Նար-Դոս

Հոգուն վրա հասավ

Ձմեռնամուտ օրերից մեկն էր։ Մութը դեռ բոլորովին չէր կոխել երկիրը։ Երկինքը պղտոր էր գարնան ջրի պես։ Կատաղի քամին վժժալով ներս էր պրծնում փողոցի մի բերանից, թռցնում էր առաջին պատահած մարդու գդակը, լիզում էր գետնից աղբն ու փոշին, ծեծում էր դռներն ու պատուհանները, բարձրացնում, պատովն էր տալիս մանրավաճառի խանութի ճակատից կախված ցուցանակն ու կորչում փողոցի մյուս բերանից։ Լապտերավառը, սանդուղքն ուսին, փոքրիկ լապտերը ձեռքին, վազում էր լապտերները վառելու։ Փողոցի անկյունում արդեն վառված լապտերը, հողմածեծ, ծռել էր գլուխը և նայում էր շուրջը կեղտոտ ապակիների միջից՝ մարդու ցավագար ճպռոտ աչքերի պես։ Ամայի փողոցում մի փոքրիկ շուն կուչ էր եկել մի փակ դռան առջև, սրթսրթում էր ամբողջ մարմնով և կաղկանձում։

Նախշքար Դավիթը գնում էր տուն, մատների ծայրերը կապույտ արխալուղի գրպանները կոխած։ Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը և կարմիր աղլուխը, որ մի ծայրով պնդացրած էր կողքին կաշու գոտկից։ Ամբողջ հագուստը, սկսած գոտկից մինչև ոտնամանները, ծածկված էր ամեն գույնի ներկերի բծերով, որոնց մեջ առանձնապես աչքի էին ընկնում սպիտակները։ Նա անցնում էր անհույս ու աննպատակ մարդու անորոշ քայլերով և քթի տակ մրթմրթում էր տրտունջի և հայհոյանքի պես մի բան։ Ցուրտ քամին ծեծում էր նրա մազակալ երեսը, փոշով ծածկում մորուքը, բեղերն ու թավ հոնքերը, ստիպում ծածկել աչքերը, սպառնում խլել գդակը, որ նա քաշել էր մինչև ականջները, և երբեմն-երբեմն գրոհ տալիս նրա վրա այնքան ուժգին, որ նա ակամա կանգ էր առնում և ամբողջ մարմնով առաջ թեքվում, որ ետ-ետ չգնա։ Բայց նա ոչինչ չէր զգում․ զգում էր միայն մի բան սիրուհու չափ տենչալի և մահվան չափ անդիմադրելի․ զգում էր ծարավ, ոգելից խմիչքի անհուն ծարավ, որից լեզուն ցամաքել էր բերանում, որկորը քերվում էր, աղիքները գալարվում էին փորում և ամբողջ մարմինը կարծես զրկվել էր սովորական ջերմությունից։

Ամբողջ երեք շաբաթ էր, որ պարապ էր. գործ չկար, չէր ճարվում։ Ձմեռնամուտ էր. տուն շինողը շինել պրծել էր, վերանորոգողը՝ վերանորոգել պրծել, այլևս ոչ ոք նոր տուն չէր շինում, ոչ ոք հատակները, պատշգամբները, տանիքները ներկել չէր տալիս, պատերին նոր պաստառներ կպցնել չէր տալիս։ Նախշքարների բանի օրերը անցել գնացել էին։

Ամառվա և աշնան աշխատանքի փողն օրը գալիս էր, օրը գնում։ Այժմ ոչ մի սև գրոշ գրպանում, որ աչքը կոխեր։ Իսկ այսօր առաջին անգամն էր, որ բերանը մի կաթիլ անգամ չէր առել, ոչ արաղից, ոչ գինուց։ Մի ամբո՜ղջ օր… Խենթանալու բան էր այդ, և նա անկեղծ կերպով զարմանում էր, որ մինչև այժմ դեռ խելքը չէր կորցրել կամ չէր մեռել։ Այնինչ մինչև այսօր, մինչև այս տաժանելի մի օրը, ամբողջ ամսվա ընթացքում և հետո, երբ գրպանում միշտ փող կար, պատահե՞լ էր մի օր, գեթ մի հատիկ օր, որ բանի ժամանակ ձեռաց չվազեր մոտակա «պադվալը», բերանը մի քիչ թաց անելու կամ բանից հետո ամբողջ ժամերով չնստեր գինետանը իր ընկերների հետ և լավ «թրջված» տուն չդառնար կեսգիշերին բայաթի երգելով։ Իսկ ա՞յժմ… Գոնե ապառիկ տային մի կես թունգի գինի կամ մի «տրիցատկա» արաղ. չէ՛, չէին տալիս անխիղճները, այսինքն տվել էին, բայց էլ չէին տալիս, տեսնելով, որ արդեն հավաքված պարտքը վճարել չի կարողանում, մինչդեռ այդ ապերախտների մոտ էր թողել իր վաստակած գրեթե բոլոր փողերը։ Գոնե ընկերներից մեկն ու մեկը հրավիրեր. չէ՛, չէին հրավիրում․ ամենքն էլ իր պես պարապ էին, ամենքի գրպանումն էլ մկներ էին խաղում։ Անտեր տանն էլ չկար այնպիսի մի բան արծաթե գդալ, ոսկե մատանի, ականջի օղ, կամ գորգ, թեկուզ կնոջից ծածուկ տաներ գրավ դներ կամ ծախեր․ տունը սրբած, կինն ու երեխաները՝ տկլոր, ինքը՝ դառ ու դատարկ։

Այսօր գինեվաճառը, որի մոտ նա թողել էր իր ամառվա գրեթե ամբողջ վաստակը, բաց արեց նրա առջև դավթարը և ասաց.

Այ, ուստա Դավիթ, տասը մանեթ հինգ շայի նիսիա կա վրեդ. բե տու, ախպեր, ու էլի ինչքան ուզում ես՝ նստի խմի, քեզ անուշ ըլի։

Ու, չնայելով Դավթի աղաչանք-պաղատանքին, մեռավ-կտրվեց՝ մի բաժակ օղի չտվեց, որ ցամաքած բերանը բաց աներ ու մի քիչ տաքանար այս անպիտան ցուրտ եղանակին։

Այժմ նա տուն էր դառնում հույսը բոլորովին կտրած և խիստ չարացած ամենքի և ամեն բանի վրա։ Ու որ մտածում էր, թե վաղն էլ, մյուս օրն էլ, երրորդ, օրն էլ ո՞վ գիտե դարձյալ քանի՜ օրեր նույն անհաջողությունը պիտի ունենար, ինչ որ այսօր, քիչ էր մնում իսկապես խենթանար։ Մատներով անդադար պրպտում էր արխալուղի գրպանները, հուսալով թե մի գուցե տասը կամ տասնհինգ կոպեկանոց մի դրամ խցկված լինի կարկատանների արանքը, ինչպես շատ անգամ էր պատահել փող ունեցած ժամանակ, բայց մատների ծայրերը միայն շոշափում էին գզգզված գրպանների մազանման մճճված կեղտը։

Քամու դեմ կռվելով, նա մտավ իրենց նեղ ու ծուռ փողոցը, որի երկայնքով այս ու այն կողմը իրար հենված էին, կարծես չթափվելու համար, խղճուկ տնակներ ցածր, հողածածկ կտուրներով, ծուռտիկ-մուռտիկ պատուհաններով, փտած դռներով, ո՛րը գետնի մեջ խրված, ո՛րը գետնից բարձր։

Դավիթը կանգ առավ այդ դռներից մեկի առջև, որի ծակոտիներից և ճեղքերից ճրագի լույս էր երևում։ Փոխանակ ծեծելու, նա ոտը բարձրացրեց և մի պինդ հարված տվեց դռանը։ Դուռը ճռճռաց, քիչ մնաց տեղահան լիներ, բայց չբացվեց, ներսից փակ էր։ Այդ բանն ավելի կատաղեցրեք Դավթին, և նա կրկնեց հարվածն առաջվանից ավելի պինդ։

Մեռել ե՞ք, սատկել ե՞ք, գոռաց նա սարսափելի հայհոյանքներ թափելով։

Ներսից լսվեց դռան փականքի շրխկոցը։ Ոտաբոբիկ, պատառոտուն հագուստով, խճճված մազերով մի փոքրիկ աղջիկ դուռը բաց արավ և, ցրտից սարսռալով, մի կողմ քաշվեց, որ հայրը ներս մտնի։

Դավիթը մտավ արյուն կտրած աչքերով։

Աղջիկը սովալլուկ հայացքով աչքի տակից նայեց հոր դատարկ ձեռներին, և այն միջոցին, երբ փակում էր դուռը, մի ծանր հարված զգաց գլխին։ Նա ձայն չհանեց, այլ ձեռքերը դրեց գագաթին և տեղն ու տեղը պպզեց տապ-տապ արած հավի պես։ Ըստ երևույթին սպասում էր, թե հարվածը պիտի կրկնվի և իր մանկական սովալլուկ մարմնի ֆիզիկական ամբողջ ուժը ոսկրացած ձեռքերի մեջ հավաքած աշխատում էր պաշտպանել գլուխը՝ շեքերի մեջ կոխած։

Սակայն հայրը բավականացավ մի հարվածով միայն և անմիջապես դարձավ կնոջը, որ թախտի վրա նստած կար էր անում լամպի լուսով.

Հա՞ա, մեռել ե՞ք, սատկել ե՞ք։ Տո, դուռն էսքան կոտրատում եմ, չեք իմանո՞ւմ։ Այ խլանաք դուք, խլանաք։ Պինդ էլ կողպել եք, թե ի՞նչ։ Գիտամ, էնքան բան-ման ունես անտեր տանդ, որ վախենում ես նի չթափվեն, չթալանեն։ Վայ ձեր ծնունդը չորանա, ձեր ծնունդը։ Դուք խո ինձ հմար կնիկ ու որդիք չեք, ցավ ու կրակ եք ինձ հմար, ցավ ու կրակ գա ձեր գլխին։ Էլ ջըբումս բարաքաթ չմնաց, ինչ դու էդ կոտրած ոտդ տուն դրիր ըստեղ…

Դավթի արտասանած ամեն մի պարբերությունը համեմված էր ամենաընտիր և երբեմն շատ ինքնուրույն հայհոյանքներով։

Կինն ամենևին ձայն չհանեց, նույնիսկ գլուխը չբարձրացրեց կարի վրայից։ Ամուսնու գոռգոռոցն ու հայհոյանքն այնքան սովորական բան էին դարձել նրա համար, որ միանգամայն կորցրել էին իրենց բոլոր նշանակությունն ու ազդեցությունը, և վաղուց էր արդեն, որ Մային այլևս չէր պատասխանում, մի անգամ առ միշտ համոզվելով, որ այդ ոչ միայն անօգուտ, այլ նույնիսկ վտանգավոր է, որովհետև խոսքը խոսք էր բերում, և Դավիթը վերջիվերջո խոսքից անցնում էր «գործի»։ Կնոջ միակ պատասխանը լռությունն ու անտարբերությունն էր լինում։ Շունը հաչեր, թե Դավիթը այդ միևնույն էր նրա համար։ Պատահում էր, որ Դավիթն ամբողջ ժամերով գոռում-գոռգոռում, հայհոյում էր ամենա զզվելի ածականներով, բայց Մային գլուխը կախ մնում էր իր բանին, քարի պես լուռ ու անտարբեր։

Ծանր, շատ ծանր էին խեղճ կնոջ քաշած օրերն արբեցող ամուսնու ձեռքին։ Ինչ Մային ոտ էր դրել ամուսնու տունը, ոչ մի լավ օր չէր տեսել, միշտ ծեծ ու հայհոյանք, միշտ հայհոյանք ու ծեծ։ Ծեծն ու հայհոյանքն էլի վնաս չունի, այդ բանին այսպես թե այնպես դեռ կարելի էր դիմանալ, բայց գոնե տան և երեխաների հոգսը քաշեր․ այդ էլ չկար։ Ինչ, վաստակում էր, իր փորն էր ածում։ Ուրեմն էլ ինչացո՞ւ էր. ավելի լավ չէ՞ր լինի, որ իսկի չլիներ, խեղճ կինը գոնե հանգիստ իր բանին կկենար, գոնե գիշերները չէր սպասի ահ ու դողով, թե ահա որտեղ որ է պիտի գա իր դահիճը արբած-տրաքած, երեխաներին լեղաճաք անի, ամբողջ թաղը հավաքի գլխին։ Տունը ինքն էր պահում, երեխաներին ինքն էր հագցնում, կերակրում իր ձեռքի աշխատանքով, ուրեմն էլ ինչացո՞ւ էր այդ միշտ արբած մարդը, էլ ի՞նչ սրտով էր բղավում, հայհոյում, ծեծում, ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով։

Մային աշխատում էր, գիշեր-ցերեկ աշխատում կար էր անում, լվացք էր անում, հաց էր թխում, թոկ էր գզում, բարդաններ էր կարում, հինած էր հինում, պարսիկ վաճառականների համար նուշ, ընկույզ, տխիլ էր կոտրում․ կարիքը ստիպել էր նրան վարժվելու ամեն տեսակ աշխատանքի, և ոչ մի օր նրա ձեռքը դադար չէր առնում։ Հարատև աշխատանքը, զրկանքներն ու հոգսերը և ամուսնու պատճառած ֆիզիկական ու բարոյական տանջանքները հալումաշ էին արել խեղճին։ Նրա կյանքը դարձել էր մի տեսակ անասնական․ չէր իմանում ի՛նչ օր է լուսանում, ի՛նչ օր մթնում․ մի բան էր միայն իմանում երեխաները քաղցած են՝ պետք է աշխատել, երեխաները տկլոր են՝ պետք է աշխատել, տանտերը պահանջում է վարձը՝ պետք է աշխատել։

Ահա այս գիշեր էլ, չնայելով շաբաթ գիշեր է, կիրակշտեք է, երբ ամեն աշխատանք դադար է առնում, նա դարձյալ աշխատում է․ կարում է ամբողջ օրը՝ վաղ առավոտից նստած, որպեսզի վերջացնի, տանի տա տիրոջը, մի քանի կոպեկ փող ստանա՝ գեթ վաղը մի քիչ հաց առնելու։ Առանց այն էլ երեխաները այսօր ամբողջ օրը սովից վնգստում էին։ Փոքրն արդեն շատ վնգստալուց հոգնել, քնել է, մեծն էլ, աղջիկը՝ չես իմանում ինչի է սպասում։ Նրա մատները փետացել են, ասեղը հազիվ են բռնում, մեջքը կորացել, չորացել է, որ շտկում է, կարծում է, թե ողնաշարն ուզում է կոտրվել։

Երկար, շատ երկար գոռաց, գոռգոռաց Դավիթը, հայհոյեց, էլ մեռել ու կենդան չթողեց, հետո պառկեց թախտի վրա, ձեռները դրեց գլխի տակ և սկսեց նայել առաստաղի կաթիլքից բազմազան գույներ ստացած, ճաքճքած գերաններին։

Փոքրիկ աղջիկը, որ հոր ահից հենց այնպես էլ մնացել էր դռան մոտ պպզած, ուր դռան ճեղքերից փչող սառը քամին մրսեցնում էր նրա վտիտ մարմինը, կամաց վեր կացավ, կատվի քայլերով գնաց բարձրացավ թախտը և նստեց մոր մոտ, մերկ սրունքները ծածկելով չթի դերիայի կարճ փեշերի տակ։ Շուտով նրա աչքերի կոպերը ծանրացան, և նա նստած տեղը սկսեց նիրհել։

Մայրն ատամներով կտրեց կարի թելը, որի ժամանակ աչքն ընկավ նիրհի մեջ գլուխը բարձր ու ցածր անող աղջկա վրա։

Աղջի, քունդ տանում ա, գնա քնի։

Աղջիկը բաց արեց շաղված աչքերը, մի րոպե ապուշ-ապուշ նայեց մորը, հետո սուր-սուր եղունգներով սկսեց քորել գլուխը և կամացուկ վնգստաց.

Հաց եմ ուզում։

Ես էլ եմ ուզում, արձագանք տվավ թախտի ծայրից փոքրիկը, որ հոր գոռգոռոցի վրա զարթել էր և, մինչև այժմ լուռ, մթելի տակից պլզած աչքերով նայում էր ճրագին։

Էգուց, էգուց, բալա ջան, հմի քնեցեք, ասաց մայրը։

Բայց փոքրիկը և նրանից սիրտ առած մեծը սկսեցին ավելի ու ավելի վնգստալ։

Սո՜ւս, շան լակոտներ, թե չէ, էս ա վեր կացա, հանկարծ գոռաց Դավիթը, արագորեն շուռ գալով պառկած տեղը և բռունցքը ուժգին զարկելով թախտին։

Փոքրիկն իսկույն սուս արավ և մթելը գլխին քաշեց։ Աղջիկը նույնպես լռեց, չոքեչոք գնաց դեպի անկողինը, պառկելուց առաջ քորումոր եկավ ամբողջ մարմնով, հետո մթելի մի ծայրը բարձրացրեց, մտավ տակը, գլուխը դրեց եղբոր գլխի մոտ, կուչ եկավ սրթսրթալով և համարյա թե նույն րոպեին էլ քնեց։

Քամին շվշվացնում էր դուրսը, բզզում էր բուխարու մեջ, ծեծում էր դուռը ու պատուհանը․ իսկ ներսը լռության մեջ լսվում էր քնած երեխաների շնչառությունը և երբեմն-երբեմն Դավթի մռմռոցը։ Այնինչ Մային, գլուխը միշտ կախ, կարում էր հա՛ կարում, և սպիտակ քաթանը նրա հոգնած աչքերի առաջ երբեմն-երբեմն շերտավորվում էր կարմիր, կանաչ, դեղին զոլերով։

Պառկած տեղն էլ հանգիստ չէր կարողանում մնալ Դավիթը, տենդով բռնված մարդու պես դես էր շուռ գալիս, դեն էր շուռ գալիս, մռնչում էր, փռնչում, ոգելից խմիչքի ծարավն ավելի ու ավելի էր նեղում նրան։ Նրան թվում էր, թե այդ գիշեր չի լուսացնի, կամ կմեռնի, կամ կգժվի։ Առհասարակ ամբողջ օրը հիվանդ էր զգում իրեն․ գլուխը ծանր էր քարի պես, աչքերից ջուր էր գնում, ձեռները դողում էին, ծնկների մեջ ինչ-որ մղմիղ էր զգում, իսկ ստամոքսի մեջ կարծում էր, թե մժեղներ են դժվժում․ չնայելով, որ ոչինչ չէր կերել, այնուամենայնիվ քաղց չէր զգում և ուտելու մասին չէր էլ մտածում։ Զգում էր միայն, որ մի քանի բաժակ օղին բավական էր այդ հիվանդագին բոլոր երևույթները ձեռաց վանելու համար։

Օ՛, ես ձեր… մի ծանր բռունցք իջեցնելով թախտի վրա, զորավոր հայհոյանք ուղղեց նա հայտնի չէ ում հասցեին, նստեց, ոտները կախեց թախտից, խոնարհվեց և գլուխն առավ ձեռքերի մեջ։ Գոնե քունը գար, որ թերևս առժամանակ մոռանար այդ անտանելի պապակը։ Ոգելից խմիչքի ծարավը չէր այնքան, որ տանջում էր նրան, այլ ավելի երևակայությունը, որ այնքան հրապուրիչ ու գայթակղիչ մտապատկերներ էր ստեղծում օղու և գինու շուրջը ընկերական շրջանում, դուդուկի և արգանի ձայների տակ, գինետան մեջ, որի քացախած օդը նրա համար ավելի ախորժելի էր, քան բուրավետ վարդն ու ծաղիկը։

Նա վեր կացավ և սկսեց քայլել սենյակի երկայնքով։ Մտածում էր՝ ի՞նչ աներ այդ սոսկալի դրությունից ելնելու համար․ մտածում էր կյանքի և մահվան առեղծվածի առջև կանգնած մարդու մտատանջանքով։ Ամեն անգամ, որ մոտենում էր սենյակի անկյանը, նրա աչքովն էր ընկնում ջրի կուլան։ Սկզբում ուշադրություն չէր դարձնում, հետո կանգ առավ կուլայի առաջ և երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել իր մեջ մի տարօրինակ զզվանք, որ, իբրև արբեցող, տածում էր դեպի ջուրը։ Բայց ոգելից խմիչքի ծարավը սպանում էր նրան, թուքը ցամաքել էր, որկորը խանձվել, պետք էր բերանը մի բանով թաց անել։ Եվ Դավիթը կամա-ակամա խոնարհվեց դեպի ջրի կուլան։

Բայց այդ միջոցին հանկարծ մի միտք ծագեց նրա գլխում, և նրա դաժան դեմքը մի րոպե կարծես պայծառացավ։

Նա արագորեն մոտեցավ պատի մեջ գտնված պահարանին, բաց արեց, հանեց օղու դատարկ շիշը, կուլայից մի գավաթի չափ ջուր ածեց մեջը և սկսեց ողողել։ Ողողեց, ողողեց օղու շիշը, հետո գլխին քաշեց և սկսեց ծծել։ Ծծում էր աչքերը փակ և շրթունքները պինդ սեղմած շշի պռնկին։ Այդ միջոցին նրա դեմքը գարշանքի այնպիսի արտահայտություն էր ստացել, որ կարծես լուծողական էր ընդունում։

Կինն առաջին անգամ բարձրացրեց գլուխը, նայեց նրան, հետևից մի չանչ արավ և նորից շարունակեց կարը։

Դավիթը չտեսավ այդ չանչը, բայց նրան թվաց, թե կինն իր հասցեին ինչ-որ փնթփնթաց քթի տակ։

Հը՛, ի՞նչ ես փնթփնթում, կամաց դարձավ նա կնոջ կողմը, շիշը հեռացնելով շրթունքներից։ Հրացայտ աչքերով երկար ժամանակ լուռ ու անշարժ խեթում էր կնոջը, հետո ավելացրեց ծանր ու սպառնալից, ջանդ խո քոր չի գալիս։ Թե քոր ա գալիս, քորեմ…

Կինը ձայն ծպտուն չհանեց։

Դավիթը շիշը տեղը դրեց, պահարանի դուռը շրխկացնելով փակեց և գնաց նորից պառկեց թախտի վրա, չմոռանալով հայհոյանքի մի նոր փունջ հրամցնելու կնոջը։ Ջուրը թեև մի քիչ օղու համ էր ստացել, բայց իհարկե, այն չէր, ինչ որ քթից ծուխ հանող, աչքերից արտասուք քամող օղին, որ խմելուն պես բալասանի նման տարածվում է մարդու երակների մեջ, և այդ բանն էր, որ ավելի ջղայնոտ էր դարձրել Դավթին, ավելի ևս գրգռելով նրա ոգելից խմիչքի պապակը։ Նա սաստիկ ցանկանում էր, որ կինը ձայն հաներ, բան ասեր, որպեսզի իսկույն վեր թռչեր և մի լավ տրորեր նրան, սրտի բոլոր մաղձը նրա վրա թափելով։ Բայց Մային ձկան պես լուռ, իր բանին էր։

Դուռը դրսից ծեծեցին։

Դավիթը գլուխը բարձրացրեց, նայեց դռանը և նորից պառկեց։ Այդ անշուշտ Ակոբն էր անդրանիկ որդին՝ ութ տարեկան, որ նոր էր վերադառնում խանութից։ Չորրորդ ամիսն էր, որ նրան աշակերտ էր տվել մի պղնձագործի՝ մի տարի անվարձ ծառայելու, մինչև որ արհեստ սովորեր։

Որովհետև դուռն իսկույն բացող չեղավ, նորից ծեծեցին։

Դավիթը վեր թռավ, նստեց և դարձավ կնոջը կատաղած․

Տո, խլացել ե՞ս, չես իմանո՞ւմ։ Էս էլ խո ես չեմ, վե կաց բաց արա, է՛լի։ Այ չորանաս էդ ճրագի տակը, հը՜, ընենց կպչես էդ թախտիցը, որ էլ պոկ չգաս։ Մի հարցնող ըլի, օգուտդ ի՞նչ ա, է՞, էդ անտեր-մունդռիկ կարիցը։ Նավթն էլ մինչև լիս էրում ես։

Մային կարը մի կողմ դրեց, մեջքը հազիվ շտկեց, վեր կացավ, իջավ թախտից և ամուսնու անհատնում հայհոյանքների ուղեկցությամբ գնաց դուռը բանալու։

Մտավ Ակոբը գզգզված հագուստով, մրից սևացած դեմքով, ձեռքերով և մինչև սրունքները մերկ ոտներով։ Ցրտից սրթսրթում էր ամբողջ մարմնով և ատամները նկատելի կերպով զարնում իրար, բայց աչքերն իրենց տարօրինակ սպիտակուցներով սևացած դեմքի վրա փայլում էին մանկական ինչ-որ անհուն բերկրանքով։

Մայիլո ջա՜ն, մտնելուն պես բացականչեց նա, ըսօր մեկն եկավ, պղինձներ առավ, տարա տուն, մի աբասի փող բաշխեց։ Ա՜յ։

Դավիթը փողի անունը լսելուն պես ծտի նման թռավ տեղից և մի ոստյունով հասավ դռան մոտ։

Աբա՛, աբա՛…

Ու քաղցած գայլի պես վրա ընկավ երեխային։

Մայրն ընկավ որդու և նրա մեջտեղ։

Չտաս, չտաս, Ակոբ ջան, հաց չունենք․ հաց կառ…

Խոսքը չվերջացավ կնոջ բերանում․ Դավիթն երկու ձեռքով բռնեց նրա ոսկրացած ուսերից և այնպիսի ուժով ետ շպրտեց նրան, որ նա փռվեց գետնին մեջքի վրա։

Ի՛նձ տու, բղավեց և այնպես պինդ հուպ տվեց որդու բռունցքը, որ նա ցավից ճչաց և իսկույն փողը վայր գցեց ձեռքից։

Դավիթը փողը թռցրեց գետնից և խելագարի պես դուրս թռավ…

Երբ Մային ուշքի եկավ և աչքերը կամաց բաց արեց, կարծես երազի մեջ տեսավ, որ Ակոբը պատին կպած՝ լաց է լինում երեխայական ուժգին հեծկլտանքով, և ցուրտ քամին փչում է բաց դռնից, բլբլացնելով լամպի լույսը թախտի վրա։ Մեծ դժվարությամբ նստեց, երկու ձեռքով բռնեց ծոծրակը, աչքերը փակեց ինչ-որ սուր ցավից և մի երկար ու ձիգ թառանչ քաշեց։

Դուռը կողպի, Ակոբ ջան, դուռը կողպի, ցուրտ ա, հազիվ կարողացավ արտասանել նա։

Յատուկ Երաժշտություն
Դիմակահանդես – Ռոմանս
Արամ Խաչատրյան

Դիմակահանդես – Ռոմանս

Քնի հրեշտակ
Քնի հրեշտակ
Խաղա առցանց