Պարույր Սևակ

Կորչի հինգշաբթին

Քեզանից հեռու
Ես ապրում էի
Կարծես թե ինքս էլ ինձանից հեռու:
Ինձանից հեռու
Դու ապրում էիր...
Դու չէի՞ր ապրում բուսական կյանքով:
Իսկ հիմա,
Երբ մենք մեկտեղ ենք արդեն,
Կարծես թե նորից շերտ-շերտ միացանք,
Որ ամբողջանանք՝ նարնջի նման՝ մի կեղևի մեջ
Եվ հյութավորվենք՝
Հողի ավշային չորս բաժնին խառնած
Չորս բաժին ավյուն արեգակնային,
Ու երջանկորեն՝
Նո՛ր կերպ ու նորե՛ն՝
Բարբառենք անխոս.
«Այս է մեր մարմինն, առե՛ք ու կերե՜ք»...
Ինձանից հեռու
Դու նման չէի՞ր...
Ես նման էի կարծես ա՛յն մարդուն,
Որ սքանչելի ձեռագիր ունի,
Բայց... գրագետ չէ կատարելապես:
Իսկ հիմա,
Երբ մենք մեկտեղ ենք կրկին,
Նո՛ւյն կյանքը հիմա
Իր սքանչելի նո՛ւյն ձեռագըրով
Գրագիտության դասեր է տալիս
Թե՛ շնորհալի վազերին այգու,
Թե՛ տաղանդավոր գետերին բոլոր,
Թե՛ հայտնի ոխից գազազողներին,
Թե՛ թաքուն սիրուց կակազողներին,
Եվ թե՛ աշխարհիս պետերին բոլոր,
Որ վերջիններիս մատերից բոլոր,
Մա՛նավանդ... ահեղ ցուցամատերից
Մա՜հը չկաթի,
Այլ կյա՛նքը ծորա
Թշվառ ու փոքրիկ այս երկրի վրա՝
Հեռվից ետ դարձող
Տիեզերախույզ հրթիռների պես...
Տեսնո՞ւմ ես
Մի տե՜ս.
Ծաղկած ծիրանին դիմացի բակում
Նշխար է բաշխում քահանայաբար
Ամբողջ շրջանով իր մեծ շուրջառի,
Իսկ մեղուները
(Այդ նշխարները ծծելուց արբա՞ծ,
Թե՞ գուցե դրդված ուրիշ պատճառից)
Ցույցեր են անում փեթակի առջև,
Ինչպես որ մարդիկ
Շենքերի առջև պառլամենտների...
Ով ի՜նչ ուզում է՝ թո՛ղ այդ էլ անի:
Իսկ ես ուզում եմ... իսկ դու չե՞ս ուզում,
Որ գեթ ա՛յս անգամ,
Գոնե ա՛յս անգամ...
Հեռավորությունն ինձ ու քեզ երբեք
Չկիսի՜ այնպես,
Ինչպես... հինգշաբթին շաբաթն է կիսում:
Կորչի՜ հինգշաբթին...

18.III.1964թ.
Դիլիջան
Յատուկ Երաժշտություն
Հին Օրերի Երգը
Տիգրան Մանսուրյան

Հին Օրերի Երգը

Նավակներ
Նավակներ
Խաղա առցանց