Nar-Dos
Աննա Սարոյան
2
Սիրելի Հռիփսիմե,
Այս անգամ դարձյալ հորս մասին պետք է գրեմ, որովհետև բոլոր մտածությանս առարկան նրա տարօրինակ դրությունն է, որից մինչև այժմ ոչինչ չեմ հասկանում։
Անցյալ կիրակի մեր տուն եկավ Թոմաս Գասպարիչը։ Դու ճանաչում ես նրան այն անատամ, ժամանակից շատ վաղ ծերացած, անտերությունից սրա-նրա դռանն ապրող, իր ասելով՝ «օտստավնոյ տիտուլյարնի սովետնիկը», որ ոչ մի օր եկեղեցուց ետ չի ընկնում և ինչպես ավետարանն ու սաղմոսը, նույնպես և եկեղեցական բոլոր արարողությունները շատ լսելուց ու կարդալուց անգիր գիտե։ Նա նույնն է մնացել, ինչպես տեսել ես նրան երկու տարի առաջ. ծերության ժամանակ մարդկանց մեջ փոփոխությունը շատ աննկատելի է կատարվում։ Հագուստն էլ նույնն է. նույն խունացած գլխարկը կարմիր կանտերով, նույն խունացած նշանազգեստը՝ հնությունից սևացած երկաթե կոճակներով և նույն ձեռնափայտը, որից նստած ժամանակն անգամ չի բաժանվում։ Եղանակը, չնայելով աշուն էր, շատ տաք էր։ Ես նստած էի սենյակումս՝ բաց լուսամուտի առաջ և կարդում էի Տուրգենևը։ Եղբայրներս տանը չէին, մայրս խոհանոցումն էր, իսկ հայրս դուրսը, պատշգամբում։ Նա նստած էր լուսամուտից հեռու մեջքը դեպի ինձ արած և մտախոհ նայում էր քաղաքին։ Երևի չգիտեր, թե ես տանն եմ և նայում եմ իրեն, ապա թե ոչ աչքերիս առաջ անձնատուր չէր լինի իր տխուր մտածմունքներին։ Բայց նա այն աստիճան խորասուզված էր մտածմունքների մեջ, որ չնկատեց, թե ի՛նչպես Թոմաս Գասպարիչն իր դանդաղ, երերուն քայլերով մոտեցավ նրան։
Շատ խորն ես մտածում, աղա՛ Գևորգ, կարճ ժամանակ նրա մոտ լուռ կանգնելուց հետո, ասաց Թոմաս Գասպարիչը, իր բութ հայացքով կողքից շարունակ նայելով նրան։
Հայրս հանկարծ սթափվեց և նայեց նրան։ Առաջին նվագ, կարծես չկարողացավ ճանաչել նրան, որովհետև նախ մի րոպե, ըստ երևույթին զարմացած և լուռ, նայեց նրա դեմքին, հետո հանկարծ բացականչեց.
Ա՜, Թոմաս Գասպարի՞չ, այդ դո՞ւ ես... Բարև (ու մեկնեց նրան ձեռքը)։ Ի՞նչպես ես։ Քեֆդ լա՞վ է։ Համեցիր, նստիր։ (Նա կանչեց ծառային, որ մի աթոռ բերի)։ Նոր լուր կունենաս, ասա տեսնենք։ Անպատճառ եկեղեցուցն ես գալի։
Բաս ո՞րտեղից պետք է գամ, մրթմրթաց Թոմաս Գաապարիչը, կարծես նեղացած, որ այդ բանի համար դարձյալ հարցնում են իրեն։
Իհարկե, ինձ համար էլ կաղոթեիր։
Անպատճառ։ Քեզ համար էլ որ չաղոթեմ, աղա Գևորգ, բաս էլ ո՞ւմ համար պետք է աղոթեմ։
Քեզ համար։
Է, ամեն մարդ որ մենակ իր գլխի մասին մտածի, այդ ո՞ւր կգնա։
Իր գրպանն ու փորը... Բայց ասա տեսնենք՝ աղոթքիդ մեջ ի՞նչ էիր խնդրում ինձ համար։
Ի՞նչ... Ա՜յ ինչ, ասաց Թոմաս Գասպարիչը, նոտելով ծառայի բերած աթոռի վրա։ Նախ և առաջ խնդրում էի, որ ամենակարողն աստված քեզ և ընտանիքիդ երկար կյանք տա... «Կյանքս խնդրյաց ի քեն և ետուր նմա ընդերկայն ավուրս՝ հավիտյանս հավիտենից»։ Երկար կյանքն, իհարկե, ամեն բանից լավ է, այդպես չէ՞, աղա Գևորգ։
Իհարկե... շարունակիր։
Հա, նախ և առաջ խնդրում էի, որ ամենակարողն աստված քեզ...
Հեր օրհնած, այդ խո ասացիր, անհամբերությամբ և մի քիչ էլ ջղայնացած ընդհատեց հայրս։ Շարունակի՛ր։
Թոմաս Գասպարիչը տարակուսանքով և զարմացած նայեց նրան. առաջին անգամն էր, որ հայրս նրա հետ այդպես էր խոսում։
Հետո խնդրում էի, շարունակեց նա այս անգամ փոքր֊ինչ անվստահ եղանակով, որ ամենակարողն աստված քեզ և ընտանիքիդ...
Էլի՞, նորից ընդհատեց հայրս նրան անհամբերությամբ։
Չէ, աղա Գևորգ, շարունակում եմ, շտապեց պատասխանել խեղճ Թոմաս Գասպարիչը, ...որ ամենակարողն աստված քեզ և ընտանիքիդ երկար կյանքի հետ առողջություն տա... երկար կյանքն առանց առողջության, իհարկե, մի կոպեկ չարժե. այդպես չէ՞, աղա Գևորգ։
Այդպես է, այդպես... շարունակիր, մեքենայաբար կրկնեց հայրս, առաջվա նման մտախոհությամբ նայելով քաղաքին։ Նա կարծես այլևս չէր լսում Թոմաս Գասպարիչին։
Հետո խնդրում էի, շարունակեց Թոմաս Գասպարիչը, որ ամենակարողն աստված գործիդ հաջողություն տա, սրտիդ բարի ցանկություններին կատարումն տա, ուրախություն, երջանկություն տա, որդոցդ բարի միտք և սիրտ տա, որ քեզ սիրեն, հարգեն և պատվեն... Խնդրում էի, որ քեզ և բոլոր ընտանիքիդ ամեն չարից հեռու պահի, սատանայի փորձությունից ազատ պահի, թշնամու սրտով չանե. «փրկյա զիս իր ձեռաց թշնամյաց և ի հալածչաց իմոց», խնդրում էի, որ իր սուրբ ողորմությունը միշտ անպակաս անի քեզնից և քո ընտանիքից. «ողորմություն քո, տեր, զհետ իմ եկեսցե զամենայն ավուրս կենաց իմոց»...
Նա լռեց և կարծես նոր տեսավ, որ հայրս ոչ նայում էր և ոչ լսում նրան։ Նա գլուխը փոքր-ինչ թեքելով, առաջ տարավ, որպեսզի լավ նայի հորս դեմքին, որ ամբողջապես դեպի քաղաքն էր դարձած։
Հը, ի՞նչ է, պրծա՞ր, մտախոհությունից սթափվելով և դեմքը դեպի նա դարձնելով, հարցրեց հայրս։
Ես պրծա, աղա Գևորգ, բայց դու ինձ չէիր լսում, կարծես։
Կարծե՜ս, հարեց հայրս ծաղրական եղանակով։ Ընդհակառակն, իմ պատվելի տիտուլյարնի սովետնիկ, ես քո պատմածն ավելի լավ էի լսում, քան թե դու ինքդ... Բայց այդ թողնենք, ուրիշ բան խոսենք... Ինչ նոր լուր ունես, ասա տեսնենք։
Է՛հ, աղա Գևորգ, ես ինչ նոր լուր պետք է գիտենամ. բացի եկեղեցուց, ո՞ւր եմ գնում, որ ինչ լուր լսեմ... Լրագիրը դուք եք ստանում, նոր լուրերը դու կլինես կարդացած։
Այս քանի ժամանակ է ինչ ձեռքս լրագիր չեմ առել... Ապա գնա տես, սեղանի վրա կլինի լրագիրը, բեր կարդա մոտս... Սպասիր, լա՛վ, դու նեղություն մի կրիր, ծառան կբերի։
Նա դարձյալ կանչեց ծառային և հրամայեց, որ լրագիրը բերի։
Ես լուսամուտից տվեցի ծառային լրագրի համարը։ Ծառան տարավ տվեց Թոմաս Գասպարիչին։
Թոմաս Գասպարիչը նախ հանեց ակնոցը, որ պահում է, ինչպես գիտես, առանձին պատյանի մեջ, դրեց աչքերին և սկսեց կարդալ։ Կարդաց մի քանի լուր, թե ինչպես մի երիտասարդ անհայտ պատճառներից այսինչ տեղն և այսինչ ժամանակ անձնասպանություն է գործել («սիրահարված կլիներ» այստեղ նկատեց հայրս), թե ինչպես մի կին մի անգամից երեք երեխա է ծնել, երեքն էլ կենդանի, թե ինչպես այսինչ տեղ ավազակները ճանապարհին կողոպտել և սպանել են ճանապարհորդներին, թե ինչպես այսինչ հայտնի վաճառականը սնանկացել է, նրա բոլոր կայքը գրավել, աճուրդով վաճառել են...
Հայրս սկզբում, ըստ երևույթին, հետաքրքրությամբ էր լսում Թոմաս Գասպարիչին, բայց վերջինս այնքան դանդաղ և անվարժ էր կարդում, որ նա շատ շուտով ձանձրացավ և դեմքը դարձյալ շրջեց դեպի քաղաքը։ Սակայն, ինչպես նկատում էի, այնուամենայնիվ, լսում էր և լսում ինքն իրեն ստիպելով. կարծես չէր ուզում անձնատուր լինել մտախոհությանը, որ ինչպես երևում էր, ակամա պաշարում էր նրան։ Վերջ ի վերջո դարձյալ սկսեց հետաքրքրությամբ լսել, և զարմանալի է՝ նրա հետաքրքրությունն այն աստիճանի հասավ, որ մինչև անգամ դարձավ Թոմաս Գասպարիչի կողմը, արմունկով կռթնեց ծնկան վրա և սկսեց շեշտակի նայել նրա շրթունքներին։ Այս անգամ տեսնում էի նրա դեմքը և երբեք չեմ կարող մոռանալ այն հայացքը, որով նայում էր այդ ժամանակ. այդ հայացքի մեջ կար և մեծ հետաքրքրություն, և մեծ երկյուղ, և մի տեսակ բան, որ ոչ կատաղություն էր, ոչ ստրջանք և ոչ հուսահատություն։ Վերջին լուրը լսելով, հանկարծ այնպիսի ուժով դուրս խլեց լրագիրը Թոմաս Գասպարիչի ձեռքից, գոռալով «Ինչ վա՜տ ես կարդում» այնպես ճղեց և ձեռքում ճմլելով, շպրտեց պատշգամբից ներքև, որ կարծեցի, թե խելագարվեց։ Ինքս էլ չիմացա, թե ինչպես այդ ժամանակ գլուխս հանեցի լուսամուտից դեպի դուրս և նայեցի նրա կողմը։ Նա հանկարծ տեսավ ինձ, և ես մինչև հիմա էլ զարմացած եմ մնացել, թե ինչպես այնպես արագ կարողացավ փոխել դեմքի արտահայտությունը, ձեռքերը վայր թողած՝ կանգնեց հանդարտ, աչքերը խոնարհեցրեց, ներքին շրթունքը կախեց (ինչպես այդ արավ մի անգամ, երբ հարցրի նրա մտահոգության պատճառը) և ասաց բարակ, իբրև թե մանկական ձայնով.
Ես ինչ մեղավոր եմ, օրիորդ... բաս ինչո՞ւ Թոմաս Գասպարիչը այնպես վատ է կարդում...
Բայց այս անգամ չծիծաղեցի, ինչպես առաջ. արդյոք նրա՞ համար, որ արդեն հասկանում էի, թե ինչ են նշանակում նրա այդպիսի կատակները, թե՞ նրա համար, որ այս անգամ նրա կատակը բավական անհամ դուրս եկավ չգիտեմ։ Այդ, կարծես ինքն էլ զգաց և, մի րոպե շփոթվելով իմ անթարթ, լուրջ հայացքից, հանկարծ նայեց Թոմաս Գասպարիչին և բարձրաձայն ծիծաղեց։
Աննա, բացականչեց նա, առանց իմ կողմը նայելու, թե աստվածդ կսիրես, մեկ նայիր մեր տիտուլյարնի սովետնիկին։
Նայեցի Թոմաս Գասպարիչին, բայց դարձյալ չծիծաղեցի, թեև այդ րոպեին նա շատ ծիծաղելի էր։ Նստած էր անշարժ՝ ակնոցն աչքերին և կատարյալ ապուշի նման բերանը բաց՝ նայում էր հորս։ Նրա ձեռքերը մնացել էին այնպես, ինչպես որ բռնած ուներ լրագիրը կարդալիս։ Կարծես նրան դիտմամբ նստեցրել էին այդ դրության մեջ, որպեսզի հանեն նրանից մի ծաղրական պատկեր։ Հորս բարձրաձայն ծիծաղից նա հանկարծ սթափվեց և ժպտալով դարձավ ինձ.
Տեսնո՞ւմ ես, Աննա, ինչ չարաճճի մարդ է եղել հայրդ, ասաց գլուխը շարժելով։ Լրագիրը ձեռքիցս խլեց, ճղեց, ճխլեց, պատշգամբից ներքև գցեց, ասա ինչո՞ւ...
Նրա համար, իմ պատվելի տիտուլյարնի սովետնիկ, որ... ճաշին մեզ մոտ կլինես, ասաց հայրս և գնաց դեպի իր առանձնասենյակը։
Դիտմամբ այս անցքն այսպես մանրամասն նկարագրեցի նամակիս մեջ, սիրելի Հռիփսիմե, որպեսզի ցույց տամ, թե որքան մեծ է այն գաղտնի վիշտը, որ այնքան մտատանջություն պատճառելով, այսպիսի դրության մեջ է ձգել հորս։
Ինչպե՜ս վախենում եմ, թե մի՛ գուցե խելագարվի... Սարսափը, անասելի վիշտն ու հուսահատությունը պաշարում են ինձ, որ մտածում եմ, թե կարող է այդպիսի դժբախտություն պատահել... Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ... ինչո՞վ կարելի է այդ դժբախտության առաջն առնել...
Սրտիս վատ նախազգացումներից ես ավելի եմ սարսափում...
Ընդունի՛ր ջերմ համբույրներս։
Անգին քույրիկ,
Գուշակությունս ճիշտ դուրս եկավ. դժբախտությունը և այն էլ ի՜նչպիսի դժբախտություն առաջին անգամ բաց արավ մեր տան դուռն և ներս մտավ՝ այնտեղից այլևս երբեք չհեռանալու համար։ Մենք համարյա մի անգամից զրկվեցինք մեր բոլոր կարողությունից, մեր բոլոր հարստությունից. հայրս աջ ձեռքով անդամալույծ եղավ և խելագարվեց։ Ահա թե ինչ եղավ նրա բոլոր մտատանջությունների, նրա գաղտնի վշտի, նրա օտարոտի դրության հետևանքը։ Իսկ պատճառը հորս պարտքերն են եղել, որոնց գոյության մասին մենք նույնքան տեղեկություն ունեինք, որքան տեղեկություն ունեինք, թե մեր գլխին մի այսպիսի սարսափելի փորձանք պետք է գար... Բայց մինչև հիմա էլ զարմանքից չեմ կարողանում ուշքի գալ, թե հայրս այնքան պարտք ե՞րբ է արել, և ի՞նչ բանի համար... Մայրս ասում է, որ նա մոլի խաղացող էր. այդ ես ինքս էլ գիտեի, բայց մի՞թե խաղալով այդքան պարտքեր են անում, այդքան տանուլ են տալիս... Ո՛չ, ո՛չ, ես այդ բանին ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ և երբեք էլ չեմ հավատալ... Գուցե, այո, ուրիշ մարդիկ այդպես անեն, բայց իմ հայրը... դու խո քիչ թե շատ ճանաչում ես հորս, դու խո գիտես, թե որքան ազնիվ, պատվասեր և հեռատես մարդ էր նա. մի՞թե այդպիսի գեղեցիկ հատկություններ ունենալով նա կարող էր չհասկանալ, թե ապագայում ինչ սարսափելի հետևանքներ կարող էր ունենալ խաղալու սերը։ Ի՞նչ, մեծ է այդ սիրո, այդ մոլության զորությունը, մարդկային բոլոր գեղեցիկ հատկությունները կորցնո՞ւմ են իրենց ուժը դրա առաջ. այո՞, ճի՞շտ է այդ, հավատալո՞ւ է այդ... Ով ուզում է թող այդ ճիշտ համարի, ով ուզում է թող հավատա դրան, բայց ես չեմ հավատում. չեմ հավատում՝ որովհետև այդ անկարելի եմ համարում գոնե հորս վերաբերմամբ... Ա՜խ, մի՛ կարծիր, թե որդիական անհուն սիրուց կուրացած միայն՝ ես այսպես պաշտպանում եմ հորս. ո՛չ, ամենքն էլ, ով ճանաչում է նրան, կասեն, որ հայրս այդպես թեթևամտությամբ չէր կարող վերաբերվել դեպի իր և իր ընտանիքի երջանկությունն ու պատիվը, որքան էլ նրա մեջ բուռն ցանկությամբ գործեր խաղալու սերը, մոլությունը։
Ես ճանաչում եմ հորս, ինչպես ինքս ինձ. նրա բնավորության բոլոր կողմերը, նրա հոգին բաց էր իմ առաջ, որպես մի պատկեր իր պարզ ու որոշ գծերով, և ես համարձակ, առանց կույր կողմնապահության պետք է ասեմ, որ նրա պես ընտանիքը պաշտող և նրա պատվի համար գլուխը ետ դրած մարդ ճրագով պիտի որոնել։ Ամենավաղ մանկությունիցս, գիտակցությանս բացվելու օրից սկսած մինչև այժմ դեռ չեմ հիշում գեթ մի օր, որ նա մի վատ խոսք ասած լիներ մորս, կամ մեզ իր գավակների վրա ձեռք լիներ բարձրացրած, նա մեզ պահել է միշտ սիրո և խաղաղության մեջ, ազատ ընտանեկան ամեն տեսակ տարաձայնություններից և երկպառակություններից, նա մեր ամենաչնչին կապրիզներն անգամ անտրտունջ բավարարել է և ընտանիքի երջանկության ու պատվի նախանձախնդիր նրա սրտի մեջ մենք միշտ հովանի կյանք ենք գտել։ Եվ այդ բոլորից հետո, ասա՛, սիրելիս, մի՞թե ես իրավունք ունեմ թեկուզ ենթադրելու, որ այդ միևնույն հայրս, որ միշտ անփոփոխ է մնացել իմ աչքում (և ես կերդվեմ, որ չեմ խաբվել), իր ընտանիքի երջանկությունը, պատիվը, ապագան, ամեն իևչ, որոնց համար կյանքը ետ ուներ դրած, այդպես թեթևամտորեն տանուլ տար կանաչ սեղանի վրա...
Ա՜խ, ո՛րքան ծանր է, ո՛րքան ծանր է, սիրելի քույրիկ... Այսքան ժամանակ ոչ մի ծանր վիշտ տեսած չլինելով մեր ընտանիքի մեջ, այժմ այս սոսկալի դժբախտության առաջ զգում եմ, որ հոգիս շատ հեշտությամբ է ընկճվում... Եվ կարե՞լի է միթե անվեհերությամբ դեմ գնալ ճակատագրի մի այսպիսի հարվածի։ Ո՞վ է ուշադրություն դարձնում, թե զրկվեցինք մեր բոլոր կարողությունից. դրա մասին չեմ էլ մտածում կամ գեթ ափսոսում, այլ հա՜յրս, հա՜յրս, ես տանջվում եմ հորս համար։ Ես և մեր բոլոր ընտանիքը կորցրինք մի այնպիսի հայր, որպիսին կարող չէ տալ աշխարհն իր բոլոր գանձերով։ Եվ դեռ փառք աստուծո այո, փառք աստուծո, որ կաթվածն այնքան էլ սաստիկ չէր, ապա թե ոչ, նա կարող էր բոլորովին անդամալույծ դառնալ կամ իսկույն մեռնել։
Բայց ամենից ավելի ինձ տանջում, հուսահատեցնում է այն հանգամանքը, որ նրա խելքն այլևս գլխին չէ։ Արդյոք հասկանո՞ւմ ես, երևակայո՞ւմ ես, սիրելի քույրիկ, թե ինչ է նշանակում խելագարված լինել։ Այդ նշանակում է լինել մեծ մարդ և միևնույն ժամանակ երեխա, այդ նշանակում է անել այն, ինչ որ շուրջդ ոչ ոք չի անում, և չի անի այն, ինչ որ շուրջդ ամենքն են անում, այդ նշանակում է հիմարների ծաղրի և խելոքների խղճահարության թշվառագույն առարկա լինել, այդ նշանակում է բնությունից անարգված լինել, մարդկային իրավունքներից զրկված լինել, ապրողների ցանկից դեռ կենդանության ժամանակ ջնջված լինել, այդ նշանակում է հազարավոր ապրողների մեջ ապրել իբրև առանձին մարդ, ինչպիսին մի ամայի անապատի մեջ, որտեղ շրջապատդ դեպի քեզ լուռ է և խուլ և որտեղ դու ինքդ շրջապատիդ համար լուռ ես և խուլ, այդ նշանակում է տեսնել և չճանաչել, լսել և չիմանալ, ապրել և չզգալ, այդ նշանակում է կրքեր չունենալ կյանքի խորհրդի այդ բանալիները։ Սոսկալի՜ է, սոսկալի՜...
Ների՜ր, սիրելի Հռիփսիմե, նամակս երկար չեմ կարող շարունակել. ամբողջ հոգեկան աշխարհս փշրված է։
Իմ քաղցրիկ ընկերուհի,
Շնորհակալ եմ ցավակցությանդ համար։ Այո՛, լավ կլիներ, շատ լավ, եթե մոտս լինեիր, զգում եմ, թե ո՛րքան կթեթևանար սիրտս այդ ժամանակ. բայց այդտեղից հեռանալդ անկարելի ես համարում։ Ինքս էլ գիտեմ, որ այդ անկարելի է, որ այդ քեզնից չի կախված, և այդ պատճառով երբեք չէի կամենալ, որ մի այդպիսի մեծ զոհաբերություն անեիր ինձ համար։ Վնաս չունի։ Այն էլ բավական է, որ մեր սրտերը կապում ենք իրար հետ նամակագրությամբ։
Մեր նախկին բնակարանից տեղափոխվեցինք. նա այլևս մեզ չի պատկանում։ Այնտեղից մեզ վռնդեցին գուցե այդ վերջին բառը քեզ շատ կոպիտ երևա, բայց այդ այդպես է մեզ վռնդեցին քաղաքավարի կերպով, և մեզ համար այդ առավել ևս զգալի էր... Երանի նրան, ով չի զգացել, թե ինչ է նշանակում իր նախկին մշտական բնակարանից վերջնականապես տեղափոխվել և այն էլ ինչպես ստիպված, ակամա։ Իսկույն զգում ես, որ սրտիցդ մի բան կտրվում է, ինչպես այն ժամանակ, երբ սրտակից բարեկամիդ հավիտյան մնաս բարև ես անում։ Տան պատուհանները, դռները, պատերը, յուրաքանչյուր աղյուսը, այնտեղ ընկած յուրաքանչյուր մի ծեղ զգում ես, որ անգին է քեզ համար, և դու ոչ մի կերպ չես ուզում բաժանվել, անջատվել նրանցից ընդմիշտ։ Այո՛, շատ դժվար է, ծանր է, դառն է հավիտյան թողնել և առավել ևս վռնդված լինել այնտեղից, որտեղ ծնվել և անց ես կացրել մանկությանդ ոսկի ժամերը և որտեղի հետ կապված են կյանքիդ ամենաքաղցր հիշողությունները։
Այժմ մենք բնակվում ենք մեր հին տանը, որ մի կերպ կարողացանք ազատել պարտապանների ճանկերից։ Դու տեսել ես այդ տունը՝ ետ ընկած փողոցում, խոնավ, մռայլ պատերով, որոնք կարծես միշտ լաց են լինում։ Ամեն անգամ, որ մտնում եմ այս տան սենյակները, մի տեսակ անբացատրելի, ծանր, սաստիկ ծանր թախիծ պատում է սիրտս, հուսահատությունն ու կատաղությունը միաժամանակ պաշարում են ինձ, և դառն արտասուքը ակամա խեղդում է կոկորդս...
Ա՜խ, Հռիփսիմե, անգին քույրիկս, որքան դառն, որքան անտանելի է կյանքը... Գոնե նա այնքան չնչին չլիներ, գոնե նա ունենար մի մեծ նշանակություն, մի մեծ նպատակ, որի համար արժենար կրել նրա տված այսքան դառնությունները... Ոչնչի համար չարաչար տանջվել մի՞թե մարդս դրա համար է միայն ծնված... Մի՞թե մարդուս կյանքը, որ վերջանում է ոչնչով, նրա խորհուրդը պետք է լինի նույնպես ոչինչ... մի՞թե... Ինչպիսի մռայլ մտքեր են պաշարում ինձ... Մտածությանս թելը խճճվում է և հանկարծ կտրվում... Ոչնչությո՜ւն, ոչնչությո՜ւն... Ես սարսափում եմ...
Երեկ ամբողջ մտավոր և հոգեկան աշխարհս այնպիսի մի հուզմունքի մեջ ընկավ, սիրելի Հռիփսիմե, որ նամակս չկարողացա շարունակել, գրիչս վայր ձգեցի, դուրս գնացի և, ինքս էլ չգիտեմ որտեղ և որքան ժամանակ, սկսեցի թափառել։ Վերջին ժամանակներս այդպիսի օտարոտի հուզմունքներ ինձ շատ հաճախ են պատահում։ Չնայելով, որ ես ոչ մի կերպ չեմ ուզում նրանց անձնատուր լինել, բայց նրանք ակամա հափշտակում են ինձ։ Եվ, զարմանալի է, չնայելով, որ այդ հուզմունքները ծանր, շատ ծանր են լինում, բայց, այնուամենայնիվ, մի տեսակ անբացատրելի թեթևություն են տալիս. ուրիշ կերպ ինչպես բացատրեմ հոգեկան այն դրությունը, որ ստանում եմ այդպիսի հուզմունքների ժամանակ. մտքերի մեջ խորասուզված՝ նայում եմ շուրջս, երկնքին, երկրին, ամբողջ բնությանը, նայում եմ մարդկանց, կենդանիներին, թռչուններին, միջատներին, նայում եմ, նայում և հանկարծ զգում եմ, որ մի տեսակ հեգնական ժպիտ ակամա ծամածռում է դեմքս։ Ոչնչությո՜ւն, ոչնչությո՜ւն, ոչնչությո՜ւն, արտասանում եմ ինքս ինձ և զգում եմ, որ սրտիս մեջ այլևս ոչ մի վիշտ, ոչ մի դառնություն չկա. մարդկային զգացողական բոլոր կարողություններս, կարծես, միանգամից դադարում են գործելուց կամ ոչ մի կարիք չեն ունենում գործելու։ Հավատը, հույսը և սերը, որոնք մարդկային կյանքի հիմունքն են համարվում, կարծես փշրվում, չքանում են իմ մեջ և այնուհետև ամեն բանի, մինչև անգամ մեր թշվառության վրա սկսում եմ նայել խորին սառնասրտությամբ, նույնիսկ արհամարհանքով... Սակայն բարեբախտաբար թե դժբախտաբար, այդ երկար չի տևում, սակավ առ սակավ այդ տարօրինակ դրությունից դուրս եմ գալիս, որի միջոցին երբեմնակի սարսափի նման մի տեսակ անբացատրելի սարսուռ ցնցում է ողջ մարմինս, կարծես մի ինչ-որ ոճրագործություն լինեմ կատարած... Ի վերջո, առաջվա վիշտն ու դառնությունը նորից պաշարում են ինձ, հոգիս նորից ընկճվում է, նորից սկսում եմ տանջվել... Որքա՜ն զարմանալի է մարդկային հոգեկան աշխարհը, որքա՜ն մութ, որքա՜ն անբացատրելի և անիմանալի խորշեր ունի նա։
Հորս դրությունը նույնն է, ինչ որ առաջ։ Նա բոլորովին խելագարված է, բայց նրա խելագարությունը շատ հանդարտ է, որի պատճառը, կարծում եմ, անդամալուծությունը պիտի լինի, չի կարողանում ազատ շարժումներ գործել կամ ազատ խոսել։ Սակայն վերջին օրերս ձեռնափայտի կամ իմ և մորս օգնությամբ կարողանում է կամաց ման գալ տանը, հազիվ շարժելով ոտները։ Նա ոչ ոքի չի կարողանում ճանաչել, պատահում է երբեմն, որ մայրս կամ եղբայրս մտնում են նրա մոտ, սկսում են խոսել նրա հետ, հարցնում են ճանաչում է իրենց. նա անթարթ, կարծես ամենայն մտառությամբ նայում է նրանց դեմքին, առողջ ձեռքում միշտ խաղացնելով թաշկինակը, դեմքը շրջում է նրանցից և չի պատասխանում։ Ինձ էլ չի ճանաչում, բայց ինձ հետ սիրով և քնքշությամբ է խոսում։ Երբ մտնում եմ նրա մոտ, ինչպես նկատում եմ, ուրախանում է, բայց եթե ամբողջ օրերով չերևամ էլ աչքին, չի հիշի։ Խոսակցությունը անմիտ է և անկապ, հարցերին պատասխանում է, բայց ոչ այն, ինչ որ ուղղակի այդ հարցերին է վերաբերում, այլ բոլորովին ուրիշ բան։ Ինձ միշտ սիրուն աղջիկ է անվանում, անունս մոռացել է և, չնայելով, որ ամեն անգամ հիշեցնում եմ անունս, ասում է և իսկույն էլ մոռանում։ Մի անգամ միայն այն էլ հազիվ երկու րոպե ճանաչեց ինձ և լաց եղավ։ Սակայն վերջին օրերումս, ինչպես նկատում եմ, ուշքը քիչ֊քիչ սկսում է գլխին գալ, անցյալից մի֊մի բան հիշում է և նույն րոպեին էլ մոռանում, իսկ առաջ բոլորովին ոչինչ չէր հիշում։ Այդ ինձ հույս է տալիս, որ վերջ ի վերջո գուցե առողջանա։ Բժիշկն էլ հույս է տալիս, բայց ասում է, որ կառողջանա ոչ բոլորովին։ Թո՛ղ, թո՛ղ ինչպես կուզե՝ առողջանա, միայն թե ներկա դրության մեջ մինչև վերջը չտեսնեմ նրան։ Դու չես կարող երևակայել, անգին քույրիկ, թե ի՜նչ սոսկալի, ի՜նչ անտանելի տանջանք եմ կրում ես, երբ ամեն անգամ, մտնելով նրա մոտ, հանդիպում եմ նրա միշտ անմտորեն ժպտող հայացքին և լսում եմ նրա նույնքան անմիտ թոթովանքը...
Անցյալ օրն էր։ Ինչպես միշտ, նույնպես և այդ առավոտ, մտա նրա սենյակը։ Մորս և ծառայի օգնությամբ արդեն հագնվել և լվացվել էր (առավոտները նա միշտ վաղ է զարթնում. առհասարակ շատ քիչ է քնում)։ Երբ ներս մտա, նստած էր մահճակալի վրա և թաշկինակն՝ իր սովորության համեմատ՝ խաղացնում էր ձեռքին։ Ինձ տեսնելուն պես դեմքը խոժոռեց (այդ առաջին անգամն էր, որ ինձ այդպես էր հանդիպում) և հետո, երևի ճանաչելով, ժպտաց և, բարևելու փոխարեն, թաշկինակը քնքշորեն իմ կողմը գցեց։ Իսկույն բռնեցի թաշկինակը, նախքան գետին կընկներ, և նստեցի նրա մահճակալի վրա։
Հայրիկ, ի՞նչպես ես այսօր, հարցրի թաշկինակը տալով նրան։
Լավ եմ, պատասխանեց իր մշտական, բայց այս անգամ, կարծես ամոթխած ժպիտով և թաշկինակը նորից սկսեց խաղացնել ձեռքին։
Հարցիս տված ուղղակի պատասխանը ինձ շատ ուրախացրեց։
Բայց ի՞նչդ է ցավում, հայրիկ, հարցրի, այս անգամ կամաց գրկելով նրա մեջքը։
Նայեց դեմքիս։ Այլևս չէր ժպտում։
Ի՞նչ, հարցրեց, կարծես, խորին մտառությամբ։
Ասում եմ՝ ի՞նչդ է ցավում, ո՞րտեղդ է ցավում։
Խոր հառաչեց և հայացքը դարձրեց դեպի լուսամուտը։
Շա՜տ վատ, շա՜տ վատ, արտասանեց կամաց, բայց այնքան սրտառուչ ձայնով, որ աչքերս լցվեցին արտասուքով։ Ես ավելի ամուր գրկեցի նրա մեջքը և երկար ժամանակ ոչինչ չկարողացա արտասանել։ Նա թաշկինակն այլևս չէր խաղացնում ձեռքին և՝ կարծես տխուր մտածմունքների մեջ ընկղմված՝ շարունակ նայում էր դեպի լուսամուտը։
Հայրիկ, ինձ չե՞ս ճանաչում, հարցրի վերջապես։
Նորից նայեց ինձ, կարծես, աշխատելով մտաբերելու, թե ո՛վ եմ։
Ոչ, պատասխանեց միայն։
Ես Աննան եմ, հայրիկ, ես քո աղջիկն եմ, բացականչեցի։
Ես աղջիկ չունեմ, անտարբերությամբ արտասանեց և դեմքը նորից դեպի լուսամուտը դարձրեց։
Ունես, ունես, ունես, հայրիկ, ի՞նչպես չէ, ունես աղջիկ, այդ ես եմ, ես քո Աննան եմ, մի՞թե ինձ չես հիշում։
Նա նույն անտանբերությամբ գլուխը շարժեց միայն և ոչինչ չպատասխանեց։ Հուսահատությունից, վշտից և անզորությունից պատրաստ էի աղիողորմ լաց լինելու, բայց կարողացա զսպել ինձ։
Երկար ժամանակ մենք լուռ էինք։ Առաջվա անորոշ մտախոհությամբ շարունակ նայում էր դեպի լուսամուտը, իսկ ես անթարթ՝ նրա դեմքին։ Որքա՜ն քաղցր բան էր հիշեցնում ինձ այդ դեմքը, այդ գրավիչ, այդ սիրուն, այդ փափուկ, քաղցր, միշտ ժպտող դեմքը, որ առողջ ժամանակ (հիմա էլ) նայողին, կարծես, գգվում, փայփայում էր և ակամա քաշում դեպի ինքը, սիրեցնել տալիս իրեն։ Երևակայությանս մեջ կենդանի կերպով և գիծ առ գիծ ներկայանում էին նրա այնքան ծիծաղելի ծամածռությունները, որ նա տալիս էր իր դեմքին կատակ անելիս։ Որքա՜ն սազում էին նրան այդ ծամածռությունները, որքա՜ն շնորհքով էր անում նա իր կատակները և որքա՜ն սիրում էի այդ... Հենց որ սկսում էր իր կատակները, ես սկսում էի ծիծաղել, ծիծաղում էի անդադար, մինչև որ մարմինս թուլանում էր, սիրտս ցավում և աչքերս ջրակալում էին։ Մի անգամ նստած էի դաշնամուրիս առաջ և նվագում էի, երբ հանկարծ, կիտած հոնքերով շտապով ներս մտավ և մոտեցավ ինձ։
Աննա, քեֆս խարաբ է, ասաց, իբրև թե մի անախորժ բանից նեղացած. թե արևդ կսիրես, վեր կաց, ուզում եմ «Բեթխեհեմի սենատն» ածել։
«Բեթհովենի սոնատը» բառերի գիտությամբ այդ աղավաղված արտասանությունը լսելով, թողի դաշնամուրի ստեղունքները և ծիծաղից թուլացա։ Նա սկսեց ծաղրել ինձ՝ իմ ծիծաղիս նմանեցնելով։ Դրանից ծիծաղս ավելի սաստկացավ. նա նույնպես սաստկացրեց իր նմանողական ծիծաղը։ Ես չկարողացա դիմանալ, վեր թռա և՝ կուրծքս բռնած՝ դուրս փախա սենյակից։
Ա՜խ, ինչքա՜ն լավ ժամանակ էր այդ. ինչքա՜ն երջանիկ էր նա, ինչքա՜ն երջանիկ էի ես, ինչքա՜ն երջանիկ էինք մենք ամենքս... Իսկ ա՞յժմ... ա՞յժմ... Երջանիկ, բայց անդառնալի անցյալի և թշվառ ներկայի դառն գիտակցությունը հանկարծ այնպիսի սաստկությամբ ճմլեց սիրտս, այնպես ճմլեց, որ չեմ հասկանում, թե ինչպես կարողացա դիմանալ այդ անասելի տանջանքին։ Երկար չկարողացա մնալ նրա մոտ. արտասուքն արդեն խեղդում էր ինձ. դուրս եկա և ինչպիսի դառնությամբ ողբացի մեր երջանիկ, անդառնալի անցյալը...
Ընդունիր ողջույնս, իմ անգին քույրիկ։
Սիրելի Հռհփսիմե, Հորս ցավալի դրությունն այն աստիճան զբաղեցնում էր ինձ, որ մեր ընտանիքի մյուս անդամների մասին վերջին անգամներս ոչինչ չէի գրում քեզ։ Բայց նախ պետք է ասեմ, որ հորս դրության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվել դեպի լավը։ Նա դարձյալ ոչ ոքի չի ճանաչում։ Մայրս, որ սկզբներում սաստիկ վշտանում էր և համարյա թե միշտ լաց էր լինում, այժմ, կարծես, հաշտվել է իր դրության հետ, և այլևս ոչ մի տրտունջ չեմ լսում նրա բերանից. նա, կարծես, տեղն ու տեղը սառել է։ Ամեն օր վաղ առավոտյան մտնում է հորս մոտ, հագցնում է, լվացվել է տալիս նրան, թեյ է խմեցնում, ձեռքից բռնած՝ սենյակում մի քանի անգամ անցուդարձ անել է տալիս, կեսօրին իր ձեռքով ճաշ է ուտեցնում և երեկոյան դարձյալ թեյ, գիշերը հանում պառկեցնում է քնելու, և այդ բոլորը կատարում է լուռ, երբեմն միայն խոր հառաչում է։ Շատ անգամ գիշերները լուսացնում է հիվանդի մոտ՝ աթոռի վրա, չնայելով թախանձանքիս, որ այդ պաշտոնի կատարումը ինձ թողնի։ Ամեն անգամ, քանի նայում եմ նրա գունատ, նիհարած դեմքին և անկենդան աչքերին, վշտից և կարեկցությունից սիրտս ճմլվում է։ Երևակայում եմ, թե ո՛րքան մեծ պիտի լինի այն լուռ վիշտը, որ բույն է դրել նրա սրտում։
Սակայն միայն հորս դրությունը չէ, որ նրան այդպես տանջում է. Գրիգորի դրությունն էլ պակաս մտատանջության առարկա չէ նրա համար։ Նամակներիցս մեկի մեջ, կարծես, գրել էի քեզ, որ Գրիգորը հազում է և բժիշկների խորհրդով առժամանակ դադարել է գիմնազիոն հաճախելուց։ Իսկ այժմ պիտի ասեմ, որ նրա դրությունն էլ վատացել է։ Սկզբներում նրա հազը թեև բոլորովին կտրվեց, բայց երկու շաբաթից հետո նորից լույս ընկավ և մինչև այժմ էլ շարունակվում է, օր-օրի վրա սաստկանալով, այնպես որ, ոչ գիշերը քուն ունի, ոչ ցերեկը հանգիստ։ Ուսումը շարունակելու մասին առայժմ կարելի չէ մտածել անգամ։ Հորս դրության հետ ես համարյա հաշտվել եմ, բայց այժմ սկսել է մտատանջել ինձ Գրիգորի դրությունը, և այդ տանջանքը պակաս տանջանք չէ։ Եթե տեսնես, թե որքան նա փոխվել է, և լսես նրա հազը...
Երեկ առավոտյան ժամը տասնևմեկն էր, բայց նա դեռ չէր վեր կացել անկողնից։ Չնայելով, որ ցուրտն ու խոնավությունը ստիպում են նրան տանից դուրս չգնալ, բայց առավոտները նա միշտ իր ժամանակին էր վեր կենում և օրվա ընթացքում համարյա երբեք չէր պառկում անկողնում, որքան էլ իրեն թույլ զգար, բայց այդ օրը, ինչպես ասացի, մինչև այդ ժամանակ դեռ չէր վեր կացել անկողնից։ Փոքր-ինչ վախեցած ներս մտա նրա սենյակը։ Նա պառկած էր հանգիստ՝ երեսը դեպի պատն արած։ Կարծեցի թե քնած է, այդ պատճառով, որպեսզի չանհանգստացնեմ նրան, զգուշությամբ մոտեցա նրա մահճակալին։ Բայց նա քնած չէր, նրա աչքերը բաց էին և, ինչպես երևում էր, անձնատուր էր եղել մտածության։ Կամաց խոնարհվեցի նրա դեմքի վրա, նա տեսավ ինձ, բայց մնաց նույն դրության մեջ։
Գրիգո՞ր, ինչպես ես, հարցրի կամաց։
Լավ եմ, քույրիկ, պատասխանեց շատ հանդարտ ձայնով։
Բայց ինչո՞ւ մինչև հիմա պառկած ես։
Վեր կացա, բայց շատ ցուրտ է, նորից պառկեցի։
Ես մնացի խոնարհված նրա դեմքի վրա։ Նա այնքան հանգիստ էր, որ կարծես չէր շնչում։
Գրիգոր, ի՞նչ ես մտածում, հարցրի երկար լռությունից հետո։
Իր հայացքն ինձ դարձրեց։
Ե՞ս։
Այո։
Ես ոչինչ չեմ մտածում։
Շուռ եկավ մեջքի վրա և ուղղակի նայեց աչքերիս։
Ինչո՞ւ աչքերդ միշտ այդպես կարմիր են, հարցրեց։
Աչքերս կարմիր չեն, փոքր֊ինչ շփոթված, բայց որքան կարելի էր հանգիստ ձայնով պատասխանեցի ես և վերմակով ծածկեցի նրա բաց կուրծքը։
Նրա դեմքը դժգոհության արտահայտություն ստացավ։
Է՜֊է՜հ, Աննա, դու քեզ ամենևին չես խղճում, արտասանեց տխուր ու մեղմ հանդիմանությամբ, և նույն րոպեին սաստիկ չոր հազը կարծես պատռեց նրա կուրծքը։ Շուռ եկավ պատի կողմը, գլուխը քիչ բարձրացրեց բարձի վրայից, հազաց, հազաց և անկողնի տակից հանելով թաշկինակը, թքեց վրան։ Սարսափեցի. թաշկինակի վրա արյուն տեսա, որ առաջ երբեք չէի տեսել։
Գրիգո՜ր, այդ ի՞նչ է, բացականչեցի ակամա։
Ի՞նչ է, հարցրեց հազիվ հանգստացած, բայց սաստիկ թուլացած ընկավ բարձի վրա։
Արյո՞ւն ես թքում։
Է՜հ, հիմար բան է, պատասխանեց, իբրև թե, արհամարհանքով, արժե՞ ուշադրություն դարձնել։
Վաղո՞ւց է, որ արյուն ես թքում։
Վաղուց է։
Անհուն սիրով և միևնույն ժամանակ սարսափած՝ մի ձեռքով կամաց գրկեցի նրան. զգում էի, թե ինչպես սիրտս մարում է։ Ոչինչ չկարողացա արտասանել։ Նա կարծես հասկացավ, թե այդ րոպեին ինչ անցավ մտքովս և ինչ էր կատարվում իմ մեջ։ Նա շատ տխուր ու մեղմորեն ժպտաց, և ես կյանքումս չեմ մոռանալ այն հայացքը, որ նա այդ ժպտի հետ ձգեց իմ դեմքին. բայց նա ոչինչ չարտասանեց, միայն ձեռքը հանեց վերմակի տակից և կամաց, քնքշորեն ուղղեց ճակատիս վրա թափված մազերը։
Այսօր հայրիկի մոտ եղե՞լ ես, հարցրեց երկար լռությունից հետո։
Եղել եմ։
Ի՞նչպես է։
Ինչպես առաջ։
Քեզ դարձյալ չճանաչեց։
Ոչ։
Մեզանից ոչ ոքի անունը գոնե չի՞ տալիս։
Ոչ։
Մայրիկին է՞լ չի ճանաչում։
Ոչ ոքի։
Ի՞նչ է խոսում։
Համարյա ոչինչ, միշտ լռում է։
Երևի չի կարողանում խոսել։
Երևի։
Երկուսս էլ լռեցինք։
Ինչո՞ւ ես ինձ այդպես նայում, քույրիկ, հարցրեց նա, լռությունը խզելով։
Հանկարծ զգացի, որ արտասուքը խեղդում է ինձ։ Արագությամբ համբուրեցի նրա ճակատը, թողի և ուղղվեցի դեպի դուռը։
Ա՛ննա, կանչեց ետևիցս։ Կանգ առա, առանց նրա կողմը նայելու։ Մայրիկին ոչինչ չասես։
Հասկացա, որ խոսքն արյան մասին էր։
Չեմ ասի, պատասխանեցի որքան կարող էի հանգիստ ձայնով, որ, սակայն, չհաջողվեց ինձ, և շտապով դուրս գնացի։ Եվ այդ ժամանակ թե ո՛րքան և ինչպես լաց եղա, սիրելի քույրիկ, դրա մասին լռում եմ։ Միանգամից սրտիս մեջ փշրվեց բոլո՜ր, բոլո՜ր հույսս...