Khachik Dashtens
Ֆայտոն Ալեքը
5
Հինգ-վեց տարի անց Ֆայտոն Ալեքը
Իրենց մեծ կատվին դնում էր կառքը,
Վերնոցն էլ կամաց ներքև էր քաշում,
Որ մարդիկ չասեն՝ կառքը դատարկ է:
Երբ ուղևոր էր պատահում, իսկույն
Կատվին վերմակով իր գիրկն էր առնում,
Եվ կայարանից զրնգուն զանգով
Ալեքը նորից քաղաք էր դառնում:
Մի օր, երեկո, գնաց կայարան,
Հանգիստ նստել էր իր թառքի վրա:
Գնացքը եկավ: Իջան ամենքը,
Ուր որ է՝ ծանոթ ուղևոր կգա:
Բայց ոչ ոք չեկավ: Ուղիղ իր մոտով
Ավտոյով արագ սլացավ Ծիտրոն:
Երկրորդով սուրաց Սնդո Արամը,
Մեկը տուն գնաց, մյուսը՝ թատրոն:
Զուր էին զընգում բոժոժներն արծաթ,
Եվ սմբակները կայծքարին տալիս,
Ոչ ոք չէր նայում ֆայտոնի կողմը,
Ոչ մի ուղևոր մոտիկ չէր գալիս:
Երկար սպասեց: Ահա մի կուզ մարդ
Մանրիկ քայլերով շրջում է կամաց,
Ալեքը հեռվից մոտեցավ նրան
Եվ ուղիղ կանգնեց Օնեսի դիմաց:
Օղո՜ւլ, Կայծակիս նալը ժանգոտավ,
Բեզրած կերևաս, քելե իմ ֆայտոն:
Կառքով ուշ կեղնի, ասաց Օնեսը,
Արագ նետվելով Հայկոոպի ավտոն:
«Կառքով ուշ կեղնի», վա՜յ իմ գեշ օրվան,
Ալեքը տխուր շշնջաց անբառ,
Հիշեց այն օրը, երբ իր ետևից
Բոստան Օնեսն էր վազում հևասպառ:
Որքա՜ն էր փոխվել աշխարհն այն օրից,
Բոստան Օնեսն էր այս անգամ թռչում,
Ծո, Օնե՜ս, կեցի՛ր, ընձի հետըդ տար,
Ալեքն էր ասես ետևից կանչում:
Դրեց նա կատուն իր ֆայտոնի մեջ
Ու քաղաք դարձավ մռայլ բեղերով,
Էլ չէր սլանում Ալեքի կառքը,
Կարծես դագաղ էր անցնում թաղերով:
Դիմացի մայթով մի մարդ էր քայլում,
Արկղը թևի տակ, պատին քսվելով,
Կոշիկ սրբողն էր. գնում էր դանդաղ,
Օրվա վաստակը ճամփին հաշվելով:
Նայեց ետևից: Կամեցավ կանչել:
Բայց ինչո՞ւ խառնել խեղճի հաշիվը.
Ամեն ոք կյանքում մի բան հաշվում է,
Անվերջ փնտրելով ցանկացած թիվը:
Ալեքի թիվը սխալ դուրս եկավ,
Խառն էր իր կյանքի պետական բանկը:
Նա կառքը քշեց դեպի հին շուկան,
Մեղմ ղողանջում էր Յոթ-վերքի զանգը:
Անցավ մի քանի հին ճաշարաններ,
«Ծիտրո», «Շիլաջոց» և «Ծիկ- ծիկ Կարո»,
Ավելի վերը Սիմոնի փուռն էր,
Ահա և «Յառի» ճամփան քարքարոտ:
Մի քիչ ներքևում դարբին Մեխակը
Դեռ աշխատում էր իր քուրան վառած.
Լուսինը կարծես մի մաշված պայտ էր,
Ալեքի ձիու սմբակից թռած:
«Սամսոնը» բաց էր: Մեծ ցուցանակին
Առյուծ էր ձևում Գողիաթը ահեղ,
Գազանի լեզուն մուտքի ճակատին
Վառվում էր ինչպես կարմրած կանթեղ:
Ուղիղ այդ քարե սանդուղի առաջ
Ֆայտոն Ալեքի կառքը կանգ առավ:
է՜յ, ուստա Թաթոս, զարկե քո դափը,
Հին Գյումրին չկա, հին Գյումրին մեռավ:
Ու կատվին գրկած, շեմքից մտնելով,
Խելագարի պես սկսեց պարել:
Կռունկը հարբած քնել էր թախտին,
Պոլոզ Մուկուչին Շամխոր էր տարել:
Այդ օր կերել էր երկու աման խաշ
Եվ զբաղվել էր ձիերի գործով.
Պայտել էր նրանց: Այժմ քնած էր,
Սխտորահոտը փչում էր բարձով:
Կնութ Վարդանը անհետացել էր՝
Բիրժայում թողած իր կառքը ավեր.
Գարին շուկայում խիստ թանկացել էր,
Որդին փախել էր դեպի Շուլավեր:
Նայեց Ալեքը հսկա Կռունկին
Ու լուռ դատարկեց գավաթը օղու.
է՜յ, բոշի տղա, շուտ «Ճամփու ղայդեն»
Ուսուլով չալե, ղայդով չալե, օղուլ:
Ասաց և արագ դուրս գալով շեմքից
Նա կառքը քշեց գերեզմանատուն.
Եվ մտրակն առած, ահեղ կսկիծով
Հարվածեց ծանոթ քարերը մթնում:
Բաբիենց Հայկակ, Զուլո, Ծուռվզենք,
Ինչ որ ասացի՝ բիթուն կատարվեց,
Բոստան Օնեսը թարս նայեց ձիուս,
Ծո, էլեք աշեք, հին Գյումրին փոխվեց:
Փրկչի գմբեթը դինամիտ դրին,
Գեղացիք եկել լցվել են քաղաք,
Ֆայտոն չտեսած՝ ավտո նստեցին,
Ինչքան չլուտ կար՝ դարձել է աղա:
Կատու եմ հիմի առել իմ թառքին,
Որ մեր ֆայտոնի պատիվը փրկեմ,
Մենակ մնացինք ես ու Կռունկը,
Բաց արեք հողը, ձեր կողքին պառկեմ:
Ուրիշ մարդ չկա էլ մեր քաղքի մեջ,
Եթե չհաշվենք դուդուկչի Շավոն,
Եկավ ու նորեն Վենետիկ գնաց
Ղազարապատցի մեր ախպեր Ավոն:
Նալըն Կարոյին էս գիշեր տարան,
Խեղճ Ծիտրոն նստած կզարկե գլխուն,
Ինչըղ թա՜րս դիպավ կալոսը քարին,
Օրըս ի՜նչըղ թեզ դառավ իրիկուն:
Բիրժեն դատարկ է, Ղարսի ճամփեն՝ փակ,
Հիվանդ պառկած է աշուղ Շերամը,
Քանդվեց հին Գյումրին, հին կռունկների,
Հին ղաշանգ մարդոց շախով երամը:
Մեկ-մեկ խնդալով երեսիս կաշե
Խելառ Սարգիսը: Ես էլ կխնդամ,
«Աբասին» կուտամ ու ղամչին բռնած
Խելառի նման քշելով կերթամ:
Վա՜յ մեզնեն ետև գալող սերնդին,
Որ էլ չի նստի գյումրեցու ֆայտոն,
Աշխարհքը տկեն փոխվավ ընդհանուր,
Ֆայտոնը հիմի ցույց կուտան մատով:
Ետ դարձավ տրտում: Մի նորեկ խնդրեց,
Որ իրեն ցույց տա «Գյուղացու տունը»:
Գնա՛, ախպերս, ո՛ր դուռը զարկես,
Գեղացու տուն է, ասաց Ալեքը: