Վանո Սիրադեղյան

Հայաստանի նոր կողմնորոշումը՝ Չինաստան

Այն մասին, որ եթե Անգլիայի նավերը Հայաստանի լեռները չբարձրացան, դա չի նշանակում, որ Խունվեյբինի սերունդները չեն բարձրանա

Թերթերը մասխարության են վերածել Ռոլանդ Շառոյանի չինական ճամփորդությունները: Հասարակ լրագրողն ու հասարակ քաղաքացին կարծում է, Շառոյանը պարզապես արաբական ավազուտների միապաղաղ տեսքից է ձանձրացել եւ զզվել է ազգային պանրահացի (կանաչիով) ծառը հանդիսացող հյուսիսամերիկյան համբուրգերից:

Ինչ ներելի է հասարակ քաղաքացուն, ներելի չէ, սակայն, հասարակ լրագրողին, որը կապ չի տեսնում Շառոյանի (եւ մյուսների) արեւելյան ուղեւորությունների, կաուչուկի գործարանի շուրջ ծավալվող իրադարձությունների եւ Շառոյանի՝ կուսակցությունից հեռացվելու փաստերի միջեւ: Միամիտները կարծում են՝ Շառոյանը հեռացվել է, որովհետեւ դաշնակցությունը չի ուզում այս կառավարության գործունեության պատասխանատվությունը ստանձնել: Իզուր են կարծում: Եւ իզուր էլ կապ չեն տեսնում: Ինչպես հայտնի է, կաուչուկը ռետին է: Իսկ ռետինը միայն պարսատիկի համար չէ: Այլեւ անվադողի, իսկ դողը ոչ միայն խաղաղ «Ժիգուլու» տակ են գցում, այլեւ բեռնատարի, նաեւ՝ ԲՏՌ-ի: Եւ այս էլ հայտնի է, որ իրեն հարգող որեւէ գերտերություն թույլ չի տա իր բանակը տասնյակ հազարավոր բեռնատարներից գումակ կազմի՝ հարյուր հազարավոր պահեստային անվադողեր տեղափոխելու համար, եւ կաշխատի աշխարհի տարբեր կետերում ռետինի (կաուչուկի) սեփական արտադրություն ունենալ: Ահա մեծապետական այս թուլության վրա էլ հայերը «չանգյալել» են Չինաստանին: Այնինչ, առքուվաճառքի գործը տեղից չի շարժվում: Բանն այն չէ, որ կոմբինատը ուզում են սաղացնել միլիոնավոր (դոլար) պարտքերով հանդերձ: Պատճառը նույնիսկ այն չէ, որ կաուչուկի արտադրանքը արդեն հինգ տարի տնօրինում է ազգային անվտանգության ծառայության մի փոքրիկ ղեկավար խումբ: Իհարկե, անձնական կարիքներին ի շահ: Եւ դարձյալ իզուր լրագրողներդ կարծում եք, թե Բագրատյանը կաուչուկը տվել է Եգորյանի կուսակցությանը: Նա տվել էր ազգային անվտանգության ղեկավարությանը, իսկ Գ. Ներսիսյանը գլխանց «նստողն էր»: Եւ երբ վարչապետ եկավ Քոչարյանը, հանգուցյալ Եգորյանը (երեւի Գ. Ներսիսյանից ինչ-որ բան իմացել էր) փորձում էր նոր վարչապետին բացատրել, թե իրականում ո՞վ է եւ ինչպես է տնօրինում կաուչուկը: Իսկ երբ վարչապետ դարձավ Վ. Սարգսյանը, փորձեց որպես կառավարության նախագահ կառավարելի դարձնել կաուչուկը:

Արդյունքում ի՞նչ ստացվեց. տնօրեն Ներսիսյանը ձերբակալվեց, ազգային անվտանգության նախկին սպա (թերեւս՝ նաեւ ներկա) տեղակալը անհայտ կորավ, Եգորյանը հանկարծամահ եղավ, Բագրատյանը վերջին պահին սրտի վիրահատությամբ փրկվեց, իսկ Վազգեն Սարգսյանը սպանված է: Թե՞ դուք կարծում էիք, Գ. Ներսիսյանի դատավարությունը հեռուստատեսությամբ ցույց չեն տալիս սոսկ այն պատճառով, որ պաշտպանները այդպես կամեցան: Թան էլ չէ՝ մածուն: Այսքան բանից հետո մի 10 մլն. դոլարը մի 10 տարի «սրոկը» հարց չի լուծում: Խնդիրը «գեոպոլիտիկան է»: Երբ երկու տարի առաջ Փարիզի հյուրանոցներից մեկի ընդարձակ սրճարան-նախասրահի բազմոցների մեջ ընկողմանած՝ մտերմիկ մի խումբ մի բաժակ վիսկի էր խմում, այսօրվա «ազգային քաղաքականություն» իրագործողներից մեկը Չինաստան կատարած իր այցի մասին ասաց՝ «պոլյուսներն ենք փոխում»: Տեղացի հայը լավ չհասկացավ: Կողքի բանիմացները բացատրեցին, որ խոսքը աշխարհի քաղաքական բեվեռների մասին է: Հայ Դատի վետերանը «մեծապես տպավորվեցավ», իսկ մնացյալ հայությունը իմացավ, որ Հայաստանի քաջասրունք իշխանությունը երկրագնդի արեւմուտք-արեւելք հակադրությունը որոշել է պտտել եւ դնել հյուսիս-հարավ ուղղության վրա: Ոչ ավել, ոչ պակաս: Եւ հասկանալի է, որ հակադրության-համագործակցության այդ գիծը առաջին հայացքից է, որ բառացի պիտի հասկանալ՝ հյուսիսից հարավ: Հայկական դիվանագիտական մտքի ճկունությունը հենց նրա համար է, որ այդ քաղաքականությունը ոչ թե ուղղություն պետք է նշանակի, այլ տառացիորեն՝ գիծ: Եւ այդ գիծը Ռուսաստանը օդով կապում է Հայաստանի հետ, Հայաստանը՝ Պարսկաստանի եւ Պարսկաստանի վրա կտրուկ կեռ է տալիս դեպի Չինաստան: Այն հանգամանքը, որ ստացվում է ոչ թե հյուսիս-հարավ, այլ մի տեսակ հյուսիս համարյա հարավ եւ արեւելք, դա ուշադրության արժանի չէ: Գլխավորը, որ Թուրքիան դուրս ենք թողել այս գծից: Սա արդեն որպես ալտերնատիվ: Այն դեպքի համար, քանի դեռ պարզ չէ՝ Ամերիկան Մեղրին ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում: Եւ, առհասարակ, ի՞նչ է ուզում Ամերիկան:

Մեղրին կարծես թե ուզում է, բայց չի ուզում, որ կաուչուկը Չինաստանը կամ Ռուսաստանը առնի, հատկապես չի ուզում, որ առնի Պարսկաստանը: Իսկ Ռուսաստանը ոչ ինքն է առնում, ոչ «պետպատվեր է» իջեցնում Հայաստանի ձեռնարկությանը, ոչ էլ ուզում է, որ որեւէ մեկը առնի: Հավանաբար, չի ուզում, որ իր հումքը շարժունակ դարձնի ո´չ չինական բանակը, ո´չ էլ պարսկականը: Կաուչուկ է, թող մնա, ո՞ւմ է նեղություն տալիս, երեւի մտածում է Ռուսաստանը: Իսկ Պարսկաստանը, շահագրգռված լինելով Ռուսաստան-Հայաստան-Չինաստան բլոկով ընդդեմ Ամերիկայի, կաուչուկի նման մանրուք չի ուզում զիջել Չինաստանին, ինչպես Թուրքիային չի զիջում դժվար եռացող կարմիր լոբու եւ հեշտ ծամվող անանուխի ծամոնի ներմուծումը Հայաստան: Իսկ Պարսկաստանին չի կարելի տալ մի քանի պատճառներով.

  1. Ձրիեն ուզում,
  2. Լավհարեւան են, բայց մահմեդական,
  3. Փղերըմարդկանց դեմ հանելու սովորություն ունեն,
  4. Մեղրուգործը կարող է գլուխ գալ,
  5. Պարսկաստանինտալով՝ Չինաստանին տալու բան չենք ունենա:

Իսկ Հայաստանը ուզում է ռուսական հումքով աշխատող հայկական աշխատատեղերով չինական գործարան: Ճարպիկ է, չէ՞, մտածված: Մի հարվածով երկու անհնազանդ ցուլ գամում ես Արարատյան կանաչ գեոպոլիտիկ դաշտին: Պարսկաստանն էլ՝ քեզ նվեր որպես տրանզիտ երկիր: Հետեւաբար, ինչ կա չհասկանալու, որ Հայաստանի նախապատվությանը Չինաստանը կողմ է: Առավել եւս, որ Ռուսաստանը վերջերս իրեն լավ չի պահում: Եւ դարձյալ չհասկանալով, որ հյուսիս-հարավը գիծ է, ոչ թե ուղղություն, եւ դարձյալ տանձի տեղ չդնելով իր ազգային շահը, շրջանցում է Հայաստանը՝ ձախից Կասպից ծովով կապվելով Ադրբեջանին ու Պարսկաստանին, աջից՝ Սեւ ծովով՝ Թուրքիայի հետ:

Մեռավ հայ մտավորականությունը 200 տարի ռուսների ազգային շահը ռուսներին բացատրելով:

Իսկ չինական կողմնորոշման առաջին զոհը դարձավ Շառոյանի կուսակցական պատկանելությունը: Ամերիկայի դաշնակցությունը դեմ է «դեղին խաղեր» տալուն, որովհետեւ Ամերիկան դեմ է, Պարսկաստանի դաշնակցությունը ոչ կողմ է, ոչ դեմ, իսկ Սիրիայի կուսակցական ազգականները օգնել չկարողացան, որովհետեւ Լիբանանի դաշնակցությունը իր կառավարության միջոցով անձնական հարաբերություններից վեր կանգնել ու տնտեսական հարաբերությունների մեջ է Քոչարյանի հետ, ասում են, կոնյակի գործարանի գործով: Անկեղծ ասած, մենք մեր մեջ մտածում ենք, որ Շառոյանին հեռացնելը ավելի շատ կասկածելի սեթեւեթանք է: Հավանական է, որ անդամությունը մի թեթեւ սառեցրել են, մինչեւ չինական հարցի հրատապությունն անցնի: Եւ մինչ մեր ազգային կուսակցությունների հատվածները կառավարությունների դիրքորոշումն էին ճշտում կաուչուկի հարցում, Լոռվա սարերում լոռեցի միամիտ-շարքային մի դաշնակցական (նախկին ՀՀՇ-ական) մղկտալով դիմում է անտառի ծառերին. «է՜ , էդ հեռու Չինաստանը մեզ ոնց տի՞ փրկի թուրքերից...»

.

23.11.2000

Յատուկ Երաժշտություն
Oրորոցային
Ալեքսանդր Սպենդիարյան

Oրորոցային