Nar-Dos

Պայքար

7
16

Տուն հասնելուն պես Բադամյանը պառկեց։ Մարմնի մեջ սաստիկ ցուրտ էր զգում. այնուհետև ջերմեց։ Թիկունքի մեջ ծակոցները սաստկացել էին։ Գիշերն անցկացրեց խիստ անհանգիստ։ Սաստիկ տաքության մեջ նրան թվում էր, թե պտտվում է վեգի պես և այդպես պտտվելով գլխիվայր սլանում է շեշտակի մի մութ անդունդ լի ինչ-որ աղոտ-փայլուն բծերով՝ նման մանրիկ աստղերի։

Առավոտյան ծառային ուղարկեց ծանոթ բժշկի հետևից։ Բժիշկը հանգստացրեց նրան, ասելով, որ ոչինչ չկա, հարկավոր է միայն տաք մնալ և քրտնել, և դեղ գրեց։ Սակայն օրվա ընթացքում Բադամյանը նորից դողացրեց և ջերմեց։ Երրորդ օրը նկատեց, որ չոր կերպով հազում է։ Այդ բանը վախեցրեց նրան։ Բժիշկը նորից եկավ, այս անգամ ուշի-ուշով քննեց հիվանդի թոքերը և ասաց, որ հարկավոր է շատ զգույշ կենալ, և նոր դեղ գրեց։

Սակայն այլևս ոչ մի զգուշություն և ոչ մի դեղ չօգնեց։ Թոքերի բորբոքումը գնալով սաստկանում էր. օր֊օրի վրա բարձրանում էր տաքության աստիճանը. հիվանդը չէր կարողանում ամոքել ծարավը կաթի և սելթերյան ջրի խառնուրդով, որ բժիշկը պատվիրել էր խմել ջրի տեղ։ Իսկ հազը հետզհետե չորանում էր և ուժեղանում։ Հինգերորդ օրվանից գիշերները, երբ տաքության աստիճանը խիստ բարձրանում էր, նա կորցնում էր ուշքը և զառանցում: Սակայն առավոտները համեմատաբար լավ էր լինում և կարողանում էր մտածել էր իր դրության մասին։ Իսկ այդ դրությունը նրան հանաք բան չէր երևում։ Նրան վախեցնում էր մանավանդ այդ չոր հազը, որ ուժգնության րոպեներին կարծես ուզում էր պոկել նրա թոքերը և դուրս շպրտել բերանից։

Ուշքը գլխին եկած ժամանակ նրա միտքը շարունակ պտտվում էր Մանեի շուրջը, և մի տարօրինակ եսական-վրեժխնդրական զգացում թելադրում էր նրան մեռնել։ Նրա ջերմոտ երևակայությունը ստեղծում էր զանազան սանտիմենտալ տեսարաններ, և նա առանձին հաճությամբ կանգ էր առնում այն տեսարանի վրա, թե ինչպես ինքը պառկած է դագաղի մեջ, ձեռքերը կրծքին ծալած, գլուխն ուսին ծռած, վարդերի և ծաղիկների մեջ թաղված, և թե ինչպես Մանեն չոքած է դագաղի առաջ սև հագուստով և, դեմքը ձեռքերով ծածկած, հեկեկում է անմխիթար արցունքներով։ Իսկ Սանթրոսյանը... Սակայն Սանթրոսյանի մասին Բադամյանի երևակայությոլնր ոչինչ չէր կարողանում ստեղծել. տեսնում էր միայն նրա ժոկեի գլխարկը և երկարաճիտ կոշիկները։

Ութերորդ օթը հիվանդի վիճակը բոլորովին վատացավ։ Այդ օրը, երեկոյան դեմ, նրան առաջին անգամ այցելեց Հեղինեն։

Բադամյան, ի՞նչ է պատահել ձեզ, հարցրեց նա՝ խոնարհվելով հիվանդի բոլորովին փոխված դեմքի վրա։

Բադամյանը, սաստիկ տաքության մեջ, շաղված աչքերով նայեց նրան, ինչ-որ շշնջաց և սպիտակած, կարծես կաթնոտ լեզվով սկսեց լպստել չորացած և տեղ-տեղ ճաքած շրթունքները։

Հեղինեն ձեռքի ափը դրեց նրա ճակատի վրա, ճակատը չոր էր մագաղաթի պես և այրվում էր վառարանի նման։

Այս ե՞րբ եք այսպես մրսել։ Անցած շաբաթ օր մեր տանն էիք, այն օրվանի՞ց եք պառկած։

Հիվանդը տենդից վառվող աչքերով նայում էր Հեղինեին և, ըստ երևույթին, չէր հասկանում, թե ինչ էր ասում նա։

Հեղինեն ավելի խոնարհվեց նրա դեմքի վրա։

Բադամյան... Բժիշկ գալի՞ս է։

Հիվանդր գլխով դրական շարժում արավ։

Ո՞վ է նայում ձեզ։

Ի՞նչ...

Ո՞վ է նայում, ասում եմ, ձեզ։

Ծառան։

Բժիշկն այսօր եկե՞լ է։

Չգիտեմ։

Սաստիկ ջերմը մթագնել էր հիվանդի հիշողությունը։ Խոսելիս նրա ձայնը հազիվ էր լսվում։ Նա չէր դադարում շրթունքները լպստելուց, շնչում էր խիստ արագ և լսելի հեթեթոցով և վառվող, անմիտ, կարծես սարսափահար աչքերը չէր հեռացնում Հեղինեի դեմքից։

Հեղինեն անհանգիստ դրության մեջ էր. չէր իմանում գնա, թե մնա, երբ եկավ բժիշկը։ Նրանք լավ ծանոթ էին իրար։ Հիվանդի վիճակը լուրջ մտառությամբ քննելուց հետո բժիշկը փսփսաց Հեղինեի ականջին։

Դուք գիտե՞ք, որ դրությունը շատ վտանգավոր է։

Դա պարզ է, նկատեց Հեղինեն։

Այս գիշեր անպատճառ կրիզիս կլինի։ Վատն այն է, որ մարդ չկա մոտը։ Ծառայի խնամքին թողնել անկարելի է։ Դեղերը գրեթե ամենևին չեն գործածվում։ Ես շատ սխալվեցի, որ հենց սկզբից չփոխադրեցի հիվանդանոց։ Այժմ մնում է, որ մի ֆելդշեր կամ գթության մի քույր կանչենք։

Ի՞նչ եք կարծում, եթե մեր տուն փոխադրենք...

Ի՜նչ եք ասում... այս դրության մե՞ջ.. Անկարելի է։

Իսկ եթե ես մնամ։

Դո՞ւք... Դրանով, իհարկե, մեծ բարություն արած կլինիք։

Շատ բարի, կմնամ։ Այսօր մի առանձին գործ էլ չունիմ։

Եվ Հեղինեն մնաց։

Բժիշկը նոր էր հեռացել, որ հիվանդի սենյակը մտավ Զաքարը։ Հայտնի չէր որտեղից էր իմացել նա իր եղբորորդու հիվանդությունը և թեպետ չէր սիրում նրան և երկար ժամանակ չէր եղել նրա մոտ, բայց և այնպես արենակցական զգացումը ստիպել էր ծերունուն այցելելու հիվանդին։ Ծերունին անձամբ ծանոթ էր Հեղինեին, լավ կարծիք չուներ նրա բարոյականի մասին, մանավանդ Նասիբյանի մոր պատմությունը լսելուց հետո, և այժմ կասկածանքով վերաբերվեց այն բանին, որ նրան տեսավ հիվանդի մոտ։ Զաքարը նստեց հիվանդի մոտ, փորձեց խոսեցնել նրան, բայց Բադամյանը չճանաչեց ծերունուն։ Հեղինեն խնդրեց Զաքարին, որ հիվանդին չանհանգստացնի, և դուրս տարավ նրան կից սենյակը։ Եղբորորդու դրությունը, ըստ երևույթին, ծանր տպավորություն էր թողել Զաքարի վրա, բայց նա չէր կորցրել ծերունիներին հատուկ սառնասրտությունը։ Կից սենյակում նա ծանր ու բարակ նստեց աթոռի վրա և հարցրեց.

Էս ո՞նց եղավ, որ մեռնում է։

Հեղինեն նայեց նրա թավ հոնքերին, և նրան ապշեցրեց այն անսասան խաղաղությունը, որ արտահայտում էին նրա աչքերը, նրա դեմքի ամեն մի խորշը։ Այդ զառամյալ ծերունին կարծես թե հարցնում էր մի շատ հասարակ բան։

Ո՞րտեղից հնարեցիք, թե մեռնում է, նկատեց Հեղինեն դժկամությամբ:

Աչքերը... աչքերը լավ չէին, շշնջաց ծերունին կարծես ինքն իրեն։ Մի քիչ լռելուց հետո, նորից իր թավ հոնքերի տակից նայեց Հեղինեի աչքերին և հարցրեց նույն խաղաղ ձայնով։ Տերտերին իմաց տվե՞լ եք։

Հեղինեն այս անգամ չկարողացավ զսպել իր զայրույթը։

Ինչե՜ր եք ասում, չեմ հասկանում, բացականչեց նա, եկաք-չեկաք, մեռնելուց և տերտերի մասին եք խոսում... Զոռո՞վ եք ուզում, ի՛նչ է, որ մեռնի։

Վերջին խոսքերը Հեղինեի բերանից դուրս թռան ինքնաբերաբար, և նա մտածեց, թե մի՞թե այդ փտած ծերունին պիտի հանդիսանար Բադամյանի ժառանգը, քանի որ Բադամյանն ուրիշ ոչ մի ավելի մոտիկ ազգական չուներ։ Այդ միտքը բոլորովին վրդովեց նրան, և նա ավելացրեց ավելի ևս զայրագին.

Հենց թեկուզ մեռնելիս էլ լինի, մի՞թե ձեր տերտերը պիտի փրկի։

Տերտերը չի փրկիլ, որդի, բայց տերտերի տված հաղորդը կփրկի:

Ո՜նց չէ. որ հաղորդես, է՜, իսկույն ոտի կկանգնի։

Հաղորդը դեղ խո չի, որդի, որ առողջացնի։ Հաղորդը հոգու համար է, որ սրբի մեղքերից։ Մարմինը չի փրկիլ, բայց հոգին կփրկի։

Հոգի՜... ի՞նչ հոգի, բացականչեց Հեղինեն գրգռված ոչ այնքան նրա խոսքերից, որքան նրա հանգիստ, դոգմատիկական տոնից։ Մարմինն ինքը հոգի է՝ քանի կենդանի է. իսկ երբ որ մեռնի, հոգի էլ ո՞րտեղից կլինի, որ փրկես...

Զաքարը լսում էր Հեղինեի խոսքերի տարափը վերին աստիճանի ապշած։ Մինչև անգամ նրան տիրել էր սրբազան մի սարսափ, որ այնտեղ, կից սենյակում, մարդը պատրաստվում էր ավանդելու իր հոգին, իսկ այստեղ ուրանում էին այդ հոգու գոյությունը, հետևաբար և այն ահեղ դատաստանը, որի առաջ պատասխանատու պիտի լիներ այդ հոգին իր երկրավոր մեղսալից կյանքի համար...

Բաս հոգի չկա, է՞լի, հարցրեց նա։ Ու երբ որ հոգի չկա, բաս աստծու ահեղ դատաստան էլ չկա, է՞լի...

Չկա, բաս կա՞։

Բաս ավետարանը սուտ է ասում, է՞լի։

Է՛հ, թողեք, թե աստված կսիրեք, գրգռված արտասանեց Հեղինեն և, որպեսզի ծերունին երկար չխոսի, դուրս գնաց հիվանդի սենյակը։ Այնուհետև, երբ նորից դուրս եկավ այնտեղից, ծերունին արդեն պատրաստվում էր գնալու։

Ես ուրիշ բան չեմ ասիլ, որդի, ասաց Զաքարը։ Մենակ կասեմ՝ վա՛յ քու հոգուն... վա՛յ, վա՛յ, հազար վայ... Դու, որ աղջիկ ես, այդպես ես խոսում, բաս տղերքն ինչպես կլինեն խոսելիս... Ես զարմանում եմ, որ աշխարհը դեռ դիմանում է, չի կործանվում, ինչպես որ կործանվեց Սոդոմ-Գոմորը...

Ուրեմն, երևի շատ էլ մեղավոր չենք, որ չի կործանվում, կծու կերպով նկատեց Հեղինեն։

Հը՜մ, սպասիր հալա, աստծու համբերությունն էլ վերջ ունի:

17

Զաքարը հիվանդի բնակարանից դիմեց դեպի Սանթրոսյանների տուն։ Նա վերին աստիճանի վրդովված էր Հեղինեի վարմունքից և ուզում էր իր սրտի մեջ ամբարված մաղձը թափել այնտեղ, ուր իրեն հասկանում և համակրանքով էին վերաբերվում։

Արևը նոր էր մտել և սենյակում դեռևս բավական լույս էր։ Մանեն և սկեսուրը նստած էին ճաշասենյակում։ Մանեն հավաքում էր թեյի պարագաները։ Թեյը խմելուց հետո Սանթրոսյանը և Վահանը առանձնացել էին հյուրասենյակը, որ գտնվում էր ճաշասենյակին կից և որի դուռը բաց էր։ Նրանք գործնական խոսակցության մեջ էին, և նրանց ձայները պարզորոշ լսվում էին ճաշասենյակում։

Սանթրոսյանը հանքային գործին կպած էր ֆանատիկոսի եռանդով։ Նա կազմել էր հսկայական ծրագիրներ ապագայի համար, բայց առայժմ Թիֆլիս էր եկել մի քանի դրամատերերի հետ բանակցելու և կնոջն ու մորն ամառանոց փոխադրելու նպատակով։ Թիֆլիս հասած օրը երկաթուղու կայարանում հանդիպելով Վահանին, թռուցիկ կերպով պատմել էր նրան իր գործերի դրությունը և այդ գործերն ընդարձակելու մտադրությունը. հետո հիշելով, որ Վահանը փող ունի, սկզբում կատակով, ապա լրջորեն առաջարկել էր նրան, որ միանա իր հետ և միասին աշխատեն ապագա ընկերության հիմքը դնելու։ Այդ բանը նստել էր Վահանի խելքում, և նա թողել էր այդօր գյուղ վերադառնալու մտադրությունը, որպեսզի մանրամասնորեն ծանոթանա գործերին և լրջորեն խորհրդակցի փեսայի հետ։ Սանթրոսյանն իր հետ բերել էր հանքերի զանազան նմուշներ, որոնք թափված էին սեղանի վրա, և այդ բոլորը մի առ մի ցույց էր տալիս Վահանին ու բացատրում։

Մանեն ճաշասենյակից ականջ էր դնում ամուսնու և եղբոր խոսակցությանը և շատ ուրախ էր, որ նրանք ամեն օր զբաղված են իրենց գործերով և մի առանձին ուշադրություն չեն դարձնում իր վրա։ Ամուսնու անակնկալ վերադարձից հետո նա այն դրության մեջ էր զգում իրեն, ինչ դրության մեջ որ, անշուշտ, զգում է իրեն հանկարծ ծուղակն ընկած թռչունը։ Սկզբում նա սարսափեց, երբ եղբորն ամուսնու հետ տեսավ, բայց Վահանը փեսայի ներկայության ժամանակ քրոջ հետ վարվում էր այնպես, որ կարծես ոչինչ չգիտեր Մանեի գաղտնիքից և նրա հետ ոչ մի ընդհարում չէր ունեցել։ Վահանի գործադրած այդ տակտը բավական հաշտեցրեց Մանեին եղբոր հետ։ Ինչ վերաբերում է Սանթրոսյանին, նա մի առանձին բան չնկատեց կնոջ մեջ, բացի միայն այն բնից, որ Մանեն բավականին նիհարել էր։

Զաքարը չգիտեր, որ Սանթրոսյանն եկել է, և, երբ Օսանն ավետեց նրան որդու գալուստը, նա ուրախությունից մոռացավ Հեղինեի հետ ունեցած վրդովեցուցիչ խոսակցությունը և ճաշասենյակից անմիջապես անցավ հյուրասենյակ։ Օսանը հետևեց նրան, իսկ Մանեն մնաց ճաշասենյակում։

Սանթրոսյանը ծերունուն ընդունեց շատ սիրալիր կերպով և կատակով հանդիմանեց նրան, որ այդպես ուշ է գալիս իր գալուստը ողջունելու։ Զաքարն երդում-կրակ ընկավ, թե չէր իմանում, որ նա եկել է, թե չէ, որ իմանար... Ծերունին սկսեց հավատացնել, թե ո՛ր աստիճան սիրում ու հարգում է Սանթրոսյանին, թե որքան երախտապարտ է նրան...

Լավ, այդ թողնենք, շտապեց ընդհատել նրան Սանթրոսյանը։ Դուք ինձ այս ասացեք՝ ինչպես եք, ինչպես չեք։ Էլի՞ խռով եք ձեր եղբոր որդու հետ։

Ծերունին նոր հիշեց, թե որտեղից էր եկել, և նրա ակներև ուրախությունը հանկարծ փոխվեց տխրության։ Նա գլուխը խոնարհեց կրծքին և խորը հառաչեց.

Եղբորս որդին մեռնում է, ասաց նա։

Քա՛, ի՞նչ ես ասում, Աշո՞տը, գրեթե ճչաց Օսանը շանթահար։

Նույն վայրկյանին ճաշասենյակից լսվեց ինչ-որ մի չրխկոց, որից հետո հյուրասենյակում տիրեց խորհրդավոր լռություն։

Բան կոտրվե՞ց, հարցրեց Զաքարը, գլուխը կամաց բարձրացնելով։

Վահանը վեր կացավ, արագ քայլերով անցավ, նայեց դռան շեմքից դեպի ճաշասենյակ և տեսավ Մանեին, որ նստած էր սեղանի մոտ քարացած և մեռելի պես գունատ։ Նրանց հայացքները հանդիպեցին իրար։ Մանեն ձեռքերով պինդ բռնել էր սեղանի ծայրից, նայում էր նրան անմիտ, չռած աչքերով և կարծես թե հարցնում էր. «Այս ի՞նչ է, տունը շարժվո՞ւմ է...»:

Ի՞նչ պատահեց, հարցրեց Սանթրոսյանը, իր հանգիստ ձայնով։

Վահանը ետ դարձավ

Ոչինչ։ Մանեն էր։ Բաժակն ընկավ ձեռքից կոտրվեց:

Զաքարը ծանրորեն երերեց գլուխը։

Վատ նշան է... շատ վատ նշան է, արտասանեց նա։

Սպասիր, պարոն Զաքար, ինչպե՞ս թե մեռնում է, հարցրեց Վահանը, խիստ հետաքրքրված ծերունու հաղորդած անակնկալ նորությունից։

Դե, մեռնելն ինչպես կլինի, որդի. մեռնում է, է՛լի։ Այս րոպեիս նրա մոտիցն եմ գալիս։ Ոչ ուշք կա գլխին, ոչ բան։ Հանգել գնացել է։ Հետը խոսեցի, չճանաչեց։

Քա, ինչի՞, ի՞նչ է պատահել, սկսեց հարցուփորձ անել Օսանը կանանց հատուկ ցավակցական հետաքրքրությամբ։

Չեմ իմանում, Օսան ջան։ Ես էլ պատահմունքով իմացա։ Նա ինձ ե՞րբ էր բանի տեղ դնում, որ ժամանակին իմաց տար։ Որ իմաց տար, երևի մի բան կանեի, որ անտեր չմնար։ Թե չէ, հիմի ո՞վ է նրան մտիկ անողը։ Մի ծառա ունի, մեկ էլ հրեն էն թուրքն է գնացել կողքին նստել։

Ի՞նչ թուրք։

Սոլիկենց Ստեփանի աղջիկը, աննամուսների աննամուսը։ Թուրք, թուրքից էլ վատթար... Ասում եմ մեռնում է, տերտեր կանչենք, գա հաղորդի։ Տերտերս ո՞րն է, հաղորդս ո՞րն է, ասում է։ Բաս ասում եմ, հոգին։ Ուզում ես, որ մեղավոր հոգով գնա աստծու ահեղ դատաստանի առաջը կանգնի՞։ Ի՞նչ դատաստան, ի՞նչ հոգի, ասում է։ Հոգին մարմինն է, մարմինը մեռավ, ասում է, հոգին էլ մեռավ։ Պրծա՜վ գնաց:

Բադամյանի ծանր հիվանդության լուրը մի առանձին տպավորություն չգործեց Սանթրոսյանի վրա։ Թեև Բադամյանը, իբրև, հեռու-մոտիկ ազգական, նրա տուն գնում-գալիս էր հաճախ, բայց Սանթրոսյանը, թե ամուսնությունից առաջ և թե հետո մեծ մասամբ բացակա լինելով Թիֆլիսից, միջոց չէր ունեցել այնպիսի մոտիկ հարաբերություն հաստատելու նրա հետ, ինչպես մայրն ու կինը։

Վահանը թեև աշխատում էր արտաքուստ անտարբեր ձևանալ և նույնիսկ այն ժամանակ, երբ Զաքարը խոսում էր Հեղինեի մասին, աչքով էր անում Սանթրոսյանին և աշխատում էր ժպտալ, բայց և այնպես մի տարօրինակ անհանգիստ դրության մեջ էր. մերթ նստում էր, մերթ վեր էր կենում, ման էր գալիս սենյակում, և նրա ամբողջ ուշադրությունը ճաշասենյակի կողմն էր։ Հետո նա դուրս գնաց այնտեղ և, սեղանի վրայից խոնարհվելով դեպի քույրը, շշնջաց.

Աստվածդ սիրես, Մանե, ուշքդ հավաքիր։ Այդպես չի կարելի։ Երեսիդ գույն չկա։ Ծերունին երևի չափազանցնում է։ Այնպես արա, որ բան չնկատվի։

Մանեն նստած էր արձանացած, մեծ֊մեծ աչքերով նայում էր եղբորը, և նրա անմիտ հայացքից երևում էր, որ չէր հասկանում, թե ինչ է ասում Վահանը։

Վահանը իր ձեռքով մի բաժակ թեյ լցրեց, դուրս տարավ և դրեց Զաքարի առաջ։

Այն թուրքի դատաստանը որ քեզ տան, պարոն Զաքար, ի՞նչ կանես, հարցրեց նա, նստելով ծերունու մոտը։

Ես ի՞նչ դատաստան անող եմ, որդի, աստծուն հայհոյողի դատաստանն աստված պետք է անի։ Եվ կանի, կտեսնես, որ կանի։

Օսանը վեր կացավ և դուրս գնաց հարսի մոտ։

Քա, իմացա՞ր ինչ ասեց Զաքարը:

Մանեն գլխով դրական պատասխան տվեց, կարծես զրկված է խոսելու ընդունակությունից։

Օսանն այն աստիճան ազդված էր ծերունու հաղորդած անսպասելի նորությունից, որ չնկատեց հարսի տարօրինակ դրությունը։ Նա շարունակ ախ ու վաշ էր քաշում, և նրա ջրակալած աչքերն արտասուքի առատ կաթիլներ էին թափում ներքև։

Մանեն նստած էր հանգիստ, անմիտ հայացքով նայում էր սկեսրոջ այտերի վրայով գլորվող արտասուքի կաթիլներին, լսում էր նրա երկար ու բարակ վշտահար խոսքերը և ամենևին ձայն չէր հանում։ Նրան թվում էր, թե վերացել է աշխարհից, կորցրել է մտածելու և զգալու ընդունակությունը և ամեն բան, ինչ որ տեսնում է ու լսում, կատարվում է մի ծանր մղձավանջի մեջ։

Զաքարը չկարողացավ երկար մնալ Սանթրոսյանի մոտ. մինչև անգամ ձեռք չտվեց թեյի բաժակին և վեր կացավ։

Գնում եմ տերտեր տանեմ, չեմ թողնիլ, որ ջահել հոգին կորչի։ Եվ դուրս կանեմ այն թուրքին, դուրս կանեմ: Ի՞նչ բան ունի, որ ներս է խցկվել։

Ծերունին ամբողջապես դողում էր հուզումից, և դուրս գնալիս տարօրինակ կերպով առաջ էր ընկել նրա սպիտակ գլուխը։

Ճաշասենյակում նրան բռնեց Օսանը։

Ո՞ւր ես գնում։

Գնում եմ տերտեր տանեմ, այն թուրքին էլ դուրս անեմ։

Սպասիր, ես էլ եմ գալիս։

Օսանը շտապով դուրս գնաց հագնվելու, իսկ ծերունին նստեց սեղանի մոտ, Մանեի դիմաց, և սպասում էր նրան։

Նա ջահել էր, մեղքեր շատ էր գործել, շա՜տ։ Ո՞վ ջահել ժամանակը մեղքեր չի գործում։ Բայց որ հայ-քրիստոնյան մեռնելիս չհաղորդվի, էլ ի՞նչ երեսով պետք է գնա կանգնի աստծու դատաստանի առաջ։ Մեր աշխարհային դատաստանը չէ, է՜, որ խաբես, աստծու դատաստանն է, վերջին դատաստանը, ահե՜ղ դատաստանը...

Մանեն նայում էր ծերունուն, լսում էր նրան և անհուն ցանկություն էր զգում գլուխը դնելու սեղանի վրա և լալու, լալու, հավիտյան լալու։

Օսանը վերադարձավ քիշմիրի սև շալը ծածկելով ուսերին։ Շտապելուց նրա ձեռքերը դողում էին, իսկ գլուխը սովորականից ավելի խիստ կերպով էր շարժվում:

Մանե ջան, ասաց նա, բան է, որ տեսնեմ շատ վատ է կմնամ, չեմ գալ այս գիշեր։

Մանեն քիչ էր մնում վեր թռչեր տեղից և աղաղակեր՝ «Ես էլ եմ գալիս...», բայց նա տեղնուտեղը քարացավ, որովհետև այդ միջոցին հյուրասենյակից դուրս եկավ ամուսինը Վահանի հետ։

Մայրիկ, դու էլ ես գնո՞ւմ, հարցրեց Սանթրոսյանը։

-Բաս ի՞նչ անեմ, որդի։ Ես էլ որ չգնամ, ո՞վ պետք է մտիկ տա այն անտեր-անտիրական որբին։ Չորանան նրա մոր ոսկորները, ոնց որ չորացել են...

Օրիորդ Սոլիկյանը նրա մոտ է, ասում է։

Ի՛հ, հողեմ նրա լպստած գլուխը։ Զաքարը խո սուտ չի ասում։ Լավ աղջիկը ի՞նչ գործ ունի ջահել տղի մոտ։ Նա ո՜վ, նա ո՜վ...

Խե՜ղճ մայրիկ, ասաց Սանթրոսյանը, երբ մայրն ու Զաքարը դուրս գնացին, մի հեռավոր ազգականի համար որ այդքան վշտանում է, հապա ի՜նչ պիտի անի, որ ե՛ս լինիմ մեռնելիս։ Այն ո՞ր բանաստեղծն է, Մանե, որ ասում է. «Ես մի՛ արցունք միայն տեսա իսկական, այն մոր արցունքն էր անզուգական»... Բայց ի՞նչ է պատահել քեզ. երեսիդ գույն չկա։ Հիվա՞նդ ես։

Մանեն ցնցվեց և ձեռքով շփեց ճակատը։

Չգիտեմ... Բաժակը... Կարծեմ վախեցա, արտասանեց նա կամաց։

Զարմանալի արարածներ են այս կանայք, բացականչեց Վահանն ուրախացած, որ Մանեն կարողացավ պատրվակ գտնել իր դրության իսկական պատճառը ծածկելու ամուսնուց։ Բաժակ կոտրվի՝ կվախենան, մուկ վազի՝ կվախենան։ Բան չկա, սիրելիս, վեր կաց մի քիչ ջուր խմիր, կանցնի։ Վեր կաց։

Մանեն տեղից անգամ չշարժվեց։

Դե վեր կաց, մի համառիր, խնդրեց Սանթրոսյանը։ Մանեն կամաց վեր կացավ և անհաստատուն քայլերով դուրս գնաց։

Վահանը այժմ մտածում էր, թե ինչպես անի, որ Սանթրոսյանին հեռացնի տնից։ Սակայն Սանթրոսյանն ինքը հայտնեց, որ այդ երեկո ժամը 8-ին ժամադիր է եղել մի դրամատերի հետ և գնալու է նրա մոտ։

Այժմ արդեն ութին մոտ է, ասաց նա նայելով ժամացույցին։ Խնդրում եմ մնացեք Մանեի մոտ, իսկ ես կաշխատեմ շուտ գալ:

Վահանը մնաց։ Սակայն շուտով տեսավ, որ իր ներկայությունն ավելորդ էր, որովհետև հենց այն րոպեին, երբ ուզում էր հաղորդել քրոջը, որ զգույշ մնա, Մանեն վճռականորեն խնդրեց, որ իրեն հանգիստ թողնի։

Եվ Վահանը հանգիստ թողեց Մանեին, առաջվա փորձերից խրատված։

18

Գիշերը կամաց-կամաց մոտենում էր։ Մութ ստվերներն աննկատելի կերպով դուրս էին սողում սենյակների անկյուններից, սեղանների, աթոռների տակից, իջնում էին առաստաղից, բարձրանում էին հատակից, միախառնվում էին իրար հետ, թանձրանում և կլանում առարկաները։ Եվ որքան ժամանակն անցնում էր, և մութը թանձրանում, այնքան Մանեն զգում էր, որ ուղեղի մեջ ցնցված է ինչ-որ մի բան և դուրս չի գալիս այնտեղից։ Հետո միայն իմացավ, որ այդ բանը սկեսրոջ խոսքերն էին՝ «որ տեսնեմ շատ վատ է, կմնամ, չեմ գալ այս գիշեր»։ «Կգա՞ արդյոք, թե ոչ», մտածում էր Մանեն և սպասում։ Ժամանակն անցնում էր սպանիչ դանդաղությամբ։ Ամայի սենյակներում, գիշերային անդորրության մեջ ականջները թշշում էին։ Քարացած օդը լցվում էր ինչ-որ մրմունջով անըմբռնելի, խորհրդավոր և ահավոր, մեռնողի վերջին շունչի պես։

Մանեն դուրս գնաց պատշգամբ։

Հսկայական տների հետևից քաղաքի գլխավոր փողոցն ուղարկում էր իր դեռևս եռուն կյանքի խուլ աղմուկը, որ գալիս էր մեռնելու այստեղ, այս խաղաղ փողոցում։ Դիմացի տան պատուհանները լուսավորված էին պայծառ։ Ներսը ասուեգործ վարագույրների ցանցի հետևը կանանց և տղամարդկանց ստվերներ էին շարժվում, և երբեմն-երբեմն շատ պարզորոշ լսվում էին նրանց խոսակցության և ծիծաղի ձայները։ Դաշնամուրի և ջութակի ներդաշնակ ձայների մի ամբողջ հեղեղ էր դուրս հոսում այդ պատուհաններից, մերթ ուրախ և բուռն՝ զորահանդեսի ելած զինվորների աղաղակի պես, մերթ տխուր ու թախծալի, ինչպես թաղման նվագածություն։ Ջութակը լեզու էր կտրվել. խոսում էր, աղերսում, լալիս էր հուսահատ հեկեկանքով, թվում էր, թե մեռնում էր և փրկություն հայցում. իսկ դաշնամուրը, անհուն վիշտը սեղմած կրծքի մեջ կարծես թե աղոթք էր մրմնջում մեռնողի վրա իր պեդալի խուլ ձայներով...

Մանեն զգաց, որ ինչ-որ մի բան կամաց-կամաց բարձրանում է իր սրտի խորքից և բռնում է բուկը։ Նա նստեց և տաքացած ճակատը սեղմեց պատշգամբի երկաթյա սառն վանդակի վրա։ «Մեռնում է, մտածում էր նա: Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել... Կարելի բա՞ն է այդ... Ո՞ւմ պատճառով... Մի՞թե իմ... մի՞թե ինձ համար...»։

Մի բարձրաձայն խմբական քրքրիջ ուշքի բերեց նրան։ Նա գլուխը բարձրացրեց և մեքենայաբար նայեց դիմացի տան ճրագավառ պատուհաններին։ Դաշնամուրը լռել էր, իսկ ջութակը նախկին վշտահար հեծկլտանքի տեղ այժմ ինչ-որ անասնական ձայներ էր հանում. մերթ խռխռացնում էր խոզի պես, մերթ մլավում կատվի պես, մերթ ծվծվում մկան պես...

Մանեն վեր կացավ, ներս մտավ և անցավ ներքին սենյակները, որպեսզի չլսի այդ անտանելի ձայները։

Սկեսուրը վերադարձավ։ Այդ բանը, ուրախացնելու տեղ, զարմացրեց Մանեին. նա կարծես թե վճռել էր, որ այդ գիշեր Բադամյանը պիտի մեռներ անպատճառ, հետևաբար Օսանը պիտի մնար նրա մոտ՝ նրա աչքերը փակելու։

Սկեսուրը սաստիկ բարկացած էր, Հեղինեն չէր թողել, որ նա մնա հիվանդի մոտ, ասելով, որ պառավի ներկայությունն ավելորդ է և խանգարել միայն կարող է, ուստի նրան էլ, Զաքարին էլ պարզապես դուրս էր արել։ Տերտերին անգամ ուզում էր ներս չթողնել, բայց քաշվեց։ Իսկ հիվանդի դրությունը շատ վատ էր. հաղորդությունն ընդունելիս ամենևին ուշք չկար գլխին։ «Չէ, չի լուսացնիլ այս գիշեր», վերջացրեց իր պատմությունն Օսանը։

«Չի լուսացնիլ այս գիշեր», այս խոսքերն ընկան Մանեի ուղեղը և այնուհետև երկար ժամանակ պտտվում էին այնտեղ, լարված մեքենայի անիվի պես։ Խիստ անհանգիստ դրության մեջ, նա չէր իմանում ինչ անի, ինչ մտածի. մերթ նստում էր, մերթ վեր կենում, նորից նստում, բաց էր անում որևէ գիրք, բայց, առանց մի բառ անգամ կարդալ կարողանալու, նորից վեր էր կենում, ման գալիս, և ամբողջ ժամանակ նրա միտքը կրկնում էր մեքենայորեն՝ «չի լուսացնիլ այս գիշեր...»։ Այդ միջոցին նա ոչինչ չէր զգում. զգում էր միայն, որ սպասում է ինչ-որ մի բանի և այդ սպասողությունը հետզհետե փոխվում է ջղային անհամբերության։ Հետո պարզապես տեսավ, որ սպասում է, թե երբ պիտի քնի սկեսուրը։

Երբ, վերջապես, սկեսուրն առանձնացավ իր ննջարանը, մի տարօրինակ երկյուղ պաշարեց Մանեին։ Անշարժ կանգնած, նա կարճ ժամանակ ուշիուշով ականջ էր դնում դեպի նախասենյակը, և ամեն մի շրշյուն արագ զարկել էր տալիս նրա սիրտը։ Հետո կամաց հանեց գլխի ամառվա թեթև ծածկոցը, ծածկեց այնպես, որ միայն աչքերն էին երևում և զգուշորեն, կարծես մի բան գողացած, դուրս եկավ։

Առաջին երկու փողոցն անցավ գրեթե վազելով, հետո զգալով, որ ծնկները ծալվում են, և շունչը հազիվ է ետ բերում, կառք նստեց։

Մի տասը րոպեից կառքը կանգ առավ Բադամյանի բնակարանի առաջ:

Դուռը ներսից փակ էր։ Նա ուշադրություն չդարձրեց այդ բանի վրա, արագորեն բարձրացավ սանդուղքով, որի ժամանակ ոտներն ամեն քայլափոխին խճճվում էին շրջազգեստի փեշերի մեջ, և մտավ առաջին սենյակը։ Այստեղ, գրասեղանի վրա, կանաչ լուսամփոփի տակ վառվում էր լամպը, և մի մոմ բրոնզյա մոմկալի մեջ։ Պատուհանի տախտակի վրա դրված էր կանացի մի փեղույր։ Սենյակում ոչ-ոք չկար։ Հարևան սենյակի դուռը կիսաբաց էր։ Այնտեղից ոչ մի շշուկ չէր լսվում։

Մանեն կամացուկ բաց արավ այդ դուռը, ներս մտավ և կանգ առավ ակամա զարհուրած սենյակում լսվող մի տարօրինակ շնչառությունից և մանավանդ կիսախավարից, որպիսին լինում է սովորաբար մեռնողի սենյակում գիշեր ժամանակ։

Սենյակի մի անկյունում դրված էր հիվանդի մահճակալը։ Գլխավերևը, մահճակալի հետևը, կլոր սեղանի վրա վառվում էր մի ցածլիկ մոմկալ սև մարմարի պատվանդանով։ Ճրագը լուսավորում էր միայն մահճակալի հետևը և մեռած փայլ էր տալիս պատի պաստառի ոսկեզօծ նկարներին։ Մահճակալի կողքին, բարձի մոտ, դրված էր եռոտանի կլորիկ սեղան, որի վրա դարսված էին դեղերի սրվակները և ճկճկում էր Բադամյանի ծոցի ժամացույցը։

Զգալով, որ արյունը սառում է երակների մեջ, Մանեն ոտների մատների վրա մոտեցավ հիվանդին և խոնարհվեց նրա դեմքի վրա։ Բայց այդ դեմքը պարզ նշմարել չկարողացավ սենյակում տիրող կիսախավարի մեջ։ Այն ժամանակ առավ մոմկալը և, գլխից բարձր բռնած, սկսեց դիտել Բադամյանի դեմքը:

Հիվանդի աչքերը փակ էին. երեսն էլ կարմիր էր կտրվել. շնչում էր ծանր ու հատու, և երբեմն չոր հազի շատ թույլ ձայներ էին դուրս թռչում նրա բաց բերանից։ Երկայն փափուկ մազերն անկարգ խոպոպիկներով շաղ էին անցել բարձի վրա։ Մանեն առավ նրա ձեռքը և իսկույն բաց թողեց այնքա՛ն տաք էր ու չոր։

Բադամյա՛ն, շշնջաց նա։

Հիվանդը չլսեց։ Նա պառկած էր անշարժ. շնչում էր ոչ թե քթով, այլ բաց բերանով, և այդ շունչը դիպչում էր Մանեի երեսին բաղնիքի գոլորշու պես խոնավ ու տաք։

Բադամյա՛ն, կրկնեց Մանեն, ավելի ևս խոնարհվելով հիվանդի դեմքի վրա։ Բադամյա՛ն... Չե՞ս լսում։

Հիվանդի աչքերն այս անգամ բացվեցին ծանրորեն, ավտոմատի աչքերի պես, և, փոխանակ Մանեին նայելու, նայեցին ճրագի լույսին ու նորից փակվեցին նույն ծանորությամբ:

Մանեն սոսկաց։ Այդ աչքերը... այդ հայացքը... անգիտակից, զգայազուրկ, ֆոսֆորային հայացքը... Մի՞թե արդեն մեռնում է... Մանեն մեքենայաբար նայեց չորս կողմը, կարծես ուզում էր օգնություն աղաղակել, բայց սենյակում, բացի իրենից և հիվանդից, ուրիշ ոչ ոք չկար։ Նոր հիշեց, որ Հեղինեն այդտեղ պիտի լիներ, բայց նա չկար։ Ծառան ևս չէր երևում։ Մանեն նորից խոնարհվեց հիվանդի դեմքի վրա, նորից սկսեց կանչել նրան, բայց Բադամյանի աչքերն այլևս չբացվեցին։ Հիվանդը պառկած էր առաջվա պես անշարժ և առաջվա պես շնչում էր կիսաբաց բերանով ծանր ու հատու։ Հիվանդությունը միանգամայն փոխել էր նրա դեմքը. դա կարծես Բադամյանը չէր, այլ բոլորովին անծանոթ մի մարդ խոր ընկած աչքերով, դուրս ցցված այտոսկրերով և սուր քթով, որը պլպլում էր մահվան դեղնությամբ։

Մանեն մոմկալը դրեց առաջվա տեղը և նստեց մահճակալի մոտ դրված աթոռի վրա։ «Սա երազ է... անշուշտ երազ է, մտածում էր նա մեքենայաբար։ Մեռնել... ինչի՞ց... ինչո՞ւ համար... այսպես հանկարծ... այսպես անակնկալ...»։ Նա հայացքը հառել էր հիվանդի փակ աչքերին, որոնք կիսախավարի մեջ թվում էր թե փակ չեն, այլ բաց են և խոռոչները, ամբողջովին սև ու դատարկ, նայում են առաստաղին ինչ-որ ահարկու խորհրդավորությամբ։

Հիվանդը տնքաց, շարժվեց, ձեռքերով ետ քաշեց վերմակը կրծքից, և, խիստ տաքության մեջ, սկսեց զառանցել։ Մանեն ցնցվեց և լարեց իր ամբողջ լսողությունը, բայց հիվանդի զառանցանքից ոչինչ չհասկացավ։ Անկապ խոսքեր էին միայն, որ դուրս էին գալիս հիվանդի բերանից կիսատ կամ աղավաղված, ինչպես լեզուն կապված անդամալույծի արտասանած բառեր։ Մեջ ընդ մեջ նա լեզվի ծայրով լպստում էր շրթունքները և բերանը շարժում տարօրինակ կերպով, կարծես բերանում ատամներ չուներ և այդ անատամ բերանով ինչ-որ փափուկ բան էր ծամում։ Այնուհետև հիվանդը հանգստացավ և նորից առաջվա դրության մեջ ընկավ։

Մանեն գամվել էր աթոռի վրա։ Նա պարզ հաշիվ չէր կարողանում տալ իրեն, թե ինչո՞ւ եկավ, ի՞նչ պիտի շինի այդտեղ, ի՞նչ է իր դերը։ Բնազդմամբ միայն հասկանում էր, որ այդտեղ, իր կողքին պատրաստվում է ինչ-որ խիստ կարևոր մի բան, որին ինքը ներկա պիտի լինի, չի կարող ներկա չլինել, որովհետև այդ բանը որ կատարվի, դրանով վճռված կլինի իր համար ահագին նշանակություն ունեցող մի խնդիր՝ կյանքի և մահու չափ ահագին ու կարևոր։

Այժմ նա հանգիստ էր։ Կամաց-կամաց նրան պատում էր միտքը թմրեցնող, զգացումները բթացնող այն անդորրությունը, որ պատում է մահապարտին իր անխուսափելի վախճանին սպասելիս։ Նա ետ էր ընկել աթոռի մեջքին և անմիտ հայացքով դիտում էր իր սեփական ստվերը, որ խաղում էր դիմացի պատի վրա հետևից լուսավորող մոմի երերուն լույսից։ Ծոցի ժամացույցը ճկճկում էր սեղանի վրա անդուլ ու անտարբեր։

Հարևան սենյակից ինչ-որ շտապ քայլերի ձայներ լսվեցին, և նույն րոպեին ներս մտավ Հեղինեն արագ ու զգուշորեն: Որովհետև մոմը լուսավորում էր Մանեի հետևից, այդ պատճառով Հեղինեն իսկույն չկարողացավ որոշել, թե ով է նստած հիվանդի մոտ. բայց երբ մոտեցավ և տեսավ, որ Մանեն է, զարմանքից մի զսպած ճիչ արձակեց ակամա.

Մանե՛... Ի՞նչ ես շինում այստեղ, շշնջաց նա։

Մանեն իր մեծ-մեծ սառած աչքերով նայեց նրան և ոչինչ չպատասխանեց։

Հեղինեն հանկարծ դարձավ դեպի հիվանդը, խոնարհվեց նրա դեմքի վրա և սկսեց ականջ դնել նրա շնչառությանը, հետո բռնեց Մանեի ձեռքից, նշանացի հասկացրեց նրան, որ վեր կենա, և դուրս տարավ հարևան սենյակը։

Ինչո՞ւ ես եկել, ո՞վ ասաց, որ գաս, շշնջաց նա, դուռը զգուշորեն դնելով։

Մանեն շարունակում էր նայել նրան իր սառած աչքերով, պարզ երևում էր, որ նրան բոլորովին այլ միտք է զբաղեցնում, և նա չէր լսում, թե ինչ է հարցնում ընկերուհին։

Մեռնում է, չէ՞, հարցրեց նա տարօրինակ հանգիստ ձայնով։

Ո՞վ ասաց քեզ, թե մեռնում է, բացականչեց Հեղինեն զայրացած։ Այն հիմար պառավնե՞րը։ Եվ դու գլուխդ կորցրած վազել ես այս կեսգիշերին։ Եվ, երևի, թաքուն... Հա՞։

Մանեն ոչինչ չպատասխանեց։

Լսիր, քեզ հետ եմ, ի՞նչ ես լռում... Ամուսինդ գիտե՞, որ այստեղ ես։

Ոչ,

Բայց որ իմանա՞։

Ի՞նչ անեմ, ասաց Մանեն, անփութորեն թոթվելով ուսերը։ Չիմանա էլ, ես ինքս կհայտնեմ, ավելացրեց նա։

Հեղինեն, վերին աստիճանի ապշած, ձեռքերը զարկեց իրար։

Մանե՛, գժվե՞լ ես... Հասկանո՞ւմ ես ինչ ես ասում...

Մանեն նստեց։ Զարմանալի անդորրություն էր տիրում նրա բոլոր շարժումների և հայացքի մեջ։

Այժմ ինձ համար ողջ մեկ է, ասաց նա, շարունակ տարված իր ներքին մտքերով։ Հիմարություն է... Բոլորը հիմարություն է...

Հեղինեին թվաց, թե երազի մեջ է լսում այդ խոսքերը Մանեի բերանից։ Ինքը, որ թեորիայով այնքան համարձակ մտքեր էր հայտնում ամուսնական կապի և ազատ սիրո մասին և այնքան ծաղրում էր Մանեի հայացքները, այժմ մնացել էր ապշած և շփոթված նույն այդ Մանեի առաջ, որովհետև այստեղ թեորիա չկար, այլ կանգնած էր ինքը մերկ իրականությունը, սոսկալի իր պարզությամբ, անհոգությամբ և արհամարհանքով։

Մանե, լսիր ինչ եմ ասում, ասաց նա առնելով ընկերուհու ձեռքերը։ Աղաչում եմ, վեր կաց գնա։ Աստված է վկա, դու քեզ կկործանես։ Գնա։ Դեռևս վաղ է։ Եթե հարցնեն, ասա ինձ մոտ էիր, մեր տանը։ Չէ՛, չէ՛. ձերոնք գիտեն, որ այստեղ եմ։ Ասա որ... մի խոսքով հնարիր՝ ինչ ուզում ես, միայն մի ասիր, որ այստեղ էիր... Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, Մանե ջան։ Իսկույն ծառային կասեմ, որ կառք կանչի։

Եվ, առանց սպասելու Մանեի պատասխանին, նա շտապով դուրս գնաց, բայց իսկույն էլ վերադարձավ։

Զարմանալի է, մի՞թե ծառան դեռևս չի վերադարձել. ես նրան մեր տուն ղրկեցի, որ...

Ավելորդ է, ընդհատեց նրան Մանեն նույն հանգիստ ձայնով. այս գիշեր ես պետք է մնամ այստեղ։

Ինչո՞ւ համար։

Հենց այնպես։

Ինչպե՞ս թե՝ այնպես։

Որովհետև ես այսպես եմ ուզում։

Մանե, մի՛ համառիր։ Աղաչում եմ, մի՛ համառիր: Դա քաջություն չէ, դա խելացնորություն է։ Ճիշտ է, Բադամյանի դրությունը լավ չէ, բայց, հավատացնում եմ քեզ, ոչինչ չի պատահիլ: Բժիշկն այս երեկո այստեղ էր, ասաց, որ նրա առողջ կազմվածքը կհաղթե։ Վերջապես, ես էլ մի բան հասկանո՞ւմ եմ, թե ոչ։ Թոքերի պարզ բորբոքում է, որ առաջացել է մրսելուց և անզգույշ մնալուց, ուրիշ բան չկա։ Չես հավատո՞ւմ ինձ։

Երեխա՞ եմ, ինչ է, որ ուզում ես խաբել։ Ես տեսա նրա աչքերը. նա արդեն մեռած է... Ես կանչեմ նրան, և նա չլսի՞ ինձ... նա նայի ինձ և չճանաչի՞...

Մանեի ձայնը դողաց։ Նա շրթունքները պինդ սեղմեց իրար և կուլ տվեց հեծկլտանքը։ Աչքերն առատորեն լցվեցին արցունքով։

Այսքան ժամանակ ես չարչարեցի, տանջեցի նրան... չարարեցի, տանջեցի և ինձ, շարունակեց նա դողդոջուն ձայնով։ Ինչո՞ւ համար, մեկ հարցնող լինի, ինչո՞ւ համար։ Որ նրան և նրա հետ ինձ ա՞յս օրին հասցնեմ... Ես կարծում էի, թե միայն ինձ եմ զոհաբերում, մինչդեռ... Պարտականություն՝ ասում էի ինձ, սրբազան ուխտ՝ ասում էի ինձ։ Բայց, ահա՛, թող գան և ազատեն ինձ այս հուսահատությունից այդ պարտականությունն ու սրբազան ուխտը։ Ո՞ւր են, թող գան։ Թող գան և համոզեն ինձ այժմ, որ նրա մահը ոչինչ է ինձ համար, որ վաղը, մյուս օրը նրան գերեզման կդնեմ, իսկ ես, այնուամենայնիվ, կարող եմ հանգիստ շարունակել իմ կյանքը... Օ՜, եթե գիտենայի, թե այսքա՜ն սիրում եմ նրան...

Մանեն թաշկինակը սեղմեց աչքերին և այլևս չկարողացավ զսպել ծանր, խեղդող հեկեկանքը։

Հեղինեն փորձեց նրան հանգստացնել, բայց իզուր. Մանեի հեկեկանքը գնալով սաստկանում էր։ Հեղինեն, վերջիվերջո, դուրս եկավ համբերությունից:

Այդպես չի կարելի, վերջապես, բացականչեց նա բարկացած: Հազիվհազ կարողացա հեռացնել սկեսուրիդ և այն ծերունուն, որ չխանգարեն, հիմա դու ես եկել և ստիպում ես, որ հիվանդին թողած, քեզնով զբաղվեմ։ Գլուխս քարովը տվի, որ մնացի։ Չե՞ք թողնիլ, որ տեսնեմ ինչ եմ անում։ Ամբողջ վեց ժամ է, որ այստեղ եմ, և մի րոպե հանգստություն չեմ ունեցել, հիմա էլ մոտակա դեղատնից հեռախոսով խոսեցի բժշկի հետ, խնդրեցի, որ իսկույն գա և մի երկու էլ ուրիշ բժիշկ հրավիրի կոնսիլիում անելու համար։ Վազելով գնացել և վազելով էլ եկել եմ, որովհետև ամեն մի րոպեն թանկ է։ Մարդն այնտեղ կռվում է մահվան հետ, և իմ ներկայությունն անհրաժեշտ է այնտեղ, իսկ դու ստիպում ես, որ քեզ հետ չանա թակեմ։ Սա ինչի՞ նման է, ասա խնդրեմ։ Եվ դեռ ասում ես, թե սիրում ես նրան...

Այս խոսքերն ազդեցին Մանեին. նա դադարեց հեկեկալուց և նայեց ընկերուհուն շատ խեղճացած:

Ես քեզ ի՞նչ եմ անում որ, նկատեց նա

Սրանից էլ ավելի բան պետք է անե՞ս. չես թողնում, որ մի րոպե մտնեմ հիվանդի մոտ։

Մտիր. ես քեզ ե՞րբ եմ բռնում։

Ա՜խ... ինչպե՞ս անեմ, որ քեզ բան հասկացնեմ։ Մանե ջան, հոգի ջան, հասկացիր ինձ. ես չեմ կարող հանգիստ իմ բանս տեսնել, քանի որ դու այստեղ ես։

Ես քեզ չեմ խանգարիլ, աստված է վկա, Էլեն, չեմ խանգարիլ. ուզում ես, կքարանամ նստած տեղս...

Փո՛ւ, ի՜նչ համառ և անհասկացող կին ես եղել, զայրացած նկատեց Հեղինեն, պենսնեն քթի վրա ուղղելով, դուրս գնաց հիվանդի սենյակը։

Բժիշկները շատ չուշացան։ Ամենից առաջ եկավ Բադամյանի անձնական բարեկամ բժիշկը։ Նա այն աստիճան մտահոգ էր հիվանդի դրության համար, որ գրեթե ոչ մի ուշադրություն չդարձրեց Մանեին։ Շուտով հավաքվեցին և մյուս բժիշկները երեք հոգի։ Դրանցից մեկը հայ էր, մյուսը՝ հրեա, երրորդը՝ ռուս զինվորական բոլորն էլ շտապող և վերին աստիճանի անտարբեր։ Հիվանդի վիճակը մի առ մի քննելուց հետո չորս բժիշկները նստած էին սեղանի շուրջը և խորհրդակցում էին, որի ժամանակ երկուսը ծխում էին, մեկը մատիտով զանազան նկարներ էր գծում սեղանի վրա ընկած լրագրի լուսանցքների վրա և շուտ-շուտ հորանջում էր, մյուսը, զինվորականը, երկու ձեռքով ոլորում էր բեղի ծայրերը, ներքին շրթունքով բարձրացնում էր վերին շրթունքը և ցած նայելով աշխատում էր ինքն իր աչքով տեսնել իր բեղը։ Նրանք խոսում էին կես-ռուսերեն, կես-գերմաներեն, կիսատ-պռատ նախադասություններով՝ համեմված լատինական տերմիններով։ Հաճախ դիմում էին Հեղինեին զանազան հարցումներով, որոնց նա պատասխանում էր գերմաներեն, երևի նրա համար, որ Մանեն ոչինչ չհասկանա։

Եվ Մանեն, հիրավի, բոլորովին ոչինչ չէր հասկանում բժշկական այդ խոսակցությունից, չնայելով որ լարել էր իր ամբողջ լսողությունը և աշխատում էր ոչ մի բառ չթռցնել ականջից։ Հեռու նստած, նա միանգամայն ապշած էր մնացել, թե ինչպես այդ մարդիկ կարողանում էին այդ աստիճան անտարբեր լինել, նույնիսկ ծխել և հորանջել այն միջոցին, երբ զբաղված էին իրենց նման մի մարդու կյանքի և մահվան խնդիրը որոշելով։ Եվ այդ մարդը հեռու չէր. նա այնտեղ էր, նրանց կողքին, հարևան սենյակում, որի կիսաբաց դռնից լսվում էին նրա չարագուշակ հազի ձայները։

Խորհրդակցությունը երկար չտևեց, և երբ բժիշկները գնացին, Մանեն վրա ընկավ ընկերուհու ձեռքերին և հարցրեց տենդային անհամբերությամբ.

Ին՞չ որոշեցին...

Հեղինեն, շփոթված, աշխատեց խլել իր ձեռքերը, բայց Մանեն ավելի պինդ բռնեց։

Ասա՛, մի՛ թաքցնիր։

Նրանք ոչինչ չեն հասկանում, զայրացած բացականչեց Հեղինեն։ Որոշեցին, թե... Ես կհաստատեմ, որ նրանք ոչինչ չեն հասկանում, ոչինչ...

Մանեի ձեռքերը հանկարծ թուլացան. նա ինքն ամբողջապես կարծես փալաս կտրվեց և կամաց, երերուն քայլերով գնաց նստեց աթոռի վրա։ Նա այլևս ոչինչ չհարցրեց։ Եվ ի՞նչ հարկ կար։ Ամեն ինչ այժմ պարզ էր։ Այլևս ոչ մի կասկած, ոչ մի տարակուսանք, հետևաբար և ոչ մի հույս։ Վարագույրն այժմ բաց էր, և այն, ինչ որ նա մինչև այժմ տեսնում էր այդ վարագույրի հետևը միայն անորոշ գծերով, այժմ միանգամից ներկայացավ նրան իր ամբողջ պարզությամբ։

Հեղինեն հուզված անցուդարձ էր անում սենյակում փոքրիկ արագ քայլերով և բերնից դուրս թռցրած կցկտուր բառերով կրկնում էր, թե բժիշկները ոչինչ չհասկացան, թե բոլորի քունն էլ տանում էր, թե ամենքն էլ շտապում էին, որ շուտով գնան քնեն։

Մանեն քարացած խոշոր աչքերով նայում էր ընկերուհուն, մտածում էր, թե ինչպե՞ս է, որ այնքան ծանր պենսնեն չի ընկնում նրա փոքրիկ քթից և, նրան լսելու տեղ, ականջ էր դնում հիվանդի սենյակից լսվող չոր հազի ձայներին, որոնք խուլ արձագանք էին տալիս մեջ-գիշերային անդորրության մեջ։ Այժմ ավելի պարզ ու որոշակի, քան այնտեղ հիվանդի սենյակում, նրա առջև պատկերանում էին Բադամյանի փակ աչքերը, որոնք կիսախավարի մեջ թվում էին թե փակ չեն, այլ բաց ու դատարկ՝ անդունդի նման մութ ու խոր խոռոչներով, որոնց միջից այժմ նայում էր ինքը մահը։

Օդը ծանր էր և խաղաղ։ Ժամանակն անցնում էր Մանեի համար ինչ-որ սարսափելի սպասողության մեջ, բայց նա հանգիստ էր և ոչ մի բանից չէր վախենում։ Նրան նորից տիրել էր միտքն ու զգացումները թմրեցնող այն անդորրությունը, որի մեջ մարդ ապրում է մի տեսակ վերասլաց կյանքով, առանց զգալու իր ֆիզիկական գոյության ծանրությունը։

Մի կառք, դղրդացնելով խաղաղ փողոցը, մոտեցավ և կանգ առավ պատուհանի տակ։ Հեղինեն մոտեցավ պատուհանին և նայեց ներքև։ Մանեն անտարբեր հետաքրքրությամբ նայեց նրա հաստ մեջքին։

Կարծեմ եղբայրդ է, Մանե, խիստ անհանգստացած, շշնջաց Հեղինեն, շտապով հեռանալով պատուհանից։

Մանեն նստած էր արձանի պես։ Նրա դեմքի վրա ոչ մի գիծ չշարժվեց։

Վահանը մտավ իր լայն և հուժկու քայլերով։ Սանդուղքներից բարձրանալուց քրտնել և հեթեթում էր սաստիկ։ Քրոջը տեսնելուն պես կանգ առավ ակամա։ Պարզ երևում էր, որ եկել էր քրոջ հետևից, բայց Մանեի դեմքը լավ դիտելուց հետո ոչ մի խոսք չասաց այդ մասին և դարձավ Հեղինեին.

Անցնում էի այսպես. ասացի մեկ մտնեմ տեսնեմ ինչպես է Բադամյանը, ասաց նա, ինքն էլ զգալով, որ շատ անշնորհք պատրվակ է առաջ բերում իր անժամանակ այցելության իսկական նպատակը քրոջից ծածկելու համար։ Կարո՞ղ եմ տեսնել նրան։

Հեղինեն իսկույն հասկացավ նրա մանևրը և նրան ներս տարավ հիվանդի սենյակը։

Դուք Մանեի համար եք եկել, չէ՞, հարցրեց նա։

Այո։

Գիտեի՞ք, որ այստեղ է։

Համոզված էի, որ այստեղ կլինի։

Իսկ Սանթրոսյա՞նը։

Ես քնած էի, որ նա եկավ ինձ մոտ հյուրանոց, զարթեցրեց և ասաց, որ Մանեն տանը չէ և չի հայտնել, թե ուր է գնացել։ Կարծում էր, թե ինձ մոտ կլինի։ Չծածկեցի, ասացի, որ այստեղ կլինի։

Ի՜նչ եք ասում, շշնջաց Հեղինեն սարսափած։

Վնաս չունի։ Խաբելն ավելի վատ կլիներ։ Բադամյանը նրա ազգականն է և մի տեսակ տանու մարդ էր, այնպես որ Սանթրոսյանը ուրիշ բան կասկածել չի կարող: Եվ տեսա, որ չկասկածեց և նույնիսկ չզարմացավ, որ ասացի, թե Մանեն այստեղ կարող է լինել։ Ուզում էր մինչև անգամ ինձ հետ գալ ի դեպ հիվանդին էլ տեսնելու, բայց չթողեցի։ Որ նա երբեք էլ ոչինչ չի կասկածիլ դրան ես համոզված եմ։ Ցավն այս է, որ Մանեն ինքը չմատնի իրեն։ Այս րոպեին որ նայեցի նրա աչքերին, վախեցա։ Նա ընդունակ է ամեն բան անելու։

Ես էլ այդ սարսափի մեջ եմ և մինչև այժմ չկարողացա համոզել, որ գնա։ Գիտե՞ք ինչ ասաց ինձ. ասաց, որ ամեն բան ինքը կհայտնի ամուսնուն։

Ես հավատում եմ, որ այդպես էլ կանի։

Բայց դա սարսափելի բան կլինի։ Ի սեր աստծո, այնպես արեք, որ այդ հիմարությունը չանի, և տարեք, տարեք նրան շուտով։ Մի քիչ առաջ չորս բժիշկ կար այստեղ։ Կոնսիլիում ունեին։ Միաձայն վճռեցին, որ ոչ մի հույս չկա։

Մեզ չի՞ լսում արդյոք, կամաց հարցրեց Վահանը, ակնարկելով հիվանդի կողմը։

Սա՞... Սրա բանն արդեն վերջացած է։ Բժիշկներն ասացին, որ այս գիշեր հազիվ թե լուսացնի։ Եվ Մանեն այդ շատ լավ գիտե, թեև ես աշխատեցի ծածկել նրանից բժիշկների ասածը։

Վահանը ոտների ծայրերի վրա մոտեցավ հոգեվարքի մահճակալին, կարճ ժամանակ դիտեց Բաղամյանի արդեն մահվան դեղնությամբ պատած դեմքը և, ճնշված մոտալուտ մահվան պատճառած ծանր զգացման տակ, կամաց դուրս գնաց քրոջ մոտ։

Հեղինեն հետևեց նրան։

Մանեն նստած էր նույն դրության մեջ, ինչպես որ թողել էին նրան Վահանն ու Հեղինեն հիվանդի սենյակը մտնելիս։

Մանե, ես գնում եմ, ասաց Վահանը։ Կգա՞ս տանեմ քեզ ձեր տուն։

Մանեն նայեց եղբորն այնպիսի հայացքով, որից երևում էր, որ չհասկացավ, թե ինչ ասաց Վահանը։ Ըստ երևույթին, նա տարված էր մի չափազանց խոր մտքով, որը դեռևս զբաղեցնում էր նրան։

Վեր կաց, սիրելիս, վեր կաց գնա, ասաց Հեղինեն այնպես, ինչպես խոսում են երեխայի հետ։ Վաղն առավոտյան ես քեզ տեղեկություն կտամ։ Այս գիշեր կրիզիս է, և ես հաստատ համոզված եմ, որ վաղը լավ կլինի։ Վեր կաց, արդեն շատ ուշ է։

Մանեն վեր կացավ և, առանց մի խոսք անգամ արտասանելու, լուսնոտի պես հետևեց եղբորը։ Նրա հայացքը շարունակ հառած էր իր առաջ մի անորոշ կետի, ուր կարծես հոգի ու մարմին էր առել նրան զբաղեցնող միտքը և հիպնոսացրած՝ գերեվարում էր նրան դեպի մի խորհրդավոր աշխարհ, որը, սակայն, իր խորհրդավորությամբ ամենևին չէր վախեցնում, այլ նույնիսկ գրավում էր նրան...

-------------

Սանթրոսյանը ըստ երևույթին հանգիստ, պարապում էր իր առանձնասենյակում, երբ կինն ու նրա եղբայրը ներս մտան։ Ամուսինը գլուխը բարձրացրեց գրասեղանի վրայից, նայեց կնոջը և իսկույն վեր կացավ վախեցած։

Մանեն կանգնած էր նրա առաջ չափազանց գունատ և աչքերը վայր թողած։ Գրասեղանի վրա դրված լամպի կապույտ լուսամփոփը մեռելային փայլ էր տալիս նրա դեմքին։

Ի՞նչ է պատահել քեզ. հիվա՞նդ ես, հարցրեց ամուսինը։

Բան չկա, մեջ ընկավ Վահանը։ Բադամյանի դրությունը մի քիչ ազդել է, կանցնի։ Գնա, սիրելիս, գնա հանգստացիր, ասաց նա քրոջը:

Մանեն կամաց հեռացրեց եղբոր ձեռքը և տեղից չշարժվեց։

Մանե՛, դու ինձ վախեցնում ես, բացականչեց Սանթրոսյանը։

Լսիր, ասաց Մանեն կարծես գերեզմանի միջից։ Նա մեռնում է... թերևս արդեն մեռած է... Իսկ ես... սիրում եմ նրան... սիրում էի նրան...

Be the first who will comment on this

Other parts of "Պայքար"

Yatuk Music
Lilac
Tigran Hamasyan

Lilac

Before the dawn. 1971
Before the dawn. 1971
Play Online