Եղիշե Չարենց

Երեք գույն կա երազային քո երկրում

Երեք գույն կա երազային քո երկրում
Երեք գույն:
Թափանցիկ են այն գույները քո երկրում
Քո հոգում:
Դու ժպտում ես. քո լուսավոր աչքերում
Երեք փայլ.
Ու բացվում է, կապո՜ւյտ աղջիկ, քո հեռուն
Լուսավառ:
Եվ տեսնում եմ դղյակներդ երկնահուպ,
Գմբեթներդ սեգ:
Եվ հիշում եմ ոսկեծաղիկ մի ասուպ,
Որ ընկավ երեկ:
Ու լսում եմ, որ իրիկվա մշուշում,
Անձրևից հետո,
Իրիկնային զանգակներն են կարկաչում
Ու կանչում են, գոհ:
Եվ տեսնում եմ, որ դաշտերիդ, լճերիդ,
Լո՛ւյս երկրիդ վրա
Ահա իջել է անապակ ու վճիտ
Մի կապույտ հիմա:
Ու տեսնում եմ իրիկնային կապույտում
Բռնկված կրկին
Գմբեթներիդ երկնասլաց ու ժպտուն
Խաչերի ոսկին...
Եվ երազի պես պարուրվում է հանկարծ
Երկիրդ իմ հոգում,
Ջինջ երկիրդ` աչքերիդ մեջ միգամած
Իրիկուն...

Յատուկ Երաժշտություն
Կարս
Տիգրան Համասյան

Կարս

Կնոջ ֆիգուր. Թախիծ
Կնոջ ֆիգուր. Թախիծ
Խաղա առցանց