Atrpet
Բերսայի առաքելը
V, VI
Մեծ իրարանցում կար Շիշմանների տանը։ Երկու վերին հարկերը հարսանիքին հատուկ լուսավորված էին։ Շքեղ երեկույթ էր և Պերայի beau monde-ը Շիշմանների տանն էր։ Պարում էին, թռչկոտում էին, դաշնամուրի ձայնը և ուրախ քրքթշեերն ամբողջ թաղում դղրդյուն էին բարձրացրել։ Փողոցի դուռը բաց էր։ Գավթում և բակում ծառաները ղժվրտում էին, պարտեզում հանդիսականները ծառերի տակ և քյոշքերում զբոսնում։ Կառքերն ու սեթիաները դռանը՝ փողոցում շարված և սենեկապաննե՛րն ու աղախինները սանդուխներից անդադար բարձրանում, իջնում էին։ Աշնանային պարզ մթնկա գիշեր էր, և երկինքը բազմաթիվ աստղերով զարդարված։ Պարող երիտասարդները իրենց անգաժեների հետ պարամիջոցներում գույնզգույն իջնում էին տան գույնզգույն լապտերներով զարդարած դարած պարտեզը, պաղպաղակ ընդունելու և բլդակներ վայելելու։ Տան տիկիններն ու օրիորդները այս կողմ, այն կողմ էին դառնում, վազում և ցրված հրավիրյալներին պատվում, հյուրասիրում։ Աղախինները, որոնց թիվը այդ գիշեր սովորականից տասնապատիկն անցել էր, մի ակնթարթում կատարում էին տիրուհիների հրամանները։ Մատակարարը մառանից անընդհատ ափսեներով խմիչք ու մրգեղեն էր դուրս տալիս և քաղցրեղենների անուշ բուրմունքով գրգռում հրավիրյալների ախորժակը։ Պարերգերն ածում էին դաշնամուրի վրա չորս ձեռքով, ջութակի օգնությամբ, իսկ խաղամիջոցում թուրքական երաժշտական խումբը զբաղեցնում էր հասարակությանը պարտեզի մեջ յուր երգերով և նվագածությամբ։ Այդ միաձայն մեղեդին գրգռում էր ջղերը, մորմոքեցնում սրտերը, մանավանդ ալկոհոլի ազդեցության տակ ընկածներին։
Բազմամբոխ հրավիրյալները բաղկացած էին Պերայի զանազան դասերից՝ թե՛ ֆինանսական աշխարհից և թե՛ ինտելիգենցիայից։ Այդտեղ կային ևս մի քանի իսլամ պաշտոնականներ իրենց եվրոպական տարազներով զարդարված կանանց հետ, որոնք շատ ախորժում էին քրիստոնյա երիտասարդների հետ պարելուց։ Երիտասարդների և հասած օրիորդների թիվն անչափ էր։ Սրանք իրար խաբելու համար միջոցների մեջ ընտրություն անգամ չէին անում։ Բայց տարաբախտաբար ծերունիներն էին հրճվում, բերկրում օրիորդների գեղեցկությամբ և ձգտում նրանց իրենց ոսկե ցանցերի մեջ գլորելու, իսկ առույգ երիտասարդների սրտում միայն մատաղահաս, բայց հասակավոր ամուսիններ ունեցող տիկիններն էին տեղ բռնել։
Հրավիրյալների մեջ բոլոր երիտասարդների աչքը շլացրել ու գրավել էր տիկին Հելեն Գալֆայանը, որը գեղեցկությամբ երեկույթի թագուհին էր։ Տիկինը հազիվ քսանհինգ տարվան լիներ և թեև երեք զավակի մայր էր, բայց տասնվեց տարվան օրիորդի նման գողտրիկ և անմեղ ժպիտներով էր պատասխանում ամեն մի սրտաբուխ կայտառ հայացքի։ Տիկինը ամուսնացած էր Տիրան բեյ Գալֆայանի հետ, որը նախկին մայր սուլթանի առաջին ճարտարապետի թոռն էր և պապից մեծամեծ կալվածներ ժառանգած՝ ահավոր հարստության տեր։ Տիրան բեյը թեև քառասուն տարեկան հասակումն էր ամուսնացել, բայց ժիր էր և պարապում էր մանուֆակտուրայի առևտրով ու մեծ կապեր ուներ Մանչեստրի ֆիրմաների հետ: Բեյը, որ մի քանի հասակակիցների հետ թղթախաղով էր զբաղված, ոսկիներ էր ցրվում իրեն շրջապատող պաշտոնականներին ու փաստաբաններին, աչքը չէր հեռացնում նույնպես պարողներից, մանավանդ յուր կնոջ պարընկերներից։ Բայց Միհդատ բեյը, որ Կ. Պոլսի վաճառականական դատարանի անդամն էր, առանց շուրջը նայելու ամեն կերպ աշխատում էր հաճոյանալ մատաղահաս տիկնոջը։ Հելենը հրճվում էր Միհդատի սեթևեթներով և մի քանի անգամ նրա թևը մտած իջավ պարտեզ, և քյոշքերի մեջ զովացած ու շիկնած վերադարձան պարահանդես։
Այս բանը այնքան վրդովեց Տիրան բեյին, որ ուշքը կորցրած, անընդհատ տարվում էր։ Վերջապես համբերությունը սպառված, թողեց թղթախաղը և կնոջը մոտենալով, ասաց մեղմորեն.
Հելե՛ն, գնա՛նք, քեֆս քիչ ավերվեց։
Ի՞նչ ունիս, հոգյա՛կս, մի այնպես քաղցր արտասանությամբ և հաճոյալի հայացքով ասաց Հելենը, որ Տիրանը մոլորվեցավ, ցրվեց նրա ժանտ նախանձը, կասկածների և կակազելով ասաց.
Չգիտեմ, սիրտս սանկ…
Գնա՛նք, գնանք, ասաց Հելենը սրտաբաբախ տոնով, երբ նրանց մոտենալով տան տիկինը, ասաց.
Ինչո՞վ կարող եմ ձեզ հյուրասիրել։
Շնորհակալ եմ, տիկին, պատասխանեց Հելենը հոգատար դեմքով, բեյս քիչ քեֆ չունի, ներեցեք, որ պարտավորված ենք ձեր գրավիչ երեկույթից շուտ զրկվելու…
Խնդրում եմ, չթողնել մեզ, արդեն ժամանակն է, մի-մի զադայիֆ ուտենք և որդուս կենացը խմեցեք։ Հինգ րոպե հետո լրանալու է նրա ծննդյան երեսունհինգ ամյակը…
Ուրախությամբ, ասաց Տիրան բեյը և դառնալով կնոջը, ավելացրեց, Մի քառորդ ժամ ևս կարող ենք մնալ, ու բազմոցի վրա տեղավորվեցավ։
Ղադայիֆ֊ղայմաղ, ձայն տվեց տիկինը, լիկյո՜ր, շամպայն, և աղախինները իսկույն սկսեցին այդ բաժանել։ Ամեն կողմից կանչում էին․ կեցցե՜ Մագսուտ բեյը, կեցցե՜ Շիշման տոհմի կորյունը։
Վերջին կադրիլր, զույգե՜ր, զույգե՜ր, առաջ, ձայն տվեց պարի առաջնորդողը, և Միհդատ էֆենդին կրկին չոքեց Հելենի առաջ ու խնդրեց պարել։ Աղմուկն ու աղաղակը, պարողների ոտնաձայնն ու դաշնամուրի եղանակները կենդանացրին երեկույթը, և Տիրան բեյը պարտավորված կրկին նստավ թղթախաղի։ Միհդատ էֆենդին հանգամանքից օգտվելով, կրկին թևն առաջարկեց Հելենին, և միասին իջան պարտեզ։ Անկյունի քյոշքում տեղավորված պաղպաղակ պահանջեցին և սկսեցին առանձնության մեջ սրտի զգացումները իրար պարզել։ Առաքելը, որ մինչև այդ ժամանակ խոհանոցի բոլոր գործերը կարգի բերելով էր զբաղված, քրտնաթոր իրանով, կիսով չափ դուրս երկնցավ խոհանոցի լուսամուտից զովանալու և լսելով հոմանիների սիրազեղուն բացատրությունները, ակամա նրանց ականջ դրեց բորբոքված սրտով։
Շատ նախանձոտն է ամուսինդ, եռ է գալիս, երբ նկատում է, որ դուք քաղցր ժպիտով եք ինձ մոտենում։ Ճշմարիտ, ինձ հաճելի չէ, որ ձեզ վրա նկատողություն անե, իմ պատճառով իրար մեջ տարաձայնություններ ունենաք, բայց սիրտս, զգացումներս դու խո՜ գիտես, որ չեմ կարող սանձել…
Ես չեմ էլ ցանկալ, որ սանձես, դու անհոգ կեցի՛ր, դու թույլատրի՛ր ջղերիդ սանձարձակ գործելու, ինձ թող, որ ես կարգադրեմ մնացյալը։ Նրան մի հայացքով, մի բառով կարող եմ խաղաղեցնել։ Հանկարծ տիկինը հրամայեց ընթրիք տալ։ Աղախինները մտան խոհանոց։ Այս ու այն կողմից բան էին պահանջում, իսկ Առաքելը չէր երևում։ Առաքե՛լ, Առաքե՛լ, կանչեցին, որը սթափված ներս ընկավ և սկսեց կերակուրները կարգավորել ու ներս տալ։ բայց նա այնպես հուզված ու մոլորված էր, որ շփոթվում էր, խառնվում…
Ընթրիքից հետո Մագսուտ բեյը, երբ ճանապարհ դրեց յուր հյուրերին, կանչեց Առաքելին յուր մոտ և ասաց զայրալի.
Առաքե՜լ, ի՞նչը քեզ ստիպեց այդպես անարգելու իմ հյուրերին, այդ ինչպիսի՞ կերակուրներ տվիր։
Երբ խեղճ խոհարարը լռել էր, չէր իմանում ի՞նչ պատասխանել, բեյը անարգական խոսքերով հանդիմանում էր նրա վարմունքը։ Առաքելը, ճարահատ, գրպանից հանեց տանից ստացած հետևյալ նամակը և հանձնելով բեյին, ասաց.
Ես մոլորված էի, ես այլևս չեմ կարող ծառայել, պարտականություններս ճշտությամբ կատարել։ Մագսուտ բեյը կարդաց հետևյալ նամակը, որ գրել էր Սառան Առաքելին.
«Իմ անգին թագ ու պսակ՝ Առաքել ջա՜ն.
«Չգիտեմ, գիրս որտեղի՞ց սկսեմ, ի՞նչ գրեմ, քանի որ թուղթն ու գիրը քո սիրտը չի կակղացնում, քու հոգին չի բորբոքում, խելքդ, միտքդ տվել ես ժանտ ոսկուն, կպել ես Սթամբոլին, մտահան արել քու տունն ու քու տեղը, քու մորն ու քու պապերի գերեզմանը, քու կնոջն ու քու մատաղ որդուն։ Երեք տարով գնացիր, ահա յոթը տարին բոլորեց, ութերորդի մեջ մտավ։ Դու գութ չունի՞ս, դու սիրտ չունի՞ս, դու հոգի չունի՞ս… Ի՞նչ անեմ, թե շատ փող ես դիզելու և այնպես տուն դառնալու։ Ինչի՞ս է պետք քու ժանգոտ ոսկին, որ ինձ ոչ կթարմացնե, ո՛չ կառողջացնե, ոչ էլ մի օրով կյանքս կերկարե։ Թո՛ղ քիչ ունենամ, թո՛ղ ցամաք հացով փորս կշտացնեմ, թո՜ղ իմ գործած կտավով ու մանուսով իրանս ծածկեմ, միայն թե դու տանդ գլխին կենաս, ես էլ քու շվաքի տակ գործեմ։ Դու որ քովս լինիս, ես է՛լ բանի պետք չեմ ունենալ։
«Անտոն ապարի հետ ուղարկածդ ղութնին, ալաջան ու ջանֆեսը հասավ, դրի սնդուկս առանց ծալքերը բանալու, ձևելու ու կարելու, առաջվա ղրկածներիդ մոտ։ Ինչի՞ են պետք թանկագին կերպասները, ատլասն ու դիպակը, շալն ու մետաքսը, քանի որ սիրտս, հոգիս սգի ու շիվանի մեջն են։ Հորս տնից բերածս ջեհեզը դեռ չէ մաշած, քու կտրել տված կապան ու ջիվբեն թևս անցկացնելու սիրտ չունիiմ, Էլ տարոց տարի ղրկածներդ կարեմ, ի՞նչ անեմ… ու՞մ համար հագնեմ… Երբ սրտիցս արյուն Է գնում, երբ աչքերս չեն բացվում, չորս բոլորիս հագված, զուգված ջուխտակներին տեսնելու, երբ ականջներս ծակվում, խլանում են դրացիներիս պարի, երգի ու հրճվանքի ձայներից, որոնք քչով-շատով բոլորված կյանք են վարում իրար գրկում։ Ես ի՜նչ հավասով Էլ զուգվիմ, զարդարվիմ ու նոր-նոր հալավ կարեմ, երբ հները հագնելու ու մաշելու առիթ չունիմ, միջոց չունիմ… Քեզ գրում եմ, թե հին Սառադ էլ չէ մնացել, հալվել, մաշվել, կես է եղել, դու, բուրդ ու բամբակ ականջներդ խրած, ոչինչ չես ուզում իմանալ և գուցե գիրս էլ, նամակներս էլ չես կարդում, դեն ես շպրտում… Անցածները, աստվածածնի տոնին, Թագուհի հորքուրանցդ գնացինք։ Կապույտ ջիվբես էի հագել։ Գիտե՞ս, մի՞տքդ է, որ վրաս չէր գալիս… Լևոնիս գիրկս առի և ջիվբես երկուսիս վրա կոճկեցի… Ի՞նչ գրեմ, քանի որ այս բոլորը քեզի ջրի ձայնի պես է գալիս։
«Երևի սպասում ես, որ Լևոնս մեծանա ու գա քեզի տուն բերի, բայց այդ բանը դժվար թե տեսնես։ Խեղճ երեխաս որբի նման անհայր մեծացավ, և երբ դրացիների զավակները վայելում են իրենց հայրերու գուրգուրանքը, նա զմայլում է, սիրտը լցված վազում է տուն, լացակումած կամ մամի գիրկն ընկնում կամ իմ և լեզուն բռնված մի բառ չի կարողանում խոսել։ Դու այդ մարդը չէիր, Առաքել, քեզ ի՞նչ եղավ. ինչպե՞ս քար ու ապառաժ դարձավ քու սիրտը։ Քեզ թուղթ ու գիր արի՞ն, թալիսմով կապեցի՞ն, սերդ գրավեցի՞ն… Եթե ինձ չես խղճա՛, գոնե զավակիդ խղճա, այս անմեղ երեխային, որը հայրական գգվանքի կարոտ է քաշում, որը փողոցում որբի կերպարանքով է թափառում…
«Բայց ես ու՞մն եմ գրում այս տողերը, զուր չէ՞, որ մաշում եմ սիրտս, հոգիս, աչքերս և ինձ ուտում, քրքրում։ Ի՞նչ ազդեցություն ունեցան իմ այնքան գրերս, որ սրանով կարողանամ քեզ գութ ներշնչել և դեպի հայրենիք քաշել։ Միևնույն բանն է, ինչ որ գրեմ, ես հավատացած եմ, որ պիտի գցես նույնպես առաջդ վառված խոհանոցի օջախը, գուցե առանց իսկ վրան մի հայացք գցելու։ Բայց պարտքս կատարած լինելու ցանկությամբ մաշվիլս, քրքրվիլս, հալվիլս, աչքիս չի երևում: Կրկնում եմ, քառապատկում եմ նախորդ գրածներս, ես ձեռքից ելա, էլ ուժ չունիմ դիմանալու։ Ականջիդ բուրդը հանի՛ր, Առաքե՛լ, ինձ անդանակ մի՛ մորթիլ, տուն արի՛, ետ դարձիր, տիրություն արա՛ քու զավակիդ, քու մորդ։
«Խեղճ պառավս՝ մայրդ, արդեն գլգլել է։ Տարիքը շատ չէ, բայց տանջանքները, դու խո՛ լավ գիտես, ցեցի նման նրան կերել են ու մաղել, ծակծկել են ու թողել։ Արի կատարի՛ր նրա փափագը և քեզ տեսնելով, գուցե քիչ սիրտ առնե, զորանա և մի քանի տարով կյանքը երկարի։ Մի՛ դատարկ խոստումներով մեր սրտերը բորբոքիլ, խոսքդ, խոստումդ կատարիր տղամարդու պես։ Քանի՞ մեզ վրա ծիծաղեցնես մեր չարակամներին։ Ահա չորս տարի է շարունակ նամակներով և ճամփորդներով մեզ խաբխբում ես՝ «կգամ, գալիս եմ, այս տարի, այս աշուն, գալ ամսին», որով ավելի ու ավելի բորբոքում ես մեր սրտերը։
«Անտոն ապարի հետ մի հայելի էիր ուղարկել, երանի ճանապարհին ջարդված լիներ, ծովն ընկներ և տուն չհասներ։ Խաբվեցա, մեջն աշեցի։ Սառադ ձեռքիցդ գնացել է, ոչ գույնն է մնացել, ոչ կյանքը, այլ չոր ոսկոր ու մաշկ։ Ես կարճ գրեցի, դու շատ իմացիր։
«Ոչ փողդ ենք ուզում, ո՛չ հալավ, միայն քու ներկայությունդ կարող Է մեզ կյանք տալ։ Ի՜նչ գրեմ, Սթամբոլը բրիշակ դառնա, քար քարի վրա չմնա, որ դու էլ անճարացած տուֆ դառնաս և խաղաղի աշխարհքը։
«Է՛լ ո՛չ գիրդ է պետք, ո՛չ խաբար, թե մեզ սիրում ես, թե մեզ համար բաբախում է քու սիրտը, ինքդ ընկիր ճանապարհ, արի խնդա, խնդացուր, աչքերիս արտասուքը ցամքեցուր, չորցուր:
Շիշման Մագսուտ բեյը այնքան վրդովվեց այս նամակից և այնպես զգացվեց, որ բորբոքված ասաց.
- Այսօր անմիջապես պատրաստությունդ տես և ճանապարհ ընկիր։ Գնա, երեք ամիս կեցի′ր ու էլի վերադարձիր»: Ամեն երկու տարին մի անգամ երեք ամսով քեզ արձակուրդ սրանից հետո։
Առաքելը լուռ, շրթունքներն անգամ չշարժեց։ Շիշմանը շարունակեց.
Մի՞թե գա կարգված ես եղել, ո՞ւմ մտքից կանցներ։ Դու մեր տունը գալիս մազ, մորուք անգամ չունեիր, ո՞վ կարող էր երևակայել, որ դու հայր ես։
Առաքելը անմիջապես պատրաստություն տեսավ ճանապարհ ընկնելու։ Նա իջավ Ղալաթիա, սեղանավորից յուր դրամագլուխը տոկոսիքով ստացավ, որը մի պատկառելի կապիտալ էր մի խեղճ գավառացու համար՝ երեք հարյուր հիսուն լիրա։ Փողը գրպանը դնելով, անցավ կամուրջից, գնաց Սթամբոլ։ Մտավ Ուզուն֊Չարչու փողոցը, Զիլիֆտար խանի մեջ գտավ հայրենակից Պողոս աղային սենյակում և երկար֊բարակ ձևական, սովորական խոսակցություններից հետո ասաց.
Գիտե՞ս ինչի եմ եկել, աղա՛։
Ի՞նչ ունիս, Առաքել, ինչի՞ պարզ չես խոսում։
Տուն պիտի երթամ։
Քամի ես բաց թողնում, յոթ տարի է պիտի երթաս, Բայց դեռ Շիշմանների խոհանոցից չկարողացար բաժանվել։
Ի՞նչ անեի, խո դատարկ չէի՞ կարող դառնալ։ Այսօր հաշիվս կտրեցի և մտադիր եմ մեկ֊երկու օրից ճանապարհ ընկնել։
Լա՛վ, շատ ուրախ եմ։
Մի քանի լիրա փող ունիմ, ուզում եմ ապրանք առնել, աղա՛, ի՞նչ խորհուրդ կտաս։
Շատ լավ կլինի, փող տանելուն՝ ապրանք տար, ամենաքիչը տասը տոկոս կաշխատիս։ Որքա՞ն փող ունիս։
Մեկ֊երկու հարյուր ոսկու չափ։
Լա՛վ, շատ լավ, անչափ ուրախ եմ։ Բայց, տո′, ուրիշներից ես իմացել եմ, որ հինգ հարյուր ոսկու չափ փող ունիս…
Պարապ խոսքեր են, կլինի մոտ երեք հարյուր ոսկի…
Այդ էլ մեծ գումար է։ Ի՞նչ ես ուզում առնել…
Դու ավելի լավը գիտես, աղա՛, այնպես բան առնենք, որ շահվիմ։ Ես առևտուրից հասկացողություն չունիմ, ձեզ վրա հույս դրած եկել եմ, դու իմ տերս ես, արա ՛, ինչպես կամենում ես…
Լա՛վ, դու նոր պիտի սկսես առևտուր։ Այնպես ապրանք առնենք, որ քիչ շահի, բայց գետին չմնա, հաճախորդը միշտ քու ետևից ման գա։ Կտավ և չիթ առ։ Թե ուրիշ բան էլ կուզես առնել, քի՛ չ առ։
Ղո՛ւ գիտես, ասաց Առաքելը և լռեց։ Քիչ Հետո ասաց Պողոս աղան•
Ուզում ես, գնանք, քիչ վաճառանոցները ման գանք, տեսնենք, գուցե մի պատեհ դեպքի հանդիպինք։
Գնանք, եթե կբարեհաճիք, ասաց Առաքելը, և կեսօրից մի ժամ առաջ մտան վաճառանոցները, մինչև իրիկուն ման եկան։ Պողոս աղան ամեն տեղ ծանոթացնում էր յուր հայրենակից նոր բազիրգյանին վաճառականների հետ և ամեն միջոց գործ էր դնում, որ այնպես արժան գնե ապրանքը, որ ժամանակին հայրենակիցը միշտ գոհունակությամբ հիշե յուր սկսնակը և միշտ հրճվանքով մտաբերե այդ օրերը։
Աշուն էր, հոկտեմբերի սկզբներում, ապրանքների մեծ պահանջ կար, և վաճառականները երկու-երեք տոկոս վրադիրով էին ծախում։ Պողոս աղան ամեն ջանք գործ էր դնում, որ յուր նախորդ պարտիայով գնած ապրանքներից մի բան պա¬ կասով գներ, որ արդանուչում հաշվեցուցակները համեմատության դնելիս կասկածանքի չենթարկվի Առաքելը, բայց չէր հաջողվում, նազով էին ծախումն վաճառականները:
Իրիկնադեմին նրանք մտան Գալֆայան Տիրան բեյի վաճառանոցը: Ապրանքի տեսակները լավ զննելուց և բավարար գտնելուց Հետո սկսեցին սակարկել։ Այդտեղ Համեմատաբար մատչելի էին գները, այնպես որ վճռեցին առևտուրը Գալֆայանի վաճառանոցում կատարել։ Պողոս աղան Առաքելի հետ մտավ Տիրան բեյի գրասենյակը և իրար հետ սովորական հարց ու բարևները անելուց հետո ասաց.
Բե՜յ, հայրենակիցս նոր է սկսում առևտուր, այնպես որ այս առաջի քայլում սրան ամեն տեսակ զիջումներ է անել։ Գների մեջ սովորականից շատ ավելի զիջողությունում եմ պահանջում։
− Գիտեք, աղա, որ որքան նեղությամբ է այժմ ապրանք ձեռք բերվում։ Առաջներս աշուն է, պահանջը այս տարի սովորականից կրկնապատկված է։ Դուք խո ամեն բան գիտե՞ք։
− Ինչ ուզում եք ասեք, բե՛յ, միայն թե իմ առած գնից մինչև մի զգալի տոկոս չպակասեցնեք, ապրանքը վերցնելու չեմ։ Այս էլ գիտցիր, որ փողերը կանխիկ է և անմիջապես վճարելի։
Կանխիկ բառը Տիրան բեյին բորբոքեց, և նա ներքին հուզմունքը առանց արտահայտելու ասաց.
− Աղա, դուք գիտեք, որ ձեզանից բան չեմ խնայիլ, բայց ձեզ տվածս գնից…
− Ես չեմ ցավիր, պիտի երեք տոկոս զեղչես իմ խաթեր համար։ Այս բարեկամս նոր է առևտուր սկսում և ինձ է դիմել։ Թող սա էլ քեզ հաճախորդ դառնա և այն օգուտը, որից այսօր զրկվելու ես, ապագայում կստանաս։
− Թող քու քեֆդ չկոտրվի, ինչպես ուզում ես այնպես վճարիր։
− Իմ գնած ապրանքի գնից պիտի երեք տոկոս զեղչես և վեց ամսական էլ տոկոսը։
− Գոնե մեծ գումարի խո չէ՞ գնելու։
− Ոչ, մի երեք հարյուր լիրայի։
− Ոչինչ, այդպիսի մի գումարում ես մեծ կորուստ ունենալու չեմ և քեզ նման բարեկամի սիրտրը չեմ կոտրիր։ Մանավանդ որ նոր հաճախորդ եմ գտնելու։ Թող ապրանքը ջոկե, տանե, ես կասեմ գործակատարին, որ քեզ տրված գներով նշանակեն, իսկ զիջումը անձամբ կանեմ, թո՛ղ օրինակ չդառնա ուրիշներեն։
− Շնորհակալ ենք,− պատասխանեցին Պողոս աղան և Առաքելը։
Երբ դուրս էին գնալու, ասաց Տիրան բեյը.
− Եթե փողը ձեզ մոտ է, վճարեցեք անմիջապես, խնդրում եմ։ Բանկ Օտոման փող եմ ուղարկելու, քանի դեռ չի մթնել։
Առաքելը վճարեց երեք հարյուր լիրա և գնացին մթերանոցը ապրանքները ջոկելու։ Քայց արդեն մութն ընկավ, չկարողացավ ընտրած ապրանքները հակ կապել տալով, դուրս հանել մթերանոցից։ Ցուցակ, ամեն բան պատրաստվեց, բայց քանի որ մշակները չկարողացան հակերը կապել, թողին մթերանոցում՝ հետևյալ առավոտ տանելու մտքով։ Առաքելը այդ հաջող առևտրից ավելի ուրախացած և տուն վերադառնալու, սիրելիներին տեսնելու բերկրալի մտքով բորբոքված, այդ գիշեր Պողոս աղայի սենյակում անվերջ երագներով լուսացրեց։ Արշալույսին վեր կացավ Առաքելը, լվացվեց ու պարաստվեց գործի գնալու։ Կ. Պոլսում ապրած յոթ տարին այնքան երկար չէր թվացել իրեն, որքան այդ մի գիշերը։ Մտածում էր այդ օրն իսկ մի քանի բան ևս առնել ու շոգենավ մտնելով, երեկոյան դեմ ճանապարհ ընկնել դեպի Բաթում։
Կեսգիշերին, Կ. Պոլսի վաճառականական ատյանից պաշտոնյաներ գալով, Տիրան բեյ Գալֆայանի վաճառատունը, մթերանոցը և բոլոր ապրանքները կնքեցին, չթողնելով Առաքելի գնած ապրանքն անգամ հակերի վերածելու և դուրս հանելու մթերանոցից։ Առավոտ վաղ, երբ Առաքելը անհամբերությամբ շոգենավի ապրանքներ հանձնող մակլերի հետ գնաց Գալֆայանի վաճառատունը և դռները կնքված գտավ, մնացին շվարած։ Մշակները իսկույն նրանց շրջապատեցին, հայտնեցին, որ Տիրան բեյը սնանկացել էր և դատաստանական պաշտոնակալները չէին թույլ տվել, որ նրա հակերը կապեն, դուրս հանեն մթերանոցից։ Այս լուրը Առաքելին բոլորովին մոլորեցրեց, և նա խելագարի նման դիմեց Զիլիֆթար խան՝ հայրենակցի մոտ։ Երբ մի քանի կիսակտոր խոսքերով պատմեց հանգամանքները, Պողոս աղան ասաց նրան քաջալերելով.
Քեզ ի՞նչ, դու ինչի՛՝ ես վրդովվում։ Խո քու ապրանքդ կուլ տալու չէ՞ Տիրան բեյը կամ մի ուրիշը։ Այսօր կամ շատ–շատ վաղը քու ապրանքը քեզ կհանձնեն։ Թեև այս խոսքերը այնքան էլ մեծ հույս չներշնչեցին Առաքելին, բայց նա ասաց մոլորված.
Այսօրվա շոգենավից եթե ետ ընկնեմ, մի շաբաթ ավել զուր սպասելու եմ:
Կարող ես ավստրիական Լոյդ ընկերության շոգենավով էլ գնալ, ասաց Պողոս աղան, սառնասրտությունը պահելով յուր հայրենակցի մոտ։
Բայց զուր, ո՛չ այդ օրը, ո՛չ երկրորդ օրը, ոչ էլ մի շաբաթ հետո հնար գտան դուրս բերելու այդ ապրանքները մթերանոցից։ Տիրան բեյը ինքն էլ շատ աշխատեցավ, ամեն կողմ դիմեց, բայց պարտատերերը՝ ապրանքը բռնել տվողները զիջում չարին, իսկ դատարանը առանց վճիռ կայացնելու, հակառակ պահանջատերերի կամքին, չէր կարող մի բան դուրս բերել մթերանոցից։ Ճարը հասավ, Առաքելը մի փաստաբան բռնեց։ Փաստաբանն էլ շատ վեր-վար ընկավ, բայց վերջապես պատասխանեց, թե պետք է սպասել մինչև դատարանի վճիռ կայացնելը։ Իսկ թե երբ էին վճիռ կայացնելու, այդ էլ ալլահին էր խաբար…
Առաքելը հուսահատվեցավ։ Ո՛չ փաստաբանը, ո՛չ Պողոս աղան, ո՛չ էլ յուր տերը՝ Շիշման Մագսուտ բեյը, ոչ էլ նույնիսկ Տիրան բեյը հնար գտան նրան ապրանքը հանձնելու։ Ամենքը երկդիմի պատասխաններով և խոստումներով երկար ժամանակ Առաքելին հուսադրելուց հետո վերջապես խոստովանեցան, որ անհնար էր ապրանքները դուրս բերել մթերանոցից, Գալֆայան պահանջատերերի իշխանության տակից, մինչև գործի վերջնական վճիռը։ Երբ ճարը կտրվեց, Մագսուտ բեյը մի օր ասաց.
Առաքել, գնա՛ և խնդրի՛ր Հելեն խանումից, գուցե նա մի ճար գտնե։
Ինչպե՞ս, բե՛յ, ես գնամ Հելեն խանումից ողորմություն խնդրե՞մ…
Ո՛չ, գործը պատմիր և փողերդ խնդրիր:
Իմ փողս խնդրեմ… բայց ինչո՞ւ… Այն էլ Հելենից… Չէ՞ որ ես փողի պահանջ չունիմ, այլ ինձ գնածս ապրանքն են ետ դարձնելու։ Եթե փողի պահանջ հայտնեմ, ես էլ ապրանքը գրավողների դասը կանցնիմ և այն ժամանակ ինձ էլ նրանց հետ հինգ կամ տասը տոկոսով կկամենան բավականացնել ու ճանապարհել։
Դու գործի հանգամանքը պատմիր Հելեն խանումին, նա կարգի կդնե։ Ես հավատացած եմ, որ նա այնքան բարի է, որ երբ իմանա քու վիճակը, յուր միջոցներից քեզ կբավականացնե։
― Լավ է, իմ յոթ տարվան դառն աշխատությամբ դատածս, խոհանոցի ճենճերի մեջ, վառարանի դիմաց, խորովվելով ու տապակվելով վաստակածս, անդադար վազելով, անքուն, հոգնած, քրտնաթոր շահածս դրամը նրա ամուսինը խաբեությամբ ձեռքիցս խլե, կնոջ սնդուկը լցնե, կեղծ կալվածագրերով ամբողջ անշարժ կայքը կնոջ անվան վրա դարձնե, հազարներով, ոսկով ու գոհարով կնոջ արկղները լցնե, և ես իմ դառն տանջանքով ձեռք բերածս, իմ ընտանիքիս միակ հույսն ու կյանքը կազմող դրամագլուխս գնամ նրա կնոջ ոտքերը ընկնելով ողորմություն խնդրեմ…
― Տե՛ս, մեկ տե՛ս այս գավառացի լեռնականին, որքա՜ն գոռոզն է եղել… որքա՜ն մեծասիրտ… ասաց մրմնջալով Մագսուտ բեյը, որ խնդրես, քեզնից ի՞նչ կպակսի…
Ներեցե՛ք, բե՛յ, ո՛չ գոռոզ եմ, ո՛չ էլ մեծասիրտ, այլ սոսկ մշակ։ Գոռոզն ու մեծասիրտը, գլուխը քաշ գցած, յոթ տարի ձեր խոհանոցում անմռունչ չէր տքնիլ։ Եթե ձեզ նման հարուստներ չենք, բայց ստրուկ էլ չենք ծնված։ Մենք էլ մեզ համար մարդ ենք, պատիվ, զգացմունք ունինք։ Ի՞նչ անենք, որ խոհարարությամբ կամ սենեկապանությամբ ենք մեր հացը ճարում, դա կարծում եմ ամոթ չէ, բայց մուրալու երբե՛ք չենք կարող զիջանիլ։ Ես իմ այս դրամագլուխը, դու ինքդ լավ գիտես, որ մեծ տանջանքով, ամբողջ կյանքս ծյուրելու գնով, բայց ազնիվ միջոցով եմ ձեռք բերել։ Յոթ տարի ձեր դռանը գլուխս կախած, ընտանիքիս և զավակիս կարոտով տոչորված, ամեն տեսակ զրկանք տանելով եմ գումարել, որ ի՜նչ է՝ տուն վերադառնամ և խաղաղեցնեմ ալեծուփ ընտանեկան կյանքս, ամոքեմ նրա վշտերը և կորցրած առողջությունս դարմանեմ, կազդուրվիմ։ Ասե՛ք, խնդրում եմ, մի՞թե կարող եմ ես, քսանյոթերորդ տարիքումս, այսքան մազերիս մեջ սպիտակ ընկնելուց հետո, ձեռքերս և սրունքներս այսպես դողալուց հետո դարձյալ ծառայել, դարձյալ ծծել խոհանոցի ածուխի այն սոսկալի գազերը, ճենճահոտերը և տոկալ… Ասացե՛ք, այսպես քայքայված առողջությամբ, ընտանիքիս կարոտովը բորբոքված, ես ի՞նչ միջոցի դիմեմ, ի՞նչ անեմ, որ ապրիմ և ապրեցնեմ գերդաստանս, սրբեմ թշվառներիս արտասուքը.․․ Այս ի՞նչ անիրավություն է․․․
Փորձանք է, Առաքե՛ լ, պատահմունք է, պետք չէ՛ դժգոհիլ, հնարը գտնելու է, փողերդ ետ բերելու ճարը մտածելու է։ Լավ, որ դու ինքդ ես նկարագրում վիճակդ։ Ի՜նչ մեծ կորուստ կունենաս, եթե ընտանիքդ, կյանքդ փրկելու համար գնաս, զիջանիս և խնդրես ծածկաբար Հելեն խանումից, որ քեզ ազատե այս ծանր վիճակից։ Չե՞ս ուզում, ես կգնամ, ես կխնդրեմ, նա անչա՜փ բարի է, որ մի ճար կգտնե։
« Անչափ բա՜րի է»… իմ փողերս իրիկնադեմին մարդը խաբեությամբ ձեռքիցս կորզե, տանե կնոջ սնդուկը լցնե, որն արդեն բռնված և գտնվում Է պահանջատերերի իշխանության տակ, իսկ ես գնամ նրանից իմ փողերս որպես ողորմություն ետ խնդրեմ..․ Բե՜յ, բե՜յ, ինչեր եք ասում, մի կնոջ սնդուկից քսան հազար լիրա էլ դուրս գա… Քու բարի Հելեն խանումի սնդուկում այդքան փող ո՞վ դրեց… Մի՞թե նա հոր տնից ժառանգություն էր բերել այդ ոսկիները։ Եվ դուք ասում եք «այդ փորձանք է, այդ պատահմունք է»- Ո՛չ, ո՛չ, գողություն է, հափշտակություն է, սարի ավազակներն ավելի ազնիվ են վարվում… Տիրան բեյը բոլոր կալվածագրերը, պապենական ժառանգած բոլոր կայքերը դարձնել յուր անբարոյական կնոջ անունով, սրան-նրան թալանե, խաբե, փողերը կորզե, լցնե կնոջ սնդուկը, և ես աչքիս լույսի, առողջությանս և քայքայված կյանքիս գնով ձեռք բերած կարողությունս գնամ գողակցից ողորմություն ետ խնդրեմ…
Այդ դեռ հարց է, թե Հելեն խանումը գողակի՞ց է, կամ մաս ունի՞ պահած յուր ամուսնի կարողությունից,… Ես հավատացած եմ, որ նա անչափ բարի է… Հապա ո՞վ տվեց այն կարողությունը Հելեն խանումին, որտեղի՞ց էր այն ահավոր գումարը, որ դատարանը բռնեց նրա սնդուկում…