Lazaros Aghayan

Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

Երգ երրորդ

Ա
Գնաց մեր հսկան՝ ձեռքին մի գերան,
Որ գործ էր անում իբրև գավազան,
Հասավ Ձորոփոր հսկաների մոտ,
Մտավ մի խրամ խոր ու քարքարոտ.
Առյուծի նման այնպես մռնչաց,
Նրա ահեղ ձայնից ձորը դրմբաց.
Դուրս եկան հսկայք իրանց բներից,
Խրամի ժայռի պատառվածներից.
Նայեցան՝ տեսան մեր հսկա Տորքին
Ներքևում կանգնած, մի գերան ուսին.
Ձեռքով են անում: – Արի վեր մեզ մոտ, –
Ասում են հսկայքն հյուրերի կարոտ:
Վերև բարձրացավ մեր անհաղթ հսկան,
Մտավ ձորեցոց քարե բնակարան:
Տան նահապետը՝ առույգ ծերունին,
Պատվով ընդունեց իր պանդուխտ հյուրին.
Հատակի վրա նոր գորգ փռեցին
Եվ վերի ծայրին նրան նստեցրին.
Տան երեխեքը՝ թե մեծ, թէ փոքր,
Մոտեցան կարգով՝ ձեռքը պաչեցին.
Տաշտակը բերին ջահել հարսները,
Մաքուր լվացին հյուրի ոտքերը:
Մի րոպե չանցած, մոտ հարյուր հիսուն
Հսկաներ եկան հյուրին տեսություն.
Խոր ու լայնարձակ ժայռե մաղարան
Դարձավ հսկայից մի ժողովարան:
– «Բարո՜վ ես եկել. մեր աչքի լո՜ւյսն ես»:
Ամեն նոր մտնող ասում էր այսպես:
«Դու ո՞վ ես կամ ի՞նչ» էլ չեն հարցնում.
Այս տեսակ կանոն չկա նրանցում.
Մինչև երեք օր հյուրին կպատվեն,
Հետո այդ բանը նրան կհարցնեն:
Ամբողջ երեք օր տո՜ն կատարեցին,
Այնպե՜ս փառավոր հյուրին պատվեցին,
Մեկը բերում էր ձուկը նոր բռնած,
Մյուսը մի քանի էրե շալակած,
Մեկը վայրենի թռչուններ պես-պես,
Մյուսը՝ տանու հավ և մածնի երես.
Բոլոր համայնքը բերում էր սեղան,
Սեր ու արաժան, թխվածք զանազան:
Նվագում էին քնար ու սրինգ,
Պարում ու երգում տղա ու աղջիկ.
Պար էին բռնում և պառավ ու ծեր.
Այսպես սեր, հրճվանք Տորքը տեսած չէր:

Բ
«Երբ վայելեցի այսքան աղ ու հաց»,
Մեր Տորքն ինքն իրան այնպես մտմտաց,
«Էլ ինչպե՜ս կարամ սրանց հետ կռվել,
Մեկի կամ մյուսի մի մազին դիպչել.
Թող Հայկանուշը ա՛յլ բան պահանջե,
Եվ ոչ իմ եղբարց արյունը ուզե.
Ինչ որ կարող է մարդ անել սիրով,
Նույնն անել կարող չէ նա իր ուժով:
Թող ուժը լինի մարդուս օգնական,
Բայց սերը լինի միշտ գործածական.
Այս մարդիկն ահա անխարդախ սիրով
Ինձ կաշկանդեցին սուրբ աղ ու հացով»:

Գ
Չորս օրից հետո Տորքը բացվեցավ,
Հսկաների հետ այսպես խոսեցավ, –
– Սիրելի եղբայրք, չորս օր է անցել,
Բայց դուք իմ մասին բան չեք իմացել,
Թէ ի՞նչ պատճառով, ինչի՞ց ստիպված,
Ես թսփառում եմ սար ու ձոր ընկած:
Դուք ինձ ցույց տվիք սեր ուրախություն,
Քաջերին վայել հյուրասիրություն.
Աստված շե՜ն պահե ձեր տուն ու տեղը,
Հաստատ պահե ձեր սերունդն ու ցեղը.
Ձեզ մոտ եկել եմ ես մի խնդիրքով,
Պատմեմ ահա ձեզ մի քանի խոսքով:
Ուփրեթ բերդումը, – տեղյակ կըլինիք, –
Կենում է մենակ մի սիրուն աղջիկ,
Նրան ընտրել եմ ես ինձ հարսնացու,
Ուզում եմ առնել առանց կռվելու.
Եկել հիմա ձեր ոտքն ընկել,
Ձեր օգնության ու խորհրդին դիմել:
Կա՛մ ինձ մորթեցեք, թաղեցեք այստեղ,
Կա՛մ եկեք գնանք ինձ հետ միատեղ,
Որ առանց կռվի առնենք մի աղջիկ,
Խաղաղ ու սիրով կատարենք հարսնիք:»
Լռեց մեր հսկան, խոսեց ծերունին.
– Տղերք, – ասաց նա մյուս հսկաներին, –
Հին հեքիաթներում լսած կըլինիք,
Երբ մարդուկները ուզում են աղջիկ,
Եվ այն աղջկան փախցնում են դևեր,
Տանում մութ աշխարհ կամ մթին ձորեր,
Մարդուկն այնտեղից հանում է նրան,
Եվ դառնում նրան քաջագործ փեսան:
Մի մեծ պարծանք է, երբ թզուկ մարդիկ
Ուժով ու կռվով առնում են աղջիկ.
Բայց ի՞նչ պարծանք է, որ զորեղ հսկան
Իր ուժը ցույց տա ապագա կնկան.
Դրա հակառակ՝ եթե ցույց տար սեր,
Այդ ճշմարիտ որ պարծանք կլիներ:
Ես շատ հավան եմ մեր հյուրի մտքին,
Այսպե՜ս է վայել վեհանձն հսկային:
Մեր Հայկանուշը չէ՛ մութ աշխարհում,
Եվ ոչ գերի է դևերի ձեռքում.
Նա ինքնագլուխ, անկախ, ինքնիշխան,
Կենում է բերդումն իր հայրենական.
Գնացեք ուրեմն քաղցրությամբ, սիրով,
Ուրախ ու զվարթ, երգով ու պարով,
Առաջարկեցեք համառ աղջկան,
Որ տեղիք չտա մենամարտության:
Ես էլ ձեր հետքից խոնջացած ոտքով
Կգամ օրհնելու պսակն իմ ձեռքով.
Թողեք ձեր հետ գան տղերք, աղջկերք,
Որ այնտեղ սարքեն գեղեցիկ պարերգ:
Լռեց ծերունին, քարայրը թնդաց.
Գնա՜նք, հա՜յ գնանք, – ամեն ձայն գոռաց.
– Ես համաձայն չե՜մ, – գոչեց մի հսկա, –
Որ թիկն էր տված մի ժայռի վրա, –
Հայկանուշն ունի քսան փեսացու,
Մինը մեկէլից զորեղ, ահարկու.
Այդ գազանները գլուխ վեր առած,
Միշտ թափառում են սար ու ձոր ընկած.
Ծոբոփորցիք են, անխելք ու անբան,
Մարդավարութեան չունին հետք, նշան,
Ինչպե՞ս հասկացնենք այդ անմիտներին,
Որ քար չգցեն երեխաներին.
Ես հաստատ գիտեմ, որ առանց կռվիլ
Անհնարին է, ոչինչ լի լինիլ: –
– «Դուք ի՛նձ պահ տվեք երեխաները, –
Պատասխանում է բարեսիրտ ծերը, –
Ես կպահպանեմ սրանց անվնաս,
Ոչ մեկի գլխից չի պակսիլ մի մազ.
Մենք այսօր կերթանք բերդը կմտնենք,
Իսկ դուք վաղն եկեք, մենք ձեզ կսպասենք.
Եթե հավան եք դուք իմ ասածին,
Էլ մի՛ արգելեք երեխաներին»:
Ժիր երեխեքը այս որ լսեցին,
Ալևոր պապի վզին փարվեցին.
«Պապի, մենք ունինք շատ նետ ու աղեղ,
Կուզե՞ս զորք կազմենք շատ քաջ ու ահեղ»:
Խնդաց ծերունին, ինքն էլ մանկացավ,
Անզենք փոքրերին մի-մի զենք տվավ,
Որին՝ նետաղեղ, որին՝ պարսատիկ,
Որին՝ մի կոպալ գլուխը հաստիկ,
Որին՝ մի դաշույն, որին՝ մի նիզակ
Մեկին մի ձողի, մյուսին մի մահակ.
Իսկ նվագածու երգեցիկ աղջկունք
Վերցրին իրենց հետ փող, սրինգ, թմբուկ:
Երեխերքն այսպես մի զորք կազմեցին,
Եվ իրանց պապին շրջապատեցին.
«Հա՜պա, ե՜րեխերք, մի՛ յառաջ մի՛ ետ»,
Կանչեց ծերունին իբրև զորապետ.
Խնդացին բոլոր հսկայքն ահավոր,
Երբ տեսան մանկանց բանակ զորավոր:

Դ
Գնաց բանակը. կեսօրին ահա
Լուր եկավ արդեն, որ բերդումն է նա,
Բերդում սկսվեց սրինգ ու թմբուկ,
Եվ ամբողջ գիշեր բարձրացավ աղմուկ.
Թնդաց Ուփրեթը, դղրդաց սար, ձոր,
Եվ ձայնը հասավ մինչև Ծոբոփոր:
Ծոբոփորեցի քսան աժդահա
Լույսը չբացված՝ եկել են ահա.
Բերդի պատի տակ իրարից հեռու
Շնթռել են իբրև գազան ահարկու:
Մերոնք էլ եկան Տորքի հետ մեկտեղ
Մինչև երեսուն հսկաներ ահեղ:
Ծոբոփորեցոց Տորքը բարևեց,
Ոչ ոք բարևին չի պատասխանեց.
– «Բարև՛ ձեզ, եղբայրք», կրկնում է Տորքը,
Որ տեսնի նրանց մարդկութեան շնորհքը,
Դարձյալ լռություն, ոչի՛նչ ձայն, ժպտուն.
Կարծես մարդիկ չեն, այլ համր անասուն:
– «Ես ազգականն եմ այս Հայկանուշի,
Եվ այսօր սրան պիտի տամ մարդի.
Եթե դուք էլ եք փեսացուներից,
Պետք է չփախչիք ըմբշական մարտից.
Մեկը կհաղթե մեկէլ ուզողին,
Աղջիկը կմնա վերջին հաղթողին.
Եթե ուզող եք, եկեք ներս գնացեք,
Աղջկա առջև մենամարտեցեք»:
Ծոբոփորեցիք իսկույն վեր թռան,
Եվ ներս խուժեցին փղերի նման:
Բոլոր հյուրերը բարձրացան վերև,
Իսկ ըմբիշները կանգնեցին ներքև.
Ամենից վերջը Տորքը վեր ելավ,
Եվ Հայկանուշին զեկուցում տվավ. –
– «Բացի հյուրերից եկել են ահա
Իրանց կամքովը քսան աժդահա.
Թող սրանք կռվեն, իսկ մենք կնայենք,
Եվ վերջինի հետ հաշիվ կտեսնենք»:
– «Հիմա թողեք ինձ, – ասաց ծերունին,
Որ հասկացնեմ մեր այս քաջերին
Ուղիղ կանոնը մենամարտության,
Որ արգելք չլնին մեր ուրախության.
Եվ հասկացրեց, որ վիճակ ձգեն,
Վիճակն ում ընկնի, նախ նրանք մրցեն:
Փողեր հնչեցին, թմբուկներ զարկին
Եվ ըմբիշներին աշխույժի բերին.
Իսկ Հայկանուշը պատշգամբի վրա
Նստած է իբրև մրցման առարկա.
Երբ նայում են նրան փեսացուները,
Կրկնապատկվում է նրանց ուժերը:
Ահա երկուքը ասպարեզ մտան,
Կռվարար ցուլի ու գոմշի նման.
Պտտեցին երկար, մինչև վերջապես,
Իրար ճանկեցին երկու արջի պես.
Մինը մեկէլից խիզախ, համարձակ,
Թնդաց գետինը նրանց ոտքի տակ.
Մերթ բարձրանում են, մերթ գետնին քսվում,
Մերթ գոմշու նման գլուխ գլխի զարկում.
Չոքում ու կանգնում, վայր ընկնում կրկին,
Ոչ մեկի մեջքը չի խփվում գետնին,
Ամբողջ երեք ժամ այսպես կռվեցան
Եվ հետզհետե ավելի տաքցան.
Իրար միս բռնած առյուծի ճանկով,
Գջլտում էին ինչպես աքցանով:
Վերջն ինչպես եղավ՝ մեկը սայթաքեց,
Մեկէլը նրան հաղթած համարեց.
Բայց ընկած հսկան վեր թռավ կրկին
Եվ նորից բռնեց իր ախոյանին,
Բռնեց, բարձրացրեց, և այնպես զարկեց,
Որ մեկ թզաչափ գետնի մեջ թաղեց:
Եվ նա հաղթեցավ, հաղթեցավ իսպառ,
Մեռածի նման մեկնվեց շնչասպառ.
«Ապրի՛ս, քա՜ջ, ապրի՛ս», – հյուրերն ասացին.
Եվ հաղթող ըմբշին գովաբանեցին.
Բայց մյուսներին էլ նա պիտի հաղթեր,
Որ նպատակին հասած համարվեր.
Եվ հեշտ չէր հաղթել բոլոր քսանին,
Նա հազիվ հաղթեց միայն երեքին.
Հինգերորդ հսկան չորս հոգու հաղթեց,
Իսկ տասներորդը տասնին վայր ձգեց,
Անունն Ավագ էր, ամենից զորեղ,
Սա պիտի հաղթեր և Տորքին ահեղ:

Ե
Տորքը վեր կոչեց Ավագ հսկային,
Եվ նստեցրեց նրան իր կողքին.
– «Դո:ւ եղար հաղթող, – ասաց մեր հսկան, –
Քեզ արժանի է պարգև պատվական.
Բայց դարձյալ մեկին դու պիտի հաղթես,
Որ մրցանակը լրիվ վաստակես.
Եթե դու ինձ հետ կռվել չուզենաս,
Դարձյալ մեր այս տան փեսա կդառնաս.
Այս աղջիկներից մեկը քեզ կտամ,
Եվ քեզ հետ սիրով եղբայր կդառնամ»:
– «Իսկ Հայկանուշին դու ինքդ կառնես,
Եվ խաղ ու պարով հարսանիք կանես.
Ես համաձայն չեմ. կկռվենք մեկտեղ,
Թեկուզ դու լինիս ինձանից զորեղ.
Թող Հայկանուշի համար ես մեռնիմ,
Բայց ոչ ուրիշի ամուսին լինիմ.
Կամ պետք է հաղթել և կամ թէ մեռնել,
Հաղթահարություն չեմ կարող տանել»: –
– Հոգնած ես այսօր, դեռ հանգստացիր,
Ու ինձ հետ փոքր-ինչ մոտ ծանոթացիր,
Եվ այնուհետև երբ որ ուզենաս,
Ինձ միշտ հրամանիդ պատրաստ կունենաս: –
– «Շատ լավ պայման է, ասաց ծեր հսկան,–
Ձեր մրցությունը կթողնենք վաղվան»: –
Ծեր հսկայի խոսքն ըմբիշն ընդունեց,
Եվ իսկույն մի ճոխ սեղան պատրաստվեց,
Կանչեցին և մյուս աժդահաներին,
Որ հացկերույթին մասնակից լինին.
Կերան, կշտացան և զվարթացան,
Հոգնածությւններն իսպառ մոռացան:

Զ
Ճաշելուց հետո ծերունի հսկան
Կանչեց ամենին մարմնամարզության.
Խաղեր խաղացին, խաղեր զվարճալի,
Բայց հսկայական և շատ ահռելի,
Այս խաղերի մեջ մեր Տորք աժդահան
Չուներ ախոյան հավասար իրան.
Ուժ էր ցույց տալիս նա այնքան ահեղ,
Որ բոլոր հսկայք չունեին մեկտեղ.
Գնդա՛կ էր ձեռքին թե լա՛խտ ահագին,
Կաշկանդե՛լ էր պետք, թե հրե՛լ մեկին.
Ցատկելո՛ւ խաղ էր, թե վա՛զ մի ոտքով, –
Տորքն էր միշտ հաղթում, իսկ նրան՝ ոչով:
Երբ ուզում էին գնդակը խլել,
Թափվում էին վրան քսանից ավել.
Որը թիկունքին, որն ուսին նստում,
Մի քանի հոգի ոտքերից բռնում,
Բայց հսկան այսպես փղի պես բարձված,
Վազում էր ինչպես ճանճահար եղած:
Իբրև կարգադրիչ հսկայ ծերունին
Խաղից հեռացրեց Անգեղ հսկային.
– Եկ ինձ մոտ նստիր, – ասաց խնդալով, –
Դու խանգարում ես սրանց քո խաղով:
Տորքը հեռացավ, խաղն էլ վերջացավ.
Բայց իսկույն մի նոր հանդես սարքվեցավ:
Ծերունին արդեն տվել էր պատվեր,
Որ մեջտեղ բերեն կաղնու թարմ ոստեր.
Տղա ու աղջիկ եկան խմբովին,
Շրջապատեցին մեր Տորք հսկային.
Իսկ փոքրիկները Տորքի գիրկն ընկան,
Նրանց փայփայեց քնքշացած հսկան,
Մի երգ երգելով ձայնով ներդաշնակ,
Կաղնու ոստերից հյուսեցին պսակ.
– Այս մեկ պսակը, – ասաց ծերունին, –
Պետք է ընծայեմ Ավագ Հսկային:
– Ես արժանի չեմ, – ասաց Ավագը, –
Քանի որ մեր մեջ կա հզոր Տորքը.
Նա բարձր է կանգնած ամեն նախանձից,
Այդ երևեցավ հիմիկվան խաղից.
Սա մարմնեղեն չէ, այլ ժայռից կազմված
Կամ թէ՝ ո՞վ գիտե՝ մա՞րդ է, թե՞ աստված.
Մենք պաշտել միայն կարող ենք սրան,
Եվ ոչ թէ դառնալ ախոյան մրցման: –
– Ես զարմանում եմ, – ասաց ծերունին, –
Ծոբոփորեցիք այդքան խելք չունին:
– Ծոբոփորեցի չե՛մ, ասաց Ավագը,
Մեր գյուղն է Բողնու Երկաթահանքը:
– Այդպե՜ս ասեիր, – ուրեմն հիմա՝
Ինչպես Տորքն ասաց՝ կդառնաս փեսա,
Կընտրես քսանից որին կամենաս,
Եվ հզոր Տորքին եղբայր կդառնաս:
– Դեռ ժամանակ չէ, երբ Տորքն ուզենա,
Ես ուրախությամբ կդառնամ ծառա:
Հուզվեցավ Տորքը, իսկույն վեր կացավ,
Հսկայի ճակտին մի համբույր տվավ.
«Եղբայր ենք», ասաց, և գգվեց նրան,
Ինչպես գթոտ մայր՝ իր սիրուն մանկան.
– «Իսկ դու, Հայկանուշ, – դարձավ ծերունին
Ուրախ ժպիտով դեպի տիրուհին, –
Ի՞նչ առիթ ունիս հիմա բերելու.
Միտք չունի՞ս արդյոք մենամարտելու:
– Ես հնազանդ եմ, ինչպես որ վճռես,
Կմենամարտեմ, եթե հրամայես:
– Ես կհրամայեմ, որ մեր օրենքով
Մրցեք իրար հետ, բայց… սիրո՛ զենքով.
Թող սերը լինի ձեր զենքը մի հատ,
Սիրեցեք միմյանց մինըդ մյուսից շատ.
Դու նրան պաշտպա՛ն, նա քեզ պահապա՛ն, –
Ահա օրենքը սուրբ ամունության:
Ծերունու առջև Տորք և Հայկանուշ
Չոքեցին ինչպես երեխայք քնքուշ.
Կաղնի պսակներն առավ ծերունին
Օրհնելով դրավ երկուսի գլխին.
–Հա՜պա , ե՜րեխերք, թմբուկ ու փողեր
Հնչեցեք մեկտեղ, թող թնդան ձորեր…

Է
Այսպիսի երկար զրույցի վերջում
Երկնքից երեք խնձոր է ընկնում.
Բայց մեր զրույցի վերջումն այս անգամ
Վերևից եկաւ մի հզոր պատգամ:
Գուգարաց բդեշխն այրուձիով,
Եկավ արքայի հրովարտակով.
Ահա բաց արավ մի երկայն գլան,
Միջիցը հանեց գիրն արքայական.
Իր այդ գրովը արքայն ինքնակալ
Կարգել էր Տորքին հզոր կուսակալ,
Եվ իր աշխարհի մասն արևմտյան
Հանձնել էր նրա կառավարության:
Կարդացին գիրը առանձին պատվով,
Տորքն էլ ընդունեց մեծ պատկառանքով:
Եվ այլ թանկագին ընծաներ պես-պես,
Հանեց բդեշխը և բերավ հանդես.
Բերել են մանյակ, գինդ, ապարանջան,
Գոհար ակներով մատնիք պատվական,
Կարմիր մաշիկներ մեր Տորքի համար,
Իր նոր ստացած պաշտոնին հարմար,
Մի հսկայական սամուրե մուշտակ,
Ոսկի և արծաթ մի հարյուր քսակ.
Իսկ Հայկանուշին՝ շղարշ Ծիրանի,
Եվ արքայական հակինթ մատանի.
Եվ մանր մժուր զարդեր զանազան
(Որ թագուհին էր ուղարկել նրան):
Ինքը բդեշխը՝ մեծագանձ, հարուստ,
Ընծայեց Տորքին իշխանի հագուստ:
Հսկա հյուրերը մնացին ապշած,
Երբ տեսան Տորքին այսչափ մեծարած.
– «Ես ձեզ չասացի՞, – ասաց Ավագը, –
Որ ուրիշ բան է մեր Զորեղ Տորքը»:
Հարսնիքն սկսվեց մի նոր խնդումով,
Նոր զվարճությամբ ու կերուխումով.
Արքայից եկած արծաթն ու ոսկին
Հորդ անձրևի պես տեղաց գլխներին…

1888

Be the first who will comment on this

Other parts of "Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ"

Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

David from Sassoon
David from Sassoon
Play Online