Սերգեյ Դովլաթով

Ինչից եք բողոքում, Սերժա՛նտ

որձեք բժիշկ Յավշիցի մոտ մտնել պոկված գլուխդ ձեռքիդ բռնած: Կնայի տրտում կարճատես աչքերով և անտարբեր կհարցնի.
– Ինչի՞ց եք բողոքում, սերժանտ:

Յավշիցից ազատական պոկելու համար պիտի առնվազն օդային աղետից փրկված լինես: Բայց և այնպես, մեկ տարվա ընթացքում սովորեցի կեղծել ցանկացած հիվանդություն՝ ռադիկուլիտից մինչև կատարախտ: Իմ սեփական մեթոդն էի մշակել: Մեթոդը հետևյալն էր: Ես պարզապես հիշատակում էի ուզածդ ֆանտաստիկ ախտանշան: Իսկ հետո կատաղի համառությամբ պաշտպանում էի նրա գոյությունը: Մի ամբողջ ամիս, օրինակ, Յավշիցին հիմարացնելով, կրկնում էի.
– Այնպիսի զգացողություն ունեմ, բժի՛շկ, ասես ինձնից դուրս են մղում թթվածինը: Բացի այդ, եղունգներս ցավում են ու ողնաշարս քոր է գալիս…
Բայց այս անգամ բախտս չբերեց: Իմ ռադիկուլիտն անփառունակ վախճան ունեցավ: Յավշիցն ասաց.
– Կարող եք գնալ, սերժա՛նտ:
Ու ցուցադրաբար բացեց Սիմենոնի հատորյակը:
– Հետաքրքիր է,- ասացի ես՝ հասկանալ տալով, որ այս պահից բժշկի խղճին է կործանարար հիվանդության ողջ պատասխանատվությունը:
– Ես այլևս ձեզ չեմ պահում,- քրթմնջաց բժիշկը:
Ես ցինկե տակառիկից ջուր խմեցի ու նայեցի՝ ինչ կա լենինյան սենյակում:
Այնտեղ մեն-մենակ նստել էր Ֆիդելը: Նրա առջև՝ երեսնիվար մի աթոռ էր: Հին ու հանճարեղ վարպետների հանգույն՝ Ֆիդելը նստատեղի ստորին մասը պատում էր նրբին քանդականախշերով: Եվ այդ ընթացքում ինչ-որ երգ էր դնդնում քթի տակ:
– Հրաշալի է,- ասում եմ:
Ֆիդելը իրենից մի քիչ հեռացրեց աթոռը: Հետո հպարտությամբ զննեց իր աշխատանքը: Ես այնտեղ մի հակիրճ ու համընդգրկուն հայհոյանք կարդացի:
– Ահա,- ասաց նա,- հոգու ճիչ է:
Հետո հարցրեց.
– Էդիտա Պիեխան դուրըդ գալի՞ս է: Մենակ՝ ճիշտ…
– Էն էլ ո՜նց,- ասացի ես:
– Դե՞մքը, թե՞ մարմինը:
– Էն էլ, էն էլ:
– Բայց նրան մեկնումեկը երևի էն բանից անում է, չէ՞,- երազկոտ ասաց Ֆիդելը:
– Չի բացառվում,- ասում եմ:
– Կնոջ մեջ գլխավորը դա չի,- ասաց Ֆիդելը,- գլխավորը բնավորությունն է: Ո՞նց ասեմ՝ դրական հատկությունները… Ես մեկն ունեի Սիկտիվկարում, ծաղիկներ էի նվիրում: Անմոռուկներ, վարդեր, ամեն ձևի քրիզանթեմներ…
– Սուտ ես ասում,- ասացի ես:
– Սուտ եմ ասում,- համաձայնեց Ֆիդելը,- բայց խնդիրը հո դա՞ չի: Խնդիրը սկզբունքն է… Դու գիշե՞րն ես հերթապահության:
– Ասենք թե:
– Վեցերորդ բարաքում զեկերն ինչ-որ կեղտոտ գործի են: Օպերն անձամբ նախազգուշացրեց:
– Կոնկրետ ի՞նչ:
– Չգիտեմ, իրեն հարցրու: Ինչ-որ զզվելի բան են մտածել: Կամ էլ կարող է սովորական գզվռտոց է…
– Լավ կլիներ՝ պարզեինք:
– Օպերին հարցրու…

Մենք կտրում էինք զորանոցի բակը: Նորակոչիկները շարային պատրաստություն էին անցնում: Հրամաններ տվողը սերժանտ Մելեշկոն էր: Մեզ տեսնելով՝ նա միանգամից փոխեց տոնայնությունը:
– Ի՞նչ է, Պարամո՛նով,- գոռաց սերժանտը,- ձվե՞րդ են խանգարում:
Պարամոնովի հայրը գրականագետ էր: Նրա որդին երթաքայլել չէր կարողանում: Գիմնաստյորկային վերնաշապիկ էր ասում: Ավտոմատին՝ հրացան: Բացի այդ, բանաստեղծություններ էր գրում: Եվ դրանք օրըստօրե ավելի ու ավելի հայհոյախոս էին դառնում…
Անցանք դռնբաց արտաքնոցի մոտով: Հայտնվեցինք շնանոցում: Ընդարձակ խցերը պատված էին երկաթե ցանցերով: Դրանց մեջ մոլեգնում էին պահնորդային չար շները: Փռչոտ Ալման կատաղությունից կրծոտում էր իր պոչը: Բուրդը լրիվ կորել էր արյան մեջ…
Պախապիլը չկար: Հրահանգիչ Վոլիկովը սեղանի մոտ նստած՝ ինչ-որ բան էր սարքում: Նրա առջև դրված էր ռադիոբարձրախոսը: Հետնապատը հանված էր: Կանիֆոլի սուր հոտ առա…
Մեզ տեսնելով՝ հրահանգիչն անջատեց զոդիչը:
– Լավ է քեզ մոտ,- ասաց Ֆիդելը,- ղեկավարությունը շատ ներսուդուրս չի անում:
Մենք զննեցինք գերանակապ պատերը: Անփույթ հավաքած անկողին: Գունավոր լուսանկարներ՝ սեղանի գլխին: Ֆուտբոլի չեմպիոնատի աղյուսակ, կիթառ, շների վարժեցման հրահանգ…
– Ինձ կխրկեն էստեղից,- նկատեց Վոլիկովը,- շները լրիվ խելքները գցել են: Ալմային հանում եմ բլոկ-պոստ: Զեկը մեր կողքով անցնում է, սա պոչն է շարժում: Ու հարձակվում է զինվորների վրա: Լրիվ վայրենացել է: Նույնիսկ ինձ չի ընդունում, սատկածին հատուկ դիտանցքով եմ կեր տալիս:
– Մարդ նրա տեղը լիներ,- ասաց Ֆիդելը,- ու կրծեր կապիտան Տոկարի կոկորդը: Բա ո՜նց, նրան հո տրիբունալ չի՞ հասնում…
– Թե ուզում եք, գնանք, քոթոթներին ցույց տամ,- շալվարը ոտքերին քաշելով՝ ասաց Վոլիկովը:
Մենք, կռանալով, մտանք հատուկ խորդանոցը: Այնտեղ կողքանց պառկել էր շիկամազ քած Մամուլյան: Նա տագնապած բարձրացրեց գլուխը: Կողքին, նրա փորին կիպ կպչելով, խլվլում էին ձագուկները:
– Ձեռ չտաս,- Ֆիդելին ասաց Վոլիկովը:
Ինքը սկսեց մեկ-մեկ վերցնել լակոտներին ու տալ մեզ: Նրանց փորիկները վարդագույն էին: Բարալիկ թաթերը դողում էին:
Ֆիդելը մեկին մոտեցրեց դեմքին: Քոթոթը լպստեց նրան: Ֆիդելը ծիծաղեց ու կարմրեց:
Մամուլյան անհանգիստ հետևում էր մեզ ու շարժում պոչը:
Մի քանի վայրկյան լուռ կանգնած էինք: Հետո Ֆիդելը վեր պարզեց ձեռքերը, ինչպես ջազային երգիչ Չելենտանոն՝ «Սուպրաֆոն» ձայնասկավառակի շապիկին: Հետո հայհոյանքի հեղեղ տեղաց բոլոր յոթ շնաձագերի վրա: Մամուլյայի: Վաշտի ղեկավարության: Անձամբ կապիտան Տոկարի: Տեղիս կլիմայի: Վերակացու անձնակազմի հրահանգավորման: Եվ նախատեսվող ավանդական դահուկավազքի:
– Արժեր մի շիշ բան բերել,- ասաց Վոլիկովը: Ասես ինչ-որ տեղ համապատասխան նախանշան էր տեսել:
– Չի կարելի,- ասացի ես,- գիշերը հերթապահության եմ:
– Վեցերորդում ինչ-որ խառնակչություն է սկսվում, լսե՞լ ես:
– Բայց կոնկրետ ի՞նչ:
– Չգիտեմ: Օպերն էր ասում:
– Արի, գնա Յավշիցի մոտ,- ասաց Ֆիդելը,- ասա՝ ինֆարկտ եմ տանում… Հազում եմ… Ստամոքսս կտրտում է…
– Գնացել եմ: Դուրս արեց:
– Յավշիցը լրիվ վայրենացել է,- Մամուլյային շոյելով՝ նկատեց Վալիկովը,- բացարձա՛կ… Մի անգամ գալիս եմ մոտը: Ոչինչ կուլ տալ, ասում եմ, չեմ կարողանում, կոկորդս ցավում է: Իսկ նա պատասխանում է. «Դուք լավ կլիներ ավելի քիչ կուլ տայիք, եֆրեյտոր»: Ակնարկում է սրիկան, որ խմում եմ: Իբր թե ինքը մենակ ժամանակ շնապս հուպ չի տալիս:
– Դժվար թե,- ասացի ես,- պինդ պապիկ է: Նրան ոչ մեկը ձեռուոտից ընկած չի տեսել:
– Հուպ է տալիս, հուպ է տալիս,- միջամտեց Ֆիդելը,- բժիշկները միշտ էլ ծով սպիրտ են ունենում: Ինչի չխմի՞ որ…
– Ընդհանուր առմամբ, դու էլ ես ճիշտ,- ասում եմ:
– Լսել եմ՝ Մաքսիմ Գորկուն է սպանել, էն ժամանակ որ դեռ ժողովրդի թշնամի էր: Հետո վաթսունին ներում ստացավ… Լեա… ռեա… ռեաբիլիտացիա արին: Իսկ բժիշկը նեղացավ. «Աչքներդ ո՞ւր էր, որ էսքան տարի նստած էի»: Էդպես էլ մնացել է հյուսիսում:
– Դրանց որ լսես,- բարկացավ Վոլիկովը,- բոլորն էլ անմեղ տեղն են նստած: Իսկ լրտեսներին ես ընդհանրապես չեմ հարգում: Ժողովրդի թշնամիներին՝ նույնպես:
– Դու նրանցից մեկնումեկին տեսած կա՞ս,- հարցնում եմ:
– Էստեղ մի հրեա հանդիպեց, բաղնիքի վարիչ: Անչափահասներին պղծելու համար է նստած:
– Բայց էդ ի՞նչ ժողովրդի թշնամի է:
– Իսկ քո կարծիքով ի՞նչ է, բարեկա՞մ…
Վոլիկովը դուրս եկավ միզելու: Անմիջապես էլ վերադարձավ ու ասում է.
– Ալման լրիվ վայրենացել է, մաքո՛ւր: Հաչում է վրաս, ասես օտար լինեմ: Մի անգամ չդիմացա, մոտեցա ու էնպես հաչացի: Վախից քիչ էր մնում մեռներ…
– Նրա տեղը լինեի,- ասաց Ֆիդելը,- բոլորի՝ համ զեկերի, համ պահնորդների, կոկորդը կկրծեի…
– Մեր կոկո՞րդն ինչի համար,- հետաքրքրվեց Վոլիկովը:
– Ամեն ինչի,- պատասխանեց Ֆիդելը:
Մենք լռեցինք: Լսելի էր՝ խորդանոցում ինչպես են ծվծվում շնաձագերը:
– Լավ,- ասաց Վոլիկովը,- թող ձեր ասածով լինի:
Նա ներքնակի տակից մի շիշ կանաչ պիտակով վերմուտ հանեց:
– Ահա: Հենց ինձնից էլ թաքցրել էի… Ու միանգամից էլ գտա:
Վերմուտը զմռսած էր: Ֆիդելը, ժամանակ չկորցնելու համար, շշի բերանը խփեց սալօջախի եզրին:
Մենք խմեցինք նույն գավաթից: Վոլիկովը բուլղարական սիգարետներ հանեց:
– Օհո,- ասաց Ֆիդելը,- ահա թե ինչ բան է առանց ղեկավարության ապրելը: Ինչ պետք է՝ ունես, համ խմելիք, համ ծխելիք: Իսկ Վեսլյանայում մի հրահանգիչ, ասում են, տրիպեր է կպել…

Պատուհանից այն կողմ սերժանտ Մելեշկոն դասակն առաջնորդեց դեպի արտաքնոց: Հետևեց հրամանը.
– Թեթևանա՛լ:
Ոչ ոք ներս չմտավ: Շարվեցին փայտաշեն խցի շուրջբոլորը: Քիչ անց ձյունը պատվեց զարդանախշերով: Հենց տեղում էլ իմպրովիզացված մրցում սկսվեց՝ ով ավելի հեռու կհասցնի: Որքան հասկացա՝ հաղթեց Յակիմովիչը, Գոմելից:
Ճերմակ ծուխն ուղղահայաց բարձրանում էր կայազորի տանիքին: Տխուր-տրտում կախվել էր լվանալուց խունացած դրոշը: Փայտե պատերն առանձնահատուկ անշարժ էին թվում: Այդպես անշարժ կարող է նավակայանը լինել՝ սրընթաց լեռնային գետի ափին: Կամ կիսակայարանը, որտեղ երբեմնակի միայն արգելակում է ճեպընթացը, ապա՝ սուրում հեռու:

Բամբակած բաճկոններ հագած օրապահները սանդղամուտի ձյունն էին մաքրում լայնաբերան նրբատախտակե թիերով: Թիերի փայտե կոթերը պսպղում էին արևի տակ: Բրեզենտածածկ թափքով կանաչ բեռնատարը կանգ առավ զինվորական խոհանոցի դռների մոտ…
– Բո՛բ, դու զեկերի հանդեպ լա՞վ ես տրամադրված,- գինուց վերջին կումերն անելով՝ հարցրեց Ֆիդելը:
– Նայած,- ասացի ես:
– Իսկ ես,- ասաց Վոլիկովը,- ուղղակի պրծնում-հանգստանում եմ զեկերին նայելիս:
– Իսկ ես,- ասում է Ֆիդելը,- լրիվ խճճվել եմ…
– Լավ,- ասում եմ,- հերթապահությունն ընդունելուս ժամանակն է…

Մտա զորանոց, հագա կիսամուշտակս ու փնտրեցի-գտա լեյտենանտ Խուռիևին: Նա էր ինձ հրահանգավորելու:
– Գնացեք,- ասաց Խուռիևը,- զգույշ եղեք:
Ճամբարի դարպասները կրնկի վրա բաց էին: Անտահատարանից եկող փակ թափքերով բեռնատարները մոտենում էին դարպասներին: Կալանավորները նստած էին թափքերի հատակին: Զինվորները տեղավորվել էին խցիկների ետևը՝ արգելապատերից այն կողմ: Երբ մեքենան արգելակում էր, նրանք առաջինն էին ցած թռչում, հետո, կրակի պատրաստ ինքնաձիգները բռնած, արագ քաշվում էին հետ: Դրանից հետո ցած էին թռչում կալանավորներն ու քայլում դեպի դարպասները:
– Առաջին շարասյունը, մա՛րշ,- հրամայեց Թվաուրին:
Նա աջ ձեռքով մի փոքրիկ բրեզենտե տոպրակ էր բռնել՝ քարտերով: Դրանցում նշված էին կալանավորների ազգանունները, հատուկ նշաններն ու պատժաչափերը:
– Երկրորդ շարասյունը, մա՛րշ:
Քրեականները քայլում էին կրծքաբաց բամբակե կիսամուշտակները հագներին, հաչող շներին չնկատելով:

Բեռնատարները պտտվեցին, ու լուսարձակները լուսավորեցին դարպասները:
Երբ բրիգադներն անցան, ես բաց արի պահակատան դուռը: Հսկիչ Բելոտան, գիմնաստյորկայի կոճակներն արձակած, նստել էր կառավարման վահանակի դեմ: Նա դուրս քաշեց սողնակի ձողը: Ես հայտնվեցի ճաղավանդակից այն կողմ՝ նեղլիկ անցուղի-միջանցքում:
– Ծխելիք ունե՞ս,- հարցրեց Բելոտան:
Ես փաստաթղթերի փողրակի մեջ մի քանի ճմռթված սիգարետ գցեցի: Սողնակի ձողը վերադարձավ իր նախկին տեղը: Հսկիչն ինձ ներս թողեց զոնա…

Հյուսիսում ընդհանրապես վաղ է մթնում: Իսկ զոնայում՝ հատկապես:
Ես անցա բարաքի պատերի երկայնքով: Հասա դարպասներին, որոնց տակից աղոտ պսպղում էին նեղգիծ երկաթուղու ռելսերը: Ներս նայեցի հսկիչ անցակետի դռներից, որտեղ գերժամկետային ծառայողները թուղթ էին խաղում:
Ես բարևեցի. նրանք ինձ չպատասխանեցին: Միայն լենինգրադցի Իգնատևը գրգռված կանչեց.
– Բո՜բ: Էսօր իմ օրն է…
Ճմռթված խաղաթղթերն անաղմուկ ընկնում էին արմունկներով հղկած սեղանին:
Ես ծխեցի-վերջացրի սիգարետը, քնթուկը դրեցի պահածոյի դատարկ տուփի մեջ: Հետո, դուռը բանալով, համոզվեցի, որ լրիվ մթնել է: Պետք էր գնալ:
Վեցերորդ բարաքը գլխավոր ծառուղուց աջ էր, պահակային աշտարակի տակ: Այնտեղ էր, ըստ օպերատիվ տվյալների, նախապատրաստվում խառնակչությունը:
Ես կարող էի և չմտնել վեցերորդ բարաք: Բայց գնացի: Ցանկանում էի այդ ամենին վերջ տալ մինչև կատարյալ լռության վրա հասնելը:
Վեցերորդ բարաքի անկյուններում ստվերներ էին թաքնվել: Լամպն աղոտ լուսավորում էր կոպտատաշ սեղանն ու երկհարկ թարեքները:
Ես նայեցի շուրջբոլորը: Այդ ամենն ինձ ծանոթ էր: Կյանք՝ վար առնված վարագույրներով: Իրերի պարզ ու միանշանակ իմաստներ… Պառաշը՝ մուտքի մոտ, «Օգոնյոկից» կտրած նկարներ՝ ծխից սևացած պատագերաններին… Այդ ամենն ինձ չէր վախեցնում: Միայն խղճահարություն ու զզվանք էր հարուցում…
Բուգոր Ագեշինը նստել էր՝ արմունկներին հենված: Նրա դեմքը չար անհամբերություն էր արտահայտում: Մյուսները խմբվել էին անկյուններում:
Բոլորն ինձ էին նայում: Ես փոքր-ինչ շփոթված էի ու Ագեշինին ասում եմ.
– Արի դուրս գանք:
Նա վեր կացավ, նայեց շուրջը՝ ասես վերջին հրահանգները տալով: Ապա ուղղվեց դեպի դուռը: Մենք կանգ առանք սանդղամուտին:
– Զեկ Ագեշինը լսում է,- արտաբերեց բուգորը:
Նրա պահվածքում հարգանքի ու լկտիության խառնուրդ կար, ինչը տիպական է հատուկ ռեժիմի կալանավորների համար: Կեղծավոր «քաղաքացի պետի» տակից, ինչ-որ տեղ, պարզորոշ «քյարփինջ» էր լսվում:
– Լսում եմ, քաղաքացի պետ:
– Մտքներիդ ի՞նչ կա, բուգոր,- հարցրի:
Ես այդ հարցը չպիտի տայի: Ես դրանով խախտեցի խաղի կանոնները: Այդ խաղի պայմաններով՝ պահնորդն ամեն ինչ ինքն է կռահում: Ու ձեռնարկում է միջոցներ, որոնք ընդունակ է ձեռնարկել…
– Նեղացնո՜ւմ ես, քաղաքացի պետ,- ասաց բուգորը:
– Ի՞նչ է, չե՞մ տեսնում…
Այստեղ ես հիշեցի կարմրամռութ մատուցողին՝ Լիգովկայի մոդեռնացված գարեջրատնից: Մի անգամ ես որոշեցի ապացուցել, որ նա խարդախ է ու հանեցի ինքնահոսս: Քանի դեռ հաշվում էի, մատուցողն անխռով նայում էր երեսիս: Ու հետն էլ մտերմավար կրկնում.
«Հաշվի՛, հաշվի՛, մեկ է՝ ավել եմ առնելու…»:
– Եթե որևէ բան պատահի, բրիգադիրի պաշտոնից կթռնես:
– Ինչի՞ համար, քաղաքացի պետ,- կեղծ տագնապով հարցրեց Ագեշինը:
Իմ մեջ նրա մռութին հասցնելու ցանկություն արթնացավ…
– Լավ,- ասացի ես ու հեռացա:
Վեցերորդ բարաքի ձնապատ կարմրավուն պատուհանները մնացին ետևում:
Որոշեցի մտնել օպեր Բորտաշևիչի մոտ: Նա միակ սպան էր, որ ինձ «դու»-ով էր դիմում: Նրան տուգանային մեկուսարանում գտա:
– Գուդ իվնինգ,- ասաց Բորտաշևիչը,- լավ է, որ հայտնվեցիր: Ես այստեղ մի փիլիսոփայական հարց եմ վճռում. ինչի՞ց է, որ մարդիկ խմում են: Ենթադրենք, առաջներում ասում էին՝ կապիտալիզմի մնացուկ է մարդկանց գիտակցության մեջ… Անցյալի ստվերը… Իսկ գլխավորը՝ Արևմուտքի ազդեցությունը: Թեև մենք խմում ենք բացառապես Արևելքում: Բայց դա դեռ ոչինչ: Դու ինձ ահա թե ինչ բացատրիր: Մի ժամանակ ես գյուղում էի ապրում: Հարևանս մի այծ ուներ: Նրա նման հարբեցող կյանքումս չեմ տեսել: Կուզես՝ կարմիր, կուզես՝ սպիտակ,- մենակ թե լցրո՛ւ: Եվ Արևմուտքն այստեղ որևէ ազդեցություն չունի: Եվ այծն էլ, կարծես, անցյալ չի ունենում: Նա հո ծեր բոլշևիկ չի՞… Եվ ահա թե ինչ անցավ մտքովս. գուցե ալկոհոլի մեջ մի գաղտնի ո՞ւժ կա: Այն ուժի նման, որ ծագում է ատոմի միջուկի տրոհումից: Եվ ուրեմն, հնարավոր չէ՞ այդ ուժն օգտագործել խաղաղ նպատակներով: Օրինակ, որ ես ժամանակից շուտ զորացրվեմ բանակից…
Մեկուսարանի պատուհաններին ճաղավանդակ կա: Անկյունում սալօջախն է: Վրան՝ եռացող թեյնիկը՝ չորահացերով պատած: Պատից այն կողմ՝ երկու առանձնախուց: «Բաժակներ» են կոչվում: Հիմա դրանք դատարկ են…
– Ժենյա,- ասացի ես,- վեցերորդ բարաքում ինչ-որ վատ բան է հասունանում: Ճի՞շտ է:
– Այո, ես հենց ուզում էի քեզ նախազգուշացնել:
– Իսկ ինչո՞ւ չզգուշացրիր:
– Փիլիսոփայական մտքերը վրա տվին: Շեղվեցի: Պարդո՛ն…
– Իսկ բանն ի՞նչ է:
– Ուզում են մի մատնիչի հարցերը լուծել: Օնուչին Իվանի:
– Բայց չէ որ դա քո սիրելի կադրն է:
– Արդեն իմը չէ: Ես ի վիճակի չեմ օգտագործելու այդ տիպին: Մաքուր գիժ է: Խախտվել է քաղաքականության վրա: Սա, ասում է, նվաստացրել է մեծ կերպարը: Այս մեկը անառողջ միտումներ ունի: Ասես խորհրդային իշանության միակ կողմնակիցը քաղաքացի Օնուչինն է: Թո՜ւ, բնությունը ոնց էլ ստեղծում է նմաններին…
– Իսկ ինչ գործով է նստած:
– Բակլան է, բնականաբար: Ահա թե քեզ ինչ կասեմ: Նստիր պահակատանը: Կամ ինձ մոտ: Ու վեցերորդ բարաք չխցկվես:
– Բայց, ախր, կմորթե՜ն նրան: Ամեն մեկը մի անգամ կխրի, որ հետո բոլորն էլ լուռ մնան…
– Քո ի՞նչ բանն է, Օնուչինի՞ն ես խղճում: Նկատի ունեցիր, որ նա քո վրա էլ է կաթացրել: Էն իմաստով, որ կոնտինգենտին երես ես տալիս:
– Հարցն Օնուչինը չի: Ամեն ինչ պիտի օրենքով լինի:
– Դու ընդհանրապես չափից դուրս ես զեկերի հետ գլուխ դնում:
– Պարզապես ինձ թվում է, որ նման եմ նրանց: Ասենք, դու էլ, Ժենյա…
– Ա՜յ քեզ մարդ,- ասաց Բորտաշևիչը՝ խոնարհվելով հայելու կտորի վրա,- ա՜յ քեզ բան: Գլուխս իսկապես տուգանային է, բայց օրենքի առաջ ես հարաբերականորեն մաքուր եմ:
– Քո մասին՝ չգիտեմ: Բայց ես մինչև ծառայությունս և՛ խմել եմ, և՛ խուլիգանություն արել, և՛ վերավաճառողների հետ եմ ծանոթ եղել: Մի անգամ Պերիննայա գծում մի աղջկա խփեցի: Ակնոցը ջարդվեց…
– Դե, լա՜վ, բայց ե՞ս ինչ կապ ունեմ:
– Մի՛թե քո ներսում նստած չեն կողոպտիչն ու խարդախը: Մի՛թե դու մտովի չես սպանել, չես կողոպտել: Կամ, առնվազն, չես բռնաբարել:
– Էն էլ ո՜նց: Հարյուրավոր անգամներ: Նույնիսկ՝ հազարավոր: Մտքում՝ այո: Բայց ես, ազատություն չեմ տալիս իմ կրքերին, չէ՞:
– Իսկ ինչո՞ւ: Վախենո՞ւմ ես:
Բորտաշևիչը վեր թռավ:
– Վախենա՞լ: Բոլորովին էլ չեմ վախենում: Ու դու շատ լավ գիտես, որ այդպես է:
– Դու ինքդ քեզնից ես վախենում:
– Ես գայլ չեմ: Ես ապրում եմ մարդկանց մեջ…
– Լավ,- ասացի ես,- հանգստացի՛ր:
Օպերը քայլեց դեպի սալօջախը:
– Տե՛ս,- հանկարծ ասաց նա,- քեզ հետ նման բան լինո՞ւմ է: Երբ թեյնիկը սկսում է եռալ, քիթը մատով խցելու անտանելի ցանկություն է առաջանում: Մի անգամ չդիմացա: Քիչ էր մնում առանց մատ մնայի…
– Լավ,- ասացի,- ես գնամ…
– Մի շտապիր: Գարեջուր ուզո՞ւմ ես: Մոտս գարեջուր կա: Ու մի տուփ պահածո:
– Չէ: Գնա՛մ:
– Ա՜յ քեզ մարդ,- ապշեց Բորտաշևիչը,- ժողովուրդը լրիվ վայրենացել է: Գարեջուր չի ուզում:
Նա կանգնել էր շեմին ու կանչում էր իմ հետևից.
– Ալիխա՛նով, արկածներ մի՜ փնտրի…

Տուգանային մեկուսարանից ուղղվեցի դեպի ճամբարային զոնայի ամենավտանգավոր անկյունը: Այնտեղ, ուր բարաքի պատի և ցանկապատի արանքում լուսավորված արահետն է: Այսպես կոչված՝ կրակի հասանելիության միջանցքը:
Ծառայողական կարգախումբը հրահանգավորելիս պահակադիրը միշտ հատուկ ուշադրություն էր պահանջում այդ տեղամասի հանդեպ: Հենց այդ պատճառով էլ այստեղ միշտ խաղաղ էր:
Անցա բարաքի երկայնքով ու հեռվից ձայն տվի ժամապահին.
– Ողջո՜ւյն, Ռո՛ւդոլֆ:
Ցանկանում էի կանխել «Ով է գալիսե ստանդարտ պահականչը: Դրանից միշտ տրամադրությունս ընկնում էր:
– Կանգնի՛ր: Ո՞վ է գալիս,- փակաղակը շխկացնելով՝ ձայն տվեց ժամապահը:
Ես լուռումունջ գնում էի ուղիղ նրա վրա:
– Վայ, Բորի՞ս,- ասաց Ռուդոլֆ Հեդոյանը,- քիչ մնար քեզ կրակեի…
– Ոչինչ,- ասում եմ,- այստեղ ամեն ինչ կարգի՞ն է:
– Ոնց կարգին,- ճչաց Ռուդոլֆը,- ինչի՞ կարգին: Մարդը չի հերիքում: Պահնորդ աշտարակին կանգնի: Ասում ես՝ կարգին: Հեչ կարգին: Ցուրտը՝ կարգի՞ն: Է՜…
Հարավցիներն անտանելի տառապում էին ցրտից: Ոմանք հենց աշտարակների վրա փոքրիկ խարույկներ էին անում: Միառժամանակ սպաները դրան մատների արանքով էին նայում: Հետո Ռեզո Ցխովրեբաշվիլին մինչև հիմն այրեց չորրորդ պահակակետը: Դրանից հետո շտաբից հատուկ ցուցում եկավ, որով նույնիսկ ծխելն էր արգելվում աշտարակի վրա: Իրեն՝ Ռեզոյին քարշ տվին գնդապետ Գրեչնևի մոտ: Սա սկսեց գոռգոռալ: Բայց Ցխովրեբաշվիլին ձեռքի շարժումով ընդհատեց նրան ու հաշտարար տոնով ասաց.«Մի շիշ կոնյակ՝ ինձնիցե:
Դրա վրա Գրեչնևի ծիծաղը բռնեց, ու նա վռնդեց զինվորին՝ առանց պատժելու…
– Ա՜յ քեզ կլիմա,- ասաց Ռուդոլֆը,- ավելի վատ է, քան Լուսնի վրա:
– Դու Լուսնի վրա եղե՞լ ես,- հարցնում եմ:
– Ես նույնիսկ արձակուրդում չեմ եղել,- ասաց Ռուդոլֆը:
– Ոչինչ,- ասացի,- դիմացիր քառասուն րոպե…
Մի քանի րոպե կանգնել էի աշտարակի տակ: Հետո ուղղվեցի դեպի վեցերորդ բարաքը: Ես անցնում էի շեղակի դրած նստարանների մոտով: Ծռմռված վահանակների մոտով, որոնց վրա աշխատանքի առաջավորների լուսանկարներն էին: Ջրհանի մոտով, որի դռանը ձյունը կոխկրտված էր:
Հետո մոտեցա հրշեջ վահանակին, որ համոզվեմ՝ բոլո՞ր գործիքներն են տեղում:
Եթե հրդեհ լինի, կալանավորները դժվար թե մարեն: Չէ՞ որ ցանկացած միջադեպ, նույնիսկ տարերային աղետը, հաճելի բազմազանություն է մտցնում նրանց կյանքի մեջ: Սակայն վթարային վահանակը ռեժիմի մասն էր, ու զեկերը դրանից օգտվում էին: Երբ բարաքում սպանդ էր սկսվում, կռվողները սլանում էին դեպի հրշեջ վահանակը: Այստեղ նրանք կարող էին որևէ բահ ճանկել կամ թուջե աքցան, կամ կացին…
Վեցերորդ բարաքից խուլ ճիչեր էին լսվում: Մի ակնթարթ սրտխառնուքի ցուրտ զգացի սրտագդալիս տակ: Հիշեցի ի՜նչ ահռելի տարածություններ են իմ թիկունքում: Իսկ դիմացս՝ միայն վեցերորդ բարաքը, որի ներսում ճիչերը պատեպատ էին խփվում: Ես մտածեցի, որ պետք է հեռանալ: Հեռանալ ու մի րոպեից լինել պահակատանը՝ թուղթ խաղացողների հետ: Բայց այդ պահին արդեն բացում էի բարաքի դուռը:
Օնուչինին տեսա միանգամից: Նա, աթոռակով պաշտպանվելով, կանգնել էր անկյունում: Աթոռակի ոտքերը չարագուշակ առաջ էին ցցվել:
Օնուչինը հայտնի մատնիչ էր: Ինչպես և միակը զոնայում, որ մորուք էր պահում: Նա այդպես լուսանկարվել էր դեռևս նախաքննության ժամանակ: Հետո լուսանկարը քոչել էր նրա գործի մեջ: Հետագայում մորուքը դարձել էր նրա հատուկ նշանը, ինչպես և՝ խոշորատառ դաջվածքը.«Չեմ մոռանալու հարազատ մորս ու զոհված հորսե:
Օնուչինը ծեծված էր: Մորուքը կարմիր էր, իսկ բծերը բամբակաբաճկոնի վրա՝ սև: Նա թափահարում էր աթոռակն ու անվերջ կրկնում.
– Ինչի՞ համար եք դուք ինձ սպանում: Իզուր տեղն եք դուք ինձ սպանում: Սրիկա լինեմ, թե սուտ եմ ասում՝ իզուր տեղը…
Երբ ես ներս մտա… Երբ ես ներս վազեցի, կալանավորները դարձան իմ կողմը ու անմիջապես էլ նորից շրջապատեցին նրան: Հետին շարքերից ինչ-որ մեկը, հնարավոր է՝ Չալին, դանակը ձեռքին մղվում էր առաջ: Նեղլիկ սպիտակ շեղբն անմիջապես տեսա: Բարաքի ամբողջ լույսը կենտրոնացել էր այդ պստիկ երկաթակտորի վրա…
– Հե՛տ,- Չալիի թևքը ճանկելով՝ բղավեցի ես:
– Փորձանքից հեռո՛ւ, քաղաքացի պետ,- խլաձայն ասաց զեկը:
Ես բռնեցի Չալիի բաճկոնն ու ցած քաշեցի մինչև արմունկները: Հետո սապոգով խփեցի փորին: Մի վայրկյանից Օնուչինի կողքին էի: Հիշում եմ, արձակեցի գիմնաստյորկայիս թեզանիքները:
Կալանավորները, մեզ շրջապատելով, ազդանշանի կամ գոնե որևէ կտրուկ շարժման էին սպասում: Ինչ-որ անդեմ ու սարսափելի բան շարժվում էր վրաս:
Դղրդոցով բացվեց դուռը: Շեմին հայտնվեց Բորտաշևիչը՝ շլացուցիչ երնջակաշվե սապոգները հագին: Նա անմիջապես նկատեց ինձ և ցածր ու խեղդուկ ձայնով արտաբերեց.
– Յուրաքանչյուր երկրորդի՛ն… Կոմունիստի խո՛սք… Առանց դատ ու դատաստանի…
Ինձ սպառնացող հրեշը կոտորակվեց տասնյակ մթին կերպարանքների: Ես բռնեցի Օնուչինի ուսը: Մենք երեքով դուրս եկանք բարաքից:
Իմ թիկունքում լսվեց բուգորի ձայնը.
– Է՜խ, բակլանի թերմացքներ, բա ձեր հետ գործ կարվի՞…

Մենք ժամապահների հսկողության տակ քայլում էինք ցանկապատի երկայնքով: Երբ հասանք պահակատուն, Բորտաշևիչը Օնուչինին ասաց.
– Գնա մեկուսարան: Սպասիր մինչև տեղափոխեն ուրիշ ճամբար:
Օնուչինը թոթվեց թևքս: Նրա բերանը խղճալիորեն ծռմռված էր:
– Կյանքում ճշմարտություն չկա,- ասաց նա:
– Գնա,- ասում եմ…

Վաղ առավոտյան թակեցի բժշկի դուռը: Նրա առանձնասենյակն ընդարձակ էր ու մաքուր:
– Ինչի՞ց եք բողոքում,- հարցրեց նա՝ վրաս հառելով կարճատես հայացքը:
Հետո արագ վեր կացավ ու մոտեցավ ինձ.
– Դե, ինչո՞ւ եք լալիս: Սպասեք գոնե դուռը փակեմ…

Յատուկ Երաժշտություն
Երևանյան էտյուդներ
Ալեքսանդր Սպենդիարյան

Երևանյան էտյուդներ

Նավավարը
Նավավարը
Խաղա առցանց