Րաֆֆի
Արտավազդ
Եթէ դու յորս հեծցիս յազատ ի վեր
ի Մասիս, զքեզ կալցին քաջք, տարցին
յազատ ի վեր ի Մասիս, անդ կացցես,
և զլոյս մի տեսցես:
ԽՈՐԵՆԱՅԻ
Կախարդուհի վհուկները
Նոր չարիք են հնարում,
Աժդահակա կնիկները՝
Վիշապների տաճարում:
Լույսը շողաց, ծագեց արև
Թուխ-թուխ ամպերու միջեն,
Մի ձիավոր անցավ շուտով
Արտաշատա կամուրջեն:
Գինա գետի ափերու մոտ
Սև նժույգը վազում էր,
Նա վազում էր որպես սև ծուխ
Մտքից արագ՝ թռչում էր:
Նորա վերա մի պատանի
Նստած էր քաշի նման,
Կապարճը լի էր նետերով,
Ուսին՝ աղեղ, լայն վահան:
Որսորդական յուր շները
Թափառում են սար ու ձոր,
Հոտ քաշելով՝ պտրում են
Էրե, թռչուն նորանոր:
Թուփի մեջեն հանկարծակի
Վազեց կինջը սոսկալի,
Սոսկալի էր ժանիքները,
Աչքերը վառ՝ կրակով լի:
Տեսավ նորան Արտավազդը,
Վերա հասավ ձիընթաց,
Նետեց նետը, վայրի կինջը
Ահեղ ձայնով որոտաց:
Օդը մթնեց, փոշին պատեց,
Բարձրացավ թունդ մրրիկ,
Եվ անդունդը խոր հատակից
Գոռաց ձայնով հույժ սաստիկ:
Նորա առջև բաց է լինում
Լայնաբերան մի վիհ-փոս,
Ուր որսորդն յուր ձիու հետ
Ներս գլորվեց դյուրահոս:
Կորա՛վ արին՝ Արտավազդը,
Կորա՛վ խորին անդընդում,
Հոր անեծքը նորան պատժեց,
Որին նա շա՜տ էր ատում:
Իսկ քաջքերը Մեծ Մասիսի
Դարբնեցին շեկ երկաթը,
Հափշտակած` Արարատի
Տարան նորան՝ գագաթը:
Այնտեղ դրին խոր այրի մեջ
Ձեռքն ու ոտքը շղթայած,
Որ Արտավազդ մինչ հավիտյան
Մնա այնտեղ բանտարկված:
Չը հեռացան Արտավազդից
Յուր շները հավատարիմ,
Զույգ շները որսորդական
Մնացին նորան մտերիմ:
Նոքա այնտեղ ամբողջ տարին
Կրծոտում են հաստ շղթան,
Կրծոտում են, որ արքային
Տան հնար ազատության:
Եվ մաշվում է ծանր շղթան,
Նա մաշվում է օրեցօր,
Փոքր է մնում, որ կորցնի
Զորությունն յուր հզոր:
Հայոց երկրի դարբինները,
Մեծ Զատիկի գիշերին,
Երեք անգամ ծանր մուրճը
Զարկում են յուրյանց սալին:
Նույն րոպեում ծանրանում են
Արտավազդա շղթայքը,
Որ չազատվի, չըկարենա
Ջնջել բոլոր աշխարքը:
Մինչև այսօր աքսորված է
Արտաշեսի քաջ որդին,
Վիշապազանց դառն վրեժ
Մեծ տանջանք է յուր սրտին:
Աժդահակա կնիկները
Վիշապների տաճարում
Պար են պարում նվագներով
Եվ մեծ տոն են կատարում: