Մանկություն

Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։

Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունները մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։

Կրթություն

Կրթությունը հիմնականում ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվի հետ սովորում է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին, ընդունվում է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու համար։ Պարոնյանը զբաղվում է նաև ինքնակրթությամբ, առանձնապես ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայ գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը և եվրոպական հեղինակների ստեղծագործությունները։

Կարճ ժամանակ անց նա հեռանում է հունաց մայր ուսումնարանից ու աշխատանքի անցնում մի դեղագործի մոտ որպես աշակերտ։ Դրա հետ միասին նա կարդում է բնախոսության ու բժշկության վերաբերյալ մի շարք գրքեր և ավելի ընդլայնում իր մտահորիզոնը։

Գրական գործունեություն

1863 թվականին Պարոնյանը մեկնում է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է գտնում հեռագրատանը։ 1868 թվականին նորից վերադառնում է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադառնում Պոլիս, նախ աշխատում հեռագրական գործակալություններում, ապա մասնավոր դասեր տալիս մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում)։ Այնուհետև Պարոնյանը նշանակվում է դասատու Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, որտեղ նրան աշակերտում է Պետրոս Դուրյանը։

Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես Հարություն Սվաճյանի հետ։ Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը (1872-1874 թվականներ)։ 1874-1877 թվականներին խմբագրում է «Թատրոն» թերթը։ Բացի այդ, նա հեղինակն է հայ մանկական առաջին պարբերականի՝ «Թատրոն. բարեկամ մանկանց» պատկերազարդ երկշաբաթաթերթի (1874-1877), որի նպատակն էր «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքացի ըլլալ»։

«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին։ Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում։

Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողանում է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888 թվականներ), սակայն թուրքական կառավարությունը մյուս հայ պարբերականների հետ միասին փակում է նաև այդ հանդեսը։

Դրամատուրգիա

Երկու տերով ծառա մը

Իր գրական գործունեությունը Պարոնյանն սկսել է թատերգությամբ։ Առաջին նախափորձը «Երկու տերով ծառա մը» (1865 թվական) կատակերգությունն է։ Նրա գլխավոր հերոսը Կոմիկ անունով մի ստահակ է, որ միաժամանակ ծառայելով երկու տիրոջ, փորձում է խառնակել հարաբերությունները և տիրանալ վաճառականի աղջկան։

Ատամնաբույժն արևելյան

«Ատամնաբույժն արևելյան» (1868) կատակերգությունում զավեշտն ստանում է սոցիալական բովանդակություն։ Նյութական շահի վրա կառուցված անհամապատասխան ամուսնություններն անխուսափելիորեն իրենց դրաման են ստեղծում ընտանեկան հարաբերություններում։

Պաղտասար աղբար

1886 թվականին Պարոնյանը գրում է «Պաղտասար աղբար» կատակերգությունը։ Դա հայ դրամատուրգիայի ամենակատարյալ ստեղծագործություններից մեկն է, որը մշտապես տեղ է գտել ազգային թատրոնի խաղացանկում։ Այն գեղարվեստական հետաքրքիր կառուցվածք ունի։ Դա յուրատեսակ բախում է Պաղտասարի և իրականության միջև, որտեղ նա հանդես է գալիս որպես միջոց և նպատակ՝ հասարակական կյանքի արատավոր հարաբերությունները մերկացնելու համար։

Բախումը սկիզբ է առնում առաջին տեսարանից։ Պաղտասար աղբարի կինը՝ Անույշը, սիրային կապերի մեջ էր Կիպարի հետ, և զավեշտալին այն էր, որ Պաղտասարը ընտանեկան այդ գաղտնիքը հայտնում է հենց Կիպարին՝ նրա օգնությամբ բացահայտելու կնոջ անհավատարմությունը։ Ապա ասպարեզ են գալիս փաստաբան Օգսենը, դատաստանական խորհրդի անդամներ Փայլակը, Երկաթը, Սուրը, սպասուհի Սողոմեն, դրացիները՝ ստահակների մի ամբողջ հավաքածու, որոնք, կեղծիքի ու բանսարկության որոգայթի մեջ առնելով Պաղտասարին, փորձում են շպարել ճշմարտությունը։

Կատակերգության որոշ մեկնաբաններ Պաղտասարի կերպարի մեջ նշմարում են բուրժուական ընտանիքի արատավոր բարքերի արտահայտություն, ոմանք էլ նրան ներկայացնում են որպես միամիտ մի անձնավորություն, որը խաղալիք է դառնում բանսարկուների և ստահակների սարքած խաղերին։ Դրանք սխալ մեկանաբանություններ են, քանի որ Պաղտասարը «խաղում է» կատակերգությունը, իսկ իրականում նա բարձր է կանգնած իր միջավայրից և իր պահվածքով ի ցույց է դնում ապազգայնացված ստահակների խեղկատակությունը։

Այլ ստեղծագործություններ

Պարոնյանի ստեղծագործության ամենածավալուն բաժինը լրատվական երգիծանքն է։ Այս տեսակետից հատկապես ուշագրավ են «Կսմիթներ» և «Հոսհոսի ձեռատետրը» երգիծապատումները։

Պարոնյանը հայտնի է եղել նաև իբրև դրամատուրգ և արձակագիր, գրել է նաև բանաստեղծություններ։ Պարոնյանի այլ գործերից առավել հայտնի է «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքը, որտեղ հեղինակը սուր լեզվով նկարագրել է ժամանակի այնպիսի գործիչների, ինչպիսիք են Ծերենցը, Գրիգոր Արծրունին, Քրիստոստուր Ղազարոսյանը, Նար Պեյը, Անտոն Հասունյանը և այլք։

Մահ

1888 թվականին թուրքական կառավարության կողմից հայ պարբերականները փակելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից։ Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում։ Սակայն այդ աշխատանքը նյութապես չի ապահովում նրան։ Հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը։ Պարոնյանը վախճանվում է 1891 թվականի մայիսի 27-ին, Կ․ Պոլսում։ Պոլսահայ գաղթօջախն անմիջապես զգաց հանճարի կորստյան մեծության սարսափը... Անբացատրելի մի տխրությամբ համակվեցին անգամ երգիծաբանի անողոք գրչի տակ քանիցս ծաղրված «ազգային ջոջերը», և հանկարծ նիրհած խիղճն արթնացավ նրանց սրտերում. հրաժեշտի իր խոսքով հանդես եկավ Նար-Պեյ Սրբազանը՝ ընդգծելով, որ «յուր գործեր անմահ կը մնան և պետք է գիտնալ օգտվիլ անոր թողած արդար քննադատություններեն, որպեսզի կարենա հանդարտ հանգչիլ յուր գերեզմանին մեջ»։