էր և միշտ աշխատում էր փախչել ընկերությունից և առանձնանալ, և շատ անգամ ակամա արտասուքը թաց էր անում նրա գեղեցիկ, սևորակ աչքերը։

Տիկին Մարիամը չէր կարող չնկատել իր սիրելի դստեր հանկարծակի փոփոխությունը. «Ի՞նչ է պատահել քեզ, աղջի», հարցնում էր նա։ «Ոչինչ»... լինում էր Հռիփսիմեի սովորական պատասխանը։

Քույրերը ավելի մտերիմ են լինում և շատ անգամ բաց են անում միմյանց առջև իրանց սրտերը։ Այն գաղտնիքը, որին չկարողացավ հասնել մայրը, աշխատեց բաց անել երեց քույրը՝ Գայանեն։

Այդ ի՞նչ է, Հռիփսիմե, աշնան տերևի նման օրըստօրե դեղնում ես, մի օր հարցրեց նա, երբ միասին նստած էին իրանց տան պարտեզում։

Ես էլ չեմ իմանում, քույրիկ, պատասխանեց Հռիփսիմեն, գլուխը դեպի ցած խոնարհեցնելով։

Չէ, մի բան կա, դու չես ուզում ինձ ասել. մի բան կա, ես իմանում եմ...

Հռիփսիմեն ոչինչ չպատասխանեց և տակավին գլուխը քարշ գցած, մատներով խաղում էր խոտերի հետ, աշխատելով ցրվել իր սրտի ամբոխմունքը...

Դու խո ոչինչ չես ուզում ինձ ասել, Հռիփսիմե, հենց գիտես, որ ես չեմ իմանում, խոսեց Գայանեն կատակի ձև տալով իր խոսքերին, ուզո՞ւմ ես բոլորը ասեմ։

Ի՞նչ ասես։

Ասեմ, թե ինչու ես այսպես մաշվում։

Չեմ ուզում լսել, ոչինչ մի ասա, պատասխանեց Հռիփսիմեն, վեր կացավ և կամենում էր հեռանալ։

Նստի՛ր, մի գնա՛, բռնեց նրա ձեռքից Գայանեն։

Հռիփսիմեն դարձյալ նստեց քրոջ մոտ։ Գայանեն շարունակեց.

Հոիփսիմե, քույրիկ, ինչո՞ւ ես ամաչում, ինչո՞ւ ես թաքցնում ինձանից քո ցավը, ես իմանում եմ, որ դու մեկին սիրում ես...

Հռիփսիմեն դարձյալ լուռ մնաց, միայն նրա գունաթափ դեմքի վրա երևաց թեթև կարմրություն, նրա աչքերը վառվեցան և այդ նազելի, անխոս աչքերը ամեն ինչ հայտնեցին հետաքրքիր քրոջը։ Գայանեն գրկեց նրան և համբուրեց։ Կրտսեր քույրը գլուխը բարձրացրեց իր մտերմի գրկից և սկսեց խուլ կերպով լաց լինել։

Երբ մի փոքր հանգստացավ, խոսեց նա։

Քույրիկ, խաչը վկա, որ չեմ իմանում, արդյոք սիրում եմ թե ոչ։ Բայց այն օրից, երբ պատահեց այն անցքը, երբ կատաղած շունը քիչ էր մնացել, որ ինձ պետք է պատառ-պատառ աներ, ես հանգիստ չեմ։ Թե արթուն եմ լինում և թե քնած, միշտ նրան եմ տեսնում... և միշտ նրա հետ խոսում...

Բայց արթուն ժամանակը նրա հետ չես խոսում, նկատեց մեծ քույրը ժպտելով։

Մտքումս խոսում եմ... պատասխանեց Հռիփսիմեն, բայց հենց որ տեսնում եմ նրան, ուզում եմ խոսել, մի բան ասել, լեզուս կապվում է, չեմ իմանում, թե ինչ պետք է ասել... Կարծես նա էլ ինձանից փախչում է, և այդ ավելի է տանջում ինձ... Տեսնո՞ւմ ես, վերջին օրերում նա խիստ ուշ է վերադառնում տուն և եկածին պես մտնում է իր սենյակը և դռները փակում։ Առավոտյան խո նրա երեսը չես տեսնի...

Երկու քույրերի խոսակցությունը Միքայելի մասին էր։ Նրանք երկար և երկար խոսում էին այսպես, մինչև երեկոյան վերջալույսը սկսեց հետզհետե աղոտանալ, և ծառախիտ պարտեզի մեջ տիրեց գիշերային մթությունը։ Նա ամառային այն խաղաղ և փափուկ գիշերներից մեկն էր, երբ ցերեկվա խեղդող տոթից հետո մարդը կազդուրվում է, ազատ է շնչում, զգալով մի տեսակ ոգևորիչ զվարճություն։ Երկու քույրերը դեռ նստած խոսում էին։ Բայց չէին նկատում, որ մեկը ծառի ետևից լսում էր նրանց։

Գնանք տուն, ասաց Գայանեն կանգնելով։

Դեռ վաղ է, մի փոքր ման գանք, շատ նստեցինք, պատասխանեք Հռիփսիմեն ներքին վրդովմունքով։

Նրանք սկսեցին պտտել պարտեզի ճեմելիքների մեջ, ուր այժմ լուսինը ծառերի սաղարթախիտ ոստերի միջից թափում էր իր արծաթափայլ լույսը։ Իսկ այն անձնավորությունը, որ ծառի ետևում թաքնված լսում էր երկու քույրերի խոսակցությունը, շարժվեցավ իր կանգնած տեղից և հանդարտ քայլերը ուղղեց դեպի տիկին Մարիամի սենյակը։

Այդ անձնավորությունը Մասիսյանի ընտանիքից կտրված, տարիներով հեռացած և աչքից ընկած անդամներից մեկն էր, որ երկար անջատումից վերջը երկու անգամ միայն հայտնվեցավ այս տան մեջ. առաջին անգամ, երբ կատարվում էր հանգուցյալ աղայի թաղման հանդեսը, երկրորդ անգամ, երբ Հռիփսիմեն հիվանդ էր։ Դա այն դժբախտ զավակն էր, որի մասին աղան խոսելիս երբեք անունը չէր հիշում՝ իր բերանը չպղծելու համար, այլ միշտ ակնարկում էր այսպիսի անտարբերությամբ՝ «այն անզգամը»... Դա տիկին Մարիամի այն աղջիկն էր, որին կոչում էին Նունե, որը հասակն առնելով, երբ նկատեց, թե հայրը իրան մարդու տալու վրա չի մտածում, երկար տանջվելեն հետո, վերջապես սիրահարվեցավ իր հոր գործակատարներից մեկի վրա և տնից փախչելով, գյուղում պսակվեցավ նրա հետ։

Մտնելով մոր սենյակը, Նունեն գտավ նրան մենակ։ Ճրագի լույսը ընկնելով նրա գեղեցիկ կազմված և ուղղաձիգ հասակի վրա, երևան հանեց նազելի պատկերը։ Որպի՞սի զարմանալի նմանություն նրա և Հռիփսիմեի մեջ. Հռիփսիմեն, այդ փոքր ինչ հնացած, փոքր ինչ մաշված օրիգինալի ճիշտ պատճենն էր, միայն ավելի թարմ և ավելի զվարթ, քան թե իր երեց քույրը։

Նունեն պատմեց մորը Գայանեի և Հռիփսիմեի խոսակցությունը, որ լսել էր պարտեզում։

Ես այդ նկատում էի... ասաց մայրը, երբ նրա աղջիկը վերջացրեց իր պատմությունը։ Բայց ի՞նչ պետք է արած։

Այսքանը պարզ է, որ Հռիփսիմեն սիրահարված է, խոսեց Նունեն ավելի մերձ նստելով իր մոր մոտ և ձայնը մեղմացնելով, հիմա պետք է գիտենալ արդյոք Միքայելն էլ նույնպես սիրո՞ւմ է նրան, թե ո՛չ։

Ի՞նչ կերպով գիտենալ, հարցրեց մայրը։ Միքայել խիստ ծածկամիտ տղա է, նրանից շուտով բան հասկանալ չի կարելի։ Սերը ծածկել չէ կարելի, նա ինքն իրան կհայտնվի, որքան էլ մարդ ծածկամիտ լինի, իրան պահել չէ կարող։ Լսիր, մայրիկ, պետք է աշխատել անպատճառ այս բանը գլուխ բերել…

Մի քանի րոպեի մեջ ուրախությունը և տրտմությունը փոփոխակի կերպով արտահայտվում էին տիկին Մարիամի բազմահոդ, դեմքի վրա. նրա սիրտը բաբախում էր, որպես մի տերև, որ դողդողում է քամուց։

Միթե կարելի՞ է բանը գլուխ բերել, հարցրեց նա, ինքն էլ իր խոսքերին չհավատալով։ Ես, իրավն ասած, Նունե, բոլորովին շվարած եմ, չեմ իմանում, թե ինչ պետք է անել… Ա՜խ, եթե տերը մի արասցե Հռիփսիմեն իր բաղձանքին չհասնի, ա՜խ, ինչ կլինի նրա վերջը…

Դու անհոգ կաց, մայրիկ, նրանք իրանց բանը կշինեն, պատասխանեց Նունեն ավելի փորձված և ավելի գործագետ կնոջ վստահությամբ. միայն պետք է թող տալ իրանց կամքին, այն ժամանակ «ջուրը իր ճանապարհը կգտնե…»

Դժվար է, պատասխանեց մայրը կասկածավոր կերպով, շատ դժվար է. հիմա Միքայելին ձեռքից-ձեոք խլում են, ամեն կողմից աղջիկներ են առաջարկում, և ի՞նչ աղջիկներ, հարուստ տներից և ահագին բաժինքներով։ Բայց մենք ի՞նչ ունենք… այն ուրիշ բան կլիներ, եթե աղան կենդանի լիներ, եթե մենք մեր առաջվա վիճակի մեջ լինեինք…

Եվ անբախտ կնոջ աչքերից վերջին խոսքերի հետ գլորվեցան արտասուքի խոշոր կաթիլներ։ Նունեն սկսեց սիրտ տալ նրան։

Ես չեմ կարծում, ասաց նա,- որ Միքայելը փողի մտիկ տա. Հռիփսիմեն նրա համար մի մեծ հարստություն է։

Է՜հ, որդի, բոլոր աշխարհը փողի վրա է մտիկ տալիս։ Տեսնում ե՞ս, հիմա մեզ վրա ոչ ոք չի ուզում նայել, բայց աոաջ… Առաջ պատիվ էին համարում, երբ մենք խոսում էինք մեկի հետ, երբ մենք մեկին արժանացնում էինք մեր հայացքին։

Այդ ճշմարիտ է, բայց ես դարձյալ կասեմ, մայրիկ, որ Միքայելը փողով խաբվող չէ. նա, ինչպես ասում են, ինքը բավական փող ունի։

«Ավել պատառը փոր չի ծակում», իմանում ե՞ս։ Փողից ո՞վ է կշտացել, որ նա կշտանա։

Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ այս բանը գլուխ կգա, պատասխանեց Նունեն։- Պետք չէ հուսահատվել։

Տեսնենք… ասաց մայրը դարձյալ հուսահատ կերպով: Տեսնենք աստված ի՛նչ կհաջողե։ Ներս մտան Գայանեն և Հռիփսիմեն բավական ուրախ դեմքերով․ մոր և երեց դստեր մեջ խոսակցությունը ընդհատվեցավ։

Նույն միջոցին Միքայելը մենակ էր իր սենյակում, նրա սեղանի վրա դրած էր մի բաց նամակ, նա կրկին վեր առեց նամակը և սկսեց կարդալ։ Դա նրա մի քանի ամիս առաջ գրած նամակի պատասխանն էր, որ ստացել էր Ստեփանից։

Բոլոր տողերից արտահայտվում է նրա մեծահոգությունը, խոսում էր Միքայելը ինքն իրան, այս նամակի մեջ նա նույն խստասիրտ, արհամարհող և մեծամիտ Ստեփանն է, ինչ որ եղել է միշտ։ Ես հայտնել էի հոր մահվան մանրամասնությունները, նրա թողած հարստության ոչնչանալը, ահա ինչ է պատասխանում ինձ. «Ես, որպես բժիշկ, իմ հոր հարստության վրա նայում էի բոլորովին բժշկական կետից։ Երբ հիվանդ մարմնի վրա հայտնվում է թարախով լիքը մի պալար, ես սպասում եմ, որ նա կամ ինքն իրան ծակվի և թարախը դուրս թափվի նրա միջից, կամ գործ եմ դնում իմ նշտարը... Հավաքված նեխությունը կենդանի մարմնի մեջ միշտ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Իմ հոր հարստությունը մի հսկայական պալար էր՝ լցված անմաքուր շարավով և ամբարված ամեն տեսակ ապականություններով։ Նրա գործակատարները, թեև չարամտությամբ, բայց կատարեցին մի տեսակ բժշկի պաշտոն, ծակերին պալարը և դուրս թափեցին փտությունը... Հիվանդը չդիմացավ ցավին և մեռավ... բայց ժառանգները առողջացան»... Մի քանի տողից հետո շարունակում էր, խոսելով գործակատարների մասին. «Հանգիստ թողեք, ի սեր աստծո, այն ողորմելիներին, նրանք հանցավոր չեն, նրանք իմ հոր ամենալավ աշակերտներն են և գեղեցիկ կերպով իրագործեցին նրանից առած դասերը… Ո՞վ սովորեցրեց նրանց գողությունը... ես ցավում եմ այդ ողորմելի արարածների մասին։ Խնայեցեք նրանց»։

Դռները բացվեցան, և ներս մտավ Հռիփսիմեն։

Հը՛մ, ի՞նչ կա։

Ընթրիքը պատրաստ է, մայրս խնդրեց, որ շնորհ բերեք, պատասխանեց նա բեկբեկված ձայնով։

0՜ ինչ քաղաքավարի լեզվով ես խոսում դու, Հռիփսիմե, այդ ե՞րբ սովորեցար, ասաց Միքայելը, նստած տեղից վեր բարձրանալով և մանուկ օրիորդի երկու ձեռքերն էլ առնելով իր ափերի մեջ։

Հռիփսիմեն շառագունեցավ և ոչինչ չկարողացավ պատասխանել։ Հանաքը մի կողմ մնա, ես դարձյալ զգուշացնում եմ քեզ, Հռիփսիմե, դու շատ վատ ես պահում քեզ. դու դեռ ոչ բոլորովին առողջ ես, կարող ես կրկին հիվանդանալ, երբ այս գիշերվա պես ման կգաս պարտեզում։ Այնտեղ շատ խոնավ է, մանավանդ վերջին անձրևից հետո։

Դու տեսա՞ր երբ ես ման էի գալիս, հարցրեց օրիորդը, ուղիղ Միքայելի երեսին նայելով։

Տեսա՛, Գայանեն ևս քեզ հետ էր. առաջ նստած էիք, հետո վեր կացաք և սկսեցիք ման գալ։

Երևի դու լսեցի՞ր ևս, թե ինչ էինք խոսում մենք... հարցրեց օրիորդը թեթև ժպիտով։

Ես ոչինչ չլսեցի, ես սովորություն չունեմ լրտեսել ջահիդ աղջիկների գաղտնի խոսակցությունը, այդպիսի բան Նունեն է անում...

Ղո՞րդ, հարցրեց օրիորդը սուր ձայնով. ուրեմն նա լսո՞ւմ էր... ա՛յ, սատանա...

Միքայելը, ինչպես սովորաբար ասում են «իզը գտավ», այսինքն՝ իր կորցրած առարկայի հետքերի վրա հանդիպեց։ Անցնելով պարտեզի միջից, իրավ, նա տեսել էր երկու քույրերին միասին նստած և խոսելիս, այլև նկատել էր Նունեին, որ ծառի ետևում թաքնված, ականջ էր դնում նրանց խոսակցությանը։ Այդ դեպքը հետաքրքրեց նրան, և մտածում էր, թե Նունեն առանց առանձին պատճառի մի այնպիսի կասկածավոր դիրք չէր բռնի իր քույրերի վերաբերությամբ։ Իսկ այժմ Հռիփսիմեի շփոթությունը և նրա սիրուն դեմքի ներկը ստուգեցին Միքայելի կարծիքը։

Տեսա՞ր, որ ես բոլորը իմանում եմ... դարձավ նա դեպի օրիորդը։

Դու ոչինչ չես իմանում, պատասխանեց Հռիփսիմեն ծիծաղելով. դու ուզում ես ինձանից խոսք քաշել...

Ի՞նչպես խոսք քաշել։

Որ գիտենաս, թե ինչ էինք խոսում Գայանեի հետ... բայց ես չեմ ասի... որքան էլ խնդրես, չեմ ասի...

Դու չես ասի, բայց Գայանեն կասե, նա բարի աղջիկ է։

Իսկ ես չա՞ր եմ։

Դու կամակոր ես։

Լավ, լավ, եկ գնանք, հիմա սպասում են քեզ, ասաց օրիորդը և բռնելով Միքայելի ձեռքից, համարյա զոռով սկսեց նրան դուրս տանել։ Այժմյան Հռիփսիմեն չէր մի քանի շաբաթ առաջվա ամոթխած և երկչոտ Հռիփսիմեն, այլ նույն փոքրիկ, ուրախ և աշխուժով լի Հռիփսիմեն, ինչ որ հինգ-վեց տարի առաջ, երբ մի անգամ վարդավառի տոնին ոտքից ցգլուխ թրջեց Միքայելին, և զոռով ստիպում էր, որ իր նոր հագուստը հագնե։ Իսկ այժմ Միքայելը կանգնած էր նրա առջև, ճաշակով հագնված, բարեկիրթ մի երիտասարդ, որի յուրաքանչյուր ձևերից երևում էր ազնիվ և շիտակ մարդու ուղղամտությունը։ Նա ընդունեց օրիորդի հրավերը և նրա հետ մտան տիկին Մարիամի սենյակը, ուր նա իր աղջիկների հետ բոլորել էին ընթրիքի սեղանի շուրջը։

Այգու անցքից հետո Մասիսյանների ընտանեկան հարաբերությունները Միքայելի հետ բոլորովին փոխվեցան․ այժմ նա վայելում էր այդ գերդաստանի անդամակցության կատարյալ ազատությունը։ Տիկին Մարիամը նրան ասում էր․ «Ես այժմ երկու որդի ունեմ, մեկը դու ես, մյուսը՝ Ստեփանը»։ Գայանեն, Հռիփսիմեն և Նունեն առանց քաշվելու մտնում էին նրա սենյակը, մաքրում էին, կարգի էին դնում և շատ անգամ կցում էին նրա հետ փոքրիկ խոսակցություններ։ Ճաշը և ընթրիքը միասին էին ուտում և երբեմն առավոտյան թեյը միասին խմում, եթե մի կարևոր գործ չէր պահում Միքայելին իր առանձնարանում։ Երեկոյան զբոսանքը պարտեզում և զրույցները մանուկ օրիորդների հետ արդեն սովորական էին դարձել։ Միքայելը ըստ մեծի մասին պատմում էր նրանց իր ճանապարհորդություններից և խոսում էր շատ բաներ Մոսկվայի ու Եվրոպայի կյանքից։ Իսկ այն գիշեր մի առանձին խոսակցություն ընթրիքի սեղանի վրա տեղի չունեցավ, միայն Միքայելը հաղորդեց Ստեփանից ստացած նամակի բովանդակությունից այնքան միայն, որքան կարելի էր։

Ժ

Մասիսյանի ընտանիքին հասած դժբախտությունը և ահագին հարստության մի քանի օրվա մեջ ոչնչանալը իսկապես այն դառն և աղետալի ներգործությունը չունեցավ թշվառ ընտանիքի վրա, որքան սպասելի էր։ Կյանքը շարունակվում էր իր սովորական ընթացքով, ոչինչ չէր փոխվել, ոչինչ չէր պակասել, և կարելի էր ասել, որ այժմ ավելի կենդանի ու ավելի խաղաղ կերպարանք էր ստացել։ Եվ իրավ, ի՞նչ էր կորցրել այդ միշտ անբախտ ընտանիքը։ Ի՞նչ բանից էր զրկվել նա։ Ոչնչից։

Մասիսյանի հարստությունը նրա ընտանիքի համար մի երևակայական ցնորք էր, որպես նույնիսկ «ոսկի աքաղաղի» գոյությունը։ Ընտանիքը միայն լսել էր, թե հարստություն ունի, իսկ այժմ լսում էր, թե այն հարստությունը այլևս չկա։ Մասիսյանի հարստությունը առևտրական հրապարակի մի լոկ դարդ էր, նրա բարիքները չէին թափանցում ընտանեկան շրջանի մեջ, որ միշտ զուրկ էր կյանքի անհամեմատ վայելչություններից անգամ։ Եվ որովհետև ընտանիքը մասնակից չէր հարստության վայելման մեջ, բնականաբար այժմ չէր կարող ցավ զգալ նրա կորստյան համար։ Հարստությունը պատկանում էր մի մարդու միայն և նրա հետ գերեզման մտավ։ Այդ մարդը «աղան» էր...

Բայց կար և մի ուրիշ պատճառ, որի մեջ Մասիսյանի ընտանիքը մխիթարություն էր գտնում։ Միքայելի քաղցր վարմունքը, նրա անկեղծ անձնազոհությունը, նրա ջերմ կարեկցական սերը բոլորովին մոռանալ տվեցին դժբախտությունները։ Միքայելի մեջ գտնում էին ամենը, ինչ որ կորցրել էին։

Որքան երջանկություն է բերում ընտանիքի մեջ սերը, միաբանությունը, ազատությունը, մանավանդ երբ իշխում է նա տիրող բռնակալությունից հետո։ Դա ջերմ-լուսապայծառ ավուր բերկրությունն է ազդում, երբ անցել էր բքաբեր փոթորիկը։ Մասիսյանի ճնշված, տանջված և տարիներով մի ուրախ օր չվայելած ընտանիքը հանկարծ իրան մի նոր աշխարհի մեջ էր գտնում, երբ Միքայելը մտցրեց այնտեղ կյանքի լույսը և ջերմությունը։ Այդ ընտանիքը, ուր կինը բացի նրանից, որ կտրված էր արտաքին աշխարհից, այլ իր գերդաստանական նեղ շրջանի մեջ ևս դարձյալ զուրկ էր տղամարդի հարակցությունից, այժմ դեռ նոր էր առնում մարդկային վայեյչության այն քաղցր համը, որ մատակարարում էր նրան ընկերական կյանքը։ Նա դեռ նոր էր հասկանում, որ երջանկությունը և բարօրությունը միայն դրամի մեջ չէ կայանում, դրամի, որի ժանգից ամբարված և անշարժ դրության մեջ թույն է գոյանում, այլ կա և մի ուրիշ բան, որը երբ պակասում է՝ ընտանեկան օջախը դժոխքի է փոխարկվում։ Հանգուցյալ աղայի օրերում այս տունը կատարյալ դժոխք էր. իսկ Միքայելը մտցրեց այնտեղ այն կենագործող զորությունը, որ դժոխքը դրախտի է փոխում, դա էր սերը։

Անցավ ամառը, տիրեց ձմեռը։ Այդ երկու եղանակները իրանց հատկություններով՝ ցրտություններով և ջերմություններով կարծես միևնույն բնական ներգործությունն են անում մարդերի վրա, ինչ որ անում են առհասարակ բոլոր մարմինների վրա։ Վերջին դպրոցական աշակերտը գիտե, որ ջերմությունը փափկացնում է և ընդարձակում է մարմինները, իսկ ցրտությունը խտացնում է և կուչ է բերում նրանց։ Նույնը պատահում է և մարդերի հետ տարվա տաք և ցուրտ եղանակներում։ Ամառը իր ջերմությունով ցրվում է և բաժանում է նրանց միմյանցից, իսկ ձմեռը մոտեցնում է, մի տեղ է հավաքում և ավելի սերտ կերպով սեղմում է նրանց միմյանց հետ։ Ձմեռը մարդկային ընկերական կյանքը ավելի ամբողջական կերպարանք է ստանում: Նույնը լինում է և ընտանիքի մեջ: Դրսի ցուրտը ներս է մղում բնակիչներին սենյակների չորս պատերի մեջ և ավելի սեղմում է, կպցնում է նրանց միմյանց հետ: Հարաբերությունները շոշափում են միմյանց, և առաջ է գալիս մի տեսակ շփումն: Եվ որպես մինչև անգամ անշունչ մարմինների միմյանց հետ շփվելուց և քսքսվելուց գոյանում է կրակ, այնպես էլ կենդանի մարմինների սերտ հարաբերությունից առաջ է գալիս մի ուրիշ ջերմություն, որը կոչվում է սեր: Եվ այս էր պատճառը, որ տիկին Մարիամի սենյակը, որը այժմ ծառայում է որպես ընդունարան, շատ անգամ կենդանանում էր ուրախ և զվարթ խոսակցություններով, ուր հավաքված էին լինում նրա աղջիկները, Միքայելը և երբեմն ուրիշ հյուրեր:

Be the first who will comment on this

Other parts of "Ոսկի աքաղաղ"

Yatuk Music
Markos and Markos
Tigran Hamasyan

Markos and Markos

Garden in Sochi 1943
Garden in Sochi 1943
Play Online