Շուշանիկ Կուրղինյան
Երկրի երգերից
Հիվանդ, հոգնած, լի ցավերով,
Երկիրը լուռ, անբարբառ,
Վեր էր նայում թաց աչքերով
Ջինջ երկնքին լուսավառ։
Տանջված օրվա զրկանքներից՝
Չկար հանգիստ աչքերում,
Նրա կարծր, սևցած դեմքին
Վիշտ էր սողում-գալարվում։
Եվ մշտական խարույկ սրտի
Խորքերիցը խոլական,
Անվերջ լացի, հառաչանքի
Ձայն էր գալիս դիվական։
Նախանձում էր հեռու հեռու
Ձգված անհուն եթերին՝
Որ ցոլում էր մանուկ հոգու
Խաղաղ փայլը շրթերին։
Եվ բնության այդ անարդար,
Անգութ գործից վշտացած,
Տրտնջում էր իր անփարատ
Վշտից սիրտը լճացած։
«Չէիր փայլել՝ թե վշտերիս
Լինեիր գեթ ցավակից,
Կամ բարձունքից վայր նայելիս
Սիրտդ բախեր գթալից․․․
Կապույտ դեմքդ ալ կը հագներ
Անվերջ ծորող արյունից,
Լուսին, աստղեր վայր կը թափվեր
Խեղդված աղի արցունքից․․․»։
1906 թ
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Կոմիտաս
Վաղարշապատ
Լեռներ, 1923 թ
Խաղա առցանց