Levon Shant

Հին Աստվածներ

Չորրորդ արար

Առաջին տեսարան

Աբեղայի խուցը. Գիշեր. Ճրագ.

Աբեղան պառկած է անկողնին, սնարին կողմը նստած է Կույր վանականը արձանի նման շիտակ: Ոտքին կողմը` անկողնի եզերքին նստած է Սիմոն վանականը, որ անընդհատ համրիչ կշրջե, շուտ-շուտ հորանջելով:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ - (Կեցած է սեղանին մոտիկ, կխաղա ճրագին հետ ու կխոսի ծանր-ծանր, խորհրդածելով) Եվ ինչքան, ինչքաններ են սակայն այդպես անմիտ: Այ, ամբողջ այդ դուրսինները: Դժբախտներ: Փառք քեզի, Աստված, որ լուսավորել ես մեր միտքը:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆԸ - (Հորանջելով) Փառք քեզի, Աստված:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Մեյ մը ատոնց հարցնող ըլլա` ով մարդ, ի՞նչ ես գտեր այդ ձախություններու, այդ տաժանակիր աշխատանքի, այդ կարոտություններու, այդ կռվի ու դառնության հովտին մեջ, որուն աշխարհք անունը կուտան: Այդպես ալ հիմար հաշիվ: Քանի մը խղճուկ վայելքներու, քանի մը չնչին հաճույքներու համար մարդ առնե ու զոհե իր հանդերձյալ կյանքի հավիտենական երանությունը:

ԱԲԵՂԱՆ – (Պառկած տեղեն առանց դիրքը փոխելու` հատիկ-հատիկ) Հայր սուրբ, տեսե՞ր ես դուն երբեք արևի ծագումը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Ի՞նչ:

ԱԲԵՂԱՆ – Եղե՞ր ես դուն երբեք արևին տաճարը:

Երկու վանականները ապշած կնային իրարու:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ - (Կմոտենա անկողնին ու ձեռքը հիվանդի ճակատին դնելով) Սառն է: Արթո՞ւն ես, Աբեղա:

ԱԲԵՂԱՆ – Ես արթուն եմ: Ես արթնցա, երբ արևը ծագեցավ: Իսկ դո՞ւք, դո՞ւք…

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Մենք կխոսինք, Աբեղա:

ԱԲԵՂԱՆ – Կլսեմ` կխոսիս: Գնա, դիտե արևին ծագումը:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ձեռքով նշան կնե, որ հիվանդը հանգիստ թողնե ու պատասխան չի տա, և ինքը ոտքի ելլելով) Իրավ կըսե, հայր սուրբ, ուշ է արդեն, երթանք, որ ինքն ալ հանգստանա: Գիշեր բարի, Աբեղա: Այս գիշեր քեզի խոր քուն, վաղը ամեն բան անցած կըլլա (Դեպի դուռը):

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Առողջություն քեզի, Աբեղա (Դեպի դուռը):

ԱԲԵՂԱՆ – (Առանց դիրքը փոխելու, հատիկ-հատիկ) Քեզի կըսեմ` տեսե՞ր ես դուն երբեք արևին ծագումը:

Բ

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ականջ կդնե, որ ոտքի ձայները հեռանան, վերջը քիչ մի ավելի ծռվելով դեպի անկողինը, խորհրդավոր ու կիսաձայն) Ես… ես տեսեր եմ այդ արևին ծագումը:

ԱԲԵՂԱՆ – (Աշխույժ վեր կթռչի իսկույն ու կիսովին կնստի հենվելով թևին, մատը կույրին ուղղած) Դո՞ւն…դո՞ւն…դո՞ւն տեսե՞ր ես: Դո՞ւն, կույր…

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ - (Ծանր գլխով կընե):

ԱԲԵՂԱՆ – (Ցած ձայնով ու ձիգ տալով) Եվ երկրպագե՞ր ես:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ծանր գլխով կընե):

ԱԲԵՂԱՆ – Դո՞ւն, դո՞ւն տեսեր ես արևին տաճա՞րը, քու այդ աչքերո՞վդ:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ - Այո, տեսեր եմ իմ աչքովս ու հաներ եմ այդ աչքերը, որ ալ չտեսնեմ:

ԱԲԵՂԱՆ – (Սարսափած) Հաներ ես աչքերդ:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Կարդալու շեշտով) Այն անդամը, որ քեզի կգայթակղեցնե, կտրե ու դուրս նետե քեզմե, այսպես է գրված:

ԱԲԵՂԱՆ – Եվ դուն հաներ ես աչքերդ:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ - Այո:

ԱԲԵՂԱՆ – Հաներ ես, քու աչքերդ, քու այդ ձեռքովդ:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Ոչ, ոչ ձեռքովս, հաներ եմ կամքիս ուժովը:

ԱԲԵՂԱՆ – Կամքի՞դ:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ - Դիմե հավատքիդ, ու սարերը կելլեն իրենց տեղեն, աչքն ի՞նչ է, որ իր տեղը մնա:

ԱԲԵՂԱՆ – (Քիչ մը մտածելե ետքը տարակույսով) Եվ դուն կըսես թե` երկրպագեր ես արևի՞ն:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Այո, մեղանչեր եմ, Աբեղա: Եվ ճիշտ ատոր համար է, որ կհասկանամ քեզի, կտեսնեմ քու հոգիդ ու կըսեմ քեզի` “զգույշ, դևն է, որ արթնացեր է մեջդ սև դևը”:

ԱԲԵՂԱՆ – Ա՞տ է քու հասկցածդ: Ինծի քաշողը ինքը լույսն է ու գեղեցկությունը, ինծի քաշողը աստվածներն են:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Բոլոր դևերն ալ երբեմն Աստված են եղած, Աբեղա: Ընկճված աստվածներն են ատոնք, պետք է, որ ընկճես:

Գ

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կմտնե տխուր ու կքուն) Ողջույն ձեզի:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Կելլե ոտքի):

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Մոտենալով անկողնին) Ինչպե՞ս ես: Նոր եկա ցամաքեն, ըսին` ինծի կանչեր ես:

ԱԲԵՂԱՆ – Այո, կզգամ ծովուն թարմությունը, որ հագուստներեդ կբուրե:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Նոր ելա լաստեն:

ԱԲԵՂԱՆ – (Հիացումով) Լաստեն… լաստեն…

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Խոժոռած) Ինչո՞ւ ես կանչեր ինծի:

ԱԲԵՂԱՆ – (Քիչ մը լուռ) Հայր, ես երկրպագեցի հին աստվածներուն:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Դաժան ու խիստ) Շատ բնական է:

ԱԲԵՂԱՆ – Ի՞նչ…

ՎԱՆԱՀԱՅՐԸ - Անշուշտ, անշուշտ, կսպասեի: Չէ՞ որ քեզի խոստացավ իր տակի ձին, իր ձեռքի սուրը ու իր սեփական աղջիկը, գուցեև օր մըն ալ, ո՞վ գիտե, իր իշխանական ցուպը:

ԱԲԵՂԱՆ – (Սաստիկ վիրավորված) Հայր…

ՎԱՆԱՀԱՅՐԸ - Անշուշտ շատ բնական է: Այդ բոլորի համար արժե Աստված մը ուրանալ: (Հանկարծ ու բարկությամբ) Բայց ինծի՞, ինծի՞ ինչու ես կանչեր հոս:

ԱԲԵՂԱՆ – (Հանդիմանորեն) Հապա ո՞վ կանչեի, վանահայր…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Սխալվեր ես: Կանչե հայր Անտոնը:

ԱԲԵՂԱՆ – Վանահայր…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հայր Անտոնին լաստը միայն կհանե քեզի հոն, ուր քու սիրտդ է:

ԱԲԵՂԱՆ – Կվռնդես ինծի դուրս:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ես կղրկեմ քեզի քու տենչած աշխարհը:

ԱԲԵՂԱՆ – (Դառն ու հանգիստ) Կղրկես ինծի իմ աշխարհը: Իսկ ո՞վ իրավունք տվավ քեզի` ուզած ժամանակդ դուրս քաշես ինծի աշխարհեն, ուզած ժամանակդ ետ նետես աշխարհ: Ո՞վ քեզի իրավունք տվավ, որ կապես հոգիս, կապկպես զգացումներս: Ո՞վ քեզի իրավունք տվավ, որ հիմա ելեր ես երեսիս հանդիմանություն կկարդաս:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Կոտրված) Իրավ ես: Ես ուզեր եմ անկարելին: Ես ուզեր եմ ազատեմ քեզի այն երկար գալարուն ճամփեն, որու դառնություններուն ու տառապանքներուն մեջեն միայն կհասնին մարդիկ այս սուրբ մենարանը: Ես ուզեր եմ անկարելին: Հանե քուրձերդ ու գնա:

ԱԲԵՂԱՆ – Երթա՞մ, ինչո՞ւ, և ո՞ւր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - Աշխարհ:

ԱԲԵՂԱՆ – Աշխարհ: (Անխոս գլուխը կշարժե, և ապա չարախնդաց) Ոչ, վանահայր, հոս է իմ աշխարհս, աշխարհքը, այ, այս կղզին է, ես հոս ճանչցա հին աստվածները, հոս ալ պիտի երկրպագեմ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Նախ զարմանքով կդիտե, վերջը ծանր ու վճռական) Ոչ, այդ մեկը չեմ թողներ, Աբեղա:

ԱԲԵՂԱՆ – Կթողնես, դուն ես այդպես կամեցեր: Ես ուրիշ աշխարհ չեմ տեսած, ես հոս եմ շիներ իմ աշխարհս:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Կտրուկ) Լսե: Հոս մենարան է ու սրբավայր, ուր այլևս աշխարհիկ հյուր մըն ես դուն, պատահական ուխտավոր մը: Իսկ ուխտավորներուն իրավունքը, գիտես, երեք օր է միայն: (Դեպի դուռը):

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ետևեն) Վանահայր, շատ ես խիստ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Կիսովին նայելով) Ոչ, հայր սուրբ, հիվանդ էր ու զիջող եղա: Չի լսեցի՞ր, ամբողջ երեք օր տվի իրեն: Բայց երեք օր չի լրացած պետք է հայր Անտոնին լաստը, ցամաք հանե այդ տղան: (Դուրս):

Դ

ԱԲԵՂԱՆ – Լաստը… լաստը:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Մոռացիր, մոռացիր այդ լաստը, Աբեղա: Մոռացիր քեզի աշխարհին կապող այդ երերուն կամուրջը, մոռացիր այդ իրարու կապած երկու գերանի կտորը…

ԱԲԵՂԱՆ – Իրարու կապված… այո… իրարու կապված:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Դեռ ուշ չէ, խեղդե մեջդ այդ հուշերը, ընկճե հին դևը ու այս բոլորը թող դառնա հիվանդություն մը, որ եկավ վրադ ու անցավ: (Թևերը տարածելով անոր վրա) Ապավինե Աստծուն, Աբեղա: (Կերթա դեպի դուռը և կես ճամփեն) Գիշերը եթե պետք ունենաս` զարկ պատը, գամ քեզի օգնելու:

ԱԲԵՂԱՆ – Ինծի ի՞նչ կրնաս օգնել դուն, կույր, դուն, որ հաներ ես քու սեփական աչքերդ;

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Խարխափելով մուտքը կփնտրե) Կօգնեմ կերպ մը, Աբեղա, խարխափելով , խարխափելով… Զարկ պատը, եթե պետք ունենաս: (Դուրս):

Ե

ԱԲԵՂԱՆ – (Նստած է անկողնին մեջ ծունկերը գրկած, քիչ մը ատեն լուռ ու անշարժ, վերջը հեգնոտ ու գլուխը շարժելով) Խարխափելով… խարխափելով… և կըսե` մոռացիր լաստը:

ՍԵԴԱ - (Դռան մեջեն հազիվ կնշմարվի) Մոռացիր, մոռացիր լաստը…

ԱԲԵՂԱՆ – (Ցնցվելով ու շշուկով) Սեդա…

ՍԵԴԱ - Մոռցիր և Սեդան:

ԱԲԵՂԱՆ – Ես մոռնամ քեզի՞:

ՍԵԴԱ - Մոռցիր ինծի, ես քու մեջի սև դևն եմ:

ԱԲԵՂԱՆ – Դուն իմ հոգիիս ճերմակ թևն ես: Նստեր էի անապատի ավազին վրա տխուր, չոր ու մենակ, դուն էիր, որ եկար թև տվիր կյանքիս, բնությունը տվիր զգայարանքներուս ու ծովը սրտիս, ծովը, ուրկե արևները կծնին, ուր ես անգամ մը գրկեր եմ քեզի:

ՍԵԴԱ - Մոռցիր, մոռցիր այդ բոլորը, դեռ ուշ չէ, եղիր նորեն ան, ինչ որ էիր, մտածե, դեռ ամբողջ երեք օր տվին քեզի:

ԱԲԵՂԱՆ – Ոչ Սեդա, ոչ, ետ դարձ չկա, ոչ կրնամ, ոչ կուզեմ: Ես երկրպագեցի քու աստվածներուդ, ես ձոնեցի քու աստվածներուդ, ես խմեցի վայելքի եղջյուրեն: Ես հիմա միայն քեզի ծարավ եմ, ես հիմա միայն քու գիրկդ կուզեմ:

ՍԵԴԱ - (Քիչ մը առաջ գալով գրկաբաց) Եկուր, ես քուկդ եմ:

ԱԲԵՂԱՆ – (Ինքն ալ անկողնին վրայեն առաջ ծռելով) Սեդա… բայց չէ՞ որ դուն երազ մըն ես:

ՍԵԴԱ - Եկուր, դուն ալ դարձիր երազ մը:


ԱԲԵՂԱՆ – Երա՞զ մը:

ՍԵԴԱ - Եկուր նորեն հոն…

ԱԲԵՂԱՆ – (Վախցած ու հափշտակված) Ծովը…

ՍԵԴԱ - Հոն, ուր անգամ մը գրկեր ես ինծի…

ԱԲԵՂԱՆ – Ուր դուն թևերուս մեջ կդողայիր քու մարմնիդ բոլոր մասնիկներովը…

ՍԵԴԱ - Ուր ալիքները կդողային ու փոթորիկը կգոռար…

ԱԲԵՂԱՆ – Ու զարկերուս տակ փրփուրը կեռար…

ՍԵԴԱ - Հոն եկուր, հոն, եթե նորեն գրկել կուզես ինծի, միայն հոն: Եկուր, հենց որ նորեն ջրերը հուզվին, հենց որ նորեն ծովը փրփրի:

ԱԲԵՂԱՆ – (Հետզհետե ծունկի գալով անկողնին վրա) Այո, երբ որ ջրերը հուզվին, երբ որ ծովը փրփրի…

ՍԵԴԱ - Եկուր փաթթվինք իրարու ու տանիմ քեզի գրկիս մեջ անդունդե անդունդ, մթնոլորտե մթնոլորտ, տանիմ քեզի դեպի նոր անծանոթները, դեպի այն նոր աշխարհները, որոնց մասին դու ու քու աշխարքըդ գաղափար անգամ չունիք: Եկուր:

ԱԲԵՂԱՆ – Կուգամ: Առաջին անգամ, երբ քեզի գրկեցի, բացվեցան ինծի որքան, որքան անծանոթներ, գամ նորեն քեզի գրկելու և թող բացվին նոր անծանոթներ:

ՍԵԴԱ - Եկուր, տանիմ քեզի հեռու, հեռու քու կյանքիդ նեղ սահմաններեն, տանիմ քեզի նոր գոյության, նոր ձևերու, նոր էության…

ԱԲԵՂԱՆ – (Վերացած) Նոր, նոր կյանքի, նոր էության:

ՍԵԴԱ - Եկուր, ձուլվիս ծովին, ձուլվիս լույսին ու ջերմության, ձուլվիս ինծի ու Աստղկան, ձուլվիս Վահագնին ու աստվածներուն…

ԱԲԵՂԱՆ – Ախ, շուտ, ախ, շուտ:

ՍԵԴԱ - (Ետ-ետ քաշվելով) Հենց որ ջրերը հուզվին, հենց որ ծովը փոթորկի…

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Եկեղեցիին առջևի հրապարակը

Նույնը, ինչ որ առաջին արարի երկրորդ տեսարանը:

Ցերեկ է:

Ա

Վանականները խռնված են ու կխոսին հուզված: Աբեղան լուռ ու կեդրոնացած է ծառի մը հենած:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – (Ապշած) Ի՞նչ կըսես, ի՞նչ կըսես…

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ո՞վ էր լսեր այս տեսակ բան: ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Հա, հա, հա, վանահայրը խռովեր է եկեղեցիեն:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Վերջ տուր այդ անպատկառ ծիծաղիդ:

ՈՒՐԻՇ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Բայց իրավ է, որ ալ ժամ չի գար:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ո՞ւր է հիմա ինքը:

ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Քաշվեր է իր խուցը: Կկարդա՞, կաղոթե՞, ո՞վ գիտե:

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Ա, այդ կարդալը, կարդալը; Չէ, այս բոլորեն աղվոր հոտ չի գար:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Ծերունի, մտածե՞ր ես` ինչ կխոսիս:

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – (Հեռանալով) Ես բան չըսի:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Մեր մեծավորն է, մեր առաջնորդը:

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Ես բան մը չըսի: (Դուրս):

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Ետևեն դուրս ելլելով) Կեցիր, հայր սուրբ, կեցիր:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Մտածկոտ) Ճիշտ է, ամբարտավանությունը մեղք է մահացու:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Մարդս պետք է հեզ ըլլա ու խոնարհ:

ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Խոնարհ, խոնարհ…

Ու երեքը միասին կելլեն դուրս:

ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Տեսակ մը ինքնիրեն) Վանահայրը խռովեր է եկեղեցիեն… (Ծիծաղը ափին մեջ խեղդելով անոնց ետևեն կելլե դուրս):

Բ

ԱԲԵՂԱՆ – (Միշտ իր ծառին տակը` անշարժ):

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Նախորդ խումբեն միակ մնացողը, նախ քիչ մը կմնա մեջտեղը մտածկոտ, ետքը բան չհասկացողի շարժումով կօրորե գլուխը ու կմոտենա Աբեղային) Լսեցի՞ր, Աբեղա, լսեցի՞ր:

ԱԲԵՂԱՆ – Կլսեմ, կլսեմ… թող ինծի, մի խանգարեր` որ լսեմ:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Զարմացած) Ի՞նչը:

ԱԲԵՂԱՆ – (Խորքը մատնանշելով) Այ, ականջ դիր: ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Ի՞նչ է որ:

ԱԲԵՂԱՆ – (Խորհրդավոր) Ջրերը կհուզվին, ջրերը հուզվիլ են սկսեր:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Է, ի՞նչ ընենք, երևի, գիշերը փոթորիկ ենք ունենալու:

ԱԲԵՂԱՆ – (Սաստիկ հուզվելով) Փոթորի՞կ, փոթորի՞կ…

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Անտարբեր) Գուցե, եղանակները փոխվեցան:

ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ բռնելով ընկերոջը թևեն) Ուրեմն այս գիշե՞ր… կկարծես` այս գիշե՞ր…

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Այդ ինչպես կդողաս: Խեղճ Աբեղա, այն փոթորիկեն ի վեր, երևի, աչքդ վախցեր է: Հանգստացիր, հանգստացիր: Եկուր, երթանք եկեղեցի, աղոթե, սիրտդ կթեթևի:

ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ) Եկուր երթանք ափը:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Ա՞փը…

ԱԲԵՂԱՆ – Եկուր, տեսնել կուզեմ փոթորկին գալը: Բայց… բայց առանձին չեմ կրնար: Գիտե՞ս, կքաշե, կարծես կքաշե, կքաշե… (Ամուր կսեղմվի ծառին):

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Աբեղա, ավելի աղեկ է` երթաս ու պառկիս: Դեռ իզուր ես ելեր ոտքի: Տես, աչքերդ կատարյալ տենդ ունին դեռ: Երթանք, տանիմ քեզի խուցդ:

ԱԲԵՂԱՆ – (Ծառին քսվելով կամաց մը կիջնե ու կնստի) Թող, թող, թող ինծի: Թող, ես տեսնել կուզեմ փոթորկին գալը:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Կեցած է Աբեղայի գլխուն` չիմանալով ինչ ընե):

Գ

ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – (Ներս վազելով) Վանահայրը, վանահայրը:

Կլսվին ձայներ, զսպված աղմուկ ու մեկ-մեկ, երկու-երկու` խառն կմտնեն վանականները խոժոռ ու մտախոհ: Կուգան ու լուռ կշարվին իրարու քով:Վանական մը կառաջնորդե Կույրը:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Բայց ի՞նչ կա, է, ի՞նչ է պատահեր:

ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՎԱՆԱԿԱՆԸ – Ըսի` չգիտեմ, վանահայրն է պատվիրեր

ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Սուս, եկավ:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Արթնցնելու պես) Ոտքի, Աբեղա, վանահայրն է:

ԱԲԵՂԱՆ – (Կնայի շուրջը ու կելլե ոտքի:)

Դ

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կուգա խորքեն ծանր ու տխուր: Բոլորը գլուխ կուտան: Լուռ երկար նայվածք մը կնետե խումբին վրա) Բոլո՞րդ եք:

ՁԱՅՆ ՄԸ – Այո, վանահայր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կնստի բարձր քարի մը: Սպասողական լռություն) Բան ունիմ ձեզի ըսելու: (Կմտածե) Կտեսնե՞ք այս եկեղեցին, որ գրեթե ավարտած է արդեն և ուր բավական ժամանակե ի վեր մեր աղոթքները կխնկենք մեր Աստծուն, այս եկեղեցին… այս եկեղեցին նվիրված չէ մեր Աստծուն:

Ընդհանուր զարմանք ու շարժում:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Ի՞նչ ըսիր, վանահայր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այս եկեղեցին նվիրված չէ մեր Աստծուն: Այս եկեղեցին, երբ ես կշինեի, ես դեռ կտրված չէի աշխարհեն… (Շշուկներ) Ես կկարծեի, թե կտրված եմ: Մենք բոլորս ալ, որ թողեր ենք աշխարհը ու եկեր անապատ, մեր հոգիին խորքը դեռ մեծ կտոր մը աշխարհք էինք բերեր մեզի հետ, ներքին վայելքի ծածուկ կարոտ մը, քողարկված հաճույքներու բարակ ծարավ մը, մեր անցած կյանքի, կռվի ու հուզումներու ամբողջ նուրբ ու կպչուն ցանց մը, և ակամա վերհուշներ: Այս բոլորը դեռ մեզի հետ էր, երբ եկեղեցին կշինեինք: Այդ ծածուկ, քողարկված հուզումներն են շիներ այս եկեղեցին, աշխարհեն անապատ եղած, մեզի հետ ներս սպրդած աշխարհի այդ կտորն է շիներ այս եկեղեցին: Աշխարհինն է այդ եկեղեցին, մեր Աստծունը չէ: Ատոր կամարներուն տակ մենք այլևս աղոթել չենք կրնար, այդ կամարները պետք է քանդվին:

ՁԱՅՆԵՐ – (Ապշած, սարսափած) Քանդվի՞ն… քանդվի՞ն:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Մեր եկեղեցին քանդվի՞:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Մեր նոր եկեղեցին քանդվի՞:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, պետք է քանդենք ու շինենք նորը:

ՁԱՅՆԵՐ – (Զարմանք ու հեգնություն) Նո՞րը… նո՞րը…

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Շինենք նո՞րը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Նորը: Եվ այդ նոր եկեղեցին պիտի շինենք մենք ինքներս: Աշխարհեն եկած դրամը աշխարհիկ զգացմունքներու նվեր է, աշխարհեն եկած վարպետները աշխարհիկ հասկացողություն է, աշխարհի արվեստը: Մարդս ինք միայն կրնա շինել իր Աստծուն նվիրված տաճարը, իր մեջքովը, իր ձեռքովը, իր խելքովը: Թե ինչ ձև է ունենալու մեր նոր եկեղեցին, դեռ ես ինքս ալ որոշ չգիտեմ, այ, կնստինք միասին ու կխորհինք ու կստեղծենք:

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – (Հեգնոտ) Մենք ի՞նչ արհեստավորներ ենք, վանահայր, մենք ի՞նչ կրնանք շինել, դիցուք, եթե ուզենք ալ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կամքը, ծերունի, ուզե ու կշինես, եթե մանանեխի չափ հավատք ունենաս քու կամքիդ:

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Է, անցեր են այն ժամանակները:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ոչ, չեն անցեր, դեռ չեն եկեր այդ ժամանակները, իմ նոր եկեղեցիիս մեջեն պիտի երթանք դեպի այդ ժամանակները:

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Լսե, վանահայր, լսե ինծի, ես ծերունի մարդ եմ: Դուն շատ ես կարդացեր ու խախտեր ես ուղեղդ: Քու բռնած ճամփադ ծուռ ճամփա է: Մի չարչարեր գլուխդ, այդ ճամփան հերետիկոսներուն ճամփան է:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Հպարտ) Այդ ճամփան առաքյալներու ճամփան է, այդ ճամփով է անցեր ինքը Քրիստոս:

ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Ու… կլսե՞ք:

Շշուկ ու վրդովում

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Մի խոսիր այդպես անմիտ, վանահայր:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ոչ ալ այդպես մեծամիտ:

ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Եվ ձգե հանգիստ մեզի ու մեր եկեղեցին, մեզի պետք չեն նոր ձևի շենքեր, այս ձևն է մեզի մեր պապերեն ավանդ հասեր:

ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Մենք ոչ քարտաշ ենք, ոչ վարպետ:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Եվ չենք եկեր հոս պատեր քանդելու, պատեր շինելու:

ՈՒՐԻՇ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Մենք եկեր ենք հոս հանգստանալու:

ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Այո, հանգստանալու և աղոթելու:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ - Եվ ինչո՞ւ քանդենք մեր նոր շինված սիրուն աղոթատեղին, ոչինչ չեմ հասկնար, մի՞տքն ինչ է, ինչո՞ւ:

ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Որուն վրա այսքան ծախս է թափվեր, այսքան աշխատանք:

ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Եվ ի՞նչ ըսենք իշխանին, իշխանուհիին, որոնք հոգացեր են բոլոր ծախքը:

ՁԱՅՆԵՐ – Իհարկե, իհարկե… իշխանը… իշխանուհին…

ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Եվ ո՞վ կուտա այն ատեն տասը չափ ցորենը, պարենը, այսքան նվերը:

ՁԱՅՆԵՐ – (Խառն) Իհարկե… իհարկե… ցորենը… պարենը

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Հանգիստ թող մեզի ու մեր ապրուստը:

ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Քու շինելիք եկեղեցիդ հաց կուտա՞ մեզի:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Որքան ալ ըլլա մեր սեղանը սակավ, բայց հաց պետք է, որ ապրենք:

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Որ կյանքի հոգը չխեղդե մեզի:

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Որ մեր աղոթքը չխանգարի:

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Ուշքի եկուր, վանահայր, քանի կանուխ է ու թող մեր անապատը խաղաղ ու հանգիստ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Նախ շվարածի պես է այս տարափին տակ, ետքը գլուխը վեր կառնե, կնայի շրջապատողներուն տեսակ մը ապշությամբ) Դուք… հոս իմ շուրջս, ե՞ս… հոս կեցած ձեր մեջը… Ես ձեր վանահայրը, դուք իմ միաբանությունս, իմ իսկ հիմնած: (Ժպտուն) Միաբանություն, ինչ միություն ձեր ու իմ մեջ… (Աչքերը շփելով) Կարծես կապը կիյնա աչքերես: Ինչպե՞ս է եղեր, որ ես չեմ հասկցեր այսքան պարզ բանը, այսքան ակնհայտնի: Մինչև հոս, մինչև անապատ կրցեր ենք մենք միասին: Մինչ հոս ես կրնայի բերել ձեզի, մինչև հոս կարելի է բերել մարդը, բայց հոսկե անդին… հոսկե անդին մարդ ինքը պիտի երթա: Ճշմարիտը դուք եք, այդ եկեղեցին պետք է, որ մնա, ան է ձեր եկեղեցին, գացեք, գացեք, ներս, ան կուտա ձեզի անվերջ աղոթքներ ու մխիթարանք, ան կբանա ձեզի արքայության դռները, կազատե ձեզի բոլոր սատանաներեն, ան ձեզի ձեր հացն ալ կուտա ու ձեր հագուստը գացեք, գացեք, ներս ու խաղաղությունը թող ըլլա ձեզի հետ: Իսկ իմ փնտրածս ատիկա չէ, իմ փնտրածս աշխատանքն է, ներքին անդուլ ու անկաշկանդ որոնումը` ներքին անվերջ նվաճումները բարձունքե-բարձունք, պարսպե-պարիսպ, տարակույսներու անդունդներուն վրայեն, ելքերով ու անկումներով, անդադար խոյանք մը դեպի ճշմարտությունը: Գացեք, գացեք ներս դուք ձեր եկեղեցին, ես ալ երթամ շինեմ իմ եկեղեցիս, բայց այս անգամ ես, միայն ես, և կետվածք մը, որ վայել ըլլա իմ Աստծուս բնակությանը, որու կամարներուն տակ իմ խնկելիք աղոթքիս ոչ մեկ բառը կեղծ չհնչե, ոչ մեկ բառի արձագանքը դատարկ չհնչե:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Ատ ո՞ւր պիտի շինես, վանահայր, քու նոր կերտվածքը:

ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Եվ ինչե՞, գրանի՞տ պիտի ըլլա, թե՞ մարմարե:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Գրանիտ ու մարմար, որձաքար ու ամեն տեսակ քար ես կթողնեմ աշխարհի աստվածներուն: Իմ տաճարիս հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները իմ կամքս է, ու գմբեթն ալ ըլլալու է հավատքս:

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Շատ խախուտ է, վանահայր, նոր շենքիդ հիմքը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Անփույթ) Խախուտ է` կփլի:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Եվ այն ատե՞ն…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կշինեմ նորը:

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Բայց ատիկա վերջ չունի:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կուզեիր, որ վերջ ունենար: Քանի կապրինք` շինենք պիտի, պիտի շինենք մեր Աստծուն իր տաճարը, շինենք ու փլի, շինենք ու քանդենք, շինենք ու շինենք միշտ, բայց երբեք, երբեք չավարտենք: Հենց որ ավարտի ալ տաճար չէ Աստծու, որուն երբեմն երկրպագեր են: Բայց կտեսնեմ` ալ մենք իրար չենք հասկնար: Մնաք բարով, ձեր Աստվածը ձեզի հետ:

Կուզե երթա` Աբեղան առաջ կուգա ու ճամփան կկտրե:

ԱԲԵՂԱՆ – Կեցիր

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ է: Գուցե կուզես նորեն ինծի հետ, Աբեղա: Եկուր, քու հոգիդ թռիչք ունի, ես գիտեմ:

ԱԲԵՂԱՆ – Կեցիր: Ըսե, քու այդ նոր շենքեդ երևա՞ պիտի արևի ծագումը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մոռցիր արևն ու իր ծագումը, որ ծագի քեզի ծագումներուն ծագումը, որ արևե քեզի արևներուն արևը:

ԱԲԵՂԱՆ – Կեցիր: Ըսե, քու այն նոր շենքեդ լսվի՞ պիտի, տես, այս աղմուկը… (Խորքը մատնանիշ ընելով) Կլսե՞ս:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ աղմուկ, այդ լսվողը ծովն է ալեկոծ:

ԱԲԵՂԱՆ – Այո, ատիկա:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Քու փնտրածդ, մանուկ, մարդու կառուցած առաջին եկեղեցին է, նախնականը:

ԱԲԵՂԱՆ – Չէ, ալ ինծի չես խաբեր քու այդ արհամարհոտ բառերովդ: Խոսե շիտակ, ըսե, հասնելո՞ւ է քու եկեղեցիդ ծովուն ձայնը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իմ եկեղեցիս չէ հասնելու ոչ մեկ արտաքին հուզում, ոչ մեկ արտաքին աղմուկ: Եթե կուզես ինծի հետ` հույսդ կտրե արևեն ու ծովեն:

ԱԲԵՂԱՆ – (Ճամփա տալով) Անցիր այն ատեն:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Հեռանալով) Ափսոս, Աբեղա, քու միտքդ երբեմն թևեր ուներ (Դուրս):

ԱԲԵՂԱՆ – (Ետևեն) Ափսոս, վանահայր, քու սիրտդ երբեմն թևեր ուներ:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Երկու ձեռքերը առաջ պարզելով) Ես… ես կուզեի քեզի հետ…

ՁԱՅՆԵՐ – (Շշուկով) Կույրը… կույրը…

ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Բարձր ծովափ

Աջ ու ձախ ժայռեր: Քարքարոտ գետինը քիչ-քիչ կբարձրանա ու ճակտին կկազմե ծովուն սեպ շրթունքը:

Գիշեր է. ալեկոծություն

Ա

Ժայռի շրթունքին ալիքներուն կատաղի ելևէջը:

Ալիքները, որոնք կնոջ մարմին ունին, կերևան միայն մինչև մեջքը ու կաշխատին կախվին ժայռեն, բայց վայրկյան մը միայն, իսկույն վար կթափին նորեն շառաչելով:

ԶԱՆԱԶԱՆ ԱԼԻՔՆԵՐ – (Բերնե-բերան ու ընդհատ-ընդհատ)

Պիտի կորչի՞ս: Տեղ տուր լանջիս:

Քարին փակչիս: Այ, հասանք, հասանք:

Ինչ վազեր ենք ափե-ափ:

Ինչ ցատկեր ենք չափե-չափ:

Չա՞փ. ի՞նչ չափ: Անչափ. անչափ:

Չափ, չափ: Աս թռչիլ է, վազել չէ:

Կեցիր, կեցիր ու կանչե:

Չէ, չէ, անցիր. աս ան չէ:

Անէ: Ան չէ: Է, մեկ չէ՞:

Կանչե, կանչե: Մենք պարապ չենք:

Ոչինչ, կանչենք: Կանչե՞նք: Կանչենք:

ԽՈՒՄԲ ՄԸ ԱԼԻՔ – (Միաբերան)

Հեյ, ականջե. հույզ ու տենչ է ամեն լանջե,

Կշառաչե. քեզի ծովն է, որ կկանչե,

Հեյ, ականջե:

ՈՒՐԻՇ ԽՈՒՄԲ ՄԸ – (Հեգնանքով ու հեռանալով) Ա, չէ, չէ, չէ. նստե հողին ու քեզ տանջե:

ՆԱԽՈՐԴ ԽՈՒՄԲԻՆ ՁԱՅՆԸ – (Ավելի հեռուեն)

Հեյ, ականջե. հույզ ու տենչ է ամեն լանջե… Ու քիչ մը ատեն ժայռի շրթունքին լռություն կտիրե. և ավելի որոշ կլսվի բացերեն փոթորկի խոր ու խուլ աղմուկը:

Բ

ԱԲԵՂԱՆ – (Կողմնակի ժայռերուն մեջեն կնետվի ներս, մազերը խռիվ, հագուստը խառնակ, աչքերը մոլոր) Եկա, եկա…(Ու հանկարծ կկենա, կշփե ճակատը, կնայի ետ ու կսկսի բարկացած շեշտով մը) դե, մնաս բարով, կղզի, մնաս բարով, անապատ, մնաք բարով, դուք ալ մութ-մութ կամարները տաճարին, մնաք բարով, իմ աղոթքներս ու խնկումը հոգիիս, մնաս բարով, և դուն, ով անողոք ու վրեժխնդիր Աստված, որուն ուղղեր եմ իմ տենչերս ու աղոթքներս: Դուն ալ մնաս բարով, խցիկս, իմ մենավոր ու լռիկ խցիկս, ալ չեմ դառնալու քեզի: Այ, դեռ կվառի հոդ` ծոցիդ մեջ` ճրագիս աղոտ լույսը, առտվան դեմ մինակը, մինակը մարի պիտի ու ալ երբեք չի պիտի վառի; Թող մարի:

Հովի ուժեղ թափը

ԱԲԵՂԱՆ – (Կցնցվի` կդառնա ծովուն ու թևերը կարոտակեզ առաջ պարզելով) Դե, բաց գիրկդ, Սեդա, բաց թևերդ, ահա հույզքը ջրերուն, ահա վազքը փոթորկին, բաց թևերդ ու նորեն փարած քու խնկելի մարմնիդ, նորեն շունչդ շնչիս, ալիքներուն մեջեն, անցնիմ այն նոր ու մեծ անծանոթին, նոր գոյության ու նոր կյանքին, ան, որ խոստացեր ես ինծի: Բաց գիրկդ, Սեդա…

Գ

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Վերին ժայռին վրայեն շիտակ անոր առջևը կցատկե ու կկտրե ճամփան հևալով) Կեցիր: (Կուրցքը սեղմելով) Շունչս, շունչս…

ԱԲԵՂԱՆ – (Հանկարծակի եկած ու խոժոռ) Մեկդի ճամփես:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Կեցիր, դժբախտ, կեցիր: Վախցիր Աստուծմե:

ԱԲԵՂԱՆ – (Կռվի պատրաստվելով) Մի կտրեր առջևս:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Քու առջևդ մութ է ու անդունդ:

ԱԲԵՂԱՆ – Ետ քաշվե, մարդ:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Վախցիր այդ մութեն ու անդունդեն:

ԱԲԵՂԱՆ – (Կատաղած) Է, հերիք է, հեռու գնացեք ձեր անդունդներովն ու մութերովը, հեռու ձեր անվերջ վախերովը: Վախ լույսերեն ու բերկրանքեն, վախ մութեն ու տանջանքեն, վախ աստվածներեն ու դժոխքեն:Հեռու, բաց ճամփաս: Հոն ոչ մութ կա, ոչ անդունդ: Ծովն է միայն ու փոթորիկը իմ առջևս:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Մահն է քու առջևդ, թշվառական:

ԱԲԵՂԱՆ – Մահն ալ ձեր վախն է ու ձեր վախի հնարածը:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Աստված իմ, խելագար է:

ԱԲԵՂԱՆ – Մահը աս է, հոս, այ, այս ձեր անապատը, այս վախի ու մեռելության կյանքը, իսկ հոն ազատ է, հույզն ու շարժումը, հոն կյանք է, և ես կուզեմ կյանքին գիրկը… (Հանկարծ ուժով մը կհրե, կնետե գետին) Հեռու ճամփես: Ես կուզեմ ապրիմ: Սեդա… (Կնետվի ծովը):

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Կես մը գետնեն բարձրանալով, սարսափահար ու խեղդված ձայնով) Կորավ, կորավ իր հոգին…

Դ

Ժայռերուն մեջեն հետզհետե կհասնին վանականները` հագուստ ու մազեր հովերուն: Բոլորը դուրս, կմոռացվի կույրը, որ կմնա մինակ:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ո՞ւր է, ո՞ւր է:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Գտա՞ր, ճի՞շտ է, տեսա՞ր:

ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Ո՞ր կողմը անցավ:

ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Ներս ցատկելով) Ո՞ւր է, ո՞ւր է:

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Ծովը մատնանիշ) Այ, հոն…

ԽՈՒՄԲԸ – (Սարսափով, կիսաձայն) Ծովը…

ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Կորավ իր հոգին:

ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Այ անիծված է այս ժայռը, հոսկե ճգնավոր մըն ալ նետեր է ինքզինքը ծովը:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ուրիշ վանականի մը թևեն կախված, շնչասպառ ու սաստիկ հուզված, թևերը անկարգ խարխափող շարժումներով, առաջ պարզած` կմտնե ներս):

ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Եկավ իր կույրը, իր կույրը…

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Կկենա անշարժ ու ամբողջ հասակովը ուղղվելով, ընդհանուր լռության մեջ) Իրա՞վ է, ի՞րավ է:

ԲՈԼՈՐԸ – (Քար լռություն, գլուխները կկախեն վար):

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ձեռքերը վեր բարձրացնելով) ուրեմն… Աստված իմ:

ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Այո, Աստված: Աստծու վրեժն է ասիկա: Եկեղեցին քանդել ուզելը անպատիժ չի մնար: Մեծի վրեժը ինկավ ամենեն փոքրի գլխուն:

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Ախ, մեր խեղճ, մեր բարի, մեր մաքուր Աբեղան:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Հեզ ու բարի, համեստ ու սուրբ:

ԽՈՒՄԲ ՄԸ – Ան սուրբ էր սուրբ:

ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Եղերքն իջնենք, եղբարք, գուցե գտնենք դիակը, գոնե դիակը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Երթանք բերենք լաստը:

ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Դժվար է, բայց պետք է, որ բերենք լաստը:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Լաստը:

ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Զարմանք բան է, ինքը ազատեց ուրիշի մը կյանքը ծովեն ու իր կյանքը տվավ ծովուն:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Երթանք, երթանք, որոնենք:

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – (Աչքերը վեր հառած ու մարգարեական շեշտով մը) Լսեցեք եղբայրք: Եթե Աստված ողորմի ու դիակը գտնենք, պետք է տանինք թաղենք նոր եկեղեցիի սեմին: Զոհի նոխաղը կմորթեն տաճարի սեմին:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Տերը կխոսի քու բերանովդ: Թաղենք եկեղեցիի սեմին:

ԽՈՒՄԲԸ – (Հեռանալով) Թաղենք. թաղենք եկեղեցիի սեմին:

Բոլորը դուրս, կմոռցվի կույրը, որ կմնա մինակ: ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Խորտակված գլուխը կշարժե) Գացեք… թաղեցեք… ձեր եկեղեցիի սեմին, հին աստվածներու սեմին, ա, կարող են, հզոր, այդ հին աստվածները, դեռ շատ են հզոր…

ՁԱՅՆ ՄԸ – Իզուր հանեցիր աչքերդ:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Խորին հուզումով ու ահաբեկ) Ո՞վ է ատ, որ կհանդգնի…

ՁԱՅՆԸ – Իզուր հանեցիր աչքերդ:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Վախեն ետ-ետ երթալով) Որո՞ւն ձայնն ես դուն… կուզեի նայիմ աչքերուդ խորքը…

ՁԱՅՆԸ – Իզուր հանեցիր աչքերդ:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Իզո՞ւր:

Be the first who will comment on this

Other parts of "Հին Աստվածներ"

Yatuk Music
Fides Tua
Tigran Hamasyan

Fides Tua

View of Lake Sevan, 1869
View of Lake Sevan, 1869
Play Online