Վրթանես Փափազյան

Արձանը

Հրապարակի վրա, այնտեղ, ուր մարդիկ միշտ ժողովվում են, կաղնի ծառի տակ, մերկ կնոջ մի պղնձյա արձան կար կանգնած։

Մերկ կնոջ… բոլորովին մերկ մի գայթակղություն այն պատկառելի մարդկանց, որոնք մերկ ոչինչ տեսնել չեն սիրում։

Թե որտեղից էր այղ արձանը և որի կերտած, կամ թե ինչ միտք ուներ և ինչու թողած– ոչ ոք չգիտեր։

Ոչ ոք չէր հիշում նրան այդտեղ դնելու օրը։ Վաղուց էր, շատ վաղուց: Պատկառելի մարդիկ, երկար Ժամանակ և գրեթե միշտ, նրա մոտովն անցնելիս երեսը դարձնում էին, որ «անամոթ» արձանը չտեսնեն. կանայք երբեք չէին անցնում նրա կողքից. անցնողն էլ «անբարոյական» տիտղոսն էր ստանում։ Երբեմն միայն հետաքրքրության համար, հեռվից և այն էլ գաղտագողի էին դիտում արձանը։

Եղան տարիներ, որ հասարակությունը քանիցս կամեցավ փշրել արձանը, անամոթությունը մեջտեղից վերացնել։ Վեճ ու կռիվ, անեծք կրոնավորներից, բողոք պառավներից, ոչինչ չազդեց արձանին։ Միշտ այնտեղ, իր համարձակ մերկությամբ պատվանդանի վրա անդրդվելի կանվնած, ակնարկն անհունության, կարծես հեգնորեն ժպտելով, թողնում էր, որ մարդիկ կատաղեն, բռունցք ցույց տան, դավեր լարեն և սակայն անզոր նրա դեմ՝ նորից գան և շուրջը ժողովվեն։

Բայց ի՞նչ էր ուրեմն այդ մերկ արձանը, – ո՞վ էր նրան մեջտեղ բերել, այդպես բաց տեղ դրել և ինչո՞ւ ամեն ջանք նրան ոչնչացնելու՝ մնում էր ապարդյուն։

Արձանը պաշտպաններ ուներ։ Թե ո՞վ էր նրան այնտեղ կանգնեցրել – այդ հայտնի չէր. բայց թե ո՞վ էր նրա պաշտպանը – դա ակներև էր։

Կաղնին պատկանում էր ժողովրդին։ Վաղուց ի վեր, նվիրական դարձած, սերունդից սերունդ ավանդաբար մնացել էր մի համոզմունք, որ եթե ծառը կտրվի կամ մերկ կնոջ արձանը տեղից շարժվի, կռիվն ընտանիքների մեջ պիտի մտնի և հետզհետե ամենքին անբախտացնի։ Այդ ավանդություը հաստատված էր մանավանդ նրանով, որ, ինչպես հներն էին պատմում, մի անգամ մի ազդեցիկ մարդ կամեցել էր արձանը ոչնչացնել, բայց, երբ շարժել էր նրան իր տեղից, նույն գիշերն իսկ երկու սիրելի որդիները կռվի էին բռնվել և իրար սպանել։

Դրանից հետո էլ ո՞վ կհամարձակվեր ձեռք տալ արձանին։ Ոչ միայն ձեոք տալ չէին կարող, այլև, ով հրապարակի շուրջն էր, նվիրական պարտք էր համարում հսկելու, որ արձանը չանհետանար։

Եվ այդպես, մերկ կինը, բարձր ի գլուխ, հաստատ իր պատվանդանին, մազերը թիկունքի վրա շքեղապես փռած, ակնարկն երկնքին, այդտեղ էր տարիներից ի վեր, անվրդով՝ լուտանքների դեմ, անդրդվելի՝ սպառնալիքների առաջ։

Գայլերը շատ ոռնացին նրա դեմ, բարոյագետներն անդադար պնդեցին, որ գոնե պետք էր հագցնել նրան, եզվիտներն առաջարկում էին մի տաճար շինել և արձանին մեջը ծածկել բայց ժողովուրդը չթողեց։ Ասված էր, թե պետք էր թողնել արձանին այն դրության մեջ, ինչպես կար. ժանգը միայն պետք էր սրբել ե այդպես, մերկ՝ հրապարակի վրա պահել…

* * *

Մի գիշեր, չգիտեմ ինչպես, եղավ, անհայտ չարագործներ – ասում են որ գայլեր ու բարոյագետներ էին դրանք անգթաբար կորզեցին արձանն իր պատվանդանից և, առանց այլևայլության, մոտակա ջրհորընետեցին։

Պետք էր տեսնել սոսկումը, երբ ժողովուրդն առավոտյան զարթնելով, տեսավ, որ արձանը չկար։

Քաղաքն ամբողջ տակնուվրա եղավ: Գայլերը հրճվում էին, մինչ երիտասարդները կատաղած ամեն կողմ ընկան՝ չարագործներին փտրելու։ Սոսկումն ընտանիքների մեջ էլ մտավ: Ամենքը րոպե առ րոպե, սրտա¬ տրոփ սպասում էին դժբախտությունների, ժանտախտի, կամ այլ աղետի։

Արձանին խիստ մոտ ապրում էր նահապետական մի մեծ ընտանիք։ Տան նահապետը ողջ-առողջ էր, երբ արձանն անհետացավ։ Նույն օրն իսկ սակայն անկողին ընկավ, ապագա աղետների սոսկումը կաթվածահար արավ նրան և նա գիշերը մեռավ։

Տան մեծ որդին կատաղած՝ բարոյագետներից մեկի հետ կովի բռնվեց և արյունաշաղախ՝ նրան տուն բերին։ Եղբայրները վրեժի ելան. բարոյագետի բարեկամները պաշտպանվեցին… Եվ չէր անցել մի ամբողջ օր արձանի ջրհորն ընկնելուց, որ հրապարակի շուրջը գտնվող տասն ընտանիքից չորսի մեջ վեց–յոթ սպանված, չոր-հինգ վիրավորն՚եր էին հաշվում։

Մինչ այդ մի խումբ երիտասարդներ, ժողովված ջրհորի եզերքին, մտածեցին արձանը դուրս հանել և նորից իր տեղը կանգնեցնել։

Ո՞վ կարող է այդ ծանր բանը ջրհորից վեր հանել առանց փշրելու,– գոչեց մեկը։

Փորձեցին նախ կառչող ունելիքներ նետել, բայց արձանն իր ծանրությամբ իջել էր ջրհորի տակ և դեո կիսովին էլ խրվել հողի մեջ։

Մնում էր մի մարդ ներս կախել, արձանը գտնել, չվաններով կապել և ապա փորձել վեր հանելու։

Երկար խորհելուց հետո՝ մեկին իջեցրին։ Ջրհորը խոր էր, ջրով լի։ Երիտասարդը ջրի մեջ ընկղմեց, բայց հազիվ խեղդվելուց ազատված՝ խնդրեց, որ իրեն վեր քաշեն։

Ջուրը սառն էր, գորտերով լի, և արձանը շատ խոր, անմատչելի։

Մտավ մի ուրիշը, ավելի հանդուգնը։ Գնաց ջրի մեջ, հասավ հատակին. շոշափեց, բայց արձանի նշույլ անգամ չտեսնելով՝ ետ եկավ: Կորսված է, արձանը չկա։

Կորսվա՛ծ է…

Ինչպիսի՜ սոսկում էր, որ պատճառեց այդ լուրը քաղաքին։ Բանն այն է, որ մերկ կնոջ անհետանալով գժտություն սկսեց ժողովուրդյան մեջ ևս: Ամբողջ քաղաքը սկսեց իրար անցնել։ Մարդիկ միմյանց վրա քայլեցին, իրար հարվածեցին, հայհոյեցին, կռիվ, արյուն և չարիք…

Արձանը պիտի գտնել, երևան պիտի հանել… մտածեցին խելոքները։ Երիտասարդները նորից փորձեցին։ Վիճեցին, վիճեցին, հանելու կերպի վրա երկվացան, կուսակցություններ կազմեցին, ապա արձանի հանելու նպատակն երկրորդ պլանի վրա անցավ և տեղի տվավ անձնական հաշիվների…

Վերջապես բոլորը ձանձրացան և մի առ մի հեռացան ոչ միայն ջրհորից, այլև թողին արձանի մասին մտածելը։

Եվ մնաց թաղված արձանը ջրհորի հատակում, չարիքներն էլ մարդկանց սրտերում։ Քաղաքը դարձավ ապականության մի վայր, ուր վարժվում էին միմյանց դեմ դավեր լարելու, միմյանց ոչնչացնելու. եղբայրն եղբոր դեմ էր ելնում, որդին իր հորը, կինն իր ամուսնու և ճգնում էին իրար դավել, խարդախել։ Ամեն ոք, բնականաբար սաստիկ եսասեր, ինքնամոլ, սաստիկ աղտոտ հոգով և աղտոտ սրտով՝ իր շուրջն ավեր էր սփռում անձը պահպանեւու համար, թշվառություն էր սերմանում՝ ինքը միայն երջանիկ լինելու համար. սակայն ամեն ոք անապահով էր այլևս, ավազի վրա էր կանգնեցրած նրա հանգստությունը։ Արձանի մասին վաղուց արդեն շատերը մոռացել էին. նրանից մնացել էր միայն ժանգոտ պատվանդանը: Ջրհորն էլ, թողած անխնամ, համարվելով փչացած, թունավոր ճահիճ էր դարձել նախ, գորտերով լցվել, ապա չորացել էր և հուսկ ուրեմն աղբակույտ եղել։

Մնում էր միայն կաղնին, այդ հին կաղնին՝ այժմ ծերացած և ճղակոտոր…

Այդպես անցել էր երկար ու երկար տարիներ, երբ մի օր հանկարծ մի տարօրինակ բան կատարվեց քաղաքում։

Հեռու, քաղաքի վերջին ծայրում, ամենքից ատված, ամենքից կասկածավոր նկատված մի ընտանիք կար։ Մի ծեքունի, որի անցյալը ոչ ոք չգիտեր, մի լռիկ պառավ և երեք որդիք, կտրիճ տղամարդիկ, որոնք հայտնի էին քաղաքին որպես գաղտնի որսորդներ, տարօրինակ նիստուկացով, գրեթե անտառների մեջ մեծացած, դաժան ու լուռ, կոպիտ ու վայրենի։

Ոչ ոք նրանց հետ հարաբերություն չուներ։ ճանապարհին նրանց հանդիպողը վախեցած կամ երես էր դարձնում և կամ շտապում էր հեոանալ։


Ահա այդ նույն ընտանիքը մի օր հանկարծ խմբովին քաղաք մտավ, եկավ վարձելու հրապարակին մոտ գտնվող մի խրճիթ և բնակություն հաստատեց այնտեղ։

Երեք որսորդներն անտառից իջան և, նոր բնակարանում հայտնվելուց հետո այլևս որսի չէին գնում։ Ընդհակառակն, իրենց ծնողների հետ, կաղնու մոտ էին ժողովվում, խոսում էին մեղմ ձայնով, երկար ու տաք, ապա արձանի պատվանդանն էին զննում, ջրհորի շուրջը պտտում և նորից լուռ՝ տուն մտնում, դուռն ետևից պինդ փակում։

Քաղաքացիք սկսեցին սաստիկ հետաքրքրվել այդ տարօրինակ երևույթով։ Նախ հեռվից, ապա գաղտագողի գիշերները, մոտենալով խրճիթի փակված լուսամուտին, աշխատում էին տեսնել, թե ինչով էին զբաղված նրանք։ Երբեմն այդ լրտեսները տեսնում էին խրճիթի մեջ մեծ կրակ վառված, լսում էին մուրճի ու սալի ձայն… և բոլորն այդ էր։

* * *

Բայց մի առավոտ, արշալույսը բացվելուն պես, հրապարակի շուրջն եղողները խորին ապշությամբ տեսան, թե ինչպես խրճիթի դուռը բացվեց, նախ դուրս եկան իրար ետևից երեք եղբայրները՝ բահերն ուսերին, կացինը ձեռքերին, իսկ հետո մայրը, ուտելիք առած և հայրը՝ մուրճ և ունելիքներով… Եվ այդ թափորը լուռ դիմեց դեպի ջրհորը։

Քաղաքն իրար անցավ։ Ի՞նչ, մի՞թե այդ խենթերն ուզում էին արձանը վեր հանել։

Գայլերը նորից սկսան ոռնալ, բարոյագետները, որոնք այժմ հաստափոր, կուշտ և ազդեցիկ անձեր էին դարձել աղմուկ հանեցին, պառավները սկսեցին անեծք տեղալ, եզվիտները՝ բանադրանք…

Մի՛ թողնեք, գոռում էին գայլերը, մի թողնեք արձանը հանելու։

Սպանեցեք այդ անբարոյականներին, ասում էին բարոյագետները, դրանք ուզում են նորից այն մերկ կնոջը անամոթաբար հրապարակի վրա դնել։

Բայց եղբայրներն անվրդով՝ ջրհորի մոտ կանգ առան և սկսեցին փորել։ Հայրը բահերն էր սրում, մայրը՝ քաջալերում։

Մինչև երեկո, առանց կանգ առնելու, դուրս տվին քաղաքացոց կուտած աղբն ու ցեխը, ջրհորը երևան հանեցին, ապա սկսեցին պեղել։

Երեկոյան մթնելուն պես, նույն կարգով տուն մտան։ Գիշերը նորից լսվեցին մուրճի ձայներ, և քաղաքացիք մյուս օրը նորից տեսան նրանց ջրհորի մոտ։

Եվ այդ տևեց շատ օր. շաբաթներ, ամիսներ, մինչև որ եղբայրները բոլորովին դուրս տվին ջրհորից ամեն ապականության և հատակին հասան։

Սակայն արձանը դեռ չէր երևում։ Տիղմը կոշտացել էր, գետինն ամրացել, արձանին իր մեջ շատ պինդ էր պահել։

Այդ բոլորը ոչինչ, եթե դրսից էլ արգելքներ չլինեին, Գայլեր, բարոյագետներ և կեղտի մեջ իրենց ավելի հանգիստ զգացող անձեր գիշերով աղբ էին լեցնում երիտասարդների փորած տեղը, երբեմն էլ դրսից քարեր էին շպրտել տալիս նրանց վրա և միշտ ծաղր կարկտում նրանց գլխին։

Եղբայրներից մեծը սկսում էր ընկճվել այդ բոլորից։ Բազուկները թուլանում էին, բահը ձեռքի մեջ դողում։ Միջնակը, դյուրաբորբոք էր, սկսել էր զայրանալ, հալածողների մշտատև լուտանքներից գրգռվում` կռվի էր ելնում նրանց դեմ, քարերին քարով պատասխանում, ժամանակ կորցնում, գործին վնասում։

Մնում էր կրտսերը։ Սա էր միայն, որ հանդարտ, գլուխը կախ ձգած՝ բահում էր միշտ։ Ո՛չ տիղմի ամրության դեմ էր հուսահատվում, ո՛չ լուտանքները լսելու գնում և ոչ իսկ տեղացող քարերի կամ ծաղրի դեմը պաշտպանվում։

Փորում էր, պեղում անընդհատ և տոկունությամբ։ Եվ այնքան փորեց այնքան սառնարյուն իր գործին նայեց, որ վերջապես արձանը երևան հանեց կարծր տիղմի տակից, շուրջը լավ մաքրեց ու ջանաց տեղիցը շարժել:

Արձանն այժմ գտնված էր. մնում էր վեր հանել, տանել պատվանդանի մոտ և այնտեղ կանգնեցնել իր բոլոր մերկությամբ։

Մեծ եղբայրը հաշմվված, գործին անընդունակ էր դարձել, միջնակը հալածողների դեմ կռվի մեջ ընկել էր, հայրը ծերացած՝ բահն իսկ սրել չէր կարողանում, իսկ մայրը հոգնած, ձայնը սպառած, այլևս խրախուսական խոսքեր չէր անում…

Մենակ, այժմ բոլորովին մենակ էր մնացել կրտսեր եղբայրը։ Մի՞թե պիտի հաջողվեր նրան միակ իր ուժով արձանը վեր հանել:

Եվ նա չկասեց: Շարժվեց, հողիցն ազատեց, մեջքը դեմ տվավ, մկանունքը ձգեց, արձանը շալակեց ու սկսեց ջրհորն ի վեր ելնել։

Քաղաքն ամբողջ ժողովված նայում էր նրան։ Ամենքը սառել էին, ապշել, գայլերն իրենց ոռնոցը կտրել էին, բարոյագետները չէին համարձակվում ձայն հանել։ Կամքի մեծ ուժը եթե չէր հաղթել, գոնե լռեցնում էր, հալածողներին պատկառելի հեռավորության վրա պահում։

Ահա շալակեց… բարձրանում է… հետևում էին երիտասարդի արածին. ոտն առաջին աստիճանի վրա դրեց… բերում է…

Լուռ, ամբողջապես ուժը կենտրոնացրած, քրտնաթոր, արձանը մեջքին, ոտները, հաստատուն և ծանր, դնելով, գլուխը կախ և առանց ոչ ոքի նայելու, երիտասարդը բարձրանում էր համրաբար։

Ահա այժմ նա չորս աստիճանի վրա է։ Քիչ կանգ է առնում շունչ քաշելրւ, քրտինքն է սրբում, հևում է և նորից ոտքը բարձրացնում։

Լուռ է ամբոխը, սոսկումով լեցված։ Լուռ է քաղաքը, լուռ՝ բնությունն իսկ և այդ խորունկ լռության մեջ լսվում է միայն բարձրացողի շնչառության ձայնը, խռպոտ, ուժեղ մի ձայն, որ թանձրացած շնչառության հետ՝ դուրս է գալիս ջրհորի խորքից։

Եվ նա ելնում է: Ամբոխն այժմ տեսնում է նրան՝ դրսից ներս լցվող աղոտ լույսի մեջ, հին հսկաների նման մկանունքներն ու երակներն ուռցրած, կարմիր, շքեղ գլուխը ողողված լույսով, հանդարտ ելնում է ու ելնում։ Եվ մեջքի վրա արձանը՝ փողփողեցնում է մաքրված թևերն ու մարմինը։

Արձանն երևալու հետ՝ ետ-ետ են քաշվում ամենքը դողդոջուն ու սրտատրոփ։

Եվ սպասում են: Ահա երևաց ելնողի գլուխն արձանի մեծ գլխի հետ։ Հետո, երկու գլուխները միմյանց կպած, ծանր, համրաբար, գետնի տակից, ոգու պես բարձրանում են։ Ամբոխը հեռվից նայում է սոսկումով:

Այժմ արձանը լույս աշխարհումն է։ Բայց նրան իր ուսերի վրա կրսղը հոգնած է, աչքերը մթագնել են, երակները պայթելու չափ ուռել, ծնկները դողում են, մեջքը ջարդվում է։ Այնուամենայնիվ չի կամենում նա բաց թողնել վեր հանած գանձը…

Բայց երբ վերջին աստիճանին հասած՝ ոտքը դնում է գետնի վրա, ծալվում են այյևս ծնկները, երերում է հերոսը, արձանը բաց թողնում և ինքն էլ երեսի վրա՝ փռվում նրա կողքին…

Վազում է ամբոխը սոսկման ճիչը բերնին, վազում են ամենքը, հերոսին բարձրացնել են աշխատում…

Բայց նա մեռել է։ Արձանը լույս աշխարհ է հանել, տիղմից ազատել, դրել է իր պատվանդանի վրա և մեռել նրա կողքին…

Յատուկ Երաժշտություն
Աշնան արև
Տիգրան Մանսուրյան

Աշնան արև

Կոստանդնուպոլիս
Կոստանդնուպոլիս
Խաղա առցանց