Hovhannes Tumanyan

Սասունցի Դավիթ

2
XI

Գիշերը հասավ, մընացին էնտեղ։

Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց.
Դավիթը մընաց մըտքի ծովն ընկած։
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գընաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,

Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.
Ե՛լ, հորեղբա՛յր, քանի՞ քընես,
Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին։
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.

Էն ի՞նչ լուս է բըխում քարից։
Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին,
Է՛յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,

Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում...

XII

Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր, ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,

Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ.
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,

Նորից թընդացին աղոթք, շարական․
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից։

XIII

Համբավը տարան Մըսրա Մելիքին.
Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կըրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել։
Մելիք զայրացավ.
Գընացե՛ք, ասավ,
Բադին, Կոզբադին,

Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք։
Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան։
Ու Կոզբադին առավ զորքեր.
Գըլխի՛ս վըրա, ասավ, իմ տեր.
Գընամ հիմի քանդեմ Սասուն,

Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով դեղին ոսկի,
Տեղը ջընջեմ հայոց ազգի։
Ասավ, Մըսրա աղջիկ ու կին
Պար բըռնեցին ու երգեցին.
Մեր Կոզբադին գընաց Սասուն,
Կանայք բերի քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի բերի,
Մեր ճակատին շարան շարի,
Կարմիր կովեր բերի կըթան՝

Գարնան շինենք եղ ու չորթան։
Ջա՛ն Կոզբադին, քաջ Կոզբադին,
Սասմա Դավթին զարկեց գետին։
Ու Կոզբադին փըքված, ուռած,
Շնորհակալ եմ, քույրե՛ր, գոռաց,
Մինչև գալըս դեռ համբերեք,
Էն ժամանակ պիտի պարեք...

XIV

Էսպես երգով,
Զոռով-զորքով
Գոռ Կոզբադին մըտավ Սասուն.

Օհան լըսեց՝ կապվեց լեզուն։
Աղ ու հացով,
Լաց ու թացով
Առաջն ելավ,
Խընդիրք արավ.
Ինչ որ կուզես՝ առ, տա՛ր, ամա՛ն.
Վարդ աղջիկներ, կանայք Սասման,
Դառր դադած դեղին ոսկին,
Միայն թե գըթա մեր խեղճ ազգին,
Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու,

Վերև՝ աստված, ներքևը՝ դու...
Ասավ, բերավ շարան-շարան
Վարդ աղջիկներ, կանայք Սասման։
Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց,
Մարագն արավ, դուռը փակեց,
Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին.

Սև սուգ կալավ հայոց ազգին։

XV

Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան,
Քարը պատըռվի դո՛ւրս արի մեյդան։
Քանդած հոր վանքը որ շինեց նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից,
Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտավ,
Գընաց՝ պառավի շաղգամը մըտավ։
Պառավն էր. եկավ՝ անե՜ծք, աղաղա՜կ.
Վա՜յ, խելա՛ռ Դավիթ, շաղգամի տեղակ
Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ,

Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ.
Կորեկըս արիր գետնին հավասար,
Էս էր մընացել ձըմեռվան պաշար,
Էս էլ կըտրում ես,
Էլ ո՞նց ապրեմ ես։
Թե կըտրիճ ես դու, աղեղդ ա՛ռ գընա՛,
Քու հոր աշխարքին տիրություն արա՛,
Քու հոր գանձը կե՛ր,
Թողել ես անտեր,
Մըսրա թագավոր ղըրկել է՝ տանի։

Էլ ի՞նչ ես վըրես բարկանում, նանի՛,
Էդ ի՞նչ ես ասում, ես չեմ հասկանում,
Մըսրա թագավոր մեր ի՞նչն է տանում։
Մըսրա թագավոր մեր ի՜նչն է տանում...
Մրսրա թագավոր քու աչքն է հանում,
Դանդալոշ Դավիթ, ղըրկել է հըրեն,
Եկել են Սասմա քաղաքի վըրեն
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Թալան են տալի բովանդակ Սասում.

Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում,
Քառսուն կույս աղջիկ սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ցույց տուր մի տեսնեմ ո՞րտեղ են ուզում։
Ո՜րտեղ են ուզո՜ւմ... Մահըս տանի քե՜զ.
Դո՛ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս...
Եկել ես՝ էստեղ շաղգամ ես լափում...

Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում,
Աղջիկներ փըլեկ մարագն են լըցրած։
Շաղգամը թողեց Դավիթ ու գընաց։
Տեսավ՝ Կոզբադին իրենց տան միջին,
Չափում է ոսկին թեղած առաջին,
Սյուդին, Չարխադին պարկերն են բըռնել,
Ձենով Օհանն էլ շըլինքը ծըռել,
Կանգնել է հեռու, ձեռները ծոցին։
Տեսավ, աչքերը արնով լըցվեցին։
Վե՛ր կաց, Կոզբադին, հեռո՛ւ կանգնիր դու,

Իմ հոր ոսկին է ես եմ չափելու։
Կոզբադին ասավ. Է՜յ, Ձենով Օհան,
Կըտաս― տո՛ւր խարջը էս օխտը տարվան,
Թե չէ՝ կըգնամ, միրուքըս վըկա,
Մըսրա-Մելիքին կըպատմեմ, կըգա,
Ձեր Սասմա երկիր քար ու քանդ կանի,
Տեղը կըվարի, բոստան կըցանի։
Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շըներ,
Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր...
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք,

Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ...
Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց,
Տըվավ Կողբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս Էլ դեռ գընում Է թըռած։
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։

XVI

Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ․

Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ,
Դու արել ես ինձ քաղաքի ծառան,
Դու թողել ես ինձ օտարի դըռան...
Հորեղբայրն ասավ. Ա՛յ խենթ, խելագար,
Ոսկին պահել եմ Մելիքի համար,
Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա։
Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա,
Սասմա քար ու հող հեղեղի, տանի,
Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի։
Դու կա՛ց, հորեղբա՛յր, թող գա, ե՛ս կերթամ,

Կերթամ, ես նըրան պատասխան կըտամ։
Ու մութ մարագի դըռանը զարկեց,
Փակած աղջիկներ հանեց, արձակեց։
Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք,
Սասունցի Դավթին արև խընդրեցեք։

XVII

Էսպես ջարդված, արյունլըվա
Փախան, ընկան հողը Մըսրա
Բադին, Կոզբադին
Սյուդին, Չարխադին։
Մըսրա կանայք հեռվից տեսան,

Հեռվից տեսան, ուրախացան
Ու ծափ տըվին կըտերներին.
Եկա՜ն, եկա՜ն, բերի՜ն, բերի՜ն...
Մեր Կոզբադին գնաց Սասուն,
Կանայք բերավ քառսուն-քառսուն,
Կարմիր կովեր բերավ կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան...
Հենց մոտեցան, նըկատեցին,
Ծափ ու խընդում ընդհատեցին,
Քըրքըջացին

Ու կանչեցին.
Է՜յ, Կոզբադին մեծաբերան,
Էդ ո՞րտեղից լերան-լերան,
Լերան-լերան կըգաս փախած,
Հաստ գըլուխըդ կիսից ճըղած։
Էն դո՞ւ չասիր՝ գընամ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի հանեմ,
Հայոց երկիր ավեր անեմ։
Գացիր Սասուն քանց գել գազան,

Ետ ես գալի քանց շուն վազան...
Ու Կոզբադին խիստ բարկացավ.
Սո՛ւս կացեք դուք, լըրբե՛ր, ասավ.
Ձեր մարդիկն եք տեսել դուք դեռ,
Դուք չեք տեսել Սասմա ծըռեր։
Սասմա ծըռեր լերան-լերան,
Նետեր ունեն մի-մի գերան.
Սասմա երկիր քար ու կապան,
Դըժար սարեր, ձոր ու ծապան.
Նըրանց խոտեր ինչպես կեռ թուր,

Զորք ջարդեցին երեք հարյուր...
Ասավ ու էլ չառավ դադար,
Վըռազ-վըռազ, գըլխապատառ
Վազեց իրեն թագավորին։
Խընդաց թագվորն իր աթոռին։
Ապրե՛ս, ապրե՛ս, քաջ Կոզբադին,
Արժե՝ կախեմ ես քու ճըտին
Մեր ղուզղունի մեծ նըշանը
Պարգև քու մեծ հաղթությանը։
Ո՞ւր են, հապա առաջըս բեր

Սասմա ոսկին ու աղջիկներ։
Ասավ Մելիք, ու Կոզբադին
Գըլուխ տըվավ մինչև գետին,
Ապրա՜ծ կենաս, մեծ թագավոր,
Զոռով փախա ես ձիավոր,
Ո՞նց բերեի Սասմա ոսկին։
Մի խենթ ծընվեց հայոց ազգին,
Ոչ ահ գիտի, ոչ տեր ու մեծ,
Գըլուխս էսպես տըվավ ջարդեց.
«Չե՛մ տալ, ասավ, իմ հոր ոսկին,

Չեմ տալ կանայքն իմ հայ ազգին,
Սասմա երկիր ձեզ տեղ չըկա․․․
Քու թագավոր, ասավ, թո՛ղ գա,
Թող գա՝ ինձ հետ կըռիվ անի,
Թե ղոչաղ է՝ զոռով տանի»։
Կատաղեց, փըրփրեց Մըսրա թագավոր.
Կանչեցե՜ք, ասավ, իմ զորքը բոլոր.
Հազար հազար մարդ նորելուկ մանուկ,
Հազար հազար մարդ անբեղ, անմորուք,
Հազար հազար մարդ բեղը նոր ծըլած,

Հազար հազար մարդ նոր թախտից ելած,
Հազար հազար մարդ թուխ միրուքավոր,
Հազար հազար մարդ սիպտակ ալևոր,
Հազար հազար մարդ, որ փողեր հընչեն,
Հազար հազար մարդ, որ թըմբուկ զարկեն...
Կանչեցե՜ք, թող գան, հագնեն զե՜նք, զըրա՜հ,
Կըռիվ տի գընամ ես Դավթի վըրա,
Սասունն ավերեմ,
Հեղեղեմ, բերեմ։

XVIII

Էսպես անհամար զորքեր հավաքեց,

Եկավ Սասմա դաշտ, բանակը զարկեց
Ու ծանըր նըստեց Մըսրա թագավոր։
Էսքան ահագին բազմությունն էն օր
Բաթմանա ջըրին եկավ ու չոքեց,
Ով եկավ, խըմեց գետը ցամաքեց,
Սասմա քաղաքում մընացին ծարավ։
Ձենով Օհանին զարմանքը տարավ։
Քուրքը ուսն առավ, սարը բարձրացավ.
Սարը բարձրացավ, տեսավ, ի՜նչ տեսավ։
Ճերմակ վըրանից դաշտը ճերմակել,

Ասես՝ էն գիշեր ձըմեռը եկել,
Սպիտակ ձյունով պատել էր Սասուն։
Լեղին ջուր կտրեց, կապ ընկավ լեզուն,
Հարա՜յ կանչելով՝ փախավ տուն ընկավ.
Վա՜յ, փախե՜ք, եկա՜վ... հա՜յ, հարա՜յ, եկավ...
Ի՞նչը, հորեղբա՛յր, ի՞նչը, ի՛՛նչն եկավ...
Ցավն ու կըրա՜կը Դավթի պինչն եկավ։
Մըսրա թագավոր ելել է, եկել,
Եկել, մեր դաշտին բանակ է զարկել.
Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին...

Վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին...
Ե՜կ, ոսկին տանենք, աղջիկներ տանենք,
Չոքենք առաջին, պաղատանք անենք,
Գուցե թե գըթա,
Մեզ սըրի չըտա...
Դու կա՛ց, հորեղբայր, դու դարդ մի՛ անիր.
Գընա՛, քու օդում դու հանգիստ քընիր.
Հիմի ես կելնեմ, Սասմա դաշտ կերթամ,
Մըսրա-Մելիքին պատասխան կըտամ։
Ու գընաց Դավիթ ծանոթ պառավին.

Նանի ջա՛ն, ասավ, ժանգոտած ու հին
Երկաթի կըտոր, անթարոց, շամփուր,
Ինչ ունես չունես, հավաքի՛ր, ինձ տուր,
Մի էշ էլ գըտիր, որ վըրեն նըստեմ,
Կըռիվ տի գընամ Մըսրա զորքի դեմ։
Վա՜յ, Դավի՛թ, ասավ, մահս տանի քեզ.
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս...
Քու հերն ուներ կըռվի համար
Հըրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,

Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Դու եկել ես, ա՛յ խենթ ու ծուռ,
Ինձնից կուզես Էշ ու շամփո՜ւր...
Ամա՛ն, նանի՛, չեմ լըսել դեռ։
Ո՜ւր են հիմի իմ հոր զենքեր։
Հոբեղբորըդ գընա հարցուր.
Ո՞ւր են, ասա, հանի՛ր, բեր, տուր։
Բան Է, թե որ չըտա սիրով,

Աչքը հանիր՝ խըլիր զոռով։

XIX

Դավիթ գընաց հորեղբոր մոտ.
Է՜յ հորեղբայր, կանչեց հերսոտ,
Իմ հերն ուներ կըռվի համար
Հըրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Կըտաս բեր տուր...

Վա՜յ, Դավիթ ջա՜ն,
Ահից գոռաց Ձենով Օհան.
Քու հոր մահվան տարուց օրից
Դուրս չեմ հանել ձին ախոռից,
Ոչ սընդուկից Թուր-Կայծակին,
Զըրահ շապիկ, ոսկի գոտին...
Ինձ թող, ամա՜ն, մի՛ սպանիր,
Կուզես հըրեն, գընա հանի՛ր։

XX

Հագավ Դավիթ զենքն ու զըրահ,
Կապեց գոտին, Թուր-Կեծակին,

Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա,
Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին,
Հոր ձին հեծավ ու մըտրակեց.
Ձենով Օհան լալով երգեց.
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս հըրեղեն մեր ձին,
Ա՜խ, հըրեղեն մեր ձին.
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս մեր ոսկի գոտին,
Ա՜խ, մեր ոսկի գոտին,
Ափսո՜ս, թանկ կապեն, որ հագին տարավ,
Ա՜խ, որ հագին տարավ․․․

Դավիթ բարկացավ,
Ձին քշեց, դարձավ,
Օհանը վախեց,
Իր երգը փոխեց.
«Ափսո՜ս, նորելուկ Դավիթըս կորավ.
Ա՜խ, Դավիթըս կորավ»։

Էս որ իմացավ,
Դավիթ մեղմացավ,
Իջավ, Օհանի ձեռքը համբուրեց։
Ձենով Օհանն էլ, ինչպես հայր ու մեծ,

Օրհնեց, խըրատեց նըրան հայրաբար,
Դեպի Սասմա դաշտ դըրավ ճանապարհ։

Be the first who will comment on this

Other parts of "Սասունցի Դավիթ"

Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

David from Sassoon
David from Sassoon
Play Online