Շուշանիկ Կուրղինյան

Դև կամ հրեշտակ

Մրրիկ լինեի, որոտ կամ կայծակ․․․
Անհուն ոչնչի ազատ բացերով,
Կախված ամպերի բլուրների տակ
Վազեի շանթող, հրե բոցերով՝
Խառնեի իրար ողջը՝ օդային․
Որ նա սասաներ միահեծ գահից,
Լուսին և աստղեր վար թոթափեին․
Տարերքը ցասման մոլեգին ահից։
Եվ լա՜ր երկինքը․ լային այն անբան
Ոգիներն ամեն․ թույնը՝ տանջանքի
Դառնար կերակուր․ և անմահության
Երազը փոխվեր ցավոտ երկունքի։
Եվ ողջը՝ քաոս, և ողջը՝ ժխոր․
Մնար անթափանց․․․ մռայլ ու խավար․
Որպես մի գեհեն, դժոխք լուռ ու խոր՝
Առաջվա նման աննյութ, անկատար․․․

Երկնքի բոլոր հյութերը ծծած՝
Իջնեի երկիր, այդ տիտան գերուն
Աննվաճ ուժով ոտքիս տակ ձգած՝
Խառնեի իրար― ձմեռ ու գարուն,
Թռչուն, անասուն, ջուր, հուր, լեռ ու քար,
Ճիճու, որդ միջատ, մարդ, իժ գալարուն,
Ծառ, ծաղիկ ու տունկ, բույս և ծիլ դալար՝
Ծեծկեի անխափ․ աղջում դարևոր
Շրջեի մահով՝ մեռներ ամեն ինչ․
Կործանվեր նրա ջանքերը բոլոր,
Վերը և վարը՝ չմնար ոչինչ․․․
Եվ ես ինքնիշխան, անկախ և անոք
Շրջեի ազատ՝ անհայտության մեջ․
Որ չզգար մեկը, չտեսներ ոչ ոք՝
Իմ կյանքը, դեմքը, կրծքի ելևէջ․․․
Ազատ և մենակ― Դև կամ հրեշտակ․․․

1907 թ. 20 մայիսի

Յատուկ Երաժշտություն
Սամարիա
Էլեն Յոլչյան

Սամարիա