Նար-Դոս
Ազատամտության դրոշակակիր
Կոմեդիա 4 արարվածով
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՍԱՐԳԻՍ ԹԱԹՈՒԼՅԱՆ, հարուստ վաճառական։
ՄԱՐԻԱՄ, նրա կինը։
ՍԵԴՐԱԿ ՄԱՐՈՒՇՅԱՆ, նրանց հեռու-մոտիկ բարեկամի որդին։
ՄԻՆԱՍ, վաճառական։
ԱՆՈՒՇ, Թաթուլյանների տնային վարժուհին։
ԳՐԻԳՈՐ ԱԶԱՏՅԱՆ, դպրոցի հոգաբարձու, հրապարակախոս և այլն։
ԵՂԻՍԱԲԵԹ, նրա կինը (քաղաքական ամուսնությամբ)։
ԲԱՐՍԵՂ ՄԱՍԽԱՐՅԱՆ, Ազատյանի ընկեր-բարեկամը։
ԾԱՌԱ, Թաթուլյանի տանը։
ԾԱՌԱ, Ազատյանի տանը։
ԱՆՆԱ ՍԻՍԱԿՅԱՆ, ուսումն ավարտած երիտասարդ մանկաբարձուհի։
(ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ)
ԹԱԹՈՒԼ. Ասացեք, ինչո՞վ կարող եմ ձեզ օգտակար լինել։
ԱԶԱՏ. Չէի՞ք կարող արդյոք մի ամիս ժամանակով միայն ինձ մի հազար ռուբլի փող տալ... կրկնում եմ, ինձ անչափ կպարտավորեցնեիք... մի ամիս ժամանակով միայն, ամիսը լրանալուն պես՝ դուք կստանաք ձեր հազար ռուբլին... իհարկե, յուր տոկոսով։
ԹԱԹՈՒԼ. Չէ՛, ի՞նչ հարկավոր է տոկոս... զարմանալի է... ամոթ չի՞ լինիլ ինձ համար, եթե ես ձեզանից տոկոս առնեի... Հազար ռուբլին կարող եք ստանալ... իսկույն։ (Դուրս է գնում աջ դռնից):
ՏԵՍԻԼ ԺԵ.
Մարիամ, Ազատյան
ՄԱՐԻԱՄ (Շտապով վեր է կենում, մոտենամ է Ազատյանին և ցածր). Ինչի՞ համար ես ուզում հազար ռուբլին, Գրիգոր։
ԱԶԱՏ. Հարկավոր է...
ՄԱՐԻԱՄ.- Է՛լի։
ԱԶԱՏ. Ուրիշ ժամանակ կասեմ, ուրիշ ժամանակ... Բայց ի՞նչ գեղեցիկ պենսնե ես գնել։
ՄԱՐԻԱՄ. Լա՞վն է... սա՞զում է։
ԱԶԱՏ. Կատարելապես... կարծես եվրոպական համալսարաններում ավարտած դիպլոմատ լինես։
ՄԱՐԻԱՄ. Մի՞թե... Ա՜խ, ի՛նչ լավ է... (Մոտենում է հայելուն և նայում է): Եվ այդպես էլ կկարծեն, չէ՞, տեսնողները:
ԱԶԱՏ. Անկասկած։
ՄԱՐԻԱՄ. Բայց... այս ի՞նչ է մազերս... Դիպլոմատ կանանց մազերը կարճ են լինում, իսկ ի՞մն...
ԱԶԱՏ. Քոնն ի՞նչ է որ։
ՄԱՐԻԱՄ. Երկար է... ինչ. պենսնես ո՛վ որ նայի, կասի՝ թե սա դիպլոմատ կին է, մազերն ինչո՞ւ է երկար, թե որ դիպլոմատ կին չէ, պենսնե ինչո՞ւ է դրել... Ոչ, չեմ ուզում, մազերս պետք է կտրեմ... ամոթից ես այսպես դուրս գնալ չեմ կարող... Հը՞, չէ՞, Գրիգոր... մազերս պետք է կտրեմ, չէ՛...
ԱԶԱՏ. Սս՜ս, Մարիա... ամուսինդ... այստեղ, ախր, այդպես չի կարելի անել...
ՄԱՐԻԱՄ. Միևնույն է ինձ համար... (հանկարծ փաթաթվում է նրա վզովը, շտապով համբուրում է և թողնում է նրան, նստում յուր առաջվա տեղը):
ԱԶԱՏ. Մա՜րիա... գոնե այժմ այդպես մի անիր է...
ՄԱՐԻԱՄ. Միևնույն է ինձ համար, հասկանո՞ւմ ես դու ինձ... Ես նրանից չեմ վախենում, երբ որ քեզ սիրում եմ...
ԱԶԱՏ. Մա՛րիա, Մա՛րիա...
ՄԱՐԻԱՄ. Ուզո՞ւմ ես, իսկույն ևեթ թողնեմ նրան, այս տունը, և գամ քեզ հետ... մանավանդ, որ օր օրի վրա ինձ անտանելի է թվում այս խավար մթնոլորտը... ինձ շրջապատող տգետ, վայրենի հասարակությունը և առավելապես այս իմ խավարամիտ, բռնակալ ամուսինը...
ԱԶԱՏ. Մա՛րիա, ես գնում եմ...
ՄԱՐԻԱՄ. Ո՞ւր:
ԱԶԱՏ. Ո՛ւր... ախր դու ինձ այստեղ կխայտառակես...
ՄԱՐԻԱՄ. Լավ, կա՛ց, կա՛ց... Էլ ոչինչ չեմ ասիլ... ահա խելոք նստում եմ և բերանս փակում եմ...
ԱԶԱՏ. Այդպես ի՞նչպես կարելի է... մի փոքր էլ հեռատեսություն պետք է ունենաս... քանի՛ անգամ քեզ ասել եմ, որ այստեղ քո տանը, հենց թեկուզ ինձ հետ մենակ եղած ժամանակ, այդպիսի բաների մասին մի խոսք անգամ մի արտասանիր և վարվիր ինձ հետ այնպես... (հանկարծ լսելով Թաթուլյանի ոտների ձայնը, շարունակում է բարձրաձայն): Այո՛, տիկին, դուք շատ ճիշտ եք ասում։ Ես ևս համաձայն եմ ձեզ հետ... բայց ի՞նչ արած՝ դարուս պահանջն է, ուրիշ կերպ գործել անկարելի է...
ԹԱԹՈՒԼ (Մտնում է). պ. Ազատյան, ահա ընդունեցեք հազար ռուբլին։
ԱԶԱՏ. Անչափ շնհրհակալ եմ, պ. Սարգիս... անչափ պարտավորեցնում եք ինձ... բայց, իհարկե, պետք է ապահովագիր տամ ձեզ...
ԹԱԹՈՒԼ. Ի՞նչ հարկավոր է. ամաչեցնե՞լ եք ուզում ինձ, ի՞նչ է...
ԱԶԱՏ. Չէ՛, ինչո՞ւ, պ. Սարգիս... ավելի լավ չէ՞, եթե ապահովագիրը ձեռքներիդ ունենաք։
ԹԱԹՈՒԼ. Ոչ, լավ չէ... մեզ համար լավ չէ... ես կատարելապես հավատում եմ ձեր ազնվությանը։ (Նստում է գահավորակի վրա):
ԱԶԱՏ (Ամուր սեղմելով նրա ձեռքը). Որքա՛ն շնորհակալ եմ ես ձեզանից ձեր այդ հավատի համար... ընդունեցեք խորին հարգանք... և առ այժմ ցտեսություն...
ԹԱԹՈՒԼ. Ցտեսություն։
ԱԶԱՏ.- Ցտեսություն, տիկին... խնդրում եմ ներեցեք ինձ ձեզ անհանգստացնելու համար... (Մարուշյանը մտնում է):
ԹԱԹՈՒԼ. Խնդրում եմ ծանոթացեք։ (Ազատյանին): Մարուշյան, բարեկամիս որդին է. համալսարանն այս տարի է ավարտել։ (Մարուշյանին): Ազատյան։
ԱԶԱՏ. (Սեղմելով նրա ձեռքը): Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ... բայց կարելի՞ է իմանալ ո՞րտեղ եք ավարտել։
ՄԱՐՈՒՇ (Մարիամին բարևելուց հետո). Ես ավարտել եմ Գերմանիա։
ԱԶԱՏ. Ես ևս այնտեղ եմ ավարտել. բայց այդ օրից անցել է ամբողջ յոթն տարի, և այդ յոթն տարվա ընթացքում , իհարկե, շատ ջուր կլինի անցած, ինչպես ռուսն է ասում։ Բայց այստեղ ի՞նչ եք մտադիր անելու։
ՄԱՐՈՒՇ. Մտադիր եմ ուսուցչությամբ պարապել։
ԱԶԱՏ. Տեղ ունե՞ք արդեն։
ՄԱՐՈՒՇ. Ոչ. դեռ նոր եմ որոնում։
ԱԶԱՏ. Երբ որ այդպես է, ես ձեզ կարող եմ ընդունել տալ մեր ուսումնարանում։ Դուք գի՞տեք, որ ես հոգաբարձու եմ...
ՄԱՐՈՒՇ. Այո, լսել եմ։
ԱԶԱՏ. Հա՛, այդպես, այս քանի օրերս մեր ուսուցիչներից մեկը թողեց պաշտոնը հիվանդության պատճառով և նրա տեղ ես անպատճառ ձեզ ընդունել կտամ, չնայելով, որ մի քանի խնդիրներ արդեն տված են ուրիշները... Ներեցեք, խնդրեմ, ես այժմ շտապում եմ, չեմ կարող երկար խոսել... Եթե վաղը կբարեհաճեիք գալ ինձ մոտ, իմ տուն, մենք այնտեղ երկար կխոսեինք թե ձեր պարապելիք առարկաների և թե պայմանների մասին։
ՄԱՐՈՒՇ. Ինչո՞ւ չէ, ես վաղը ուրախությամբ կգայի ձեզ մոտ... բայց ներեցեք, չգիտեմ դուք ո՞րտեղ եք բնակում։
ԱԶԱՏ. Հասցեն... ահա ձեզ իմ այցետոմսը... կամ թե չէ, կարող եք գնալ մեր խմբագրատուն։ Ուրեմն՝ մինչև վաղը, ցտեսություն։
ՄԱՐՈՒՇ. Ցտեսություն։ (Ազատյանը դուրս է գնում):
ՄԱՐՈՒՇ. Այս ի՞նչ ազնիվ մարդ է...
ՄԱՐԻԱՄ. (Շտապով դուրս գալով Ազատյանի ետևից: Առանձին)։ Բաս ի՞նչ էիք կարծում...
Բեմը ներկայացնում է գրադարան Ազատյանի տանը: Երեք դուռ։
Ազատյան, Եղիսաբեթ
( խալաթով նստած է գրասեղանի առաջ, աջ կողմը և գրում է: Աջ դռանն երևում է Եղիսաբեթը):
ԵՂԻՍ. Գրիգորի՛ս, թեյը բերե՞մ։
ԱԶԱՏ. Բեր։ (Եղիսաբեթը դուրս է գնում և վերադառնում է՝ ձեռքին թեյի բաժակ և բուլկի, որոնց դնում է Ազատյանի գրասեղանի վրա):
ԱԶԱՏ (Շարունակում է գրել: Երկար լռություն: Հետո գրիչը վայր է դնում և նայելով). Ինչո՞ւ դու թեյ չես խմում։
ԵՂԻՍ. Չեմ ուզում։
ԱԶԱՏ. Կամ արդեն խմե՞լ ես։
ԵՂԻՍ. Ոչ։
ԱԶԱՏ (Վերցնելով յուր թեյի բաժակը և խմելով). Դե՛հ, էլ ի՞նչ ես պարապ նստել. գործ չունի՞ս։
ԵՂԻՍ. Ոչինչ գործ չունիմ։
ԱԶԱՏ. Գիրք վերցրու կարդա։
ԵՂԻՍ. Չեմ ուզում։
ԱԶԱՏ. Այսօրվա առաջնորդողս կարդացի՞ր- քաղաքական ամուսնության վերաբերությամբ։
ԵՂԻՍ. Այո։
ԱԶԱՏ. Եվ, իհրսրկե, համակրում ես։
ԵՂԻՍ. Ամենևին ոչ։
ԱԶԱՏ. Այդ ի՞նչպես։
ԵՂԻՍ. Ես հակառակ եմ դրան։
ԱԶԱՏ. Քաղաքական ամուսնությա՞նը, դո՞ւ...
ԵՂԻՍ. Այո, հենց ես, հենց ես։
ԱԶԱՏ. Իհարկե, դու կատակ ես անում։
ԵՂԻՍ. Ընդհակառակը՝ ես շատ լուրջ կերպով եմ խոսում, իսկ կատակը և այն շատ անմիտ և վտանգավոր կատակը դու ես անում, որ մեր, հայերի մեջ քաղաքական ամուսնության նման բաներ ես քարոզում...
ԱԶԱՏ. Ե՛ղիսաբեթ, աստված է վկա, դու կատակ ես անում։
ԵՂԻՍ. Ի՞նչ միտք ունի, ասա խնդրեմ, ներկա պայմանների մեջ, ներկա առանց այն էլ ապականված բարք ու վարքի մեջ, ներկա տգիտության մեջ քաղաքական ամուսնություն քարոզել... դու կարծում ես, թե մենք ապրում ենք մի որևիցե Ֆրանսիայում կամ Շվեյցարիայում և ոչ թե Ասիայում, որտեղ կինը տակավին չի կարողանում համարձակ նայել տղամարդի երեսին... Ազգայնության համարյա թե ամեն բան կորցնելով, մեզ մնացել է միայն եկեղեցին և նրա օրենքները, որոնց ամենայն ջերմեռանդությամբ հպատակում է հայը և որոնցով միայն ևեթ պահպանում է յուր ազգայնությունը, և դու այդ է՞լ ես ուզում ջնջել։
ԱԶԱՏ. Շատ ժամանա՞կ է, ինչ դու ազգային եկեղեցու պաշտպան ես կանգնել։
ԵՂԻՍ. Այն ժամանակվանից երբ հասկացա, թե որպիսի աններելի մոլորության մեջ եմ ընկել քեզ հետևելով... Անմեղ, միամիտ աղջիկ էի. տակավին չէի բացել աչքերս, չէի տեսնում, չէի հասկանում, թե ի՞նչ կա շուրջս, ո՞վքեր են շրջապատում ինձ, երբ դու հայտնվեցար իմ առաջ, քո վտանգավոր, ճարպիկ լեզվով հանեցիր խելքս, գրավեցիր սիրտս և ես, մոռանալով ծնողներիս, նրանց իշխանությունը, ընկնելով նրանց անեծքի, նզովքի տակ և ոտի տակ տալով այն ամենը, ինչ որ ինձ համար սուրբ էր և նվիրական, կույր երեխայի նման հետևեցի քեզ, կարծելով, թե դու ինձ տանում ես մի որևիցե ավետյաց աշխարհ, բայց այժմ... երբ արդեն աչքերս բացվել են և ես ամեն բանի վրա կարողանում եմ մատների միջից նայել, ի՞նչ եմ տեսնում այստեղ, շուրջս. ապականված բարք, զեղխ կյանք, առանց մի չնչին պատկառանքի, առանց մի չնչին ամոթի... ստություն, կեղծիք, ցածություն, ամենայն սրբության ոտնակոխություն, և այդ բոլորը լուսավորության, լուսավոր գաղափարների անունո՜վ...
ԱԶԱՏ. Եղիսաբե՜թ, ի՞նչ է պատահել քեզ այսօր, այդ ի՞նչ ազատ խոսքեր ես թողնում բերնիցդ...
ԵՂԻՍ. Ես ճշմարիտն եմ ասում և չեմ վախենում, որովհետև հիասթափությունս այնքա՜ն մեծ է և այնպես ազդել է սրտիս վրա, որ այլևս լռել անհնարին է ինձ համար... Ա՜խ, եթե առաջ ես այս աչքերով լինեի նայելիս, եթե առաջ ես այս ուղեղով լինեի դատելիս, այն ժամանակ ես կընկնեի առաջին պատահած մշակի գիրկը, բայց երբեք ոտք չէի դնիլ այս շրջանը, որտեղ ամեն սրբություն ոտնակոխ է արած առաջադիմության կեղծ դիմակի տակ... խոստովանիր, որ քեզ համար ոչ մի սրբություն գոյություն չունի, խոստովանիր, որ քեզ համար կրոն և եկեղեցի հիմար բաներ են, խոստովանի՛ր, որ քեզ համար միևնույն է՝ ունես օրինավոր կին, թե ոչ, խոստովանիր, որ... ինչո՞ւ համար դու քարոզում ես քաղաքական ամուսնություն... ի՞նչ գործ ունի քեզ հետ Թաթուլյանի կինը... ի՞նչ գործ ունես դու օրիորդ Մանասյանի հետ... իսկ այն լիրբ Աննա Սիսակյանն ո՞վ է, որ ամենայն օր դուրս ու տուն է անում այստեղ... Ինչո՞ւ...
ԱԶԱՏ (Սաստիկ բարկացած ձեռքով խփում է սեղանին և տեղից վերկենալով). Եթե դու դարձյալ մի ձայն ես հանել, չգիտեմ ի՛նչ կանեմ... (Եղիսաբեթը հանկարծ լռում է և կարծես նոր ուշքի գալով, գլուխը խոնարհությամբ կախում է): Այս ի՞նչ է, այս ի՞նչ սկանդալ է... Երա՞զ ես տեսել, ի՞նչ է... Քո մինչև այժմ ցույց տված խոնարհությունդ, հեզությունդ ասեմ, թե այդ սանձարձակ լեզուդ... Այդ էլ նո՞ր ես սովորել, ի՛նչ է... Ես զարմանում եմ, ճշմարիտ... սաստիկ զարմանում եմ... ականջներիս չեմ ուզում հավատալ... տիկին Թաթուլյան, օրիորդ Մանասյան, Աննա Սիսակյան ասելով ի՞նչ ես ուզում դու ինձ հասկացնել։ Որ իբր ես դրանց հետ ներքին հարաբերությո՞ւն ունեմ... Հա՞... Եթե մի այդպիսի կասկած ունես, ինչո՞ւ ուղղակի չես ասում... Հա՜, Եղիսաբեթ, ես քեզանից ամեն բան կսպասեի, բայց այդ երբե՛ք, աստված է վկա երբեք... Մտքովս անգամ չէի անցկացնիլ, թե դու կարող ես ինձ վրա մինչ այդ աստիճան ստոր կարծիք ունենալ... Այս րոպեիս դու ինձ այնպես բարկացրիր, այնպե՛ս վիրավորեցիր, որ... չգիտեմ, ճշմարիտ, ինձ մեղադրեմ, որ, գուցե, մի ամենահիմար բանով քեզ մի այդպիսի կասկածանքի տեղիք եմ տվել, թե մեղադրեմ քեզ, որ դու այդ աստիճան երեխայամիտ ես և նախօրեն չես կշռադտտում, թե ի՛նչ ես ասում և ո՛ւմն ես ասում... Է՛հ... (Դուրս է գնում ձախ դռնից):
(Երկար ժամանակ մնում է անշարժ, հետո գլուխը բարձրացնում է և հոգոց հանելով): Ինչպես անշնորհք եմ եղել ես... Սկսեցի խոսել, բայց այն դուրս չեկավ, ինչ որ ուզում էի ասել... Նրան էի մեղադրում, այն ինչ մեղավորը ես դուրս եկա... Տե՛ր աստված, տե՛ր աստված, կարծես, խելքս գլխիս չէ... (Ուզում է դուրս գնալ աջ կողմը):
ԱՆՆԱ (Շտապով մտնում է). Բարև ձեզ։ Ո՞ւր է պարոն Ազատյանը։ Ա՞խ, ի՛նչ հիանալի, ինչ հրաշալի էր նրա այսօրվա հոդվածը, այնպես չէ՞... Դուք, իհարկե, կարդացել եք։
ԵՂԻՍ. Ոչ։
ԱՆՆԱ. Ո՞չ... Քաղաքական ամուսնության մասին գրած հոդվածը չե՞ք կարդացել... ձեր ամուսնու գրած հոդվա՞ծը... միթե կարելի է... ես կարծում էի, թե ամենից առաջ դուք կլինեք կարդացած, իսկ ասում եք ո՞չ...
ԵՂԻՍ. Ժամանակ չունեի կարդալու։
ԱՆՆԱ. Ա՜խ, շուտով կարդացեք, իսեր աստծո, և տեսեք, թե ի՛նչ հրաշալի, ի՛նչ աննման բան է... Մի կողմը թողած լեզուն, ոճը, որ կարծես մուզիկա լինի, դուք վերցրեք միայն նյութը, միտքը... քաղաքական ամուսնությո՜ւն, հասկանում եք, թե ի՛նչ է նշանակում այդ հայերիս համար... Պարոն Ազատյանն առաջին մարդն է հայերիս մեջ, որ ազատամտության բարերար դրոշակը ձեռքին դուրս է գալիս հրապարակ և քարոզում է մեզ քաղաքակրթություն, լուսավոր Եվրոպայի այդ ամենասքանչելի օրենքը... Ա՜խ, ո՞ւր է նա, ես ուզում եմ հայտնել նրան իմ անկեղծ, իմ ի սրտե շնորհակալությունը.. երևակայեցեք...
ԵՂԻՍ (Ձախ դուռը ցույց տալով). Այնտեղ է։ (Դուրս է գնում աջ դռնից):
Ի՞նչ անքաղաքավարություն, խոսքս կիսատ է թողնում և առանց ներողություն խնդրելու դուրս է գնում... Ա՜, հասկանում եմ... նա մի ուրիշ տեսակ էր... Երևի ամուսնու հետ մի որևիցե տարաձայնություն է ունեցել... բայց եթե այդ հիմարը գիտենար, թե ի՛նչպիսի գանձ է յուր ամուսինը... (Մասխարյանը մտնում է):
ԱՆՆԱ. Ա՜, պ. Մասխարյան... անպատճառ դուք ևս նույն նպատակով եք եկել...
ՄԱՍԽ. Ի՞նչ նպատակով։
ԱՆՆԱ. Որպեսզի պ. Ազատյանին հայտնեք ձեր շնորհակալությունն յուր այսօրվա սքանչելի հոդվածի համար։
ՄԱՍԽ. Այո՛, ես եկել եմ իմ ջերմաջերմ շնորհակալությունն հայտնելու պ. Ազատյանին... Մի՞թե դուք ևս նույն նպատակով եք եկել։
ԱՆՆԱ. Այո։ Երևակայեցեք՝ հոդվածը կարդալուն պես՝ առանց մի վայրկյան ուշանալու, վեր եմ կացել և իսկույն վազել եմ այստեղ... Այսքան ժամանակ նա զանազան խնդիրների մասին հոդվածներ է գրել, բայց այսօրվա հոդվա՜ծը...
ՄԱՍԽ. Օհ, այսօրվա հոդվածը այսքան տարվա գործունեության պսակն է կազմում. յուր այսօրվա հոդվածով նա մի այնպիսի առաջադեմ, մի այնպիսի համարձակ քայլ է դրել մեր կյանքի պրոգրեսի մեջ, որպիսին չէ արել և չի անիլ ո՛չ մի ռեֆորմատոր... (Ազատյանը մտնում է շորերը հագին):
ԱՆՆԱ. Ահա՛ և մեր ռեֆորմատորը։
ԱԶԱՏ. Բարև ձեզ։ Ի՞նչ կա։
ՄԱՍԽԱՐ. Ազատյան, ես եկել եմ հայտնելու ձեզ իմ ջերմաջերմ շնորհակալությունը ձեր այսօրվա... Ի՞նչ գեղեցիկ ածական ասեմ, որով վիրավորած չլինեմ ձեզ... մի խոսքով ձեր այսօրվա հոդվածի համար։ Փոքր ինչ առաջ օրիորդ Սիսակյանին էլ էի ասում, որ ձեր այսօրվա հոդվածը ձեր այսքան տարվա գործունեության պսակն է կազմում, այսօրվա հոդվածով դուք մի այնպիսի առաջադեմ, մի այնպիսի համարձակ քայլ եք դրել մեր կյանքի պրոգրեսի մեջ, որպիսին չի արել և չի անիլ ոչ մի ռեֆորմատոր... ձեր այսօրվա հոդվածով...
ԱՆՆԱ. Պ. Ազատյան, ես ևս եկել եմ հայտնելու ձեզ իմ անկեղծ, իմ ի սրտե շնորհակալությունը ձեր այսօրվա ամենամտածված, ամենախելոք, ամենաօգտավետ, ամենասքանչելի, ամենահրաշալի և ամենա... հոդվածի համար։ Փոքր ինչ առաջ ձեր կնոջն էլ էի ասում, դուք առաջին մարդն եք հայերիս մեջ, որ ազատամտության բարերար դրոշակը ձեռքներիդ՝ համարձակ դուրս եք գալիս հրապարակ և քարոզում եք մեզ քաղաքակրթության, լուսավոր Եվրոպայի ամենասքանչելի օրենքներից մեկը քաղաքական ամուսնությունը... Դուք առաջին մարդն եք...
ՄԱՍԽԱՐ. Այո՛, պ. Ազատյան, դուք առաջին մարդն եք, որ արհամարհելով ամեն տեսակ նախապաշարում և սնոտիապաշտությունք, ազատամտության բարերար ձեռքով կամենում եք խորտակել կրոնական բռնակալության շղթաները, որոնցով այսքան ժամանակ կաշկանդված էին հայերը...
ԱՆՆԱ. Եվ այդ պատճառով, պ. Ազատյան, ձեր անունը մեր ապագա պատմության մեջ ոսկե տառերով կդրոշմվի։
ԱԶԱՏ. Այս րոպեիս ես այնպես հուզված եմ, օրիորդ Սիսակյան և պարոն Մասխարյան, որ չգիտեմ, ճշմարիտ, ի՛նչպես հայտնեմ ձեզ իմ շնորհակալությունը ձեր այդքան գովասանքների համար, որոնց ես արժանի չեմ։ Ես կատարել եմ իմ պարտքս, իսկ թե ապագա սերունդներն և պատմությունը ինչպես կվարվեն անվանս հետ, այդ իրենք գիտեն։ Ես միշտ իմ սրտում պարտականությունս եմ համարել և կհամարեմ մինչև վերջին շունչս գործել լուսավոր գաղափարների անունով, պատերազմել խավարամտության դեմ, որի մեջ նեխում է մեր խեղճ ազգը և առաջ մղել այդ ազգը ցիվիլիզացիայի, քաղաքակրթության հոսանքը։ Գիտեմ, դառն է ճակատագիրս մի այնպիսի ծանր ասպարեզի մեջ և գուցե, մինչև անգամ շատ կարելի է, որ վերջ ի վերջո ես նահատակվեմ այդ ասպարեզի վրա մոլեռանդ խավարամիտներից, հետադեմներից, բայց ես չեմ հուսահատվում և չպետք է հուսահատվեմ, քանի որ իմ գործունեության դեվիզը ընդհանուր բարօրությունն է։