Եղիշե Չարենց

Աստղիկ

Քնար չկա ձեռքիս և ոչ սրինգ անուշ,
Որ քեզ երգեմ, Աստղի՜կ, կին դու՝ հավերժ բեղուն,
Ցնորք դարձած դու կին, արդեն մեռած վաղուց,
Քարի՛ կոտրած բեկոր՝ անդարձ կորած հողում:

Աստղի՜կ, հեռու տեսիլ, ինչպես դարերն հեռու,
Ո՛վ թարմություն գարնան, անուշ կարկաչ առվի,
Ինչո՞ւ ստվեր դարձար, ինչո՞ւ դարձար ուրու,
Եվ ե՞րբ պիտի նորից հմայքը քո վառվի:

Վաղո՛ւց անցել ես դու, Աստղի՜կ, կյանքից մեր մութ,
Թողել ես կյանքը այս հիվանդ քրոջդ մեղկ,
Թողել ես, որ երգեն նրան երգեր լուսնոտ,
Լուսնոտ երգեր երգեն տխուր ձայնով բեկբեկ:

Նրանք սրինգ ունեն, ունեն քնքուշ քնար,
Գեղգեղ երգում են մութ, տարտամ սերերն իրենց,
Սիրում են քո քրոջ մարմինը պաղ մարմար՝
Սիրով անկիրք ու մեղկ, սրտով մեռած ու խեղճ:

Աշնան անլույս, տխուր օրերն անլույս, բեկուն,
Աշնան քամին, առուն, աշնան հովերը թաց
Խոսում են մեղմ ձայնով նրանց հիվանդ հոգուն
Սիրո մասին՝ վաղո՛ւց արդեն ցնորք դարձած:

Նրանք սրինգ ունեն, ունեն քնքուշ քնար,
Գիտեն երգել աշնան հովի նման անուշ,
Երգում են քո քրոջ մարմինը՝ պաղ մարմար,
Երգում են սեր, աշուն, աշնան ցնորք ու հուշ:

Եվ չեն սիրում նրանք էլ քո մարմինը տաք,
Սիրո խնդում չկա նրանց համար հիմա,
Սիրում են սերն իրենց, ցնորքը ջինջ, հստակ,
Որ տա՛ պիտի իրենց անսուտ գգվանք ու մահ:

Ու ստվերներ դարձած՝ նրանք շրջում են լուռ
Պուրակներում խոնավ, բուլվարներում անմարդ:
Եվ չի վառվի նրանց կյանքում էլ ո՜չ մի հուր,
Եվ չի լցվի խանդով նրանց հոգին վհատ:

Աստղիկ, ինչո՞ւ անցար, ինչո՞ւ նրանց երգից,
Երգած քո թույլ, նվաղ, հիվանդ, քրոջ մասին
Թողիր դու կյանքը մեր և որբ թողիր դու ինձ,
Եվ կյանքը սուտ դարձավ՝ գիշեր, ցնորք, լուսին:

Ես ի՞նչ անեմ հիմա. նրանք երգեր ունեն,
Նրանք գիտեն ապրել՝ լուսնի լույսին գերի,
Բայց չե՛մ կարող հո ես սիրել օրերը թեն
Ուզում եմ ես գգվանք, գալարք ու խաղ հրի:

Ուզում եմ ես հիմա քո շեկ մազերը բոց,
Կարմիր շրթերը քո, կոնքերը քո հասուն,
Ուզում եմ կիրքը քո՝ կրակ դարձած կնոջ,
Տարփանքը քո բեղուն, որ չի՜ երբեք կասում:

Ուզում եմ քո բրոնզե անհաղթ թևերը ձիգ,
Ու կուրծքը քո հրե, արգանդը քո գարուն,
Ուզում եմ ջերմ կրքիդ եռերը շոգ, հրձիգ,
Անհո՛ւն աստղեր սփռող երկրի անծայր հեռուն:

Անցնում եմ ես ահա փողոցներով քարե,
Հսկա շենքերը ինձ նայում են խիստ, խոժոռ,
Ապրել եմ ես այստեղ հարյո՛ւր, հազա՛ր տարի,
Բայց նո՛ր եմ ես նորից՝ քաղաքներում այu նոր:

Անցնում եմ ես ահա քաղաքներով երկաթ՝
Շուրջս՝ մարդիկ անվերջ, կրքի գալարք ու վեճ,
Վառե՛լ եմ ես հզոր երգեր կյանքում վհատ
Ու, խե՛նթ, փշրել կուզեմ վերջին պատրանքն իրենց:

Քնար չկա ձեռքիս և ոչ սրինգ անուշ
Չե՜մ էլ ուզում նրանց երգերը մեղմ, հուզիչ,
Շեփո՛րն եմ ես կյանքի՝ համակ կորով ու ուժ,
Շեփո՛ր եմ ես ահեղ՝ մի նո՛ր կյանքի երգիչ:

Ու շուրջը իմ արդեն օրերը՝ կուռ, պողպատ՝
Ահեղ շաչում են՝ նոր երգով առույգ ու ժիր,
Կանչում են ինձ նրանք, որ ես խոսքով երկաթ
Վառե՛մ նրանց հոգում երգեր կարմիր ու հիր:

Եվ իմ հոգին հիմա նրանց երգից այդ կուռ
Լցվել է բորբ հրով, կայտառ սիրով մի նոր.
Ես սե՛ր կուզեմ հիմա, կնոջ գգվանք ու հուր,
Բեղո՛ւն մարմին կուզեմ՝ կրքի՛ս նման հզո՛ր:

Արի՛, Աստղի՜կ, հիմա, որպես գալիք կյանքի
Անհուն, բեղուն խավար՝ աստղի՛ համար իմ վառ.
Եղի՜ր, որպես պղինձ, երկաթ եղիր հանքի,
Շինող կամքիս համար եղիր կարմի՜ր մարմար:

Արի՛, որպես անմար կրքով լցված գարուն,
Ու կո՛ւյս եղիր՝ գարնան դաշտի նման խոպան,
Գարնան խանդի նման եղիր բորբոք, եռուն,
Որ ես, կայտառ, վառեմ քո մեջ իմ նո՛ր ճամփան:

Արի՛ հիմա, ծաղկուն, խնդուն, որպես ամառ,
Երգո՛վ, պարո՛վ արի ու ցանկությամբ որոշ,
Եղի՜ր, Աստղի՜կ, տոկուն, կամքի պես իմ համառ,
Ո՛վ կի՜ն, եղի՜ր հիմա, որպես կարմիր դրոշ:

Ինչպես օրերը այս՝ գալիքներով բեղուն
Այնպես արգանդը քո անհո՛ւն լինի թող տոթ.
Աստղի՛կ, գալի՛ք դարձիր, դարձիր տարերք զեղուն,
Այլևս մա՛յր դարձիր՝ գալիք կյանքի խորհուրդ:

Գալի՛ս է կյանքը նոր ու իմ ձայնից շեփոր
Քո դալկադեմ քրոջ ցնորքը ծո՛ւխ դարձավ.
Նրա հմայքը մեղկ ցնդե՛ց երգից իմ նոր,
Սրինգ չկա արդեն, դողդոջ քնար ու ցավ:

Կանգնե՛լ եմ ես, հզոր, գալիք կյանքի առաջ,
Ու կիրքը իմ անսանձ հորդե պիտի հիմա.
Աստղի՜կ, իջի՛ր նորից, որ իմ հրով վառած՝
Արյունդ արև՛ ծնի գալիք կյանքի համար:

Արի՜, Աստղի՜կ, ու ա՛ռ պայծառ հավերժը իմ,
Եվ միսդ թող ծաղկի, ինչպես իմ կամքը ձիգ,
Ջարդե՛լ եմ ես արդեն նրանց քնարը հին,
Շեփոր-մարմինն է իմ կանչում խանդով հրձիգ...

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Երիտասարդ կին դեղինով
Երիտասարդ կին դեղինով
Խաղա առցանց