Վազգեն Սարգսյան

Բանակում ծառայելը պետք է դառնա պատվի խնդիր

...Մենք համոզված ենք, որ մեր կարգի պետության մեջ պետք է լինի կաթսա, մի տարողություն, որտեղ պետք է շաղախվեն հասարակության բոլոր խավերը: Դա բանակն է: Առանց այդպիսի կաթսայի, առանց այդպիսի հավասարության, առանց այդպիսի բարոյականության վերականգնման մենք չենք ունենա նորմալ բանակ, չենք ունենա նորմալ պետություն: Բանակը պատրաստ է իր վրա վերցնել այդ կաթսայի դերը: Մեր հասարակությունը չափազանց բևեռացված է, սոցիալական հրեշավոր անարդարություններ կան: Եվ պետք է լինի մի տեղ, որտեղ մարդիկ այդ դժվարությունները միասին կրեն: Դա բանակն է: Բանակում ծառայելը պետք է դառնա պատվի խնդիր: Բանակում ծառայած տղամարդը պետք է տարբերվի չծառայած տղամարդուց: Այսօր բոլորովին հակառակն է, այսօր իր երեք որդուն բանակ ուղարկած հայրը համարվում է անշնորքի մեկը, մինչդեռ, իր որդուն բանակից ազատած մեկը համարվում է շնորհալի և կարևոր անձնավորություն այս հասարակության մեջ: Եթե մենք չձևավորենք հասարակական վերաբերմունք բանակից խուսափողի նկատմամբ, մենք չենք ունենա ոչ միայն բանակ, այլև՝ պետություն: Մեր հասարակական վերաբերմունքը, կարծիքը չկա այսօր: Չկա այն պատճառով, որ մենք այդ ժողովրդին չենք տվել չափանիշները, օրենքները, բարոյական կատեգորիաները: Տվեք և պահանջեք...

...Երբ պետությունն ասում է իր ժողովրդին, որ մենք միասնական ենք մեր պետականության ամենակիզակետում, ամենավտանգավոր հատվածում, ամենապատվավոր հատվածում և այստեղ համատարած հավասարություն է, մենք այստեղ լուծում ենք ոչ թե բանակի խնդիրը, այլ՝ պետության խնդիրը:

...Մենք գտնվում ենք հավերժ ննջող պատերազմի մեջ, որը յուրաքանչյուր պահի կարող է վեր թռչել: Արդեն 3-րդ տարին է մենք պատերազմ չունենք ոչ միայն այն պատճառով, որ շատ լավ ենք բանակցում, որ մեզ օգնում են, այլ այն պատճառով, որ Ադրբեջանը մեզանից ավելի թույլ է: Որ օրը որ Ադրբեջանը մեզանից ուժեղ եղավ կամ մեզ հավասար ուժ ունեցավ, այն օրը Ադրբեջանը հարձակվելու է:

Ի նկատի ունեցեք, որ մեր երկիրն այնքան փոքր պետություն է, որ մեկ լուրջ պարտությունը կարող է կործանարար լինել մեր պետության համար: Այսօր այդպիսի վտանգ չկա, որովհետև մեր հակառակորդից մեկ գլուխ ուժեղ ենք: Պատերազմից խուսափելու մի հրաշալի ձև ունենք՝ այս տարբերությունն անընդհատ պահել:

Յատուկ Երաժշտություն
Լարային քառյակ – Քամի
Էլեն Յոլչյան

Լարային քառյակ – Քամի

Կոշիկները
Կոշիկները
Խաղա առցանց