Վանո Սիրադեղյան
Հայ դատի թղթակից անդամները
Բրեժնեւը դրանց տարիքում կարգին մարդ էր: Խելքը չգցած, հիշողությունը տեղը, քայլվածքը հաստատ: Սրանց ի՞նչ է պատահել, որ ցնդել են՝ վաղաժամ կլիմաքսից պատուհասված հոդվածագրուհիների նման:
Թե ասես՝ սնունդը տեղին չէ, անարդար կլինի, որովհետեւ թերասնվող ժողովրդի համեմատ լուրջ աշխատավարձ են ստանում, չհաշված այդքան հերոսական «չտվողության» կապրիզի դիմաց («ոչ մի թիզ հող») ստացվող փեշքեշները: Թե ասես՝ էն գլխից են այդպիսին եղել: Բայց դա ի՞նչ մի հասկանալու բան է, եթե աղբամանները քրքրող ժողովուրդ են տեսնում ամեն օր էդ, էդ - «Ժողովուրդի խղճի» հավակնորդները: Երբ դաշնակ ջահելներն են թզերը դնում ուրիշի գրաված տարածքների վրա ու հետ չեն քաշում, էլի հասկանալի է. ուրիշի հող է, ուրիշի արյուն, ուրիշի բազար: Երբ գուսան Համազասպն է տեղ ման գալիս ոտանավորներ որոտալու, առավել հասկանալի է, որովհետեւ գուսան է եւ բեմ է երազում: Իսկ սրանք, որ զուգարան գնում են ափլփելով (որովհետեւ կարիքը միշտ անակնկալի է բերում), այս վաղաժամ զառամած թղթակից-անդամները թոռներ չունե՞ն, որ հետները զբաղվեն, թե՞ քնելուց առաջ դրանց տուն չեն թողնում, որ զահլա չտանեն: Ակադեմիկոս դառնալուց առաջ մի հարյուր - երկու հարյուր գիրք կարդացած կլինեն, հարամ չեղա՞ն էդ գրքերը դրանց գլխին: Թե՞ արդեն մոռացել են: Թե՞ չեն կարդացել: Թե՞ չեն հասկացել: Իրենք էլ հո ամեն օր հեռուստացույց նայելու հնարավորություն ունեն, մի՞թե չեն տեսնում աշխարհն այսօր ինչ տագնապներով է ապրում եւ ինչ կարգի ծայրահեղություններ է մերժում: Թե՞ հեռուստացույց էլ չեն նայում: Բա ինչո՞վ են էդ դեպքում զբաղվում: Բուն բանը վաղուց չեն անում, թոռներով չեն զբաղվում, գիտությամբ, ըստ ամենայնի, չեն զբաղվում, դոմինո չեն խաղում, չեն կարդում, հեռուստացույց չեն նայում: Եթե ոչ կարդում, ոչ հեռուստացույց են նայում, իրավիճակի ի՞նչ իմացությամբ են քաղաքական մեյդան ընկել: Հայրենասիրությա՞մբ պայտված: Բայց չէ՞ որ հայրենասիրությունը ո´չ զբաղմունք է, ո´չ մասնագիտություն: Ո´չ էլ իմացության աղբյուր: Հայրենասիրական զեղումով այդ տարիքում լավագույն դեպքում կարելի է կենաց ասել: Մեռնի-տրաքի՝ հռչակվել Թամադա: Բայց ո՞վ կնշանակի խմել էլ չկարացող թամադա: Այդ կարողություններով ավելի հարմար չէ՞ր դոմինո խաղային: Թե կարծում են՝ ազգային գործունեությամբ կարելի է զբաղվել նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշ ոչ մի բան արդեն չես կարողանում: Թե՞ Հայ Դատի համազգային նշանակության անհատական թոշակառուի կարգավիճակով, «Գիտելիք» չեղած ընկերությունում գրդոնչի են ձեւակերպվել եւ «Կուսակցության ու կառավարության որոշումների լույսի ներքո» հիմա էլ «ոչ մի թիզ»-ի հիմունքներ են ժամավճարով դասախոսում կլուբներում՝ հոդատապի ու փորկապի նոպաների արանքներում: Հետաքրքիր կլիներ լսել դրանց թոռներին: Երեւի դրանք քոքված, ոտքերը գերեզմանի դարպասներին դեմ տված, կարճ յուբկայավոր տատերի նման արգելում են, որ թոռները իրենց պապիկ ասեն: Եւ պահանջում են, որ կամուֆլյաժե ծերունական փամպերսի պետք ունեցողներին դիմեն, ինչպես պարտիզաններին են դիմում անունով: Որ թոռները կանչեն, ասենք, Ռաֆո: Կամ, ասենք, Լենսեր: Կամ՝ Լեն... չգիտեմ ինչ: Ի՞նչ իմանամ, ինչքան պթռակ սունկ է աճել հիմա իշխանության գոմաղբի շուրջը:
9.02.2002