Nar-Dos

Սպանված աղավնին

Արարված որկրորդ

Հյուրասենյակ Բաղիրյանի տանը հնամաշ կահավորանքով։ Դիմացը դուռ և երկու լուսամուտ, որոնք նայում են դեպի պատշգամբը։ Աջ կողմը մի դուռ, որ տանում է դեպ հարևան սենյակը։ Ձախ կողմը բազմոց ձեռակար բարձիկներով, երկու բազկաթոռ, կլոր սեղան, սեղանի վրա լամպ և կազմած մի գիրք։ Բազմոցի գլխին հայելի։ Հայելիներ նաև երկու հանդիպակաց պատերին սեղանակերպ պատվանդաններով, որոնց վրա դրված են երկ-երկու բրոնզյա շամադաններ։ Ուր հարկն է՝ աթոռներ։ Հատակին հնամաշ գորգ։ Երեկո։ Սեղանի լամպը վառված է։ Դիմացի դռնից մտնամ են Սիսակյանը և Մարգարյանը։ Սիսակյանի ձեռքին կա թղթի մեջ փաթաթված բոնբոնիեր։

ՏԵՍԻԼ I

ՍԻՍԱԿՅԱՆ. Վերարկուդ հանիր և դիր այստեղ։ (Վերարկուները հանում են և գլխարկների հետ միասին դնում աթոռների վրա): Եկ նստիր այստեղ։ (Նստում են բազկաթոռների վրա):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Լավ փեսացու և խաչեղբայր ենք եղել, ընդունում են անկոչ հյուրերի պես։ (Ծիծաղում է կամաց): Երևի չես հայտնել, որ պիտի գանք։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ինչպես չէ։ Առավոտյան այստեղ էի, ասացի, որ գալու ենք։ Այս վառած լամպը ցույց է տալիս, որ ձեզ սպասում են եղել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Հիմա իմացա՞ն, որ եկել ենք։

ՍԻՍԱԿՅԱՆ. Կենողի երեխան գնաց իմաց տալու։ (Որոնում է գրպանները): Ապարանջանն ի՞նչ արի... Հա՛։ (Վեր է կենում, վերարկուի գրպանից հանում թղթի մեջ փաթաթած ապարանջանի տուփը, դնում անդրավարտիքի գրպանը և նորից նստում):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Որ վերցրել է գիրքը և թերթում է): Այս նա՞ է կարդում։

ՍԻՍԱԿՅԱՆ. Այդ ի՞նչ գիրք է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ժյուլ Սիմոն «Работница в Европе»:

ՍԻՍԱԿՅԱՆ. Երևի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՞նչ ես կարծում, այս գիրքը մոռացմամբ է մնացել, թե դիտմամբ է դրել այստեղ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ինչո՞ւ պետք է դիտմամբ դներ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Որպեսզի ցույց տա, թե՝ տեսե՛ք ինչպիսի գրքեր եմ կարդում, ռոմաններ չեմ կարդում։

ՍԻՍԱԿՅԱՆ. Չգիտեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Գիրքը դնում է տեղը): Ես մի բան մոռացա քեզ հարցնեմ. քանի՞ տարեկան կլինի։

ՍԻՍԱԿՅԱՆ. Մեծ է, կարծեմ, բավական մեծ է երևում արտաքինով։ Եթե քսանհինգ չլինի, քսաներկու տարեկան անպատճառ կլինի։ Պինդ-պինդ որ նայում է, ավելի մեծ է երևում։ Բայց գիտե՞ս, նա որ այդպես պինդ-պինդ նայում է ինձ, ես չեմ նայում նրան։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ինչո՞ւ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Չեմ կարողանում։ Նրա նայվածքի մեջ մի բան կա, որ ակամա ճնշում է։ Ես առհասարակ նրան նայում եմ այն ժամանակ, երբ նա ինձ չի նայում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Լսիր, Գարեգին։ Եկ ուղղակի խոստովանիր, որ թեև նշանվել ես և երեկ գիշեր էլ մեծ հիացմունքով էիր խոսում նրա մասին, բայց վախենում ես նրանից։ Չէ՞։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Շփոթվելով): Ի՞նչպես թե վախենում...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Վախենում, էլի՛, ուղղակի վախենում։ Եվ այդ է պատճառը, որ նրա պինդ-պինդ նայելիս չես կարողանում նայել նրան։

ՍԻՍԱԿՅԱՆ. Այո՛, մի տեսակ ճնշվում եմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Եվ դարձյալ դրա համար է, որ նա ավելի մեծ է երևում քեզ, մանավանդ պինդ-պինդ նայելիս։

ՍԻՍԱԿՅԱՆ. Այո։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Եվ այդ ժամանակ դու էլ փոքր ես երևում քո աչքին։ Այդպես չէ՞։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ճիշտ է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ուրեմն դու զգում ես, որ նա բարոյապես մեծ է, այսինքն բարձր է քեզնից։ Չէ՞։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ի՞նչպես թե բարոյապես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այսինքն յուր ներքին ուժով կամքով, բնավորությամբ, խելքով։

ՍԻՍԱԿՅԱՆ. Երեկ խո ինքս ասացի քեզ, որ նա շատ խելոք աղջիկ է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այսինքն զգում ես, որ խելոք աղջիկ է, որովհետև չէ՞ որ նրա խելքը դեռ չես չափել։

ՍԻՍԱԿՅԱՆ. Այո, զգում եմ։ Նա շարունակ լռում է ինձ մոտ։ Երեկ էլ, այս առավոտ էլ գրեթե չի խոսել ինձ հետ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Հանկարծ նոր միտք է հղանում): Բա... Մեր տղա, կարող է հակառակը լինել։

ՍԻՍԱԿՅԱՆ. Այսի՞նքն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Կարող է նա տգետ ու հիմարի մեկը լինել, ինչպես սովորաբար մեր մարդու տալու չխոսկան աղջիկներն են լինում։ Դու խո գիտես, որ չեն խոսում կամ շատ խելոքությունից, կամ շատ հիմարությունից։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ոչ, սխալվում ես. լռողները միշտ խելոք են լինում։ Մինչև անգամ այն հիմարը, որ լռում է, խելոք է, կնշանակի՝ նա այնքան խելք ունի, որ հասկանում է, թե ինքը հիմար է և, լռելով, չի ուզում ցույց տալ, որ հիմար է։ Այո, չխոսողը միշտ խելոք է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Ծիծաղելով): Ուրեմն, քո լոգիկայով, ես ու դու, որ խոսում ենք, հիմար ենք, և անասունները, որ չեն խոսում, խելոք են մարդկանցից։

ՍԻՍԱԿՅԱՆ. Անշո՜ւշտ։ Իհարկե, անասունները խելոք են մարդկանցից։ Թվիր մարդկային ո՛ր հիմարությունն ուզում ես և տես՝ անասունները գործո՞ւմ են այդ հիմարություններից գեթ մեկը։ Շատերից մի պարզ օրինակ։ Ծխախոտ ծխելը հիմարություն է, չէ՞։ Դե ասա տեսնեմ՝ ո՞ր անասունն է ծխախոտ ծխում։ Մի ուրիշ օրինակ։ Ահա՛, երեք հարյուր ռուբլի փող եմ տվել և ապարանջան եմ բերել հարսնացուիս ընծա: Ասա տեսնեմ՝ այն ո՞ր անասունն է, որ ապարանջան է ընծայում յուր էգին։

Մարգարյանը սաստիկ ծիծաղում է։ Հարևան սենյակից լսվում է նախ մի քչփչոց, հետո կանացի մի անզուսպ ծղրտոց, որն իսկույն էլ լռում է։ Մարգարյանը դադարում է ծիծաղելուց։ Սիսակյանը վեր է կենում անհանգստացած և ականջը լարում դեպի հարևան սենյակի դուռը։ Մարգարյանը զարմացած նայում է նրա դեմքին։ Լռություն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Սա ի՞նչ բան էր։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Կամաց): Այս նրա ձայնն էր, կարծեմ (Միջոց): Երևի մոր հետ էր։ Գիտե՞ս, երեկ երեկո էլ, այս առավոտ էլ նկատեցի, որ մայր ու աղջիկ չունեն իրար հետ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Հիմա կռվո՞ւմ էին։

ՍԻՍԱԿՅԱՆ. Չգիտեմ... երևի...

Աջ դռնից մտնում է Սոֆիան։ Նրա դեմքին երևամ են զսպված վրդովմունքի նշաններ։

ՏԵՍԻԼ II

ՍՈՖԻԱ. Ներողություն, պարոններ, ես այս րոպեին եկա. քրոջս երեխան հանկարծ վատ էր դառել, կանչել էին։ Բարև ձեզ։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Ներկայացնելով Մարգարյանին). Այս իմ բարեկամն է, մեր խաչեղբայրը։

ՍՈՖԻԱ. Շատ ուրախ եմ։ (Սեղմում է Մարգարյանի ձեռքը): Համեցեք նստեք։ (Ամենքը նստում են): Շա՞տ ժամանակ է շնորհ եք բերել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ոչ, շատ ժամանակ չէ, որ եկել ենք։

ՍՈՖԻԱ. Հավատացեք, ես այնպես նեղանում եմ, որ առաջին անգամ շնորհ եք բերում, և ես...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Վնաս չունի, տիկին, ինչ կա որ... Հիմա ի՞նչպես է երեխան։

ՍՈՖԻԱ. Հիմա, փառք աստծո, լավ է։ Բժիշկն եկավ և ասաց, որ ոչինչ չկա։ Գիտեք, երեխան հանկարծ վայր է ընկել և ուշաթափվել։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ո՞րտեղ է Սառան։

ՍՈՖԻԱ. Սառան... (շփոթվում է): Իսկույն կգա... նա էլ այսօր մի փոքր հալ չունի։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Անհանգստացած): Հիվա՞նդ է։

ՍՈՖԻԱ. Չէ, այնպես... Մի վախենաք, ոչինչ չկա... Մի փոքր գլուխը ցավում էր...

ՍԻՍԱԿՅԱՆ. Իսկ պարոն Հակո՞բը։

ՍՈՖԻԱ. Նա դեռ չի եկել։ Շաբաթ երեկոները նա մի փոքր ուշ է վերջացնում գործը։ Բայց երևի շուտով կգա։

Մտնում է Սառան աջ դռնից ջղային արագ քայլվածքով և մտնելիս դեպի մեջքն է ձգում ուսին ընկած հաստ գիսակը։ Սիսակյանը և Մարգարյանը վեր են կենում։

ՏԵՍԻԼ III

ՍԻՍԱԿՅԱՆ. (Ընդառաջելով Սառային): Բարի երեկո։ (Սառան լուռ տալիս է նրան յուր ձեռքը և նայում Մարգարյանին): Այս իմ բարեկամն է, մեր խաչեղբայրը։

Սառան լուռ սեղմում է Մարգարյանի ձեռքը, պինդ-պինդ նայելով նրա աչքերին։ Սոֆիան վեր է կենում դուրս գնում աջ դռնից, Սառան երկար և անհաշտ հայացքով ճանապարհ է դնում նրան։

ՍԻՍԱԿՅԱՆ. Դու հիվա՞նդ էիր։

ՍԱՌԱ. (Խստորեն, ըստ երևույթին, նրան դուր չեկավ եզակի դիմումը): Ո՛չ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Հապա մայրիկն ասաց, որ դու...

ՍԱՌԱ. Նա սուտ է ասել։ Խնդրեմ նստեցեք։ (Նստում են: Անհարմար լռություն):

ՍԻՍԱԿՅԱՆ. (Հանկարծ հիշելով, գրպանից հանում է ապարանջանի տուփը, բաց անում և դնում է Սառայի առաջ): Այս մեր խաչեղբոր ընծան է։ (Նայում է Մարգարյանին և հիմարաբար ծիծաղում):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Անհամ դրության մեջ զգալով իրեն այն համառ հայացքից, որ Սառան հառել էր նրա դեմքին): Բարեկամս կատակ է անում, օրիորդ, այդ ինքն է ընծա բերել ձեզ համար։

ՍԻՍԱԿՅԱՆ. Լավ. ապարանջանը որ ես եմ բերել, բաս ա՞յս ով է բերել։ (Շտապով վեր է կենում, աթոռի վրայից վերցնում է շաքարեղենի բոնբոնիերը, փաթեթը դեն շպրտում և դնում Սառայի առաջ): Այս խո դո՞ւ ես բերել։ (Ծիծաղում է):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Տարակուսանքով թոթվում է ուսերը): Չհավատաք, օրիորդ, այդ էլ ինքն է բերել, բայց այնքան բարի է, որ յուր նվերներն ուզում է ինձ վերագրել։

Սառան ուշադրություն չի դարձնում նվերներին և զարմացած նայում է մերթ Սիսակյանին, մերթ Մարգարյանին։ Անհարմար լռություն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Մի բան ասած լինելու համար): Այս գիրքը դո՞ւք եք կարդում, օրիորդ։

ՍԱՌԱ. Ոչ։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Ուրախ, որ խոսելու և խոսեցնելու առիթ ունի): Հապա ինչո՞ւ էր այստեղ դրված։

ՍԱՌԱ. Մի ընկերուհի ունեմ, նա էր տարել կարդալու, այս երեկո վերադարձրեց։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ուրեմն քոնն է։

ՍԱՌԱ. Այո։

ՍԻՍԱԿՅԱՆ. Իսկ դու կարդացե՞լ ես։

ՍԱՌԱ. (Վեր է թռչում զսպված զայրույթի հանկարծական բռնկումով): Ներեցեք, տվեք այդ գիրքը պահեմ։ (Գրեթե խլում է Մարգարյանի ձեռքից գիրքը, տանում շպրտում է հայելու պատվանդանի վրա և նորից գալիս նստում է յուր տեղը: Ճնշող լռություն):

ՍԻՍԱԿՅԱՆ. (Սիրտը խիստ կոտրած, անհամարձակորեն): Դու վիրավորվեցի՞ր։

ՍԱՌԱ (Սառան խստությամբ): Ես չեմ սիրում երբ ինձ հարցաքննում են։

ՍԻՍԱԿՅԱՆ. Հետո ես քեզ ե՞րբ հարցաքննեցի։

ՍԱՌԱ. Դուք այս րոպեիս հարցրիք՝ կարդացե՞լ եմ ես այն գիրքը։ Ինչո՞ւ չպետք է կարդացած լինեի։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Շփոթված): Ես... ներողություն... Ես չէի կարծում... Ես հարցրի այնպես... Եթե գիտենայի... Դու իզուր...

ՍԱՌԱ. Խնդրեմ ինձ հետ դու-ով չխոսել։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ես... ներողություն... Ես... (Լռում է բոլորովին շփոթված):

Երկարատև, խիստ ճնշող լռություն։ Մտնում է Բաղիրյանը աջ դռնից։

ՏԵՍԻԼ IV

ԲԱՂԻՐՅԱՆ. Բարի երեկո ձեզ։ Այնպես սուս ու փուս նստել եք, որ կարծես մարդ չկա այստեղ։ (Ծանոթանալով Մարգարյանի հետ): Պարոն Մարգարյա՞ն, եթե չեմ սխալվում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Պատիվ ունեմ։

ԲԱՂԻՐՅԱՆ. Դեո չտեսած՝ ես արդեն ճանաչում էի ձեզ, որովհետև ձեր բարեկամը շարունակ ձեր մասին էր խոսում։ Այժմ շատ ուրախ եմ, որ անձամբ ծանոթանում եմ ձեզ հետ։ Նստեցեք խնդրեմ։ (Մարգարյանը նստում է): Ինձ կներեք, որ մի քիչ ուշացա։ (Սիսակյանին): Հը՛մ, փեսա՞, դու ինչպես ես։ Իրիկունը մենակ-մենակ լավ քեֆ արինք, չէ՞։ Բաս ասում էիր, թե միտք չունես ամուսնանալու, հիմա լավ ես եկե՞լ։ (Ծիծաղում է և մտերմորեն խփում նրա ուսին): Նստիր, ինչո՞ւ ես եկել։ (Նստում են): Օհո՛, ընծա ես բերել։ (Պենսնեն դնում է քթին և վերցնում ապարանջանը: Սառան վեր է կենում և դիմում դեպի մյուս սենյակը): Կաց, Սառա, ո՞ւր ես գնում։

Սառան ուշադրություն չի դարձնում և դուրս է գնում։

ՏԵՍԻԼ V

ԲԱՂԻՐՅԱՆ. (Դիտելով ապարանջանը): Հիանալի՜ բան է, հիանալի՜... Մեկ ակներին նայեցեք (ցույց է տալիս Մարգարյանին): Կարծես աստղեր են վառվում։ Սրան տված կլինես, փեսա... ասեմ ինչքան... երկու հարյուր կամ մինչև... երկու հարյուր հիսուն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ճիշտ երեք հարյուր է տվել։

ԲԱՂԻՐՅԱՆ. Արժե, թանկ չէ։ Տեսնո՞ւմ եք այս մեծ ակը, մեջտեղում, սա թանկագին բան է։ Հիանալի է, հիանալի։ (Ապարանջանը դնում է տուփի մեջ և բաց է անում բոնբոնիերը): Այս էլ ուրիշ նվեր։ (Պենսնեն հանում է քթից և մտերմորեն խփում Սիսակյանի ուսին): Ինչպես երևում է, բարեկամ, դու այնքան էլ միամիտ չես եղել, ինչպես ես էի կարծում։ (Լավ դիտելով նրա դեմքը), բայց ի՞նչ է պատահել. քեզ նեղացրե՞լ են։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Լացակումած): Ոչ... ես նեղացրի։

ԲԱՂԻՐՅԱՆ. (Զարմացած): Ո՞ւմ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Օրիորդին։

ԲԱՂԻՐՅԱՆ. Ինչպե՞ս։

ՍԻՍԱԿՅԱՆ. Նա բարկացավ ինձ վրա։

ԲԱՂԻՐՅԱՆ. Ինչո՞ւ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Չգիտեմ... Կարծեց թե ես ուզում եմ հարցաքննել իրեն, մինչդեռ ես հարցաքննելու ամենևին միտք չեմ ունեցել։ Ես ներողություն խնդրեցի... չներեց... և... (քիչ է մնում, որ լաց լինի):

ԲԱՂԻՐՅԱՆ. Ա՞յդ միայն։

ՍԻՍԱԿՅԱՆ. Հետո... նեղացավ, որ իր հետ դու-ով եմ խոսում...

ԲԱՂԻՐՅԱՆ. (Ծիծաղում է. հետո ձեռքը մտերմորեն դնելով նրա ուսին՝ կես կատակով, կես լրջությամբ): Բան չկա, սիրելիս, բան չկտ։ Այդպիսի դատարկ բաներին որ ուշադրություն դարձնենք, հա՛, ո՞ւր կերթա։ Դուք դեռ չեք ճանաչում իրար։ Երեկ մեկ, այսօր երկու։ Քանի գնաք, այնքան կճանաչեք, կհասկանաք և կսիրեք իրար։ Այս էլ ասեմ, որ սկզբում կռվելը շատ լավ նշան է. այդ նշանակում է, որ վերջը հոգի չեք խնայի իրար համար։ Ճիշտ է, նա շատ քմահաճ, կամակոր և հպարտ աղջիկ է, բայց և այնքան բարի է, որ քո բարությունը նրա մոտ զերո։ Քմահաճ է, շատ անգամ կոպիտ, երբեմն ուղղակի կռվարար, տեսնո՞ւմ ես, ես նրա բոլոր պակասություններն ասում եմ, բայց այդ բոլորն արտաքուստ, իսկ սիրտն աղավնու սիրտ է։ (Մարգարյանին): Անցյալ օրը երեսիս այնպիսի կոպիտ խոսքեր ասաց, որ իմ տեղը դուք լինեիք նրա հայրը, դուրս կանեիք տանից։ Պահանջեցի, որ ներողություն խնդրի։ Չխնդրեց և ավելի մեծ կոպտություններ արեց։ Հետևյալ օրը, երբ ես այդ բանը մոռացել էի, մտավ ինձ մոտ և ասաց... ի՞նչ եք կարծում, ի՞նչ ասի, որ հավանեք։ «Ինչո՞ւ ինձ չծեծեցիր», ասաց։ Զարմացա։ Ի՞նչի համար, ասում եմ։ «Նրա համար, ասում է, որ երեկ քեզ վիրավորեցի»։ (Սիսակյանին). Ահա թե ինչպիսի աղջիկ է նա։ Այ, շուտով, աստված տա, կպսակվեք, կապրեք միասին և կտեսնես՝ ճի՞շտ եմ ասում, թե ոչ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ախր ընծայիս էլ ուշադրություն չդարձրեց։

ԲԱՂԻՐՅԱՆ. Այս հրաշալի ապարանջանի՞ն։

ՍԻՍԱԿՅԱՆ. Այո։

ԲԱՂԻՐՅԱՆ. Օ՜, անհոգ եղիր, անկարելի, անհնարին բան է, որ ուշադրություն դարձրած չլինի։ Կին չէ՞։ Աչքի տակով նայած կլինի։ Բայց այնքան հպարտ, որ այդ ցույց չէր տալ։ Պետք է իմանաս, որ նա շատ խելոք աղջիկ էլ է, շատ գրքեր է կարդացել, օ՜, շա՜տ։ Ա՜յ, այդ կողմից կարող ես վախենալ նրանից։ (Ծիծաղում է):

Մտնում է Սոֆիան։

ՏԵՍԻԼ VI

ԲԱՂԻՐՅԱՆ. Սոֆիա, դու տեսե՞լ ես մեր փեսայի բերած ընծան։

ՍՈՖԻԱ. (Նստում է): Ի՞նչ ընծա։

ԲԱՂԻՐՅԱՆ. Վա՛հ, դեռ չես տեսե՞լ։ Մեկ նայիր, է՜։ (Ապարանջանը տալիս է նրան):

ՍՈՖԻԱ. (Դիտելով): Այս ի՜նչ հրաշալի բան է...

ԲԱՂԻՐՅԱՆ. Մեկ լավ նայիր ակներին... մեջտեղի մեծը տես... չորս բոլորքինը...

ՍՈՖԻԱ. Հրաշալի՜ բան է... Ի՞նչ եք տվել, փեսա։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Քաջալերված): Երեք հարյուր ռուբլի։

ՍՈՖԻԱ. Մի՜թե... Շա՜ա, շա՜տ հրաշալի բան է։

ԲԱՂԻՐՅԱՆ. (Մտերմորեն գրկելով Սիսակյանին): Բաս որ ասում էի լավ փեսացու եմ ճարել... (ծիծաղում է):

Սառան մատուցարանով թեյ է բերում, հոնքերը կիտած, առանց ոչ ոքի նայելու, բաժանում է բաժակները։

ՏԵՍԻԼ VII

ԲԱՂԻՐՅԱՆ. Լսիր, ինչո՞ւ ես բարկացրել փեսացուիդ։ (Սառան չի պատասխանում և մատուցարանը ձեռքին, կանգնած է հոր առաջ, սպասելով, որ նա վերցնի յուր բաժակը): Ինձ նայիր։ Չե՞ս լսում։ Տես ինչ սիրուն բան է բերել քեզ համար։ (Վերցնում է ապարանջանը և ծիծաղելով կամաց խփում նրա կզակին: Սառան մատուցարանը պահում է մի ձեռքով, մյուսով վերցնում վերջին բաժակը դնում հոր առաջ և զսպված կատաղությամբ դիմում է դեպի աջ դուռը): Դե՛, դա արդեն բանի նման չէ։ Դու մեզ բոլորովին խաղք ու խայտառակ ես անում։

ՍԱՌԱ. Որպեսզի ձեզ խաղք ու խայտառակ չանեմ, մի՛ խոսեք ինձ հետ այնպես, ինչպես երեխայի հետ են խոսում։ (Դուրս է գնում մատուցարանը ձեռքին և դուռը պինդ շրխկացնում յուր ետևից: Սոֆիան, սաստիկ ամոթահար, վեր է կենում շտապով և հետևում նրան):

ՏԵՍԻԼ VIII

ԲԱՂԻՐՅԱՆ. (Մարգարյանին ժպտալով): Տեսա՞ք, նոր կոպտություն։ (Սիսակյանին): Տեսնո՞ւմ ես, սիրելիս, ինձ հետ էլ է այդպես վարվում։ Բայց հավատացնում եմ քեզ, այդ խոսքերն են միայն, որ կան, իսկ սիրտն աղավնու սիրտ է։ Ինչպես երևում է, այսօր վատ տրամադրության մեջ է. այդ բանը երբեմն պատահում է նրան։ Սպասիր, ես նրան կհաշտեցնեմ քեզ հետ։ Դու սիրտդ մի կոտրիր։ (Վեր է կենում և շտապով դուրս գնում աջ դռնից):

ՏԵՍԻԼ IX

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Նստած է ապշած: Երկարատև լռությունից հետո): Գարեգի՞ն... Սա ի՞նչ է... Այդ աղջիկն աննորմալ դրության մեջ է՞, թե՞ մեզ ոչնչի տեղ չի դնում... Եվ դու դրան ես հավանում... Եվ դու դրա՞ ամուսինը պիտի դառնաս.. Ի՞նչ ես պապանձվել. խոսիր է՜։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Սաստիկ ընկճված): Ի՞նչ խոսեմ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Մեծ կասկածամտությամբ գլուխը շարժելով): Չէ, բարեկամ, չէ՜... վեր կաց, վեր կաց գնանք։ (Վեր է կենում):

ՍԻՍԱԿՅԱՆ. (Զարմացած): Ո՞ւր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՞նչպես թե ուր։ Մի՞թե այս բոլորից հետո դու դեռևս միտք ունես նրա հետ ամուսնանալու։

ՍԻՍԱԿՅԱՆ. Հապա ի՞նչ անեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ի՞նչպես թե ինչ անես։ Նա միայն բառերով չասաց, թե վեր կացեք կորեք այստեղից, և դու դեռ հարցնում ես. թե ինչ անե՞ս։ (Միջոց, որի ժամանակ Մարգարյանը նայում է Սիսակյանին գրեթե ապշած, Սիսակյանը նստած է մտամոլոր): Մի՞թե հիրավի դու սիրում ես նրան։

ՍԻՍԱԿՅԱՆ. Սիրում եմ նրան...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ա՜յ, զարմանալի մարդ... բայց մի՞թե չես տեսնում, որ նա քեզ չի հավանում։ Եվ ոչ թե միայն քեզ չի հավանում, այլև տեսնել անգամ չէ ուզում քեզ։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Բութ համառությամբ): Ի՞նչ անեմ։ Ես սիրում եմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Զսպելով զայրույթը, մտերմորեն): Լսիր, Գարեգին, ինչ եմ ասում։ Նա եթե աննորմալ դրության մեջ չէ, ապա չափազանց կամակոր, կոպիտ և, որ գլխավորն է, չարահոգի աղջիկ է, այնքան չարահոգի, որ ամենևին չի կարողանում զսպել իրեն գոնե լոկ քաղաքավարության համար։ Մինչդեռ նա անկիրթ չէ, հիմար էլ չէ երևում, նրա դեմքը ինտելիգենտ դեմք է։ Հա՛, գեղեցիկ է, խոսք չունեմ, մինչև անգամ շատ գեղեցիկ. բայց ի՞նչ դուրս եկավ դրանից։ Ես պարզ կերպով տեսնում եմ, որ այդ աղջիկն յուր անտանելի բնավորությամբ մի պատիժ է այս տան մեջ, և նրա ծնողները աշխատում են ռադ անել գլխներից։ Նրա խորամանկ հայրն իր սիրապատիր խոսքերով պարզապես խաբել է քեզ և յուր ծուղակն է գցել։ Ի՞նչ ես նայում այդ ծեր աղվեսի ասածներին. Սառան նույնքան աղավնու սիրտ ունի, որքան դու գայլի սիրտ։ Նա քո ամբողջ կյանքը կթունավորի։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ես նրան առիթ չեմ տալ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Հիմա առիթ տվեցի՞ր, որ այս ֆորտելները սարքեց գլխիդ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Նա կարծեց թե ուզում եմ հարցաքննել իրեն։ Ես այսուհետև զգույշ կլինեմ, այդպիսի բաներ կարծելու առիթ չեմ տալ։ Հետո՝ դու-ով էի խոսում նրա հետ։ Այսուհետև դուք-ով կխոսեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Սրտանց): Փո՛ւ. իդիստ...

ՍԻՍԱԿՅԱՆ. (Վիրավորված): Խնդրե՜մ... ես իդիստ չեմ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Դու ոչ միայն իդիստ ես, այլև, կարելի է ասել, իդիստների թագավորը։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Հանկարծ վեր կենալով, տաքացած): Լա՛վ, ի՞նչ ես ուզում անեմ։ Թողնե՞մ նրան։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Իհա՛րկե, հիմար։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ինչի՞ համար։ Չէ՛, մի ասա տեսնեմ՝ ինչի՞ համար։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Որ ասում եմ իդիստ ես։ Էլի ասե՞մ, ինչ որ այս րոպեիս ասացի։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ինձ չի հավանում, չէ՞։ Լա՛վ։ Հապա ինչո՞ւ մատանիս ընդունեց։ Չէր ճանաչում ինձ այդ ժամանակ, չէ՞։ Լա՛վ։ Հիմա խո ճանաչե՞ց.

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Այո՛, ճանաչեց, և տեսար, որ ոչ բերած ապարանջանիդ վրա թքեց, ոչ էլ բոնբոնիերիդ և դեռ քիչ մնաց, որ գիրքն էլ գլխովդ տար։

ՍԻՍԱԿՅԱՆ. Այո, ճիշտ է, նա ոչ ապարանջանին ուշադրություն դարձրեց, ոչ էլ բոնբոնիերին և գիրքն էլ շպրտեց այնտեղ։ Բայց խո մատանին դեռ մատի՞ն էր։ Հը՞, խո մատին է՞ր։ Տեսա՞ր, թե ոչ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ասենք, չեմ նայել, որ տեսնեի...

ՍԻՍԱԿՅԱՆ. Վա, մատին էր։ Ի՞նչպես չտեսար, զարմանալի է, Ա՛յ, այս մատին (ցույց է տալիս յուր ձեռքի անանուն մատը):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Հա՛, լավ, մատին էր, մատին, և ընդունենք, թե տեսա։ Հետո՞։

ՍԻՍԱԿՅԱՆ. Ինչո՞ւ չհանեց մատից, չտվեց ինձ ու չասաց. «Պարոն, ահա ձեր մատանին. ետ ընդունեցեք խնդրեմ, որովհետև քննեցի ձեզ և տեսա, որ դուք իդիստ եք»։ (Մարգարյանը հանկարծ և ակամա ծիծաղում է խիստ բարձրաձայն, բայց իսկույն էլ զսպում է իրեն): Բայց նա այդպիսի բան չարեց։ Ինչո՞ւ չարեց, հը՞, քեզ եմ հարցնում, ինչո՞ւ չարեց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. (Նայում է նրան անկեղծ սրտացավությամբ): Վա՛յ, խեղճ Գարեգին, դու ճիշտ որ կատարյալ իդիստ ես եղել։

ՍԻՍԱԿՅԱՆ. Չէ՛, մի ասա տեսնեմ, ինչո՞ւ չարեց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Որովհետև խելքը գնում է քեզ համար։

ՍԻՍԱԿՅԱՆ. Չէ՛, մի՛ հեգնիր խնդրեմ և պատասխանիր հարցիս. ինչո՞ւ չարեց։

ՄԱՐԳԱՐՑԱՆ. Ես ի՞նչ գիտեմ, հիմար։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Հաղթական): Հա՛, այդտե՜ղ կաց։ Չարեց, որովհետև... ոչ ես եմ ճանաչում նրան, ոչ դու։ Գուցե ծնողներն էլ չեն ճանաչում, նույնիսկ քո ասած այդ ծեր աղվեսն էլ։ Այո՛։ Դու նրան կամակոր, կոպիտ, չարահոգի աղջիկ ես համարում, իսկ ես նրա մեջ տեսնում եմ ինքնուրույնություն, անկախության ձգտում, խիզախ, հանդուգն ոգի մի բան, որից զուրկ եմ ես, բայց սաստիկ սիրում եմ։ Եվ իզուր ես շտապում ինձ խորհուրդ տալու, որ ձեռք վերցնեմ նրանից։ Մինչև որ ինքը չմերժի, ես ձեռք վերցնողը չեմ, չե՛մ ու չե՛մ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Է՛հ, դու գիտես։ Ես իմ պարտքը կատարեցի նախազգուշացրի քեզ. այսուհետև մեղն ու վարձքը քո շլնքին։ (Հագնում է վերարկուն):

ՍԻՍԱԿՅԱՆ. (Վախեցած): Դու գնո՞ւմ ես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Բաս ի՞նչ անեմ։ Մնամ, որ նոր կոպտությունների ականատես լինե՞մ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Բայց նա խո քեզ ոչինչ չի՞ ասել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ա՜յդ էր պակաս, որ ինձ էլ ասեր։ Անծանոթ մարդ եմ, հյուր եմ եկել առաջին անգամ, և իմ ներկայությամբ... ո՛չ, ներողություն կանես։ Ես քեզ պես փտած ջղեր չունեմ և զուրկ չեմ ինքնասիրությունից։ Դու ուզում ես մնալ՝ մնա, իսկ ես չեմ կարող։ Բարի գիշեր։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Պահելով նրան): Միքայե՛լ, ի՞նչ ես անում... իսեր աստծո... ի՞նչ կասեն... ես կմեռնեմ ամոթից...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Դու ինչո՞ւ ես մեռնում ամոթից։ Թե որ հասկացող են, թող նրանք ամաչեն, որ հյուրը ստիպված է լինում փախչել։ Ահա տեսնում ես, մեզ թողել են այստեղ մենակ, և իրենք հեռացել։

ՍԻՍԱԿՅԱՆ. Լավ, ի՞նչ ասեմ, որ գան։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Ինչ ուզում ես՝ ասա։

ՍԻՍԱԿՅԱՆ. Եվ դու այդ բանն անքաղաքավարություն չե՞ս համարում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Կոպիտ մարդկանց հետ պետք է կոպիտ կերպով վարվել։

ՍԻՍԱԿՅԱՆ. Կաց, գոնե թեյ խմիր, հետո...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. Թեյը դու անուշ արա, թե որ ախորժակ ունես։ Բարի գիշեր։ (Դուրս է գնում դիմացի դռնից):

Սիսակյանը սաստիկ մտատանջության մեջ ման է գալիս սենյակում, անհամբեր և վախկոտ հայացքներ ձգելով աջ դռան կողմը։ Ժպտալով մտնում է Բաղիրյանը։

ՏԵՍԻԼ X

ԲԱՂԻՐՅԱՆ. (Հանկարծ նկատելով Մարգարյանի բացակայաթյունը, զարմանում է): Ա՞յս ինչ է, դու մենա՞կ ես մնացել։ Ո՞ւր է ընկերդ։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Շփոթված): Գնաց...

ԲԱՂԻՐՅԱՆ. Գնա՞ց։ Ո՞ւր։

ՍԻՍԱԿՅԱՆ. Գործ ուներ... էլի կգա...

ԲԱՂԻՐՅԱՆ. Հա՛, երևի մոտիկ տեղ գնաց։

ՍԻՍԱԿՅԱՆ. Այո... այստեղ... մոտիկ...

ԲԱՂԻՐՅԱՆ. Թեյն էլ չի խմել։

ՍԻՍԱԿՅԱՆ. Այո... հանկարծ միտն եկավ... շտապում էր...

ԲԱՂԻՐՅԱՆ. Բան չկա։ Եկ նստիր։ (Հանկարծ): Սպասիր... (կասկածանքով նայում է նրա աչքերին)։ Չլինի՞ թե վիրավորվեց, որ...

ՍԻՍԱԿՅԱՆ. (Արագ, եռանդով): Չէ՛, ի՞նչ եք ասում, չէ...

ԲԱՂԻՐՅԱՆ. (Զարմացած): Ի՞նչ չէ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Որ ընկերս իբր թե վիրավորվեց, որ Սառան...

ԲԱՂԻՐՅԱՆ. (Ավելի զարմանալով): Ի՞նչ Սառան։

ՍԻՍԱԿՅԱՆ. Որ Սառան... վարվել չգիտե... չարահոգի է... (բոլորովին շփոթվում է):

ԲԱՂԻՐՅԱՆ. Ա՜, ուրեմն... Ա՛յ, տեսնո՞ւմ ես, սիրելիս, դու քո միամտությամբ մատնեցիր թե քեզ և թե՛ բարեկամիդ... (Ծանր և լուրջ): Գիտե՞ս ինչ կա, բարեկամ։ Ես շիտակ և ազնիվ մարդ եմ և սիրում եմ ամենքի հետ վարվել շիտակ և ազնիվ կերպով։ Իմ աղջիկս ահա այս է, որ տեսնում ես։ Նրա բոլոր պակասություններն էլ ես ինքս հայտնեցի քեզ։ Հիմա քո բարեկամը կարծում է, թե նա չարահոգի աղջիկ է։ Է՜հ, թող կարծի այսպես։ Բայց ես քեզ կասեմ, որ այդ այդպես չէ։ Երեկ էլ ասացի, այսօր էլ ասում եմ. նա ինքնուրույն աղջիկ է։ Նա ուրիշների պես չի կեղծում, չի խարդախում յուր բնավորությունն ուրիշների առաջ, այլ պարզ կերպով, անկեղծորեն ցույց է տալիս այն, ինչ որ է։ Հավանում ես առ, չես հավանում, դեռ ևս ուշ չէ, կարող ես նշանդ ետ առնել, և դու քեզ համար, մենք մեզ համար։

ՍԻՍԱԿՅԱՆ. (Լացակումած:) Պարոն Հակոբ, դուք ինձ վիրավորում եք... Մի՞թե ես ձեզ բան ասացի...

ԲԱՂԻՐՅԱՆ. Դե լավ. որ այդպես է, նստիր։ Այլևս չխոսենք այս մասին։ (Նստում է: Միջոց): Ես այնտեղ երկար խոսեցի Սառայի հետ: Երևակայիր, ներողություն խնդրեց։ Թեպետ ինքն ասում է, որ երեխա չէ, բայց իսկապես երեխայի բնավորություն ունի, և դրա համար է, որ ես սաստիկ սիրում եմ նրան։ Բանից երևաց, որ նրան նեղացրել են։ Դու չէ, ուրիշները... խիստ զգայուն աղջիկ է. մի փոքրիկ, մի աննշան բանից անգամ վառոդի պես պայթում է։ Նրա հետ վարվելու կերպը ոչ ոք չի իմանում, բացի ինձանից։ Նեղացած ժամանակ ինչքան էլ որ կոպիտ կերպով է վարվում ինձ հետ, այնուամենայնիվ ես չեմ բարկանում նրա վրա, այլ միշտ կատակով, միշտ ծիծաղելով աշխատում եմ... Թեյը սառն է, վերցրու... միշտ կատակով. միշտ ծիծաղով աշխատում եմ բանն անցկացնել։ Հիմա, երևակայիր, այնքան խեղճացել է, որ ամաչում է դուրս գալ։ Իսկ քո բարեկամը... Ճի՞շտ, նեղացա՞վ։ Եվ չի՞ գալ։

ՍԻՍԱԿՅԱՆ. Այո։

ԲԱՂԻՐՅԱՆ Ափսոս։ Ես կուզեի նրա հետ խոսել... Ինչևիցե։ (Կանչում է): Սոֆիա, Սառա, եկեք, թեյը սառեց։ (Սիսակյանին): Այդ բանը չպետք է նրանց ասել։

ՏԵՍԻԼ XI

ՍՈՖԻԱ. (Մտնում է և տեսնելով, որ Մարգարյանը չկա): Ո՞րտեղ է պարոնը։

ԲԱՂԻՐՅԱՆ. Պարոն Մարգարյանը ձեռաց գնացել է մի տեղ, շուտով կգա։ (Դիմացի դուռը ծեծում են):

ՍՈՖԻԱ. Ա՛յ, երևի նա է։ (Բաց է անում դուռը: Շեմքում երևում է Թուսյանը):

ՏԵՍԻԼ XII

ԹՈՒՍՅԱՆ. Ներեցեք։ Այստե՞ղ է կենում պարոն Հակոբ Բաղիրյանը։

ԲԱՂԻՐՅԱՆ. (Դնում է պենսնեն և վեր կենում): Ես եմ. ի՞նչ եք կամենում։

ՍՈՖԻԱ. Համեցեք ներս։

ԹՈՒՍՅԱՆ. (Մտնում է): Երկու օր է, ման եմ գալիս ձեզ, հազիվ գտա։ Ես գալիս եմ Պետերբուրգից։ Այնտեղ դուք մի ազգական ունեք երաժշտական դպրոցի ուսանող...

ԲԱՂԻՐՅԱՆ. Երաժշտական դպրոցի ուսանո՞ղ։

ԹՈՒՍՅԱՆ. Խոսրոյան Վարդգես ազգանունով։

ԲԱՂԻՐՅԱՆ. (Հանկարծ): Հա՛, հա՛, քրոջս տղան... ի՞նչ կա։

ԹՈՒՍՅԱՆ. Մի նամակ տվեց ինձ ձեզ հանձնելու, որովհետև թեև գիտեր, որ դուք այժմ Թիֆլիսումն եք, բայց ձեր հասցեն չգիտեր և բացի դրանից, խնդրեց, որ անձամբ խոսեմ ձեզ հետ։ Ահավասիկ։ (Տալիս է նամակը):

ԲԱՂԻՐԱՆ. Ա՜, այդ փուշը վերջապես լո՞ւյս ընկավ... Սպասեցեք, նա այժմ երաժշտական դպրոցի ուսանո՞ղ է։

ԹՈՒՍՅԱՆ. Այո, զինվորական-բժշկական ակադեմիայից հեռացավ և այժմ ուզում է արտիստ դառնալ.

ԲԱՂԻՐՅԱՆ. Հեռացավ, հա՞, և ոչ վռնդեցին։ Եվ այժմ էլ ուզում է արտիստ դառնալ, հա՞... լա՛վ։ Իսկ այն փողերը... հատել են, չէ՞... Հասկացանք փորի ցավը... դեռ մեկ տեսնենք ինչ է գրում։ (Պատռում է ծրարը և սկսում լուռ կարդալ):

ՍՈՖԻԱ (Թուսյանին): Նստեցե՛ք խնդրեմ։

ԹՈՒՍՅԱՆ. Շնորհակալ եմ։ (Նստում է դռան մոտ, աթոռի վրա):

Կարճ միջոց անցնելուց հետո մտնում է Սառան և Թուսյանին տեսնելուն պես կանգ է առնում կարծես շանթահար։ Թուսյանը ցնցվում է, վեր է թռչում և տեղն ու տեղը արձանանում ինչ-որ խիստ անակնկալից։ Մի րոպե նրանց հայացքները մեխվում էն իրար։ Հանկարծ Սառան ճչում է և դուրս փախչում հարևան սենյակը։ Սաստիկ իրարանցում։ Բաղիրյանը, Սոֆիան և Սիսակյանը «Ի՞նչ, ի՞նչ պատահեց» ասելով, սաստիկ վախեցած, վազում են Սառայի ետևից։ Թուսյանն ուշքի է գալիս և շտապով դուրս գնում։

(Վարագույրն իջնում է)
Be the first who will comment on this

Other parts of "Սպանված աղավնին"

Yatuk Music
Shooshiky
Komitas

Shooshiky

Battle at sunset with the god of Maize
Battle at sunset with the god of Maize
Play Online