Նարեկ Սարգսյան
Պացիենտը
Գործող անձիք
Արտակ-69 տարեկան, կասկածամիտ, համառ, դժգոհող։ Չի սիրում գումար ծախսել։
Հասմիկ-ընտանեկան բժիշկ, 35 տարեկան, ինքնահավան, մեծամիտ, տառապում է սեփական անձի կարևորության մոլուցքով, ունի թերի գիտելիքներ բժշկագիտությունից։
Ալբերտ-վնասվածքաբան, 48 տարեկան, փորձառու բժիշկ է։
Նարեկ-նյարդաբան, 39 տարեկան, խելացի, փայլուն տիրապետում է իր մասնագիտությանը։
ԱՐԱՐ 1-ԻՆ
Տեսարան
Հասմիկը նստած է իր աշխատասենյակում ու համակարգչով խաղ է խաղում։ Դուռը ծեծում են, ու ներսը է մտնում Արտակը՝ իր հիվանդությունների պատմության քարտը ձեռքին։
Արտակ-Բարև Ձեզ, բժշկուհի, կարելի՞ է։
Հասմիկ (չպատասխանելով բարևին, արհամարհական ու դժգոհ տոնով հարցնում է)-Հարգելիս, Դուք հերթագրվա՞ծ եք։
Արտակ-Չէ, բժշկուհի, խի՞ պիտի հերթագրվե՞ի (հարցնում է զարմացած)։
Հասմիկ (Սկսում է բարձր գոռալ)-Դու՞ք չգիտեք, որ ինձ մոտ մտնելուց առաջ պետք է հերթագրվել։ Դուք երևի հիմա ուրիշի տեղն եք մտել, ուրիշի հերթը գողացել։
Արտակ-Բայց բժշկուհի ախր դրսում Ձեզ ոչ ոք չէր սպասում, ոչ մի հերթ էլ չկար։ Ես էլ մտա։
Հասմիկ-Այդ ինչպես կարող է ինձ ոչ ոք չսպասել։ Ես այս պոլիկլինակայի ամենապահանջված ընտանեկան բժիշկն եմ։
Արտակ (Զարմանքից բերանը բացում է)-Հա՞ որ։
Հասմիկ (Հունից դուրս գալով՝ սկսում է ավելի բարձր գոռալ)-Լսեք, ես ժամանակ չունեմ, ի՞նչ եք ուզում, ինչի՞ համար եք եկել ինձ մոտ։
Արտակ-Բժշկուհի, փողոցում լավ չեմ քայլում, ոտքերս թուլանում են ու չեն ենթարկվում, ասես հարբած լինեմ։
Հասմիկ-Իսկ միգուցե հենց հարբած եք, պարզապես տեղյակ չեք։ Արտակ-Վայ, չէ բժշկուհի, ես վաղուց ա, չեմ խմում։
Հասմիկ-Լավ, գլուխս մի տար, քարտդ տուր, տեսնամ ինչ եմ անում։ Արտակ-Ահա, խնդրեմ։
Հասմիկ-(Վերցնում է քարտը ու համակարգչով սկսում է ինչ-որ բան լրացնել)-Ես Արմեդով վնասվածաքաբանի խորհրդատվության ուղեգիր եմ դուրս գրում։ Կգնաք Ձեր ուզած վնասվածքաբանի մոտ ու Ձեր գանգատները կասեք։
Արտակ-Բայց բժշկուհի, դա ի՞նչից է, ի՞նչ դեղ խմեմ։
Հասմիկ-Լսեք, Դուք դժվա՞ր եք հասկանում։ Ասում եմ, իմ գրած ուղեգրով կգնաք վնասվածքաբանի մոտ ու կներկայացնեք Ձեր գանգատները։
Արտակ-Ինչաբանի՞ մոտ(հարցնում է զարմացած)։ Հասմիկ-Վնասվածքաբանի:
Արտակ-Դա ով ա՞։
Հասմիկ-Ձմեռ պապն ա, ով ա (ծաղրում է)։ Վերցրեք Ձեր քարտը, ազատ եք։ Արտակ-Հիմա ես ու՞մ մոտ գնամ։
Հասմիկ-Ում մոտ ուզում ես, նրա մոտ էլ գնա։ Ես իմ գործն արել եմ, նեղ մասնագետի խորհրդատվության ուղեգիրը դուրս եմ գրել Արմեդով։
Արտակ-Բժշկուհի, ես Արմեդ-Մարմեդ չեմ հասկանում, կարգին բան ասեք հասկանամ։ Ինչի՞ց ա, որ փողոցում էդպես եմ քայլում։
Հասմիկ (Խորը հոգոց է արձակում)-Եթե փողոցում Դուք էդպես եք քայլում, նշանակում ա ստացել եք ոտքի կամ ողնաշարի կոտրվածք։ Դրա համար էլ ուղարկում եմ վնասվածքաբանի մոտ։ Կոտրվածքներով վնասվածաբանն է զբաղվում։
Արտակ-Բայց բժշկուհի, ես վեր չեմ ընկել, ի՞նչ կոտրվածք։
Հասմիկ-Վեր ես ընկել, պարզապես չես հիշում, էդ պահին կա՛մ քնած ես եղել, կա՛մ էլ՝ խմած։
Արտակ (Ցուցամատը վեր բարձրացնելով՝ դժգոհության ժեստ է անում ու իր հիվանդության պատմության քարտը վերցնելով՝ դուրս է գալիս՝ ասելով)-Այ քեզ բան։
Վարագույրն իջնում է։
ԱՐԱՐ 2-ՐԴ
Տեսարան
Ալբերտը համակարգչով աշխատում էր։ Աշխատասեղանին թղթեր էին ու ռենտգեն ժապավեններ։ Դուռը ծեծում են, ու ներս է մտնում Արտակը՝ անձնագիրը ձեռքին։
Արտակ-Բարև Ձեզ, բժիշկ, կարելի՞։ Ալբերտ-Այո, համեցեք, նստեք։
Արտակ (Աթոռին հարմար տեղավորվելուց հետո ասաց)-Բժիշկ, իմ ընտանեկան բժիշկը ուղեգիր է կախել, որ գնամ վնասվածքաբանի մոտ։ Ես եկա էս հիվանդանոցը, մտա ընդունարան, աղջիկները ուզեցին անձնագրիրս, տվեցի, հետո ինձանից 12 հազար դրամ փող ուզեցին, չնայած ես փաթեթով եմ էստեղ եկել, 69 տարեկան եմ։ 65 տարեկանից բարձրներին անվճար ա։ Ինչի՞ ինձանից 12 հազար դրամ փող վերցրին, կարո՞ղ եք ասել։
Ալբերտ-Ձեր վճարած 12 հազար դրամը համավճար է, ու դա օրենքով և հիվանդանոցի ներքին իրավական ակտով է սահմանված։ Էնպես որ ապօրինի ոչինչ էստեղ չկա։ Հիմա տվեք Ձեր անձնագիրը, տեսնեմ։
Արտակ (Անձնագիրը տալիս է բժշկին)-Վերցրեք։
Ալբերտ-Հարգելի, պացիենտ։ Հիմա ասեք, թե ինչից եք գանգատվում։
Արտակ-Բժիշկ ջան, փողոցում լավ չեմ քայլում։ Ոտքերս սկսում են թուլանալ, ոնց որ թե հեսա վեր եմ ընկնելու։ Հարբածի նման օրորվելով եմ քայլում։Բայց տանը լավ եմ քայլում։ Նման բաներ չկան։
Ալբերտ-Ոտքերում ցավ կամ այտուց կա՞։ Արտակ-Այտուցն ինչ ա՞ բժիշկ։
Ալբերտ-Ոտքերդ ուռու՞մ են, ուռածություն կա՞։ Արտակ-Չէ, բժիշկ ջան, ո՛չ ուռել են, ո՛չ էլ ցավացել։
Ալբերտ-Տանը ոտքերով ազատ քայլու՞մ եք, շարժունակության խնդիր ունե՞ք։ Արտակ-Տանը հավեսով քայլում եմ, ամեն ինչ լավ ա, ոչ մի խնդիր չկա։
Ալբերտ-Դու որ էս հարցով գնացել ես քո ընտանեկան բժշկի մոտ, էս գանգատնե՞րն ես ասել, թե՞ ուրիշ բան ես ասել։
Արտակ-Իմ ընտանեկան բժշկին ասել եմ էն, ինչ հենց նոր Ձեզ ասացի։ Ասել եմ, որ փողոցում լավ չեմ քայլում, ոտներս թուլանում են, հարբածի նման եմ քայլում։ Բժշկուհին էլ ասաց, որ կա՛մ, մեջքս ա կոտրած, կա՛մ ոտս։
Ալբերտ (Զարմացած լսում է ու հարցնում)-Հենց էդպես էլ ասա՞ց։ Արտակ-Հա, բժիշկ ջան, հենց էսպես էլ ասաց։ Խի, ի՞նչ կա որ։
Ալբերտ-Բանն էն ա, որ էդ գանգատները, ինչ Դուք նկարագրում եք, դա նյարդաբանական խնդիր է։ Վնասվածի հետ կապված էստեղ հարց չկա։ Ընտանեկան բժիշկը Ձեզ պետք է ուղեգրեր ոչ թե վնասվածքաբանի, այլ նյարդաբանի մոտ։ Սա նյարդային համակարգի հետ է կապված։
Արտակ (Զարմացած բացականչում է)-Էդ ո՞նց թե։
Ալբերտ-Հենց էդպես։ Լավ, ուրեմն ես նյարդաբանի ուղեգիր կգրեմ համակարգում, Դուք անձնագրով կմոտենք մեր հիվանդանոցի նյարդաբանին, ինքը շատ լավ մասնագետ է։
Արտակ-Էլ գումար չե՞մ մուծելու չէ՞։
Ալբերտ-Նյարդաբանի այցի համար նորից պետք է վճարեք 12 հազար դրամ որպես համավճար։
Արտակ(Զայրացած բացականչում է)-Բայց ես էդ 12 հազար դրամը արդեն մուծել եմ, նորից խի՞ պիտի մուծեմ։
Ալբերտ-Հարգելիս, Դուք այդ 12 հազար դրամը վճարել եք վնասվածքաբանի մոտ այցի համար։ Արտակ-Բայց Դուք ոչ մի բան չարիք, Ձեզնից ցրում եք։ Հե՛տ տվեք իմ մուծած փողը։
Ալբերտ (Սկսում է բարձր գոռալ)-Լսիր, դու ի՞նձ ես տվել էդ գումարը, որ ինձնից ես ուզում։ Ես ի՞նչ մեղավոր եմ, որ քո ընտանեկանը նյարդաբանի մոտ ուղարկելու փոխարեն ուղարկել ա վնասվածքաբանի մոտ։ Ասա՛, իմ մեղքը էդտեղ ո՞րն ա։
Արտակ-Բա իմ մեղքը ո՞րն ա, որ էդ անգրագետը ինձ քեզ մոտ ա ուղարկել, իմ մեղքը ո՞րն ա։ Ալբերտ-Լսեք, էդ բոլոր հարցերը կպարզեք Ձեր ընտանեկան բժշկի հետ։
Արտակ-Բա հիմա իմ փողը ես ումի՞ց հետ ստանամ։
Ալբերտ-Ես չգիտեմ։ Գնացեք ու էդ գումարի հարցը Ձեր ընտանեկան բժշկի հետ քննարկեք։ Էստեղ ես մեղք չունեմ։ Ես ասում եմ, որ Ձեր խնդիրը նյարդերի հետ է կապված։ Նյարդաբանը Ձեզ պիտի նայի։ Դրա համար էլ ես Ձեզ ուղեգրել եմ նյարդաբանի մոտ։ Գնացեք նյարդաբանի մոտ։
Արտակ-Եթե նյարդաբանի մոտ գնամ, էլի 12 հազար պիտի տամ։ Բա որ հետո պարզվի, որ նյարդաբանի մոտ պիտի չգնայի, ուրիշ բժշկի մոտ պիտի գնայի։ Էդ 12 հազարը ինձ ո՞վ ա հետ տալու։
Ալբերտ-Լսեք, հարգելիս։ Չեմ հասկանում։ Ձեր ուզածը գումար խնայելն է, թե՞ առողջական խնդիր լուծելը։ Փոխանակ կենտրոնանաք Ձեր խնդրի վրա, եկել էստեղ փողի բազար եք անում։ Անհարմար է։
Արտակ (Զայրանում է ու սկսում գոռալ)-Չհասկացա, ինձնից ոտի վրա 12 հազար դրամ քցեցին Ձեր հիվանդանոցում։ Հլա մի հատ էլ ես պիտի ամաչեմ։ Դուք՝ բժիշկներդ, խիղճ չունեք։ Մենակ մտածում եք, թե ոնց մարդկանցից փող կորզեք։ Փողը վերցնում եք, բայց ոչինչ էլ չեք անում։ Դե ախր ինչ պիտի անեք, որ։ Պիտի բան հասկանաք, որ մարդկանց խնդիրները լուծեք։
Ալբերտ (Բռնում է Արտակի ձեռքից ու հրելով դուրս հանում իր աշխատասենյակից)-Դու՛րս եկեք էստեղից։
Վարագույրն իջնում է։
ԱՐԱՐ 3-ՐԴ
Տեսարան
Նարեկը, նստած իր աշխատասենյակում, համակարգչով փաստաթուղթ էր կազմում։ Դուռը ծեծում են, ու ներս է մտնում Արտակը։
Արտակ-Բարև Ձեզ, կարելի՞ է։ Նարեկ-Այո, ներս համեցեք, նստեք։
Արտակ (Նստում է աթոռին ու անձնագիրը տալիս Նարեկին)-Բժիշկ ջան, հիմա պատմեմ, թե իմ ընտանեկանը գլխիս ինչ փորձանք ա բերել։
Նարեկ-Ի՞նչ է պատահել։
Արտակ-Ուրեմն ես գնում եմ իմ ընտանեկան բժշկի մոտ, սա ուղեգիր ա կախում, որ պիտի գնամ վնասվածքաբանի մոտ։ Մուծում եմ 12 հազար դրամ, մտնում վնասվածքաբանի մոտ, սա էլ ասում ա, թե ընտանեկանս իրա մոտ չպիտի ուղարկեր, այլ պիտի ուղարկեր նյարդաբանի մոտ։ Պատկերացնու՞մ եք բժիշկ, էդ անգրագետի պատճառով ես 12 հազար դրամ կորցրեցի։
Նարեկ-Դե ոչինչ, ավելի վատ բաներ էլ են լինում։
Արտակ-Ո՞նց թե ոչինչ։ Էդ 12 հազար դրամը փողոցում գցած չի է, որ գնամ վերցնեմ։ Հիմա էս թվում մեկը մեկին սկի հենց էնպես հազար դրամ փող չի տալիս։
Նարեկ (Արտակի անձնագրային տվյալների հիման վրա մտնում է նրա Արմեդ էջը, տեսնում վնասվածքաբանի գրած ուղեգիրը և նախնական ախտորոշումը)-Վնասվածքաբանը գրել է, որ Ձեզ մոտ քայլքի խանգարում է։ Հիմա խնդրում եմ մանրամասն ներկայացրեք Ձեր գանգատները։
Արտակ-Տանը շատ լավ եմ քայլում, ոտքերումս թուլություն չկա։ Ոտքերիս ուժը տեղում ա, բայց երբ դուրս եմ գալիս փողոց, էնտեղ ոտքերս միանգամից սկսում են թուլանալ, ոնց որ թե հեսա պիտի ընկնեմ, մարմովս դող ա անցնում, հարբածի նման եմ քայլում։
Նարեկ-Քանի՞ տարեկան եք։
Արտակ-Բժիշկ ջան, անձնագիրս Ձեզ մոտ ա, բացելիս չե՞ք տեսել։ Նարեկ (Շփոթված շարժումներ է անում)-Ա՜, այո։ Ծնվել եք 57 թվին։
Արտակ-57 թվին չէ, այլ 1957։
Նարեկ-Հասկանում եմ, 57 ասելով նկատի ունեի 1957 թիվը։ Արտակ-Դե հիմա 2026-ից հանեք 1957, տեսեք ի՞նչ եք ստանում։
Նարեկ (Սկսում է նյարդայնանալ Արտակի պահվածքից)-Դժվա՞ր է ասել, որ Դուք 69 տարեկան եք։
Արտակ-Բժիշկ ջան կատակ արեցի, մի նեղվեք։
Նարեկ-Չեմ նեղվում, բայց էլ նման անհեթեթ կատակներ չանեք։ Ձեզ հաշիվ տվեք, թե որտեղ եք գտնվում ու ում հետ եք խոսում։
Արտակ-Լավ, լավ․․․
Նարեկ-Ասում եք, որ ոտքերի մկանների ուժը տեղն է։ Այդպե՞ս է։ Արտակ-Հա բժիշկ, եթե պետք է, ցույց տամ։
Նարեկ-Հապա․․․
Արտակ (Աթոռից վեր է կենում ու ոտքով ուժեղ հարվածում Նարեկի սեղանին)։ Նարեկ (Սկսում է գոռալ)-Այդ ի՞նչ եք անում, գժվե՞լ եք։
Արտակ-Բժիշկ, ես ասացի ուզու՞մ եք, որ իմ ոտքի ուժը ցույց տամ, Դուք էլ ասացիք՝ հա։ Ես էլ ցույց տվեցի։
Նարեկ-Բավական է, վերջացրեք հիմարություններ դուրս տալ։ Ուրեմն ես Արմեդով ուղեգիր եմ դուրս գրում, պետք է գնաք գլխուղեղի ՄՌՏ հետազտության, հետո պետք է գնաք ԼՕՌԻ ։ ԼՕՌԻ ուղեգիրն էլ եմ Արմեդով դուրս գրում։
Արտակ (Զարմացած բացականչում է)-Լոռի՞։ Բժիշկ, խի հասկացող բժիկները միայն Լոռիում են գտնվում, Հայաստանի էլ ուրիշ քաղաքում հասկացող բժիշկ չկա։
Նարեկ-Հարգելիս, ես չասեցի, որ գնաք Լոռվա մարզ, այլ ասացի, որ գնաք ԼՕՌԻ։ ԼՕՌԸ ականջի բժիշկն է։
Արտակ-Հասկացա։ Դե էդպես ասա, այ մարդ։ Բայց հլա մի րոպե, ես ինչի՞ պիտի գնամ ականջի բժշկի մոտ։ Իմ ականջին ի՞նչ ա եղել։ Ես ասում եմ ոտքերս ա, Դուք ուղարկում եք ականջի բժշկի մոտ։ Ականջն իմ ոտքերիս հետ ի՞նչ կապ ունի։
Նարեկ (Զայրութը մի կերպ զսպելով՝ սկսում է համբերատար բացատրել)-Լսեք, Դուք ասում եք, որ փողոցում քայլելիս ոտքերում թուլություն եք զգում, դող, ասես պիտի ընկնենք, հարբածի նման եք քայլում։ Այդպես է, չէ՞։
Արտակ-Հա, էդպես ա։
Նարեկ-Դե որ էդպես ա, էդ նշանակում է, որ փողոցում քայլելիս Դուք ունեք մարմնի հավասակշռությունը պահելու խնդիր։ Փողոցում մարդու մարմնի հավասարակշռությունը պահում են մկաններն ու հոդերը, վեստիբուլյար համակարգը և գլխուղեղը։ Քանի որ Դուք մկանային ու հոդային խնդիրներ չունեք, ուրեմն պատճառը կա՛մ վեստիբուլյար համակարգն է, կա՛մ էլ գլխուղեղը։ Դրա համար էլ ուղարկում եմ գլխուղեղի ՄՌՏ հետազատության, իսկ ականջի բժշկի մոտ էլ ուղարկում եմ էն պատճառով, քանի որ վեստիբուլյար համակարգը գտնվում է ականջի ներսում։ ԼՕՌ բժիշկը սարքով պետք է նայի ականջի ներսը, տեսնի՝ ինչ վիճակ է, վեստիբուլյար համակարգի խնդիր կա՞, թե՝ ոչ։
Արտակ-Եթե անկեղծ, ես Ձեր ասածներից ոչինչ էլ չհասկացա։ Ես պարզ հայերեն լեզվով ասում եմ, որ ոտքերս ա, Դուք ասում եք, որ գլխից ա կամ ականջից։ Էդպեսի բան ո՞նց կլինի։
Նարեկ-Խնդիրը Ձեր ոտքերի մեջ չէ։
Արտակ-Բա ինչի՞ մեջ ա։ Ձեր ասածը նույն ա, որ մարդու ձեռքը ցավի, ասեն ձեռքից չի, ոտքից ա, կամ աչքերից։ Տենց բան ո՞նց կլինի։
Նարեկ-Ի դեպ, մոռացա հարցնել։ Դուք իմ այցելության համար վճարե՞լ եք 12 հազար դրամ համավճարը։
Արտակ-Ա՜, Ձեր փորացավն էլ հենց դայա։ Ձերն էն ա, որ մարդկանցից փող պլոկեք ու պաս տաք ուրիշի մոտ։ Ականջի բժշկի մոտ էլ ուղարկում եք, որ 12 հազար էլ էնդեղ մուծեմ, չէ՞։ Էլ ոչ մի կոպեկ էլ չեմ մուծելու, մեկ ա ոչ մի նորմալ բան չեք ասում, մենակ պաս եք տալիս սրա-նրա մոտ։ Ձեր 12 հազարն էլ չեմ մուծելու։ Առա հա Ձեզ(բութ մատով համապատասխան ժեստ է ցույց տալիս)։
Նարեկ (Սկսում է գոռալ)-Լսեք, Ձեզ ինչե՞ր եք թույլ տալիս, հենց հիմա դուրս եկեք, թե չէ ոստիկանություն կկանչեմ։
Արտակ-Անամոթ խաբեբաներ, անգրագետներ։ Հասկացանք, որ բան չեք հասկանում, բա էդ 12 հազարները ինչի՞ եք վերցնում։ Չլինի՞ փայլուն բժշկագիտական գիտելիքների համար(այս ասելով՝ դուրս է գալիս՝ դուռը շրխկացնելով)։
Վարագույր իջնում է։
ԱՐԱՐ 4-ՐԴ
Տեսարան
Արտակը հիվանդանոցի միջանցքում է։ Այնտեղ հիվանդները, նստած աթոռներին, սպասում են իրենց հերթին, որ մտնեն բժշկի մոտ։ Արտակը բարձր սկսում է ինքն իր հետ խոսալ։
Արտակ-Ժողովուրդը ճիշտ ա ասում, որ մարդ բժշկի չպիտի գնա։ Հենա ես գնացի։ Ի՞նչ արդյունքի հասա որ։ Մեկը մեկից անգրագետ։ Մենակ փող են ուզում, բայց իրենց մասնագիտությունից ոչինչ չեն հասկանում։ Չէ՜, էս պետություն չի։ Սաղ օրը ծիլիվիզրով ասում են, թե 65 տարեկանից բարձր մարդկանց համար հիվանդանոցներում ամեն ինչ անվճար ա, իբր սոցփաթեթ ա, բան ա։ Բայց ի՜նչ անվճար։ Հիվանդանոց չմտած՝ ասում են՝ 12 հազար դրամ մուծի։ Բայց ինչի՞ համար մուծեմ, եթե ուղեգրով եմ եկել, ու ամեն ինչ անվճար ա։ Առաջ վճարովի էր, բայց բժշկին տալիս էինք 10 հազար դրամ, մեկ-մեկ էլ 5 հազարով էինք բարիշում, բայց էս սոցփաթեթից հետո 10-ի տեղը 12 հազար ենք տալիս։ Էդ դառավ անվճա՞ր։ Է՜, չգիտեմ, ինչ ենք անելու։ Խուժան պետություն, անգրագետ ու թալանչի բժիշկներ։ Լավ, զանգեմ թոռանս, ասեմ թող ինտերնետով նայի, թե սրա համար ի՞նչ դեղ պիտի խմեմ։Էլ ուրիշ ճար չկա։ Որ սպանեն էլ, ես բժշկի գացողը չեմ։
Վարագույրն իջնում է։
Ղազարոս Սարյան
Սերենադ