Րաֆֆի

Խազ-փուշ

(Մի նկարագիր պարսկական թշվառների կյանքից)

Ա

Ցուրտ է:

Այս առավոտ արեգակը դողդողալով, երկչոտ կերպով դուրս նայեց հորիզոնից և կրկին անհայտացավ: Նրա գունաթափ դեմքը այնքան շփոթված էր, այնքան ողորմելի էր, որ մարդ խղճում էր նրա վրա նայելիս:

Նա էլ մրսում էր:

Երկինքը մառախլապատ է: Ձյուն չկա: Բայց օդի մեջ սառցային փոշին, արծաթյա թեփուկների նման, լողում է, շողշողում է միլիոնավոր մանր աստղիկներով: Այդ աստղիկները, ինչպես բյուրեղի սուր փշրանք, կտրատում են, այրում են մարդու աչքը, երեսը, ձեռքերը և մարմնի բոլոր բաց տեղերը: Անկարելի է շունչ առնել: Շունչը սառչում է շրթունքների վրա: Անկարելի է աչք բաց անել: Թերթերունքները սառած, ամուր կպած են միմյանց հետ: Փչում է դառնաշունչ քամին և ամեն ինչ քարացնում է:

Անհիշելի ժամանակներից Թեհրանը մի այդպիսի ցուրտ առավոտ չէր տեսել:

Փողոցներում գետինը երկաթի նման սառել, ամրացել և ճաքճքել էր: Սառել էր և ջուրը, որ անցնում էր ստորերկրյա խողովակներով: Սառել էին և լճակները, որ շինված էին սառցատների մոտ: Սառել էին և ծառերը իրանց եղյամապատ ճյուղերով: Ամբողջ քաղաքը ներկայացնում էր մի անշարժ, սառցային զանգված:

Չնայելով, որ օրից բավական անցել էր, բայց փողոցներում դեռ ոչ ոք չէր երևում: Բոլոր դռները փակ էին: Չէին երևում և թռչունները: Միայն սովատանջ ագռավը, չկարողանալով երկար համբերել, դուրս նետվեցավ յուր պատսպարանից, գնաց մի որևէ հարակ որսնելու: Նա անցավ եղյամով արծաթագրած կտուրների վրայով, նայեք լուսամուտների սառցային նկարներին, անցավ ամայի փողոցներով, նայեց յուր ծանոթ աղբանոցներին և, մի տեղ մի ինչ-որ անորոշ կույտ տեսնելով, ուրախությունից մի քանի պտույտներ գործեց օդի մեջ, և ապա վերևից սլացավ կույտի վրա: Սկսեց շտապով կտցահարել և մագիլներով քըճըճեր: Բայց կույտը քարի նման սառել, կպել էր փողոցի հատակին: Երեկ, երբ այստեղից անցավ ջորիների քարավանը, դեռ փափուկ ու թարմ էր այդ կույտը: Բայց այսօր սոված թռչունը նրա ամրության միջից մի գարու հատիկ անգամ դուրս փորել չկարողացավ: Նա տհաճությամբ թողեց կույտը և կրկին նետվեց սառցային տարածության մեջ:

Միևնույն նպատակով յուր պատսպարանից այս առավոտ դուրս էր եկել մի այլ սովատանջ արարած: Բայց դա ավելի բախտավոր գտնվեցավ, քան թե ագռավը:

Դատարկ փողոցով միայնակ գնում էր նա: Մերթ փութացնում էր քայլերր և վազ էր տալիս, մերթ կանգ էր առնում, մտածում էր, և ապա շարունակում էր գնալ դանդաղ, անհավասար քայլերով: Կարծես բնավ ցուրտ չէր զգում, թեև բոլորովին մերկ էր: Նրա հագուստը բաղկացած էր երկու կտորից միայն: Դրանք երկու կտավյա ղենջակներ (փութայ) էին, որոնցից մեկը կապել էր մեջքին, սքողում էր նրա մերկությունը և իջնում էր մինչև ծնկները, իսկ մյուսը անփույթ կերպով ձգած ուներ ձախ ուսի վրա, ծածկում էր կուրծքի ու թիկունքի մի մասը: Մարմնի մնացած մասերը մնացել էին բաց: Բաց էր գլուխը, որ պատած էր թաղիքի նման թանձրացած մազերով, բաց էին և բոբիկ ոտները, ճաքճքած կրունկներով: Վաղորդյան դաժան ցուրտը կարծես վախենում էր շոշափել այդ թշվառ մերկությունը, որ ներկայացնում էր մի մռայլ, անճոռնի այլանդակություն: Մրոտած դեմքը, մոխրապատ մարմինը, մշտական կեղտի հաստ խավը ավելի սարսափելի էին դարձնում այդ տարօրինակ այլանդակությունը:

Շրջակայքի ամբողջ դատարկության մեջ տիրում էր սպանիչ, անապատական տխրություն: Բայց նա ուրախ էր: Գնում էր սուլելով և երբեմն խուլ կերպով եղանակում էր երգի նման մի բան: Նրա ձայնը, փողոցների խորին ամայության մեջ, լսվում էր որպես ծայրահեղ թշվառության մի դառն մրմունջ, որ դուրս էր հնչվում խորտակված, վաստակաբեկ կուրծքից…:

Այդ մարդը «Խազ-փուշ» էր:

Մարդիկ նրա մերկությունը ծաղրելու համար «Խազ-փուշ»12 կոչեցին: Բայց նա մարդկանց պճնասիրությունը ծաղրելու համար շրջում էր բոլորովին մերկ մարմնով:

Նա անցավ բազարի ընդարձակ հրապարակը և մտավ ծածկված շուկաներից մեկի մեջ: Կրպակները դեռ բացված չէին: Գիշերապահ հասասները, մուշտակները գլխների վրա ծածկած, դեռ կուչ էին եկած խանութների թումբերի վրա և, կռացած, իրանց սառած ձեռքերը բռնել էին շիկացած մանղալի վրա: Բայց կրակն անգամ սառել էր, ջերմություն չէր ազդում:

Մտնելով շուկան, նա ավելի առաջ չգնաց: Մուտքի մոտ, վաղ-առավոտյան, արդեն յուր կրպակը բաց էր արել նրա ցանկալին: Այսինքն, մերկ գետնի վրա նստած էր մի կեղտոտ մարդ և յուր մոտ դրած ուներ մի խեցեղեն աման, որի բերանը ծածկած էր մի ավելի կեղտոտ կտավի կտորով: Ջերմ գոլորշին բարձրանում էր ամանի բերանից և լցնում էր օդը ախորժալի հոտով;

Շաքարից ավելի քաղցր է,
Մեղրից ավելի համով,
Ըշտապեցեք, աղքատնե՜ր,
Պրծնելու վրա է:

Այսպես գովաբանում էր նա յուր վաճառքի հատկությունները և բարձր ձայնով գնողներ էր հրավիրում:

Մեր մոլաշրջիկը մոտեցավ նրան, հպարտ կերպով ասելով.

«Խազ-փուշի» բաժինը հանեցե՜ք...:

Ծախողը տակից երկչոտ կերպով նայեց նրա վրա, հետո դողդոջուն ձեռքը տարավ դեպի ամանի բերանը, վեր բարձրացրեց նրա վրա ձգած կտավը, և դուրս բերեց նրա միջից մի քանի մուգ-վարդագույն գնդակներ, մեծ ու փոքր դիրքով: Դրանք ուրիշ ոչինչ չէին, եթե ոչ խորոված ճակնդեղի կոշտեր, որ աղքատների առավոտյան ամենասիրելի տաք կերակուրն է, մանավանդ ձմեռային օրերում:

«Խազ-փուշը» ցած բերեց ուսի վրա ձգած ղենջակը, ստացած նվերը փաթաթեց նրա մեջ և, առանց շնորհակալություն հայտնելու, շտապով հեռացավ:

Ճանապարհին հանդիպեց նրան մի այլ «Խազ-փուշ»: Այդ երկրորդը ավելի ծանր էր, քան առաջինը և ավելի լավ էր հագնված, քան առաջինը: Կտավյա երկար շապիկի վրա, որ նրա միակ ներքին հագուստն էր և մեջքից պնդած էր թոկով, ձգած ուներ նա մի նույնպես երկար վերարկու, որ իջնում էր ծնկներից բավական ցած: Եթե հարկավոր լիներ աշխարհի բոլոր հնոտիների նմուշներն ունենալ, անտարակույս, կարելի էր գտնել այդ վերարկուի թանձր բաղադրության մեջ: Դա ցնցոտիների մի հարուստ հավաքածու էր, որ նրա ուսերի վրա վերարկուի պաշտոն էր կատարում: Եվ այդ բազմամասնյա հավաքածուն կազմվել էր տարիների, շա՜տ տարիների ընթացքում: Նրա դերձակը եղել էր ինքը ժամանակը: Բախտի բերմունքների համեմատ, երբ պատահել էր նրա կրողին փողոցներում և աղբանոցներում մի շորի կամ փալասի պատառ գտնել, նա խնամքով վեր էր առել և կարկատել էր յուր վերարկուի վրա: Այնտեղ ամեն տեսակ կտոր կար: Նյութերի և գործվածների մեջ խտրություն չէր գրված: Այնտեղ կպցրած կային և՜ հին գուլպաների, և՜ հին գլխարկների կտորտանքներ, այնտեղ կպցրած կային և կոշիկների երեսներ, իսկ նրանց կարգում մի գեղեցիկ կտոր քիշմիրյան ընտիր շալից: Բավական էր մի թել քաշել, և ահա ցնցոտիների մի ամբողջ շարք փուլ կգար և, քայքայվելով ու լուծվելով, կթափվեր ցած: Այդ մարդը յուր վերարկուով, կարծես հանդիմանում էր հասարակությանը: Նա միանգամից կրում էր յուր վրա այն բոլորը, ինչ որ մարդիկ առանձին մասերով էին հագնում:

Նշանավոր էին նրա հողաթափները, որ կրում էր մերկ ոտներով: Նրանց դրությունը շատ չէր տարբերվում վերարկուի վիճակից: Զանազանությունը նրանում էր միայն, որ հողաթափների կազմվածքի մեջ մտել էր մեծ քանակությամբ երկաթ, որից, դժբախտաբար, զուրկ էր վերարկուն: Յուր կյանքում այդ թշվառականը, փողոցներում կամ ճանապարհների վրա, որքան մեխի կտորներ էր գտել, բոլորը գամել էր յուր հողաթափների տակին: Վերջին ժամանակներում նրան հաջողվեցավ գտնել մի հատ էշի նալ (պայտ) այն ևս գամեց առաջինների շարքում: Բայց դեռևս երկյուղ ուներ, արդյոք այդ զրահավորված հողաթափները կտանեի՞ն նրան մինչև յուր կյանքի վերջը: Կարելի էր ամենայն վստահությամբ երաշխավոր լինել, որ կտանեին: Որովհետև, ինչ չափով որ մաշվում էին, նրա հնգապատիկ և տասնապատիկ չափով միշտ նոր նյութեր էին ավելանում նրանց վրա: Սոսկալի էր նրանց ծանրությունը: Բայց ծերունու ոտները այն աստիճան սովորած էին, որ նա ոչ բազում դժվարությամբ քարշ էր տալիս նրանց յուր հետ յուր ամբողջ կյանքում քարշ էր տալիս այդ հողաթափները, որպես մի ծանր, տաժանական պատիժ...:

Երբ երկու «Խազ-փուշ»-ները հանդիպեցին միմյանց, առաջինը ողջունեց, հարցնելով.

Խաղաղություն քեզ, Ահմադ հայրիկ, ի՞նչ կա, որ այդպես վաղ դուրս ես եկել:

Ցո՛ւրտ է, այս առավոտ շատ ցո՛ւրտ է, տրտնջալով պատասխանեց ծերունին:

Կարողացա՞ր մի բան գտնել:

Ոչինչ բան... Ինչպես աշխարհը պաղել և սառուց է դարձել, այնպես սառել է և մարդկանց սրտերը...

Երիտասարդ «Խազ-փուշը» բաց արեց իր ղենջակը և մի քանի րոպե առաջ ստացած ճակնդեղի պատառները եղբայրաբար բաժանեց ծերունու հետ, ասելով.

Տա՜ր, այսօր այդ քեզ բավական կլինի, իսկ էգուց աստված ողորմած է:

Նա ընդունեց, և օրհնելով բաժանվեցան:

Բ

Մեչիտից հետո բաղանիքը մահմեդական աշխարհի այն կարևոր հիմնարկություններից մեկն է, որ լցուցանում է բարեպաշտ մուսուլմանի թե հոգևոր և թե մարմնավոր պետքերը: Այստեղ են կատարվում լվացման ծեսերը, այստեղ են ներկվում կրոնասեր հոգիների նվիրական մորուքները, և ձեռների ու ոտների եղունգները սրբարար հինայով:

Որպես մեչիտը յուր հովանավորության ներքո պատսպարում է աղքատների և անտուն, անտեր նժդեհների մի բազմություն նույն բարերարությունը կատարում է և բաղանիքը:

Ներկայացնենք Թեհրանի բազմաթիվ բաղանիքներից մեկը:

Մեզ համար հետաքրքիր է այն մասը, որտեղից տաքացնում են բաղանիքը: Դա հետևի կողմի մեծ բակն է, ուր ամբարված են բոլոր վառելի նյութերը: Փայտի պակասության պատճառով, վառում են, ըստ մեծի մասին, մանրած հարդ և անասունների աղբ: Դանտեի և այլ դասական բանաստեղծների նկարագրած դժոխքը շատ փոքր նմանություն ունի պարսից բաղանիքի այն ստորերկրյա հրամբարի հետ, որ, շատ հատկանիշ անունով, կոչվում է «ջհաննամ», որ նշանակում է գեհեն կամ դժոխք: Մի մթին մուտք, ծուխից և մուխից սևացած պատերով, տանում է դեպի այդ դժոխքը: Այստեղ անշիջանելի կերպով վառվում է կրակը և յուր ջերմությունը տարածում է դեպի բարձր, ընդարձակ կամարները, որոնց վրա դրված են ջրով լի ահագին կաթսաներ, որոնք բոլորակ ավազանների ձև ունին: Դժոխքից կաթսաների մրոտած տակերն են միայն երևում, իսկ նրանց լայն բերանները բացվում են վերևի հարկում, որտեղ բուն բաղանիքն է, այսինքն՝ լվացման տեղը:

Այդ դժոխքը նույնպես ունի յուր դատապարտյալները, այդ դժոխքում ևս տանջվում են մարդիկ, եթե ոչ կրակի բոցերի մեջ, բայց, նրա փոխարեն, կրակից առաջացած մոխրի կույտերի մեջ: Մշտավառ կրակի մոխիրը, բլուրների նման դիզված, բավական ընդարձակ տեղ է բռնում, որ կոչվում է «քուլամբար»13, այդ մոխրի ամբարանոցում թավալվում է թշվառների մի ստվար բազմություն: Այստեղ, տաք մոխրի կույտերի միջից, երևում են զանազան գլուխներ մեծ և փոքր, տղաների և աղջիկների, արանց և կանանց: Նայելով այդ ողորմելիների մրոտած երեսներին, այնպես է թվում, որ քրեական պատժապարտներ լինեին կենդանի թաղված գետնի մեջ14:

Ովքե՞ր են դրանք:

Դրանք քաղաքի այն անտերունչ, կիսամերկ երեխաներն են, որոնց հայրն ու մայրը հայտնի չէ, որոնք ցերեկով թափառում են փողոցներում, մուրացկանություն են անում, իսկ գիշերը պառկելու տեղ չունին: Դրանք քաղաքի այն անգործ այր և կանայքն են, որ կամ աշխատության անընդունակ են, կամ աշխատություն չեն գտնում, և ապրում են միայն ողորմությունով: Կյանքի այդ դժբախտ զավակները տարվա տաք եղանակներում ավելի երջանիկ են: Բաց օդի մեջ, երկնքի պարզ կամարի տակ, նրանց համար ամենուրեք տեղ և օթևան կա: Որտեղ մթնում է, այնտեղ էլ պառկում են, թե փողոց լիներ դա և թե քաղաքից դուրս մի անբնակ անապատ: Իսկ ձմե՞ռը: Որտե՞ղ պատսպարվին ձմեռվա ցրտից և սառնամանիքից: Այդ ժամանակ նրանց միակ ապաստարանը լինում է բաղանիքների «դժոխքը»: Տաք մոխիրը նրանց համար փափուկ անկողին է դառնում, մերկ մարմնով թաղվում են նրա մեջ և այնպես պառկում են:

Որքա՜ն այդպիսի թշվառներ կան Պարսկաստանի մայրաքաղաքում, որոնք գիշերը իրանց գլուխը դնելու տեղ չունին: Դրանց թվումն են և «Խազ-փուշ»-ները, դրանց թվումն են և քաղաքի անտեր շները:

Շների հասարակությունը և «Խազ-փուշ»-ների հասարակությունը շատ չէ տարբերվում միմյանցից, շատ նման է միմյանց: Շները բախտավոր են նրանով միայն, որ բնական մուշտակ ունին, որ ինքնիրան նորոգվում է, իսկ «Խազ-փուշ»-ը պետք է իր մերկությունը ծածկելու համար ցնցոտիներ որոնե:

Շները նույնպես «Խազ-փուշ»-ների նման ցերեկով անարգել թափառում են փողոցներում, սպանդանոցներում, պտտում են մսավաճառների շուրջը, երբեմն մսի կամ ոսկորի կտոր են գտնում ու երբեմն բարեպաշտ հաջին գնում է մի քանի «սանգակ»15 և յուր ձեռքով բրդում է նրանց առջև: Դրանք ավելի ազատություն են վայելում, քան մյուս թշվառները: Ոստիկանությունը չէ հալածում դրանց և ոչ ոք անցագիր չէ պահանջում: Պարսկաստանում շունը միակ արարածն է, որ կրոնքով թեև պիղծ է համարվում, բայց նրան սպանելը մեղք: Իսկ «Խազ-փուշ»-ներին սպանելու համար մի ծանր պատասխանատվություն չկա:

Շները նույնպես տարվա տաք ամիսներում օթևանի հոգ չեն անում, պառկում են փողոցներում, աղբանոցներում և հաճախ շուկաների կտուրների վրա, որտեղ օգնում են գիշերապահ «հասասներին» խանութներին հսկելու: Բայց ձմեռվա ցրտերը այդ թշվառներին ևս քշում են դեպի բաղանիքների «դժոխքը»: Այստեղ նրանք ացնում են ոչ թե մոխրի տաք ամբարանոցները, այլ բռնում են մի առանձին բաժին, որտեղ պահվում են վառելիքները: Ահա՜ անասունների բոլորովին թարմ աղբի կույտերը, որոնք դիզվելով և ամբարվելով միմյանց վրա, սկսում են խմորվիլ, սկսում են առանց կրակի տաքանալ և այրվիլ: Ձմեռը, այդ կույտերի ջերմության մեջ, կիսով չափ թաղված, բնակվում են շները: Դրանք շատ հաշտ են ապրում իրանց դրացի մյուս թշվառների հետ: Վառելու աղբը գրավում են իրանք, իսկ այդ աղբից գոյացած մոխիրը թողնում են նրանց բնակության համար:

Հայտնվեցավ երիտասարդ «Խազ-փուշ»-ը, որին առավոտյան տեսանք: Նրան կոչում էին Ջաֆար: «Խազ-փուշ»-ների հասարակության մեջ բավական հեղինակություն էր վայելում Ջաֆարը: Թե ինչո՞վ էր ստացել այդ հեղինակությունը դժվար է բացատրել, գուցե նրանով, որ մինչդեռ ուրիշ «Խազ-փուշ»-ները իրանց ցնցոտիների մեջ փաթաթված, դարձյալ տրտնջում էին ցրտից, բայց նա յուր ղենջակով ամենևին բողոք չէր հայտնում :

Ջաֆարը ուներ յուր և այլ բարձր արժանավորությունները:

Նա վեհությամբ անցավ մոխրանոցը, աչք ածեց թշվառների վրա և մոտեցավ մի մթին խորշի, որ նեղ ու երկար սենյակի նմանություն ուներ: «Դժոխքը» յուր չորեք կողմում ուներ շատ այսպիսի խորշեր, որոնք տաքանում էին պատերից, և ամպամած օրերում ծառայում էին բաղանիքի սպիտակեղենները չորացնելու համար: Այդ մեկի մի կողմի պատը վաղուց քանդվել էր, այդ պատճառով մնացել էր առանց գործածության: Ջաֆարը բնակվում էր այդ ավերակի մեջ: Բաղանիքպանի հետ նրա մոտ հարաբերությունը՝ այդ առանձնաշնորհության պատճառը եղավ: Նա շինեց, սարքեց յուր բնակարանը, պատի քանդված տեղում քարեր, աղյուսներ դարսեց, իհարկե, առանց ծեփի, և քամին ու ցուրտը անարգել կերպով փչում էին ճեղքերից: Տարակույս չկա, որ Ջաֆարը յուր անձի համար այդքան հոգ չէր տանի, բայց նա ուներ մի այլ պատճառ, որ հարկադրեց նրան այդ մթին գերեզմանը խնդրել բաղնիքպանից:

Նրա խնամակալության ներքո գտնվում էր մի երեխա, որին նվիրել էր նա յուր բոլոր սերը, յուր հոգու բոլոր զգացմունքները: Երեխան քնած էր, երբ նա ներս մտավ, այդ պատճառով հուշիկ քայլերով մոտեցավ, որ չզարթեցնե նրան, և կամաց նստեց նրա մոտ: Մանուկի ներկայությունը այդ կոշտ կոպիտ մարդուն քնքշության էր ընտելացրել: Երկար, մի առանձին գթությամբ նայում էր նրա վրա: Երեխան մինչև վիզը թաղված էր հարդյա անկողնի մեջ, իսկ գլուխը դրած էր քրքրած փսիաթի փաթաթի վրա, որ բարձի տեղ էր ծառայում: Մի հոգատար մոր ձեռքով՝ ամենայն խնամքով պատրաստած անկողին յուր բոլոր փափկությամբ չէր կարող այնպիսի քաղցր քուն պարգևել յուր մանուկին, որպես քնած էր այդ փոքրիկ երեխան յուր հարդյա մահճի մեջ: Երբեմն նրա սիրուն դեմքը ժպտում էր, երբեմն նրա լիաշուրթ բերանը թոթովում էր անհասկանալի բառեր: Երևում էր, որ երազների մեջ է: Մրախառն փոշին, որով լցված էր «դժոխքի» ամբողջ մթնոլորտը, դրել էր այդ երեխայի գեղեցիկ երեսի վրա. յուր մուգ-սևագույն խավը, որով նրա դեմքը ավելի թուխ գույն էր ստացել: Նա քրտնած էր, և քրտինքը ողողում էր սև փոշին, և սև կաթիլներով թափվում էր նրա բարձի վրա: Ջաֆարը ձեռքը տարավ, սրբեց երեխայի ճակատից քրտինքը: Բայց, չնայելով նրա բոլոր զգուշությանը, խարտոցի նման կոշտ ձեռքը մի այնպիսի զգալի շփում գործեց, որ երեխան զարթնեց: Նա քնաթաթախ աչքերը թաց արեց և, տեսնելով յուր խնամակալին` իր մոտ, սուր ձայնով հարցրեց.

Աքաղա՛ղը... ի՞նչ եղավ աքաղաղը... ո՞ւր գնաց, հայրիկ...:

Փախավ, զավակս, պատասխանեց Ջաֆարը, նրան հանգստացնելով: Այս րոպեիս կբռնեմ:

Դե բռնի՜ր... շուտ բռնի՜ր...:

Ջաֆարը, փոխանակ աքաղաղի հետևից գնալու, որին երեխան երազումն էր տեսել, բաց արեց նրա առջև յուր ղենջակը: Երեխան, տեսնելով ճակնդեղի կարմիր կոշտերը, մոռացավ աքաղաղին, սկսեց ագահաբար ուտել: Մի քանի րոպե ուտում էր նա ու ձայն չէր հանում: Երբ փոքր-ինչ կշտացավ, ասաց.

Ի՛նչ լավն է...:

Երեք տարի առաջ Ջաֆարը գտավ այդ երեխային խանձարուրի մեջ, մեջիտի դռան մոտ դրած16 և որդեգրեց նրան: Այդ երեք տարվա ընթացքում այդ երեխան նրա բոլոր հոգածության առարկան էր դարձել:

Գ

Անձյուն, դառնաշունչ ձմեռին հաջորդեց անանձրև գարուն, հետո երաշտ ամառ: Ձմեռը ցանքերը ոչնչացրեց չոր ցուրտը, իսկ ամառը չոր տոթը: Ժողովուրդը սարսափով էր նայում երաշտության վրա, մանավանդ, երբ տեսնում էր, որ կենսական մթերքները օրըստօրե թանկանում էին:

Սովը անխուսափելի էր դառնում:

Բազարում արդեն քանի օր էր, որ հաց չէր երևում: Մարդիկ փողը ձեռքում ման էին գալիս և հաց չէին գտնում: Կառավարությունը ամեն խստություններ գործ էր դնում, որ առատությունը վերականգնե: Օր չէր անցնում, որ մի քանի հացթուխներ ականջներից մեխած չլինեին իրանց խանութների առջևի սյուների վրա17: Օր չէր անցնում, որ մի քանի ալյուր ծախողներ քթից ղալմուխի ուղտի նման, թոկ անցկացված չլինեին և ման չածեին փողոցներում՝ ի ցույց այլոց18: Բայց դարձյալ հաց չկար ու չկար բազարում:

Արդեն մարդիկ սկսել էին բանջարներով ու արմատներով կերակրվել, և մի քանի օր առաջ փողոցներում գտել էին սովամահների դիակներ:

Բայց Շահի յուրաքանչյուր հարցին, թե ի՞նչ դրության մեջ է սովը, մեծ վեզիրը սովորաբար պատասխանում էր. «Գոհություն աստծո, այժմ կատարյալ լիություն է տիրում, փոքր-ինչ թանկություն տեղի ունեցավ, այն ևս անցավ»:

Խոսվում էր, որ կենսական մթերքները այնքան պակաս չեն, որ սովը այն աստիճան սաստկության հասներ: Խոսվում էր և այն, որ հարուստ հաջիների մոտ նախորդ տարիներից մնացած այնքան ցորեն և ալյուր կա, որ բավական կլինեին լիացնելու ժողովրդին, բայց հաջիները թաքցնում են, որ ավելի թանկ գնով վաճառեն: Արդեն հաջի Ռահիմի ամբարները այդպիսի խոսակցությունների առարկա էին դարձել:

Հասարակության տրտունջը օրըստօրե ավելի սաստկանում էր: Կարծիք կար, որ մասնավոր պաշտոնակալներ իրանք հովանավորում էին հաջիներին իրանց ամբարները թաքցնելու և, փոխանակ նրանց հրամայելու, որ հրապարակ հանեն պահած մթերքները և վաճառեն նրանք պատժում էին խեղճ հացթուխներին, որոնք հաց պատրաստելու համար պետք է հաջիներից գնեին ալյուրը, իսկ հաջիները նրանց մերժում էին:

Պաշտոնակալների թվում այդ մեղադրանքը ընկնում էր ավելի ղարուղայի վրա, որի հսկողության ներքո էր գտնվում բազարի և շուկայի բարեկարգությունը:

Մի օր երեկոյան ազանից բավական անցել էր, աղոթասեր մուսուլմանները իրանց նամազը արել վերջացրել էին և պատրաստվում էին քնելու: Բոլոր փողոցները դատարկվել էին, և քաղաքում գիշերային խավարի հետ տիրում էր խորին լռություն: Այդ այն ծանր, գերեզմանական լռությունն էր, որ հատուկ է բոլոր պարսկական քաղաքներին արևի մուտքից հետո: Կյանքը և գործունեությունը դադարում է, ամեն մարդ փակվում է յուր տան մեջ, որովհետև փողոց դուրս եկողը կարող է կալանավորվել հենց առաջին պատահած «ղարավուլից», եթե գիշերվա անունը չգիտե: Իսկ գիշերվա անունը գիտեն միայն ոստիկանությանը շատ մոտ եղած մարդիկ:

Հանկարծ գիշերային այն ընդհանուր լռության մեջ մի տեղից լսելի եղավ շեփորի ձայն: Նրան ձայնակցեցին ուրիշ շեփորներ զանազան տեղերից: Այդ չարագուշակ ձայները սարսափ ձգեցին ամբողջ քաղաքի վրա: Ձայները լսվում էին քաղաքի համարյա բոլոր բաղանիքների կտուրներից: Իսկ նրանց գիշերային տարաժամ հնչման նշանակությունը գիտեր ժողովուրդը19:

«Խազ-փուշ»-ները ոտքի ելան. այդ շշունջը արագությամբ սկսեց տարածվել դեպի ամեն կողմ:

Մոխիրների միջից դուրս խուժեց մերկանդամ թշվառությունը և լցրեց բոլոր փողոցները:

Բաղանիքների «դժոխքում» մրոտած, սևացած խառնիճաղանջը որպես մի սոսկալի բողոք, հետզհետե հավաքվելով և ստվարանալով առաջ էր ընթանում սև, այլանդակ հոսանքով: Նրանց մեջ կային կիսամերկ կանայք, ֆուրիայի դեմքով և խառնաշփոթ մազերով, որոնք զինված էին քարերով: Նրանց մեջ կային ծերունիներ, որոնք, որպես ծերացած, հասունացած կատաղություն, իրանց մուրացկանության ցուպը դարձրել էին այս գիշեր վրեժխնդրության գավազան: Նրանց մեջ կային երիտասարդներ, բորբոքված երիտասարդական բոցով: Նրանց մեջ կային պատանիներ, երեխաներ, որոնք, իբրև աղքատության և դառնության խղճուկ զավակներ, աղաղակում էին. «Հա՛ց ենք ուզում...»: Այդ աղաղակը ավելի զորեղ ու ավելի ազդու էր, քան բոլոր զենքերի շաչյունը ու շառաչյունը:

Բոլորին առաջնորդում էր մեր նախածանոթ ծերունի Ահմադը զինված յուր նշանավոր վերարկուով և ծանր հողաթափներով: Այդ գիշերը կարծես մանկացած լիներ նա: Թանձր վերարկուն ձգել էր ձախ թևքի վրա, որ ծառայում էր նրան որպես վահան, իսկ աջ ձեռքում բռնած ուներ, որպես երկու ռումբեր, իր երկու ծանր հողաթափները: Նրա կողքին գնում էր երիտասարդ Ջաֆարը, որ մի ձեռքով տանում էր «Խազ-փուշ»-ների դրոշը, իսկ մյուս ձեռքով յուր փոքրիկ մանուկին: Դրոշի վրա ծածանվում է «Խազ-փուշ»-ների նշանը, որ պատկերացնում էր մի նիհար, կիսամերկ մուրացկան, կռացած մեջքով, որ մատով ցույց էր տալիս երկինքը, և, կարծես, ասելիս լիներ՝ «Այնտեղ դատավոր կա...»:

Բարձր ձողերի գլխին վառած ջահերի կապտագույն բոցերը լուսավորում էին կատաղի խուժանը, որ անընդհատ կերպով գոռում էր, որոտում էր և ընդհանուր աղաղակների միջից որոշվում էին երեք բառեր միայն «Յա հո՛ւ... Հա՛կկ»20:

Բազմությունը գնալով ստվարանում էր. նրանց հետ խառնվում էին նոր մարդիկ քաղաքի սրիկաներից, որոնցից շատերը զինված էին: Ոչինչ չունենալով, այդ ստահակները և կորցնելու ոչինչ երկյուղ չունին: Նրանց մնում էր իրանց մերկ անձը միայն, որից վաղուց կցանկանային ազատվել:

Մի քանի տեղ ոստիկանությունը դուրս եկավ նրանց առջև, բայց վանեցին քարերով ու փայտերով: Մի քանի տեղ ղարավուլխանաների21 պահակները փորձեցին փակել նրանց ճանապարհը, բայց պահականոցը մի րոպեում քարուքանդ եղավ նրանց կատաղության առջև:

«Յա հո՛ւ... Հա՛կկ... »:

Լսելի էին լինում խառնաձայն աղաղակները, և շրջակայքը դղրդում էր հազարավոր ձայներից:

Խաղաղ քնած քաղաքացիները իրանց սենյակներում, լսելով այդ աղաղակները, կարծում էին, որ այդ մի հոգևոր թափոր էր, որ անցնում էր փողոցներով: Որովհետև սակավ չէր պատահում, որ սովի, ժանտախտի և այլ պատուհասների ժամանակ, ամբոխը ամբողջ գիշերներ լցնում էր փողոցները, մինչև լույս պտույտներ էր գործում և կուրծքները կոծելով, աղաղակելով, երկնքից գթություն էր խնդրում:

Բայց այդ թափորը ցանկանում էր երկնքի վրեժխնդրության գործիքը ինքը լինել:

Նա անցավ բազարի հրապարակը, մտավ մի լայն փողոց և յուր ընթացքը ուղղեց դեպի մի նշանավոր տուն: Այդ միջոցին աղաղակները ավելի սաստկացան: Յուր ճանապարհի վրա զայրացած խուժանը փշրում էր, խորտակում էր հաջիների և այլ մեծամեծների դռների բոլոր զարդարանքները22:

Հասնելով նշանավոր տանը, բազմությունը շրջապատեց նրան: Սկսեցին մուրճերով, կացիններով, տապարներով խորտակել դռները: Հետո բազմության մի մասը ներս հոսեց: Շատ չանցավ, սալահատակների վրայով քարշ տալով, հանեցին մի մարդ և ձգեցին դռան առջև: Նրա մոտ կանգնեց ծերունի Ահմադը և կարդաց հետևյալ դատապարտական վճիռը. «Ահա մեր թշվառության և աղքատության սկզբնապատճառը: Եթե այդ ամենահարուստ հաջին այնքան ագահ չլիներ, մենք քաղցած չէինք մնա: Նա խլեց մեր հացը և յուր համար ապարանքներ շինեց: Քանդեցե՜ք այդ ապարանքը, որ անիրավության և անգթության արդյունքով է կառուցել: Քանդեցե՜ք, և իր սեփական տան աղյուսներով, որոնք մե՛ր արյունով և արտասուքով են շաղախված, քարկոծեցեք այդ մարդուն…»:

Ջահերի կապտագույն լուսավորության ներքո ծերունու մռայլ դեմքը ավելի սոսկալի էր դարձել: Նա առաջինը եղավ, որ յուր ձեռքի ծանր հողաթափներից մեկը զարկեց դատապարտյալի գլխին: Նրա օրինակին հետևեցին կանայքը, որոնք իրանց ծոցերում լցրած քարերը նետեցին անիրավի վրա: Հետո հազարավոր ձեռքեր սկսեցին քանդել աղյուսները, և մի քանի րոպեում նրա դիակի վրա կազմվեցավ մի ահագին բլուր իր փառավոր ապարանքի փլատակներից:

Այդ մարդը հաջի Ռահիմն էր քաղաքի ամենաանգութ հարստահարիչը և վաշխառուն:

Կողոպտելով հաջիի հարուստ ամբարները, բազմությունը հաղթական աղաղակներով սկսեց դիմել դեպի մի այլ տուն:

Դա քաղաքի դարուղայի տունն էր, որ ցորենատերերից կաշառք ընդունելով, նպաստում էր սովի սաստկանալուն:

Նրա դիակը նույնպես թաղվեցավ իր տան փլատակների ներքո...

Դ

Գիշերվա խռովությունները առավոտյան ամբողջ քաղաքի խոսակցության առարկան էր դարձել: Շատերը երկյուղից իրանց խանութները չէին բաց անում: Ցրիվ եկած «Խազ-փուշ»-ները դեռ թափառում էին փողոցներում: Ցորենատերերը կատաղած էին, իսկ սովատանջները գովում էին «Խազ-փուշ»-ների վարմունքը:

Այսպիսի խոշոր դեպքեր շատ անգամ Շահին չէին հայտնում, կամ եթե հայտնում էին, այն ևս շատ փոքրացրած ձևով: Սովորաբար ուշացնում էին զեկուցումները, մինչև Շահը լավ տրամադրված կլիներ, որ մի հարմար ժամանակ գտնեին նրան պատահած անկարգությունը հայտնելու:

Օրը ուրբաթ էր: Այսօր Շահը սովորություն ուներ գնալ քաղաքից ոչ այնքան հեռու մի ուխտատեղի՝ աղոթելու համար: Գնացքը սկսվեցավ վաղ առավոտյան և տևեց մի քանի ամբողջ ժամեր:

Ամենից առաջ շքեղազարդ ջորիների ստվար խումբեր, բարձած վրաններով և ամեն տեսակ բարիքներով, տանում էին արքայական նախաճաշիկի պատրաստությունները, որ պետք է աներ այնտեղ:

Հետո սկսեց գնալ կանանոցը:

Ծածկված կառքերի, փակված պատգարակների և դիպակների մի երկար շարք լցրել էր այն փողոցը, որ պալատից տանում էր դեպի հիշյալ ուխտատեղին: Հարյուրներով կարելի էր հաշվել նրանց թիվը, որոնց յուրաքանչյուրի մեջ նստած էր մի-մի թագուհի: Դրանց հետևից գնում էին հարճերի և պալատական նաժիշտների պատգարակներն ու դեսպակները: Գնացքը անցնում էր համրընթաց կերպով: Յուրաքանչյուր կառք շրջապատված էր մի խումբ զինված ներքինիներով, որոնք անդադար աղաղակում էին՝ Քուր շո՜վ... Քուր շո՜վ..., որ նշանակում էր՝ «Կույր եղի՜ր... Կույր եղի՜ր»...

Ամեն աչքեր պետք է կուրանային, ամեն տեսանելիք պետք է փակվեին: Ոչ ոք իրավունք չուներ նայելու Շահն-Շահի կանանց վրա, թեև անցնում էին ծածկված կառքերի մեջ:

Ներքինիների սպառնալից աղաղակները լսելով, փողոցի վրա բացված լուսամուտները փակվում էին, կտուրների վրա զբոսնող մարդիկ23 հեռանում էին և թաքնվում էին վերնապարսպի հետևում: Իսկ այն մարդիկ, որ փողոցումն էին գտնվում կամ շտապում էին շուտով փախչել և կամ, եթե ժամանակ չէին գտնում փախչելու, ընկնում էին գետին երեսի վրա, աչքերը երկու ձեռքով պինդ կալնում էին, և այն դրության մեջ մնում էին մինչև գնացքը անցներ:

Ամենափոքր անուշադրություն կպատժվեր սևամորթ ներքինիների արյունահեղ խենջարով:

Կանանոցը անցնելուց հետո, սկսվեցավ թագավորի հանդերձանքը:

Նրա առջևից գնում էր նրա սարսափը: Նախ մի խումբ ջորիներ տանում էին դալար ճիպոտների խուրձեր և «ֆալախկաներ»24, եթե հարկավոր լիներ մեկին գանակոծելու: Նրա հետևից, երկու շարքով, մեկը փողոցի աջ կողմից, մյուսը փողոցի ձախ կողմից, գնում էին տապարակիրները, ծանր տապարները երկաթյա կոթերով ձեռքում բռնած: Նրանց թութ կողմով, որ մեծ մուրճի ձև ուներ, մարդկանց գլուխ էին չախչախում, իսկ սուր կողմի մի հարվածով պարանոցներ էին ձգում: Տապարակիրների հետևից, նույն կարգով, փողոցի աջ ու ձախ կողմից, որպես երկու անընդհատ շղթա, գնում էին մի քանի հարյուր «ֆերրաշներ»25: Դրանք ձեռներին բռնած ունեին երկար վարոցներ, իսկ յուրաքանչյուրի գոտիից քարշ էր ընկած նույնպես երկար երկսայրին: Ֆերրաշներր անդադար աղաղակում էին, «բրո՜... բրի՜»... որ նշանակում է՝ գնա՜-հեռացի՜ր: Այդ ձայնը լսելով, ամեն ոք դուրս էր գալիս, հեռանում էր ճանապարհից: Թե տապարակիրները և թե ֆերրաշները գնում էին ոտով:

Վերջապես հայտնվեցավ արեգնափայլ արքան:

Արեգակի ճառագայթների առջև, իր գոհարեղեն զարդերով, վառվում էր նա, որպես մի շլացուցիչ պայծառություն:

Նա միայնակ էր: Նժույգը, որի վրա նստած էր նա, ոչ պակաս փայլում էր նա յուր ոսկեղեն, ալմաստեղեն զարդերով:

Առջևից, բավական հեռավորության վրա, գնում էին մի խումբ զինված սեպուհներ, նշանավոր ազնվական երիտասարդներից, իսկ հետևից, նույնպես բավական հեռավորության վրա, գալիս էին պալատական բարձր պաշտոնյաները, հետո՝ պալատական սենեկապետները, մանկլավիկները և այլն: Ամենքը շքեղազարդ ձիաների վրա էին նստած:

Մեջտեղում թագավորը ամեն կողմից երևում էր:

Մի այլ փողոցից, որ խաչաձև կտրում էր առաջինը, հայտնվեցավ մարդիկների մի այլ խումբ մռայլ, որպես թախծություն:

Ֆերրաշների սպառնալի «բրո՜-բրի՜ն» անզոր եղավ վանելու այդ հանդուգն խումբը, որ համարձակությամբ առաջ մղվեցավ և կանգնեց ճանապարհի եզրում: Մեկը նրանցից բաժանվեցավ և գետինը համբուրելով, մոտեցավ թագավորին:

«Խազ-փուշ»-ները՝ համենօրհնյալ աճյունս արքայից արքայի աղերս ունին, ասաց նա:

Թագավորը ձիու գլուխը պահեց:

Մինչդեռ ոչ մի շնչավոր համարձակություն չուներ մոտենա՝ այն ճանապարհին, որով անցնում էր նա, ընդհակառակն, այդ մերկանդամ ստահակները, սակավ չէր պատահում, որ նրա ճանապարհը կտրում էին: Բարեսիրտ թագավորը միշտ մի առանձին հաճությամբ կանգնեցնում էր յուր ձին, նրանցից մի որևէ սրախոսություն կամ կատակ լսելու26, հետո լի բուռն ոսկիներով ուրախացնում էր նրանց: Այս անգամ ևս նա դարձավ դեպի յուր սենեկապետներից մեկը, ակնարկեց, որ գոհացնե աղքատներին:

«Խազ-փուշ»-ները փողի համար չեն անհանգստացնում իրենց սիրելի թագավորին, ձայն տվեց նա: «Խազ-փուշ»-ները եկել են անձամբ հայտնելու իրանց այս գիշեր կատարած ամենածանր հանցանքը, որ տիեզերքի արդարադատը արժանավոր պատիժը տնօրինե:

Խոսողը երիտասարդ Ջաֆարն էր, որ մի ձեռքով բռնած ուներ իր փոքրիկ մանուկին:

Նրա վերջին խոսքերը հետաքրքրեցին թագավորին: Իսկ նա, ավելի մոտենալով, շարունակեց.

Այդ լայն փողոցը, նա ձեռքը տարավ դեպի փողոցի երկարությունը, որ այժմ այդպես մաքրված է թագավորի առջև, վաղ առավոտյան ծածկված էր սովամաշների դիակներով: Այդ գերեզմանի պես լուռ տները, որոնցից այժմ ոչ մի ձայն չի լսվում, ամբողջ գիշերը ողբում էին իրանց սովատանջներին: Աղքատ ժողովուրդը հաջիների ցորենով և ալյուրով լի ամբարների պատերի մոտ քաղցից մեռնում է: Նրա լացը, նրա ողբը, նրա աղաղակը թույլ չեն տալիս, որ մինչև թագավորի ողորմած լսելիքը հասնե: Ստախոսները, շողոքորթները, խաբեբաները միշտ հրապուրում են այդ անաչառ լսելիքը, ամեն ինչ լավ ցույց տալով, ճշմարտությունը քողարկելով և ստությունը իբրև ճշմարիտ ներկայացնելով: Հին թագավորները իրանց շրջապատող խաբեբաների մոլորություններից ազատ մնալու համար, շատ անգամ մեզ նման «Խազ-փուշ»-ների կամ դերվիշների կերպարանք էին ընդունում, անձամբ մտնում էին ժողովրդի մեջ, նրա ցավերի և պետքերի հետ ծանոթանալու համար: Այժմ այդ փրկարար սովորությունը չէ մնացել: Թագավորը յուր ժողովրդի պետքերն ու պահանջները հասկանալու համար կամ ինքը պետք է մոտենա ժողովրդին, կամ պետք է թույլ տա, որ ժողովուրդը մոտենա իրան: Իսկ քանի որ իրան անմատչելի կպահի, միշտ սխալանաց մեջ կմնա: Իբրև ապացույց, որ ամեն իրողություն մինչև թագավորի լսելիքը չէ հասնում, բավական կլինի, եթե ասեմ, որ այս գիշեր «Խազ-փուշ»-ները սպանեցին քաղաքի ամենահարուստ հաջիին, կողոպտեցին նրա ցորենի ամբարները, որ թաքցրել էր ավելի թանկ գնով վաճառելու մտքով սպանեցին և քաղաքի «դարուղային», որ հովանավորում էր այս տեսակի ավազակին: Երկուսի դիակներն ևս թաղվեցան իրանց ապարանքների մոխիրի ներքո: Ապստամբների պարագլուխներից մեկը եղել եմ ես, իսկ մնացյալները այդ թշվառներն են, որ այստեղ կանգնած են: Այժմ թող արդարադատ թագավորը բարեհաճի մեր արժանավոր պատիժը տնօրինել:

Դուք ոչինչ պատժի արժանի չեք, պատասխանեց թագավորը լի վրդովմունքով: Հանցավորը յուր պատիժը կկրե, երբ ես կվերադառնամ աղոթելուց:

Մեծ վեզիրի դեմքը գունաթափվեցավ: Թագավորը անցավ:

Յատուկ Երաժշտություն
Երկինքը ամպել է
Կոմիտաս

Երկինքը ամպել է

Թիթեռների ծով
Թիթեռների ծով
Խաղա առցանց