Րաֆֆի

Այգուրաց

Դառն մահվան օրհասով
Մի մարդ թողեց լույս աշխարհ,
Դեպ Պլուտոնի պետությունն
Ուղևորեց ճանապարհ:

Նա, անցնելով Ստիքսեն,
Դիմեց դեպի տարտարոս,
Առաջը կտրեց դռնապան
Հրեշավորն Կերբերոս:

Ի՞նչ ազգից ես, հարցրուց
Երեքգլխյան ամեհին:
(Իսկ խղճալի այն ոգուն
Սահման չըկար մեծ ահին):

Ես Հռովմի սուրբ պապի
Եմ ուղղափառ կաթոլիկ.
Ասաց ոգին, սարսափեն
Հատավ ձայնն յուր վախլիկ:

Ես ազգդ եմ հարցնում,
Հո՞ւյն ես, թո՞ւրք ես, թե՞ պարսիկ:
Դողղողալով ուրվականն`
Դարձյալ կրկնեց՝ «կաթոլիկ»:

Կաթոլիկն է կրոնքի
Եվ ոչ ազգի մի անուն,
Դու պատասխանե ինձ այն
Ինչ քեզնից են հարցնում:

Ես չըգիտեմ ի՜նչ է ազգ,
Նոր եմ լսում ես այդ բառ,
Մեր հայրերի ուսմունքով՝
Կաթոլիկ եմ ուղղափառ:

Սարսափելի մի ծիծաղ
Ցընցեց շրթունք Կերբերին,
Դժգոհ սրտի յուր թունդը
Բերնից լորձունք վեր բերին:

Ով չըգիտե ինչ ազգի
Է հարազատ նա ծնունդ,
Նա անօրեն, անկանոն
Ամուսնության է սերունդ:

Տարտարոսիցը հեռու,
Այդ խուժանն աննշան,
Առանձին կայարանում
Բնակվում են անդ բաժան:

Ուր թունդ է հուրը բորբոքվում,
Եվ դժնի են կատաղիք,
Ուր օձ, կարիճ զոհերի
Քրքրում են լերդ, աղիք:

Ահա՝ դուռը, ցույց տվեց
Կերբերոսը վիթխարի:
Ոգին դիմեց դեպ այն կողմ
Թույլ ոտքերով, անարի:

Ղռան գլխին նկարած էր
Լոոլայի կերպարանք,
Եվ վերնագիր այդպիսի`
Ազգուրացների կացարան:

Զարհուրելով ներս մտավ
Եռանդամոլ մեր ոգին,
Տեսավ ազգուրացների
Նա բազմություն ահագին:

Հասո, ախպար, քե՞զ էլ հոս
Չարքերը վռնդեցին...:
Կրակի միջից հարցրուց
Ծերունի Սեբաստացին:

Էկո՜ր, էկո՜ր, քեզ պագնեմ,
Մեր աշխրքեն ի՞նչ խաբրիկ,
Ո՞ղջ, առո՞ղջ է մեր պապը,
Մեր սրբազան ծեր հայրիկ:

Մեր Վենետկու, Վեննայի
Ընդո՞ր են մեր փարախներ,
Հայի ճըժեր որսալու
Կըբանի՞ն անոնց յարախներ:

Չը կարաց պատասխանել
Դեռ ազգուրաց այն ոգին,
Ձգեց վզիցն հաստ շղթան
Սոսկալի դև մի ահագին:

Եվ քարշ տվեց դեպ ներսը
Ծծումբի վառ բոցերին,
Զարհուրելի դառնությամբ
Սկսեց տանջել յուր գերին:

Հուրը բորբոքեց, նա կոչեց՝
«Ինչո՞ւ չըսեմ, թե եմ հայ...
Ինչո՞ւ ուրացամ ազգս…
Վա՛յ իմ գլխուս... վա՛յ... վայ... վա՛յ... »

Յատուկ Երաժշտություն
Դիմակահանդես – Ռոմանս
Արամ Խաչատրյան

Դիմակահանդես – Ռոմանս

Ինքնանկար
Ինքնանկար
Խաղա առցանց