Ռուբեն Սևակ

Գինո՜վ սեր

Դուն Հրա՜շքն ես, դուն Երա՜զն ես, դուն Սերն ես.
Տարաշխարհի չքնաղ ծաղիկն ես աղվոր.
Միսթիքական խնկումներով թունավոր
Դուն մսեղեն խենթեցնող տաճարն ես.
Դուն Հրա՜շքն ես, դուն Երա՜զն ես, դուն Սերն ես:

Սև մազերովդ սիրե՛ զիս, գգվե զիս,
Անոնց խորհուրդը պատմե ինձ առանձին,
Որովհետև անոնք հոգիս կապեցին,
Իրենց ցանցին մեջ կապտեցին իմ հոգիս.
Սև մազերովդ սիրե՛ զիս, գըգվե՛ զիս:

Թաց աչքերդ վրա՛ս հառե տրտմապես,
Անոնց թո՛ւյնը ներարկե ինձ մեղնորեն,
Որովհետև քու աչքերդ աղվոր են,
Խորհրդավոր անտառներուն շուքին պես.
Թաց աչքերդ վրա՛ս հառե տրտմապես:

Տըղու մը պես հանգչեցուր զիս կուրծքիդ վրա,
Հանգչեցուր զիս, ու այտերս կրակե
Քու ձյունեղեն բազուկներուդ մեջ գրկե,
Ու թող մարմինդ մարմնիս վրա սարսռա.
Տղու մը պես հանգչեցուր զիս կուրծքիդ վրա:

Ահա շըրթնե՛րս կարոտովդ կ՚այրին,
Ու կլայննա արտասուքի շիթ մը տաք
Իմ մթաստվեր թարթիչներուս շուքին տակ.
Անոնց վրա դուն ցո՛ղը դիր համբույրին,
Ահա շըրթնե՛րս կարոտովդ կ՚այրին:

Բազուկներդ կգալարվին, կդառնան,
Տենչին կրակը նայվածքդ կթովե,
Որովհետեւ քու մութ հոգիդ գինով է,
Սիրախտավոր գիշերներուն պես գարնան…
Բազուկներդ կգալարվին, կդառնան:

Ժամն է, աղվո՛ր, երանության ժամն է սա.
Շըրթներուս վրա դիր շրթունքնե՛րդ բոցե,
Մոռցի՛ր կյանքը, աղվոր աչքերդ ալ գոցե…
Ի՞նչ, կ՚արտասվե՞ս, ու հուզումեդ կդողա՞ս.
Ժամն է, աղվո՛ր, երանության ժամն է սա…

Յատուկ Երաժշտություն
Նոր ծաղիկ
Էլեն Յոլչյան

Նոր ծաղիկ

Աբուլ սարը՝ Ախալքալաքի մոտ
Աբուլ սարը՝ Ախալքալաքի մոտ
Խաղա առցանց