Վրթանես Փափազյան

Ինչումն էր ուժը

Հեռու Հնդկաստանում կար մի թագավոր, որ շատ էր սիրում մեծ շենքեր կանգնեցնել, պալատ ու մզկիթ, պարտեզ, մադրասա, աշտարակ ու բուրգ… Ո՛չ միայն սիրում էր կառուցել, այլև գնալ դիտելու գործավորների աշխատանքը և քաջալերել, նվերներ ցրել, ժամերով կանգնել ու գործը զննել։

Մի օր էլ, երբ վեզիրների հետ մի կողմը կանգնած, դիտում էր, թե ինչպես գործավորները քար էին շալակում ու կքված, քրտնաթոր վերև բարձրանում, նկատեց, որ նրանցից մեկը առանց օգնության խոշոր քարերը մենակ շալակում, ուրախ ու զվարթ, երգը բերանին, հա՜ բարձրանում էր, անդադար կրում։

Հուժկու չէր այդ աշխատավորը և ոչ լայնալանջ, բայց, մինչ մյուսները տնքում էին ծանրությունների տակ, մինչ հուժկուները հազիվ շարժվում էին և տխուր ու մռայլ, դանդաղ քայլեր անում, նա արագությամբ ու մեծ դյուրությամբ քարն էր շալակում, զվարթ մի երգ հնչեցնում և ժպիտը դեմքին՝ դեպի վեր ելնում։

Թագավորը զարմացավ. ապշեցին նաև մեծ վեզիրները։ Ո՞վ էր այդ մարդը, որ տանում է ամենամեծ աշխատանքը՝ ժպիտն երեսին, զվարթ երգ բերնին և որ ո՛չ մի գանգատ ու կամ մի հառաչ՝ չէր հանում կրծքից։ Ինչո՞ւմն էր նրա ուժը, զվարթությունը, դիմացկունությունը։ Ի՞նչն էր նրան ուժ տվող, այդ տկար մարմնին տոկուն դարձնող և շատ քաջերից, լայնալանջերից ավելի գործունյա, ավելի աշխույժ ու կտրիճ անող։

Խոսի՛ր, ո՛վ վեզիր, դարձավ թագավորն իր փոխանորդին, բացատրիր տեսնենք, ինչո՞ւմն է այդ գործավորի ուժի, զվարթության և տոկունության խորին գաղտնիքը. ինչի՞ց է, որ մյուս, այդ բոլոր հուժկու մարդիկ տնքում են, հառաչում ավելի թեթև, մանր գործերից, իսկ դա այդքա՛ն թուլակազմ, այդքա՛ն ողորմելի, սակայն միշտ զվարթ և միշտ արագաջան…


Վեզիրը լռեց, շատ խոր մտածեց և չկարողացավ ոչինչ պատասխանել։


Խոսեցեք և դուք, իմ խորհրդականնե՛ր, դարձավ թագավորը մյուս վեզիրներին, ձեզնից ով ասի այդ գաղտնիքը, կլինի իմ սիրելին և իմ մտերիմը։


Բայց ո՞վ կարող է ասել այն, ինչ որ միայն աստված գիտեր և ինքը՝ գործավորը։


Տե՛ր իմ, խոսեց մի վեզիր, հրամայիր նրան ավելի ծանր գործ տալ, տեսնենք նա նույնպես կերգե՞ գործելիս և այդպես ուրա՞խ քարեր կկրե։ Գուցե նա ավելի և շատ ուժով է, քան երևում է։


Ու թագավորը հրամայեց, որ քարյա սյունի մի պատվանդանը գործավորը կանգնեցնե:


Սա մոտ եկավ, նայեց խոշոր քարին, կանչեց աստուծո մեծ, հզոր անունը, ժպտաց, կռացավ և մի շարժումով գլորեց նրան սյունի ստորոտը։ Հետո սրբեց քրտնաթոր դեմքը և միշտ երգը բերնին՝ բարձրացրեց և դրեց սյունի տակ:


Բոլորն ապշել էին։ Այդտեղ մի բան կար, մի գաղտնի ուժ անշուշտ, որով օժտվում էր չնչին գործավորը և որից, ըստ երևույթին, ոչ արքան ուներ և ոչ վեզիրները։


Մոտ կանչեց արքան քաջ գործավորին, փող տվավ, գովեց և ապա հարցրեց.


Ինչո՞ւմն է ուժդ, կտրի՛ճ գործավոր։


Չգիտեմ, արքա, ժպտաց կտրիճը, ես այսքան գիտեմ, որ երջանիկ եմ, ո՛չ մի վիշտ չունեմ, գործում եմ ուրախ, ապրում եմ ուրախ…


Արքան այդ խոսքերից ոչինչ չհասկացավ ու հրամայեց իր վեզիրներին խորհրդի ժողովվել, մտածել, փնտրել և գործավորի ուժի գաղտնիքը գտնել։ Եվ դրա համար հինգ օր ժամանակ տվավ։


Մինչ խորհում էին ամբողջ տերության այդ խելոք մարդիկ, վեզիրներից ալևորը, որ լսել էր գործավորի ասած խոսքերը, հրաման խնդրեց հեռանալ, մինչև երեկո Հասանի (այդ է գործավորի անունը) գործը դիտելուց հետո, մոտեցավ նրան, ապա ընկերացավ և կամեցավ հյուր լինել նրա տանը։ - Տեր իմ,- ասաց Հասանը,- ես մի աղքատ մարդ եմ, մի խրճիթ ունեմ. վայե՞լ է, որ դու այնտեղ մտնես և իմ չոր, խղճուկ ընթրիքին մասնակցես։ - Հոգ չէ, իմ որդի, ես ուզում եմ տեսնել խրճիթդ ու կինդ, զավակդ ու կյանքդ, ուզում եմ տեսնել, թե իրա՞վ վիշտ չունես և երջանիկ ես, իրա՞վ միշտ էլ զվարթ ես, միշտ երգը բերնիդ:

Եվ ծերունի վեզիրին Հասանը տուն տարավ։ Երբ ներս էին մտնում, դռան առաջ երևաց մի չքնաղ երիտասարդ կին, որ սիրալիր ժպիտը դեմքին, մի հրեշտականման մանուկ էլ գրկին, ընդառաջ եկավ, գրկեց ամուսնուն, անկեղծ ու սիրով համբուրեց նրան, գիրկը տվավ մանուկը, հետո միշտ զվարթ՝ ներս տարավ նրանց, ընթրիքը բերեց և այնպես խնամքով, այնպես մեծ սիրով կերակրեց, գգվեց իր ամուսնուն, որ ծերունի վեզիրը երբե՛ք իր կյանքում այդքան չէր հուզվել։

Եվ երբ ընթրեցին մեծ զվարճությամբ, հայրը վերցրեց մանուկին, նրա հետ խաղաց, նրան զվարճացրեց. մանուկն՝ իր անմեղ, զվարթ ծիծաղով խրճիթը լցրեց, վեզիրին դյութեց, իսկ կինը, այդ սիրող, պաշտող, չքնաղ ամուսինը այնքա՛ն գորովով, այնքան ջերմ սիրով զբաղեցնում էր հոգնած ամուսնուն, որ մեծ վեզիրը գոչեց զմայլած.

Վկա է աստված, վկա մարգարեն, որ այսքան պատվական ու սիրող կին երբե՛ք չեմ տեսել։

Եվ այսքան իր կինը պաշտող ամուսին էլ, ավելացրեց կինը՝ գլուխն ամուսնու կրծքի վրա դրած. ամուսինս ինձ սիրում է. մենք երջանիկ ենք, գոհ և անտրտունջ, աշխարհի անիրավությունները մեր դռնից ներս չեն մտնում, վախենալով սիրուց, համերաշխությունից, ցավերը խուսափում են, վշտերը հալածվում, մեր բժիշկը սերն է, մեր փրկիչը սերն է…

- Վկա է աստված, կին դու,- խոսեց վեզիրը, վկա նրա մարգարեն, որ դու իրավունք ունես, չկա ավելի մեծ բժիշկ, չկա մեծ քաջալերիչ, քան սերը, անկեղծ ու վառ, մշտատև սերը, որ իր ժպիտով հերոս է շինում, քարեր է փշրում, արգելքներ ջարդում և որի առաջ աշխարհն անզոր է, ցավը մի թզուկ… Իրավունք ունես, կին դու. ես ա՛յժմ հասկացա, թե մարդուդ ուժը ո՛րտեղից էր: Ուժը սիրո՛ ծնունդ է, և սերն է միակ այն մեծ ուժը, որ կարող է լեռները շարժել, աշխարհը փոխել, բոլոր անիրավություններն անզոր դարձնել և ամեն մի փուշ՝ վարդի փոխանակել…

Ասաց, հիացած ելավ, գնաց և ամեն բան պատմեց հզոր արքային։

Արքան զարմացավ և չհավատաց: Չէր տեսել երբեք անկեղծ սեր, որովհետև երբեք չէ՛ր սիրվել, այլ միշտ վախ ազդել. չէր իմանում նրա ուժը, որովհետև նրան չէին սիրել, այլ շողոքորթել:

- Խելքդ կորցրել ես, տխմա՛ր ծերունի,- գոչեց նա,- մի՞թե կարծում ես, որ Հասանի ուժը հենց դրանումն է: Ո՞վ է ավելի սիրված, քան ես. չէ՞ որ այս բոլորը խոնարհվում են ակնարկիս առաջ, չէ՞ որ ես կանայք ունեմ և շատ որդիներ. մի՞թե պիտի ասես, որ նրանցից ոչ մեկն ինձ չի սիրում…

Ծերունին խոնարհվեց, կյանքիցը վախեցավ և խոհեմությամբ՝ լուռ կացավ։

Գնա՛, գնա՛, արհամարհանքով հեռացրեց նրան արքան, դու երազող ես, դու ծերացել ես… և կտեսնես, որ սխալվում ես։ Ահա ես կհրամայեմ, որ այդ կնոջն ու որդուն հարեմս քաշեն, կինը եթե ասածիդ պես գեղեցիկ է, ինձ կպահեմ, և պիտի տեսնես, որ դրանով ոչինչ չի պակասիլ Հասանի ուժից։

Ու հրամայեց։

Հինգ ձիավորներ իսկույն Հասանի տունը շրջապատեցին, դուռը կոտրեցին, ներս մտան գիշերով, ամեն բան տակնուվրա արին և Հասանի կնոջն ու որդուն հարեմ քարշ տվին։

Մյուս օր առավոտ արքան կանգնած էր նույն շենքի վրա, երբ Հասանը տխուր ու արտասվաթոր՝ գործելու եկավ։

Ամենքը ժողովված նրան էին սպասում։ Կռացավ Հասանը, ուզեց էլի մի մեծ քար շարժել տեղից, և չկարողացավ. փորձեց ավելի փոքրը, բայց թևերը կարկամել էին, ծնկները ծալվեցին, փոքր քարն անգամ տեղից շարժել չհաջողվեց։

Ու բարձրացավ նա, հուսահատաբար, ձեռքերը ցած թողեց, հետո կծկվեց գետին և աղիողորմ ու սրտապատառ՝ հառաչեց, ասաց.

Ա՛հ, էլ ուժ չմնաց…

1897

Յատուկ Երաժշտություն
Աշնան արև
Տիգրան Մանսուրյան

Աշնան արև

Հնդիկ արքայադուստր
Հնդիկ արքայադուստր
Խաղա առցանց