Nar-Dos
Պայքար
1
189* թվի մեծ պասի նախավերջին շաբաթն էր, օրն երկուշաբթի, ապրիլ ամսի տաք, հիանալի մի օր: Փոքրիկ եկեղեցու սպիտակ ներկված պատի տակ, տախտակի նեղ նստարանի վրա, նստած էին մի պառավ և մի նորատի կին։ Նրանք սպասում էին ճաշի ժամերգությանը։ Հագուստներից երևում էր, որ պատկանում են հարուստ դասակարգի։ Պառավը հագնված էր թիֆլիսեցի կնոջ տարազով, նորատին՝ եվրոպական։ Նրանք հարս ու սկեսուր էին։
Պառավի գլուխը ծերությունից շարժվում էր անդադար կամ վերևից ներքև, կամ ձախից աջ, կարծես «այո» կամ «ոչ» էր ասում, և աչքերը ջրակալում էին շարունակ, թեև արտաքուստ նա շատ էլ ծեր կնոջ տպավորություն չէր թողնում։ Բարությունն ու միամտությունը կաթում էր նրա փափուկ դեմքի ամեն մի խորշոմից, և այդ դեմքը մի տեսակ բութ-պայծառ արտահայտություն ուներ։
Հարսը կլիներ մոտ քսան-քսաներկու տարեկան։ Սկեսրոջ կողքին նստած՝ ամբողջ գլխով և ուսով բարձր էր նրանից։ Փետրազարդ և ծաղկազարդ փեղույրի շրջապատն այնքան լայն էր առջևից, որ արևի տակ ստվեր էր ձգում նրա նիհար դեմքի վրա, քթից վերև։ Նա կատարյալ գեղեցկուհի էր, այն ուրույն գեղեցկուհիներից, որոնց դեմքն առաջին իսկ անգամից խորապես տպավորվում էր դիտողի հոգու մեջ և ինչ-որ քնած լարեր է շարժում այնտեղ մաքուր ու մելամաղձիկ, ինչպես տեսքը սգավոր գեղեցկուհու։ Ահագին թերթերունքների տակ պատսպարված նրա սևորակ աչքերը նայում էին կարծես անդունդից և այնպիսի մի թախիծով, որ կարծես նրա հետ ծնվել, նրա հետ էլ պիտի մեռնեին։ Նա հագնված էր ինտելիգենտ կնոջ պարզությամբ ու ճաշակով և նստած էր շիտակ՝ նեղ նստարանի ծայրին, ըստ երևույթին զգուշանալով, որ եկեղեցու պատի սպիտակ ջրաներկը չկպչի մեջքին։
Երկինքը բարձր էր, շատ բարձր և իր բարձրությունից նայում էր ներքև բաց-փիրուզի անփայլ կապույտով։ Արևի ճառագայթները հուրհրատում էին եկեղեցու և զանգակատան կաթուղիկեների եռանկյունիները ծածկող արծաթագույն թիթեղների մեջ։ Հարևան խարխուլ տան կտրան ծայրին, նորաբույս առատ կանաչի մեջ կանգնած էր հազիվ մի ամսական սպիտակ մի գառ ականջները սուր ցցած, նայում էր դեպի եկեղեցու բակը, մայում էր համառորեն, և նրա սուր ձայնը զիլ արձագանք էր տալիս գարնանային պարզ օդում։ Ծտերը խմբովին թևերի ամբողջ թափով շեշտակի գալիս նստում էին բակի մեջ տնկված հակակի ծառերի վրա, ճվճվում-ծլվլում էին արևի ճաճանչների տակ պեծին-պեծին տվող մատաղ տերևների մեջ և հանկարծ, կարծես մի ազդանշանով, պոկ էին գալիս բոլորը միասին ու կորչում օդի մեջ եկեղեցու վրայով կամ կողքերով։ Օդը շարժվում էր անդադար ինչ-որ անհանգիստ հունչով մերթ սառն, մերթ տաք։ Այդ ձմեռն էր, որ իր օրհասի վերջին շունչն էր փչում, և գարունն էր, որ իր տաք շնչառությամբ բնության վերածնությունն էր ավետում։
Եկեղեցին գտնվում էր քաղաքի աղմկալի կենտրոններից հեռու, և բակում հանգուցիչ անդորրություն էր տիրում։ Բակն երեք կողմից շրջափակված էր տներով, իսկ չորրորդ կողմը, զանգակատան հետևը, մի փոքրիկ ձոր կար, որը ծառայում էր աղբանոցի տեղ։ Այդտեղ քջուջ էր անում ժամկոչի թխսկան հավը ձվից նոր ելած իր բազմաթիվ ճուտերով, իսկ աքաղաղը, չափազանց ծանրաշարժ ու բրդոտ ոտներով, կանգնած էր աղբանոցի ծայրին հպարտ ու հանդուգն և իր առողջ թոքերի ամբողջ ուժով ծուղրուղու էր կանչում, արձագանք տալով հայտնի չէ որտեղից, բայց շատ հեռվից լսվող մի ուրիշ ծուղրուղուի, որին նա ուշի-ուշով ականջ էր դնում իր ամեն մի կանչից առաջ։
Կամաց-կամաց հավաքվում էին ժամավորները մեծ մասամբ կանայք և մեծ մասամբ պառավներ։ Նրանք մտնում էին բակը հանգիստ քայլերով, երեսները խաչակնքում էին անկանոն, համբուրում էին եկեղեցու դուռը և, որովհետև դեռ վաղ էր, ցրվում էին արևի ախորժելի ջերմ ճառագայթներով ողողված բակում։
Բակը մտավ մի զառամյալ ծերունի՝ կոլոլված ձմեռվա խիստ խունացած վերարկուի մեջ, որի մաշված փեշերի ծայրերից տեղ-տեղ դուրս էր պրծել դեղնած սպիտակ բամբակը։ Ծերությունից երկուտակված էր այն աստիճան, որ վերարկուի փեշերն առջևից գրեթե քսվում էին գետնին, իսկ հետևի փեշը տարօրինակ կերպով բարձրացել և երևան էր հանում նրա չորիկ-մորիկ ոտները, որոնցից մեկի վրա բարակ շալվարի պատառոտուն տոտը մտել էր կիսակոշիկի՝ հնությունից լայնացած ճտի մեջ։ Կարճ ձեռնափայտին դիմհար տալով, նա մոտեցավ եկեղեցու դռանը, գլխարկը վերցրեց, երեսը խաչակնքեց երեք անգամ երկարատև ընդհատումներով, հետո ծանրորեն նայեց այս ու այն կողմը իր սպիտակախառն թավ հոնքերի տակից, և նրա ցրված հայացքը կանգ առավ եկեղեցու պատի տակ նստած երկու կնոջ վրա։
Զաքա՞ր, կանչեց այդ կանանցից պառավը, իր ջրակալ ժպտուն աչքերով նայելով նրան և գլուխը շարժելով վերևից ներքև: Նրա ձայնը նմանում էր կոտրված և կոծկված ամանի ձայնի։
Ծերունին գլխարկը կամաց ծածկեց և մոտեցավ նրանց.
Օսա՞ն... Մանե՞... Աչքս չի կտրում, չճանաչեցի։ Բարի օր ձեզ։
Մանեն իր և սկեսուրի միջև տեղ բաց արեց և հրավիրեց ծերունուն, որ նստի։
Ծերունին նստեց։
Ժամ եք մանգալի՞, հարցրեց նա։
Հա, ուզում եմ շաբաթ օրը հաղորդվի, ասաց Օսանը։
Ղազարոսի հարության օ՞րը։ Լավ է։ Բաց պատարագ է։ Բաց պատարագին հաղորդվելը լավ է։ Աստված ընդունելի անի։ Դու է՞լ, Մանե, դիմեց ծերունին նորատի կնոջը։
Ո՛չ, պատասխանեց Մանեն մի քիչ շփոթվելով և իսկույն ավելացրեց. բժիշկն ինձ արգելել է պաս պահել։
Վնաս չունի, նկատեց ծերունին մեղմորեն։ Պաս ուտելը մեղք չէ, երբ որ ստամոքսը չի վերցնում, մեղք չէ: Մեղքը վատ գործն է, վատ խոսքն է:
Ծերունին սկսեց հարցուփորձ անել իր բարեկամների առողջության մասին։
Մենք լավ ենք, ասաց Օսանը։ Դո՞ւ ոնց ես։ Քանի ժամանակ է մեր կողմը չես անցկենում։
Է՜, Օսան, ինձ էլ կասե՞ն ոնց ես, արտասանեց Զաքարը ծերունիներին հատուկ անտարբեր դժգոհությամբ։ Քարշ եմ գալիս, է՛լի, սրա-նրա դռանը աղքատ Ղազարոսի պես, մինչև որ տեսնենք՝ երբ է աստված հոգիս առնում։ Բեզարել եմ, Օսան, շատ եմ բեզարել. ձեզ խո բեզարացրել եմ ու բեզարացրել:
Ի՞նչ բեզարացրել, ի՞նչ ես ասում։
Չէ, Օսան, ես գիտեմ՝ ինչ որ ասում եմ։ Հոգի ունեմ աստծուն տալու, ուղիղը պետք է ասեմ։ Որդիդ, Գրիգոր Սերգեյիչը, շատ պատվական, շատ աղա մարդ է, շատ նեղ օրերիս է վրա հասել, անչափ շնորհակալ եմ, բայց... մինչև ե՞րբ, ի՞նչ պարտական է...
Էդ մի՛ ասի, Զաքար, էդ մի՛ ասի, մեղմորեն կշտամբեց նրան Օսանը, և նրա անդադար շարժվող գլուխը մի րոպե կանգ առավ։ Ինձ ասեցիր, նրան չասես. շատ կնեղանա։
Ծերունին նայեց կողքին նստած Մանեին։
Եկե՞լ է Գրիգոր Սերգեյիչը, հարցրեց նա։
Ոչ, պատասխանեց Մանեն։
Ծերունու գլուխը կախ ընկավ ձեռնափայտի գլխին դրած ձեռքերի վրա։ Կարճ ժամանակ լռում էր թախծալի մտախոհությամբ։
Ասում ես՝ մի ասի, Օսան, խոսեց նա, կարծես, ինքն իրեն։ Ախր ո՞նց չասեմ։ Ես էլ որ չասեմ, բաս ո՞վ ասի։ Ես էլ որ չասեմ, քարերը կբղավեն, ոնց որ ասված է ավետարանի մեջ։ Ես մի աղքատ, անտեր-անտիրական մարդ՝ ձեռից-ոտից ընկած... գիտե՞ս, թե նրա բարի հոգով տված մի քանի մանեթն ինչ արժի ինձ համար... Կար ժամանակ, գիտես, էլի, ես էլ շատ հազարներ էի խաղացնում ձեռումս... առնում էի, ծախում... փողը ջրի պես էր գալիս ու գնում։ Գդակս ծուռ դրած՝ ոչ ցավ ունեի, ոչ դարդ. կարծում էի, թե աշխարհն իմս է... Բայց հիմի՞... ի՞նչ եմ. մի աղքատ Ղազարոս. մտիկ եմ տալիս, թե որ հարստի սուփրեն են թափ տալիս, որ գնամ շների հետ, մեղա՜ քեզ, աստված, փշրանքները հավաքեմ ուտեմ։ Փող էլ ունեի, տուն էլ ունեի, կնիկ, որդիք... ամեն բան ունեի, ոչինչ պակաս չէր, բայց... ամեն բան էլ գնաց ձեռիցս, ամեն բան, ոչինչ չմնաց, ու մենակ ես մնացի Հովբ Երանելու պես, որ ասեմ՝ փառք, հազար փառք քեզ, տե՛ր, դու տվեցիր, դու էլ առար. երևի մի մեղք ունեի, որ ինձ պատժեցիր։
Ծերունին ալքերը բարձրացրեց դեպի երկինք և կարճ ժամանակ մնաց այդպես լուռ ու խորհրդավոր. նրա շրթունքները ցնցվում էին կամաց՝ լուռ աղոթողի պես։
Մանեն կողքից նայում էր նրա կեռ քթին, աչքի վրա առյուծի ճանկի պես խոնարհված թավամազ հոնքին, հին մագաղաթի պես չորացած ու ճաքճաքած այտին և զգում էր, որ չափազանց խղճում է այդ թշվառ, անզոր ծերունուն։
Բայց որդիդ, Օսան, Գրիգոր Սերգեյիչը, գնում է ա՛յն ճանապարհով, որ տերն ինքն է ցույց տվել, շարունակեց ծերունին, ցուցամատը բարձրացնելով դեպի երկինք։ Աստված տալիս է նրան, և նա էլ ինձ պես խեղճերին է տալիս։ Նա ուսում ունի և իր ուսումովը շատ առաջ կգնա։ Ասենք հիմիկվա ուսումը... լավ է չլինի, քան թե կա։ Հրեն իմ եղբոր որդին, Աշոտը... նա էլ ուսում ունի, գրում է, բայց մեկ-մեկ որ ականջովս է դիպչում, թե ինչեր է գրում, մազերս բիզ-բիզ են կանգնում. ասում եմ՝ փառք քեզ, աստվա՛ծ, ինչ որ չէինք իմացել, այն էլ ենք իմանում... Մի կտոր հաց էր տալիս, այն էլ կտրեց ու իսկի հարցնո՞ւմ է՝ կենդանի եմ, մեռել եմ, ինչով եմ ապրում, որտեղ եմ ապրում, ո՛ր ասես։ Էգուց էլ որ գլուխս վեր դնեմ (մեռնեմ), իսկի էլ չի ամաչիլ, որ կրծքիս աման դնեն (ժողովարարությամբ թաղեն)։
Քա՛, ինչի՞, ի՞նչ ես ասում, զարմացավ Օսանը։
Չգիտեմ, Օսան ջան, չգիտեմ... Երևի այդ էլ իմ արած լավության փոխարենն է։ Հինգ տարեկան երեխա էր, որ հայրն ու մայրը մեռան, վերցրի պահեցի, ուսումի տվի. հիմի որ մարդ է դառել, ինքն ունի, ես չունեմ, հիմի... Է՛հ, աստված բարի տա նրան, աստված բարի տա։ Ես այսօր կամ, էգուց չէ, բայց մարդ մարդու լավությունը չպետք է մոռանա, ուր մնաց հարազատ եղբոր որդին...
Մանեն ուշի-ուշով ականջ էր դնում ծերունուն, և նրա հոնքերի միջև խստորեն գծված բնորոշ մի խորշոմ ցույց էր տալիս, որ ինչ-որ խիստ անախորժ բան է զգում նա հոգեպես: Բայց նա ամենևին չէր խառնվում սկեսրոջ ու ծերունու խոսակցությանը և, ըստ երևույթին, աշխատում էր ուշադրությունը կենտրոնացնել իր ոտների տակ գետնի մեջ թաղված մի հին գերեզմանաքարի վրա, որի մակերեսը հավասարեցրած էր գետնին և կողքերից, այս ու այնտեղ, նոր սկսել էին ծիլեր արձակել խոտի հատ ու կենտ փնջեր։ Գերեզմանաքարի վրա քանդակված էր եպիսկոպոսական խույր, գավազան կրենդելի պես ծռված երկճյուղ օձագլուխներով և ինչ-որ քառանկյունի մի բան անշուշտ ավետարան, որի բաց երեսների վրա մեծ դժվարությամբ կարդացվում էին հետևյալ խոսքերը՝ «Եկայք առ իս ամենայն վաստակյալք և բեռնավորք, և ես հանգուցից զձեզ»։ Հնությունը, անձրևներն ու արևը և մարդկանց ոտներն իրենց անխուսափելի ավերածությունն էին տարածել այդ սրբազան նկարների և ավետարանական խոսքերի վրա, իսկ բուն արձանագրությունն այն աստիճան մաշվել էր, որ բոլորովին անընթեռնելի էր դարձել։
Նորանոր ժամավորներ էին գալիս, և եկեղեցու խաղաղ բակը հետզհետե կենդանություն էր ստանում։ Զաքարն իր խարխուլ ձայնով դեռ իր գանգատն էր անում եղբոր որդուց Օսանի ու Մանեի մեջտեղը կզացած, և Մանեն, ներքին անախորժությամբ լսելով նրան, դեռ դիտում էր եպիսկոպոսական գերեզմանաքարը, երբ նրանց առջև բսնվեց պառավ, կմախքացած մի կին հնամաշ, տեղ-տեղ կարկատած սև հագուստով, խունացած սև քիշմիրի մի շալ գլխին։
Քա՛, Հոռոմսի՞մ, բացականչեց Օսանը։
Հոռոմսիմն ընդհանուր բարև տվեց և աչքերով տեղ որոնեց նստարանի վրա, որ նստի։ Նստարանն այնքան կարճ էր, որ չորրորդ անձի համար տեղ չկար նստելու, ուստի Մանեն շտապեց վեր կենալ։
Վո՛ւյ, չէ՛, չէ՛։ Մանե ջան, նստիր, կանչեց Հոռոմսիմը և աշխատեց թույլ չտալ, որ նա վեր կենա։
Բայց և այնպես Մանեն վեր կացավ, իսկ Հոռոմսիմը չնստեց, և երկուսն էլ մնացին ոտի վրա։
Այս որտե՞ղ ես, մեծ պասն անցկացավ, քեզ ժամումը չտեսա, ասաց Օսանը։
Վա՛յ իմ խեղճ գլխին. ես ա՛յն օրումն եմ, Օսան ջան, որ ժամ կամ պատարագ միտս գա, պատասխանեց Հոռոմսիմը վերին աստիճանի խղճուկ ձայնով, որը, սակայն, ամենևին, չէր համապատասխանում նրա ահագին աչքերի անախորժ փայլին, ոսկրացած դեմքի անդադար ձգձգվող մկանունքներին և վերին աստիճանի եռանդալից շարժումներին, որոնք խիստ կռվարար կնոջ տպավորություն էին գործում։
Ի՞նչ է պատահել։
Էլ մի հարցնիլ, Օսան ջան, էլ մի հարցնիլ. իմ որդու արարմունքն ինձ ողջ-ողջ գերեզման դրեց։
Էլի գժություններ է անո՞ւմ։
Վույ, այնպես գժվի նրան գժվեցնողը, ոնց որ ես գիտեմ, բացականչեց Հոռոմսիմն այնպիսի ահարկու մի եռանդով, որ կարծես թե այդ էր նրա սրտի միակ ամենամեծ բաղձանքը։ Հետո նա ձեռքերը ծալեց կրծքին, աչքերն աղոթողի պես ձգեց եկեղեցու պատն ի վեր և շարունակեց. խնդրել եմ մայր աստվածածնից, որ նա այրվի, այրվի, այրվի, ոնց որ մենք ենք այրվում-փոթոթվում անկրակ նրա պատճառով։ Խնդրել եմ տեր ամենակալից, որ նրա օրն ու կյանքն այնպես խավարի, ոնց որ մեր կյանքն է խավարել նրա պատճառով. սև ու մութ լուսանա նրա գլխին կարմիր զատիկը, ոնց որ սև ու մութ է արել նա մեր օրերը...
Ի՛հ, լավ մի դու էլ, նկատեց Օսանը սնահավատի սարսափով։ Եկեղեցու պատի տակն էլ այդպես կանիծե՞ն։
Լավ չի, Հոռոմսիմ, լավ չի, նկատեց իր կողմից Զաքարը։ Քրիստոսն ասել է...
Ի՞նչ է ասել Քրիստոսը, հանկարծ բղավեց Հոռոմսիմը ծերունու վրա այնպիսի կատաղությամբ, որ խեղճի խոսքը մնաց բերանում։ Քրիստոսն ասել է՝ տուն-տեղ թող, մայր, կնիկ, որդիք մոռացիր, քաղցած-տկլոր պահիր նրանց ու ինչ որ աշխատես, տար բոզերի փորն ածա՞։ Քրիստոսն ասել է՝ գնա հարբիր-տրաքվիր, կեսգիշերներին տուն արի ու առանց պատճառի կնկանդ փայտի տակ դիր ջարդի՞ր։ Հա՞, Քրիստոսն այդ է ասե՞լ։ Բաս չանիծե՞մ նրան այդպես գժվեցնողին։ Բաս չասե՞մ։
Սպասիր, Հոռոմսիմ, ընդհատեց նրա խոսքերի տարափն Օսանը։ Դու գիտե՞ս ով է որդուդ խելքից հանել։
Ինչո՞ւ, դու չգիտե՞ս, Մանեն չգիտե՞, ասաց Հոռոմսիմը և, որովհետև Օսանն ըստ երևույթին, չգիտեր և զարմացած նայեց նրա զայրացկոտ աչքերին, ավելացրեց. Այն լպստած, այն աննամուս ակուշերկեն է, է՛լի... Հեղինե Սոլիկյանը կտրվի նրա անունը։
Քա՛, բացականչեց Օսանը և ձեռքերը բռունցք կազմած՝ դրեց շրթունքների վրա ի նշան ապշության։ Նա մեծ տարակուսանքով նայեց հարսի աչքերին, կարծես հարցնելով, թե մի՞թե նրան հայտնի էր այդ բանը։
Մանեն խուսափեց սկեսրոջ այդ հայացքից և մեքենայաբար նայեց դեպի հարևան կտուրը, որտեղ գառը նորից սկսել էր մայել համառորեն։
Սոլիկենց Ստեփանի աղջիկը... կճանաչեմ, ասաց Զաքարը, կարծես, ինքն իրեն։
Ա՛յ, սև մահը ճանաչի նրան, գետինը դնեմ նրա անունը, սրտանց վրա բերեց Հոռոմսիմը և արագորեն նստեց Օսանի կողքին։ Ես զարմանում եմ ձեզ վրա, Օսան, ավելացրեց նա հանդիմանորեն. ախր այն աննամուսին դուք ո՞նց եք տուն թողնում։
Վո՛ւյ, Հոռոմսիմ ջան, պարտական լինեմ, թե սրանից ավել ես իմացած լինեմ նրա արարմունքը։ Ասենք՝ այն գլխից ես չեմ հավանել նրան. ժամանակ-անժամանակ ներս կընկնի, չաչանակի պես կխոսի, լիրբ-լիրբ կծիծաղի, պապիրոս կքաշի, դուրս կտա ինչ-որ բերանը գա, ոչ մեծ կհարցնի, ոչ պստիկ։ Բայց դե պստկուց հարսիս ընկերուհին է եղել, ուսումնարանում միասին են սովորել, գալիս է, դուռը խո ետ չե՞մ դնիլ երեսին:
Որ դուռն երեսին ետ չես դնիլ, խո կարո՞ղ ես ասել, որ դա ջահել աղջկա արարմունք չէ։ Բա ջահել աղջիկը, ազապ աղջիկն այդպես աննամուս բաներ կանի՞։ Ախր այսպես բան չի լինիլ, Օսան ջան, Մանե ջան։ Այնպես գժվեցրել է այն տղին, այնպես գժվեցրել, որ էլ աչքով աչք չունի կնկա վրա։ Շատ անգամ, կեսգիշերներին, տուն է գալիս հարբած-տրաքված, էլ ի՜նչ ուշունցներ ասես չի տալիս այն մեղք ու կրակ աղջկան, թե որ այն խեղճը մի ձայն էլ հանում է, պրծա՜վ. շունը կապիր, նրան բաց թող։ Մինչև հիմի ծեծել չէր իմանում, հիմի այդ էլ է սովորել փուչ-փչանալուն։ Վարժապետությունից ձեռք վեր առավ, մտավ հաշվապահ, երկու ամիս էլ չդիմացավ, կռվեց դուրս եկավ. մի տարի պարապ սարապ թրև եկավ, հետո մտավ բանկը, այնտեղ էլ չպահեցին, դուրս արին. վերջը կնկա փողերը խաբխբելով դուրս բերեց բանկից, գնաց Մոսկով, թե՝ ուսումս կիսատ է, պետք է լրացնեմ։ Մոսկովում ինչ արավ, ինչ չարավ չեմ իմանում. երեք տարուց հետո ետ եկավ, սկսեց գրել լրագրներումը։ Ասում են լավ փող է վերցնում, բայց մի գրոշ, մի սև գրոշ ասես տուն բերում է՞, որ աչքներս կոխենք։ Աստված է վկա, օր է պատահում, որ տանը մի կտոր հաց չի լինում երեխանց ձայնը կտրելու համար. ողջ ձմեռը շան պես կոնկոռնալով ենք անցկացրել. տան քրեհը հավաքվել, տանիցը դուրս են անում։ Մինչև այս հասակս ես վարձկան չեմ բանել ուրիշի դռանը, հիմի այդ էլ եմ անում կտրվի նրա նամուսը այն խեղճ աղջիկն էլ մի օր լավ, տասն օր հիվանդ, օր ու գիշեր մեկ արած` հալած մոմ է դարձել ասեղի ծայրին շատ մտիկ տալուց։ Բայց դե մեր վերցրածն ի՞նչ պետք է լինի, որ հինգ փոր կշտացնի։ Իսկ նա, փուչ-փչանալուս, ինչ որ աշխատում է բոզերի փորն է ածում։ Սա օրենք է՞։ Հը՞, ձեզ եմ հարցնում, սա օրենք է՞։
Է՜, ժամանակ, ժամանակ, արտասանեց Զաքարը ծերունիներին հատուկ անտարբերությամբ և գլուխը շարժեց։
Ասում եմ` ա՛յ որդի, ինչի՞ ես այդպես անում, շարունակեց Հոռոմսիմը։ Ես, ասենք, պառավել գնացել եմ, բայց այս խեղճ ջահել աղջկա օրն ինչի՞ ես մթնացնում։ Ի՞նչ է արել քեզ. որ համ տկլոր ու քաղցած ես պահում, համ էլ ծեծում ու ջարդում։ «Թե որ չի ուզում, ասում է, տկլոր ու քաղցած մնա, թե որ չի ուզում, ասում է ծեծվի ու ջարդվի, թող, ասում է, ուր ուզում է՝ գնա. ես դրան պահողը չեմ»:
Քա՜, արտասանեց Օսանը և նորից ձեռքը բռունցք կազմած՝ դրեց շրթունքի վրա:
Հոռոմսիմը ձեռքերը դոինջ արեց ծնկներին և, իր եռանդալից աչքերով նայելով Օսանին, շարունակեց, կարծես Օսանի տեղ մոտը նստած լիներ իր որդին։
Հիմա չես պահո՞ղը, ասում եմ, երբ որ խեղճ աղջկա ուղն ու ծուծը քամեցիր։ Հի՛մի չես պահո՞ղը, երբ որ խեղճի բաժինքի փողերը դուրս բերիր տարար լակեցիր, քթովդ դուրս գա։ Թե որ պահողը չէիր, ասում եմ, բաս ինչի՞ ուզեցիր, ինչի՞ այդ խեղճ աղջկա մեղքն ընկար։ Հը՞։ «Այն ժամանակն, ասում է, ջահել էի, աշխարհք չէի տեսել, խելքս բան չէր կտրում. հիմի ամեն բան տեսել եմ, խելոքացել եմ»։ Տո՛, դա խելք է՞, ասում եմ, որ մարդ տուն-տեղ մոռանա, երեխեքին քաղցած-տկլոր պահի, կնկանը ծեծած-ջարդած ու ինքն աննամուս աղջկերքի հետևից թրև գա։ Հը՞, դա խելք է՞: Ասում եմ՝ բաս որ ժամումը տերտերը հարցրեց «տե՞ր ես» ու դու էլ լեզուդ չչորացավ, ասեցիր «տեր եմ», բաս չէիր իմանո՞ւմ, որ մինչև գերեզմանը տեր պետք է լինես ու անտեր չթողնես։ Հը՞, բաս այդքան Էլ չէիր իմանո՞ւմ։ «Այդքանն էլ որ իմանայի, ասում է, իսկի ժամ էլ չէի գնալ։ Ժամս ո՞րն է, ասում է, տերտերս ո՞րն է։ Վեքսիլ խոմ չեմ տվել, ասում է, որ պարտքս բկիցս բռնած առնեն. մի խոսք է, է՛լի, ասել եմ. ասեցնել են տվել, ես էլ ասել եմ. ամենքն ասում են, ես էլ ասել եմ»։ Դե արի ու բան ասա։ Ի՞նչ ասեմ: Հը՞, ձեզ եմ հարցնում, ի՞նչ ասեմ։
Զաքարը գլուխը բարձրացրեց և նայեց Հոռոմսիմի զայրացկոտ ու տարակուսալից դեմքին։
Ա՛յն ասա, թե՝ որդի, աստծու ճանապարհիցը դուրս ես գալիս, հոգիդ սատանի փայ ես անում, ասաց նա ծանր ու հանդիսավոր ձայնով։ Ասա նրան, թե վեքսելը, թղթի մի կտորը, ավելի մեծ գին ունի՞, թե աստծու սուրբ սեղանի առաջ, խաչի ու ավետարանի վրա տված խոսքը։
Ես, ասում է, աստված-մաստված, խաչ֊մաչ չեմ ճանաչում, չէ՛, աղաղակեց Հոռոմսիմն իր բարկացկոտ աչքերր փայլեցնելով ծերունու վրա։
Տեսնում ե՞ս... բաս ասա թուրքացել է, է՛լի, նկատեց Օսանը։
Ականջ դիր, Օսան, ինչ եմ ասում, ասաց Զաքարը, կամաց շոշափելով նրա թևը։ Ամեն աստծու օր ես ժամ եմ գալիս, իսկ կիրակի օրերը ճաշին Վանքն եմ գնում, որովհետև պատարագին լավ ժամ են ասում։ Վանքի բակը որ մտնում եմ, տեսնում եմ լիքն է մեր ջահելներով։ Օտար մարդ որ մտիկ տա, կասի՝ ի՜նչ ժամասեր են այս հայ ջահելները։ Բայց որ հարցնես, իսկի մեկը մտնում է՞ պատարագ տեսնելու, երեսը խաչակնքելու, մոմ վառելու, աղոթք անելու։ Բան չունե՞ս: Մտնողն էլ այնպես է պահում իրան աստծու սուրբ տաճարի մեջ, որ կասես իրանց տանը լինի։ Երեսը խաչ հանել, մոմ վառել, ծունկ չոքել, աղոթել խո չկա ու չկա. որ չամաչեն, պապիրոս էլ կքաշեն։ Հիմի Հոռոմսիմի որդին էլ դրանցից է, է՛լի։ Կարծում ես, մենակ դա է՞։ Ու մենակ տղերքը չեն, Օսան. աղջկերքն էլ են այդպես։
Ա՛յ, հիմիկվա աղջկերքի նամուսն էլ այնտեղ գետինը դնեմ, սրտանց վրա բերեց Հոռոմսիմը։ Դիփ դրանք չեն ջահելներին գժվեցնողը՞: Ի՞նչն էր իմ որդունը. առաջ ինչ նամաղուլներ էլ որ աներ, էլի տան պատիվն էլ գիտեր, կնկա պատիվն էլ. իսկ իմ առաջ կհամարձակվե՞ր մի ավելորդ խոսք ասել։ Իսկ հիմի՞, ինչ որ կապվել է այն աննամուսի հետ... Շատ անգամ այնպես սրտի եմ գալի, Օսան ջան, որ ասում եմ դուրս անեմ տանից, էլ մոտ չթողնեմ. ջհաննամը ուր ուզում է՝ կորչի, առանց այն էլ չկա ու չկա, թող իսկի չլինի, գոնե այն մեղքուկրակ աղջիկը կհանգստանա։ Մեկ էլ ասում եմ՝ չէ. մարդ մեջ գցեմ, ո՞վ գիտե, ջահել է, ինձնից չի քաշվում, գուցե ուրիշներից քաշվի, խելքի գա։ Օսան ջան, մի օր տեսնես նրան, չես կարո՞ղ խրատի։
Խրատի՜, բացականչեց Օսանը, և նրա գլուխն սկսեց ավելի շարժվել։ Ես ա՛յն լափն ածեմ գլխին, որ ասի թե հա՛։ Ափսոս, որ ես այդ բաները վաղ չեմ իմացել։ Հա՛յ գիտի հա՛, բաս իմ որդին ջահել չի եղել, էլի, որ այդ նամաղուլները չի արել։ Վույ, աստված ոչ անի. այն օրը սև մահ լիներ իմ գլխին։
Օսան ջան, թե որ դու այդ բանը կանես, հենց իմանաս, թե մի գերի ես ազատել, ասաց Հոռոմսիմը, և այս անգամ նրա կռվարար ձայնը հնչում էր լացագին։ Դու էլ, Մանե ջան այն... այն... լավ աղջկան ասա՝ ի՞նչ ես ուզում մեզանից, ինչի՞ ես մեր մեղքը վեր առնում։ Մանե ջան, ախր չես իմանամ. մի օր որ գաս տեսնես մեր հալը, լաց կլինես, աստված է վկա․ քարն ի՞նչ է, քարն էլ լաց կլինի։
Արտասուքի կաթիլները մեկը մյուսի հետևից դուրս էին ցայտում հարատև զրկանքներից ու վշտից կմախքացած այդ պառավ կնոջ աչքերից և արագորեն գլորվում նրա խորշոմած այտերի վրայով, ադամանդների պես շողշողալով արևի ճառագայթների տակ։
Մանեն կանգնած էր լուռ ու անշարժ և նայում էր նրան տամուկ աչքերով, շրթունքները պինդ սեղմած իրար, ըստ երևույթին զսպելով իրեն, որ ինքն ևս լաց չլինի այդ խեղճ պառավի աղեկտուր խոսքերը լսելիս և առատ արտասուքները տեսնելիս։
Շատ լավ, ասաց նա հանկարծ. ես կտեսնեմ նրան... անպատճառ կտեսնեմ։
Արևն ավելի ու ավելի տաքացնում էր օդն ախորժելի ջերմությամբ։ Վերևը, եկեղեցու տանիքի վրա, նստած էին երկու աղավնի ուռած-փքված և ղունղունում էին իրենց քնաբեր խուլ ձայնով։ Եկեղեցու պատի հետևից, բակի մյուս կողմը, լսվում էին ժամավոր կանանց բարձրաձայն խոսակցության և երբեմն ծիծաղի ձայները։
Վերջապես, եկավ քահանան նոր-նոր աղվամազը դուրս եկած մի նորընծա, մեջքին խիստ հուպ տված փայլուն փարաջայով և փափուկ կաստորի նոր գլխարկով։ Հետո եկավ տիրացուն տերտերից շատ ավելի հասակով մի մարդ՝ խիստ մազակալած տգեղ դեմքով, արբեցողի պղտոր ու կարմիր աչքերով, ամառվա հնամաշ վերարկուով և տիրացուներից անբաժան հովանոցը ձեռքին։ Եկեղեցուց փութկոտ քայլերով դուրս եկավ ժամկոչը «հասարակը» տալու։ Դա գլուխն առաջ ընկած, կուրծքը ներս ընկած մի ժիր ծերունի էր ահագին սապատով և սև մահուդի այն աստիճան խունացած չուխայով, որ մեջքին՝ սապատի վրա կարծես մամուռ էր բսել և արևից խանձվել: Փոքրիկ զանգակները մեկը բարիտոն, մյուսը տենոր հնչում էին չափաբերական շեշտերով՝ տամ-տիմ֊տոմ, և նրանց ձայները զիլ ծկլթոցով կարծես պոկ էին գալիս ինչ-որ խեղդող մի բանից, ուրախական աղաղակով դուրս թռչում զանգակատան կաթողիկեի նեղ կամարներից, բազմերանգ թելերի պես հյուսվում իրար հետ, սլանում ազատ օդի մեջ և շնչասպառ մարում արագորեն, կարծես ողբալով, որ իրենց գոյությունն այդքան կարճատև է։
2
Հոռոմսիմի որդու և Հեղինե Սոլիկյանի միջև եղած կապը թեև վաղուց հայտնի էր Մանեին, բայց նա իբրև կրթված կին՝ իրեն միանգամայն հեռու էր պահում նրանց անձնական գործերին միջամտելուց և չտեսնելուն էր տալիս նրանց ավելի քան մերձավոր հարաբերությունները։ Նա շատ լավ ճանաչում էր թե Սեդրակ Նասիբյանին, և թե Հեղինե Սոլիկյանին, մանավանդ վերջինիս. գիտեր, որ երկուսն էլ ազատ, անկախ հայացքների տեր անձեր են, ամեն տեսակ նախապաշարումներից հեռու և, ինչպես ասում էր Հեղինե Սոլիկյանը, «բուրժուական բարոյականությունը» ժխտող։ Բայց երբեք չէր կարծում, որ նրանք, այդպիսի անձեր լինելով հանդերձ, զուրկ կլինեն խղճահարության ամենատարրական զգացումից անգամ և ընդունակ կլինին զոհ բերելու իրենց հանցավոր կրքին մի ամբողջ անմեղ ընտանիք։ Այս պատճառով Հոռոմսիմի պատմությունը այն աստիճան վրդովել էր նրա հոգին, որ նա վճռեց այդ օրն իսկ տեսնել ընկերուհուն և լրջորեն խոսել նրա հետ։ Այդ դիտավորությամբ երեկոյան դեմ դուրս եկավ տնից։
Հեղինե Սոլիկյանն ապրում էր երեք սենյակից բաղկացած վարձու մի բնակարանում իր մեծ քրոջ՝ Սալոմեի հետ, որը խուլ ու համր պառաված մի օրիորդ էր մոտ քառասուն տարեկան, ականջների մեջ շարունակ բամբակ խրած։ Հայր, մայր, եղբայր նա չուներ, ուներ միայն այդ մի հատիկ քույրը, որին սիրում էր ոչ այնքան նրա համար, որ իր քույրն էր, որքան նրա դժբախտության համար։ Իսկ Սալոմեն, աշխարհային բոլոր վայելքները մոռացած, նույնիսկ արտաքին աշխարհից միանգամայն կտրված, հոգով-մարմնով նվիրված էր փոքրիկ քրոջը, որին սիրում էր առանձին մի քնքշանքով և նայում էր նրա վրա մոր պես։ Թվում էր, թե նա ուրիշ ոչ մի հոգացողություն չունի, բայց միայն այն բանից, որ այն սակավաթիվ ժամերին, երբ Հեղինեն տանն էր լինում, ոչ մի բանի պակասություն չզգար, դժգոհության ոչ մի առիթ չունենար։ Սալոմեի ամբողջ աշխարհայացքը պարփակված էր տան չորս պատերի մեջ։ Տան գործերին նվիրված էր ֆանատիկոսի եռանդով և օրնիբուն զբաղված էր մաքրելով, լվանալով, եփելով, թեև ծառա ունեին. մնացած ժամանակը զբաղվում էր կամ իր հնամաշ շորերը կարկատելով, կամ գուլպա գործելով, կամ իր անթիվ ծաղկամաններով, որոնցով լիքն էին բոլոր լուսամուտները և պատշգամբը։
Այժմ էլ, երբ Մանեն գնաց նրանց տուն, Սալոմեն ինչ-որ բան էր շինում խոհանոցում, և Մանեն անցողակի տեսավ նրան՝ թևերը քշտած և թաց գոգնոցով։ Երևի իր այդ անկարգ դրությունից քաշվելով, Սալոմեն դուրս չեկավ հյուրի մոտ, բայց նրա փոխարեն սենյակից գնդակի պես դուրս նետվեց ինքը Հեղինեն դեռևս շատ ջահել մի աղջիկ ոսկե պենսնեով մինչև ուսերը խուզած գանգուր մազերով, առանց կորսեի, գիրուկ, կլորիկ, ցածրահասակ, տեղնուտեղը եռանդ, կրակ ու ծիծաղ, կարծես չարաճճի մի տղա լիներ աղջկա շոր հագած։
Մանե ջան, այս ո՞ր քամին է քշել քեզ իմ կողմը, կանչեց նա, իր փափլիկ կարճ մատներով առնելով նրա ձեռքերը։ Ի՞նչ լավ է, որ եկել ես. ես մեռա մենակությունից, թեև նոր եմ վերադարձել տուն և այնքան հոգնած եմ, որ քիչ էր մնում պառկեի քնեի։ Արի մի պռոշտի անենք։
Եվ նա բարձրացավ ոտների ծայրերի վրա, որ հասնի Մանեի շրթունքներին։
Դե՛, շամփուր խո չե՞ս կուլ տվել, մի քիչ կռացիր, է՛, որ հասնեմ։ Եղբորդ պես բարձրացել ես, կարծես թե ուզում ես... շլոր քաղել։
Մանեն ծիծաղեց ակամա և խոնարհվեց Հեղինեի դեմքի վրա։ Հեղինեի այդ անկեղծ ուրախական ընդունելությունը մոռացնել տվեց նրան այն վրդովմունքը, որով եկել էր՝ կռվելու ընկերուհու հետ։
Մանեի շրթունքները մի քանի անգամ պինդ համբուրելուց հետո, Հեղինեն, մի ձեռքով բռնած նրա ձեռքից, մյուսով քթի վրա ուղղելով պենսնեն, ներս տարավ նրան ծաղկամանների երկայն շարանի միջով, նստեցրեց բազմոցի վրա և ինքն էլ արջի քոթոթի պես թրմփալով, տեղավորվեց նրա կողքին։
Երեկ եղբորդ էի հարցնում, թե ի՞նչ է պատահել քեզ, հիվանդ խո չե՞ս, որ չես գալիս ինձ մոտ։
Եղբո՞րս, զարմացավ Մանեն։
Հա՛, Վահանին։
Մի՞թե նա այստեղ է։
Հեղինեն սկզբում ինքը զարմացավ Մանեի այդ հարցի վրա, հետո հանկարծ բարձրաձայն ծիծաղեց։ Ծիծաղելիս նրա փափլիկ այտերի և լիքը կզակի վրա մատնեհարներ էին գոյանում։
Այ քեզ բա՜ն... Մի՞թե նա դեռ չի եկել քեզ մոտ։
Չէ։ Ես մինչև անգամ չգիտեի, թե այստեղ է։
Ի՜նչ ես ասում, բացականչեց Հեղինեն, և նրա ծիծաղը սաստկացավ։ Իսկ նա ասում էր, թե բոլորովին ողջ և առողջ ես, թե արդեն սկսել ես զատկվա համար պասքաների պատրաստություններ տեսնել, թե ինձ համար ինչ-որ մի սյուրպրիզ ես պատրաստում... մի խոսքով՝ խոսում էր այնպես, որ կարծես թե հենց նոր քեզ մոտ էր եղել։ Եվ բոլորովին լրջորեն, գիտե՞ս։ Հա՜, հա՜, հա՜... Ի՜նչ մազալու մարդ է։ Չափազանց հավանում եմ նրա բնավորությունը։ Սուտ կխոսի հենց միայն նրա՛ համար, որ սուտ խոսած լինի և զվարճանա, թե ինչպես դիմացինը ճշմարտության տեղ է ընդունում իր սուտը։ Դուրս է գալիս մի տեսակ «գեղարվեստը գեղարվեստի համար»։ Ա՜յ, եթե դու ունենայիր նրա բնավորության գեթ մի հազարերորդ մասը, այսինքն՝ կյանքի և մարդկանց վրա նայեիր նրա պես հեգնորեն, այդպես... չէիր լղարիլ թեև խորհուրդ էլ չէի տալ, որ նրա պես չաղանայիր։ Սոսկալի բան է դառել, որ տեսնես։ Առաջը կանգնած՝ ուղղակի թզուկ էի երևում ինքս իմ աչքում, թեև ես էլ մսի մի գունդ եմ։ Իսկ բարձրությո՜ւնը... Սիրտս ասում էր՝ թռչեմ նստեմ ուսին լավ տեսնելու համար մա՞րդ է, թե մի այլ արարած աժդահաների ցեղից։ Ա՜խ, ինչպե՜ս կուզեի, որ նա իմ եղբայրը լիներ։ Նրա հայացքից, հետո խոսակցության տոնից այնպիսի մի բան ես զգում, որ կարծես թե խտղտում են կռներիդ տակ. համ ախորժելի է, համ անախորժ, համ ծիծաղում ես, համ զայրանում, բայց ընդհանրապես գժի պես ուրախ ես զգում քեզ։ Որ նրա մարմնի ահագնությունից չվախենամ, անպատճառ կսիրահարվեմ, արևս վկա։ Խտտած ժամանակ մի քիչ որ պինդ հուպ տա, ճխիլ-մխիլս կհանի։ Նրա համար կատվի խաղ կլինի, ինձ համար՝ մկան մահ։
Եվ, շատ սրամիտ համարելով իր այդ համեմատությունը, Հեղինեն շարունակեց ծիծաղել, բայց Մանեն չժպտաց անգամ։ Առիթը շատ հարմար էր, որ Մանեն խոսք բանար իր այցելության նպատակի մասին, և Հեղինեի վերջին խոսքերն այն աստիճան ցինիկական թվացին նրան, որ քիչ մնաց ընկերուհու երեսովը շպրտեր՝ «մեկը բավական չէ՞, որ երկրորդն էլ ես ուզում ունենալ». բայց զսպեց իրեն և ասաց.
Սպասիր, մեկ գա ինձ մոտ, այնպե՜ս կռվեմ որ...
Իսկ ես, որ քո տեղը լինիմ, վրա կընկնեմ և այնքան կպաչպչեմ, որ երեսի կաշին կպոկեմ։ Ես եղբայր չունիմ և չեմ ունեցել, բայց որ ունենամ, զգում եմ, որ գժի պես կսիրեմ։
Հեղինեն վեր կացավ, մի պապիրոս առավ սեղանի վրա դրած թղթի արկղիկից վառեց և նորից նստեց Մանեի մոտ։
Ուրի՞շ, ասա, է՛, ինչպե՞ս ես։ Այսօր... Սպասիր, այս ի՞նչ ես քսել վզիդ: Երեսդ մի քիչ այն կողմն արա։ Ա՜խ, երա՜կդ է։ Իսկ ես կարծեցի թանաք ես քսել։ Դե՛ մի՞թե կարելի է այդքան լղարել։ Մարդդ դեռ չի՞ վերադարձել հանքերից։
Ոչ։
Գիտե՞ս, այսօր հիվանդանոցի լուսամուտից տեսա քեզ սկեսուրիդ հետ։ Ասացի՝ փա՜ռք քեզ, աստված, ահա՛ մի օր, երբ իմ սիրուն թռչնիկը դուրս է թռել վանդակից գարնան հրաշալի օդում ճախրելու։ Բայց մի բան հարցնեմ. ի՞նչ հաճույք ես զգում, որ առանց պառավի տանից դուրս չես գալիս։ Վախենո՞ւմ ես, ի՛նչ է, որ... Բադամյանը հանկարծ բռնի ու փախցնի...
Մանեն հոնքերը կիտեց և հայացքը ձգեց ծնկներին։
Դու, երևի, մեզ տեսել ես այն ժամանակ, երբ մենք ժամ էինք գնում կամ ժամից գալիս, ասաց նա բավական սառն կերպով։
Ժա՞մ... ի՜նչ ես ասում։ Ճաշին էր, որ ձեզ տեսա։ Այո, մեծ պասին ճաշին էլ են ժամ ասում։
Հեղինեն հանկարծ իր փափլիկ ձեռքերը խփեց ավելի ևս փափլիկ թշին։
Ա՜խ, ճիշտ որ... հիմա խո մե՜ծ պաս է։ Հիշո՞ւմ ես, մեծ պասին որ մեզ, աշակերտուհիներիս, ժամ էին տանում հաղորդելու։ Տերտերը պպզում էր սյունի տակ, իսկ մեզ թխսկան հավի պես հավաքում էր իր շուրջը և կրկնել տալիս «Մեղայի» խոսքերը. «որկրամոլությամբ և մասամբ նորին, բղջախոհությամբ և մասամբ նորին, գիճությամբ և մասամբ նորին, ոտնհարությամբ և մասամբ նորին...»։ Հիշո՞ւմ ես, որ ես փռթկոցս չէի կարողանում պահել, իսկ դու կմշտում էիր կուռս թե՝ սուս կաց։ Դու մինչև այժմ էլ մնացել ես նույնը, իսկ ես... Ա՛յ, ինչ է նշանակում մեծանալ և աստծու ճանապարհից հեռանալ։ Բավական չէ, որ այլևս չեմ ապաշխարում, այլև մոռացել եմ ապաշխարության օրերը։ Վա՛յ, հազար վա՜յ իմ հոգուն. Սադայելը կպրի կարասը կկոխի ու կհանի։ Այն ժամանակ հազար «վա՛յ, նանի ջան» կանչի, ո՞վ է օգնողը։ Երանի քեզ, որ ժամ էլ ես գնում, պաս էլ ես պահում, հաղորդվում էլ ես։ Քեզ համար պատրաստ է Աբրահամի գոգը, իսկ ինձ համար՝ սանդարամետը։ «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ. զի անթիվ են հանցանք իմ, աններելի են մեղք իմ և..., և... և...»։ Դե՛, միտս գցիր» է՛, տեսնում ես մոռացել եմ։
Եվ Հեղինեն չարաճճի կերպով խփեց Մանեի կողքը։
Մանեն խիստ սառնորեն վեր կացավ նրա մոտից և հեռացավ դեպի լուսամուտը, որի բաց փեղկի ապակիները բոցավառվում էին մայր մտնող արևի հրավառ ճաճանչներից։ Նա զգում էր, որ ընկերուհու մասամբ անհոգ, մասամբ հեգնական, մասամբ ցինիկական և ընդհանրապես բավական անձնապաստան տոնը հետզհետե գրգռում է իրեն այն աստիճան, որ նրա սանձարձակ-ծաղրական լեզուն նողկանքի պես մի բան է ազդում իրեն։
Հեղինեն նայեց նրա հետևից, պապիրոսի ծուխը հանեց քթածակերից և ուրախ քրքջաց։ Նրա ծիծաղի մեջ լսվում էին անախորժ սուր ծկլթոցներ, չձյութված սռնու ծվոցի պես, և ծիծաղելիս նա բարձրացնում էր դեմքը, կարծես կամենալով պենսնեն ամուր պահել քթի վրա, որ վայր չընկնի ծիծաղի պատճառած ցնցումներից։
Զարմանալի է, ինչո՞ւ ես նեղանում, բացականչեց նա. Մի՞թե ճիշտ չէ, որ դու արդար ես, իսկ ես՝ մեղավոր, որ դու դրախտը կգնաս, իսկ ես դժոխքը։
Մանեն կամաց դարձավ և շատ լրջորեն նայեց ընկերուհու պենսնեին, որի հետևից չէին երևում նրա աչքերը, որովհետև պենսնեի պարզ ապակիները պլպլում էին լուսամուտի ապակիներից անդրադարձող արևի պայծառ լույսերի տակ։
Ես զարմանում եմ քեզ վրա, Էլեն, ասաց նա։ Դու կրթված աղջիկ ես, նույնիսկ բարձր ուսում ես ստացել. մի՞թե այնքան չես հասկանում, որ կան բաներ, որոնց եթե չես հավատում, գեթ պիտի գիտենաս հարգել և, համենայն դեպս, չծաղրել։
Այսի՞նքն։
Մի՞թե կարելի է ծաղրել մի բան, որ միլիոնավոր մարդկանց հոգեկան միակ ամենաբարձր մխիթարությունն է կազմում...
Կրոնական զգացո՞ւմն՝ ուզում ես ասել։
Այո՛, կրոնական զգացումը, շեշտեց Մանեն։ Այդպե՞ս են անում Եվրոպայում, ուր գնացել ման ես եկել դու։
Հեղինեն պապիրոսն արագորեն դրեց մոխրամանի վրա և վեր կացավ։ Մանեի խոսակցության լուրջ տոնը, ըստ երևույթին, ազդեց նրան, և նա ինքը լուրջ դեմք առավ։
Դու ի՞նչ գաղափար ունիս Եվրոպայի մասին, ասաց նա։ Չլինի՞ կարծում ես այնտեղ մղդսիներ չկան։ Սխալվում ես, սիրելիս։ Իսկական մղդսի ուզում ես, արի տանեմ քեզ Եվրոպա։ Թե չէ մերոնք ի՞նչ են, անամոթ կեղծավորներ և անհավատներ։ Գլադստոնի պես մի ազատամիտ մարդու գրասեղանի վրա հրեն, ասում են, հոմ-ռուլի կողքին աղոթագիրք է դրված միշտ։ Իսկ Տոլստոյի գրվածքները խո ինքդ էլ ես կարդում. մի տող կգրի՞, որ մեջը աստված չլինի։
Եվ ի՞նչ է ապացուցանում այդ, հարցրեց Մանեն։
Այս ա՛յն է ապացուցանում, իմ սիրունիկ տիկին, որ Երուսաղեմում էլ են շներ հաչում։ Իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ դու ինձանից հարգանք ես պահանջում դեպի կրոնական զգացումը, ես մի օրինակ կպատմեմ քեզ իմ պրակտիկից։ Մի անգամ ինձ կանչում են մի ծննդաբեր կնոջ մոտ՝ տգետ տատմոր փչացրածն ուղղելու համար։ Մի խեղճ ու կրակ արհեստավոր կին էր: Գնում եմ և ի՜նչ տեսնում. ուշաթափ ծննդաբերի գլխին տղամարդի ահագին մի փափախ և բարձի տակ սոխ շարած մի շամփուր, իսկ բուխարու վրա մի դյուժին վառած մոմ։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչն էր թելադրում այս ծիծաղելի բաներն անելու։
Պարզ նախապաշարումը և սնահավատությունը։
Եվ ոչ կրոնական զգացո՞ւմը, որ մայրն է բոլոր նախապաշարումների և սնահավատությունների։ Չէ՞ որ կրոնը, ո՛րն ուզում ես վերցրու, ինքնին արդեն հսկայական մի նախապաշարում և սնահավատություն է։ Եվ ո՜ւր էր, թե նա բավականանար միայն պառավական միամիտ և անվնաս նախապաշարումներով։ Մինչդեռ մենք գիտենք, որ նա անհաշիվ աղետներ է բերել մարդկության գլխին։ Խո գիտես ինչ բան է կրոնական մոլեռանդությունը. մարդիկ դուրս են գալիս հոգեկան նորմալ դրությունից, խելագարվում են, գազանանում և կամ իրենց են չարչարում ու մորթում, կամ ուրիշ իրենց նման արարածների։ Ոչ մի համաճարակ հիվանդություն, ոչ խոլերան, ոչ ժանտախտը և ոչ նույնիսկ ամենամեծ պատերազմներն այնքան զոհեր չեն տարել, որքան տարել և տանում է նույնիսկ մեր ժամանակում կրոնական մոլեռանդության համաճարակը։ Հիշիր, քրիստոնեության առաջին դասերը, ինկվիզիցիան, հիշիր իսլամականության կատաղի բռնկումները, կամ թեկուզ հենց բուդդայականությունը, որը թեև ուրիշի մի մազին անգամ չի դիպչում, չի գործում քրիստոնեության և մահմեդականության պես հրով ու սրով, բայց դրա փոխարեն ուտում է ինքն իրեն, կամաց-կամաց ծծում, մաշում և մահացնում ի՛ր իսկ օբյեկտին։ Դեռևս ո՛չ մի կրոն աշխարհիս երեսին ոչինչ չի վերածնել, ոչ մի բանի կյանք ու կենդանություն չի տվել, այլ միայն կործանել է, կործանել է շարունակ և շարունակ շահ ու ավեր է տարածել իր շուրջը ամենակուլ վիշապի պես...
Մանեն նորից դարձել էր դեպի լուսամուտը և նայում էր դուրս։ Նրա առջև բացված էր ամբողջ արևմուտքը և քաղաքի մի մասը սարալանջին՝ իրար վրա կուտակված տներով, որոնց բազմերանգ տանիքները կարծես թե դարսված էին իրար վրա ձկան թեփի պես։ Արևմուտքում, լեռան քամակին, մի ամբողջ ֆեյերվերկ էր վառված անշարժ ու հուրհրատին. նոր մայր մտած արևը հուժկու թափով դուրս էր շպրտել լեռան հետևից իր բոցավառ ճաճանչները հսկայական հովհարի պես. և այդ ճաճանչները ադամանդյա երկայն ասեղների նման ցցվել էին երկնքի վրա անշարժ կանգնած նոսր ամպերի մեջ։ Լեռը հսկայական մի ստվեր էր ձգել իր լանջին կուտակված տների վրա և խաղաղ, հետզհետե զովացող օդը կարծես թե լցված էր ոսկու փոշով։
Մանեն մռայլ հայացքով նայում էր իր առջև բացված այդ հրաշալի տեսարանին, սրտի մեջ զգալով ինչ-որ անորակելի հույզեր ու կրքեր, և հետևից լսում էր Հեղինեի ձայնը, որը ճռնչում էր ծղրիդի պես ջղերը քայքայելու չափ երկար, հանդուգն ու համառ։ Նա զգում էր, որ ընկերուհու ասածների մեջ ճշմարտություններ շատ կան, բայց և, միևնույն ժամանակ, մի անորոշ բան նրա հոգու խորքում բողոքում և չէր ուզում հաշտվել այդ ճշմարտությունների հետ։
Հանկարծ նա ցնցվեց իրանի վրա զգացած ինչ-որ անախորժ մի բանի շփումից, կարծես մեջքին օձ էր ուզում փաթաթվի, և միևնույն ժամանակ ականջի մոտ լսեց Հեղինեի հեգնական ձայնը.
Ճշմարիտ չե՞մ ասում արդյոք, իմ սիրուն տիկին։
Չգիտեմ, կամաց արտասանեց Մանեն և, արագորեն ազատելով իրանը նրա անախորժ գրկախառնությունից, սկսեց անցուդարձ անել սենյակում ջղային քայլերով։
Չգիտե՜ս... ինչպե՜ս չգիտես, բացականչեց Հեղինեն։ Գիտե՛ս, բայց հին մտքերդ շարունակում են քշե՛լ քեզ իրենց հին ճանապարհով։ Ես քեզ շատ լավ եմ հասկանում. քո մեջ կատարվում է հնի և նորի կռիվը։ Բայց եթե չես ուզում այդ կռվի զոհը դառնալ, պետք է միանգամից անցնես այդ երկու հակառակ և մեկը մյուսին ոչնչացնող տարրերից ամենազորավորի կողմը, որը նորն է, իհարկե։ Այլապես կոմպրոմիսները չեն օգնի։ Այսինքն՝ այդ բանն այժմ շատ դժվար է քեզ համար, որովհետև մի անգամ արդեն այնպիսի մի հիմարություն ես արել, որ...
Մանեն կանգ առավ ակամա և զարմացած նայեց ընկերուհու աչքերին։
Ի՞նչ հիմարություն:
Որ ամուսնացել ես։ Ի՞նչ բան է ամուսնությունը կնոջ համար, անխորտակելի մի շղթա, որ պինդ կապում է նրա ոչ թե միայն ձեռքն ու ոտքը, այլև սիրտը, հոգին, ուղեղը ամե՛ն բան։ Ի՞նչ բան է ամուսնացած կինը. ստրուկ, փալաս, տան զարդ, տղամարդու հեշտասիրության առարկան, նրա անկողնի ընկերը միայն, և ուրիշ ոչինչ, ոչինչ, ոչինչ...
Դու զզվելի գաղափար ունիս ամուսնության մասին, նկատեց Մանեն նողկանքով։
Ոչ, սիրելիս, ես ճիշտ այն գաղափարն ունիմ ամուսնության մասին, ինչ գաղափար որ նա պարունակում է իր մեջ։ Մնացածը կամ կեղծիք է, կամ անհասկացողություն, կամ ինքնախաբեություն։
Ուրեմն ամուսնությունը դու... անբարոյականությո՞ւն ես համարում։
Ես ավելի զորավոր բառով կարտահայտեմ այդ: Ամուսնությունն ես պոռնկություն եմ համարում...
Էլե՜ն...
Այո՛, պոռնկություն... սրբագործված պոռնկություն, որով ամուսնությունն ավելի ևս զզվելի պիտի լինի հասկացողի համար, բացականչեց Հեղինեն և, ինչպես երևում էր նրա վառվող աչքերից, ամենևին կատակ չէր անում։ Ամուսնությունը պոռնկություն չի լինիլ ա՛յն ժամանակ միայն, երբ կինը մարդկային իրավունքների տեսակետից համահավասար աստիճանի վրա կլինի կանգնած տղամարդու հետ կյանքի բոլոր ասպարեզներում և երբ կինը ծախու առարկա չի լինի, այլ տղամարդու պես ազատ ընտրող։ Ցույց տուր ինձ, խնդրեմ, մի կին, մի հատիկ կին, որ ամուսնության գործում ազատ ընտրող լինի հանդիսացած։
Եթե խոսքդ իմ մասին է, կարող եմ հավատացնել քեզ, որ «այո» ասելիս ոչ ոք չի բռնաբարել իմ կամքը։
Հեղինեն քրքջաց իր ձայնի անախորժ ծկլթոցներով։
Եվ դու, ա՛յ միամիտ, կարծում ես, թե կարո՞ղ էիր ասել «ոչ», բացականչեց նա։ «Ոչ» չէիր կարող ասել, որովհետև նախ՝ այդ բառը վաղուց ջնջված է կնոջ բառարանի միջից և երկրորդ՝ եթե «ոչ» ասեիր, այդ միևնույնը կլիներ, թե ինքդ քեզ սովամահի դատապարտեիր։ Մի՞թե այնքան չես հասկանում, որ սոցիալական այժմյան պայմաններում կինն ամուսնանում է նրա համար միայն, որ ինքն իրեն կերակրել չի կարող, որովհետև նրան չեն սովորեցրել և թույլ չեն տալիս իր հալալ քրտինքով հաց ճարելու։ Ուստի բոլոր, այսպես կոչված, օրինավոր ընտանիքների աղջիկները ստիպված են ամուսնանալ, այսինքն ճարել մի տղամարդ, որ պահի իրենց, այլապես նրանց կմնար կամ կուսանոց մտնել, կամ անառականոց։ Բայց որովհետև կուսանոցի դռներն ավելի նեղ են, ուստի եզրակացությունը պարզ է... Ահավասիկ, սիրելիս, այդ է եղել բուն պատճառը, որ դու ասել ես «այո», և ոչ թե այն, թե ոչ ոք չի բռնաբարել քո կամքը։ Կամքի բռնաբարումն այն ձևով, ինչ ձևով որ հնումն էր կատարվում, մեր ժամանակում չկա, իհարկե, նույնիսկ գյուղերում, բայց դրա փոխարեն կա այժմ այդ գերերջանիկ հնության հետևանքը, որ ավելի սարսափելի է։ Այդ հետևանքը հոգու և մտքի մասամբ բռնի և մասամբ կամավոր այն շղթայումն է, որի մեջ կաշկանդված՝ կինը չի հասկանում իր դրությունը կամ, եթե հասկանում էլ է, չի իմանում ինչ անի, ինչպես դուրս գա այդ դրությունից, և կամա-ակամա մնում է միշտ նույն կամազուրկ, նույն ճնշված, նույն բռնաբարված ողորմելի ստրուկը տղամարդու, իր տիրոջ ձեռքին։
Բայց խո դու դեմ չե՞ս ամուսնությանը, հարցրեց Մանեն զարմացած ոչ այնքան նրա խոսքերի, որքան այն լրջության վրա, որով պաշտպանում էր նա իր մտքերը։
Ես դեմ եմ միայն ամուսնության այժմյան հարեմական կարգերին, որոնց մեջ կինը նկատվում է ոչ ավելի, քան ծախու արարած, առանց որևէ իրավունքի, բայց մեկի ստրուկն ու հարճը լինելու անպայման պարտականությամբ։ Սա այնպիսի անբարոյականություն է, բարքերի այնպիսի այլասեռումն, որ այժմյան ամուսնության դեմ սովորական պոռնկությունը, հավատացնում եմ քեզ, շատ օրինավոր, շատ ազնիվ բան է հանդիսանում։ Սովորական պոռնիկ կինը ծախում է իր մարմինը և փոխարենը փող է ստանում փորը կշտացնելու համար, բայց նա ազատ է, նա անկախ է, ոչ մի պարտավորություն չի կաշկանդում նրան, նա վայելում է անհատի բոլոր իրավունքները և, երբ կամենա, կարող է վռնդել իրեն գնողին։ Իսկ ամուսնացող բարոյական կինը, իրեն ծախելով հանդերձ, ինքն է փող տալիս իրեն գնողին և դեռ խաչ ու ավետարանով էլ պարտավորվում է ցմահ հնազանդ լինելու նրան, այսինքն` նրա ստրուկը լինելու։ Վերցնենք օրինակ քեզ...
Էլե՛ն, այդ ինչե՜ր ես ասում, շշնջաց Մանեն այս անգամ պարզորեն ապշած նրա հանդգնության վրա։ Ես խո նրա համար չե՞մ եկել քեզ մոտ, որ վիրավորես ինձ...
Այ, ես այդպես էլ գիտեի, բացականչեց Հեղինեն ծիծաղելով։ Բուրժուական մորալն արդեն խոսեց քո մեջ։ Բայց անհոգ կաց, սիրելիս, ես ամենևին միտք չունիմ քեզ վիրավորելու։ Ես միայն ուզում եմ օգնել քեզ` դուրս գալու կախարդական այն դրությունից, որի մեջ գտնվում ես դու Բադամյանի...
Խնդրում եմ, այդ մասին ո՛չ մի խոսք, խստորեն ընդհատեց նրան Մանեն գունատվելով։
Հեղինեն նորից ծիծաղեց։
Մի՛ վախենալ, այդ մասին չեմ խոսելու, որովհետև գիտեմ, որ ինձ չես վստահանում, չնայելով որ ես քեզ անկեղծ սիրում եմ։ Է՛հ, ի՞նչ արած։ Այդ ավելի վատ քեզ համար, դառնորեն և մի քիչ վիրավորված` ավելացրեց Հեղինեն։
Մանեն նորից մոտեցավ լուսամուտին։
Արևն այժմ խորն էր մտել սարի հետևը և արագորեն հանգցնում էր իր բոցավառ ճաճանչները։ Հորիզոնի բազմերանգ գույները քանի հեռանում էին արևմուտքից, այնքան ավելի խունանում և աննկատելի կերպով միանում էին երկնքի լեղակագույն կապուտակի հետ։ Հորիզոնից դեպի վեր, դեպի երկնակամարի խորքն էին լողում սպիտակ ամպի նուրբ քուլաներ կարծես դաշտի մեջ արածելով հանգիստ դեպի իր գիշերային օթևանն էր գնում դառների ցրված մի հոտ։
Հեղինեն նստեց բազմոցի վրա, ոտը ոտի վրա դրեց և շարունակեց։
Քո վարմունքով դու միայն հաստատում ես, որ իմ ասածը ճշմարիտ է, այսինքն, որ քո հոգին ու միտքը շղթայված են և շղթայված ա՛յն աստիճան, որ չես ուզում թույլ տալ ոչ մի ազատ կրիտիկա։ Եթե հոգիդ ու միտքդ շղթայված չլինեին, այդպես չէիր տանջիլ ինքդ քեզ, չէիր աշխատիլ սպանել քո մեջ ազատ սիրո զգացումը, այդ բանը հանցանք համարելով։ Հիշո՞ւմ ես, մի անգամ ասացիր ինձ, թե ամուսնացած կինը իրավունք չունի սիրելու ուրիշ տղամարդու։ Եվրոպացի կինը կծիծաղեր, եթե ավելին չասեմ, քո ասիական կլասիկ այդ խոսքերի վրա։ Դրանից ավելի զորավոր ապացույց չէիր կարող տալ, որ հոգիդ ու միտքդ շղթայված են ստրկական կյանքի և բուրժուական մորալի մի որոշ ուզո՞ւմ ես ասեմ կրոնական սնահավատության մեջ, որից դուրս ամեն ինչ և ամենից ավելի ազատ սերը սոսկալի մի հանցանք, մահացու մի մեղք է թվում քեզ։ Ի՞նչ հանցանք, սիրելիս, ի՞նչ մեղք։ Ո՞վ է գրել այդ հանցանքի, այդ մեղքի կրիտերիումը։ Ծննդաբեր կնոջ գլխին տղամարդու փափախ և բարձի տակ սոխաշար շամփուր դնող մեր պառավնե՞րը։ Ախր մեկ մտածիր, հոգիս. չէ՞ որ դրանք, այդ պառավները, առսակավն ամոթալի ավտորիտետներ են քեզ պես կրթված, ինտելիգենտ մի կնոջ համար։ Մի քիչ կոչում արա քո առողջ դատողությանը, այն կրթությանը, որ ստացել ես, այն գրքերին, որ կարդում ես և կտեսնես, որ պառավական այդ ցնդաբանությունները մի ժանգոտ գրոշի արժեք անգամ չունին և ընդունակ են միայն հոգեկան ապարդյուն տանջանքներ պատճառելու։ Չե՞մ տեսնում, ինչ է, որքան փոխել, մաշել և ջղային են դարձրել քեզ այդ հիմար տանջանքները։ Ոչինչ ինձ վրա այնքան ծանր տպավորություն չի գործում, որքան ա՛յն, երբ տեսնում եմ, որ եզներն իրենք են իրենց ոտով գնում և վզները լծան տակ կոխում: Այդպիսի տպավորություն ես գործում դու ինձ վրա։ Հավատա, սիրելիս, որ մարդ բնության ձայնից ավելի լավ ղեկավար չի կարող ճարել իր համար։ Իսկ բնությունն ամենից առաջ սիրում է ազատություն, ազատություն ամեն բանի մեջ։ Եվ բնության ձայնն է միայն, որ ընդունակ է ցույց տալու ուղիղ ճանապարհը տարակուսանքների մեջ չմոլորվելու համար, միայն թե մարդ ականջ ունենա լսելու, հոգի ունենա ըմբռնելու և խելք ունենա հասկանալու։ Բնության ձայնով եմ ես առաջնորդվել միշտ, և տես` ինձնից էլ ազատ, անկախ, կենսուրախ և անհոգ արարա՜ծ...
Բնության ձա՜յնը, շշնջաց Մանեն, կարծես ինքն իրեն, մտառու հայացքը հեռու հորիզոնին հառած։ Դրանով խո անասուններն էլ են առաջնորդվում։ Բայց մենք, որ մարդ ենք, աստծու պատկերը կրող էակ, բանական, իմացական արարած, հապա ինչո՞ւ է մեզ տրված ամենաբարձր այս շնորհը այս բանականությունը, այս իմացականությունը։ Ինչո՞ւ համար մեր գլխի մեջ գործում է այս ուղեղը, մեր կրծքի մեջ բաբախում այս սիրտը, երբ մենք էլ, անասունների պես, պիտի ման գանք չորս ոտի վրա և կույր, կոպիտ, ստոր բնազդից զատ ուրիշ ավելի բարձր, ավելի վեհ, ավելի նվիրական ու կարող ձայնի ղեկավարություն չպիտի ճանաչենք։ Օ՜, ուրեմն քանդենք այս տները, մարենք մեր օջախները, գահընկեց անենք հանճարներին, կործանենք նրանց ստեղծած տաճարները, հալածենք, ոչնչացնենք ամեն բան, ինչ որ բարձր է անասնականությունից, ինչ որ վեհ է և սուրբ, ինչ որ աստվածային կնիք է կրում իր վրա։ Ուրեմն մոռանանք, մոռանանք իսպառ, որ աշխարհիս երեսին դա եղել է մեկը, որ իր սեփական արյունով հանել է մարդկությունն անասնականությունից, փրկել է նրան հեթանոսության կապանքներից, բարձրացրել է նրան մինչև երկնքի աստղերը, և նորից իջնենք դեպի ցած, դեպի մեր նախնական վիճակը, գնանք ախոռների մեջ դարման անենք, դաշտերի մեջ խոտ արածենք, թավալգլոր գանք ցեխի մեջ և քաղցած ժամանակ հոշոտենք իրար, որովհետև այս է պահանջում բնության ձայնը... Ա՞յս ես պահանջում, հա՞, ա՞յս է քո պահանջածը, բացականչեց Մանեն, հանկարծ` ամբողջ մարմնով դառնալով դեպի Հեղինեն, և նրա աչքերը վառվում էին ներքին բուռն հուզումից։ Մինչդեռ ես կասեմ, որ ա՛յն, ինչ որ դու ես քարոզում, սոփեստություն է, ստություն է, կեղծիք է, դիմակ է միայն։ Իսկ ճշմարտությունն ա՛յն է, որ դուք սարսափելի եսասերներ եք, բանական արարածի պատկերը կորցնելու չափ եսասերներ։ Ձեզ անծանոթ է քրիստոնեական գթության, անձնվիրության, անձնազոհության, նույնիսկ պարզ խղճահարության զգացումը, որովհետև դուք միայն ձեր անձի մասին եք մտածում։ Դուք գոհ և երջանիկ լինիք, թեկուզ ուրիշները դժոխային տանջանքներ էլ կրեն ձեր պատճառով, այդ ձեր հոգը չէ։ Ահա՛ թե ինչ մարդիկ եք դուք։
Հուզումից շառագունել էր Մանեի դեմքը. վզի և քունքերի վրա, նուրբ կաշու տակ, լցվել էին երակները. խոշոր աչքերը վառվում էին անկեղծ զայրույթով։ Նա այնքան գեղեցիկ էր այդ րոպեին, որ շատ էլ քնքուշ զգացումներ չունեցող ընկերուհին նայում էր նրան ուղղակի հրճվանքով և իր շարժուն դեմքի չարաճճի ծամածռություններով կարծես աշխատում էր ավելի գրգռել նրան, որ նա ավելի գեղեցկանա։
Երբ Մանեն վերջացրեց, Հեղինեն վեր թռավ, վազեց դեպի նա և գրեթե բռնությամբ տիրապետեց նրա ձեռքերին։
Դու պաթոսով խոսել էլ ես իմանում, ես այդ չգիտեի, բացականչեց նա ծիծաղելով։ Հիանալի՜ էր։ Երդվում եմ ազիզ արևովդ, հրճվանքով էի լսում և մանավանդ դիտում, որովհետև չես կարող երևակայել, թե որքա՜ն գեղեցկանում ես գրգռված խոսելիս։ Երևակայում եմ, որ եթե դերասանուհի լինիս և մի որևէ տրագիկական դեր լինիս կատարելիս, ո՛րպիսի ֆուրոր կհանես քո այդ գեղեցկությամբ, զայրույթի այդ անկեղծ ոգևորությամբ, կրծքային ձայնիդ այդ հրաշալի ինտոնացիաներով... Դե՛, շատ մի խլպլտալ, ձեռքերդ բաց չեմ թողնելու... Քո այդ սիրուն մոնոլոգից հետո ես միայն մի բան եմ ուզում հարցնել քեզ. արդյոք իմ հայտնած մտքե՞րն են քեզ այդպես գրգռում, թե ուրիշ որևէ մի բանով եմ մեղանչել քո դեմ։
Իմ դեմ չէ՛, որ մեղանչել ես դու, այլ մեղանչում ես աստծու դեմ։
Ինչո՞վ։ Որ ժամ չեմ գնում, պաս չեմ պահում, չեմ հաղորդվում և... սիրո՞ւմ եմ քեզ։
Որ դու Նասիբյանի կնոջն ու մորն այնպիսի աղետալի վիճակի մեջ ես դրել, ահա՛ թե ինչով ես մեղանչել աստծու դեմ, այլևս չկարողանալով հանդուրժել Հեղինեի հեգնություններին, ուղղակի շպրտեց նրա երեսին Մանեն։
Ինչ ասացի՞ր, արագ հարցրեց Հեղինեն, բաց թողնելով Մանեի ձեռքերը, և նրա ծիծաղկոտ դեմքը մի ակնթարթում լուրջ արտահայտություն ստացավ՝ լի հետաքրքրությամբ և զարմանքով։ Նասիբյանի կնոջն ու մո՞րն ասում ես... Ի՞նչ աղետալի վիճակ... Ի՞նչ կապ ունեն նրանք մեր խոսակցության հետ... Ես քեզ չեմ հասկանում։
Այն աստիճան անկեղծ էր Հեղինեի զարմանքը, որ Մանեն զղջաց, թե ինչու ինքն այդքան փոքրոգի եղավ ընկերուհու հեգնական նկատողությունների դեմ և, նրանից վրեժ լուծելու պախարակելի զգացումից դրդված, այդպես հանկարծ ու խստորեն ասաց այն, ինչ բանի համար որ եկել էր ընկերուհու մոտ և ինչ որ կարելի էր ասել նրան ավելի մեղմորեն։ Նրա զայրույթը մեղմացավ, և նա այս անգամ բարեկամական-հանդիմանական տոնով պատմեց այն բոլորը, ինչ որ լսել էր այդ օր եկեղեցու բակում Հոռոմսիմից։ Պատմելիս աշխատում էր կարելույն չափ շարժել Հեղինեի կարեկցությունը դեպի Նասիբյանի թշվառ ընտանիքը և ուրախությամբ տեսնում էր, որ ընկերուհին լսում է մեծ ուշադրությամբ և հետզհետե լցվում բարկությամբ։
Ցա՛ծ, ստո՛ր, գարշելի՛ մարդ, բացականչեց Հեղինեն, այլևս չկարողանալով զսպել իրեն, և սաստիկ հուզված՝ սկսեց անցուդարձ անել սենյակում արագ, փոքրիկ, ջղոտ քայլերով, որի ժամանակ նրա ոտների տակ ճռճռում էր հատակի մի տախտակը։ Հավատում եմ... կարծում ես չե՞մ հավատում... բոլոր բաներին հավատում եմ, ինչ որ պատմել է այն խեղճ պառավը... հավատում եմ, որովհետև այդ խոզի ճուտը, այդ չորացած ապուխտն ընդունակ է ամեն բանի... Ափսո՜ս միայն, որ ես այդ բաները չեմ իմացել, թե չէ...
Իբր թե՞...
Հեղինեն արագ նայեց Մանեին և, իսկույն քայլերի ընթացքը փոխելով, գնաց կանգնեց նրա առջև.
Մի՞թե դու ինձ վրա այն աստիճան վատ կարծիք ունիս, որ չես հավատում ասածիս, ասաց նա, խիստ լրջորեն նայելով ընկերուհու աչքերին։ Ի՞նչ անեմ, երդվե՞մ, որ հավատաս։ Ես քեզ լրջորեն ասում եմ, որ առաջին անգամն եմ իմանում նրա այդ ցածությունները։ Եվ որտեղի՞ց պիտի իմանայի. ինքը խո չէ՞ր պատմելու։ Թե չէ, որ իմանայի... Չես կարող երևակայել, թե որքա՛ն զզվում եմ այժմ նրանից, որովհետև չգիտես, ախր, թե որքա՛ն աներես մարդ է, որքա՛ն հանդուգն, որքա՛ն լիրբ: Այստեղս է հասցրել, ա՛յ (Հեղինեն աջ ձեռքի ցուցամատը կոխեց իր չաղ կզակի տակ)։ Տիզ, կատարյալ տիզ, կպել, պոկ չի գալիս։ Իսկ դու, ո՛վ գիտե, ինձ ես մեղադրում։ Շատ անգամ ուղղակի դուրս եմ անում, բայց նա, երեսը շան կաշի շինած, էլի շարունակում է թրև գալ հետևիցս, թե ինչ է՝ մի անգամ գլուխս քարովն եմ տվել և... Ա՜խ, այս հիշողությունն ուղղակի գժվեցնում է ինձ։ Որքա՜ն անփորձ, որքա՜ն հիմար եմ եղել առաջ... Տե՛ս, տես, ա՛յ, նա գալիս է։ Որ ասո՜ւմ եմ։ Որ ասո՜ւմ եմ, կրկնեց Հեղինեն, կարծես ֆիզիկական մի սուր ցավից աղաղակելով։
Մանեն լուսամուտից նայեց դեպի փողոց և տեսավ Նասիբյանին փոքրիկ, արագ քայլերով դեպի Հեղինեի բնակած տան դուռը դիմելիս։ Հետո բնազդմամբ նայեց ընկերուհուն և գրեթե վախեցավ ա՛յն աստիճան փոխված տեսավ Հեղինեի դեմքը։
Ես կգնամ, ասաց նա անհանգստացած։
Հեղինեն արագորեն բռնեց նրա ձեռքից։
Ո՞ւր... Չէ՛, սպասիր։ Դու պետք է մնաս և տեսնես քո աչքով, որ ես երես չեմ տալիս նրան։ Ես հիմա՛ եմ հասկանում, որ դու ինձ վրա այդ աստիճան զայրացած ես այդ սրիկայի պատճառով։ Քո բարեկամությունն այնքան թանկ է ինձ համար, որ ո՛չ մի պայմանով չէի կամենալ, որ դու որևէ կասկած տանեիր ինձ վրա։ Խնդրում եմ մնա։
Ոչ, աստված է վկա, լավ կլինի, որ...
Միևնույն է, չեմ թողնիլ, ընդհատեց նրան Հեղինեն այնպիսի համառությամբ, որ Մանեն ավելորդ համարեց պնդել իր հեռանալու վրա։ Ինչքան վատ գաղափար ուզում ես՝ կարող ես ունենալ իմ մասին, բայց որ կարծում ես, թե այդ սրիկայի արարքների մեջ իմ մատը խառն է, այդ շատ ծանր է ինձ համար։
Խիստ հուզված, նա պենսնեն պոկեց քթից, թաշկինակով սրբեց ապակիները և նորից դրեց քթին։ Նա բոլորովին կերպարանափոխվել էր. սովորական չարաճճի, կենսուրախ արտահայտության հետքն անգամ չէր մնացել նրա դեմքին, և այդ կլորիկ ու փափլիկ դեմքի վրա մսերը նկատելի կերպով ցնցվում էին ջղաձգաբար։ Նա գունատվել էր և փոքրիկ, կարծես մանկական, բերանի կաս-կարմիր շրթունքները կծում էր փղոսկրի պես` պլստող պստիկ ու պինդ ատամներով, իսկ ձեռքերը հետևը տարած` մսալի մատները բաց ու խուփ էր անում տարօրինակ կերպով. կարծես պատրաստվում էր կատվի պես հարձակվելու Նասիբյանի վրա, հենց որ նա մտներ։