Ստեփան Զորյան

Բարեկամներ

Ձյուն է գալիս...

Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։

Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։

Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։

Նա հենց նոր դուրս եկավ հագուստեղենի խանութից, ուր գործակատար է երկար տարիներ ի վեր, և հիմա շտապում է տուն ընթրելու։

Ծեր Պողոսն այսպես է. նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։ Նա այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։ Ո՛չ... Պողոսն այդպիսի բան չգիտի, նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ, քնում է երեկոյան ժամը իննին, զարթնում է վեցին, երբ Թիֆլիսի գործարանների սուլիչը աշխատանքի է կոչում բանվորներին. խմում է թեյ, ճաշին ուտում է մի տեսակ կերակուր, իսկ երեկոյան ինչ կպատահի... Առաջ նա սիրում էր մորը, իսկ հիմա, նրա մահից հետո, իր վիշտն և ուրախությունը բաժանում է մոր թողած կատվի հետ... Այսպես է ծեր Պողոսը։ Բայց նա ունի և իր հոգսը չլինի՜ թե մի հիմար բան պատահի և հանկարծ գործից հեռացնեն իրեն, կամ տանտերը սենյակի քրեհն ավելացնի... Պետք է զգո՜ւյշ լինել...

Չնայած ցուրտ է, բայց ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։ Նրա մտքերը թափառում են իր փոքրիկ սենյակում, պտտվում հացի սեղանի շուրջը, նայում են պատից կախված մոր պատկերին, սեղանի ծայրին նստած կատվին և կանգ են առնում անկողնի վրա, ուր իր հետ միասին գիշերները ննջում է մոր թողած ժառանգությունը... Վանա կատուն։ Սակայն նրան ավելի զբաղեցնում է ընթրիքը... Այսօր ձկան գլուխ կա տանը...

Բայց ահա նա մոտենում է իր սենյակին, պատշգամում թափ է տալիս վրայի ձյունը, բանալիի երկու պտույտով բանում է դուռը և մտնում ներս։ Ներս մտնելով՝ սպասում է, որ կատուն մթան մեջ ահա կքսվի ոտներին և կմլավի, թե «սոված եմ»։ Այսպես է հասկանում ծեր ամուրին կատվի մլավոցը... Բայց կատուն այսօր, հայտնի չէ ինչո՛ւ, չի քսվում նրա ոտներին, ի՞նչ է պատահել... Ամուրին զարմանում է մի քիչ. ասենք այդպիսի դեպք հաճախ է պատահում. զարմանալու ոչինչ չկա... նա վառում է լամպը և նայում այս ու այն կողմ, կատուն դարձյալ չի երևում։

Որտե՞ղ ես, է՛յ, ասում է ամուրին և կանչում. փիսի՛, փիսի՛, փիսի՛...

Կատուն դանդաղ դուրս է գալիս մահճակալի տակից և գլուխը կախ, անշարժ կանգնում տիրոջ առաջ։

Քեֆդ էլի վատ է, հա՜, խոսում է Պողոսը։ Ով գիտի սովա՞ծ ես... Ոչինչ, հիմի ուտելու բան կտամ քեզ...

Վերջին խոսքերն արտասանելով՝ նա գնում է դեպի հացի սեղանը. բայց դեռ սեղանին չհասած՝ կանգնում է մեխվածի պես։

Դրա համար ես մռութդ կախել հա՜, հանկարծ դառնում է կատվին բարկացած։ Ա՜խ, անպիտա՛ն. ախ, դու անամո՛թ...

Եվ նա զայրույթով ձեռքերը թափ է տալի կատվի վրա։

Չնայած ինքը Պողոսը ձկան պնակը ծածկել էր մի ուրիշ պնակով, բայց կատուն, այդ անպիտանը, այնուամենայնիվ կերել է ձուկը։

Սա քանիերորդ անգամն է, որ այսպես ես անում, անամո՛թ... Կգայի, մենակ չէի ուտի, քեզ էլ կտայի... Իսկ դու, ագահ անասուն, վերցրել ու կերել ես առանց սպասելու, ասում է ամուրին որդուն խրատող հոր եղանակով և հանկարծ գոչում բարկացած. Անպիտա՛ն, անպիտա՛ն։

Կատուն երկյուղով շարժում է պոչը և գնում անկյունում նստում։ Նա զգում է, որ հանցավոր է, ուստի և գլուխը կախում է կրծքին։

Չէ՜, ինչպես տեսնում եմ, դու արդեն չափը անցնում ես, շարունակում է Պողոսը՝ ձեռքերը թափահարելով։ Անցյալ օրը բաժակն ես կոտրել, էն օրը սերն էիր կերել, էսօր էլ ձուկը... Սա ի՞նչ է... իսկ ինչ քո՛ւ բանն է, էն չես անում։ Գիշերները մկները հանգիստ չեն տալի, դու տերը չես ըլում և վերցնում ես ձուկն ուտում...

Կատուն պոչը սեղմում է ոտներին և գլուխն ավելի իջեցնում, ինչպես մեղապարտը դատախազի առաջ։

Ծեր ամուրին շարունակում է բարկացած անցուդարձ անել։ Նրան ավելի զայրացնում է կատվի համարձակությունը, որ ձուկը կերել է ամբողջապես և միայն ոսկրափշերն է թողել, գոնե մի կողմն ուտեր, էլի ոչինչ, բայց նա կերել է բոլորովին... Եվ Պողոսի բարկությունն աճում է ավելի։ Նա ձեռքը թափ է տալիս հանցավոր կատվի վրա և բացականչում.

Դո՛ւրս, դո՛ւրս էստեղից, անպիտա՛ն...

Ու դուռն արագությամբ բանալով՝ նա կատվին անում է պատշգամբը և ինքը նստում-մտածում, թե ինչո՞վ ընթրի այս երեկո. ոչ հաց կա, ոչ պանիր. ճաշարան չարժե գնալ՝ հա՛մ թանկ է, հա՛մ անմաքուր... Ու մտածում է երկար։

Մինչ նա մտածում է այսպես, դուրսը կատուն քսվում է դռանը, թռչում լուսամուտի գոգը և չանգռում ապակիները։

Սատկի՛ր, սատկի՛ր, ասում է ամուրին։ Բաց չեմ անի, սատկի՛ր...

Ու այս ասելով՝ նա ավելի հաստատ է նստում տեղը, կամենալով ցույց տալ, կարծես, թե իր վճիռն անխախտ է։ Բայց կատուն նորից ոտները քսում է դռանը, թռչում է լուսամուտի գոգը և, ապակիները չանգռելով, մլավում։

Ինչպես երևում է, մրսում է։

Սատկի՛ր, ասում է ամուրին նորից, ձուկը կուտե՞ս...

Սակայն կատուն այս անգամ սաստկացնում է մլավոցը, որ անշուշտ հասնում է հարևանների ականջը։ Նա իր չանգերով նորից բախում է դուռն ու լուսամուտը, և ծեր ամուրիին թվում է, թե կատուն իր մլավոցով ասում է.

«Ների՛ր, ների՛ր, էլ չեմ անի»։

Քեզ չպետք է ներել, անպիտա՛ն, ասում է ամուրին։– Դու ամենևին չես խրատվում... Ու այս ասելով՝ նայում է պատից կախված մոր պատկերին, որի հայացքը կարծես ասում է. «Ների՛ր, Պողոս, մեղք է, ների՛ր». հետո մտածում է, որ ձկան գլուխն ուտելով՝ ինքն առանձին բան չէր շահի, չուտելով էլ՝ ոչինչ չի կորցնում։

«Ենթադրենք թե սկի չկա, մտածում է նա ինքն իրեն, և գտնում է, որ իր արածը այնքան էլ լավ բան չէ. կատվին թողել է դուրսը մլավելով, հարևանները կիմանան, այդ էլ մի ամոթ... Եվ մի փոքր տատանվելուց հետո, նա դնում է դեպի դուռն ու ասում.

Հը՛մ, էլ էդպես բան կանե՞ս... Ցուրտը կերա՜ր։ Խրատվի՛ր հիմի...

Ու մի քանի րոպեից փակ դուռը բացվում է կրկին և կատուն մտնում է ներս։

Նա մռռոցով քսվում է ծեր ամուրիի կոշիկներին, վարտիքի տոտերին, կարծես շնորհակալություն է հայտնում։

Այսպես, սիրելիս, այս քեզ խրատ, մատը թափ է տալի ամուրին։ Մյուս անգամ չհամարձակվե՛ս... Իսկ եթե համարձակվեցիր՝ վա՜յ քեզ... Այն ժամանակ ի՛նչ կուզես արա, էլ դուռը բաց չեմ անի։ Հասկանո՞ւմ ես, որ ես ասում եմ բա՛ց չեմ անի, նշանակում է՝ բաց չեմ անի...

Սակայն կատուն, որ միշտ լսում է այս խոսքերը, ըմբռնում է միայն այն, որ ինքն ի՛նչ էլ ուտում է թաքուն, որքան էլ բարկանում է տերը ու դուրս անում իրեն, բայց և այնպես, ամեն անգամ էլ դուռը բացվում է իր առաջ։

Անցնում է մի ժամ. ծեր ամուրին լույսը հանգցնելով մտնում է անկողին, իսկ կատուն, մեջքը բարձրացնելով ու ձգելով, կծկվում է ու պառկում նրա ոտների վրա։ Փոքր անց՝ ցածրիկ սենյակը լցվում է քնի հանգիստ մշմշոցով...

1916

Յատուկ Երաժշտություն
Անուրջներ
Առնո Բաբաջանյան

Անուրջներ

Աշունը Ջաջուռում, 1974 թ
Աշունը Ջաջուռում, 1974 թ
Խաղա առցանց