Muratsan
Չհաս է
5
ԺԶ
ԱՆԿԵՂԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Կան սրտեր, որոնք ա՛յնքան քնքուշ, և ա՛յնքան ենթակա են ազդեցությունների, որ շատ անգամ րոպեական դեպքերը բավական են լինում նրանց թագավորության մեջ ամենամեծ հեղափոխություններ հարուցանելու։ Օրիորդ Աստղիկը պատկանում էր ա՛յն դասին, որ կրում է յուր մեջ այս տեսակ սրտեր։ Սկսած ա՛յն րոպեից, որ Պետրոսը դուրս գնաց նրա մոտից, նա դարձավ օրիորդի մտածմանց առարկան։ Ա՛յն աղջիկը, որ րոպե անգամ անգործ նստել չէր սիրում, որ դպրոցական պարապմունքներից ետ՝ անմիջապես տան զբաղմունքներն էր սկսում, որ յուր ուրախությունը և զվարճությունը անխոնջ աշխատության մեջ էր գտնում, այսօր մոռացել էր սովորական զբաղմունքները, դպրոցական պարապմունքների մասին չէր հիշում ոչինչ, տնային գործերը չէին հետաքրքրում նրան․․․ Մտածել ամբողջ ժամերով, ահա՛ մի բան, որ շատ դուր էր գալիս նրան, բայց ինչո՞ւ անպատճառ Պետրոսի վերա, այդ նա չէր կարողանում բացատրել։ Անցյալից, մանավանդ, նա սկսում էր հիշել գողտրիկ դեպքեր, որոնք վերաբերում էին յուր և Պետրոսի մանկական բարեկամությանը, իրենց խաղերին և զվարճություններին․ նա շատ լավ հիշում էր և այն՝ թե ինչպե՜ս տխրեց, և մինչև անգամ արտասվեց ինքը, երբ յուր մայրը առաջին անգամ հայտնեց իրեն, թե Պետրոսը գնաց Թիֆլիս․․․ Նա տխրեց, որովհետև յուր ընկերը գնացել էր օտար քաղաք առանց իրեն տեսնելու, առանց իրեն հրաժեշտի ողջույնը տալու։ Եվ հենց այդ րոպեից սկսվեցավ յուր մեջ բուռն ցանկություն ուսման մեջ առաջադիմելու։ Ճշմարիտ է, նա Պետրոսի ժամանակ արդեն ուսանում էր, բայց այն չափով, որքան հարկավոր էր մի խեղճ ընտանիքի աղջկա համար և որով, իհարկե, նա շատ բան ձեռք բերել չէր կարող։ Սակայն Պետրոսի գիմնազիոն գնալը վառեց նրան նախանձախնդրության հոգվով․- «Նա գնում է գիմնազիոնում ուսանելու, մի քանի տարուց ետ նա կվերադառնա մեծ ուսումով, մեծ խելքով. նա էլ չի կամենալ ինձ հետ խոսել, ինչպես չկամեցավ վերջին անգամ ինձ տեսնել․․․ իհարկե, նա հարուստի տղա է, նա կարող է գնալ Թիֆլիս, գիմնազիոն, բայց ես էլ կարող եմ սովորել գոնե այնքան, որ նրա հետ մի տեղ պատահած ժամանակ չամաչեմ նրանից․․․»։ Մոտավորապես այս մտքով մի խորհրդածություն արավ այն ժամանակ փոքրիկ Աստղիկը և այս խորհրդածությունը պատճառ դարձավ այն առաջադիմության, որ նա հասավ վեց տարվա անխոնջ և շարունակ աշխատությամբ։ Անցյալից այս բոլորը հիշելով Աստղիկը գալիս էր այն եզրակացության, որ երևի այդ երիտասարդը վաղ թե ուշ մի մասնակցություն պիտի ունենա յուր բախտի և ապագայի հետ։ Բայց և այնպես նա դեռ վճռապես չէր կարողանում հաշիվ տալ ինքն իրեն, թե ինչո՞ւ ամբողջ ժամերով միայն նրա վերա էր մտածում և այնքան շատ նրա կրկին տեսության փափագում։
Լինում է ժամանակ, երբ քաղաքավարության օրենքները բռնաբարում են մարդու սիրտը և զգացմունքները, ստիպելով նրանց ստել և կեղծավորել. բայց պատահում է նաև, որ այդ օրենքները ծառայում են մարդկային սրտի և զգացմանը, հաճույքներին։ Օրիորդ Աստղիկի ուրախությանը չափ չկար, երբ այն միջոցին, որ նա պատճառներ էր որոնում Պետրոսի հետ տեսնվելու, հանկարծ մտաբերեց, թե քաղաքավարության օրենքը պահանջում էր իրենից վերադարձնել նրան յուր այցելության փոխարենը։
Եվ հետևյալ օրը նա այցելեց նրան։
Պետրոսը հույս չուներ այդպես վաղ Աստղիկին տեսնելու. այդ պատճառով նրա հանկարծ ներս մտնելը մեծ ուրախություն պատճառեց իրեն։
Եթե ձեր այցելությունը մի պարտքի հատուցումն է, ես նրան չեմ ընդունում, ծիծաղելով նկատեց Պետրոսը, դիմավորելով օրիորդին։
Մի՞թե այդ ձեր ցանկությունից չէ կախված ընդունել նրան այն մտքով, ինչ մտքով որ հաճելի է ձեզ։
Իհարկե ոչ. ենթադրությունները զբաղեցնում են ուղեղը, բայց սրտին ուրախություն չեն պատճառում. ուրախանալու համար մենք պետք է ապացույցներ ունենանք։
Եթե իմ խոսքը կարող է ձեզ իբրև ապացույց ծառայել, ուրեմն կասեմ, որ ես միայն ձեզ տեսնելու համար եկա:
Շնորհակալ եմ. ես չէի տարակուսում. ուրեմն նախազգացումը ամփոփում է յուր մեջ ճշմարտության ամբողջությունը…
Դուք հավատո՞ւմ եք նրան, ծիծաղելով հարցրեց օրիորդը։
Այժմ ավելի քան երբեք։ Իսկ դո՞ւք… ե՞ս…
Այո։
Ես ոչ, չեմ հավատում։
Ի՞նչպես, դուք չե՞ք հավատում, որ նախազգացումը ապագայի կարապետն է։
Եթե այդպես է, ուրեմն ավելի լավ էր չհավատալ նրան։
Ինչո՞ւ։
Որովհետև կյանքի մեջ տխրությունները այնքան շատ են, որ նախազգացմանը հավատալով՝ մենք ստիպված պիտի լինինք ամեն օր լաց լինելու, իսկ տխրել ես չեմ սիրում։
Ուրեմն դուք հավատացեք նրան ա՛յն ժամանակ միայն, երբ նա շշնջում է ձեր ականջին մոտալուտ ուրախության լուրերը։
Կամ ավելի լավ է ասել, նախազգացումը դուք ինքներդ ստեղծեցեք, որպեսզի նա տխուր լուրեր չհաղորդե ձեզ, նկատեց օրիորդը և ուրախ֊ուրախ ծիծաղեց, հետո Պետրոսին դառնալով հարցրեց.
Ի՞նչ նախազգացման մասին էիք խոսում դուք։
Իմ նախազգացման:
Այդ գիտեմ, բայց ինչի՞ վերաբերությամբ։
Դա մի գաղտնիք է, որ շատ ուշ պիտի խոստովանեմ ձեզ, խորհրդավոր եղանակով պատասխանեց Պետրոսը։
Եթե այդ գաղտնիքը մի օր պիտի խոստովանեք ինձ, ուրեմն ավելի լավ է հենց այսօր խոստովանել։
Եթե միայն դուք խոսք կտաք չբարկանալ ինձ վերա, կամ գոնե անքաղաքավար չեք անվանիլ ինձ։
Երկուսի համար էլ ես իրավունք չունիմ։
Եթե բանը իրավունքի եկավ, ուրեմն իմ պարտքս էլ չռելն է։
Ոչ, ոչ, մի՛ նեղանաք, խնդրում եմ, խոստովանեցեք ձեր գաղտնիքը, ես խոստանում եմ ոչ բարկանալ և ոչ անքաղաքավար անվանել ձեզ։
Շնորհակալ եմ. ուրեմն ես ձեր հետաքրքրությունը կգոհացնեմ. դուք լավ եք ասում. թե մի գաղտնիք, որ մի օր պիտի խոստովանեք ինձ` ավելի լավ է հենց այսօր խոստովնել: Եվ իրավ, եթե մենք երկու օտարներ լինեինք, դեռ նոր միմյանց հետ ծանոթացած, հարկավ ամենաթեթև մտերմական խոստովանությունն էլ մի հայտնի ժամանակից ետ կարող էինք անել միմյանց. այսինքն երբ արդեն միմյանց բնավորություն բավական ուսումնասիրած կլինեինք։ Բայց մենք, որ մանկությունից արդԵն ճանաչում ենք միմյանց, ապրել մեծացել ենք միասին իբրև քույր և եղբայր կարծեմ կարիք չունինք մի որևէ խոստովանության համար որոշ ժամանակի սպասելու. ուրեմն լսեցեք ինձ։ Այն օրից սկսած, երբ ես առաջին անգամ տեսա ձեզ ուսումնարանում և իմ երևելի հիշողության շնորհիվ ստիպվեցա Սերոբյանի միջոցով նորոգել ձեզ հետ իմ բարեկամությունը, այդ օրից սկսած դուք դարձաք իմ մտածմունքների միակ առարկան։ Մինչև այն րոպեին, երբ ես կրկին անգամ արժանացա ձեր տեսության, ժամերը օրերի չափ երկարացել էին ինձ համար. իսկ այն րոպեից սկսած, երբ ես դուրս եկա ձեր տնից, ես իմ հանգիստը կորցրի բառի բուն նշանակությամբ։ Ամեն տեղ և ամեն կողմ ես ձեզ էի պտրտում և ձեզ վերա մտածում։ Իսկ այսօր առավոտվանից արդեն ես հաստատապես սպասում էի ձեր գալստյան, որովհետև իմ նախազգացմունքը ասում էր ինձ, որ դուք անպատճառ կգաք ինձ տեսնելու: Իրավունք ունեի՞ արդյոք ձեզ սպասելու, թե ոչ. ճիշտը դուք կարող եք իմանալ, բայց որ նախազգացումը ինձ չխաբեց, դրա ապացույցն ա՛յն է, որ ահա՛ դուք այստեղ, ինձ մոտ եք։ Այս էր իմ խոստովանության գաղտնիքը, որը, ինչպես տեսնում եք, միայն մի քանի հասարակ ճշմարտություններ է պարունակում յուր մեջ…
Որոնք արտահայտված են բավական համարձակ կերպով, նկատեց օրիորդը և ապա խոսքը փոխելով հարցրեց.
Ո՞ւր է ձեր մայրը, ես կամենում էի նրան էլ տեսնել։
Նա դեռ երկեղեցուց չէ վերադարձել և երևի շատ չի ուշանալ այնտեղ, բայց մի՞թե իմ ներկայությունը ձեզ արդեն ձանձրացրեց։
Ես այդպես բան չասացի։
Ուրեմն իմ խոստովանությունը ձեզ վշտացրե՞ց։ Օրիրոդը ոչինչ չխոսեց. նա լուռ էր և աչքերը ուղղած դեպի սենյակի դուռը, որտեղից կարծես սպասում էր մեկի ներս մտնելուն։
Դուք ոչինչ չե՞ք պատասխանում, կրկին հարցրեց Պետրոսը։
Ահա՛ ձեր մայրը գալիս է, ես նրա ոտնաձայնը լսում եմ, խոսեց օրիորդը, և դիմավորեց տիկին Հռիփսիմեին, որը նույն րոպեին ներս մտավ սենյակի դռնով։ Տիկնոջ «որողորմի աստված»֊ը վերջ տվեց լարված խոսակցությունը։
Ժէ
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ
Լուսնյակ գիշեր էր. մեղմ և զովաշունչ։ Անցուդարձը արդեն դադարել էր փողոցներում. արծաթափայլ լուսինը, որ կամաց-կամաց դեպի արջնաթյուր երկնակամարն էր բարձրանում, իզուր յուր պայծառ լապտերով լուսավորում էր նրանց․ ոչ ոք չէր կամենում օգուտ քաղել ամառային զովարար գիշերից. քաղաքի բնակիչները, իբրև երդվյալ գավառացիներ, վաղուց արդեն խոր քնով խռմփում էին և գիշերային խորհրդավոր լռությունը ընդհատվում էր միայն շների հաչյունով, որ մերթ ընդ մերթ լսվում էր փակված բակերի մեջ։
Պետրոսը, որ այդ երեկո հրավիրված էր յուր ծանոթներից մեկի տանը, միայնակ և մտախոհ վերադառնում էր տուն։ Նրա մտածմանց առարկան այն ծանր լռությունն էր, որ գիշերվա այդ ժամին տիրում էր ամբողջ քաղաքի մեջ։ Իբրև ուսանող նա սովոր էր լավ երեկոները մի քանի ժամ զբոսնել ընկերակիցների հետ միասին և օգուտ քաղելով ազատ ժամերից, խոսել և դատել օգտավետ խնդիրների մասին։ Այդ լինում էր Թիֆլիսում, ուր կյանքը սկսվում էր նույնիսկ գիշերային ժամերից. բայց ի՞նչ անել այստեղ, յուր հայրենի քաղաքում, ուր կյանքը դադարում էր արևի վերջին ճառագայթների հետ։ «Ահա այսպես էլ ամեն բանում տիրում է մեռելություն, կամաց֊կամաց քայլելով մտածում էր նա ինքն իրեն. գիշերվա ժամերի նման մարդկանց սրտերն էլ քնած են, արևի ջերմությունն է միայն, որ կարող է կյանք ներշնչել նրանց մեջ, բայց ո՞ւր գտնենք այն մարդը, որ արևի գունդը ծածկած ունենա յուր կրծքում… Խեղճ Պետրե, և դու քո տգիտության համար չարաչար պատժվեցար. ի՛նչ հարկավոր էր անկեղծ լինել այնտեղ, ուր անկեղծության մասին գաղափար չունին մարդիկ…»։
Պետրոսը յուր անհաջող խոստովանության մասին էր խոսում, որի պատմությանը նախընթաց գլխից արդեն ծանոթ են մեր ընթերցողները։
Մի տաս րոպեից ետ նա հասավ այն խուլ փողոցին, որի վերա էր գտնվում իրենց տունը, կից Աստղիկենց տան: Հասնելով նրանց պարտեզի ցանկապատին, նա անզգուշաբար կանգ առավ նրա առաջ, նայեց դեպի պարտեզը և զարմացմամբ նշմարեց մի սպիտակազգեստ երևույթ, որ նստած էր ծառերից մեկի տակ, փոքրիկ նստարանի վերա։ Նա նմանում էր մի մարմարիոնե արձանի, որով քանդակագործը կամեցել էր պատկերացնել գիշերային աստվածուհիներից մինին… Երևույթը չէր շարժվում. բայց նրա աչքերը, որոնք ուղղված էին դեպի լուսնի պայծառ շողերը, փայլում էին ինչպես երկու արեգակներ։ Պետրոսը հիացմամբ նայում էր նրանց վերա․ գիշերային խորհրդավոր գեղեցկուհին նրա հոգին դյութել, հափշտակել էր․ և նա չէր համարձակվում ամենափոքր շշունջ անգամ հարուցանել յուր աստվածուհու մենավոր մտածմունքները չխանգարելու համար։
Վերջապես երևույթը, որ նույն ինքը Աստղիկն էր, շարժվեցավ տեղից և մի քանի քայլ առաջացավ դեպի ցանկապատը, կարծես նա զգաց, որ այնտեղ դիտում են իրեն։
Պետրոսը արագությամբ, բայց թեթև քայլերով ետ փախավ դեպի փողոցը՝ չկամենալով յուր գաղտնի ներկայությամբ վախեցնել սիրուհուն, և այնտեղից նորեն լսելի ոտնաձայնով սկսավ առաջանալ դեպի պարտեզը։ Երբ նա հասավ ցանկապատին, նրա ետևում արդեն կանգնած էր սպիտակ երևույթը, որ իսկույն ճանաչեց Պետրոսին։ Պետրե, այս դո՞ւ ես, ո՞րտեղից ես գալիս այսքան ուշ. քնքշաբար և մտերմությամբ հարցրեց նրան Աստղիկը:
Մի բարեսիրտ ծանոթի տնից, որ խղճալով իմ միիայնությունը, հրավիրել էր ինձ յուր մոտ, պատասխանեց երիտասարդը, բայց դուք ի՞նչ ունիք այդտեղ, այս գիշերային ժամուն…
Ինձ ծանոթները չեն հրավիրում, ուստի փորձում եմ մենավոր կյանքին ընտելանալու, ժպտալով պատասխանեց օրիորդը։
Երևի միանձնուհի դառնալու համար։
Այո՛, երբ աշխարհի մեջ էլ հրապուրիչ ոչինչ չեմ գտնիլ։
Ուրեմն դուք դեռ աշխարհը չե՞ք ատում։
Դու այդ սպասո՞ւմ էիր։
Մի՞թե չպետք է սպասեի. ով որ զգացմունք չունի սիրո համար, նա արդեն աշխարհի սահմաններում չէ ապրում։
Օ՜, դու ինձ կամենում ես վրեժխնդիր լինել։ Արի այստեղ, Պետրե, ես քեզ ավելի մոտիկից կպատասխանեմ. արի ինձ մոտ, դու երևի ճանապարհը ճանաչում ես։
Պետրոսի սիրտը ուրախությունից թունդ ելավ, էլ ի՞նչ հարկավոր էր նրան ճանապարհներ պտրտել.մի ոստյուն, և նա արդեն պարտեզումն էր։
Երկու երիտասարդները ջերմությամբ սեղմեցին միմյանցձեռք, և Աստղիկը Պետրոսի ձեռքից բռնած տարավ նրան պարտեզի խորը, որտեղ նրանք նստան մի մեծ խնձորենու տակ, որի ստվերաշատ ճյուղերը արգիլում էին լուսնին լուսավորելու նրանց։
Պետրե, ես կամենում եմ առաջինը խոսել.թո՞ւյլ կտաս դու ինձ այդ, քնքշաբար հարցրեց օրիորդը։
Օ՜, եթե միայն դու խոսես, ես պատրաստ եմ հավիտյան լռելու, ջերմությամբ պատասխանեց երիտասարդը։
Ուրեմն լսիր ինձ։ Անցյալ օրը երբ ես քեզ այցելության եկա, շատ բաներ ունեի քեզ հայտնելու, շատ բաներ՝ քեզ խոստովանելու… բայց երբ դու քո գաղտնիքը ինձ բացիր, ես ակամա ետ կանգնեցի իմ դիտավորությունից․ մի գաղտնի երկյուղ թուլացրեց իմ արիությունը, մանավանդ, երբ ձեր տան մեջ ես ինձ հանկարծ միայնակ գտա քեզ հետ։ Որքան էլ կամենում էի խոսել և մի պատասխան տալ քո հարցերին, այսուամենայնիվ լեզուս չէր հնազանդվում ինձ, և ո՜րքան շատ ուրախացա, երբ քո մայրը ներս գալով վերջ տվավ իմ անել դրությանը։ Ես տեսա, որ դու նեղացար, տեսա, թե ինչպես դժգոհությունը պատեց քո դեմքը. բայց ես գոհ էի, որովհետև ազատվեցա հաղթահարվելու երկյուղից։
Այժմ բուն ճշմարտությունը խոստովանելուց առաջ ես մի հարց ունիմ քեզ անելու. խոսի՛ր ուրեմն անկեղծությամբ, առանց ստելու, առանց իմ քեզ վերա ունեցած վստահությունը հարստահարելու. սիրո՞ւմ ես դու ինձ, Պետրե, թե ոչ, ասա՛, ես կամենում եմ կրկին անգամ լսել այդ քո բերանից։
Սիրո՞ւմ եմ քեզ, հարցնում ես դու ինձ, և ի՞նչ ես կամենում, որ ես պատասխանեմ։
Ճշմարտությունը, որ անմահ է այս լուսնի նման։
Եվ որ այդ լուսնի ստեղծողն է. Այո՛, Աստղիկ, ես քեզ սիրում եմ, սիրում եմ իմ սրտի բոլոր ջերմությամբ, իմ հոգու բոլոր կարողությամբ… Վկա է աստված, որ սիրո արարիչն է, վկա այս լուսինը, որ սիրահարի խորհրդականն է. վկա այս գիշերը, որ սիրող սրտի մտերիմն է, ես քեզ սիրում եմ, և այս միակ խոսքի մեջ է ամփոփվում իմ բոլոր երջանկությունը…
Ես հավատում եմ, Պետրե, և ես երջանիկ եմ… ահա բոլորը, ինչ որ կարող եմ ասել…
Աստղիկ, ուրեմն դու ինձ սիրո՞ւմ ես, օ՜հ, խոսի՛ր, խոսի՛ր, աղաչում եմ, դարձյալ մի խոսք, մի բառ… Այս ասելով երիտասարդը ծունկ չոքեց օրիորդի առաջ և ջերմ համբույրներով սկսավ ծածկել նրա ձեռքը։
Վեր կաց, Պետրե, դու ավելիին ես արժանի, որովհետև ես հավատում եմ քո ակեղծությանը. վեր կաց և գրկիր ինձ, Աստղիկը քո ստրկուհին է… շշնջաց օրիորդը և երկու սիրահարները ջերմությամբ գրկախառնվեցին իրար…
Ինչո՞ւ ուրեմն ամբողջ երկու օր տանջեցիր ինձ, Աստղիկ, յուր հոգեկան զմայլմունքից սթափվելով հարցրեց Պետրոսը օրիորդին։ Ավելի լավ կլիներ հարցնել, թե ինչո՞ւ ինքդ քեզ տանջեցիր…
Ինքդ քե՞զ։
Այո՛, ինքս ինձ. որովհետև անցյալ օրվա իմ լռությունով քեզ միայն մի վիշտ պատճառեցի ես, բայց ինձ՝ երկու։
Ես քեզ չեմ հասկանում։
Ես շատ պարզ խոսեցի. բայց էլի կբացատրեմ իմ ասածը։ Այն օրից սկսած, որ դու հեռացար այստեղից, իմ սիրտը ու միտքը քեզ հետ էր։ Իհարկե ես դեպի քեզ սեր չէի զգում, որովհետև սերը այն ժամանակ դեռ մի անծանոթ զգացմունք էր ինձ համար, բայց ես միշտ հիշում էի քեզ ինչպես իմ միակ և լավ ընկերին։ Եվ որովհետև դու ճանապարհվելու ժամանակ ինձ հրաժեշտի ողջույն տալու չեկար, հենց այդ պատճառով էլ ես քո վարմունքը չկարողացա մոռանալ։ Ես իմ մտքում դրի սպասել քեզ մինչև այն օրը, երբ դու կվերադառնայիր Թիֆլիսից ավելի խելոք ու մեծացած և ես քեզ կամաչեցնեի հիշեցնելով քեզ քո վարմունքը… Կարող էր պատահել, որ ժամանակի հետ ապրելով ես կամաց-կամաց մոռանայի քեզ. բայց քո գնալուց ետ՝ մայրդ միայնակ մնալով սկսավ ստեպ-ստեպ հաճախել մեզ մոտ։ Նա յուր միակ ուրախությունը գտնում էր իմ մոր ընկերակցության մեջ։ Հետզհետե նա այնքան ազնիվ և այնքան բարի կին երևաց ինձ, որ ես կապվեցա նրա հետ ջերմ, որդիական սիրով. նա նույնպես յուր կողմից սկսավ սիրել ինձ մայրական քնքշությամբ։ Հաճախ նա իմ մոր հետ խոսում էր քո մասին, քո նամակները բերում էր ինձ կարդացնելու. քեզ վերա նամակներ էր գրել տալիս ինձ և շատ անգամ խորհրրդավոր ակնարկություններ էր անում այն երջանիկ միության առթիվ, որ ինքը կամենում էր պատրաստել մեր երկուսի համար։
Այս բոլորը հետզհետե ինձ վերա այն ազդեցությունն արին, որ մի գեղեցիկ օր ես սկսեցի հետաքրքրվել քեզանով ավելի, քան որքան իրավունք ունեի ես։ Քո նամակները ես կարդում էի ուշադրությամբ. քո խոսքերը կշռում էի, քո բախտի համար ես աղոթում էի… իեչո՞ւ համար էր այս բոլորը, ես ինքս էլ չգիտեի։
Բայց այն օրը, որ դու ներս մտար մեր դպրոցի դռնով, առաջին անգամից իսկ քո հայացքը հանդիպեց իմ աչքերին, իմ սիրտը թունդ ելավ, ես իսկույն ճանաչեցի քեզ քո աչքերից. նրանք նույնպես գեղեցիկ, նույնպես կրակոտ էին ինչպես և առաջ, ես հազիվ կարողացա իմ շփոթությունը զսպել։ Բայց ո՜րքան վշտացա, ո՜րքան վիրավորվեցի, որ դու չողջունեցիր ինձ. ես կարծում էի, թե դու ճանաչեցիր ինձ և դիտմամբ չկամեցար ինձ ողջունել…
Հետո երբ մենք ծանոթացանք, ես արդեն գրավվեցա քեզանով։ Մինչև քո ինձ այցելության գալը, ես անդադար մտածում էի քեզ վերա և խոսում էի մորս հետ միայն քո մասին։ Մեր տուն եկած օրդ իմ ուրախության չափ չկար, իմ սիրտը լցվել էր մի անծանոթ, մի անհանգստացնող, բայց միևնույն ժամանակ մի քաղցր զգացմունքով… ի՞նչ էր այդ զգացմունքի անունը, ես դեռ չգիտեի։ Երբ դուրս գնացիր դու մեր տնից, այն ժամանակ միայն մի կորուստ զգացի իմ սրտի մեջ, որի մասին երկա՜ր, շատ երկա՜ր սկսա մտածել։
Անցյալ օրը ես եկա քեզ մոտ, թե ի՞նչ նպատակով, այդ դու իսկույն գուշակեցիր, և ես իսկույն խոստովանեցի։ Բայց քո այնքան շուտափույթ խոստովանքը քո սիրո զգացմանց մասին՝ ինձ շփոթեցին. ես քեզ լսեցի ոչ աներկյուղ սրտով. իմ ծնկները դողում էին քո խոսելու ժամանակ, այդ պատճառով էլ քո հարցերին ես չկարողացա պատասխանել…
Եվ ի՞նչ, մի՞թե դու վշտացար. մի՞թե դու իրավունք ունեիր պահանջելու ինձանից ավելի, քան ինչ որ ես կարող էի տալ քեզ այն ժամանակ… Այո՛, ես ասացի, որ քո մոր ներս գալով ես ուրախացա, բայց մոռացա նաև ասել, որ ես դուրս գնացի ձեր տնից և՛ շփոթված, և՛ վշտահար. քո հարցերին պատասխանել չկարողանալս ինձ տխրեցնում և հուսահատեցնում էր… որովհետև ես ինքս էի միջոցներ որոնում քեզ իմ սիրտը բանալու և սակայն այդ սրտի մասին ես մի բան անգամ արտասանել չկարողացա։
Երեկ ամբողջ օրը ես մտատանջության մեջ էի. իսկ այս գիշեր հանգստանալ չկարողացա։ Երբ լուսինը հանեց յուր սկավառակը այս բարձրավանդակի ետևից և յուր պայծառ շողերը թափանցեց ննջարանիս մեջ, ես իսկույն վեր ցատկեցի իմ անկողնից և գիշերային լոդիկով դուրս վազեցի այստեղ, ուր երկար, շատ երկար մտածում էի քեզ վերա և ուր ահա գտնում ես դու ինձ:
Այժմ երբ այլևս մեզ ոչ ոք չէ լսում, ես համարձակ կխոստովանիմ քեզ իմ մեծ գաղտնիքը, Պետրե, ես քեզ սիրում եմ…
Երիտասարդը ոչինչ չկարողացավ պատասխանել. նա տարածեց յուր գիրկը և սիրաշունչ կրծքի վերա ամուր, ամուր սեղմեց յուր սիրուհուն։
Քիչ ժամանակից ետ սիրահարներից յուրաքանչյուրը հանգիստ սրտով պառկած էր յուր ննջարանում։
ԺԳ
ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՄ
ՄԻ ԳԼՈՒԽ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ՍԿՍՎՈՒՄ է
ԸՆԴՀԱՏՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Այժմ ավելորդ է շարունակել Պետրոսի և Աստղիկի սիրահարության մանրամասն պատմությունը, նրանց տեսակցությունները, նրանց սիրակցությունները և այլն։ Ով որ մի անգամ սիրել է յուր կյանքում, առանց մեր ասելուն էլ կիմանա, թե ի՞նչ կյանք և ի՞նչ հարաբերություն կարող են ունենալ միմյանց հետ երկու սիրող երիտասարդ սրտեր, իսկ ով որ չէ սիրել, կամ գոնե չգիտե թե ի՛նչ բան է սիրելը, նրա համար մեր բոլոր պատմությունն էլ մի փող չարժե։ Բայց այսքան միայն հարկավոր է հիշել, որ Պետրոսը շատ շուտով հայտնեց մորը յուր և Աստղիկի դեպի միմյանց ունեցած անհուն սերը, պատմեց նրան մանրամասնաբար իրենց բոլոր տեսակացությունները, սիրակցությունները և այլն։ Տիկին Հռիփսիմեն ուրախությունից չգիտեր ի՞նչ աներ: Նա գրկեց որդուն, համբուրեց ճակատը և ուրախության արտասուքը աչքերում ասաց.
Սիրելի Պետրե, դու լցրիր իմ բոլոր ակնկալությունները, և ես ուրախ եմ։ Այն օրից սկսած, որ դու հեռացար այստեղից, Աստղիկը իմ սիրելի աղջիկն էր և նա փոխարինում էր Պետրեին։ Նրա մայրը իմ միակ բարեկամուհին էր և ես սիրում էի նրան։ Այն օրից սկսած, որ իմ սիրտը մտերմացավ նրանց հետ, ես իմ մտքումս դրի անպատճառ առնել Աստղիկին քեզ համար, որովհետև նա մի հրեշտակ էր, որ կարող էր քեզ երջանիկ անել… Իմ միտքը ես հայտնեցի Եղիսաբեթին, որ նույնպես չափազանց ուրախացավ։ Շատ անգամ երկու մայր միասին նստած խոսում էինք ձեր ապագա միության և երջանկության համար և մխիթարվում էինք մեր հույսերով։ Բայց երբեմն էլ ես տխուր էի շատ, մտածելով, թե գուցե մի որևէ աղջիկ կգրավեր քեզ Թիֆլիսում և դու էլ չէիր մտածիլ քո մորդ ուրախացնելու վերա… օ՜, ինչպես տխուր էի լինում ես այդպիսի ժամանակ. Աստղիկից զրկվել՝ այդ միևնույն էր, թե քեզանից զրկվել. բայց ես երկուսիդ էլ սիրում էի իմ աչքերի լույսից ավելի… Այժմ իմ ուրախությանը չափ չկա, Պետրե, օրհնյալ լինիս դու, որ այդքան մեծ ուրախություն ես պատճառում քո մորը, որ քեզանից զատ ուրիշ ուրախություն չունի… Այս ասելով նա կրկին անգամ գրկեց որդուն և ջերմաջերմ համբուրեց նրան:
Պետրոսը, որ այդքան չէր սպասում յուր մորից, ուրախության յոթներորդ երկինքն համբարձավ, նա այժմ ապահովված էր, որ Աստղիկը իրենն է և երկրային ոչ մի ուժ էլ չէր կարող հափշտակել նրան յուր գրկից:
Իսկ Հռիփսիմեն այս ուրախ նորությունը լսելուց ետ էլ տանը նստել չկարողացավ. նա շտապեց յուր սիրելի բարեկամուհու մոտ և հայտնեց նրան ամեն բան մանրամասնաբար։ Տիկին Եղիսաբեթը մի քանի աստիճան ավելի ուրախացավ տ. Հռիփսիմեից. և այդ բնական էր, որովհետև միշտ փորձված է, որ ավելի դժվար է լավ փեսացու ընտրել աղջկա համար, քան լավ հարսնացու՝ փեսացուի համար։ Եղիսաբեթը, իհարկե, շատ պատճառներ ուներ, որոնք պետք է ավելի ուրախացնեին նրան։ Առաջին և գլխավորը այն էր, որ Աստղիկը սիրում էր Պետրեին, և այդ մի սիրող մոր համար մեծ ուրախություն էր, երկրորդ՝ որ Աստղիկը պիտի հարսնանար մի երիտասարդ, խելոք և զարգացած տղայի, որ կարող էր բախտավորացնել նրան, երրորդ՝ որ Աստղիկի սկեսրը տիկին Հռիփսիմեն էր, մի բարի, ազնիվ և առաքինի կին, որի յուրաքանչյուր խոսքից սեր և քաղցրություն էր բուրում։ Մեր մեջ, մանավանդ, ուր երիտասարդներին չեն թողնում իրենց համար ապրելու և սկեսրները իրենց պառաված ուրախությունը հարսներին ճնշելու մեջ են գտնում, մեծ արժեք ուներ, իհարկե, տ. Հռիփսիմեի բարի և առաքինի սիրտը։ Վերջապես չորրորդ պատճառը այն էր, որ Պետրոսը միակ ժառանգն էր Թովմաս Մարալյանի մեծ հարստության և այս պատճառը ավելի քան հարգելի էր…
Մի ժամից հետո Պետրոսը եկավ յուր ապագա զոքանչի մոտ։ Տիկին Եղիսաբեթը հայտնեց յուր անկեղծ ուրախությունը. այն նորության համար, որ նա հայտնել էր յուր մորը և նրա միջոցով էլ իրեն։ Նա կանչեց Աստղիկին, որ այդ ժամանակ պարապում էր յուր առանձնարանում և չգիտեր, թե ի՞նչ է գործվում իրենց տան մեջ, և քնքշությամբ հանդիմանեց նրան, որ նա ծածկել էր յուր մորից յուր սիրակցությունը Պետրոսի հետ։ Օրիորդը շփոթվեցավ և շառագունեց, նա մեկ Պետրոսի վերա էր նայում, մեկ յուր մոր վերա և չէր կարողանում հասկանալ, թե այս ի՞նչ տարօրինակ հայտարարություն էր, որ արին իրեն։ Բայց տ. Հռիփսիմեն չկարողացավ երկար տանել օրիորդի անհանգստությունը. նա կարճ խոսքերով բացատրեց նրան գործի էությունը և գրկելով յուր հարսնացուին, ջերմագին սեղմեց նրան յուր կրծքի վերա և սիրաշունչ համբույրներով ծածկեց նրա երեսը։
Հետո երբ ամեն ինչ խաղաղ կերպարանք առավ, տիկին Հռիփսիմեն հանեց մի թանկագին մատանի, տվավ այն յուր որդուն և հանդիսավոր եղանակով ասաց.
Պետրե, այս մատանին առաջին անգամ ես նվեր ըստացա քո հորից. սա նրա սիրո միակ գրավականն է, որ մինչև այսօր մնացել է ինձ մոտ իբրև թանկագին հիշատակ, հանձնի՛ր նրան իմ սիրելի հարսին և թող այդ մատանու հետ միասին իջնե նրա վերա և քո հոր օրհնությունը, որի հոգին ներկա է այստեղ իբրև մեր ուրախության մասնակից…
Պետրոսր վերցրեց մատանին, համբուրեց նրան ջերմեոանդությամբ, բայց երկու խոշոր արտասուքներ գլորվեցան նրա աչքերից նշանադրության մատանու վերա… նա հիշեց յուր հորը, որին ավա՜ղ նա երբեք չէր ճանաչել…
Երբ նա մատանին հագցրեց յուր հարսնացուի ձեռքը և դրոշմեց նրա շրթունքներին պաշտոնական համբույրը, Աստղիկը սրտաշարժ ձայնով շշնջաց նրա ականջին. «Պետրե, ինչո՞ւ առաջին անգամ արտասուքով լվացիր դու իմ նշանադրության մատանին…»։ Պետրոսը ցնցվեցավ ամբողջ մարմնով և զղջման հայացք ձգեց յուր սիրուհու վերա։ Սակայն շուտով երկու մոր գրկախառնությունն ու համբույրները մոռացնել տվին նրանց տխուր նախազգացմունքի ազդեցությունը և մի ընտանեկան փոքրիկ ուրախություն պսակեց նշանադրության պարզ և անպաճույճ հանդեսը։
Այդ օրից սկսած Պետրոսն ու Աստղիկը գրեթե ամեն օր միմյանց մոտ էին լինում, միասին խոսում, դատում, կամ կարդում էին, ծիծաղում և ուրախանում էին, իսկ շատ անգամ էլ իրենց մայրերի հետ միասին զբոսանքի էին գնում, որի ժամանակ նրանք հաճությամբ զանազան փիլիսոփայություններ էին անում սիրո, կյանքի մասին։ Այս պատճառով էլ երկու երիտասարդ սրտերի մեջ օրըստօրե ավելի աճում ու զորանում էր այդ սիրո նվիրական զգացմունքը։ Մի օր սարսափելով տեսան նրանք, որ էլ միմյանցից անբաժան ապրել չեն կարողանում և չգիտեին ինչ հնար գործ գնել՝ կրակի ջերմությունը մի քանի աստիճան պակասեցնելու համար։
Եվ այդ, իհարկե, անհրաժեշտ էր, որովհետև Պետրոսը պետք է վերադառնար Թիֆլիս. նրան մնում էր դեռ էլի մի երկու տարի գիմնազիոնը՛ ավարտելու համար։ Եվ եթե նրանք աստիճանաբար չվարժեցնեն իրենց միմյանցից անջատ ապրելուն, այդ հանգամանքը կարող էր արգելք լինել Պետրոսի առաջադիմության, մանավանդ որ բացի գիմնազիական կուրսը, Պետրոսը դեռ պետք է համալսարան էլ գնար։ Աստղիկր նրան ասել էր, որ չի ամուսնանալ նրա հետ, մինչև որ համալսարանից ավարտման վկայականը ձեռքին չվերադառնա: նա հայրենիք։ Այս խոսքը, թեպետ կատակով արտասանված, բայց նա չէր կարող առանց ազդեցության անցնել Պետրոսի նման զգայուն և պատվասեր երիտասարդի համար։ Այս պատճառով նա առաջինը օրինակ տվավ յուր սիրուհուն զգացմունքների ջերմությունը չափավորելու համար։
Որովհետև արձակուրդի ժամանակ մոտենում էր վերջանալուն, ուստի Պետրոսը երբեմն ամբողջ օրով տանից դուրս չէր գալիս և զբաղվում էր դասերի կրկնությամբ.Աստղիկն էլ յուր կողմից զգուշանում էր նրան խանգարելու, այսպիսով երկու սիրահարները հետզհետե վարժվում էին միմյանցից հեռու մնալուն։
Վերջապես հասավ վերջնական բաժանման օրը։ Պետրոսը ջերմությամբ գրկեց յուր սիրուհուն, համբուրեց նրան և հեռացավ, բայց նրա կառքը դեռ չէր անհետացել, երբ երկու սիրահարներն էլ գրեթե միաժամանակ զգացին, թե ո՜րքան ապարդյուն էր արհեստական ճանապարհով զգացմունքների ջերմությունը չափավորելու աշխատանքը։
Առաջիկա ուսումնական տարին Պետրոսը Թիֆլիսում մնալով, ավելի եռանդով սկսավ աշխատել յուր ուսման գործում. և չնայելով, որ նա այժմ սիրահարական կյանքով էր ապրում և յուր Աստղիկին անընդհատ նամակներ գրելը նրանից շատ ժամանակ էր խլում, այսուամենայնիվ քննությունների ժամանակ նա դարձյալ պատվավոր մրցանակով փոխեց դասատունը և կրկնակի ուրախությամբ կրկին վերադարձավ հայրենիք յուր սիրեցյալ Աստղիկի մոտ։
ԺԹ
ԱԿԱՄԱ ՎԵՐԱԴԱՐՁ
Վերջին տարին Պետրոսը եկավ Թիֆլիս մի որոշ ժամանակ հայրենիք չվերադառնալու պայմանավ։ Գիմնազիոնը ավարտելուց ետ նա պիտի ուղևորվեր Պետերբուրգ համալսարան մտնելու համար։ Այս գիտեր Աստղիկը, գիտեր և տ. Հոիփսիմեն, բայց երբ պ. Թովմասը հայտնեց վերջինիս, թե արդեն հեռագրել է Պետրոսին Թիֆլիսից վերադառնալու. նա ուրախացավ, որովհետև ինքը միայն յուր որդու տեսնելու վերա էր մտածում, բայց Աստղիկը, ինչպես գիտեք, ընդդեմ էր Պետրոսի վերադարձին, որովհետև նա չէր կամենում, որ Պետրոսը համալսարան գնալու համար որոշած ժամանակը զոհեր յուր հորեղբոր հաճույքին, ինչպես գրել էր նա յուր նամակում:
Պետրոսը Աստղիկի նամակը յուր առջև դրած երկար ժամանակ մտածում էր՝ իսկապես նրա մտատանջության գլխավոր պատճառը այն էր, թե ինչո՞ւ համար է հորեղբայրը կանչում իրեն. բայց այդ պատճառի բացատրության մասին մի բառ անգամ չկար Աստղիկի նամակում. նա միայն գրում էր, որ ինքը ընդդեմ է Պետրոսի վերադարձին. բայց թե ի՞նչպես կարելի էր անուշադիր թողնել հորեղբոր հրամանը ևարդյոք մի միջոց կա՞ր դրա համար, այդ մասին նա ոչինչ չէր գրում։ Պետրոսը երկար, շատ երկար մտածեց, սակայն ոչ մի եզրակացության գալ չկարողանալով, յուր թեյը խմեց, գդակը ծածկեց և տանից դուրս եկավ։ Շուտով նա գտավ յուր ընկերակիցներից մի քանիսին, որոնց և պատմեց յուր գլխին եկած անակնկալ փորձանքը։ նրանցից մի քանիսը խորհուրդ տվին նրան հեռագրով բացատրություն խնդրելու յուր հորեղբորից և հայտնել նրան յուր վերադարձի անհնարավորությունը, իսկ ուրիշները, որոնց Պետրոսը ծանոթացրել էր յուր հորեղբոր համառության հետ, խորհուրդ տվին նրան ժամանակ չկորցնելու համար շուտափույթ վերադառնալ հայրենիք, անձամբ տեսնվել հորեղբոր հետ, տեղեկանալ նրա դիտավորության և համոզելով նրան, կրկին վերադառնալ Թիֆլիս և ճանապարհվել Պետերբուրգ։
Այս խորհուրդը ավելի բանավոր թվեցավ Պետրոսին և նա պատրաստվելով՝ ակամա ճանապարհ ընկավ դեպի յուր հայրենիք։
ճանապարհի ամբողջ երկարությամբ նրա միտքը զբաղված էր միշտ միևնույն հարցով. «Ինչո՞ւ համար է ինձ իմ հորեղբայրը կանչում»։ Այդ պատճառով էլ ուշադրության արժանի դեպքերը, հանդիպող ճանապարհորդները, բնության զանազան երևույթները երբեք և ոչ մի պայմանով նրա ուշադրությունը չգրավեցին։ Նույնիսկ պոստային կայարանների մեջ պատահող անախորժությունները, որոնք միշտ համբերությունից հանում են ճանապարհորդին, դարձյալ չգրգռեցին և չզայրացրին Պետրոսին, և հենց այդ էր պատճառը, որ երեք օրվա ճանապարհը նա ստիպված էր չորս օրվա մեջ գալու։ Կայարաններում ծառայողները թեպետ միշտ անխիղճ, և աներկյուղ են լինում, և ճանապարհորդի բողոքելու միջոցից զուրկ լինելը նրանց ավելի է քաջալերում կոպտությամբ և անքաղաքավարությամբ վարվելու անցորդի հետ, այսուամենայնիվ գոռալու և որոտալու շնորհք ունեցող մարդիկ երբեմն կարողանում են ազդել նրանց վերա։ Բայց որովհետև Պետրոսը այդ շնորհքից զուրկ էր, հետևապես նա պարտավոր էր մի օր ավելի ապրել ճանապարհին։
Մի գեղեցիկ և հովաշունչ առավոտ էր, երբ Պետրոսը մոտեցավ յուր հայրենի քաղաքին։ Առաջին անգամ, որ նա տեսավ հեռվից նրա սպիտակ պարիսպները իրենց բոլորշի աշտարակներով, յուր սիրտը լցվեցավ ակամա ուրախությամբ և նրա հոգին, որ մինչև այն ճնշված էր հոգսերի ծանրության տակ, ազատություն առնելով սլացավ դեպի այն հարկերը, ուր յուր մայրը և Աստղիկն էին բնակվում։ Հասնելով մի փոքրիկ գետակի, որ քաղաքի բարձրավանդակի ստորոտն էր ոռոգում, նա ցած իջավ կառքից, մոտեցավ նրան և չոքելով ջրի ծփանքներով լվացված սալաքարի վերա, ախորժանոք խմեց և լվացվեցավ։ Հետո կանգ առավ մի քանի րոպե գետակի ափում, ուշադրությամբ դիտեց նրա ականակիտ ալիքները և զմայլեցավ նրանցով։ Ամբողջ տասներկու ամիս Քռի պղտոր և տգեղ երեսը տեսնող գավառացու վերա հարկավ գրավիչ և զմայլեցնող ազդեցություն պիտի աներ հարազատ հայրենյաց վճիտ գետակը յուր կարկաչահոս ալիքներով․․․ ով որ ապրել է բնության հարստության մեջ, նա ճանաչում է առվակի մրմունջը, ծառերի շրշյունը, զեփյուռի շունչը. ով որ գիտե, թե ի՞նչ է անտառը, հովիտն ու արոտը, լեռան ստորոտը և գնահատում է ապականությունից ազատ կուսական օրերը, նա կհասկանա, իհարկե, նաև Պետրոսի զմայմունքի պատճառը։
Վերջապես մի ժամից հետո մեր ճանապարհորդը հասավ տուն։ Պ․ Թովմասը առաջինն էր, որ պատահեց եղբոր որդուն հենց տան բակի մեջ, գրկեց նրան և սիրով համբուրեց։ Բայց որովհետև շտապում էր խանութ, ուստի նորեկով երկար զբաղվել չկարողացավ։ Նա գնաց խանութ, խոստանալով, որ կաշխատե շուտով վերադառնալ։
Տիկին Հռիփսիմեն տան պատշգամբից տեսավ որդուն և քիչ էր մնում, որ շտապելուց գլորվեր սանդուղքների վերա։ Պետրոսը վազեց դեպի նրան և յուր զորեղ բազուկների մեջ առնելով՝ գրկեց մորը, որ արդեն թուլանում էր ուրախությունից։
«Պետրե, իմ քաղցր, իմ անուշիկ որդի…» այսքան միայն արտասանեց գորովագութ մայրը և ուրախության արտասուքները հորդեցին նրա աչքերից։
Նրանք ներս մտան տուն։ Մայր և որդի դեմուդեմ նստած դեռ մի քանի րոպե շարունակ նայում էին իրար վերա առանց մի խոսք արտասանելու։ Վերջապես Պետրոսը սկսավ խոսացնել մորը՝ զանազան հարցեր առաջարկելով նրան։ Մինչև որ տ. Հռիփսիմեի հոգեկան հուզմունքը կանցներ, ծիծաղադեմ ներս մտավ նրանց մոտ օրիորդ Աստղիկը, որ նույնպես Պետրոսի գալուստը տեսել էր իրենց պատշգամբից։
Երիտասարդը արագությամբ վեր թռավ տեղից և վազեց դեպի սիրուհին։ Երկու սիրահարները առանց մի րոպե կանգ առնելու գրկախառնվեցան և ջերմաջերմ համբուրեցին իրար։
Ես բոլորովին չէի սպասում քեզ և հավատացած էի, որ ոչ մի հրավեր չէր կարող քո մտադրությունը խանգարել, խոսեց օրիորդը առաջին անգամ. ի՞նչպես եղավ ուրեմն, որ դու որոշեցիր գալ այստեղ։
Դու չէիր սպասում, ճշմարիտ է, այդպես էլ գրել էիր քո նամակում. բայց դու միևնույն ժամանակ գրել էիր և այն, որ դու չես արգիլում ինձ հանգամանքներին հնազանդելու։
Ի՞նչ էիր ուրեմն հասկանում դու այդ խոսքից։
Այն՝ որ ուրեմն կային հանգամանքներ, որոնց ես պետք է հնազանդեի, որովհետև ուրիշ կերպ վարվելու ես ուժ չունեի։
Ցավալի է… բայց և այնպես ես ուրախ եմ. դու այժմ այստեղ մեզ մոտ ես… Բայց ինչո՞ւ համար եմ ես այստեղ. մի՞թե այժմ գոնե չեք կարող ասել ինձ։
Ես ոչինչ չգիտեմ։
Դու է՞լ, մայրիկ ոչինչ չգիտե՞ս։
Ի՞նչ, որդի:
Թե ինչո՞ւ համար է ինձ հորեղբայրս կանչել։
Գիտեմ, ի՛նչպես չէ, հոգիս, գիտեմ, հորեղբայրդ մեծ կապալ է վերցրել, ասում է, որ մեծ փողեր է աշխատելու այս գործի մեջ. քեզ էլ կանչել է, որ համ ամառը մեզ մոտ անցնես, համ էլ յուր բախտավորությամբ ուրախանաս։
Պետրոսը մոր միամիտ բացատրությունը լսելով սկսավ ուրախ-ուրախ ծիծաղել։ Աստղիկը, որ երկրորդ անդամ էր այս բացատրությունը լսում, նույնպես ընկերացավ Պետրոսին։ Իսկ տիկին Հռիփսիմեն, որ չէր կարողանում նրանց ծիծաղելու պատճառը հասկանալ, առաջ զարմացմամբ սկսավ նայել նրանց վերա, բայց հետո սիրելիների խաթրը չկոտրելու համար ինքն էլ սկսավ ծիծաղել։
Ուրախությունը ընդհանրացավ, թայց գաղտնիքի լուծումը մնաց անորոշ:
Ի
ԳԱՂՏՆԻՔԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԼՈԻԾՎՈԻՄ Է
Ինչպես գիտեք, պ. Թովմասը առավոտները շատ վաղ էր զարթնում, որպեսզի սովորական ժամանակին դիմե յուր գործին։ Պետրոսը, որ յուր տարտամ և անորոշ վիճակի պատճառով անհանգիստ էր և աշխատում էր ժամ առաջ իմանալ, թե ինչո՞վ պիտի վերջանա յուր վերադարձի խորհրդավոր պատմությունը, հետևյալ օրը նույնպես վաղ զարթնեց, պատրաստվեցավ և դիմեց հորեղբոր մոտ։
Առանց կողմնակի հարցեր շոշափելու՝ նա ուղղակի յուր գործից սկսավ։
Սիրելի հորեղբայր, ինչպես ձեզ նամակով գրած էի, գիմնազիոնը ավարտելուց ետ ես պետք է գնայի համալսարան։ Դրա համար ես ձեզանից փող խնդրեցի, բայց դուք հեռագրեցիք ինձ վերադառնալ ձեզ մոտ, որովհետև, ինչպես գրում էիք, «կարևոր և անհետաձգելի նորություն» ունեիք ինձ հաղորդելու, և սպասում էիք ինձ։ Ձեր հրամանր ես կատարեցի․ և այժմ, ինչպես տեսնում եք, ես ահա ձեզ մոտ եմ։ Հայտնեցեք խնդրեմ. ի՞նչ կարևոր և անհետաձգելի նորություն ունիք ինձ հաղորդելու։
Հորեղբայր Թովմասը ծանր կերպով շարժվեցավ բազկաթոռի մեջ, ոլորեց մի անգամ յուր շնորհալի ընչանցքը և ծանրությամբ պատասխանեց.
Շատ շնորհակալ եմ, Պետրե, որ դու լսել ես իմ հրամանը և վերադարձել այստեղ։ Ես էլ, որդի, միայն քեզանով եմ ուրախ, և այնքան որ չարչարվում, տանջվում եմ, բոլորը քեզ համար է։ Այժմ ես կբացատրեմ, թե ինչո՞ւ համար եմ կանչել քեզ այստեղ։
Տեսնո՞ւմ ես, որդի, ես արդեն ծերացել եմ․ մազերիս մեծ մասը սպիտակել է, և այսօր կամ վաղը գերեզման պիտի իջնեմ։ Հիսունից ավել տարիք ունեցողը ծեր է համարվում, իսկ ես արդեն վաթսունի մոտ եմ։ Ցանկանալով քանի աչքս բաց է քեզ բախտավոր տեսնել, ես քեզ կանչեցի այստեղ ամուսնացնելու համար…
Ինչպե՞ս, ամուսնացնելու համա՞ր… զարմացած հարցրեց Պետրոսը։
Այո՛, որդի, ամուսնացնելու համար, և ի՞նչ, մի՞թե շնորհակալ չես։
Ձեզանից ես միշտ եմ շնորհակալ, սիրելի հորեղբայր, բայց ամուսնանալը ինձ համար դեռ շատ վաղ է. ես դեռ երեխա եմ, ես դեռ իմ ուսումը չեմ ավարտել…
Դրանք դատարկ բաներ են, դու ոչ միայն երեխա չես, այլ մինչև անգամ մի քիչ էլ ավելի ես մեծացել. իսկ շատ ուսում առնելը քո ինչի՞ն է հարկավոր։ Ուսումը թող նրանք առնեն, որոնք ստիպված են ուսման միջոցով փող աշխատելու. իսկ դու, փառք աստուծո, այնպիսի հարստություն ունիս, որ կարող է քեզ առանց ուսման էլ անկարոտ ապրեցնել։ Եվ վերջապես ինչի՞դ է հարկավոր համալսարանը. գիմնազիոնական ուսումն էլ մեծ ուսում է։
Չէ, հորեղբայր, այդպիսի դիտավորությունը իմ մասին վաղաժամ է. ես մինչև որ իմ ուսումը չավարտեմ համալսարանում, ամուսնանալ չեմ կարող։
Անկարելի է, Պետրե, դու պետք է ամուսնանաս, որովհետև ես արդեն աղջիկն ընտրել եմ և աղջկա հորը ամենապատվավոր խոսք եմ տվել, դու չպետք է ստիպես քո հորեղբորը դրժել յուր խոստմանը։
Ես ամեն բան կանեմ ձեր պատիվը բարձր պահելու համար, բայդ ամուսնանալ այս հասակում, ես չեմ կարող։
Բայց ես քեզ ասում եմ, թե աղջիկն արդեն ընտրել եմ։
Ես այդ լսեցի։
Թե աղջկա հորը պատվավոր խոսք եմ տվել։
Այդ էլ լսեցի:
Ուրե՞մն։
Ես չեմ կարող ձեր առաջարկությունն ընդունել։
Գժվե՞լ ես, թե՞ կատակ ես անում։
Շատ լրջությամբ եմ խոսում։
Չէ, որդի, չէ, դեռ անփորձ ես, դեռ խելքդ բան չէ կտրում, ես ինչ որ կասեմ քեզ, դու էլ այն կանես։
Տեսնո՞ւմ եք, դուք ինքներդ եք ասում, որ ես անփորձ եմ, որ խելքս բան չէ կտրում, ուրեմն սպասեցեք դեռ մի քանի տարի էլ, երբ իմ ուսումը ես կավարտեմ, այն ժամանակ արեք ինձ հետ, ինչ որ կամենում եք։
Չէ. որդի, հիմա ամենալավ ժամանակդ է, ես էլ էսօր-էգուց արի, որ այս հասակին հասա․ քանի ջահիլ ես, շուտ արա պսակվիր, թե չէ երկու տարի չի անցնիլ, մեկ էլ կտեսնես, որ ինձ նման վաթսուն տարեկան դարձար… Պսակվելը լավ բան է, որդի, պսակվիր և չես փոշմանիլ։
Այդ բոլորը ես հասկանում եմ, բայց դեռ իմ ժամանակը չէ, ես ավելի լավ կհամարեմ իմ ամբողջ կյանքում ամուրի մնալ, քան թե ուսումս չավարտած ամուսնանալ։
Տո՛ մարդ աստծո, դեռ մի հարցրու, թե ի՞նչ մարդու աղջիկ եմ ուզում քեզ համար։
Այդ միևնույն է, երբ որ ես ամուսնանալու կամք չունիմ, թեկուզ թագավորի աղջիկ լինի ուզածդ։ Երեխա-երեխա մի խոսիլ. քո հարսնացուն Մելքոն-աղա Խալաթյանի աղջիկն է, գիտե՞ս, մեր քաղաքի ամենաառաջին հարստի աղջիկը։
Հավատացեք, սիրելի հորեղբայր, որ այդ էլ ինձ համար նշանակություն չունի։
Գժվե՞լ ես, ի՞նչ է, հարյուր հազարից ավելի օժիտ կտա աղջկանը։
Թեկուզ յուր բոլոր կարողությունը տա. ես այս միջոցում աղջիկ չեմ ուզում։
Բայց գիտե՞ս ինչ աղջիկ է. գեղեցիկ, սիրուն հասակով, մեծ ուսումով, քեզանից տասն անգամ ավելի լավ կխոսի ռուսերեն, ֆրանսերեն, և էլ չգիտեմ ինչերեն։
Պետրոսը ծիծաղեց։
Հապա, դեռ եթե իմանաս, ի՞նչ խելոք, ի՞նչ բարի աղջիկ է նա։
Եթե մինչև անգամ երկնքից իջած հրեշտակ լինի նա, հորեղբայր, դարձյալ կրկնում եմ, որ ես ամուսնանալ չեմ կարող։
Եթե ուսմանդ պատճառով չես ամուսնանում, լավ, ամուսնացիր, հետո գնա՛ էլի շարունակիր քո ուսումը։
Այդ ավելի ծիծաղելի կլինի։
Ուրեմն ինչպե՞ս ես ուզում, որ անենք։
Պիտի գնամ ուսումս շարունակելու, ուրիշ ոչինչ։
Բայց ես պատվավոր խոսք եմ տվել նրա հորը. ես մինչև անգամ մատանի եմ տվել նրան։
Բոլորովին իզուր։
Կնշանակե, ես ոչինչ իրավունք չունեի քեզ վերա, հա՞ կնշանակե ես իզուր էի այսքան ժամանակ փող վատնում. կնշանակե ես մի օ՞ձ էի սնուցանում իմ ծոցում, որ վերջ ի վերջո ինձ պիտի շանթեր և սպաներ։
Ինչո՞ւ համար եք ինձ այդ աստիճան ստորացնում, սիրելի հորեղբայր, մի՞թե ես մինչև այսօր մի բանում հակառակած եմ ձեզ, կամ մի հանցանք ունիմ գործած ձեր դեմ։
Ինչ որ այսօր ես անում, դա ամենածանր անպատվությունն է, որ հասցնում ես ինձ։ Ինչպե՞ս եք ուրեմն հրամայում, որ ես գործեմ։
Ամուսնացիր Մելքոն-աղայի աղջկա հետ, նստիր իմ տանը և վայելիր իմ բոլոր կարողությունը. ահա իմ խնդիրը քեզանից։ Մի՞թե սրա կատարելը մի դժվար գործ է։
Չեմ կարող։
Եթե այդպես է, ես էլ չեմ կարող պահել ո՛չ քեզ և ո՛չ էլ քո մորը. այսօր ևեթ դուք կարող եք թողնել իմ տունը։
Այս խոսքերը արտասանվեցան այնպիսի մի վճռական ձայնով, որ խեղճ Պետրոսի արյունը սառեցավ երակներում։ Երկու րոպեի մեջ նա պատկերացրեց յուր առաջ այն կործանված դրությունը, որ կարող էր պատրաստել նրանց համար հորեղբոր անողոք վճիռը։ Առանց այդ մարդու օգնության մայր և որդի քաղցությունից կարող էին մեռնել, սա այնպիսի ճշմարտություն էր, որի հետ կատակ անել չէր կարելի։
Այս պատճառով Պետրոսը մտածեց խորամանկություն բանեցնել, մինչև որ տեսներ, թե բանը ինչո՞վ է վերջանում։
Եթե մինչև անգամ ես հոժարվիմ ամուսնանալ, դեռ պետք է աղջկանը տեսնեմ, քննեմ նրան և ուսումնասիրեմ, սկսավ խոսել Պետրոսը. եթե կարողացա հավանել նրան, ինչ խոսք ունիմ` կամուսնանամ. բայց եթե չհավանեցի, դուք խո չեք կամենալ, որ ես ինձ դժբախտացնեմ։
Հա՛, ես քեզ կտանեմ Խալաթյանի տունը. կծանոթացնեմ նրանց ընտանիքի հետ. նստիր այն աղջկա մոտ, ժամերով խոսիր նրա հետ, քննիր նրան ինչպես որ դու կամենաս. և ի վերջո եթե կհավանես, խո լավ, եթե չես հավանիլ, ի՞նչ խոսք ունիմ, կարող ես թողնել նրան և դարձյալ քո ուսման ետևից գնալ։
Պետրոսի սիրտը մի փոքր ուրախացավ։ Նա խոստացավ հորեղբորը հետևյալ առավոտ գնալ նրա հետ Խալաթյանի տունը՝ յուր հարսնացուն տեսնելու համար։
Այս համաձայնությունից հետո պ. Թովմասը գնաց յուր գործին, իսկ Պետրոսը վերադարձավ յուր մոր մոտ։
ԻԱ
ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈԻՐԴԸ
Իմացա՞ր, Պետրե, ինչո՞ւ համար է Թովմասը բերել տվել քեզ, հետաքրքրությամբ հարցրեց տ. Հռիփսիմեն որդուն, երբ վերջինս ներս մտավ յուր սենյակը։
Իմացա, մայրիկ, իմացա, պատճառը մի տարօրինակ պատճառ է, տխրությամբ պատասխանեց Պետրոսը։
Այսինքն ի՞նչ։
Հորեղբայրս շատ է մտածում իմ մասին, նա բերել է տվել ինձ ամուսնացնելու համար։
Ի՞նչ ես ասում, երևի քո և Աստղիկի բանը հասել է նրա ականջին, միամտությամբ հարցրեց Հռիփսիմեն։
Չյէ, մայրիկ, իմ հորեղբոր ընտրած հարսնացուն Աստղիկի նման խեղճ աղջիկ չէ, նա քաղաքիս ամենահարուստ մարդու աղջիկն է, մեծ փողով, մեծ օժիտով…
Եվ դու հավանո՞ւմ ես նրա ընտրությանը։
Ինչո՞ւ չէ, և ո՞վ չի հավանիլ Խալաթյանի աղջկան։
Որ հարստությունից զատ էլ մի ուրիշ արժանիք չունի՞։
Եվ դու կարծում ես, թե այդ փո՞քր արժանիք է։
Պետրե՛, Պետրե՛, այդ ինչե՜ր ես խոսում, հապա իմ Աստղի՞կը, իմ խելոք, իմ գեղեցիկ հարսնացո՞ւն…
Նա էլ կմնա իրենց տանը։
Իրենց տա՞նը։
Կամ ինձանից մի լավ տղայի հետ կամուսնանա։
Իսկ ես առանց նրան կմեռնեմ, առանց իմ Աստղիկին ես չեմ ապրիլ, դու առաջ քո մորը պիտի սպանես, Պետրե, և ապա թե Աստղիկին թողնես…
Այս խոսքի վերա տ․ Հռիփսիմեի աչքերը արտասուքով լցվեցան։
Իմ խեղճ, իմ բարի մայր, և դու կարծում ես, թե ես ճշմարտությո՞ւն եմ խոսում… Ո՞վ անմեղություն, որ նույնչափ դժբախտ ես, որչափ և երջանիկ… Չէ, մայրիկ, չէ. առաջ աշխարհը պիտի փուլ գա և հետո Պետրոսը Աստղիկին թողնե:
Այդպես խոսի՛ր, Պետրե, ապա թե ոչ, ես կխելագարվիմ:
Հանգիստ եղիր, մայրիկս, երիտասարդները նրա համար չեն սիրում, որ ծերուկների քմահաճությանը զոհեն իրենց բախտը… Հանգիստ եղիր, այդպիսի հիմարություն ես չեմ անիլ։
Այս խոսքի վերա ներս մտավ Աստղիկը ուրախ և ժպտադեմ։
Դուք հո չե՞ք բարկանում, որ ես այսպես վաղ ձեր տուն եմ գալիս, ծիծաղելով հարցրեց օրիորդը և սիրով ողջունեց բարեկամներին։
Մենք բարկանում ենք, որ դու մի րոպե անգամ համարձակվում ես մեր տնից բացակայելու, նկատեց Պետրոսը։
Բայց դու ինչո՞ւ տխուր ես, մայրիկ, դառնալով տ. Հռիփսիմեին, քնքշությամբ հարցրեց օրիորդը։
Ես տխուր չեմ, հոգիս, գլուխս է ցավում։
Անկարելի է, ես չեմ հավատում։
Ճիշտ այդպես է. մեր մայրը տխուր է, միայն թե ծածկում է քեզանից, ասաց Պետրոսը ծիծաղելով։
Պատճա՞ռ։
Որովհետև ես հայտնեցի նրան, որ էլ Աստղիկին չեմ սիրում, և պիտի թողնեմ նրան։
Ա՜, միթե արժե՞ այդպիսի չնչին բանի համար տխրել… բայց ճիշտ ասա, խնդրում եմ, ինչո՞ւ համար է տխուր։
Ես հայտնեցի նրան իմ հորեղբոր ինձ արած առաջարկությունը։
Այո՛, ես մոռացա, ախար չէ՞ որ միայն այդ բանի համար էի ես եկել։ Վաղուց արդեն ես մեր պատշգամբից դիտում եմ, որ ուրիշ ժամանակները ժամը 7-ին արդեն պ. Թովմասը տնից դուրս եկած է լինում, իսկ այսօր 8-ին դուրս գնաց։ Ես իմացա, որ նա անշուշտ քեզ հետ խոսելու համար է ուշացել և չէի կասկածում, որ քեզ հրավիրելու գաղտնիքն էլ արդեն հայտնած կլինի քեզ, ուստի շտապեցի այդ հետաքրքիր նորությունը լսելու։ Հապա ասա՛, ի՞նչ երևելի նորություն հաղորդեց նա քեզ։
Նորությունը արդարև երևելի է և մինչև անգամ ուշադրության արժանի։ Բայց նա, ես կարծում եմ, մի ուրիշ և ավելի արժանավոր նորության հետևանք է, մի նորության, որը հորեղբայրս չէ կամենում ինձ պարզեր:
Առաջ պարզած նորության մասին խոսիր. հետո նրա շարժառիթը կաշխատենք գտնել, նկատեց օրիորդը։
Պետրոսը պատմեց բոլորը, ինչ որ յուր հորեղբորից լսել էր, սկսած առաջին ողջույնից, մինչև ամենավերջին խոսքը։ Եվ երբ յուր պատմությունն ավարտեց, հարցրեց Աստղիկից.
Ի՞նչ ես կարծում այժմ, ի՞նչ կարող է լինել այս նորության շարժառիթը։
Աստղիկը, որի վերա կարծես ոչինչ ազդեցություն չարավ Պետրոսի բոլոր պատմությունը, սառնասրտությամբ պատասխանեց։
Երևի մի գործ, որի համար հորեղբայրդ ակնկալություն ունի Մելքոն Խալաթյանից և այդ բարեկամության միջոցով նա կամենում է հասնել յուր նպատակին։
Ես էլ այդ կարծիքին եմ. և եթե մեր ենթադրությունը ուղիղ է, ապա ուրեմն էլ բուն գործով հետքարքրվել՝ ավելորդ է. հարկավոր է միայն մտածել, թե ի՞նչ կերպով ավելի լավ է վարվել այս դեպքում։
Ով որ չէ կամենում նշանակված գործը կատարել և ուժ չունի բացարձակ դժոգհություն հայտնելու, նա փախչում է այդ գործից։
Այդ ճշմարիտ է. բայց եթե փախչելու ճանապարհ չկա՞։
Այդ միայն քո կարծիքն է. իսկ ես ճանապարհ գիտեմ։
Ո՞րն է այդ։
Այն, որ քո հորեղբայրը քեզ իրավունք է տալիս առաջ աղջիկը տեսնելու։ Սրանից հետևում է, որ ուրեմն քեզ չեն ստիպիլ ամուսնանալ, եթե աղջկան չհավանես. սա արդեն փախուստի մի ճանապարհ է։
Իսկ աղջիկը՞… О՞, նա այնպիսին է, որ անպատճառ կհավանես, ծիծաղելով պատասխանեց Աստղիկը։
Շատ լավ, կփորձենք, եթե փախուստը մեզ չի հաջողվիլ, կաշխատենք ընդդիմանալ։ Անասուններին է, որ զոռով սպանդանոց են քարշ տալիս, մարդկանց հետ, ես կարծում եմ, մի փոքր տարբեր կերպով պիտի վարվին։
Իհարկե, եթե միայն նրանք անմռունչ սպանդանոց չեն գնում, բայց եթե մարդիկը ոչխարների չափ համեստ են, սպանդարարը տարբերություն չէ դնում չորքոտանիների և նրանց մեջ։
Եվ դու կարծում ես, որ այսպիսի դեպքում կգտնվի՞ մի մարդ, որ անմռունչ դեպի սպանդանոց գնա։
Ինչո՞ւ չէ. մի՞թե քիչ կան մարդիկ, որոնք ուժ չունենալով կենդանի կյանքի դառնությունները տանելու, մեռելության հանգստություն են պտրտում…
Եթե սիրո կյանքն է կենդանի կյանքը, ապա, ուրեմն, նրա ճաշակն առնողը հեշտությամբ չի բաժանվիլ նրանից. սա մի ճշմարտություն է։
Ինչպես և այն, որ բոլոր մարդիկ Աքիլլեսի սրտով չեն ստեղծվել։
Իհարկե, բայց Թերսիդեսը խո՛ յուր զենքով չէ պարծենում։
Այսուամենայնիվ, Թերսիդեսն էլ Տրովադայի պատերազմումն էր, ծիծաղելով նկատեց օրիորդը։
Ես չէի մտնիլ կռվի դաշտը, եթե իմ ուժի վերա վստահ չլինեի. խորհրդավոր լրջությամբ պատասխանեց Պետրոսը և սրանով սիրահարների խորհուրդը վերջացավ։
Բոլոր այս խոսակցության ժամանակ տ. Հռիփսիմեն ոչինչ կարծիք չհայտնեց. նա ուշադրությամբ լսում էր յուր որդուն և հարսնացուին, բայց որովհետև նրանց այլաբանություններից շատ բան չէր հասկանում, ուստի գործի մասին հոգալն էլ նրանց թողեց, հավատացած լինելով, որ երկու սիրահարները յուր սրտի ցանկությունը կատարելու համար ավելի կարող են անել, քան թե ինքը տկար ուժով…