Ստեփան Զորյան
Կամաց խոսեք...
Հենց իր անվանակոչության օրը ս. Գևորգ եկեղեցու երեսփոխ, ծխական դպրոցի հոգաբարձու, Մարդասիրական ընկ. անդամ, քաղաքային դումայի իրավասու, սանիտարական հանձնաժողովի նախագահ և տնատեր ու պատվավոր քաղաքացի Դավիթ Դանիելյանի ատամները ցավում էին սաստիկ։
Ցավն սկսել էր դեռ նախընթաց օրը, բայց այդ առավոտ ավելի սաստկացավ, այնպես որ նա չկարողացավ ոչ ոքի ընդունել։ Տեսնելով ցավը շատ է նեղում, կինը խորհուրդ տվեց գնալ ատամնաբույժի մոտ, բայց Դանիելյանը, որ ատում էր առհասարակ ատամնաբույժներին, չուզեց գնալ, որովհետև մի անգամ նրա ցավող ատամի տեղ հանել էին առողջը։
Համենայն դեպս, գնա՛, առաջարկում էր կինը, գուցե մի դեղ տան։
Չեմ գնա, ասում էր Դանիելյանը ներքին ծնոտը բռնած անցուդարձ անելով, չե՛մ գնա, կարող ես ինքդ մի բան արա... O՛խ-օխ-օ՜խ... սպանեց, Մարիամ, սպանեց...
Այդ տեսնելով՝ տիկին Մարիամն սկսեց գործադրել իր գիտցած միջոցները։ Ամենից առաջ սոխ խորովեց և ամուսնու ատամների վրա դրեց, հետո աղի ջրով բերանը ողողել տվեց, վերջը մի մեծ մախաթ դրեց կրակը և նրանով ատամները դաղեց, բայց ցավը չանցավ ամենևին. ինչ-որ մի անհայտ ձեռք, ասես շիկացած ասեղներով, ծակծկում էր պարոն Դանիելյանի ներքին ծնոտը։
Եվ պարոն Դանիելյանը, ցավից գլուխը բռնած, մերթ անհանգիստ անցուդարձ էր անում, մերթ պառկում բազմոցի վրա և միառժամանակ լուռ նիրհում։
Տիկին Մարիամը, ձեռները կրծքին դրած, հուղարկավորի դեմքով նայում էր ամուսնուն և վշտանում, որ ոչն֊չով չի կարողանում օգնել։
Սպանե՛ց, Մարիամ, սպանե՛ց, կրկնում էր Դանիելյանը ծնոտը սեղմելով։ Այն ո՞վ է, Մարիամ, այնպես բարձր խոսում։ Ի սեր աստծո, ասա՝ լռեն, իմ դրությունը չե՞ն տեսնում...
Ամուսնու խոսքերի վրա տիկին Մարիամն անցավ մյուս սենյակը և սաստեց այնտեղ գտնվող իր երկու աղջիկներին։
Կամա՛ց խոսեք, չեք տեսնում՝ հայրիկի ատամները ցավում են, ասաց նա այնպիսի ձայնով, կարծես տանը ննջեցյալ լիներ։
Աղջիկները մեղավորի պես լռեցին, և այնուհետև եթե նրանցից մեկը կամ մյուսը, մոր պատվերը մոռացած, ուզում էր բարձր խոսել կամ բերանը բանում էր ծիծաղի, մյուսը սաստում էր իսկույն.
Կամա՛ց... հայրիկի ատամները ցավում են...
Կեսօրին Դանիելյանին այցելության եկավ Տեր-Հովսեփ քահանան և, տեսնելով իր սիրելի երեսփոխի դրությունը, խորհուրդ տվեց՝ աղով շաղախած մոխիր դնել ատամների վրա։
Իսկույն կանցնի, ասավ, անձամբ փորձել եմ, ինձ էլ պառավ աղախինս խորհուրդ տվեց։ Դա լավ միջոց է, կարգս վկա։ Փորձեցեք և կտեսնեք... Քահանայի գնալուց հետո կատարեցին և այդ խորհուրդը, բայց ցավը չմեղմացավ անգամ, առաջվա պես ներքին ծնոտը, ասես, ուզում էր պոկվել տեղից։
Սպանե՛ց, Մարիամ, սպանե՛ց, ասում էր Դանիելյանը գլուխը տարուբերելով։ Այն ի՜նչ աղմուկ է բակում, Մարիամ, ի սեր աստծո, այն ի՜նչ աղմուկ է...
Տիկին Մարիամը ձեռները կրծքին, անձայն քայլերով դուրս եկավ տնից, սանդուղներով իջավ բակը և, հուղարկավորի նույն բեկված ձայնով, խնդրեց խաղացող դպրոցականներին աղմուկ չբարձրացնել։
Այնպես, մի քիչ կամա՛ց խոսեք... Դավիթ քեռու ատամները ցավում են...
Երեխաները միառժամանակ խաղացին անձայն, բայց հետզհետե մոռանալով տանտիրուհու պատվերը, նորից աղմուկ բարձրացրին։ Այդ պատճառով տիկին Մարիամը կրկին իջավ բակը և նորից խնդրեց երեխաներին, որ «կամաց խոսեն», ապա մտավ դռնապան Սիմոնի խուցը և պատվիրեց, որ թույլ չտա երեխաներին աղմկելու։
Թող մի քիչ այնպես կամաց, կամա՛ց խոսեն, պարոն Դավթի ատամները սաստիկ ցավում են...
* * *
Երեկոյան դեմ ցավն ավելի սաստկացավ, այնպես որ պարոն Դանիելյանը մի բաժակ թեյ անդամ չկարողացավ խմել։ Տեսնելով բոլոր միջոցներն ապարդյուն անցան նա հուսահատված սկսեց մտածել մահվան մասին և այն մասին, որ մարդիկ չեն կարողանում մի միջոց գտնել ատամի ցավի դեմ։
Ես զարմանում եմ, ասում էր նա կնոջը՝ գլուխը բռնած քայլելով, այդ գիտնականները մի գլուխ անօգուտ ու անպետք բաներ են հնարում։ Ինչի են պետք, օրինակի համար, հեռախոսը, այերոպլանը, գրամաֆոնը... Մարդիկ առանց դրանց ապրել են, առանց դրանց կապրեն էլ... Նրանք այդ գիտնական կոչվածները մարդու ցավերի, մարդու առողջությանը հարկավոր բաների մասին չեն մտածում ամենևին. ո՜ւհ...
Խոսում էր պարոն Դանիելյանը և անցուդարձ անում սենյակում, իսկ տիկին Մարիամը ձեռները կրծքին, նույն հուղարկավորի դեմքով, լուռ լսում էր նրան և նիրհում թեթևակի։ Նա այնքան նիրհեց, որ հենց նստած տեղն էլ քնեց։ Որքան էր քնել՝ չգիտեր, մեկ էլ ականջն ընկավ մարդու ձայնը.
Մարիամ, ա՛յ Մարիամ, այն ո՞վ է այնպես գոռում։ Ի սեր աստծո, գլուխս տրաքեց, մի տե՛ս...
Տիկին Մարիամը, երազի մեջ, աչքերը բաց արավ.. մի քանի անգամ հորանջեց ու ականջ դրավ։
Հարևան բնակարանում մեկը բարձր ու զիլ ձայնով երգում էր և շուտ-շուտ կրկնում. «Հիմի՞ էլ լռենք, եղբայրք»...
Լռի՛ր, լռի՛ր, ասաց Դանիելյանը ինքն իրեն, անցուդարձը շարունակելով։
Երգողը դերասանն է, ասավ տիկին Մարիամը, կրկին հորանջելով։
Ով ուզում է լինի, ի սեր աստծո, գլուխս տրաքեց...
Տիկին Մարիամը մութ միջանցքով, ձեռները պատերին քսելով, մոտեցավ դերասանի բնակարանին և դուռը թակեց։
Ո՞վ է, մտե՛ք, լսվեց դերասանի բարիտոնը։
Ես եմ, պարոն, ասավ տիկին Մարիամը ողորմություն խնդրելու եղանակով։ Ես, Մարիա Բոգդանովնան։ Եթե կարելի է, պարոն մի քիչ կամա՛ց երգեցեք, պարոն Դավթի ատամները ցավում են...
* * *
Այսպես երեք օր ու երեք գիշեր շարունակվեց պարոն Դանիելյանի ատամների ցավը։ Եվ երեք օր ու երեք գիշեր թե՛ տանը, թե՛ բակում, թե՛ հարևան բնակարաններում լսվում էր տիկին Մարիամի շշունջը.
Սը՜ս... կամա՛ց խոսեք, պարոն Դավթի ատամները ցավում են...
1915