Alexander Shirvanzadeh

Արմենուհի

Արարված վեցերորդ

Նախորդ արարվածի տեսարանն անփոփոխ, միայն չկա ծաղիկների փունջը: Իրիկնադեմ է: Արեգակի ճառագայթները ոսկեզօծել են բեմի հետին մասը:

ՏԵՍԻԼ 1

ՄԵԼԱՆԻԱ, ԳԱՐԵԳԻՆ

ՄԵԼԱՆԻԱ. (Գարեգինի օգնությամբ դաշնամուրին շապիկ է հագցնում): Մի քիչ էլ քո կողմը քաշիր: Այդպես, բավական է:

ԳԱՐԵԳԻՆ. Չհասկացա ինչո՛ւ համար եք այդպես վաղ ծածկում դաշնամուրը: Դեռ քաղաք գնալուն մի ամիս է մնում:

ՄԵԼԱՆԻԱ. Մեր գործը չէ, պառավը հրամայել է ծածկել, ծածկում ենք:

ԳԱՐԵԳԻՆ. (Սկսում է հանդարտ երգել, Մելանիային օգնելով հանդերձ): «Ես որս էի, դու որսորդ, նետդ դիպավ ջիգարիս»... Ա՛հ, գալիս են:

ՄԵԼԱՆԻԱ. (Նայելով լուսամուտից դեպի դուրս): Ճարտարապետն է իր կնոջ հետ:

ԳԱՐԵԳԻն. Օ՛հ, ես ատում եմ այդ կնոջը... ժլատ է... անցյալները կեսգիշերին վազեցի, կառք գտա, ճանապարհ դրեցի, մի բան չբաշխեց: Բայց մարդը շատ լավ մարդ է: Է՜հ, վերջացավ: (Գնում է ձախ կողմի առաջին դռներով): «Ես որս էի, դու որսորդ»…

ՏԵՍԻԼ 2

ՀՄԱՅԱԿ, ՍԻՐԱՆՈԻՅՇ և ՄԵԼԱՆԻԱ

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Գալիս է խորքի դռներով՝ Հմայակից աոաջ: Հագած առաջվա համեմատ համեստ հագուստ: Հուզված է): Բարև, Մելանիա, տանն ո՞վ կա:

ՄԵԼԱՆԻԱ. Մեծ տիկինը:

ՀՄԱՅԱԿ. (Գալիս է խորքի դռներով Սիրանույշի հետ: Հագած է ուրիշ հագուստ, ժակետ, շատ բաց մանուշակագույն ժիլե: Ձեռքում բռնած է մի թղթե կապոց): Իսկ պարո՞նդ:

ՄԵԼԱՆԻԱ. Անտառ գնաց, երևի շուտով կգա:

ՀՄԱՅԱԿ. (Նստում է բազկաթոռի վրա, գլխարկն ու թուղթը դնելով մի կողմը): Ես կսպասեմ նրան:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ասացեք մեծ տիկնոջը, որ ես այստեղ եմ:

ՄԵԼԱՆԻԱ. Լա՛վ: (Գնում է ձախ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 3

ՍԻՐԱՆՈՒՅՇ և ՀՄԱՅԱԿ

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Հեգնաբար, սրտմտությամբ): Կարծեմ դու կարող էիր պարոն Սամսոնին սպասել իր սենյակում:

ՀՄԱՅԱԿ. (Ծխախոտ է վառում): Ինշո՞ւ ոչ այստեղ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Նույն եղանակով): Որովհետև գործով ես եկել: (Գործով բառը շեշտում է առանձին հեգնությամբ):

ՀՄԱՅԱԿ. (Խոր հանդիմանական եղանակով): Սիրանո՜ւյշ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Ավելի գրգռված): Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, ո՞վ կարող էր երևակայել:

ՀՄԱՅԱԿ. (Վրդովվելով): Եթե սկսում ես, ես կհեռանամ: (Վեր է կենում):

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ավելի լավ կանես, որ իսկի ոտ չդնես այս տունը:

ՀՄԱՅԱԿ. Չափը մի՛ անցնիր, խնդրում եմ: Մենք օտար տան մեջ ենք:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Հիմա քեզ համար օտար չէ այս տունը: Տե՛ր աստված, ես էլ ասում եմ, ինչո՞ւ համար է ամեն օր վազում այստեղ: Դուրս է գալիս, որ այդ արկածախնդիր կինը դրան խելքից հանել է:

ՀՄԱՅԱԿ. Գիտե՞ս, դու կարող ես ինձ վիրավորել որքան կամենաս, բայց նրան հանգիստ թող:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Աա՛, դու դեռ համարձակվում ես պաշտպանե՜լ նրան: Չե՞ս ամաչում:

ՀՄԱՅԱԿ. Մինչև այսօր ես դեռ իմ զգացումների և մտքերի համար չեմ ամաչել, հույս ունեմ այսուհետև էլ չամաչել: ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Ծաղրով): Իհարկե, ձեզ նմանների զգացումներն ու մտքերն անարատ են: Բավական է. ճանաչում եմ, իդեալ փնտրողներիդ: Դուք միշտ սկսում եք երկնքում և վերջացնում երկրում: Մի քանի վայրկյան ճանճի պես թռչում եք օդում, հետո նստում... աղբի վրա: (Վեր է կենամ և սկսում է անցուդարձ անել):

ՀՄԱՅԱԿ. (Կանգ է առել և նայել Սիրանույշին: Ցնցվում է նրա վերջին խոսքերից): Ահ, ի՜նչ լեզու, ի՜նչ համեմատություն: Ես անկարող եմ վիճել այդ եղանակով:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Շարունակում է, ուշադրություն չդարձնելով հմայակի խոսքերի վրա): Եվ ինչպե՜ս է հափշտակված, ինչպե՜ս, աստված իմ: Գիշերներն էլ երազում նրա հետ է խոսում: Երբե՜ք, երբեք ինձանով այդպես հափշատկված չի եղել:

ՀՄԱՅԱԿ. Զրպարտում ես քեզ, Սիրանույշ, զրպարտում ես: Կար ժամանակ, որ քեզ, միմիայն քեզ էի երազում: Ես որոնում էի քո սերը, ինչպես մի ծարավ ճամփորդ ջուր է որոնում ամայի անապատում: Քա՜նի-քանի անգամ աշխատանքից հոգնած, տուն վերադառնալիս երևակայել եմ հանդիպել մի ուրախ թռչուն, որ անհոգ բազմեր ուսերիս վրա, շոյեր իր թևերով իմ հոգնած ճակատը և մոռացնել տար կյանքի սպանիչ ձանձրույթը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Հեդնաբար): Մի՞թե:

ՀՄԱՅԱԿ. Եվ ի՞նչ եմ տեսել փոխարենը: Ունքերը կիտած, շրթունքները սեղմած մի դեմք, խորասուզված իր մանր-մունր հաշիվների մեջ: Ինձ տեսնելով, առանց տեղիցդ շարժվելու, հայտնել ես քո ուրախությունը, որ այսինչ ակցիաներում վաստակել ես այսքան, այնինչ տոկոսաբեր թղթի արժեքը բարձրացել է: Դու եղել ես քո հոր կատարելատիպը, հրճվել ես քո վաստակով, ուրիշների կորստով: Դու եղել ես ամեն ինչ, բացի այն, ինչ որ իմ հոգին է փափագել: Քո արդուզարդը ավելի է հետաքրքրել քեզ, քան իմ ներքին աշխարհը: Մի շքեղ գլխարկով ավելի ես գրավվել, քան իմ զգացումների ամբողջ թափով: Եվ դու համարվել ես խելոք կին, օրինակելի ամուսին, և ամենքը նախանձել են ինձ: Մինչդեռ ես չեմ իմացել գլուխս ուր թաքցնեմ զայրույթից, ձանձրույթից և... ամոթից: (Անցնում է բեմի խորքը):


ՍԻՐԱՆՈՒՅՇ. Լռի՛ր, լռի՛ր, դու ցնորվել ես, դու ինքդ չգիտես ինչ ես ասում, բայց սպասի՛ր, ես քեզ հետ տանը կնստեմ հաշվի: Այստեղ ամոթ է, դու խայտառակում ես ինձ և քեզ...

ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ և ԵՂԻՍԱԲԵԹ

ԵՂԻՍԱԲԵԹ. (Գալիս է ձախ կողմի առաջին դռներով: Հագնված է դարձյալ նույն տեսակ): Ծառաների համար ամսական թեյ ու շաքար էի կշռում, ի՜նչ անեմ, ամբողջ տունն ինձ վրա է: (Սիրանույշին բարևում է սիրալիր, Հմայակին տեսնելով, աչքունքը թթվեցնում է: Հազիվ գլխի թեթև շարժումով պատասխանում է նրա բարևին): Որդիս գնաց իր սենյակը:

ՀՄԱՅԱԿ. Շնորհակալ եմ: (Վերցնելով գլխարկն Ու թերթերը, գնում է աջ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 5

ԵՂԻՍԱԲԵԹ և ՍԻՐԱՆՈՒՅՇ

ԵՂԻՍԱԲԵԹ. (Նայել է Հմայակի հետևից չար հայացքով): Հենց առաջին օրից աչքիս դուր չեկավ այդ մարդը, ինչ մեղքս թաքցնեմ :

ՍԻՐԱՆՈԻՅՇ. Ա՛հ, չգիտեմ ինչ պիտի լինի վերջը, բայց նա օրեցօր խելքը կորցնում է:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ես իմ տան հոգսն արդեն տեսել եմ: (Ցույց տալով դաշնամուրը): Այնտեղ մտիկ արեք:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Նայում է դաշնամուրին): Աա՜, Հասկանում եմ:

ԵՂԻՍԱԲԵԹ. (Ինքնագոհ): Այո, չար օձը հենց նրա մեջ է նստած, ես հրամայեցի կապել նրա բերանը: Օօ՜, Վիրգինեն աչքաբաց կին է. հենց առաջին օրը նա նախազգաց և ասաց. «Մայրի՛կ, լավ հետևիր նրանց»: Լավ է, որ ժամանակին իմացանք: Բան ունի՞ք ասելու ինձ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Հենց դրա համար եմ եկել, պետք է փորձանքի առաջն առնել:

ԵՂԻՍԱԲԵԹ. Հեռացրեք ձեր մարդուն այստեղից, պրծավ-գնաց:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Բայց նա չի ուզում հեռանալ: Նա ասում է. «Ես փախչելու պատճառ չունիմ»:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ունի, թե չունի, բայց նրա ոտքը այսօրվանից պիտի կտրվի իմ տնից:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Դրսում կհանդիպեն միմյանց:

ԵՂԻՍԱԲԵԹ. Աշխատեցեք, որ չհանդիպեն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Դուք պիտի աշխատեք, մայրիկ, որովհետև ձերը կին է, իմը տղամարդ:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ձեր ամուսինն է ձեր ձեռքից գնում և ոչ իմը:

ՍԻՐԱՆՈԻՅՇ. Իմ ամուսնուն ճանապարհից շեղողը ձեր հարսն է:

ԵՂԻՍԱԲԵԹ. Մինչև ձեր մարդու գալը իմ հարսը հանգիստ էր իր համար:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Իմ մարդն էլ հանգիստ էր մինչև ձեր հարսին տեսնելը:

ԵՂԻՍԱԲեԹ. Մի տղամարդ, որ իրան կարող է պահել, ոչ մի կին չի կարող նրան խելքից հանել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Մի կնիկ, որ իր պատիվը ճանաչի, ոչ մի տղամարդ չի կարող նրան մոլորեցնել:

ԵՂԻՍԱԲԵԹ. (Անհամբեր): Ուրեմն ի՞նչ եք ուզում ինձանից: Ես ինչ որ կարող եմ, անում եմ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Լռե՛նք, ես լսեցի նրա հոր ձայնը:

ԵՂԻՍԱԲԵԹ. (Նայելով լուսամատով դուրս): Այո՛, նա է, գալիս է փեսայիս հետ: Միշտ միասին են, խոսում են, քչփչում, չգիտեմ նրանց մեջ ինչ կա: Գնա՛նք իմ սենյակը: Պատիվը մերն է, պետք է պաշտպանենք միմյանց: (Վեր է կենամ և դիմում է դեպի ձախ կողմի երկրորդ դռները):

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Այո՛, պետք է պաշտպանեք ինձ, մայրիկ: (Հետևում է Եղիսաբեթին):

ՏԵՍԻԼ 6

ԿՈՍՏԱՆԴԻՆ և ՍՏՍՓԱՆ

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Գալիս է խորքի դռներով: Նկատելի ընկճված է): Հապա այս բոլորից հետո ինչպե՞ս չասել. «Ամո՜թ քեզ, հասարակություն, որ այդպիսիներին հարգում ես, պատվում, ազնիվ մարդ հռչակում»:

ՍՏԵՓԱՆ. (Գալիս է խորքի դռներով Կոստանդինի հետ): Ես կկամենայի իմանալ՝ ի՞նչ շահեցիք արդյոք, խորտակելով ձեր աղջկա իլյուզիան իր մարդու առաքինության մասին:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ես թունավոր ժահրը դուրս քաշեցի իմ աղջկա կյանքից, բժշկվելն իր կամքից է կախված այժմ: Օօ՜, հանգիստ կացեք: Նա ինձանից շնորհակալ է:

ՏԵՍԻԼ 7

ՆՈՒՅՆՔ, ՍԱՄՍՈՆ և ՀՄԱՅԱԿ

ՍԱՄՍՈՆ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով): Այսօր, դժբախտաբար, չեմ կարող ձեր նախահաշվով զբաղվել:

ՀՄԱՅԱԿ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով Սամսոնի հետ, թղթի փաթեթը ձեռքին): Փույթ չէ, վաղը կպարզենք: (Ձեռ է տալիս Կոստանդինին և Ստեփանին):

ՍԱՄՍՈՆ. (Բավական սառը): Չգիտեմ, կարո՞ղ եմ արդյոք վաղը կամ մյուս օրն էլ պարապել:

ՀՄԱՅԱԿ. (Նայում է Սամսոնին զարմացած: Զգալով նրա տրամադրությունը, շրթունքները սեղմում է իր վրդովմունքը զսպելու համար): Լավ, ինչպես կամենաք: Մնացեք բարև: (Առանց ձեռ տալու, գլուխ է տալիս և դնում խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 8

ՆՈՒՅՆՔ, առանց ՀՄԱՅԱԿԻ

ՍԱՄՍՈՆ. (Մի նշանակալից հայացք է ձգում Կոստանդինի վրա): Ստեփան, ես քեզ հետ առանձին խոսելիք ունիմ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Հեռվից դիտել է տեսարանը, հանդարտ հեռանում է ձախ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 9

ՍԱՄՍՈՆ և ՍՏեՓԱՆ

ՍԱՄՍՈՆ. Ա՛հ, փառք աստծո, ազատվեցի: (Նստում է հառաչելով): Գլուխս տրաքում է:

ՍՏԵՓԱՆ. (Հեռվից դիտել է նախընթաց տեսարանը): Այդ ի՞նչ արիր, մի՞թե կարելի է այդպես վարվել Հմայակի հետ: Դու գրեթե վռնդեցիր նրան քո տնից:

ՍԱՄՍՈՆ. Ո՞վ է այդ քո Հմայակը:

ՍՏեՓԱՆ. Ով էլ լինի, համենայն դեպս այն մարդկանցից չէ, որոնց սովոր ես քո աղայական բարձրությունից նայել:

ՍԱՄՍՈՆ. Չլինի թե ուզում ես, որ ես քեզ դեռ շնորհակալություն էլ հայտնեմ նրան իմ տունը մտցնելու համար: (Վեր է կենում):

ՍՏԵՓԱՆ. Ես քու տունը մտցրել եմ մի մարդ, որ հարյուր անգամ ավելի ազնիվ ու մաքուր է, քան թե դու և ես միասին վերցրած:

ՍԱՄՍՈՆ. Համոզմունքո՞վ ես ասում այդ:

ՍՏԵՓԱՆ. (Հանդիմանորեն): Սամսո՜ն, միլիոնների գործեր ես վարում, հարյուրավոր մարդկանց հետ հարաբերություն ունիս առանց մեկի հետ խորհրդակցելոլ, իսկ քո ընտանեկան կյանքում խաղալիք ես երկու կանանց ձեռքում: Ամոթ է, ամո՛թ է: (Անց ու դարձ է անում):

ՍԱՄՍՈՆ. Մեկն այդ կանանցից իմ մայրն է, մյուսն՝ իմ քույրը: Երկուսն էլ իմ պատվին նախանձախնդիր են:

ՍՏԵՓԱՆ. Մեկը նրանցից հին նախապաշարումներով մի պառավ է, մյուսը՝ կասկածամիտ, մանրակրկիտ և նախանձոտ: Այսօր ես խոշոր ընդհարում ունեցա Վիրգինեի հետ: Չեմ հերքում, Արմենուհին և Հմայակը համակրում են միմյանց, բայց ահա բոլորը, ինչ որ կա: Խելքի եկ, Սամսո՛ն, քո կինն այն կանանցից չէ, որոնք մեկի հացն ուտում են, մյուսին՝ շոյում: Խոսք չունիմ, Արմենուհին մի օր կարող է սիրել մի ուրիշին, բայց այդդեպքում նա ճշմարտությունը չի թաքցնիլ քեզանից:

ՍԱՄՍՈՆ. (Խորհել է): Այո՛, ունիս իրավունք: Արմենուհին կեղծել և խաբել չգիտե: Բայց ի՞նչ անեմ այստեղ (զարկելով սրտին) այժմ մի հնոց է վառվել: Ամո՛թ է ասել, Ստեփան, ես տանջվում եմ: (Նորից նստում է և ճակատը սեղմում է ձեռքով):

ՍՏԵՓԱՆ. (Կանգ է առնում հեգնական ծիծաղով): Մի՞թե, այդպես շո՞ւտ. զարմանալի է, հա՜, հա՜, հա՜:

ՍԱՄՍՈՆ. Դու ծիծաղում ես. դու սիրտ չունիս:

ՍՏԵՓԱՆ. Այո՞: Այդ ո՞ր ժամանակից է, որ սկսել ես սիրտը գնահատել մարդկանց մեջ, ո՜վ դու ուղեղի գերի և հաշիվների ստրուկ: Բավական է, ես չեմ ծիծաղում, այլ ներքուստ արտասվում եմ քո մասին: Թշվա՜ռ, տեղը եկել է, կասեմ ճշմարտությունը: Դու երբեք արժանի չես եղել Արմենուհուն, իսկ այժմ նամանավանդ:

ՍԱՄՍՈՆ. (Թույլ): Ինչո՞ւ:

ՍՏԵՓԱՆ. Որովհետև դու և նա երկու հակառակ խառնվածքներ եք: Որովհետև նա, իբրև երազող հոգի, կյանքից կյանք է պահանջում: Իսկ դու ամեն ինչ դարձրել ես չոր ու ցամաք պրոզա: Փող, փող, փող, ահա քո ալֆան և օմեգան: Խե՜ղճ մարդ, դու կանգնած էիր մի սքանչելի արձանի պատվանդանի մոտ և, որովհետև շատ էիր մոտ, չէիր տեսնում նրա աննման գեղեցկությունը: Եվ այժմ, երբ նա քեզանից հեռացել է, ով գիտե, գուցե առմիշտ, այժմ հիանում ես նրանով, կարոտում և տանջվում: Իսկ նա քեզ ատում է: Եվ ունի իրավունք, դու ոչ միայն չգնահատեցիր նրան, այլև (ձայնը ցածրացնելով) ցեխ շպրտեցիր նրա վրա: (Քայլում է):

ՍԱՄՍՈՆ. Ես միշտ նրան սիրել եմ իմ սրտի խորքում:

ՍՏԵՓԱՆ. Լավ ապացուցեցիր քո սերը, մի իսկական ադամանդ փոխարինելով վաճառքի դուրս բերված կեղծ քարով:

ՍԱՄՍՈՆ. Մոլորվում են ամենքը, մոլորվեցի և ես:

ՍՏԵՓԱՆ. Կրի՛ր, ուրեմն, քո արժանի պատիժը: Ո՛ւմ դեմ ես բողոքում: Դու կարծում էիր Արմենուհին մեկն է այն ողորմելիներից, որոնք մի փոր հացի համար տանում են իրանց մարդկանց բոլոր վիրավորանքներր, բոլոր ստորությունները: Դու մեծ հույս ունեիր քո հարստության և նրա երախտագիտության վրա: Բայց չեղավ, սխալվեցիր: Ա՛հ, որքան ուրախ եմ, որ, վերջապես, գտնվեց մեկը, որ ընդունակ է կռվելու: Կա՛ց, դու դեռ կտեսնես, նա ինչպես կպատժի քեզ:

ՍԱՄՍՈՆ. (Ոտքի է կանգնում արագությամբ): Բավական է, լռի՛ր, առանց քո հանդիմանության էլ զգում եմ ամեն ինչ: Աստված իմ, որքան անտարբեր է նա դեպի ինձ և որքա՜ն փոխվել է: Ես նրան չեմ ճանաչում:

ՍՏԵՓԱՆ. Նա միայն քո աչքումն է փոխվել, նա միևնույն Արմենուհին է:

ՍԱՄՍՈՆ. Լսի՛ր, երկու Ժամ սրանից առաջ լուսամուտիցս նրան տեսնելով պարտեզում մենակ, տխուր, չկարողացա համբերել: Ինքնասիրությունս զսպելով, դուրս եկա: Ուզում էի մի անգամ էլ փորձել հետը խոսելու: Բայց, ի՛նձ տեսնելով, նա հանդարտ քայլերով դուրս եկավ պարտիզից, իջավ ձորը: Ես ևս իջա, առաջին անգամ: Նա անցավ գետակով: Ես ևս անցա: Եվ սկսեց բարձրանալ քարքարոտ ուղիով, թփերը ճեղքելով, դեպի ժայռը, ես մի փոքր հետևեցի նրան և կանգ առա:

ՍՏԵՓԱՆ. Իհարկե, չկարողացար ավելի հետևել նրան:

ՍԱՄՍՈՆ. Ա՛հ, նա զարմանալի ոտիկներ ունի, մինչև այսօր ուշադրություն չէի դարձրել: Սուր քարերի վրայով քայլում էր, ինչպես վայրենի այծ: Բարձրանում էր, շարունակ բարձրանում: Երբ հասավ ծայրը, նստավ և իր հպարտ հայացքը ձգեց դեպի հեռավոր լեռները:

ՍՏԵՓԱՆ. Եվ այդ պահին նա նման էր մի հպարտ արծվի, իսկ դու մի ապիկար որսորդի:

ՍԱՄՍՈՆ. Ես մնացի ներքևում: Ինձ տիրեց մի ամոթալի երկյուղ, ոտներս չհնազանդվեցին ինձ, երբ կամեցա բարձրանալ:

ՍՏԵՓԱՆ, Եվ բավականացար ժայռի ստորոտից դիտելով նրան անմերձանալի բարձունքի վրա: Ահա քո և նրա մեջ եղած տարբերությունը, դու երբեք չես կարողացել բարձրանալ մինչև նա:

ՍԱՄՍՈՆ. (հանկարծ լուսամուտից նկատել է Արմենուհուն): Ահա, նա գալիս է: Մնացի՛ր այստեղ, Ստեփան, եթե ինձ մենակ տեսնի, ներս չի մտնի՛լ: Օգնի՛ր ինձ նրա հետ հաշտվելու:

ՏեՍԻԼ 10 ՆՈՒՅՆՔ, ԱՐՄԵՆՈՒՀԻ, հետո ԿՈՍՏԱՆԴԻՆ

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Գալիս է խորքի դռներով. հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում: Ձեռնափայտը թողնում է պատշգամբի վրա: Ներս է մտնում հոգնած. ուսերի շալը ձգում է աթոռի վրա): Ա՛հ հոգնեցի: (նստում է. Սամսոնին չի նկատել):

ՍՏԵՓԱՆ. Առաջին անգամն եմ լսում ձեզանից հոգնեցի բառը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ժպտալով): Երևի պառավել եմ: (Սամսոնին տեսնելով, արագ ոտքի է կանգնում և դիմում է դեպի աջ կողմի երկրորդ դռները: Նկատում է դաշնամուրը ծածկված և թեթև ճչում): Ա՛հ: (Կանգ է առնում):

ՍՏԵՓԱՆ. (Վախեցած մոտենալով): Ի՞նչ պատահեց:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Տեսե՛ք, ի՛նչ են արել, բժիշկ:

ԿՈՍՏԱՆԴԻն. (Երևում է ձախ կողմի առաջին դռների միջև):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Հայրի՛կ, նայիր, նրանք ուզում են ինձանից խլել իմ մխիթարությունը Ո՞ւմն է այդ դաշնամուրը:

ԿՈՍՏԱնԴԻՆ. Քոնը: Հանգուցյալ մորդ նվերն է:

ՍԱՄՍՈՆ. (Կանգնած է դեպի ձախ և ակնածությամբ դիտում է տեսարանը): Ճիշտ է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ուշադրություն չդարձնելով Սամսոնի կողմը): Ուրեմն ի՞նչ իրավունքով են ինձ զրկում նրանից: Հայրիկ, դու գիտես, որ ես առանց նվազելու մի օր անգամ չեմ կարող ապրել, իսկ նրանք ծածկել են դաշնամուրը, որպեսզի ես չնվագեմ: Բայց այդ ես թույլ չեմ տալ: Ո՜չ: (Արագ քայլերով մոտենում է ձախ կողմի առաջին դռներին): Մելանիա: (Ավելի բարձր): Մելա՜նիա:

ՏԵՍԻԼ 11

ՆՈՒՅՆՔ, ՄԵԼԱՆԻԱ, հետո ԵՂԻՍԱԲԵԹ և ՎԻՐԳԻՆԵ

ՄԵԼԱՆԻԱ. (Շուտով գալիս է ձախ կողմի առաջին դռներով): Այստեղ եմ, տիկին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ո՞վ է ծածկել դաշնամուրը:

ՄԵԼԱՆԻԱ. Ես ու Գարեգինը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ո՞ւմ հրամանով:

ՄԵԼԱՆԻԱ. Մեծ տիկնոջ:

ԵՂԻՍԱԲԵԹ. (Երևում է ձախ կողմի երկրորդ դռների միջև):

ՎԻՐԳԻՆԵ. (Երևում է մոր կողքին, դուրս գալով ձախ կողմի առաջին դռներով):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ո՞ւր են իմ նոտաները:

ՄԵԼԱՆԻԱ. Մեծ տիկնոջ սենյակում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Գնացե՛ք, բերե՛ք, դաշնամուրը բա՛ց արեք:

ՄԵԼԱՆԻԱ. (Քայլերն ուղղում է դեպի ձախ կողմի երկրորդ դռները, բայց Եղիսաբեթին տեսնելով, կանգ է առնում):

ԵՂԻՍԱԲԵԹ. Խայտառակվեցինք օտարների մոտ: (Վիրգինեին): Այն կինն իմ սենյակումն է: Գնա, նրան ճանապարհ դիր մյուս դռներով, որ դրա ձայնը չլսի:

ՎԻՐԳԻՆԵ. (Շտապով գնում է ձախ կողմի երկրորդ դռներով և քիչ անցած ետ է գալիս):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մելանիային): Բա՛ց արեք, ասում եմ, դաշնամուրը:

ԵՂԻՍԱԲԵԹ. Թող մարդդ հրամայի, բաց կանենք: (Մելանիային): Կորի՛ր, այստեղից:

ՄԵԼԱՆԻԱ. (Շտապով գնում է ձախ կողմի առաջին դռներով):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Շատ լավ, թող այդպես լինի: Ես ձեզանից դեռ ավելին եմ սպասում:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Հանգստացի՛ր, զավակս, դաշնամուրն ի՞նչ է, որ նրա համար արյունդ պղտորում ես:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ա՛հ, դաշնամուրը չէ գլխավորը, հայրիկ, այլ դրանց նպատակը: (Եղիսաբեթին): Բարբարոսնե՜ր, ես տարել եմ ձեր բոլոր հալածանքները, բայց այդ մեկը տանել չեմ կարող: Վախից չէ, որ լռել եմ մինչև այսօր, այլ ամոթից: Դուք թունավորել եք իմ կյանքի յուրաքանչյուր վայրկյանը ձեր անտեղի կասկածներով, դուք հետևել եք իմ ամեն մի քայլին: Եվ ի՞նչ է եղել ձեր նպատակը: Կոտրել իմ կամքը, դարձնել ինձ ստրուկ տնտեսական չնչին պարտականություններին և ձեր հնամաշ ավանդություններին:

ԵՂԻԱԱԲԵԹ .Ինչե՜ր է ասում, աստված իմ, ինչե՜ր է ասում:

ՍԱՄՍՈՆ. Թող ասի, մայրիկ, թող ասի:

ՎԻՐԳԻՆԵ. Հարբած է կամ խելագարվել է:

ՍՏԵՓԱՆ. (Վրդովված, Վիրգինեին): Դու մի՛ խառնվիր, ի սեր աստծո:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Խելագարվե՜լ, Ո՞վ չէր խելադարվիլ ձեր երկուսի ձեռքում: Մայր ու աղջիկ՝ դուք աշխատել եք ամեն իրավունք բանեցնել իմ վրա: Մանկությունից սովոր ազատ մտածելու, ազատ զգալու, այս տունը մտնելու օրից զգացել եմ ստրկության գարշելի լուծը: Եվ որքան ծանր է եղել այդ լուծը, այնքան ավելի եմ ատել ձեզ: (Վիրգինեին): Ինչ վերաբերում է ձեզ, զզվելով զզվում եմ ձեզնից... օ՜ձ:

ՎԻՐԳԻՆԵ. Մայրիկ, լսեցի՞ր: Լսեցի՞ր, եղբայր: Ինչո՞ւ ես լռում, ինչո՞ւ չես խոսում: Քո մոր ու քրոջ պատիվը գին չունի՞ քեզ համար: Ա՛հ, ես կտրաքեմ:

ՍԱՄՍՈՆ. Սաեփա՛ն, հեռացրու նրան այստեղից:

ՍՏԵՓԱՆ. ( Բռնելով Վիրգինեի թևից): Գնանք, գնանք, ասում եմ, դու կրակի վրա յուղ ես ածում: (Գրեթե ուժով տանում է Վիրգինեին ձախ կողմի առաջին դռներով և ետ է գալիս):

ՏԵՍԻԼ 12

ՆՈՒՅՆՔ, առանց ՎԻՐԳԻՆԵԻ

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Չգիտեմ, ո՞ր բարոյական օրենքով է մեկն իշխում մյուսի վրա: Ա՜հ, գիշեր-ցերեկ իմ ականջներին հնչել է մի չոր, անախորժ ձայն. «Դու կին ես, ուրեմն ստրուկ ես, որովհետև ես էլ ժամանակին ստրուկ եմ եղել: ինչպես ինձ հետ են վարվեք նույնպես և ես պիտի վարվեմ քեզ հետ: Խեղդիր քո մեջ քո կամքը և լսիր ինձ, քո ամուսնուն, նրա ազգականներին: Վարիր բուսական կյանք, կեր, խմիր, պճնվիր, ծախսիր այս բոլորը թույլ ենք տալիս, բայց ազատ մի զգար քեզ, այդ արգելված է: Դու քո ամուսնու ընկերը չես, հավասարը, այլ նրա հյուրին, նրա ազատ րոպեների զվարճալիքը: Վերջապես դու պետք է փառաբանես քո ճակատագիրը, որ քեզ գցել է մի հարուստ տուն...»:

ԵՂԻՍԱԲԵԹ. (Սամսոնին): Ինչո՞ւ չես ասում, որ քաղցածությունից ենք ազատել նրան, պատռոտված կոշիկներից ենք դուրս բերել:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Բաչկությունից դողալով): Սո՜ւտ է, սո՜ւտ է, մենք երբեք քաղցած չենք եղել: Օ՛հ, ինչո՞ւ դու տղամարդ չես, պառավ, օ՜հ...

ՍՏԵՓԱՆ. (Բռնելով Կոստանդինի թևը): Զսպեցե՛ք ձեզ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ի՞նչ պիտի անեի: Ես կռվելու համար չէի եկել այս տունը, այլ ապրելու: Պատերը կապստամբեին, եթե ես թշնամություն գցեի որդու և մոր մեջ: Ճարահատյալ սկսեցի հարմարվել իմ վիճակին, ինչպես մի որսված թռչուն, որ ընտելանում է իր վանդակին: Բայց թռչունն իր վանդակում իսկ պահպանում է երգելու, թռչկոտելու իրավունքը, մինչդեռ ինձնից այդ էլ են խլում: (Լալիս է հանդարտ):

ԵՂԻՍԱԲԵԹ. Ասացի՞ր բոլորը, վերջացրի՞ր: (Կոստանդինին): Դե՛հ, տարեք նրան այստեղից, երբ ուշքի կգա, ես կխոսեմ նրա հետ: Ամո՜թ, ամոթ ձեզ նման հորը:

ՍԱՄՍՈՆ. (Սրտմտությամբ): Մայրի՛կ… Ես խնդրում եմ, գնա՛ քո սենյակը:

ԵՂԻՍԱԲԵԹ. Կգնամ, ես չեմ կարող այս անպատվությունը տեսնել... Անզգա՜մ: (Գնում է դեպի ձախ կողմի երկրորդ դռները, լսելով Վիրգինեի ձայնը կանգ է առնում):

ՏԵՍԻԼ 13

ՆՈՒՅՆՔ և ՎԻՐԳԻՆԵ

ՎԻՐԳԻՆԵ. (Գալիս է ձախ կողմի առաջին դռներով: Վերարկու և գլխարկ հագած, ձեռքին հովանոց և մի քսակ): Մայրիկ, մնաս բարո՛վ:

ՍՏԵՓԱՆ. Ո՞ւր ես գնում:

ՎԻՐԳԻՆԵ. (Արագ-արագ ձեռնոցները հագնելով): Քաղաք, իմ տունը: Խայտառակվեցի, հերիք է: (Սամսոնին): Եղբայր, ներողություն, ինչպես երևում է այդ բոլորի պատճառը ես եմ: Ես չպիտի պաշտպանեի իմ հոր տան պատիվը: Մնաս բարո՛վ:

ՍԱՄՍՈՆ. (Գրգռված): Վիրգինե՛, խելոք կաց:

ՎԻՐԳԻՆԵ. Լավ. մի՛ կատաղիր, գիտեմ, որ քույրը եղբոր համար մի մեծ բան չէ: Գնում եմ:

ՍՏԵՓԱՆ. Վիրդինե՛, մինչև անգամ իմ համբերությունն էլ չափ ունի: Վերցրու գլիւարկդ, հանի՛ր վերարկուդ: Մենք քաղաք կերթանք միասին:

ԵՂԻՍԱԲԵԹ. (Բռնելով Վիոգինեի թևը): Արի, աղջիկս, գնանք իմ սենյակը: Քիչ էլ համբերեք, տեսնենք ինչ է լինում: (Տանում է Վիրգինեին իր սենյակը ձախ կողմի երկրորդ դռներով):

ՍՏԵՓԱՆ. (Կոստանդինին): Մենք էլ հեռանանք այստեղից: Մենք ավելորդ ենք ամուսինների մեջ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Աչքերը սրբել է, ուշքը ժողովել, անտարբեր դեպի կատարվող տեսարանը, աչքերը հառել է հատակի մի կետին): Գնա՜, հայրիկ:

ԿՈՍՏԱնԴԻն. (Մի ծուռ հայացք ձգելով Սամսոնի վրա, թույլ է տալիս, որ Ստեփանն իրան տանի ձախ կողմի աոաջին դռներով):

ՏԵՍԻԼ 14

ԱՐՄԵՆՈՒՀԻ և ՍԱՄՍՈՆ

(Մի քանի վայրկյան լռություն)

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Չի զգում Սամսոնի ներկայությունը):

ՍԱՄՍՈՆ. Ես լռեցի մինչև վերջ: (Մոտենում է դաշնամուրին և բաց է անում): Ահա՛ քո բոլոր ասածների՝ պատասխանը: Սրանով ես վիրավորում եմ իմ մորն ու քրոջը: Ես թույլ եմ տալիս մինչև անգամ, որ այդ մարդր շարունակի այցելել իմ տունը: Բավակա՞ն է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Վեր է կենում և քայլերն ուղղում է դեպի աջ կողմի երկրորդ դռները):

ՍԱՄՍՈՆ. Սպասի՛ր, դու ոչինչ չե՞ս ասում: Դաշնամուրը բաց է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Այլևս ինձ համար միևնույնն է:

ՍԱՄՍՈՆ. Լսի՛ր, ես խոսքի մարդ չեմ, կարճ կասեմ: Երբ դու բորբոքված ձգում էիր իմ մոր երեսին քո նախատինքները, ես մտածում էի: Խոստովանում եմ, դու մասամբ իրավացի ես:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Առանց երեսը Սամսոնին դարձնելու, դառը հեգնությամբ): Մի՞թե:

ԱԱՄՍՈՆ. (Մոտենում է Արմենուհուն ձեռը մեկնում է նրան): Տո՛ւր ինձ ձեռքդ: Ես քեզանից ներումն եմ խնդրում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Նույն եղանակով): Այդպես շո՞ւտ:

ԱԱՄՍՈՆ. Ի՜նչ արած, այն օրից դես դու ինձ թույլ չես տալիս քեզ բացատրություն տալու: Դու փախչում ես ինձնից, ինչպես անբուժելի ախտավորից, այնինչ ես անբուժելի չեմ: Ո՞վ չի սխալվում: Տուր ինձ ձեռքդ հաշտվե՛նք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Նորից քայլերն ուղղում է դեպի աջ կողմի երկրորդ դռները):

ԱԱՄՍՈՆ. Ուրեմն չե՞ս ներում: Պատժո՞ւմ ես:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Կանգ առնելով): Ես չունիմ իրավունք ո՛չ ներելու, ո՛չ պատժելու:

ԱԱՄՍՈՆ. Բայց դու արդեն պատժել ես ինձ խիստ: Աստծուն է հայտնի, թե ինչ տանջանքներ եմ կրում: Ես քուն չունիմ, հանգիստ չունիմ, գործերս մնացել են անտեր. ո՛չ պարապել եմ կարողանում և ո՛չ մտածել նրանց մասին: Ես կկործանվեմ, եթե այդպես շարունակվի: Արմենուհի, մի՛ լինիր ոխակալ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ես ձեր դեմ ոխ չունիմ:

ՍԱՄՍՈՆ. Ունիս և շատ մեծ ոխ: Այսօր մեր զավակի ծննդյան առաջին տարեդարձն է, և դու այսօր էլ ինձ հետ ճաշին մի սեղանի չնստեցիր:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ծանր հառաչելով): Լավ տոնեցինք: Ա՛հ, թողեք ինձ, մոռացեք իմ գոյությունը:

ՄԱՄՍՈՆ. Քո գոյությունն երբեք այնքան թանկ չի եղել ինձ համար, որքան այժմ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Երկարատև, դառը հեգնական ծիծաղ): Հա՜, հա՜, հա՜...

ՍԱՄՍՈՆ. Մի՛ ծիծաղիր, ես խոսքերը սապնի պղպջակների պես օդը շպրտողներից չեմ: Ասա՛, վերջապես, ներո՞ւմ ես, թե ոչ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ո՛չ:


ՍԱՄՍՈՆ. Ուրեմն ո՞չ մի հաշտություն, ո՞չ մի պայման:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Մենք կմնանք միևնույն հարկի տակ մեր զավակի համար, բայց կապրենք ինչպես օտարներ:

ՍԱՄՍՈՆ. Ա՞յդ է քո վերջին խոսքը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Այս է:

ՍԱՄՍՈՆ. (Քիչ մտածելով): Շատ բարի, թող այդպես լինի, այժմ խոսենք ինչպես օտարներ: (Դեմքն ընդունում է խիստ արտահայտություն): Արդյոք ձեր այդ համառության հիմքը իմ անհավատարմությո՞ւնն է, թե կա մի ուրիշ, ավելի խոշոր պատճառ:

ԱՐՄԵնՈԻՀԻ. (Գլուխը համարձակ բարձրացնելով): Ի՞նչ եք կամենում ասել դրանով:

ՍԱՄՍՈՆ. Այն, որ իմ մայրն ու քույրը չեն սխալվում: Դուք ոչ թե համակրում եք այդ Հմայակին, այլև սիրում եք նրան և սիրում եք... հանցավոր սիրով:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Սառը): Ձե՞զ ինչ, մենք օտարներ ենք:

ՍԱՄՍՈՆ. Եվ դուք համարձակվո՞ւմ եք, դո՞ւք, իմ օրինական կինը, իմ զավակի մայրը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Իսկ դուք իմ օրինական ամուսինը, իմ զավակի հայրը չէի՞ք, երբ դավաճանում էիք ինձ:

ՍԱՄՍՈՆ. Ես տղամարդ եմ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Արհամարհում եմ այդ զազրելի արտոնությունը տղամարդու համար, ինչպես մի ստոր ավանդություն:

ՍԱՄՍՈն. (Դառը ծիծաղով): Ահա՜ թե ինչ, ուրեմն դուք ուզում եք տակն ու վրա անել մեր վարք ու բարքերը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Եթե ձեռքիս լիներ, ես նրանց կխորտակեի հիմնովին:

ՍԱՄՍՈՆ. (Հետզհետե կատաղելով): Ձեզ կստիպեն հարգել և խոնարհվել նրանց առջև:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Արհամարհանքով): Ո՞վ, արդյոք:

ՍԱՄՍՈՆ. Ես:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Փորձեցե՛ք:

ՍԱՄՍՈՆ. Ուրեմն չե՞ք հերքում ձեր սերը դեպի այդ մարդը:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Առաջ ես կպատասխանեի ձեր հարցին ամենայն համարձակությամբ, այժմ պարտավոր չեմ: (Շուռ է գալիս գնալու):

ԱԱՄՍՈՆ. (Բարձր ձայնով): Անառա՛կ, ես քո գլուխը կջախջախեմ: (Աթոռը բարձրացնում է Արմենուհու վրա):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Երեսը համարձակ Սամսոնին դարձնելով և գլուխը աներկյուղ բարձրացնելով): Ջախջախեցե՛ք):

ՏԵՍԻԼ 15

ՆՈՒՑՆՔ, ՍՏԵՓԱՆ, ԵՂԻՍԱԲԵԹ ԵՎ ՎԻՐԳԻՆԵ

ՍՏԵՓԱՆ. (Սամսոնի գոռոցին շտապով վազել է ձախ կողմի առաջին դռներով): Ի՞նչ ես անում, խելագա՛ր: (Ընկնում է Սամսոնի և Արմենուհու մեջ):

ԵՂԻՍԱԲԵԹ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով, Ստեփանից հետո):

ՎԻՐԳԻՆԵ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով, Եղիսաբեթից հետո):

ՍԱՄՍՈն. (Նայել է Արմենուհու համարձակ դեմքին: Աթոռը ցած է իջեցնում):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Քաջություն չունեցաք մի հարվածով վերջ տալու խնդրին:

ԱԱՄՍՈՆ. Ձեզ նմաններին չեն սպանում, այլ խեղդում են շան պես: (Աթոռը շպրտում է մի կողմ):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Այդ չէ, ձեր խիղճը բողոքեց: Դուք զգացիք, որ զրպարտում եք ինձ, կարծելով, թե ես նույնն եմ, ինչ որ դուք: Ոչ, եթե ես կամենամ անել ձեր արածը, մի վայրկյան անգամ չեմ մնալ ձեր տանը:

ՍՏԵՓԱՆ. Այդ այնքան ճիշտ է, որքան ինքը ճշմարտությունը, կարող եմ երդվել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ինչո՞ւ գազանացաք: Ո՞ւր էիք այն ժամանակ, երբ ես պատրաստ էի կյանքս զոհել մի օր սիրելու և սիրվելու համար: Մի՞թե իմ սիրտը ժամացույցի մեքենա էր պողպատից շինված: Մի՞թե այն չէ՞ր եռում բուռն զգացումներից ձեզ համար, երբ դուք գործերով էիք զբաղված: Միթե ես չէի՞ փափագում իմ երազների մարմնացումը տեսնել ձեր մեջ և միմիայն ձեր մեջ: Մի՞թե ձեր հետևից վազելով ամեն վայրկյան չէի փաթաթվում ձեր պարանոցի՛ն: Ո՞ւր էիք այն ժամանակ: Ինչո՞ւ էիք ինձ հրում: Զբաղված էիք, հա՛, հա՛, հա՛: (Դառը ծիծաղ): Ահ, արժե՞ր միթե ուշադրություն դարձնել ինձ վրա, ինձ, որ ձեր ապարանքի զարդերից մեկն էի:

ՍՏԵՓԱՆ. (Սամսոնին): Լսիր, լսի՛ր:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ավելի ոգեևորված): Ա՛հ, դուք մտածում էիք. «Ի՞նչ կա, նա իմ սեփականությունն է, իմ հարստության հրապույրով գնված: Ոչ ոք չի կարող նրան խլել ինձանից: Պահապաններ կան նրա վրա՝ մայրս, քույրս, ազգականներս, հասարակական կարծիքը: Ինչո՞ւ իմ թանկագին զգացումները միայն նրա վրա շռայլեմ: Ես հարուստ եմ, կարող եմ ամենագեղեցիկ կանանց սերը գնել շուկայում, ինչպես գնում եմ իմ ձեռնոցները, իմ կոշիկները: Իսկ նա թող տանը մնա, այնպես ի միջի այլոց»: Եվ գնեցիք, և վայելեցիք: Ի՞նչ եք ուզում այժմ ինձնից: Ես ոչ նախանձում եմ, ոչ բողոքում, ես... զզվում եմ ձեզանից: (Արագ քայլերով գնում է աջ կողմի երկրորդ դռներով):

ՏԵՍԻԼ 16

ՆՈՒՅՆՔ, առանց ԱՐՄԵՆՈՒՀՈՒ

ՍԱՄՍՈՆ. (Կատաղած, շնչասպսա): Մայրի՛կ, այժմ ամեն ինչ վերջացավ: Հրամայիր ծառաներին, որ այդ մարդը գալիս՝ վռնդեն իմ տնից: Թո՛ղ Գարեգինը դուրս գա առաջ և ասի: «Կորեք, պարոն, դուք պատվի գող եք»:

ՎԻՐԳԻՆԵ. Ես քո հրամանը իսկույն կհայտնեմ Գարեգինին: (Ուզում է գնալ):

ՍՏԵՓԱՆ. Բռնելով Վիրգինեին): Կա՛ց, քո գործը չէ:

ՎԻՐԳԻՆԵ. (Ստիպված կանգ է առնում, կատաղությունից ատամները կրճտելով):

ՍԱՄՍՈՆ. (Ստեփանին): Այո՛, ազատամիտ բարեկամ, նայիր ինձ զարմացած: Համարի՛ր ինձ ասիացի, վայրենի, այնուամենայնիվ ես պիտի գործադրեմ իմ իրավունքները: Հիմար չէին մեր հայրերն ու պապերը, որ մտրակով էին խրատում իրանց կանանց:

ՎԻՐԳԻՆԵ. Իհարկե, կապը կտրած կանանց:

ՍՏԵՓԱՆ. Լռելո՞ւ ես, վերջապես, թե չէ:

ՍԱՄՍՈՆ. Օրենքով իմ կինն է, էապես էլ ինձ պիտի պատկանի: Ես անձեռոցիկ չեմ, որ կեղտոտվելուց հետո դեն շպրտի և. մի ուրիշը վերցնի: Գիտեմ ինչ ասել է փոխադարձ համակրանք, գաղափարական ձգտում և այլն: Այսօր հոգով են միացած, վաղը մարմնով կմիանան:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ա՛յ, ես էլ հենց այդ եմ ասում:

ՎԻՐԳԻՆԵ. Վերջապես:

ՍՏԵՓԱՆ. (Անհամբեր): Քիչ գրգռեցեք այդ մարդուն, քիչ գրգռեցեք:

ՍԱՄՍՈՆ. (Սպառնալով դեպի աջ կողմի երկրորդ դռները): Սպասի՛ր, գոռոզ արարած, այժմ ես քեզ ցույց կտամ իմ ատամները: (Գնում է աջ կողմի դռներով):

ՍՏԵՓԱՆ. (Սամսոնի հետևից): Գլորվիր, գլորվիր մինչև անդնդի հատակը: (Դառնալով Եղիսաբեթին և Վիրգինեին): Դուք կզղջաք ձեր վարմունքի համար, բայց ուշ կլինի: (Գնում է ձախ կողմի առաջին դռներով):

ՎԻՐԳԻՆԵ. Դու ոչինչ չես հասկանում: (Գնում է Օտեփանի հետևից):

ԵՂԻՍԱԲԵԹ. Մենք մեր պարտքն ենք կատարում: (Գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):

Վարագույր

Be the first who will comment on this

Other parts of "Արմենուհի"

Yatuk Music
Sobre Dance
Aram Khachatryan

Sobre Dance