Ռափայել Պատկանյան

Վարթեվոր

(Բազազ Օվանեսի պատմածը)

Ես այն մարդկանցից չեմ, քանի որ ինքս պառավել եմ, հինացել եմ, հին մարդկանց, հին սովորություններ ու հին օրենքներ գովեմ ու ամեն նոր բանի, նոր մարդու վրա մի– մի փուտ գտնեմ, չէ՛ ես այդպիսիներից չեմ. լավին լավ կասեմ, կուզի հին լինի, կուզի՝ նոր, այդպես էլ՝ վատին վատ կասեմ, կուզի պապերիս պապաներիս ժամանակվա բան լինի։

Մեր Նախիջևանը դեռ քանի՞ տարվա քաղաք է որ, իմ կարծիքով հարյուր տարի դեռ անցած չպիտի լինի նրա հիմնադրման օրից (մի անգամ խելքս վրաս, որ մի լավ համբրեմ, հաստատ կիմանամ, թյո՜ւֆ, թյո՜ւֆ, հետս թզբեհս չեմ վերցրել, թե չէ նրա հաշիվը գտնելը խիստ հեշտ է. ի՛նչ էլ որ լինի)։ Նախիջևանը հայի քաղաքների մեջ ամենանորն է. Թիֆլիս, Աժտերխան՝ դրանք շատ հին քաղաքներ են. նրանց շինող թագավորների անունը, երևի, կորցված, մոռացված էլ լինի, որովհետև նրանց հիմքերը գցողները երևի կամ Հայկի, կամ Տրդատի որդիներն են. Հայկի ու Տրդատի մեռնելը, չէ՛-չէ՛, հինգհարյուր տարի կլինի, կարող է ավելի էլ, նրանց գերեզմանների քարերը վաղո՜ւց փտել են, ոչնչացել են։ Այն ժամանակները գիր, հաշիվ լինելը շատ կասկածելի է։ Հիմա, Աստվածդ կսիրես, առանց գրի, առանց հաշվի դրա հաշիվը ինչպե՞ս կգտնեն մարդիկ... Մեղքիդ տերը լինեմ, որ այդ հիմիկվա՝ հին ժամանակվա վրա պատմություն գրողները բոլորը փորներից չհանեն, ինձ որ հարցնես՝ նրանց չզմզածը բոլորը սուտ է, բոլորը հնարած բաներ են։

Ամմա՝ այդպես չիմանաս աստվածաշունչ-ավետարանը, նա ճիշտ-ճիշտ գրած բաներ են, գրքի մեջ էլ գրած է, որ մի օր Աստված նստել է պուռլեկենի անտառի մեջ, պուռլեկենի անտառն էլ վառվում, չէր վերջանում, վառվում էր վառվում չէր վերջանում։ Աստված ասաց. «Մոսես, Մոսես»։ Մոսեսն էլ ասաց. «Հրամե, Տեր իմ»։ Աստված ասաց. «Գնա՛, իմ պատմությունը պատմի իմ ժողովրդին»; Մոսեսն ասաց. «Ինչպե՞ս պատմեմ, որ լեզուս թլվատ է», ասաց։ Աստվածն էլ ասաց. «Լեզուդ թլվատ թող լինի էլի՛, մենք դրա ճարը չե՞նք գտնի, ինչ է, ասաց, բերանդ մի բաց, նայեմ»։ Մոսեսը բերանը բացեց. Աստված էլ նրա բերնին իրեն սունչը փչեց շիկացած ածուխի պես։

Սունչ որ ասում են, գրոց խոսք է, որ նեֆես ասել է։ Է՜յ, ինչ էլ որ լինի։ Երբ որ Մոսեսի փորը Աստծու նեֆեսով լցվեց, Մոսեսն էլ, ֆսեռավնո իմաստուն գիտունի պես մի բան դարձավ՝ (սկզբում պալըխճի, ձուկ բռնող), անցածն ու գալիքը մի մինուտվա մեջ սովորեց, առավ, ջանս, երկու հատ քարե տախտակ ու նրանց վրա սկսեց գրել-աշխարհիս երեսին ի՛նչ կա, ի՛նչ չկա, բոլորը գրեց։ Թրդատն էլ է այնտեղ, Գրիգոր Լըսավորիչի տասներկու չարչարանքն էլ է այնտեղ, Պիղատոսի մատնությունն էլ է այնտեղ, տերն մեր Հիսուս Քրիստոսի տանջանքն էլ է այնտեղ, առաքելոցների հրեղեն լեզվով քարոզությունն էլ է այնտեղ, կարճ՝ առաջվա բոլոր հին պատմությունը այնտեղ է, այդ Մոսեսի տախտակների վրա է գրված։ Մոսեսն էլ, ջանս, ինքը ջհուդ էր, բայց քանի որ այն ժամանակները, հայերիցս բացի, արիշ մի ազգ գիր–կարդում չուներ, նողայի պես մի բան էին, առավ ու երեի այդ ամեն պատմությունները հայի խոսքով գրեց, բայց այն ժամանակվա հայի լեզուն հիմիկվա պես խառնիխուռն ու կեղտոտ չէր. այն ժամանակվանը գրափառերեն էր, գրոց էր ասվում։

Վենետիկի ձուկ ուտող վարդապետները, երեի, գտել են այդ տախտակները, մագաղաթի վրա երեսը հանել են ու հետո տպել են, տպելուց հետո էլ ժամերին են բաժանել։ Դե, այդ տպած գրքերն են, որ ավետարան, աստվածաշունչ են ասվում...

Բայց ես կարծես թե մի քիչ խորացա, միտքս բան կար, ուզում էի ասել՝ մոռացա ու ուրիշ բան սկսեցի...

2

Հա՛, այդ էի ուզում ասել, խոսքի վրա՝ այսօր վարթեվոր է. ժողովուրդը ինչպես որ գիտես, սյուրու-սյուրու, որը ֆաեթոնով, որը թևավոր դրոգներով, բազարի փռասթոյ դռոգով, որն էլ ոտքով դեպի Սուրբ Խաչ պիտի քաշվեին, ինչպես որ հիմա է. առաջվա ժամանակն էլ, նմին-նման այդպես էր, այնքան որ, սուտ չէ, այն ժամանակները հիմիկվա պես թանկանոց ձի էքիպաժ չկար, իմ ջահելության ժամանակ ամենաթանկանոց ձին երեսունհինգ ռուբլի ացինացիա էր ու ամենավերի, հիշվական աղան մի բռիչքա էր ունենում, մյուսները հասարակ արաբա կամ սայլ էին ունենում ու դրանով էին գնում Սուրբ Խաչ ու Սուրբ Կարապետ... Բայց հիմա, ջանս, հասարակ արաբան, սայլը ու բռիչքան մոդից դուրս եկան, դու էդ ի՞նչ ես ասում, տոռոշքան էլ մոդից դուրս եկավ, տոռոշքան, ճիշտն ասեմ, ինքս էլ շատ չէի հավանում, ամենաառաջ տոռոշքայի մոդան մեր ծաղիկ Մառյա Կոռովնան ու Կուսիկի Թոթայը մտցրին, դրանք երկուսը Նախիջևանի առաջվա մոդնիցաներն էին, է՛հ, ինչ էլ որ լինի։ Առաջները վարթեվորը արիշ տեսակ էինք կատարում... Հա՛, այդ պիտի հարցնեի, այդ վարթեվոր, որ ասում են, արդյոք դրա թարգմանությունը ի՞նչ ասել է. ջուր լցնել չլինի՞, որովհետև մեր տեղում, հանաք անելով, մեկ մեկու վրա փայտե ջրամանով, փարչով, մեկ-մեկ էլ դույլով ջուր որ լցնում են, վարթեվոր են ասում ու ծիծաղից մեռնում են. այս մերոնց ամենասիրած կատակն է, ինչպես որ բարիկենդանին փեշը դոշակի կամ բարձի կաբելը, կամ մարդուս միամիտ կանգնած տեղը՝ «կրա՜կ» կանչելը ու լեղին պատռելը։ Շատ տարօրինակն են մեր տեղի ժողովուրդը։

Հա՛, այդ էի ասում։ Որ Սուրբ Խաչ էինք գնում՝ փոքր էի, բայց հիշում եմ. գնում էինք բաղչան, մի-մի հատ վայրի շուշան էինք պոկում, դանակով ջրացիր էինք պատրաստում ու Սուրբ Խաչի ջրի մոտ, եղեգնուտի ետևը թաքնվում էինք՝ ջրացիրով անցնող-դարձնողի վրա ջուր էինք ցայտեցնում ու «վարթեվոր» էինք ասում։ Այս պստիկներս էինք անում։ Մեծերն էլ մեզնից պակաս չէին, տղամարդ, կին, ջահել տղա, երիտասարդ աղջիկ, բոլորն էլ սովորաբար ձեռքներին միմի աման էին ունենում, հա՛ այն տղմոտ, կեղտոտ ջուրը վերցնում էին, հա՛ մեկ-մեկու վրա էին լցնում «վարթեվոր» է, իբր։ ժամանակ առ ժամանակ էլ մեկը մեկին բոթում, մանավանդ մարդուս ափին կանգնած ժամանակ, ու ճո՜մփ էին անում, ջուրը գցում։ Ջուրը ընկնողն էլ այնքան թրջվելուց չէր վախենում, ինչքան որ վրան-գլուխը ցեխոտվելուց էր վախենում, որովհետև Սուրբ Խաչի ջրի մեջ ջրից ավելի ցեխ կա, մեջը որ ընկնես, կասկածելի է, կկարողանա՞ս ինքդ քեզ վեր կենալ, թե՞ քանի գնաս մեջը խորունկ կխրվես, ցեխն էլ հոտա՜ա՜ա՜ծ, մեջը լիքը գորտեր, տզրուկներ ու տեսակ-տեսակ զզվելի ջանավարներ՝ ճահիճ է, էլի...

Այդպես էր առաջվա ժամանակները։ Ինչ էլ որ լինի, ափսոս մեր այն ժամանակվա Սուրբ Խաչը։ Ճի՛շտ է, հիմիկվա պես շիփ-շիտակ ու մեջքիս հաստությունով ծառեր չկային՝ ու եղածն էլ ծուո-մուռ, բորբոսնած, վրաները սարդի ոստայններ բսած, թրթուրոտ ծառեր էին, բայց էլի, ինչ սուտս պահեմ, մեջը հիմիկվանից շեն էր։

Մեկ-մեկ մտքիցս անցնում է, թե ինչո՞ւ մարդս իրեն ջահելության սովորությունները ավելի է սիրում ու նոր բաների վրա աչք չունի նայելու, արդյոք նրա համար է, որ առաջվա բաները լա՞վ էին, թե՞ իրեն անցած ջահել օրերը միտքը բերելով՝ նրա հետ կապված ամեն խաղերը ու քեֆերը սրտին լավ են գալիս՝ չգիտեմ, բայց ինձ այնպես է թվում, որ աշխարհքս քանի գնում վատանում է... Իհարկե, այս նոր ժամանակներս շատ լավ-լավ բաներ հնարվեցին, բայց դու ի՛նչ ուզում ես՝ ասա՛, այն փակված, տոթ վագոնով տեղից տեղ գնալը ամենաչսիրած բանս է։ Աչքը սիրեմ առաջվա թռոյքա-արաբային. հանգիստ կերպով հինգ-վեց հոգի մեջը տառեխի պես սղմվում էինք նստում, ձիերի վիզը մի-մի, երկու-երկու այն զանգուլակներից էինք կախում, «ժա՜նկուռ, ժա՜նկուռ», այսպես ճանապարհ էինք ելնում։ Ճամփին էլ ջուր, կամ կանաչ արոտ, կամ ծառի հով էինք տեսնում թե չէ՝ «տղերք, այս չոլի մեջտեղը մի երկու գավաթ չայի հետ ինչպե՞ս եք», ասում էինք ու ձիերը արձակում էինք, արոտի մեջ բաց թողնում, մենք էլ սամովարի հետ էինք լինում, փամիլը՜յ, դրանից էլ ավելի ուրախություն պե՞տք է որ։ Այն ժամանակվա պաղած միսը, կամ հավի բուդը կռծելը, վրայից էլ կեղտոտ ջրով եփած չայը՝ փշրած, թոզ կտրած ու կուպրի հոտ առած լոխամով խմելը, Աստված հավատա՛, որ հիսիկվա մառոժնիի ու փլոմպիրի հետ չեմ փոխի... Թե չէ, Աստվածդ կսիրես, այս ի՛նչ ձև է. ժամանակ-անժամանակ քանթուքթոռի հրամանքով մաշինը կանգնեցնում են, քանտուքթոռի հրամանքով վագոնի դռները բացում են, դուրս են թափում, քանտուքթոռի հրամանքով շտապելով պիտի ուտես, լեզուդ, բերանդ էրելով մի սթաքան չայ պիտի խմես ու դրա համար կրակի գին տաս. թքե՜մ ես այսպես ճամփա գնալու վրա. հետո՞, սրա անունը ես ճամփորդությո՞ւն պիտի ասեմ, այդ հո մարդուս՝ յաշչիքը դրված ապրանքի պես են ման տալիս, ոչ թե ինքը իրեն քեֆին է ման գալիս։ Այդ նոր ժամանակվա զարմանալի բաները որ կան, բոլորս մեզ պես ղազերիս տանջելու, քիսաներս դատարկելու համար են հնարված։ Բայց ի՞նչ պիտի անես, ճարդ ի՞նչ է, ժամանակի հարմար պիտի շարժվես, որ ծիծաղելի չլինես։

Խոսքս էլի առաջվա վարթեվորի ու Սուրբ Խաչի վրան է։ Այն ժամանակները հիմիկվա ռոթոնտը ու պաֆեթը չկար, ու ուխտավորներս էլ ամենքս մեզ համար ինչ որ պետք էր, տնից հետներս բերում էինք, օրինակ գիշերվանից դեզ–դեզ սամսաները, հացտապակները, ղավուրմա, տապկած ճտերը պատրաստում էինք, չայ, շաքար, չիլիմ ձուկ, խավյար, պանիր, ռոմ, գինի, արաղ, քյաբաբի միս, ածուխից ու տաշեղից բացի ամեն ինչ վերցնում էինք հետներս։ Սուրբ Խաչ որ գալիս էինք, հանգիստ կերպով, որս ծառերի շվաքին վրան էր խփում, որն էլ որ վրան չունենար, մատղաշ արոտի վրա խալի ու կարպետ էր փռում, առաջվա վարքով, տղամարդ, կնիկ զույգեր էինք կազմում, որս էլ գլուխը բարձին խո՜ռ-խո՜ռ քուն էր լինում, այդ ընթացքում էլ ջահելները սթաքանները, պիլութները, չայնիքը, ու ռոմի շիշն էին հանում, սամովարը դնում էին, քյաբաբի կրակը հազիրում, երբ որ սամովարը խըփը՜ռ-խըփը՜ռ թափվում էր ու քյաբաբի մուխը երկինք-գետին մեկ էր անում (այդ կծու մուխը մոծակի ու քոռ ճանճի մեծ թշնամին է), մենք էլ, այստեղ լսի՛ր, քուներիցս զարթնում էինք ու սկսում մեր քեֆը, փամիլը՜յ, արքավութին էր որ կար, դրանից ավելի ի՞նչ քեֆ էր պետք ադամորդուս։

3

Թքեմ ես մարդկանց հիմիկվա քեֆի վրա։ Աստվածդ կսիրես, այդ ի՞նչ բան է. բաղչայի հենց մեջտեղը մի փայտի տուն են շինել, անունը ռոթոնտ են դրել, մեջը բավականին ռուս լաքեյներ են դրել սա էլ պուֆեթ է, ասում են. տան չորս կողմն էլ, ծառերի հովին տաշեղի հավարներ են շարել, սա էլ պեսեթքա է, ասում են. մի սթաքան չայ է սիրտդ ուզում խմելու՝ տասը-տասնհինգ կոպեկդ առնում են... Հա՜յ ձեր պուֆեթին էլ, ռոթոնտին էլ, լաքեյներին էլ... Սա խոմ ափաշկարա, հարամիություն է դրանց արածը։

Հա՛, սուտ չի՛, դու էլի քեզ համար կարող ես հին վարքով արոտի վրա սամովար դնել, բան անել, բայց դու մի նայի, լաքեյները անընդհատ կողքիցդ անցնելիս ինչպես քիթ ու պռունկ են անում, ծիծաղում վրադ, մյուս կողմից էլ մոդնի հաքված աղջիկդ է նազեր ծախում, «դե՛, պապա՛, ուրիշները չեն անում՝ մենք ինչո՞ւ պիտի անենք, դե՛, ուրիշները մեզ վրա լեզու կբարձրացնեն», չգիտեմ ինչ, չգիտես ինչ... Դու էլ ձանձրանում ես, թքում ու մյուսների վարքով շարժվում-շարժվում ես, բայց արի տե՛ս, որ ամեն մի Սուրբ Խաչ գնալդ իննը-տասը մանեթի դուոն է. էն քեֆին ի՞նչ ասեմ, որ մի քանի ժամվա մեջ այդքան փողից մարդուս հանում է։ Այդ պուֆեթը ու ոոթոնտը հնարած օրից սատանա եմ տեսնում մեր այդ Սուրբ Խաչի բաղչում՝ այնքան աչքիցս ընկել է։

4

Այդ ռոթոնտը ու պուլվարը շինած ու Ռոստովի սադը մեջտեղ եկած օրից մեր քաղաքի ծախսը մեկը մեկով եղավ, գուցե դեռ ավելի էլ։ Կհավատա՞ս, այն վերջին արապաճիի աղջիկը մոդից ետ մնալ չի ուզում, հոժար է տանը քաղցած ուռելու, ուրիշների կար-կարկատնից աչքի լույսը խավարացնելու, միայն թե պուլվարի տեղը, կամ Սուրբ Խաչի բաղչայում, այն երկար պոչով փլաթին հագած, ծանոթ աղջիկների հետ թև-թևի մտած ման գա, ինչ է որ փեսացուների սիրտը դեպի իրեն տաքացնի, մի քիչ բարձր մարդկանց համար հո ասել էլ չեմ ուզում, նրանք վաղո՜ւց ռուս փամեշչիցաներից կոխել են, անցել են. Մոսկով չտեսածդ այստեղ կտեսնես՝ որ ասեմ, սուտ չեմ լինի։

Առաջները մեր գանգատը կանանց փլաթիցուի խասի ու թանգի վրան էր. ինչ էլ որ լինի, տրտնջալով, բամբասելով, ծիծաղելով՝ թանկանոց փլաթիցաներից հրաժարեցրինք, հիմա փլաթիցուն աժաննոց է, բայց կարելու վարձը շատ թանկացավ, դրանից էլ բացի, առաջվա մի փլաթիի տեղը, հիմա հինգը-վեցն են հագնում, էլի եղավ են։

Իհարկե, ինչպես որ հիմա, այնպես էլ առաջները այդ բոլոր ֆենտերը ամուսնացու որսալու համար է, բայց մտքիս մեջ ասում եմ, արդյոք առաջվա տղամարդ է եղել թե կին խղճմտանքը, նամուսը, երեխաների մեռոնը մի քիչ ավելի չէ՞ր հիմիկվանից։

5

...Նախիջևանում քեֆի երկու տեղ կա. մեկ սուրբ Գևորգի բակն ու պարտեզը (ես պարտեզ եմ ասում, դու գերեզմանոց հասկացի), մյուսն էլ Սուրբ Խաչ վանքի պարտեզը, երկուսն էլ, խոսքը մեր մեջ մնա, աղոթքի և ուխտի պատրվակով՝ տանը մնացած ազապ աղջիկների համար փեսացու փնտրելու համար են։ Քանի որ վարթեվորի մասին խոսք եղավ, արի քեզ մի բան պատմեմ՝ վարթեվորի օրը պատահած, լսել եմ, որ ղու շատ ես սիրում հին բաներ լսել ու գրի առնել. դա լավ է, գեշ բան չէ. եթե պատմությունը լավ է, մեր որդիքը թող մեզանից օրինակ առնեն, իսկ եթե վատ է՝ թող մեր արած սխալներից զգույշ մնան։ Ափսո՛ս, որ մեր տեղի մարդիկ վախենում են իրենց պակասությունը ցույց տալուց, ի՞նչ կլիներ հիվանդի վիճակը, եթե նա բժշկից գաղտնի պահեր իր մարմնի վերքերը, ցավն ու հիվանդությունը։

6

Հայրս՝ Աստված ողորմի հոգուն, խանութը եղած-չեղածով ինձ էր հանձնել, ծախսիս–հաշվիս է՛լ չէր խառնվում, ամբողջ օրը կա՛մ սրճարանն էր նստում, ժամանակ անցկացնելու համար թուղթ խաղում, կա՛մ շուկա էր գնամ իր հասակակից մարդկանց հետ ժամերով զրույցի բռնվում. մեր տեղի զրույցն էլ ի՞նչ է՝ տերտեր –վարդապետի բամբասանք, այդ էլ չեղավ՝ նստարանին նստած՝ պատին կհենվեր ու ժամերով կխռմփացներ։ Շատ քիչ էր պատահում, որ խանութը մտներ, մտներ էլ՝ մի քիչ կմնար տղոց հետ հանաք-չանաք կաներ ու վեր կկենար, կգնար իր բանին։ Ի բնե խաղաղ բնույթք ուներ հայրս, Աստված ողորմի հոգուն։

Ինչպես ասի՝ ծախսիս–հաշվիս հեչ չէր խառնվում. «Օգուտ կանես, ասում էր միշտ, քեզ համար կանես, վնաս կանես՝ այդ էլ քեզ համար, այսօրվանից ես քո գլխին հա՛ կամ, հա՛ չէ, իմ բանս արդեն պրծել է. ալյուրս մաղել եմ, մաղս պատից կախել եմ։ Զահել ժամանակս բավական աշխատեցի, չարչարվեցի, գոնե ծերությանս այս մի քանի տարին ինձ համար հանգիստ անցկացնեմ։ Ունեցած-չունեցածս ողջ քեզ տվի. թե քեզնից մի ժանգոտ կոպեկ պահել եմ՝ դժոխքի պահեմ՝ ո՞ւմ պիտի տամ։ Հետս մյուս աշխա՞րհքը պիտի տանեմ, ի՞նչ է... եթե իմ ու մորդ ճերմակ մազերին խղճաս ու մեզ դրկցի դուռ չգցես՝ շեն կենաս, թե որ չէ՝ այն էլ դու գիտես, մեղքը-վարձքը վիզդ, էլ ի՞նչ ասեմ, որդիս։

Մինչև այս տարիքդ թե խելքի ես եկել՝ լավ, թե չէ՝ սրանից հետո խելքի գալը դժվար է. այս տարիքիդ քեզ խրատելն ուշ է (այն ժամանակ կլինեի քսանչորս-քսանհինգ տարեկան), արա՛ ինչ որ խելքդ կկտրե, գնե, ծախե՛, ա՛ռ, տո՛ւր՝ վրադ դատավոր չկա. բայց այնպես արա, որ՝ թե ընկնես, նորից ոտի կանգնել կարողանաս, թե կորցնես՝ նորից վաստակելու դուռը գտնես, չլինի թե հույսդ կտրես ու որբևայրի կնոջ պես շվարես... Բայց եթե քեզ համար կին ուզենաս ընտրել՝ առանց ինձ ու մորդ մի՛ ընտրիր, անշուշտ մենք, որ այս տարիքին ենք հասել՝ խոտ ու դարման չենք կերել, կնիկարմատ ասած բանից մենք էլ քիչ ու միչ հասկանում ենք. ուզում եմ ասել, եթե ամուսնանալու միտք ունենաս՝ մեզ խորհուրդ չհարցրած՝ մարդու խոսք չտաս, իսկ եթե չուզենաս՝ այդ էլ դու գիտես, քանի որ կինդ քեզ հետ պիտի ծերանա, չար ու բարին քեզ հետ պիտի քաշե, ուրախություն ու տրտմություն միասին պիտի տանեք։ Ասելս այն է, որ եթե տներս հարս բերելու լինես՝ մի այնպիսին բեր, որ մենք երեսը նայենք, ուրախանանք...»։

7

Ամեն տարի, ծնունդի ժամանակները, ապրանքի համար Մոսկվա էի գնում։ Երբ որ ապրանքն առնում, վերջացնում էի ու գնած բարիս հաջողությամբ ճամփա էի գցում, դրանից հետո մի–երկու շաբաթ քեֆիս համար մնում էի Մոսկվայում, այդպես, մի տեսակ, սովորություն էի արել։ Շատ էի սիրում մոսկովցի վաճառականների կանանց ու ջահել աղջիկների հետ խոսք ու զրույց անել, մեկ-մեկ էլ հետները թատրոն, պարահանդես գնալ, մեղքս ի՞նչ թաքցնեմ՝ վալս, էքասես, ապա քատրիլ էլ էի խաղում հետները և, հորերից ու ամուսիններից գաղտնի, մեկ-մեկ զբոսանքի էինք դուրս գալիս և ամեն տեսակ մանր-մունր նվերներ էլ էի տալիս։ Ի բնե հայտնի է, որ կինը կատակ, զվարճություն շատ է սիրում։ Է՜հ ջահելությո՛ւն, ջահելությո՛ւն...

Ահա այսպես հետները միշտ կատակ ու զրույց էի անում, բայց մեր զրույցն ինչից էլ սկսվեր, անհնար էր, որ վերջի ի վերջո պսակի խոսքը մեջտեղ չգար։ Ռուս կանայք միշտ կատակով ինձ ասում էին, թե հայրս ու մայրս ականջիցս պիտի բռնեն ու զոռով պիտի պսակեն, իմ կամքս հեչ չեն հարցնելու, նրանք ո՛ւմ հավանեն՝ նրա հետ էլ պիտի պսակեն, որովհետև, ասում էին, դա ձեր՝ ասիացիների սովորությունն է։ Ես էլ նրանց ասում էի. «Եթե ուրիշ բաների մեջ մորս ու հորս խոսքից դուրս չգամ, ամուսնանալու մեջ նրանց հրամանը ո՛չ լսելու եմ, ո՛չ էլ կամքները հարցնելու եմ»։ Կանայք ավելի եռանդով էին կատակում հետս ու ասում էին. «Մի՞թե կհանդգնես ծնողքիդ կամքից դուրս գալ. չէ՞ որ նրանք կանիծեն քեզ, ապա թագավորին կգրեն, թե այսպիսի անառակ որդի ունենք, ու քեզ զինվոր կտանեն», և այսպիսի խոսքերով այն տեղը հասցրին ինձ, որ մի օր էլ նրանց ասացի. «Ես մարդ չլինեմ, աշխարհքիս երեսին օր ու արև չտեսնեմ, ունենալիք զավակներովս չուրախանամ, եթե ես, ինքս ինձ, առանց նրանց հարցնելու չնշանվեմ»։

Այդ կանանց կատակների իմաստը պարզ էր. նրանք փորձել էին ուզում, թե արդյոք նրանցից որեէ մեկի հետ չե՞մ ամուսնանալու, որովհետե մեր հայը ի բնե իր հավատին կանգնած է. այլազգի աղջիկ առնելը, կամ իր աղջիկը այլազգու մեջ գցելը ո՛չ միայն ամոթ, այլև մեղք է համարում։

8

Վարթեվորի կիրակին էր։ Մայրս, հայրս, հայ քրիստոնյայի սովորությամբ, վարթեվորի պասը բռնած, հենց որ նավակատիկ են հասնում, շաբաթ օրը ախորժակով ուտում են մի աման ձկնապուր, վրայից էլ անուշ են անում մի մեծ ափսե կաթնապուր, դրա վրա էլ մի թավա ձվածեղ որ մաքրազարդում են՝ քեֆները ավրվում է, կիրակին տնքալով են լուսացնում, կեսօրին կարգին հիվանդանում և անկողին են ընկնում։

Քանի որ միտքս դրել էի պսակվել, շատ էի ուզում այդ կիրակի Սուրբ Խաչ գնալ, գուցե, մտածում էի, երկնավոր տերը բախտս բանա։ Երիցս հայտնի էր, որ սրտիս մեջ մի դարդ ունիմ. մայրս, Աստված ողորմի հոգուն, նկատում է այդ, ու չնայած որ հիվանդ էր, ասում է ինձ. «Մեզ համար ինչո՞ւ ես վիզդ ծռած քայլում, դու ջահել ես. կառքը լծել տուր, գնա Սուրբ Խաչ ու քեֆիդ նայե. մեզի համար ետ մի՛ մնա, ինչպես էլ լինի, մի օր կանցկացնենք ու Աստծով վաղը ոտքի կելնենք, գնա՛, որդիս, սիրտդ թո՛ղ բացվի, իրիկվա կողմը տուն գալուդ գուցե մի ուրախ լուր հայտնես»։ Իմ ուզածն էլ այդ էր։ Իսկույն կառքը լծել տվի։ Բայց հորս երեսից երևում էր, որ մորս խոսքերին հավան չէր։ «Էդ ի՞նչ ես ասում, ասաց մորս, ինչո՞ւ տղին զոռով կողքիցդ քշում ես. գուցե տղան չի ուզում, զոհ անելդ ո՞րն է։ Եղանակն էլ անձրևային է. երեկ գիշերվանից էր երևում, գլուխս կտամ, թե այսօր անձրև չգա»։ Բայց ես նրա խոսքերը չլսելու տվի, գնացի սենյակս, Մոսկվայում կարել տված պիջակը, բաճկոնս ու շալվարս շտապ հագա, վրայից էլ՝ ծալքավոր. օձիքով վերարկուս, բոլորովին նոր գլխարկս դրի, կառք թռաա ու ճամփա ընկա։

9

Սուրբ Խաչ որ հասա՝ արդեն ժամը մեկը կլիներ։ Վանքի բակը լի էր եռաձի կառքերով, սայլերով ու սայլակներով, բոլոր սենյակներըւ բռնած էին. հազար տեղ կրակ էր վառած, որի վրա կաթսա էր կախած՝ տեսակ–տեսակ կերակուրներով, որի՛ վրա էլ խորովածի շամփուրներն էին պտույտ գալիս, վառած փայտի, քակորի, ցախի ու նրանց վրա կաթկթած յուղի հոտը աշխարհք էր բռնել։ Ձիերի, եզների ձայները (գյուղացիներն այն ժամանակներն ավելի շատ եզասայլ էին գործածում), հարբած գյուղացիների կռիվն ու աղմուկ-աղաղակը, տիրացուների տաղերը, բոլորն իրար էին խառնվել, մարդ այնպես էր կարծում, թե դժոխքի մեջտեղն է ընկել։ Դժոխք էր, որ կար։

Նախ, սովորության համաձայն, մտա ժամ, հինգ-վեց սրբերի առջև մեկ-մեկ մոմ վառեցի, մի քանի անգամ երեսս խաչ հանեցի, երկրպագություն արի. Անիից բերած քարե սուրբ խաչն էլ բանալ տվի, համբուրեցի և աղոթքս ավարտեցի, նորից բակ ելա և, որովհետև մի տարի առաջ ժամի մոտ թաղված էր ողորմած հոգի Հարություն վարդապետը, և նրա հիշատակը, հիմիկվա նման, ժողովրդի մտքից չէր ելել, մի երկու անգամ նրա գերեզմանն էլ համբուրեցի, հայր-մեր ասի, հետո իջա պարտեզ։ Սանդուխքներից իջել էի ու մեկ ոտս կամուրջի վրա էր, երբ դիմացս ելան երկու աղջիկ, երկուսն էլ ճերմակ շոր հագած, երկուսն էլ մի հասակի, բայց նրանցից մեկը հրեշտակի պես գեղեցիկ էր, իսկ մյուսը, տնից-դռնից հեռու, սատանայի պատկեր ուներ՝ սև, տգեղ ու չոփուր, քիթը խիստ երկար ու ծուռ, բերանը մեծ, մինչև ականջների բլթակներին էր հասնում, վիզը բարակ ու երկար՝ իսկը կռունկի վիզ։ Աչքիս ծայրով բավական նայեցի գեղեցիկ աղջկան, քանի ես գեղեցիկին էի նայում՝ տգեղն աչքերը լայնացրած վրաս էր չռել ու, կարծես, ինձ հում-հում ուտել էր ուզում։ Խորշելու բան էր։ Մտքիս մեջ ասում էի. «Տե՜ր Աստված, այսպես էլ անճոռնի, այլանդակ արարած լինի՜, վա՜յ դրա էրկանը ախորժակին»։

10

Ապա ուշքս ու միտքս գեղեցկուհուն դարձնելով, ինքս ինձ այսպես էի ասում.

«Երնե՜կ նրան, ում բախտ պիտի ընկնես, քեզ ոտից գլուխ ոսկով ու մարգարիտով էլ որ ծածկի՝ էլի քիչ է ու շատ չէ– արդյոք հողեղեն ո՞ր արարածին պիտի գրկեն հրեշտակի թևերի պես այդ ձեռներդ. արդյոք ո՞ւմ այտերին պիտի կպչեն այս վարդագույն շուրթերդ. արդյոք ո՞վ պիտի համբուրե, չեմ համարձակվում ասել՝ պագնել, այդ ատլաս, մախմուր այտերդ, աստղի պես ցոլուն աչքերդ... Բախտ որ ասում են՝ սա է բախտը, այսպիսի կնիկ ունենալն է բախտը...»։

Աղջիկները սանդուղքի մինչև կեսը հասել էին, անշուշտ ժամ էին գնում, ես էլ կամրջին կանգնած, աչքս պաղած նրանց էի նայում։ Մեկ էլ ետևիցս մի մարդ անունս տվեց ու ձեռքը ուսիս դրեց, ետ դառնամ տեսնեմ՝ խութուռճի Ասատուրն է։ Մարդը լավ քեֆով էր։ Երևում էր, որ ճաշին, մսաջրի մեջ սոխ ու սխտորն առատ էր եղել, խորովածն էլ նորից առանց սոխի չի եղել, քանի որ ամեն անգամ որձկալիս սոխի հոտը քթիս էր դիպչում ու գլուխս պտտվում էր։ Թյո՛ւ, սաստիկ չեմ սիրում, երբ խոզի խռխռալու պես բարձր-բարձր որձկում են, և միշտ զգուշանում եմ ճաշի սեղանից նոր վերկացած մարդու հետ զրույցի բռնվելուց, հեռու լսողաց՝ բերաններից գեշ հոտ է գալիս։ Թյո՜ւ։ Ինչ որ է։

Որի՞ն ես նայում, հարցրեց Ասատուրը։ Հայացքս բարձրացրի սանդուղքներին ու սպիտակ շոր հագած երկու աղջիկներին մատնացույց արի։

Հավանե՞լ ես, ինչ է, ասաց Ասատուրը։

Չհավանելու բա՞ն է որ։

Քու հավանելը հեչ է, մի կոպեկ չարժե, տեսնենք հայրդ ու մայրդ էլ հավանո՞ւմ են։

Իսկույն միտս ընկան մոսկովցի իմ ծանոթ ռուս կանանց խոսքերը և, բարկությունս եկավ։

Ես որ չհավանիմ՝ հորս, մորս հավանածը կուզեմ որ, նրանց ի՞նչ բանն է իմ բախտի մեջ խառնվելը, թո՛ղ ինձ չբարկացնեն, թե չէ առանց նրանց էլ նշանը կտամ... Այդ չէ՝ դա այն ասա, տեղով գիտե՞ս, թե ո՞ւմ աղջիկն է։

Բա չգիտե՞մ, ես էլ որ չիմանամ՝ ո՞վ պիտի իմանա, ասաց Ասատուրը։

Հետո՞, ո՞ւմն է, հարցրի։

Ո՞ւմը պիտի լինի, իհարկե՝ իմն է, ասաց Ասատուրը։

Ճի՞շտ ես ասում, Ասատուր աղա, թե՞ կատակ ես անում։

Այդ ի՞նչ հանաքի բան է, որ ուրիշի աղջիկը իմն է, ասեմ։ Իհարկե՝ իմն է. Անուշս է, չգիտե՞ս, ի՞նչ է։

Առաջին անգամ եմ լսում, ասի, անունն էլ ի՜նչպես սազում է՝ Անուշ... Իսկապես վարդի մուրաբայի պես անուշ է։ Իսկ մյուսը, հետը գնացողը (ամաչեցի ասելու՝ տգեղը) ո՞ւմ աղջիկն է։

Հետը գնացո՞ղը, նա աղայիս... ին աղջիկն է։

Հեչ լսած չէի այդպիսի գեղեցիկ աղջիկ ունենալդ, ի՜նչ ծածկամիտն ես եղել, հիմա տեղը չէ՞ քեզանից մաղարիչ առնելը...

Դրա հաշիվը հետո կտեսնենք, ասաց Ասատուր աղան, ուզո՞ւմ ես հիմա գնանք մեր տունը հանդիպենք, գյուղը հեռու չէ. արի կառքս նստենք, մի րոպեում կհասնենք։

11

Ճիշտ որ գյուղը հեռու չէր. մի քանի րոպեում հասանք։ Ասատուր աղան հրամայեց սեղան սարքել, էլ ի՛նչ ասես բերին՝ տեսակ-տեսակ ուտելեղեն՝ ձուկ, տան երշիկ, տան պանիր, կարագ, սեր, շերտ-շերտ կտրած կարկանդակ, հետն էլ մի շիշ կարմիր գինի և երկու բաժակ։

Ես խմելու հետ գլուխ չունեի, բայց այն օրը Անուշի ազիզ խաթեր համար բավական խմեցի, չգիտեմ՝ յոթներորդ շի՞շն էր, որ դատարկել էինք, թե՞ ութերորդ, օրը արդեն մթնելու վրա էր. գլուխս արդեն սկսել էր կարգին պտտվել: Իմ օրում այսպես քեֆով եղած չէի։ Այդ միջոցին իմ տեսած երկու աղջիկը բակովն անցան և մի ուրիշ դռնից ներս մտան, երևում էր, որ Սուրբ Խաչից էին գալիս։ Եռացող ինքնաեռն էլ ծառան ներս բերեց, որովհետե արդեն թեյի ժամանակն էր։ Աղապալին հորինած երգը միտս ընկավ։

Չայ ասածըդ խիստ աղեկ բան է,

Քնհատ մարդուն ռահատ կանե՞:

Մեկ էլ տեսնեմ՝ դուռը կամացուկ բացվեցավ ու շեմքին, մատուցարանի վրա թեյի բաժակները շարած, գեղեցիկ Անուշը երեաց. նա ուղիղ դեպի մեզ էր գալիս, ամաչելուց երեսը վարդ էր դարձել, անպիտան աղջիկն ավելի էր գեղեցկացել։ Թե ի՛նչպես վերցրի թեյի բաժակը, ի՛նչպես սեղանին դրի՝ չգիտեմ, այնքանը միայն գիտեմ, որ այդ րոպեին գժի պես մի բան էի։ Թեյը տվեց, և աղջիկը գնաց։

Ասատուր աղա, ասի, այդ Անուշը ճի՞շտ քո հարազատ աղջիկն է։

Ա՛յ տղա, գի՞ժ ես, թե՞ ուրիշին ես գժվացնում, ասաց Ասատուր աղան, որ իմը չլիներ, ինչո՞ւ պիտի ասեի, թե իմն է. իհարկե իմն է, ո՞ւմը պիտի լինի։

Ինձ կտա՞ս, ասի ամաչելով։

Ինչո՞ւ չպիտի տամ որ, դու ումի՞ց պակաս տղա ես, իհարկե կտամ, բայց երկու-երեք գավաթ օղի չխմած՝ դրա մասին չեմ ուզում խոսել։

Երկու-երեք գավաթ օղու տեղը տասը-տասնհինգական դատարկեցինք. սենյակն սկսեց չորս կողմս պտտվել, գլխիս մեջ դնգդնգ էր անում, ականջիս ետևի և ճակատիս երակները մատիս հաստության ուռել էին։

Գինետնից ելած, աչքերը ծռված, օրորվելով քայլող հարբած մարդ տեսե՞լ ես, որ գնում-գնում՝ վայր է ընկնում, գնամ-գնում՝ վայր է ընկնում ու կանգնած տեղը քնում է՝ այդ իրիկուն ես էլ ճիշտ այդպիսի հարբածի էի նմանում։

Դու մի՛ ասի՝ հյուրեր են կանչել, տերտեր-տիրացու են եկել, նշանդրեքս, ինչպես որ կարգն է, կատարվել է և հետո մեղավո՛րիս առոք-փառոք տան են ուղարկել, իսկ ես ոչ մի բանից տեղեկություն չունեմ։ Այդպես էլ ստորություն կլինի՜։

Մյուս օրն եմ իմանում, ինչ իմանամ՝ լավ է, որ այն տգեղ աղջկա հետ եմ նշանված եղել։ Փշաքաղվում եմ։ Հայրս ու մայրս տեր են կանգնում, դես-ղեն են ընկնում՝ հոգևոր դատարան, մագիստրատ խնդիր են տալիս։ Բայց մյուս կողմից էլ Ասատուրը կանգնում է, թե՝ «որդիդ ինքը՛ եկավ, աղջկաս իրեն աչքով տեսավ, շատ հավնեցավ. մարդ նրան զոռ արած չէ. նշանն էլ իրեն կամքով տվեց (մի՛ ասի՝ դրանք իմ անունով միջնո՛րդից ալմաստ մատանի են առել ու աղջկա մատն են անցկացրել), հեչ կարելի՞ բան է Աստծու անունով եղած բանը քանդել... Նշանից ետ եղած աղջկան ո՞վ պիտի տանի... ուզում եք խեղճ աղջկանն առանց դանակի մորթե ՞լ... Նշանը կես պսակ է»։ Այսպես ասին իրենց ասելիքը։ Ես այդ բոլորը մի գրոշի չէի առնի և նշանը ետ տալու ճարն ու ճանապարհը կգտնեի, դրա ծախսն ընդամենը մի երեք հարյուրանոց էր, բայց ափսո՜ս, որ մեջտեղն արիշ հաշիվ կար։

Նշանից երեք օր էր անցել, խանութս նստել եմ, մեկ էլ տեսնեմ՝ երեք գազ բոյով մի տարօրինակ աժդահա մարդ, ձեռքը ձիապանի մի մտրակ՝ խանութս է մտնում. «Ես, ասում է, Անուշի ախպերն եմ»։ Սիրտս տապ արավ։ «Ինձ, ասում է, եըլխըճի Գևորգ են ասում։ Դու նշանից ետ քաշվելու միտքն ես ունեցել, բայց էս ղամշիս տեսա՞ր ասում է ու չաթ-չաթ մտրակը պատին է զարկում, ձեռքիս այս մտրակով կռնակիդ վրա կարմիր խազեր կքաշեմ, բայց էլի օձիքդ բաց չեմ թողնի։ Տե՛ս, քեզ մի շաբաթ ժամանակ եմ տալիս, պսակվեցիր լավ, չպսակվեցիր՝ օձիքիցդ կբռնեմ, ղամշիլամիշ անելով ժամ կտանեմ, կպսակեմ ու ղամշիլամիշ անելով ժամեն տուն կբերեմ, կհանվեցնեմ ու քրոջս ծոցը կպառկեցնեմ, լսո՞ւմ ես։ Ինձ եըլխըճի Գևորգ են ասում»։

Եըլխըճի Գևորգի տեսքից երևում էր, որ ո՛չ միայն ասող, անող էլ էր։ Հիմի ես ո՞ր քարին, ո՞ր պատին տամ գլուխս։ Ճարս կտրած, մի շաբաթից, սուս-փուս հարսանիք արինք, պսակվեցինք, այս օրվա օրս էլ ութը զավակի տեր եմ, հինգն էլ թաղել եմ։ Բայց՝ ցավն այն չէ, որ աշխարհքիս ամենատգեղի, ամենաանճոռնու, ամենաչսիրածիս հետ պսակվեցի, ցավն այն է, որ վարթեվորի իրիկունը, երբ որ ես Սուրբ Խաչ վանքն էի, Ասատուրի տանը ինքս իմ ձեռքով բախտս էի փակում, մայրս, հիվանդ-հիվանդ խնամի է ուղարկում X-աղայի տունը ու նրա աղջկան՝ Մարթային (իմ տեսած գեղեցկուհին նա էր եղել) ինձ համար է ուզում, ու խնամին ուրախ-ուրախ լուր է բերում, թե՝ համաձայն են։ Ցավս հենց այդ է։ Է՛հ, ինչ որ է։ Հիմի անցել գնացել է. դու գլխիդ հազար վայ էլ կարդաս՝ ի՞նչ օգուտ, այդ բոլորից հետո։

Այդ օրից վարթեվորի անունը որ լսում եմ՝ կարծես մահվանս գալն եմ լսում։

Յատուկ Երաժշտություն
Ճոճվող Բախ
Դավիթ Բալասանյան

Ճոճվող Բախ

Ծովային տեսարան
Ծովային տեսարան
Խաղա առցանց