Paruyr Sevak
Ութնյակներ
Մաս 5
41
Դուք հիշո՞ւմ եք.
Գործը միշտ էլ
Մեր ձեռքով էր
Գլուխ գալիս,
Բայց - թե ինչո՞ւ-
Նրան էին
Մեծարանքով
Գլուխ տալիս:
42
Ականջը սրած` ականջ է դնում,
Ականջի պոչով նա մեզ լրտեսում,
Հետո գնում է իր նման մեկի
Ականջը լցնում` ստեր փսփսում...
Նման մարդուկի ամենախոշոր
Բրդուջը պիտի ականջը թողնել,
Իսկ մենք հայրաբար - և հիմարաբա՜ր-
Այս հանցագործի ականջն ենք քաշում:
43
Հացը դարձրել է ձիավոր,
Ինքը դարձել է ոտավոր-
Ու չի հասնում նրա հետքից,
Բայց քաղցից էլ չի մահանում:
Նա ինքն իրեն և՛ դատավոր,
Ե՛վ իրենից գանգատավոր`
Բողոքում է ինքն իրենից,
Ու վճիռը... չի կայանում...
44
Զարմանքդ զո՜ւր է:
Չէ՞ որ հին խոսք է.
Հացը մի թուր է,
Որ տափակ կողմով նույնպես կտրում է:
Եվ կամ, որ նույնն է.
Շունը որ շուն է`
Ուտելիս նա՛ էլ
Ձայնը կտրում է:
45
Բա՜խտ է հարկավոր, ամեն տգետից
Ախար կադրերի բաժվար դուրս չի գա:
Զգո՜ւյշ քսմըսվիր - շողոքորթվելը
Բոլոր պետերին, դժվա՜ր, դուր չի գա:
Ես հասկանում եմ քո շվարմունքը.
Ոսկե միջի՛նն էլ քեզ ձեռք չի տալիս-
Ոսկե միջինը մի սերմ է հաճախ,
Որ կանաչում է, բայց... բե՜րք չի տալիս:
46
Աչք մտնելու համար նա մի հատ է,
Բիբ փորելու համար` արդեն երկու:
Բայց գիտե՞ք, թե ինչն է,
Որ ամենից վատ է.
Մաթեմատիկական այս անհայտը
Հայտնի՜ քննադատ է,
Եվ ինչո՞վ է հայտնի-
Ինքն իրեն է հերքել + ինքն իրեն է հերքում...
47
Ինքը հոպոպն է հոտած,
Կարծում է` բույնն է հոտած:
Սևջուր առուն ճահճացել,
Կարծում է` հունն է հոտած:
Եվ հակառակն է լինում.
Ի՞նչ ես ուզում խեղճ թխսից`
Առողջ ճտեր ո՞նց հանի,
Թե տակի ձուն է հոտած:
48
Ձյունը ի՞նչ է իմանում,
Թե աղքատը փայտ չունի.
Ճամփան ի՞նչ է իմանում,
Թե ձին ոտքին պայտ չունի:
Բայց ես գիտեմ. ով երեկ
Շեն տներ է ավիրել,
Ինչքան զղջման խոսք ասի`
Մե՜կ է , խղճի խայթ չունի՜:
49
Ա՜խ, արդեն ականջ է ծակում
Այս անվերջ զնգոցն ու զանգը,-
Լավ երգը կրկնել տուր անվերջ`
Կցնդի նախկին հուզանքը:
Թե ջուրը նույն ափն է ծեծում`
Լճակ է և կամ ճահիճ է,-
Մաքո՛ւր ջուր, հոտա՛ծ ջուր չկա,
Գործում է միայն հոսա՜նքը:
50
Սարն ի՞նչ գիտե`
Տուժն ինչ է,
Չշտապողը`
Ուշն ինչ է:
Թե դատարկ է
Անցյալըդ,
Ի՞նչ իմանաս`
Հուշն ինչ է:
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Other parts of "Ութնյակներ"
Yatuk Music
Tigran Hamasyan
Kars
Sardarapat. the right part of the series of pictures
Play Online