Muratsan
Ռուզան
Արարված առաջին
ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ
Ջալալ իշխանի պալատում սրբատաշ քարերից շինված մի սրահ կամարակապ առաստաղով, նեղ և սրածայր պատուհաններով, որոնք ագուցած են գույնզգույն ապակիներով: Սրահն ունի երկու հակադիր սրակամար դռներ: Պատերի մոտ դրված են հնատարազ աթոռակներ ու բազմոցներ. վերջինները ծածկված են մետաքսով: Սրահի հատակը ծածկված է գորգերով:
ՏԵՍԻԼ Ա
Ասպրամ և Սուրիկ
ԱՍՊՐԱՄ. Ինչո՞ւ համար ես հետաքրքրվում, Սուրիկ։
ՍՈԻՐԻԿ. Նրա համար, որ դու սովորութուն չունիս օրիորդ Ռուզանի կացարանը հաճախելու, իսկ վերջին օրերս բոլոր ժամանակդ այս սրահներումն են անցնում։
ԱՍՊՐԱՄ. Այդ դու արդեն նկատե՞լ ես։
ՍՈԻՐԻԿ. Ոչ միայն ես, այլև պալատի ծառաները:
ԱՍՊՐԱՄ. Օ՛, այդ լավ չէ։ Ես չէի կամենալ, որ իմ քայլերը ուրիշները դիտեին։
ՍՈԻՐԻԿ. Գիտե՞ս, Ասպրամ, փասյաններն էլ ճիշտ քեզ նման են մտածում. գլուխները խրում են ձյունի մեջ և կարծում են թե՝ որսորդի աչքերից ծածկվեցին։
ԱՍՊՐԱՄ. էհ, ի՞նչ անենք։ Կինը հո փասյանից ավելի չի կարող մտածել։
ՍՈԻՐԻԿ. Ինչո՞ւ չէ, երբեմն սատանայից ավելի։
ԱՍՊՐԱՄ. Սատանայից ավելի՞. այդ ե՞րբ է լինում։
ՍՈԻՐԻԿ. Երբ կամենում է մի գաղտնիք զինքը սիրողից ծածկել։
ԱՍՊՐԱՄ. Ես ոչինչ չեմ ծածկում քեզանից:
ՍՈԻՐԻԿ. Ուրեմն ասա՛, ինչի՞ համար ես այդքան այս կողմերը հաճախում։
ԱՍՊՐԱՄ. (մտախոհ) Ինչի՞ համար։
ՍՈԻՐԻԿ. Հա՛, ինչու համար։
ԱՍՊՐԱՄ. Գիտե՞ս, ի՞նչ կա: Կամենում եմ հարստացնել թե ՛քեզ և թե՛ ինձ։
ՍՈՒՐԻԿ. Հարստացնե՞լ։
ԱՍՊՐԱՄ. Այո։
ՍՈԻՐԻԿ. Ինչպե՞ս. ոսկու հա՞նք ես գտել։
ԱՍՊՐԱՄ. Պապաք իշխանն արել է ինձ մի հանձնարարություն, որը եթե հաջողությամբ վերջացնեմ, հարյուր ոսկի պիտի ստանամ։
ՍՈԻՐԻԿ. Հարյուր ոսկի՞...
ԱՍՊՐԱՄ. Այո՛, հարյուր ոսկի, մի դանկ ոչ ավել և ոչ պակաս։
ՍՈԻՐԻԿ. Ի՞նչ հանձնարարություն է այդ:
ԱՍՊՐԱՄ. (զգուշությամբ այս ու այն կողմը նայելով)
Իշխանը պատվիրել է ինձ՝ աշխատել, ինչ միջոցով ուզում է լինի, գրավել օրիորդ Ռուզանի սիրտը դեպի Համտուն իշխանը։
ՍՈԻՐԻԿ. Ինչո՞ւ համար։
ԱՍՊՐԱՄ. Որպեսզի Համտունը խլե Ներսեհից նրա հարսնացուն։
ՍՈԻՐԻԿ. (զարմացած) Ինչպե՞ս։
ԱՍՊՐԱՄ. Հենց այնպես ինչպես արծիվը խլում է բազեից նրա որսը։
ՍՈԻՐԻԿ. Հասկանում եմ. բայց դու ի՞նչ կարող ես անել. չէ՞ որ Ռուզանը Ներսեհին է սիրում։
ԱՍՊՐԱՄ. Այդ նշանակություն չունի. Ռուզանը Համտունին էլ կսիրե, եթե սրա օգտին աշխատող լինի։ Չէ՞ որ աղջիկները լավին սիրում են՝ քանի դեռ լավագույնը չկա, բայց հենց որ սա հայտնվում է, լավին մոռանում են:
ՍՈՒՐԻԿ. (հեգնական ժպիտով) Մի՞թե, ես այդ չգիտեի։ Ուրեմն գործդ հաջողեցրել ես։
ԱՍՊՐԱՄ. Այնքան, որ կարող եմ ոսկիները ստանալ։
ՍՈՒՐԻԿ. Այդ մեծ բան է։ Կնշանակե անձամբ խոսել ես Ռուզանի հետ։
ԱՍՊՐԱՄ. Այո՛:
ՍՈՒՐԻԿ. Ի՞նչ էիր խոսում։
ԱՍՊՐԱՄ. Ինչ որ Պապաք իշխանը թելադրում է ինձ։
ՍՈՒՐԻԿ. Օրինա՞կ:
ԱՍՊՐԱՄ. Գովում էի շաարունակ Համտուն իշխանին՝ հիշելով նրա բարեմասնությունները, հռչակված անունը, նրա զորությունը, քաջատոհմությունը, հարստությունը, խելքը, գեղեցկությունը։ Պատմում էի առասպելներ Սյունյաց օրիորդների մասին, որոնք, իբր թե, խելագարվելու չափ սիրահարվել են Համտունին, բայց որոնց հպարտ իշխանը մերժել է սառնությամբ։ Ի վերջո հայտնեցին թե՝ Համտունը սիրում է միայն գեղեցիկ Ռուզանին, որից եթե մերժվի, անապատը պիտի քաշվի կուսակրոնություն ընդունելու։
ՍՈՒՐԻԿ. Եվ ի՞նչ օգուտ այդ զրույցներից։
ԱՍՊՐԱՄ. Նախ այն՝ որ Ռուզանն այսպիսով կընտելանա այն մտքին թե՝ Ներսեհից զատ կա և մի ուրիշ արժանավոր իշխան, որ հետամուտ է յուր սիրույն։ Երկրորդ՝ նա ինքն իրեն կսկսե համեմատություններ անել Ներսեհի և Համտունի մեջ և վերջինին ավելի գերազանց գտնելով՝ նրան էլ կընտրե փեսա։
ՍՈՒՐԻԿ. Բայց չէ՞ որ մեծ իշխանը Ռուզանի ձեռքը Ներսեհին է խոստացել։
ԱՍՊՐԱՄ. Այդ նշանակություն չունի։ Հենց որ Համտունն իմացավ, թե Ռուզանի սրտում բացվել է յուր համար մի փոքրիկ անկյուն, նա իսկույն փոխել կտա մեծ իշխանի որոշումը։
ՍՈՒՐԻԿ. Բայց բացվե՞լ է այդ անկյունը։
ԱՍՊՐԱՄ. Արդեն։
ՍՈԻՐԻԿ. Ի՞նչ ապացույց ունիս։
ԱՍՊՐԱՄ. Ահա՛, թե ինչ։ Ներսեհ իշխանի բացակայության պատճառը մինչև այսօր ծածկել են Ռուզանից՝ վախենալով թե՝ միգուցե նա անհանգստանա իմանալով, որ յուր փեսացուն գնացել է թաթարների դեմ կռվելու։ Պապաք իշխանի խորհրդով ես օրիորդին հայտնեցի թե՝ Ներսեհ իշխանը Խոխանաբերդ չէ գալիս այն պատճառով, որ մեծ իշխանը մերժել է նրան յուր ձեռը։ Օրիորդն այս նորությունը լսեց անտարբերությամբ։
ՍՈԻՐԻԿ. Եվ առանց հուզվելո՞ւ։
ԱՍՊՐԱՄ. Առանց հուզվելու։
ՍՈԻՐԻԿ. Օ՜, այդ չափազանց է։
ԱՍՊՐԱՄ. Հապա, ի՞նչ էիր կարծում։ Այժմ իմացիր թե՝ ի՞նչ փայտից են լինում տաշած այդ իշխանուհիները։
ՍՈԻՐԻԿ. Եթե այդպես է, ուրեմն ոսկիները կստանաս:
ԱՍՊՐԱՄ. Իհարկե։ Բայց եթե ստանամ, իսկույն պիտի պսակվինք, այնպես չէ՞:
ՍՈԻՐԻԿ. Անշուշտ։ Հարյուր ոսկու հետ ո՞վ չի պսակվիլ:
ԱՍՊՐԱՄ. Հարյուր ոսկո՞ւ և ո՞չ Ասպրամի հետ։
ՍՈԻՐԻԿ. Այսինքն ուզում էի ասել՝ հարուստ Ասպրամի հետ։
ԱՍՊՐԱՄ. (ցուցամատով սպառնալով) Հա, զգույշ կաց, խելոք խոսիր։ Այժմ մնաս բարով, ես շտապում եմ, վաղը կրկին կտեսնվենք։
(Դուրս է գնում)
ՍՈԻՐԻԿ. Երթաս բարով։
ՏԵՍԻԼ Բ
Սուրիկ (միայնակ)
Վերջապես գաղտնիքը պարզվեցավ։ Անպիտանը չէր ուզում հայտնել։ Երևի խիստ են սաստել: Բայց ի՞նչ հիմարներն են. կարծես չգիտեն, որ կնոջ բերանում տաք
ՏԵՍԻԼ Գ
Նույնն և Սմբատ
ՍՄԲԱՏ. (մտնելով) Դու այստե՛ղ, Սուրիկ։
ՍՈՒՐՒԿ. Քո հրամանով, տեր:
ՍՄԲԱՏ. Մի բան իմացա՞ր:
ՍՈՒՐՒԿ. Ավելի քան սպասում էի։
ՍՄԲԱՏ. Այսի՞նքն:
ՍՈՒՐՒԿ. Քո գուշակությունը ճիշտ էր։ Պապաքն ու Համտունը, արդարև, աշխատում են խլել իմ տիրոջ հարսնացուն։
ՍՄԲԱՏ. Հաստա՞տ տեղեկացար։
ՍՈՒՐՒԿ. Այնպես հաստատ, ինչպես որ հաստատ է այն, թե՝ ես մի գլուխ ունիմ և ոչ երկու։
ՍՄԲԱՏ. Ապրես իմ քաջ. ուրեմն դու կերթաս Ներսեհի ետևից։
ՍՈՒՐԻԿ. Իմ նժույգը, տեր, սրընթաց է քամու պես, երկու ժամվա մեջ նա կհասցնե ինձ Մռավ։
ՍՄԲԱՏ. Կպատրաստվես և կսպասես իմ հրամանին։ Այժմ պատմիր ինձ քո յսածները։ (Կամենում է նստել, բայց մի ոտնաձայն գրավում է յուր ուշադրությունը): Ո՞վ է գալիս այստեղ։
ՍՈՒՐԻԿ. (նայելով դռան կողմը) Պապաք իշխանը՝ օրիորդի դայակի հետ։
ՍՄԲԱՏ. Որ այդպես է, հեռանանք, մենք կխոսենք իմ սենյակում ։
(Դուրս են գալիս աջ դռնով):
ՏԵՍԻԼ Դ
Թենի և Պապաք
(Ներս են մտնում ձախ դռնով)
ԹԵՆԻ. Այստեղ, Պապաք իշխան, կարող եմ մի փոքր հանգստանալ։
ՊԱՊԱՔ. (աթոռը մոտեցնելով) Հրամմե, մայր Թենի, այս սրահի վերելքն, արդարև, շատ բարձր է։
ԹԵՆԻ. Այո՛, ամեն անգամ երբ վերադառնում եմ եկեղեցուց, այս քարե սանդուղքները հոգնեցնում են ինձ: (Մի փոքր հանգստանալուց հետո շարունակում է): Հա, ա'յն էի ասում. այդ միության ես դեմ եմ։ Երբեք չէի կամենալ, որ իմ պահած ու պաշտած Ռուզանը այդ ձորոգետացուն գնար։ Ի՞նչ մեղքս ծածկեմ. ատելով ատում եմ Ներսեհ իշխանին։
ՊԱՊԱՔ. Եվ իրավունք ունիս։ Ասում են թե՝ դրա մայրը մեծ թշնամություն է արել քեզ:
ԹԵՆԻ. Օ՜, և ի՜նչ թշնամություն. նա ուղղակի դժբախտացրեց ինձ: Լսե՞լ ես այդ պատմությունը։
ՊԱՊԱՔ. Լսել եմ. ասում են աղջիկ ժամանակդ շատ գեղեցիկ ես եղել. այնպես որ Հանդաբերդի Վախթանգ իշխանը տեսնելով քեզ՝ հրապուրվել է քո գեղեցկությամբ և հետդ նշանվել։ Բայց նրա քույրը, որ այս Ներսեհի մայրն է եղել, չարախոսել է քո մասին, ասելով թե՝ Թենին տարիքով մեծ է և բարքով դաժան։ Վախթանգը
քրոջ զրպարտության հավատալով հրաժարվել է քեզնից։
ԹԵՆԻ. Այո. և այդ չարաբաստիկ դեպքից հետո՝ հայրս հիվանդացավ ու մեռավ։ Նա պատվասեր մարդ էր և չկարողացավ յուր դստեր անարգանքը տանել։
ՊԱՊԱՔ. Երևակայում եմ թե՝ որքա՜ն կվշտանայիր։
ԹԵՆԻ. Իմ վիշտն անսահման եղավ. որովհետև քիչ հետո մայրս էլ նույն բախտին հանդիպեց, սիրած ամուսնու մահը հարվածեց նրան ինչպես շանթ։
ՊԱՊԱՔ. Օ՜, ի՛նչ դժբախտություն։
ԹԵՆԻ․ Այո՛, նա մեռավ թողնելով ինձ այս՝ (ցույց տալով մատի վրա ունեցած մատանին) իբրև միակ պաշտպան այս աշխարհի մեջ։
ՊԱՊԱՔ. Այդ մատանի՞ն։
ԹԵՆԻ. Այո։
ՊԱՊԱՔ. Անշուշտ դա ունի թանկագին մի գոհար, որի արժեքը կարող է քեզ ապահովել։
ԹԵՆԻ. Ոչ. նրա գոհարը չարժե ավելի՝ քան մի հատ երինջ,
բայց նրա տակը պահված է զորավոր մահաթույն։
ՊԱՊԱՔ. (զարմացած) Մահաթո՞ւյն։
ԹԵՆԻ. Այո՛։ Մայրս մեռնելուց առաջ տվավ ինձ այս՝ ասելով. Թենի, քեզ այս աշխարհում թողնում եմ միայնակ։ Եթե երբևիցե հանդիպես այնպիսի դժբախտության, որ մահը գերադաս համարես կյանքից, հանիր այս մատանու ակը և նրա տակ դրած թույնը ջրում լուծելով խմի՛ր. նա քեզ կբերե խաղաղ՝ բայց հավիտենական քուն։
ՊԱՊԱՔ. Որպիսի՛ տարօրինակ կտակ։
ԹԵՆԻ. Բայց և փրկարար։ Քանի՜-քանի՜ անգամ ես կամեցել եմ դիմել այս քնաբեր մատանու օգնության։
ՊԱՊԱՔ. Ի՜նչ տղայություն։ Արժե՞ միթե այդ աստիճան ընկճվիլ չարության առաջ։ Ընդհակառակը, պետք է աշխատել՝ պատժել հակառակորդին։
ԹԵՆԻ. Օ՜ , շատ կցանկանայի, բայց ի՞նչ կարող էի անել։
ՊԱՊԱՔ. Այն, ինչ որ Ներսեհի մայրը քեզ արավ։
ԹԵՆԻ. Այսի՞նքն։
ՊԱՊԱՔ. Նրա շնորհիվ դու իշխանուհի լինելու փոխարեն՝ դարձել ես մի դայակ․ հենց այդ պաշտոնիդ շնորհիվ՝ դու կարող ես վրեժ լուծել քո թշնամուց։
ԹԵՆԻ. Ինչպե՞ս։
ՊԱՊԱՔ. Օգնելով ինձ՝ խանգարել Ներսեհի ամուսնությունը Ռուզանի հետ։
ԹԵՆԻ. Օգնելով քե՞զ... Ուրեմն դու է՞լ դեմ ես այս միության։
ՊԱՊԱՔ. Եվ ինչպե՞ս կարող եմ չլինել դեմ, քանի որ այդ միությունը պատճառ պիտի լինի իմ կործանման։
ԹԵՆԻ. (վախեցած) Ինչպե՞ս։
ՊԱՊԱՔ. Դու գիտես, որ յոթ երկար տարիներ ես գերի էի Թաթարստանում և միայն երկու տարի է, ինչ վերադարձել եմ մեր երկիրը։
ԹԵՆԻ. Գիտեմ։
ՊԱՊԱՔ. Իմ գերության միջոցին' Ներսեհի հայրը անիրավաբար խլել էր այրի մորս ձեռքից Ծոփափորի իմ կալվածները և մեռնելուց հետո թողել այն յուր որդուն՝ իբրև նրա սեփական ժառանգություն։ Երբ ես վերադարձա' աշխատեցի համոզել Ներսեհին ճանաչել իմ իրավունքը և վերադարձնել ինձ և իմ կալվածները, բայց նա չլսեց և իմ խնդիրն ու բողոքը թողեց անուշադիր։ Ինը տարի է' ինչ իմ տունը մի դանգ չէ ստացել այդ
կալվածներից։
ԹԵՆԻ. Իսկ այդ խնամությունը ի՞նչ կապ ունի քո զրկանքի հետ։
ՊԱՊԱՔ. Իմ հույսը Ջալալ իշխանի վրա էր։ Նա յուր ազդեցիկ միջնորդությամբ կարող էր վերադարձնել տալ ինձ իմ հայրենի ժառանգությունը։ Բայց այժմ, երբ Ներսեհն առնում է Ռուզանին, Ջալալն այլևս չի ցանկանում յուր միջամտությամբ զրկանք պատճառել փեսային։ Մյուս կողմից էլ Ներսեհն աներոջ զորության վրա վստահանալով' այսուհետև ավելի ևս համառությամբ պիտի դիմադրե ինձ։ Այս պատճառով, ահա՛, ես դեմ եմ այդ միության։
ԹԵՆԻ. Իրավունք ունիս. այս ամուսնությունը վնաս կբերե քեզ։
ՊԱՊԱՔ. Բայց եթե դու ինձ օգնես, ես վնասից կազատվեմ, իսկ դու' քո ատելիից։
ԹԵՆԻ. Ամենայն սիրով. բայց ի՞նչ կարող եմ անե՛լ:
ՊԱՊԱՔ. Ահա՛ թե ինչ։ Համտունը, ինչպես գիտես, եկել է Խոխանաբերդ Ռուզանի ձեռքը խնդրելու, բայց հայրը անպատճառ պիտի մերժե նրան, առարկելով, որ յուր դուստրը սիրում է Ներսեհին։ Այս պատճառով, ահա՛. ես որոշեցի գործը կարգադրել այնպես, որ Ռուզանը ինքը ընտրե Համտունին իրեն փեսա։ Եվ գործ դրած հնարներս հաջողվել են. Ռուզանի սիրտը այժմ գրավված է միայն Համտունով։
ԹԵՆԻ. (ընդհատելով Պապաքին) Այդ մի ավետիք է, Պապաք իշխան. ո՞ւր էր թե Ներսեհը չերևար այլևս այս ամրոցում։ Բայց ես Ռուզանի մեջ փոփոխություն չեմ նկատել, միգուցե սխալվում ես։
ՊԱՊԱՔ. Ռուզանը ծածկամիտ է և չէր բացվիլ քո առաջ, բայց ես ապահով եմ, որ հմտությամբ եմ գործել։
ԹԵՆԻ. Ի՞նչ ես արել իսկապես։
ՊԱՊԱՔ. Պատմությունը երկար է, հետո կզրուցեմ։ Այժմ ինձ հարկավոր է քո շուտափույթ օգնությունը։
ԹԵՆԻ. Այսի՞նքն։
ՊԱՊԱՔ. Քանի դեռ Ջալալը բացակա է ամրոցից, անհրաժեշտ է, որ Համտունը տեսնվի Ռուզանի հետ և յուր առաջարկությունը անե նրան անձամբ։ Համտունը պերճախոս է և կգրավե օրիորդին։ Բավական է աղջկա կողմից համաձայնության մի բառ և իշխանն այնուհետև կխլե նրան յուր հորից. դրա համար Համտունն ունի օրինական իրավունք։ Արդ դու մի հնարով բեր Ռուզանին այս սրահը և միջոց տուր նրան՝ պատահել Համտունին և խոսել նրա հետ...
ԹԵՆԻ. (ընդհատելով) Իմ ներկայությա՞մբ այդ անկարելի է։
ՊԱՊԱՔ. Քո ներկայությա՞մբ. Իհարկե ոչ. մի՞թե ես թույլ կտամ, որ իշխանուհու դայակը պատասխանատվության ենթարկվի։
ԹԵՆԻ. Հապա՞։
ՊԱՊԱՔ. Հենց որ իշխանն ու օրիորդը կսկսեն խոսել, մենք մի պատրվակով կհեռանանք այստեղից։
ԹԵՆԻ. Եթե այդպես է, կարող ես հուսալ ինձ վրա։
ՊԱՊԱՔ. Բայց պետք է շտապես, որովհետև Համտունը շուտ պիտի գա այստեղ։
ԹԵՆԻ. (վեր կենալով տեղից) Հենց հիմա կերթամ Ռուզանի մոտ և մի պատրվակով կբերեմ նրան այս կողմը։ Բայց մինչև այն՝ իշխանը թող պատրաստ լինի այստեղ։ (Դուրս է գնում):
ՊԱՊԱՔ. (ճանապարհ դնելով Թենիին) նա պատրաստ կլինի անշուշտ:
ՏԵՍԻԼ Ե
Պապաք (վերադառնալով)
Այս էլ այսպես, ուրեմն հաջողվում է։ (Ձեռքերը գոհությամբ շփելով): Այսուհետև Ներսեհը թող պինդ պահե յուր հարսնացուն։ Իշխաններն, անշուշտ, կմեղադրեն ինձ, երբ իմանան, որ գործը խանգարվել է իմ ձեռքով: Բայց ինձ ի՞նչ։ Ազնիվ կոչվելու համար ես հո չեմ կարող ցնցոտի հագնել կամ ծոմապահության վարժվիլ: Ես միջոց չունիմ, գեթ, հասարակ իշխանի վայել ապրուստ անելու, մինչ Ներսեհն իմ կալվածների եկամուտով բանակներ է կազմում և փառք ու հռչակ ստանալու համար թաթարաց դեմ արշավում։ Կարո՞ղ եմ միթե այս անիրավությունը տանել։
ՏԵՍԻԼ Զ
Նույնն եվ Սմբատ
ՍՄԲԱՏ. (մտնելով) Ողջույն, տյար Պապաք։
ՊԱՊԱՔ. Ողջույն, իշխան։
ՍՄԲԱՏ. Ես քեզ էի որոնում։
ՊԱՊԱՔ. Ծառա եմ հրամանիդ։
ՍՄԲԱՏ. Այս պալատում, բարեկամ, պատրաստվում է մի խռովություն, որի մեջ, կարծեմ, մատ ունիս և դու:
ՊԱՊԱՔ (իբր զարմանալով) Մի խռովություն, որի մեջ մատ ունիմ և ե՞ս։
ՍՄԲԱՏ․ Այո'։
ՊԱՊԱՔ. Ենթադրությանդ մեջ, Սմբատ իշխան, կարի համարձակ ես։
ՍՄԲԱՏ. Ես համարձակ եմ լինում՝ երբ վտանգը տեսնում եմ վերահաս։
ՊԱՊԱՔ. Քաջի պատասխան է, բայց ի՞նչ խռովության մասին է խոսքդ։
ՍՄԲԱՏ. Այն, որ Համտունը պատրաստվում է հարուցանել։
ՊԱՊԱՔ, Ես ոչինչ չգիտեմ։
ՍՄԲԱՏ. Դու նրա խորհրդատուն ես և ոչինչ չգիտե՞ս։
ՊԱՊԱՔ. Բարի գործի համար ես ամենքի խորհրդատուն եմ։
ՍՄԲԱՏ. Բայց մի սիրահոդ միություն քանդելը մի՞թե բարի գործ է։
ՊԱՊԱՔ. Միություն քանդե՞լը... Ոչինչ չեմ հասկանում, կարո՞ղ ես պարզ խոսել։
ՍՄԲԱՏ. Ինչու՞ չէ, այդ իմ թուլությունն է։
ՊԱՊԱՔ. Ուրե՞մն։
ՍՄԲԱՏ. Հասան-Ջալալ-Տոլան յուր Ռուզան աղջիկը մի՞ մարդու հետ պիտի ամուսնացնե, թե՞ երկու։
ՊԱՊԱՔ. Եթե քրիստոնյա է՝ մեկ։
ՍՄԲԱՏ. Իսկ եթե կռապաշտ լինե՞ր։
ՊԱՊԱՔ. Դարձյալ մեկ։
ՍՄԲԱՏ. Արդ, ամենքին հայտնի է, որ նա յուր դուստրը խոստացել է Ձորոգետի Ներսեհ իշխանին։ Ինչո՞ւ ուրեմն Համտունը յուր երկիրը թողած՝ նստել է այստեղ և սպասում է Ջալալին՝ նրա աղջկա ձեռքը խնդրելու համար։
ՊԱՊԱՔ. Ես Համտունի խնամակալը չեմ, իրենից հարցրու այդ։
ՍՄԲԱՏ. Բայց Համտունը եկել է Խոխանաբերդ քո խորհրդով։
ՊԱՊԱՔ. Ո՞վ ասաց քեզ այդ։
ՍՄԲԱՏ Նրանք, որ ուրիշի ասածովն են տեսնում, ոչինչ չեն տեսնում, ես վաղուց դիտում եմ քո քայլերը և հավատում եմ իմ աչքերին:
ՊԱՊԱՔ. Քո աչքերը, բարեկամ, շատ վատ են ծառայում քեզ։
ՍՄԲԱՏ. Ես կխլեմ նրանց, եթե կհաստատես թե՝ դո՛ւ չես այս բանում Համտունին դրդողը։
ՊԱՊԱՔ. Ուրեմն խլիր, որովհետև Համտունին դրդողը ոչ թե Պապաքն է, այլ տոհմական օրենքը և յուր պատվասիրությունը: Ամենքին հայտնի է, որ իբրև Սյունյաց իշխանի, նրան կպատկանի Բագրատունյաց տոհմի աղջկա հետ ամուսնանալու առաջին իրավունքը։ Եվ ահա նա եկել է այդ իրավունքին տիրանալու։
ՍՄԲԱՏ. Եթե այդպես է, դու մի՛ խառնվիր գործին, իսկ ես կհամոզեմ Համտունին' զոհել այդ իրավունքը հասարակաց խաղաղության։
ՊԱՊԱՔ. Համոզի՛ր, եթե կարող ես։ Ես ուրախ կլինիմ, եթե նման կասկածներ հեռու լինին ինձնից։ (Նայելով լուսամուտին) ի դեպ, ահա՛ իշխանը գալիս է այստեղ, փորձի՛ր խոսել հետը, աշխատիր՝ ազդել վրան, ես առ ժամանակ միայնակ կթողնեմ ձեզ, որպեսզի հարկ եղածը բացատրեք նրան ազատորեն։ Հետո կվերադառնամ, որ տեսնեմ՝ ինչ եք շահել: (Աոանձին): Թող խոսե ինչ կամենում է։ Ես Համտունի սրտում այնպիսի թույն եմ կաթեցրել՝ որ սրա դեղթափը չի ազատիլ նրան։ Թող սա այստեղ խոսե, իսկ ես կաշխատեմ գործը կարգավորելու։
(Դուրս է գնում)
ՏԵՍԻԼ Է
Սմբատ (միայնակ)
Շահը, անձնական շահը... Ամենքի աչքերն էլ դրանով են կուրացած։ Ով է մտածում ժողովրդի համար. ում հոգն է թե՝ թշնամին նստած է երկրի սրտում, թե նրա հրոսակները ավերում են հայ գյուղերը: Վայ մեզ, սրանք են, ուրեմն, մեր երկրի պետերը, Ժողովրդի պաշտպանները... փոխանակ միանալու և թշնամուն դիմադրելու՝ օրն ի բուն իրար ոտքի տակն են փորում։
ՏԵՍԻԼ Ը
Սմբատ և Համտուն
ՀԱՄՏՈՒՆ. (մտնելով) Ողջույն, իշխան. ների՛ր, որ խանգարում եմ քո մենավոր մտածությունները:
ՍՄԲԱՏ. Շնո՛րհ արա, տե՛ր Համտուն, ավելի լավ է քեզ հետ խոսակցել, քան միայնակ մտորել։
ՀԱՄՏՈՒՆ. Այո՛ միայնությունը վատ է ազդում և ինձ վրա, մանավանդ այս ամրոցում, ուր, կարծես, ինձ համար դարբնվում է մի դժբախտություն։ Չգիտեմ ինչու, ինձ այնպես է թվում թե՝ այս կամարները պիտի փլչեն իմ գլխին։ Կարծես մինը շարունակ, արդյոք չար ոգի, թե պահապան հրեշտակ' շշնջում է իմ ականջում թե' հեռացիր այս սրահներից, այստեղ ոչ մի բարիք չէ սպասում քեզ:
ՍՄԲԱՏ. Բայց դու գտնվում ես մեր ամենից բարի և ամենից առաքինի իշխանի հարկի տակ։
ՀԱՄՏՈՒՆ. Այդ ես գիտեմ, իմ կասկածը դրա մասին չէ ինձ անհանգստացնում է քո երեկվա գուշակությունը։
ՍՄԲԱՏ. Այն որ ասացի թե' իշխանը կմերժե քեզ։
ՀԱՄՏՈՒՆ. Այո՛։ Եվ ինձ այժմ տանջում է ոչ միայն այն միտքը, թե չի պիտի կարենամ նպատակիս հասնել, այլև այն թե' ինչ մեծ գանձ եմ կորցրել իմ անհոգության շնորհիվ:
ՍՄԲԱՏ. Իշխան, իզուր ես մտածում կորստյան մասին ա՛յն գանձի, որն երբեք չես ունեցել։
ՀԱՄՏՈՒՆ. Չեմ կարող չմտածել։ Ես նմանում եմ ա՛յն անհոգ կալվածատիրոջ, որ յուր գետինը մի չնչին գնով վաճառել է դրացուն, իսկ սա այդ գետնում գտել է ոսկու հանք։ Քանի դեռ իմ երերումն էի, գիտեի որ Ջալալ-Տոլան ունի մի աղջիկ, որ գեղեցիկ է և որի հետ ամուսնանալու տոհմական իրավունք ունիմ ես։ Այն ժամանակ, արդարև, չէի մտածում այդ աղջկա վրա: Բայց բարի մարդիկ նախանձ գրգռեցին իմ մեջ։ Այդ նախանձն այժմ տոչորում է ինձ։
ՍՄԲԱՏ. Մարդիկ ասացիր։ Մի՞թե Պապաք իշխանից զատ մի ուրի՞շն էլ խոսել է քեզ Ռուզանի մասին։
ՀԱՄՏՈՒՆ. Պապաք իշխանի՞ց... դու ուրեմն գիտե՞ս այդ մարդու անունը:
ՍՄԲԱՏ. Գիտեի ավելի վաղ, քան ինքը կկարծեր։
ՀԱՄՏՈՒՆ. Այո՛, բարեկամ, այդ Պապաքն էր, որ իմ իշխանական պատվասիրությունը գրգռեց։ Նրա խորհրդով ես եկա մրցելու Ներսեհ իշխանի հետ, բայց շուտով էլ պատժվեցա։ Իշխանական սին փառասիրությունը տեղի է տվել այժմ իմ մեջ սիրո տանջանքների։
ՍՄԲԱՏ. Թույլ կտա՞ս ինձ՝ ազատել քեզ այդ տանջանքներից։
ՀԱՄՏՈՒՆ. Օ՜, և ինչպիսի՜ շնորհակալությամբ կընդունեմ այդ օգնությունը։ Պատրաստ եմ իմ երկրի ամենից բերրի գավառը նվիրել քեզ, միայն թե ասա՝ ինչո՞վ կարող ես օգնել ինձ։
ՍՄԲԱՏ. Մի բարի խորհրդով։
ՀԱՄՏՈՒՆ. Իսկ այդ խորհո՞ւրդը։
ՍՄԲԱՏ. Հեռացիր այստեղից և մոռացիր այս խաչենցի օրիորդին։
ՀԱՄՏՈՒՆ. (հուսահատաբար) Հեռանա՞լ այստեղից... օ՜, եթե միայն կարենայի, եթե ոտքերս հպատակվեին ինձ...
ՍՄԲԱՏ. Քո սյունեցի նժույգը մի օրվա մեջ կարող է վերադարձնել քեզ քո երկիրը։
ՀԱՄՏՈՒՆ. Իհարկե, նա իմ մարմինը կտանե, բայց հոգիս կմնա այստեղ. Հասան-Ջալալի աղջկան ես չեմ կարող մոռանալ։
ՍՄԲԱՏ. Ով որ հեռանում է, նա էլ մոռանում է. լսի՛ր բարեկամիդ, որ խոսում է անկեղծությամբ։
ՀԱՄՏՈՒՆ. Հավատում եմ քեզ, իմ բարի իշխան, բայց հեռանալ չեմ կարող։
ՍՄԲԱՏ. Քո վիճակն ավելի կվատթարանա՝ եթե Ներսեհը վերադառնա այստեղ:
ՀԱՄՏՈՒՆ. Գիտեմ։ Նախանձը, որ այժմ իմ սրտում վառվում է իբրև զոհի հուր, այն ժամանակ կբորբոքի ինչպես մի հրդեհ։
ՍՄԲԱՏ. Բավական չէ նախանձը։ Կծագեն, նաև, ուրիշ գժտություններ։
ՀԱՄՏՈՒՆ. Գժտություններից չեմ վախենում, նույնիսկ եթե բոլորը զինվեն իմ դեմ. միայն թե նա՛... նա՛ լիներ ինձ հետ։
ՍՄԲԱՏ․ Ո՞վ, օրիո՞րդը։
ՀԱՄՏՈՒՆ. Այո՛, իմ սրտի իշխանուհին...
ՍՄԲԱՏ. Նա Ներսեհին է սիրում.
ՀԱՄՏՈՒՆ. (հանկարծ հուզվելով) Մի՛ ասիր այդ, Սմբատ իշխան, այս ամրոցը ես կկործանեմ միայն այդ խոսքը չլսելու համար։
ՍՄԲԱՏ. (զգաստանալով և ինքն իրեն) Սա կատակ չէ անում, ես իզուր եմ խոսում։ (Համտունին) Ուրեմն ի՞նչ ես մտադիր անելու։
ՀԱՄՏՈՒՆ. Չգիտեմ, շփոթված եմ։ Ես եկա այստեղ Պապաքի հետ խոսելու, նա է կապել այս հանգույցը, նա ինքն էլ պիտի լուծե։ Չգիտե՞ս ուր է նա։
ՍՄԲԱՏ. Քիչ առաջ այստեղ էր և խոստացավ վերադառնալ։
ՀԱՄՏՈՒՆ. Կխոսեմ նրա հետ առանձին։
ՍՄԲԱՏ. Եթե այդպես է, ուրեմն չեմ խանգարիլ ձեզ։ Խոսեցեք, ինչ կամենում եք։ Միայն թե դու, ազնիվ իշխան, մի՛ մոռանար իմ խորհուրդը։ Եթե քո սերն ու իրավունքը կարող ես զոհել հասարակաց բարվույն, ապա զոհիր քաջությամբ, և ամեն բերան կօրհնե քեզ սրտագին։
ՀԱՄՏՈՒՆ. Կաշխատեմ, Սմբատ իշխան, ստանալ քո սիրտն ու զգացմունքը։ Բայց եթե իմ ջանքն ապարդյուն անցնե և խելքը սրտիս վրա իշխել չկարենա՞...
ՍՄԲԱՏ․ Այն ժամանակ, իհարկե, կհաշտվիմ այն մտքի հետ թե' մարդը հրեշտակ չէ... թող աստված օգնե քո ջանքերին։ Պետք է շտապել ճամփել Սուրիկին։
(Արագ դուրս է գնում)
ՏԵՍԻԼ Թ
Համտուն (միայնակ)
Ի՞նչ տարօրինակ զգացմունք է այս։ (Ձեռքը դնելով սրտին): Ի՞նչ կա այստեղ. ինչո՞ւ չէ հանգստանում... Արդյոք մի աներևույթ ձեռք սեղմել է սրան յուր բռան մեջ, թե՞ սեգ իշխանուհու աչքերն են հարվածել։ Եվ ինչ. մի թե՛ սա է սերը... Օ՜ , ոչ, սերը երկնքից է իջնում, նրան աստված է վառում, իսկ այստեղ հրդեհում է մի դժոխք, որ դևերը կարող են բորբոքել...
ՏԵՍԻԼ Ժ
Նույնն և Պապաք
ՊԱՊԱՔ. (մտնելով) Ի՞նչ է պատահել քեզ, իշխան, դու այսօր ավելի տխուր ես, քան երբևիցե տեսել եմ քեզ:
ՀԱՄՏՈԻՆ. Հույսս արդեն հատել է. ինձ թվում է թե' երկար և ապարդյուն սպասեցի։ Մնում է միայն հեռանալ։
ՊԱՊԱՔ. Բայց մեր գործն արդեն հաջողվելու վրա է։
ՀԱՄՏՈԻՆ. Դու այդ միշտ ես ասում, ուր է ապա հաջողությունը։
ՊԱՊԱՔ. Ամեն ինչ վերջացած է. մի քանի վայրկյանից Ռուզանն յուր դայակի հետ կգա այս սրահը։
ՀԱՄՏՈԻՆ. Հետո՞։
ՊԱՊԱՔ. Դու կներկայանաս նրան և քո առաջարկը կանես։
ՀԱՄՏՈԻՆ. Բայց օրիորդը... կհոժարի արդյոք լսել ինձ։
ՊԱՊԱՔ։ Անհոգ եղիր. նախապատրաստ Է այնքան, որ կարող է լսել:
ՀԱՄՏՈՒՆ. Քո հնարագիտությունը, Պապաք իշխան, հիացնում է ինձ։
ՊԱՊԱՔ. Աստծո տված շնորհից պետք է միշտ օգտվել:
ՀԱՄՏՈՒՆ. Շնորհակալ եմ, բարեկամ։ Հենց ա՛յն միջոցին, որ հուսահատությունը ճնշում է իմ հոգին, դու նրան կազդուրում ես նորից։ Եթե քո ջանքերը հաջողությամբ իսկ չպսակվին, այսուամենայնիվ, ես միշտ երախտապարտ պիտի մնամ քեզ։
ՊԱՊԱՔ. Բարեկամական պարտքիցս ավելի ոչինչ չեմ արել։
ՏԵՍԻԼ ԺԱ
Առաջիններն և Ասպրամ
ԱՍՊՐԱՄ. (մտնելով` հայտնում է Պապաքին իբր զգուշնալով) Իշխան, պատրաստվեցեք, մայր Թենին և Ռուզանը գալիս են այստեղ։
ՊԱՊԱՔ. Հա՞, շատ բարի, ուրեմն ես կդիմավորեմ օրիորդին, իսկ դու մտածիր թե` ի՞նչ պիտի խոսիս հետը։ Իմ կարծիքով ազատ ու անկեղծ խոսիլը ավելի լավ է։
ՀԱՄՏՈՒՆ. Գնա՛, դիմավորի'ր. խոսելու համար կարիք չունիմ պատրաստվելու։
ՊԱՊԱՔ. Բարի, (Դարս է գնամ):
ՏԵՍԻԼ ԺԲ
Համատուն (միայնակ)
Բախտը, ուրեմն, դեռ երեսը չէ դարձրել ինձանից, դեռ կարելի է հուսալ: Նախազգացումը, կարծես, շշնջում է իմ ականջի թե` նա իմը պիտի լինի։ Օ, եթե այդ ճիշտ լիներ, եթե նա կարողանար ինձ սիրել, ինձ մտերմանալ և յուր սիրտն ու բախտը իմ ձեռքը հանձնել...
Տեսիլ ԺԳ'
Նույն, Պապաք, Ռուզան և Թենի
ՊԱՊԱՔ. (մտնելով Ռուզանի հետ) Այո՛, իշխանուհի, հենց իսկույն կամենում էի բարձրանալ քո դստիկոնը և խնդրել իշխանի կողմից՝ (ցույց տալով Համտունի վրա), որ հաճեիր թույլ տալ իրեն՝ ներկայանալ քեզ:
ՌՈՒԶԱՆ. Ուրախ եմ, որ այդ ներղությունը չեմ պատճառել քեզ: (Համտունին դառնալով): Ինչո՞վ կարող եմ ծառայել իշխանին:
ՊԱՊԱՔ. Տյար Համատունը, կարծեմ, կարիք ունի քո խորհրդին:
ՀԱՄԱՏՈՒՆ. (Ռուզանին) Եթե մեծաշուք օրիորդը կհաճի նվիրել ինձ մի քանի վայրկյա՞ն....
ՌՈՒԶԱՆ. Բարի խորհրդի համար պատրաստ եմ զոհել մի ժամ:
ԹԵՆԻ. Իսկ ես, դստրիկս, մինչև դուք կխոսեք, կիջնեմ մատուռը մի փոքր աղոթելու..... (Պապաքին): Պապաք իշխան, կարո՞ղ ես ինձ օգնել:
ՊԱՊԱՔ. Սանդուղքներից իջնելո՞ւ, ամենայան սիրով: Ով որ հաճախ չէ աղոթում՝ նա պետք է մի բանով ծառայե աղոթողներին, որպեսզի նրանց աղոթքից շահվի և ինքը. տուր ինձ քո ձեռքը, մայր Թենի (Թենիի թևն առնլով՝ դուրս են գալիս)։
ՏԵՍԻԼ ԺԴ
Համտուն և Ռուզան
ՌՈՒԶԱՆ. (Թենիի ետևից նայելով) Բարեպա՞շտ կին: Օրը քանի՞ անգամ է սա մատուռ իջնում աղոթելու:
ՀԱՄՏՈՒՆ. Երջանիկ է, ով հանգիստ խիղճ ունի և կարող է աղոթել:
ՌՈԻԶԱՆ․ Այո', իմ դայակը բախտավոր է այդ կողմից։ Բայց․․․ ներողություն, ես իշխանի այցելության պատճառը չհարցրի։
ՀԱՄՏՈՒՆ․ Իմ այցելաթյան պատճառը, ազնիվ օրիորդ, է իրավունքի մի բռնաբարումն, որի համար եկել եմ պաշտպանություն խնդրել քեզանից։
ՌՈԻԶԱՆ. Իրավունքի բռնաբարո՛՞ւմ... տարօրինակ դարձված է այդ, տյա՛ր Համտուն։ Եթե իրավունքը Սյունյաց իշխանինն է և բռնաբարողը նրանից հզոր մեկը, ապա դժվար թե մի կին կարողանա պաշտպանել քեզ։
ՀԱՄՏՈՒՆ. Ազնիվ օրիորդ, գործ դրված բռնությունը զորություն է ստացել քո համաձայնությամբ։ Եթե այդ համաձայնությունը դու վերապահես քեզ, այն ժամանակ բռնությունը կթուլանա ինքնիրեն։
ՌՈԻԶԱՆ. (հուզվելով) Իշխան, ես իմ կյանքում չեմ քաջալերել ոչ մի անիրավ գործ։
ՀԱՄՏՈՒՆ. Դու իսկապես չես մտածել քաջալերել մի անիրավություն։ Բայց համաձայնվելով երջանկացնել մինին՝
զրկել ես բախտից մի ուրիշին։
ՌՈՒԶԱՆ Քո խորհրդավոր խոսքերը չեմ հասկանում, իշխան, հաճիր պարզ խոսել։
ՀԱՄՏՈՒՆ. Թույլ կտա՞ս ինձ անկեղծ լինել։
ՌՈԻԶԱՆ. Կխնդրեմ․․․ թաքչող ճշմարտության արժեքը ստությունից ավելի չէ, ազնիվ մարդը չպետք է կեղծի։
ՀԱՄՏՈՒՆ. Ուրեմն ես կխոսեմ քեզ հետ ինչպես իմ․․․
ՌՈԻԶԱՆ. (րնդհատելով) Ինչպես քո քրոջ հետ։
ՀԱՄՏՈՒՆ. Իշխանուհի, դու ինձ հրամայում ես անկեղծ լինել, բայց կաշկանդում ես իմ լեզուն։
ՌՈԻԶԱՆ. Ինձ զարմացնում է քո վարանումը, իշխան, եթե չես կարող ազատորեն խոսել, ապա լավ է որ չխոսես, ես սովոր չեմ լսել այն, ինչ մարդիկ վախենալով են արտասանում։
ՀԱՄՏՈՒՆ. Վախենալու և ակնածելու մեջ տարբերություն կա, օրիորդ, կատաղած առյուծի ժանիքները ինձ չեն վախեցնիլ. բայց քո հայացքը պատկառանք է ազդում։
ՌՈՒԶԱՆ. Չկա աշխարհում մի ճշմարտություն, որն ազնիվ մարդն ամաչեր հայտնել։ Խոսիր այնպես ազատ, ինչպես վայել է մի ազատ իշխանի։
ՀԱՄՏՈՒՆ. Բարի, ուրեմն, կխ՛ոսեմ։ (Մի փոքր մտածելուց հետո): Դու գիտես, օրիորդ, որ մեր և ձեր իշխանական տների մեջ կա'ն ավանդական սովորություններ, որոնք հարգվել են մեր արժանավոր նախահայրերից և որոնք պտի հարգվեն նրանց հետնորդներից։
ՌՈՒԶԱՆ. Անշուշտ այդպիսի սովորություններ կան։
ՀԱՄՏՈՒՆ. Դրանցից մինը այն է' որ Բագրատունյաց ցեղի աղջիկը Սյունյաց տոհմին էր հարսնանում, իսկ Սյունյաց օրիորդը' Բագրատունյաց տանը։
ՌՈՒԶԱՆ. Գիտեմ. նույնիսկ հայրս, որ Բագրատունյաց ցեղի իշխան էր, Սյունյաց Գրիգոր իշխանի դստեր հետ ամուսնացավ։ Բայց ինչի՞ համար են այդ հիշողությունները։
ՀԱՄՏՈՒՆ. Ջալալ մեծ իշխանի աղջիկը, օրիորդ, Սյունյաց տան հարսը պիտի լիներ, բայց որի՞ն են նրա համար փեսացու ընտրել։
ՌՈՒԶԱՆ. Ւմ մասի՞ն է քո խոսքը։
ՀԱՄՏՈՒՆ. Այո, օրիորդ. Սյունյաց իշխանը տոհմական իրավունք ունի քեզ յուր հարսնացուն անվանելու։
ՌՈՒՋԱՆ. Իրավո՞ւնք, տե՜ր աստված, իրավո՞ւնքն է ուրեմն ամուսնության շաղկապը:
ՀԱՄՏՈՒՆ. Ոչ, իշխանուհի. ամենից առաջ՝ սրբազան սերը: Բայց երբ այգ սիրով լցված ազնիվ սիրտը մերժվում և արհամարհվում է, այն ժամանակ, արդեն, երևան է գալիս իրավունքի խնդիրը։
ՌՈՒԶԱՆ. Եվ ո՞վ է իրավատերը։
ՀԱՄՏՈՒՆ. Ես, որ միևնույն ժամանակ քո երկրպագուն եմ և ստրուկը։
ՌՈՒԶԱՆ. Երկրպագիր միայն Կատարյալին, իսկ ստրկությունը անարգ արհեստ է։ (Վսեմությամբ): Քեզ վրա, Համտուն իշխան, ավելի մեծ համարում ունեի։
ՀԱՄՏՈՒՆ. Այդ համարումը չպետք է նվազի. որովհետև անարգ մարդը չէր կարող քեզ պաշտել, որովհետև...
ՌՈՒԶԱՆ. (ընդնատելով) Որպեսզի չնվազի, թույլ տուր, որ քո սիրո մասին ուրիշ բացատրություններ չլսեմ։
ՀԱՄՏՈՒՆ. Իշխանուհի, թող որ խոսիմ, թող որ առ քեզ տածած իմ զգացմունքն արտահայտեմ, թող որ ասեմ թե՝ սիրում եմ քեզ...
ՌՈՒԶԱՆ. (տեղից վեր կենալով) Իշխա՛ն, ների՛ր, որ ավելին չեմ կարող լսել։ Գուցե իմ ընտանեկան կրթությունը, կամ կանացի երկչոտությունս է պատճառ, որ Սյունյաց իշխանի սիրո խոստովանությունը դողալով եմ լսում, բայց այդ այդպես է։ Իմ ապագա բախտի տնօրինության իրավունքն իմ սիրելի ծնողներին է պատկանում, ես հնազանդում եմ նրանց հրամանին' ինչպես երկնառաք պատգամի. հետևապես ինքս իմ մասին որոշում անել չեմ կարող։
ՀԱՄՏՈՒՆ. Բայց եթե քո հայրը ցանկանա յուր ընտրությամբ քեզ դժբախտացնել, միթե ոչ մի բողոք չի" պիտի բառնաս նրա դեմ։
ՈՈՒԶԱՆ. Ես հավատում եմ իմ հոր առ իս ունեցած սիրույն, ուստի և իմ ապագայի վերաբերմամբ նրա փորձառությունն ու հեռատեսությունն ավելի գին ունի իմ աչքում, քան իմ անփորձ զգացմունքները... Թող որ այս խնդրի մասին վերջինը լինի մեր տեսակցությունը։ (Վայելչաբար գլուխ տալով՝ շուր է գալիս դեպի դուռը):
ՀԱՄՏՈՒՆ. Օրիորդ, դարձյալ մի խոսք։
ՌՈՒԶԱՆ. (կես դեպի ետ դառնալով) Ազնիվ իշխան, ես բոլորը ասացի։ (Դուրս է գնում):
ՏԵՍԻԼ ԺԵ
Համատուն, հետո Պապաք
ՀԱՄՏՈՒՆ.. (միայնակ և զայրացած) Ի“նչ, ուրեմն, նա ինձ մերժում է. նա, մինչև անգամ, չէ կամենում ինձ լսե՞լ այս արդեն չափազանց է. ստորանալ մինչև այս աստիճան... (Դառնալով Պապաքին, որ այդ րոպեին մտնում է): Պապաք իշխան, նա ինձ մերժեց, ես անպատված եմ։
ՊԱՊԱՔ․ Հանգիստ եղիր․ ես բոլորը լսեցի․ նա չմերժեց քեզ։
ՀԱՄՏՈՒՆ. (շփոթված) Ինչպե՞ս, ուրեմն ես... ի՞նչ, շփոթված էի... կամ գուցե լավ չլսեցի... բայց նա բացեիբաց մերժեց։
ՊԱՊԱՔ. Ո՛չ, նա մերժման համար ոչ մի խոսք չասաց, այլ առարկեց թե՝ ինքն յուր հոր հլու հպատակն է, այդ կնշանակե թե՝ հայրս հրամայում է ինձ Ներսեհին գնալ, գնում եմ, կհրամայե քե՞զ հետ ամուսնանալ, քեզ հետ կամուսնանամ։ Հասկացա՞ր։
ՀԱՄՏՈՒՆ. (բարկանալով) է՜հ, ի՜նչ ես դու քեզանից ենթադրություններ անում։
ՊԱՊԱՔ. Ենթադրություն չէ, այլ իսկություն։ Օրիորդը քեզ
հետ համակրությամբ խոսեց. նա, մինչև անգամ, շեշտեց թե՝ հոր հրամանը գերադասում է յուր զգացմունքներին, հասկանու՞մ ես. այդ կնշանակե թե՝ նա զգացմունքներ էլ ունի քեզ համար, բայց, իբրև պարկեշտ աղջիկ, ծածկում է յուր հորից։ Նա ասաց թե՝ ինքն իրավունք չունի ինքնակամ յուր բախտը տնօրինելու և թե այդ
դեպքում՝ հնազանդում է հոր հրամանին՝ ինչպես երկնառաք պատգամի։
ՀԱՄՏՈՒՆ. Այո՜, այդպիսի մի բան ասաց։
ՊԱՊԱՔ. Իհարկե, ասաց․ դու հուզված էիր և ամեն բան չլսեցիր։ Երբ մարդու կիրքն ելնում է՝ ականջներն այլևս չեն ծառայում նրան։ Դու չպետք է քեզ այդպես շուտ կորցնեիր։
ՀԱՄՏՈՒՆ. Օ՜, այդ աղջկա հայացքը կշփոթեցնե ամենից սառնարյուն մարդուն։ Յոթանասնամյա ծերունին, անգամ, կկորցնե նրա առաջ յուր փորձառու իմաստությունը։
ՊԱՊԱՔ. Եվ, ահա՛, հենց այդպիսի գանձը չպետք է ձեռքից հանել։
ՀԱՄՏՈՒՆ. (հառաչելով) Ավա՜ղ, նա արդեն ելած է իմ ձեռքից։
ՊԱՊԱՔ. Ո՛չ, ասում եմ քեզ. բոլոր նրա խոսածներից ես ա՛յն հետևցրի թե՝ նա մի զոհ է կամակոր հոր ձեռքում․ թե նա ճնշված է ծնողական հրամանի տակ. այս դեպքում, մինչև անգամ, պետք է կարեկցել և պաշտպանել նրան։
ՀԱՄՏՈՒՆ. Բայց եթե դու սխալվո՞ւմ ես։
ՊԱՊԱՔ․ Չեմ սխալվում բոլորովին։ Եթե օրիորդը քեզ չհամակրեր, ապա նա չէր գալ քեզ հետ տեսակցելու։
ՀԱՄՏՈՒՆ. (մտախոհ) Այո՛, այդ ճիշտ է... բայց չէ՞ որ նա չկամեցավ մինչև վերջն ինձ լսել։
ՊԱՊԱՔ. Նա վեր կացավ տեղից, հենց որ դու ասացիր թե՝
«սիրում եմ քեզ»։
ՀԱՄՏՈՒՆ. Այո՛։
ՊԱՊԱP. Եվ ավելացրեց թե՝ «ների՛ր, որ քո սիրո խոստովանությունը դողալով եմ լսում»։
ՀԱՄՏՈՒՆ. Ճիշտ որ այդպես ասաց։
ՊԱՊԱP. Եվ ապա բացատրեց թե՝ դրա պատճառը յուր ընտանեկան կրթությունը և կանացի երկչոտությունն է․․․
ՀԱՄՏՈՒՆ. ՜, ի՜նչ լավ հիշում ես։ Իրավ որ այդ՝ ամենը ես լսեցի։
ՊԱՊԱՔ. Ուրեմն էլ ուրիշ ի՞նչ կարող էր ասել մի իշխանազուն օրիորդ, որ առաջին անգամն էր սիրո խոստովանություն լսում։
ՀԱՄՏՈՒՆ. Եթե այդ բոլորը ճիշտ է, Պապաք իշխան, ուրեմն այս ամրոցից ես չեմ հեռանալ։
ՊԱՊԱՔ. Այո՛, չի պիտի հեռանաս և պիտի պնդես քո իրավունքների վրա։
ՀԱՄՏՈՒՆ. Կպնդեմ․ և, եթե հարկ լինի՝ նույնիսկ կռվի կելնեմ Ներսեհ իշխանի դեմ: Թող կամ նա՛ ինձ ոչնչացնե, և կամ ե՛ս նրան։ Մեզանից ով որ կենդանի կմնա, թող նա էլ ժառանգե այս գեղեցկուհուն։
ՊԱՊԱՔ. Տո՛ւր ձեռդ սեղմեմ, այր մարդու վճիռ է։
ՀԱՄՏՈՒՆ․ (աջը պարզելով) Սեղմի՛ր և եղի՛ր իմ վկան։
Վարագույր
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Ջալալ իշխանի հանդիսավոր ընդունելության ընդարձակ և սյունազարդ դահլիճը՝ քանդակազարդ պատերով և առաստաղով, սրակամար պատուհաններով և ոսկեզօծ դռներով: Սյուների վրա կախված են հնատարազ զենքեր ու դրոշակներ, պատերի տակ շարված՝ թավշապատ բազմոցներ:
ՏԵՍԻԼ Ա
Զալալ և Ռուզան
(Ներս մտնելով միմյանց թևանցուկ. Ռուզան՝ թաշկինակն աչքերին)
ՋԱԼԱԼ. Հանդարտի՛ր, զավակս, հանդարտի՛ր։ Քեզ արդեն ասացի, որ ես մաս չունիմ այդ գործում։ Համտունն այցելել է քեզ առանց իմ գիտության. նա օգուտ է քաղել իմ բացակայությունից։
ՌՈՒԶԱՆ. Ինձ վշտացնողը, հայր իմ, Համտունի այցելությունը չէ, այլ այն լուրը, որ պտտվում է ամրոցի կանանց բերանում։ Ամեն անկյունում այդ մասին են խոսում։
ԶԱԼԱԼ. Այդ լուրը հնարված է. ես քո ձեռը չեմ մերժել Ներսեհին:
ՌՈԻԶԱՆ. (խնդագին) Ինչպե՞ս. դու չես մերժել նրան... ո՜հ, ասա՛, հայր իմ. ես կամենում եմ նորից լսել այդ։
ԶԱԼԱԼ. Այո՛, զավակս, չեմ մերժել և ոչ իսկ մերժել կարող էի. Ներսեհը վաղուց սահմանված է քեզ համար:
ՌՈՒԶԱՆ. (ուրախացած) Ա՜հ, որքա՜ն բարի ես, հայր իմ... (Համբուրում է հոր ձեռքը): Բայց ինչո՞ւ Ներսեհն այլևս չէ հաճախում այստեղ. տասն օրեն ավելի է՝ ինչ չեմ տեսել նրան։
ՋԱԼԱԼ. (նստելով աթոռի վրա և յուր մոտ նստեցնելով Ռուզանին) Լսի՛ր դուստրս և ամեն բան կիմանաս։ (Ինքն իրեն): Պետք է վերջապես ծանոթացնել սրան բուն ճշմարտությանը։ (Դառնալով Ռուզանին): Բավական ժամանակ է, սիրելի Ռուզանս, ինչ հրամանով, ո՛չ մի անախորժ լուր չէ թափանցել քո դստիկոնը սրտիդ խաղաղությունր վրդովելու համար։ Թե ինչե՜ր էին անցնում իմ իշխանության մեջ, թե ինչ հոգսեր էին կնճռում քո հոր ճակատը, թե ինչո՜ւ նա օրերով բացակայում էր ամրոցից, այս ամենի մասին չէր հայտնվում քեզ ոչինչ...
ՌՈՒԶԱՆ. (հորն ընդհատելով) ինչպես, հայր իմ, դու հոգսեր ու վշտեր ես ունեցել և ոչինչ չես հայտնել ինձ։
ՋԱԼԱԼ. Այո՛, սիրելիս, որովհետև ճանաչում էի քո զգայուն սիրտը և չէի կամենում վշտացնել նրան։
ՌՈՒԶԱՆ. Ա'խ, հայր իմ միթե կարելի է։
ՋԱԼԱԼ. Այդպես էլ պետք էր, սիրելի զավակս։ Քո մասնակցությունը չէր կարող իմ վշտերը բառնալ, ուրեմն և հարկ չկար տխրեցնել քեզ իզուր։ Բայց այժմ որովհետև կամենում ես Ներսեհի բացակայության պատճառն իմանալ, ուստի ստիպված եմ ծանոթացնել քեզ այն հանգամանքներին, որոնց հետ կապ ունի Ներսեհի բացակայությունը։
ՌՈՒԶԱՆ. Լսում եմ քեզ, սիրեցյալ հայր։
ՋԱԼԱԼ. Այս դարը, որի մեջ ապրում ենք, սիրելի Ռուզանա, արտասուքի, արյան ու թշվառության դար է։ Ինչպես Հայաստանի բոլոր մանր իշխանաթյունները, նույնպես և իմ երկիրը շրջապատված է թշնամիներով, դրանցից մինն ու վտանգավորը որ թաթարաց վայրենիների գունդն է, բռնած ուներ մինչև այժմ Խաչենի սահմանը և հարմար առիթի էր սպասում իմ երկիրը մտնելու և այն հիմնահատակ անելու։ Իմ հպատակներն ամեն օր երկյուղի ու սարսափի մեջ էին, և նրանց իշխանը, որ քո դժբախտ հայրն է, չէր կարողանում զենքի զորությամբ ապահովություն բերել յուր հպատակներին։ Նրանց գլխին կախված էր փորձության սուրը։
ՌՈՒԶԱՆ. Աստվա՛ծ իմ... Եվ այդ ամենի մասին ոչինչ չե՜ք հայտնել ինձ։
ՋԱԼԱԼ. Այո՛, Ռուզան. և ահա' այս էր պատճառը, որ երբ Ներսեհը քիչ ժամանակ առաջ եկավ ինձ մոտ ձեր ամուսնության նկատմամբ իմ վերջնական համաձայնությունն ստանալու, ես նրան ասացի, «Որդյակ իմ, քեզ հայտնի է իմ իշխանության ու ժողովրդի արդի անապահով դրությունը. դու գիտես, թե ի՞նչ վտանգ կարող է հասնել նրանց, եթե գեթ մի օր ինքս ինձ տամ անհոգ զվարճության։ Իմ երկրի սահմանը բռնող թշնամին արծվի սրատեսություն և շան հոտառություն ունի. բավական է իմ կողմից փոքր զանցառություն և ահա նրա գնդերը կբռնեն մեր բլուրները, իսկ ա'յն երկիրն, ուր նրանց ոտքն է կոխում, կանաչ չի բուսուցանում։ Իմ դստեր ամուսնությունը, ասացի, մի հասարակ հանդեսով չի անցնիլ. իսկ իշխանական տան վայել խրախճանով պարապելու ես ժամանակ չունիմ, համբերիր, ասացի, մի առ ժամանակ, մինչև իմ այս թշնամին յուր որջը կդառնա և իմ երկրի մեջ կտիրե ապահովություն, այն ժամանակ ես կօրհնեմ ձեր միությունը և մեր բոլոր ժողովուրդը կմասնակցի այդ ուրախության»։
ՌՈՒԶԱՆ. Եվ Ներսեհն, իհարկե, խոստացավ համբերել։
ՋԱԼԱԼ. Այո։
ՌՈՒԶԱՆ. Իսկ այդ խոստումը մի՞թե կարող էր արգելել նրան ըստ սովորականին մեզ այցելելու։
ՋԱԼԱԼ. Կարող էր արգիլել, եթե նա կերթար քո և յուր երջանկության խոչընդոտները բառնալու։
ՌՈՒԶԱՆ. Ուրեմն նա գնացել է մեր թշնամու դե՞մ պատերազմ ։
ՋԱԼԱԼ. Այո', պատերազմ։ Եվ աստծո աջը զորավիգ կլինի նրան։
ՌՈՒԶԱՆ. Անշուշտ։ Բայց ես զարմանում եմ, թե ինչո՞ւ Ներսեհը մի խոսք անգամ չասաց այդ արշավանքի մասին, երբ վերջին անգամ եկավ յուր հրաժեշտն ինձ տալու։
ՋԱԼԱԼ. Ազնիվ երիտասարդն ինձ ևս չհայտնեց ոչինչ։ Բայց յուր ձեռնարկության լուրը մեր հետամուտները բերին։
ՌՈՒԶԱՆ. Իսկ այդ ձեռնարկության ե՞լքը։
ՋԱԼԱԼ. Առաջին հարձակումը հաջողակ է անցել։ Ներսեհը գրավել է թշնամու դիրքը, իսկ այնուհետև նոր լուր դեռ չունիմ. այսօր անշուշտ մեզ սուրհանդակ կգա։
ՌՈՒԶԱՆ. Եվ երանի՜, թե նա ուրախ լուր բերե։
ՋԱԼԱԼ. (վերկենալով տեղից) Աստծո օգնությամբ ուրախլուր կբերե։ Միայն թե դու քեզ հանգիստ պահիր այժմ և ազատ եղիր ամեն հոգսերից։ Ներսեհը, հույս ունիմ, կվերադառնա հաղթությամբ։ Եվ որպեսզի հակառակորդները ժամանակ չունենան գործելու, ես քո ձեռը հանդիսաբար կհանձնեմ իշխանին, հե՛նց որ նա հաղթանակով մուտ կգործե այստեղ։
ՌՈՒԶԱՆ. Ահ, շնորհակալ եմ, հայր իմ։ (Համբուրում է ձեռը) Դու անսահման բարի ես դեպի քո դուստրը։
ՋԱԼԱԼ. Կատարում եմ իմ պարտքը, որդյակ, միայն իմպարտքը։ (Դուրս է գնում):
ՏԵՍԻԼ Բ
Ռուզան (միայնակ)
Այժմ ամեն ինչ պարզ է ինձ համար։ Այս լուրը հնարված էր։ Ես այդ պիտի գուշակեի Համտունի անսպաս այցելությունից և զուր տեղը չանհանգստացնեի հորս, բայց չկարողացա։ Ես հանցավոր չեմ։ Երբ մարդ ունի այդպիսի գանձ, որի պահպանության համար դողում է ամեն վայրկյան, այն ժամանակ հողմի շունչն իսկ թունդ է հանում նրա սիրտը։ Այո՛, այսպես է։ Իմ աննման իշխանի սերը դարձրել է ինձ կասկածոտ... բայց, աստված իմ, այս ի՞նչ նորություն էր, որ հայրս հաղորդեց։ Ուրեմն Ներսեհը կանգնած է այժմ թշնամու դեմ... կամ գուցե արդեն կռվում է նրա հետ... իսկ եթե հանկարծ մի նետ' ապիրատ ձեռքից արձակված՝ գա և զարկե նրա գեղալանջ կրծքին... եթե հանկարծ մի տեգ նրա կողը մեխվի, կամ մի դարանակալ սուր նրա արևը խավարե ... Օ՜, այն ժամանակ... բայց ոչ. հեռո՜ւ ինձանից վեհերոտ մտքեր. արդար գործին աստված ինքն է առաջնորդում նրա աջը կպաշտպանե խաչի զինվորներին...
Բայց իմ հայրը, տեր աստված, որքա՞ն վշտերով, որպիսի՜ հոգսերով ծանրաբեռնված է եղել և այս ամենը ինչպե՜ս ծածկել է ինձանից... Եվ ինչո՞ւ, չեմ հասկանում, մի՞թե ես այս գերդաստանի անդամը չէի և չի պիտի գիտենայի թե' ինչե՞ր են գործվում իմ հոր իշխանության մեջ, իմ տանը, իմ շուրջը. ինչո՞ւ, պիտի ծիծաղեի ես այն ժամանակ, երբ իմ հոր սիրտը արտասվում էր թաքուն... մի՞թե ես նրան չէի՜ կարող օգնել, մի՞թե ես ոչինչ չէի՞ կարող զոհել... (Լսվում է շշուկ և՛ գալարափողի ձայն, Ռուզանը դիմում է դեպի պատուհանը): Այս ի՞նչ ձայներ են...
ՏԵՍԻԼ Գ
Նույն և Շանույշ
ՇՆՈՒՅՇ. (շտապով ներս վազելով) Տիրուհի՛, ուրախ լուր...
ՌՈՒԶԱՆ. Ի՞նչ կա, Շանույշ. ի՞նչ աղմուկ է այս։
ՇԱՆՈՒՅՇ. (ուրախությունից շնչասպառ) Ներսեհ իշխանը, տիրուհի...
ՌՈՒԶԱՆ.-(շտապով ընդհատելով) Ի՞նչ, նա եկա՞վ... (Անհանգիստ): Ասա շուտ, նա եկա՞վ...
ՇԱՆՈՒՅՇ. Այո', տիրուհի. փողերը նրա գալուստն են ավետում:
ՌՈՒԶԱՆ. (խնդագին) Ա՜հ, աստված իմ. շնորհակալ եմ քեզանից, դու երջանկության նոր աղբյուր բացիր ինձ. (դառնալով Շանույշին): Բայց ո՞ւր է նա, Շանույշ, չէ՞ գալիս ինձ մոտ...
ՇԱՆՈՒՅՇ. Ահա, նա, տիրուհի։
ՏԵՍԻԼ Դ'
Ռուզան և Ներսեհ
(Ներս է մտնում Ներսեհը)
ՌՈԻԶԱՆ. Ներսեհ, սիրեցյալդ իմ, այս որքա՜ն անհանգստություն պատճառեցիր ինձ։
ՆԵՐՍԵՀ. Ներիˊր ինձ, բարի Ռուզան, որ մեր երջանկությունը ապահովելու համար՝ այս անգամ քեզանից գաղտուկ գործեցի։
ՌՈՒԶԱՆ. Եվ եթե ավելի երկարեր բացակայությունդ, սրտիս տխրութենեն պիտի ընկճվեի։
ՆԵՐՍԵՀ.. Ա', մ՞իթե չգիտեիր թե՝ ուր էլ որ լինիմ, քեզ համար կապրիմ։
ՌՈՒԶԱՆ. Այո , բայց պատերազմի դաշտո՞ւմ...
ՆԵՐՍԵՀ. Պատերազմի դաշտո՞ւմ... о՜ , այնտեղ մեռնողը ապրում է ավելի՝ քան ամենից երկարակյացը աշխարհի մեջ։ Եվ կա՞ արդյոք մի կյանք ավելի փառապանծ, քան այն' որ ժառանգում է զինվորը՝ հայրենիքի համար մեռնելով։ Այո՛, Ռուզան, չկա նույնպես մի տեղ, ուր քաջի կուրծքը կարողանար շունչ քաշել այնպեˊս ազատ, ինչպես պատերազմի դաշտում, ուր բանակները կռվում են մահու և կյանքի դեմ... Չկա ավելի մեծ հաճույք՝ քան տեսնել հայ քաջերին արյունախանձ կատաղության մեջ՝ երբ բորբոքում է ճակատամարտը, կամ սուսերամերկ և սրարշավ՝ երբ նահանջում է թշնամին։ Ամեն անգամ, երբ կռվի խառնակության մեջ, փշրվող նիզակների մոտ, կամ նետերի տարափի տակ աչքիս է ընկնում հայրենական դրոշակը, որ ազատ ծածանում է քաջերից մինի ձեոքում. ամեն անգամ, երբ տեսնում եմ այդ դրոշակի փառքի համար նահատակվող մեր մանկտին, սիրտս լցվում է հրճվանքով, բազուկներս գերբնական ուժ են ստանում, և իմ ձայնը որոտում է ինչպես մի մրրիկ, որ շառաչում է անտառի մեջ.... Այո՛, Ռուզան, սիրելի է պատերազմի դաշտը, մանավանդ ա’յն ժամանակ, երբ այնտեղ դարբնվում է հայրենիքի փառքն ու փրկությունը...
ՌՈԻԶԱՆ. Օ՜ , ինչպե՜ս ոգևորում ես դու ինձ... կցանկանայի լինել մի զինվոր և կռվել քո դրոշի տակ... Բայց ասա’ ինձ. ինչ ելք ունեցավ քո արշավանքը, և ի՞նչ հաջողություն
քո սուրը։
ՆԵՐՍԵՀ. Մի թե հաղթվելուց ետ քո աչքին կերևայի՞։
ՌՈՒԶԱՆ. (հրճվանքով) Ուրեմն հաղթությա՞մբ վերադարձար։
ՆԵՐՍԵՀ. Այո‘, քեզ համար, իմ պաշտելի կույս։
ՌՈԻԶԱՆ. Կեցցե‘ս, իմ քաջ, և ուրեմն թշնամին անհետացա՞վ մեր սահմաններից։
ՆԵՐՍԵՀ. Անհետացավ իսպառ։
ՌՈՒԶԱՆ. Եվ ժողովուրդն այսուհետև պիտի ապրի խաղաղության մե՞ջ։
ՆԵՐՍԵՀ. Անշուշտ։
ՌՈԻԶԱՆ. Եվ գեղջուկն յուր դաշտը կհերկե հանգիստ, իսկ մշակն յուր արտը կհնձե ապահո՞վ...
ՆԵՐՍԵՀ. Ոչ ոք այլևս չի խանգարիլ նրանց։
ՌՈՒԶԱՆ. Ո՛վ իմ աննման, այժմ ավելի քան երբեք սիրում եմ քեզ, և եթե իմ այս սրտի փոխարեն կյանքս էլ պահանջեիր, սիրով կնվիրեի քեզ, իբրև ժողովրդայն ազատարարին... դեհ, այժմ պատմիր ինձ քո արշավանքի մանրամասնությունը։
ՆԵՐՍԵՀ. Ամենայն սիրով... բայց իշխանները գալիս են, դեռ դիմավորենք նրանց։
ՏԵՍԻԼ Ե
Առաջինները, Ջալալ, Մամքան, Թեճի, Զաքարե,
Սմբատ, Պապաք, Համատուն, Ումեկ
ՋԱԼԱԼ. Իշխաններ, դուք ճանաչում եք այն երիտասարդին (մատնացույց անելով Ներսենի վրա): Յուր մանկության հասակից, ճանաչում եք և նրա հինավուրց ազգատոհմը:
Սրա նախնիքը հայտնի էին իրենց հավատարմությամբ դեպի մեր թագավորները և անձնվիրությամբ' դեպի հայրենիքր։ Ինչպես տեսնում եք, արժանավոր որդին հետևում է յուր նախահարց շավղին։ Նա այսօր հաղթական վերադառնում է ա՛յն ասպարեզից, ուր դուք վաղուց գործում էիք, և ուր գործել են յուր նախնիք։ Թաթարաց ա՛յն հզոր բանակը, որ մեր սահմանում գտնվելով՝ ահ ու սարսափ էր ազդում Խաչենի ժողովրդին, Ներսեհ իշխանի շնորհիվ իսպառ ջնջված է, իսկ նրա գլխավորները' գերված ու կապված։ Այսպիսով, ուրեմն, մեր երկրի խաղաղությունը ապահովված է երկար, և այս բարիքը մենք պարտական ենք իշխան Ներսեհին։ Ցանկանալով արժանապես վարձատրել նրա այս արիության գործը, կամենում եմ այդ առթիվ ստանալ իշխանուհվո և ձեր հաճությունը, իշխաններ։
ՄԱՄՔԱՆ. Վարձատրիր իշխանին այնպիսի պարգևով, որին արժանի է յուր ցույց տված ծառայությունը. ես դրա համար տալիս եմ իմ սրտագին հաճությունը։
ԶԱՔԱՐԵ. Հայրենիքի օգտին նվիրած ծառայությունը արժանի է միշտ լավագույն վարձատրության։ Ես համաձայն եմ քո մտադրության հետ։
ԻՇԽԱՆՆԵՐ. Մենք ևս, մենք ևս։
ՋԱԼԱԼ. (հանդիսաբար մոտենալով Ներսեհին) Որդյակ իմ,,դու, արժանի ես ա՛յն պարգևին, որը վաղուց հետե սահմանված է եղել քեզ համար, բայց որը տակավին հանձնված չէ եղել քեզ հանդիսացար։ Այդ պարգևը դու ամենաթանկագինն ես համարել բոլոր բարիքներից։ Եվ ահա իմ հատուկ ցանկությամբ և իշխանուհվո ու մեր հարգելի իշխանների հաճությամբ ես տալիս եմ քեզ այն իբրև մրցանակ քո փառավոր հաղթության։ (Բռնելով Ռուզանի ձեոքը և հանձնելով Ներսեհին): Ահա՛ նա։
ՆԵՐՍԵՀ. (զգացված) Դու ինձ ամենաերջանիկը կացուցիր աշխարհում, մեծ իշխան։
ՋԱԼԱԼ. (զրկելով երկուսին և համբուրելով) Դուք արժանի եք միմյանց, որդյակներս։
ՄԱՄՔԱՆ. Ապրեցեք միմյանց համար և երջանիկ եղեք։ (Գրկելով և համբուրելով երկուսին)։ Այսօր մենք մեր հարգելի իշխանների հետ միասին կկատարենք ձեր նշանադրության հանդեսը և (դառնալով Ներսեհին) կտոնենք քո փառավոր հաղթությունը։ Իսկ գարնան, երբ մեր լեռները կգեղեցկանան, մենք կօրհնենք ձեր միությունը։
ԶԱՔԱՐԵ. (մոտենալով) Իսկ ես, քանի դեռ մահը չէ այցելել իմ ծերության, այժմյանից եմ օրհնում ձեր ապագա միությունը։ (Գրկում և համբուրում է երկուսին):
ԻՇԽԱՆՆԵՐԸ. (հետզհետե մոտենալով՝ շնորհավորում են Ներսեհին ու Ռուզանին, բացի Համտունից, որ կանգնած է հեռու):
ՄԱՄՔԱՆ. (Համտունին) Դու միայն, Համտուն իշխան, անտարբեր ես դեպի այս հասարակաց ուրախությունը։
ՍՄԲԱՏ. (ինքն իրեն) Որովհետև խեղճի սրտում վառվում է նախանձի կրակը:
ՀԱՄՏՈՒՆ. (առաջ գալով) Ինձ տանջում է ա՛յն հոգսը թե՝ Ներսեհ իշխանի անխորհուրդ կերպով թաթարաց զորքերին ջարդելը եթե Չարմաղան մեծ զորապետն իմանա և ավելի մեծ ուժով մեզ վրա հարձակի, ի՞նչ պիտի անենք։
ՆԵՐՍԵՀ. (եռանդով և հանդիսաբար) Եթե մատնիչները նրան չեն առաջնորդել, մենք նրան կդիմավորենք մեր սրով և կրծքով...
ՄԱՄՔԱՆ. Իսկ այժմ, իշխաններ, գնանք մեր ուրախությունը առնելու։ (Բոլորը դուրս են գնում, բացի Պապաքից ու Համտունից):
ՏԵՍԻԼ Թ
Համտուն և Պապաք
ՀԱՄՏՈՒՆ. Պապաք իշխան, այս նախատինքն ես չի պիտի տանեմ։ Դու գիտես, որ հայ իշխանական տների մեջ մեր Սյունյաց տունը, գրեթե, առաջինն էր։ Նա բարձակից էր Ասպետական և Արծրունի նախարարությանց։ Իմ նախնիքն արծաթե գահ, ոսկի գավազան և մարգարտե վարսակալ էին գործածում և թագավորական սեղանի վրա՝ իբրև գահերեց, չորս հարյուր նախարարություններից բարձր էին նստում։ Նրանք խնամություն են արել արքայական տների հետ, և նրանց հաջորդները Բաղաց թագավորության հիմնադիրներն եղան։ Ջալալ իշխանը չի պիտի համարձակեր այս փառավոր տոհմի պատիվն այսքան անարգելու։ Ես ամենից վատարանցը կլինիմ եթե իմ անպատվության վրեժը չառնեմ նրանից կրկնապատիկ:
ՊԱՊԱՔ․ Ինչո՞ւ Ջալալից։ Քո հակառակորդը Ներսեհ իշխանն է։
ՀԱՄՏՈՒՆ․ Իսկական հերոսը չի մերկացնում սուրը սինլքոր զինվորի դեմ, որին կարող է ընկճել լախտի մի հարվածով։ Իմ համազոր հակառակորդը Ջալալ իշխանն է, նրա հետ էլ ես իմ հաշիվը կտեսնեմ։
ՊԱՊԱՔ․ Նշանադրությունը եղավ, այժմ արդեն ուշ է վրեժխնդրության վրա մտածել։
ՀԱՄՏՈԻՆ․ Վրեժն երբ էլ լուծվի, հաճույք կպատճառե լուծողին։
ՊԱՊԱՔ․ Բայց այսուհետև այլևս ի՞նչ վրեժ կարող ես լուծել։
ՀԱՄՏՈԻՆ․ Ինչ վրե՞ժ, о՜ , ես գիտեմ, թե ինչ. ես արդեն որոշեցի։
ՊԱՊԱՔ․ Սպանե՞լ տալ Ջալալին։
ՀԱՄՏՈԻՆ․ Երբեք։ Ով որ սպանում է հակառակորդին, նա ազատում է նրան տանջվելուց։ Ջալալը պիտի ապրե, որպեսզի Համտունի ստեղծած չարիքներից շարունակ տանջվի։
ՊԱՊԱՔ․ Բայց ի՞նչ ես որոշել անել։
ՀԱՄՏՈԻՆ․ Լսիր, Պապաք, դու գուցե պատմությունից գիտես, որ իմ նախնիքներից մինն՝ Անդոկ նախարարը, պարսից Շապուհ թագավորից կրեց մի անարգանք, այն է' արքայական սեղանի վրա' Հայոց նախարարաց կարգին մեջ' փոխանակ երրորդ գահն ստանալու, տասն և չորրորդը ստացավ։ Անդոկ այդ նախատինքը չկարողացավ տանել և պարսից հզոր թագավորից յուր վրեժն առավ՝ նրա տերության մայրաքաղաք Տիզբոնն ավերելով և հրդեհելով։ Ես այդ հպարտ մարդու սերունդներից եմ և գիտեմ նրա չափով վրեժ առնելու արհեստը։
ՊԱՊԱՔ․ Բայց Անդոկի վրիժառությունը սոսկալի հետևանքներ ունեցավ։ Սյունյաց բարեշեն նահանգը ավերակ դարձավ այդ պատճառով։
ՀԱՄՏՈՒՆ․ Գիտեմ։ Գուցե իմ վրիժառությունն ևս նույն հետևանքն ունենա։ Ես Սյունյաց տոհմի վերջին շառավիղն եմ։ Ա՛յն ձեռքը, որ իմ կյանքի թելը կկարճե, կանհետացնե աշխարհից նաև Սյունյաց անունը։ Բայց ինձ համար միևնույն է.. ավելի լավ է մեռնել, քան անպատիվ ապրել։ Ես չի պիտի կարողանամ իմ զայրույթը զսպել։ Լսվում են երաժշտության ձայներ): Մինչև որ այս (ցույց տալով դեպի երաժշտության կողմը) ստեղծվող երջանկությունը չխանգարեմ։
ՊԱՊԱՔ․ Բայց ինչո՞վ։
ՀԱՄՏՈՒՆ․ (անուշադիր) Այո′, իմ աչքերը չեն կարող անտարբեր նայել ա′յն տեսարանին, երբ քահանան այս միությունը օրհնելով՝ իմ օրինական հարսնացուն կհանձնե ձորոգետցի Ներսեհին. այդ տեսարանը չպետք է տեղի ունենա։
ՊԱՊԱՔ․ Մի քանի շաբաթից հարսանյաց թափորը կճանապարհվի դեպի Մեծիրանից վանքը։
ՀԱՄՏՈՒՆ․ Եվ այնտեղ էլ, ուրեմն, պսակը կկատարվի։
ՊԱՊԱՔ․ Անշուշտ։
ՀԱՄՏՈՒՆ․ Հոգ չէ, թող կատարվի. այսուամենայնիվ, նորապսակները չեն տեսնիլ իրենց առագաստը։
ՊԱՊԱՔ․ Հասկացաː Ուրեմն սուրբ Հակոբա անտառում, երկու դարանակալ նետեր կթռչեն դեպի նրանցː:
ՀԱՄՏՈՒՆ․ Ո՛չ. ավելի մեծ չարիք կպատահի։
ՊԱՊԱՔ․ Այսի՞նքնː
ՀԱՄՏՈՒՆ․ Լսիր ինձ։ Այս ամրոցում դո՛ւ ես իմ միակ մտերիմն, ուստի հայտնում եմ քեզ (զգուշությամբ այս ու այն կողմ նայելով), որ հենց պսակի օրը այստեղ կհասնեն Չարմաղանի զորքերը։
ՊԱՊԱՔ․ (սարսափահար) Այդ ի՞նչ ես գուժում։
ՀԱՄՏՈՒՆ․ Հանգիստ կաց և լսիրː Հենց որ աոաջին գուժկանը կհասնե, դու միջոց գտիր ամրոցից փախչելու, որպեսզի մյուս հանցավորների հետ զուր տեղը չզոհվիս թաթարաց սրինː
ՊԱՊԱՔ․ Եվ դու կատակ չե՞ս անում։
ՀԱՄՏՈՒՆ․ (ծանրությամբ) Կար ժամանակ, երբ ես էլ սիրում էի կատակներ, բայց այդ ժամանակն անցավ. անարգված մարդը միայն վրեժ է առնումː
ՏԵՍԻԼ Ժ
Առաջիններ և մի սպասավոր
ՍՊԱՍԱՎՈՐ․ (ներս մտնելով) Տյարք, իշխան տաճարապետը սպասում է ձեզ։ (Գլուխ տալով դուրս է գնում)ː
ՏԵՍԻԼ ԺԱ
Համտուն և Պապաք
ՀԱՄՏՈՒՆ․ Գնանք, բարեկամ, միամիտ բախտավորները զվարճանում են, գնանք մասնակցենք նրանց ուրախությանը։
ՊԱՊԱՔ․ Բայց քո հայտնությունը իմ արյունը սառեցրեց։
ՀԱՄՏՈՒՆ․ Հոգ չէ, Խաչենի գինին նորից կտաքացնե, գնանք։
ՊԱՊԱՔ․ (դժվարանալով) Ավելի լավ է, որ միասին չմտնենք դահլիճ։
ՀԱՄՏՈՒՆ․ Բարի, ուրեմն դու գնա առաջ, իսկ ես կգամ հետո։
ՊԱՊԱՔ․ (առաջանալով և ինքն իրեն) Արժանի վրեժ է, եթե լուծվի, բայց ես թող սրան համախոհ չճանաչվիմ։ (Դուրս է գնում):
ՏԵՍԻԼ ԺԲ
Համտուն (միայնակ)
Հիմա՛ր կնամարդ, չէ կամենում ինձ հետ միասին մտնել մարդկանց մոտ, որպեսզի հետո մեղսակից չհամարվի ինձ։ (Գլուխը շարժելով): Հապա, անմիտ. ի՞նչ էիր մտածում, որ նախանձի դժոխքը վառում էիր այստեղ։ (Ցույց տալով սիրտը): Մի՞թե Համտունին էլ համարում էիր մի Պապաք, որ հակառակորդի հետ կռվեր՝ կանանց հետ դաշնակցելով։ Չէ, բարեկամ, հավաբնում միայն աղվեսն է շահատակում, իսկ առյուծի համար կա անեզր անապատ, ուր նա խեղդում է ոչ թե հավ, կամ խլուրդ, այլ վագր ու հովազ։ Եթե հարկ կա վրեժ առնելու, ապա պետք է այնպես անել, որ այդ վրիժառությունից աշխարհը սասանի... (Դուրս է գնում):
Վարագույր