Մուրացան

Խոջիվանքում

Ա

Ամենից առաջ բարեհաճեցեք լսել մի փոքրիկ պատմություն, որ անմիջապես կապ ունի իմ «պատկերի» հետ:

Հինգ տարի սրանց առաջ էր. հենց միևնույն երեկվա օրը, այսինքն ս. աստվածածնա տոնին. արհեստավոր հայ երիտասարդների մի փոքրիկ խումբ Վերայի այգիներից մինում քեֆ էր անում: Թամադան դերձան Սերգոն էր, մի գեղեցիկ, առողջակազմ և զվարճախոս երիտասարդ: Պետք է գիտենալ, որ դերձիկ Սերգոն ինչ ընկերության մեջ ներկա գտնվեր, այնտեղ քեֆը կատարյալ կլիներ: Այդ պատճառով էլ նրան ամեն տեղ թամադա էին ընտրում:

Բացի հիշյալ բարեմասնությունները, Սերգոն հայտնի էր յուր սրտի բարությամբ և մինչև այն օրը, օրինակ, չէր պատահել, որ նա յուր ընկերներից մինին վիրավորեր, կամ նրանցից ինքը վերավորանք ստանար: Բոլոր տղերքը Սերգոյի արևով երդվում էին:

Բայց այդ օրը բանը շատ թարս պատահեց: Չգիտեմ ինչ դև մտավ խարազ Օհանի տղի գլուխը, որ նա կարևոր համարեց անպատճառ մի թամադայի օգնական էլ ընտրել: Նրա ընկերներից ոչ ոք այդ բանին չընդդիմացավ. վիճակ գցեցին և վիճակը ընկավ ոսկերչ Դարչոյի վրա: Սա էլ շատ լավ տղա էր, բայց դժբախտաբար միայն լուրջ ժամանակը. իսկ մի քանի բաժակ խմելուց ետ՝ չէր կարելի երաշխավորել թե հանգիս կարող է տեղը նստել:

Մի քանի ժամ քեֆը կանոնավոր շարունակվում էր. բավական թվով շշեր դատարկվեցավ. ներկա եղողների կենացները խմվեցավ. այժմ մնում է նոր-նոր կենացներ հնարել:

Կարծեմ բանը «համքյարի հաստատության» կենացի վրա էր, երբ թամադան հրամայեց օգնական Դարչոյին, իրար վրա երկու բաժակ գինի խմացնել խարազ Օհանի տղին իբր պատիժ, նրա մի ինչ որ անհնազանդության համար: Դարչոն թամադայի հրամանը կատարելու փոխարեն, սկսավ պաշտպանել Օհանի տղին, երևի շարժված երախտագիտական զգացմունքից, որովհետև վերջինս էր, որ իրեն օգնականի պաշտոն տալ տվավ: Թամադան երկրորդ և երրերդ անգամ հրամայեց, բայց Դարչոն միշտ ընդդիմացավ նրան:

Սերգոյի իշխանական պատվասիրությունը առաջին անգամն էր վիրավորվում. նա համբերությունից դուրս եկավ:

Քեզ հրամայում եմ, որ անպատճառ խմացնես, թե չէ, կվերկենամ և այդ երկու բաժակը քու գլխին կթափեմ:

Ես էլ քեզ ասացի, որ չեմ խմացնում, որովհետև դու անիրավ տեղն ես պատժում նրան:

Սերգոն զայրացավ և տեղից թռչելով վերցրեց երկու լիքը բաժակները, և առանց աջ ու ձախ նայելու, թափեց Դարչոյի վերա: Վերջինիս երեսն ու սպիտակ չթե արխալուղը կարմիր ներկվեցան: Է՜հ, ի՞նչ եք կարծում, Դարչոն կդիմանա՞ր: Նա էլ վերցրեց գինով լիքը շիշը և շրխկ - Սերգոյի ճակատին:

«Վա՜յ, մեռա...» գոչեց երիտասարդը և գլորվեց գետին:

Քո տունը չքանդվի, Դարչո, մեր հացը հարամ արիր, բացականչեցին ամեն կողմից տղերքը և թափվեցավ Սերգոյի վերա, որը ուշաթափվել էր: Երկար խեղճ երիտասարդները շփեցին նրան, ջուր սրսկեցին վրան և հազիվհազ մի կերպ սթափեցրին: Առաջին անգամ հենց որ Սերգոն աչքերը բացավ մի փորձ փորձեց յուր հակառակորդի վերա հարձակվելու բայց կրկին ուժասպառ գետին գլորվեցավ: Հարվածը խիստ զորեղ էր եղել:

Մեր տղորց քեֆը խանգարվեցավ. բոլորի սրտերն էլ կոտրվեց և սեղանը իսկույն հավաքեցին: Եվ որովհետև Սերգոյի դրությունը վտանգավոր էր երևում, շտապով դրին նրան կառքի մեջ և ուղղվեցան քաղաք: Միմյանցից բաժանվելու միջոցին Սերգոյի աչքն ընկավ Դարչոյի վերա, և նա ցած ձայնով մրմնջաց. «Լավ, Դարչո. եթե այսուհետև դու օր տեսնես, իմ հերը անիծիր», այս խոսքերից ետ նա շուռ տվավ գլուխը մյուս կողմը, որ այլևս յուր թշնամու երեսը չտեսնե:

Երկու ամիս շարունակ մեր թամադան պառկած մնաց, երբեմն վտանգավոր և երբեմն հուսալի դիրք առնելով: Բայց ի վերջո հեքիմ Կոստոն (լիս դառնան նրա հերն ու մերը), կատարելապես առողջացավ նրան:

Բ

Մի քանի օր էր, ինչ որ Սերգոն վեր էր կացել և գնում էր յուր գործին:

Մի մութ երեկո, Հավլաբարի կամուրջի վերա «թրխկ» մի մահակ տրաքեց մի երիտասարդի ճակատին: «Վա՜յ մեռա…», ճչաց երիտասարդը և ընկավ գետին: Հարված տվողը Սերգոն էր, որ իսկույն փախավ, հարված ստացողը Դարչոն էր, որին ոստիկանությունը կառքի մեջ դնելով տարավ յու տունը:

Անցավ էլի մի փոքր միջոց: Դարձյալ գիշեր էր: Բերդի զառիիվայրի վրա մի զորեղ աքացի երեսի վերա փռեց Դարչոյին:

Աքացի տվողը դարձյալ Սերգոն էր, որ սատանայի նման չքացավ:

Մի գեղեցիկ առավոտ (օրը կյուրակե էր), Դարչոն մի մեծ թաշկինակ ձեռքը, մեջը զանազան պաշարեղեներով լիքը վերադառնում էր տուն: Դեռ իրենց մուտքին չհասած, մի ահագին քար թռավ հարևան տան կտուրի վրայից և իջավ ուղիղ խեղճ երիտասարդի ուսի վերա: Թաշկինակը ընկավ նրա ձեռքից, և մեջը եղածները ցրվեցան գետին. իսկ ինքը՝ Դարչոն աղիողորմ կսկիծով ներս ընկավ տուն: Այս անգթությունն էլ Սերգոյի գործն էր:

Խեղճ Դարչոն ոչինչ հնար չէր գտնում յուր ոխերիմ հակառակորդի վրեժխնդրությունից ազավելու համար, որովհետև վերջինս այնքան ճարպկությամբ էր անում յուր հարձակումները, որ Դարչոն ոստիկանության կամ դատարանի առաջ հանելու համար ոչինչ ապաացույց կամ փաստ չէր կարողանում ձեռք բերել: Ի՞նչ պետք էր անել: Մնում էր, որ յուր մայրիկը անձամբ գնար հակառակորդի տունը և շնորհ խնդրեր նրանից:

Սաբեթ ջան, թե հոգիդ կսիրես, մի ասա քո անդնջում Սերգոյին թե՝ ախր ի՞նչ է հոգեկան դառել իմ խեղճ երեխայի համար: Այդպես բան չի լինիլ. քեֆի ժամանակ ամեն ինչ կպատահի. ինքը իմ տղին է վիրավորել, նա էլ հարբած, ուր յուր արածը չիմանալով նրան է խփել: Փառք աստծու, Սերգոն խո տակը չմնաց: Մեկի տեղ երեք է հասցրել, ավել էլ ի՞նչ է ուզում, մի՞թե բավական չէ: Հենց աստվածդ կսիրես, Սաբեթ ջան, աղաչում եմ քեզ, այնպես արա, որ տղադ ձեռք վերառնի իմ եթիմից. մենք էլ խեղճ ենք, աչքումս մազ է բուսել, որ նրան էն բոյին եմ հասցրել. հիմա էլ մի մայր ու աղջիկ նրա աչքին ենք մտիկ տալիս, եթե նրան չէ խղճում, գոնե ինձ ու նրա քրոջը խղճա…

Այսպես պաղատում էր Դարչոյի մայր Քեթևանը Սաբեթին և խնդրում էր նրան բարեխոսությունը յուր որդու համար: Բայց Սաբեթի մեղադրական ճառին Սերգոն անտարբերությամբ պատասխանեց.

Դեդա, ինչե՞ր ես խոսում. ո՞վ է Դարչոյին խփել, ես նրա հետ չեմ էլ խոսում. ես ինչ բան ունիմ նրա հետ. գուցե ուրիշ մարդիկ են խփել, ես ի՞նչ մեղավոր եմ… այս վայրիվերո խոսքերով դուրս գնաց նա մոր մոտից և էլի շարունակեց յուր վրիժառու պարապմունքը:

Դարչոն այժմ դիմեց ոստիկանության և նրա պաշտպանությունը խնդրեց: Ոստիկանական պաշտոնյան կանչեց Սերգոյին և որովհետև նրան մեղադրելու համար փաստեր չուներ ձեռքին, ուստի բավականացավ լոկ սպառնալիքներ տալով նրան, որ եթե մյուս անգամ կհամարձակվի կրկնել յուր բարբարոսական վարմունքը, նա անշուշտ կարգելվի բանտում և կամ կքաշվի հայրենիքից դուրս: Բայց ոստիկանության այս սպառնալիքներն էլ ոչինչ ազդեցություն չարին Սերգոյի վերա. նա միշտ մնաց նույնը:

Վերջապես Քեթևանը դիմեց իրենց ծխական քահանա տեր-Մինասին և լալով խնդրեց նրան մի ճար անել և հաշտություն կայացնել Սերգոյի և Դարչոյի մեջ:

Բայց տեր-Մինասի երկար ու բարակ քաոզները ոչ միայն ետ չկանգնեցրին ստահակ երիտասարդին, այլ ավելի ևս կատաղեցրին նրան: Հետևյալ գիշերը անհայտ չարագործներ կոտորեցին Դարչոյի խանութը, նրա արծաթեղեն ու ոսկեղեն իրեղենները գողանալու դիտավորությամբ:

Այս բանի մեջ էլ Սերգոյի ձեռքը խառն էր. և այն, իհարկե, ոչ թե մի շահադիտական, այլ լոկ վրեժխնդրության նպատակով:

Բարեբախտաբար ոստիկանությունը վերա հասավ և թեպետ գողերին բռնելու ձեռնահաս չեղավ, բայց Դարչոյի աղքատիկ հարստությունը հափշտակությունից ազատեց:

Այս անհաջողությունը ստիպեց Սերգոյին այժմ էլ ուրիշ նոր չարություներ նյութելու Դարչոյի դեմ: Վերջինս էլ հանգիստ չուներ յուր տմարդ թշնամու ձեռքից: Նա ամեն տեղ և դողալով սպասում էր նրա հարձակմանը կամ մի նոր դժբախտություն՝ նրա կողմից: Մի որևէ խնջույքում, կամ հացկերության վերա անգամ մի ժամ ուրախ լինել չէր կարողանում. ամեն մի անգամ Սերգոյին հիշելով նա կորցնում էր յուր ուրախությունը և զվարթությունը: Սերգոն դարձել էր նրա սատանան: Սաստիկ երկյուղը և մտատանջությունը նրան այնքան մաշել և նիհարեցրել էին, որ մայրն ու քույրն շատ անգամ նրան տեսնելով տխրում և լաց էին լինում:

Մի օր, վերջապես, Դարչոն մտածեց դիմել յուր Սերգոյի համփսոնների միջնորդության, խոստանալով մինչև անգամ դրամական վարձատրություն, եթե այդ Սերգոն կպահանջեր:

Բայց համփսոնների թախանձանաց առաջ էլ նա անդրդվելի մնաց: Միայն, իհարկե, նրանց առաջ նա չուրացավ յուր գործածաները:

Դարչոն ինձ ա՛յն վիրավորանքն է հասցրել, ասում էր նա, որ քանի կենդանի եմ, նրան հալածելուց չի պիտի դադարեմ. և եթե հարկ լինի այդ բանի համար աքսոր անգամ գնալ, այսուամենայնիվ ես իմ վճռից չեմ դառնալ և երբեք նրա հետ չեմ հաշտվիլ:

Եվ իրոք երկար ժամանակ նա հաստատ մնաց յուր անգութ վճռի մեջ:

Ընթերցողը մի դժվարալուծ հանելուկի նման հակասություն կնշմարե իմ պատմածների մեջ: Ես առաջ ասացի, որ Սերգոն հայտնի էր յուր սրտի բարությամբ, որ նա յուր կյանքում յուր ընկերներից ոչ ոքին վիրավորված չէր և այլն, և այլն. բայց այսօր ի՞նչ է պատճառը, որ մի ամենաչնչին դեպք նրա սրտի մեջ այնպիսի մի դժոխք է վառել, որին հանգցնել չեն կարողանում ոչ յուր ծնողը, ոչ ոստիկանությունը, ոչ խոստովանահայր քահանան և ոչ յուր սրտին և հոգվույն սիրելի համփսոնները:

Պատճառը հենց նա է, որ մարդկային սրտի և զգացմունքների հետ ըստ հաճոյից խաղալ անհնարին է. նրանց չէ կարելի հրամայել, որ ատեն: Սիրտը ինքն է ընտրում յուր պաշտելին և ինքն է կործանում նրան:

Շատ անգամ ամենաչնչին համարված դեպքերը նրա փոքրիկ թագավորության մեջ այնպիսի հեղափոխություն են հարուցանում, որ ծանոթ մարդիկը և բարեկամները իրենց կողմնացույցը կորցնում են հին բարեկամին ճանաչելու համար: Երբեք անբնական չէ, որ բնության ամենակատարյալ հրաշակերտը մարդկային սիրտը, նույնիսկ մարդկության համար շատ մի անբացատրելի գաղտնիքներ է պարունակում յուր մեջ. ահա՛ հենց այդ գաղտնիքներից մինն էր, որ Սերգոյի սիրտը չարության գործարան էր դարձել, և յուր ծանոթներին շվարացրել. և դուք կտեսնեք որ, մի օր էլ այդ գատնիքներից մինը, մի նոր և հաճոյական կերպարանափոխություն կստեղծե նրա մեջ:

Գ

Երեկ, այսինքն 1884 թվի օգոստոսի 12-ին, հինգ տարին լրացավ ա՛յն դժբախտ դեպքի, որ տեղի ունեցավ Վերայի այգիներից մինում։ Այս հինգ տարվա ընթացքում ս. Աստվածածնա տոնին Սերգոն և ոչ մի տեղ քեֆի չէր գնում, չնայելով որ յուր համփսոնները միշտ հրավիրում էին նրան։ Հիշյալ անցքը այնպես վատ էր ներգործել նրա վերա, որ յուրաքանչյուր տարի ս. Աստվածածնի օրը մի առանձին նախապաշարմունքով տանից դուրս չէր գալիս, նմանօրինակ դժբախտության չպատահելու համար։

Բայց երեկ յուր հարևան մի երիտասարդի թախանձանաց զիջանելով, նրա հետ միասին գնաց Խոջիվանքի գերեզմանատունը և չզղջաց։ Այդտեղ, ինչպես գիտեք, կա ս. Աստվածածնա անվամբ շինված մի հին եկեղեցի, ուր Աստվածածնա տոնին հավաքվում է ուխտավորների մեծ բազմություն, քաղաքի ամեն կողմերից։ Այսօր էլ անցյալ տարիներից պակաս չէր այդտեղ ուխտավորների թիվը։ Եկեղեցու բակը մի նորանշան կենդանություն էր ստացել։ Մի քանի տեղ կրակներ էին վառած և մատաղներ կամ կերակուրներ էին եփում։ Մի քանի տեղ էլ փոքրիկ վրաններ էին խփած, որոնցից մինի մեջ կանայք, աղջկերք և երեխաներ նստոտած ճաշում էին, մյուսի մեջ ընկեր, հարևան հավաքված զրույց էին անում, և մի երրորդի մեջ չգիտես ո՞ր խմբի համար զանազան պատրաստություններ էին տեսնում։ Մի ուրիշ տեղ մի քանի աշուղներ նստած ջոշ էին եկել, երգում էին, չունգուր էին ածում և հիացնում էին իրենց շրջապատող մշեցիներին և մշեցուհիներին։ Իսկ մի երկու տեղ էլ երիտասարդներից, երիտասարդուհիներից և հասակավոր կանանցից և երեխաներից շրջան կազմած դահիրա էին խփում, հարմոն էին ածում և հերթով լեզգինկա էին պարում։ Վերջապես եկեղեցու դռանն էլ նստած էր երիտասարդ-բարեպաշտ Մազմանյանը և եկեղեցվո համար նվերներ էր հավաքում խիստ եռանդով հորդորներ տալով առատաձեռն ուխտավորներին և հանդիմանելով ժլատներին։

Սերգոն սկսավ պարող խմբերի չորս կողմը շուռ գալ

24 Մուրացան, հատոր I և մի տեղի բոլոր պարողները և դահիրա ու հարմոն ածող հարսներն ու աղջիկները տնտղելուց ետ, մյուս տեղն էր փոխվում։

Եկեղեցու հարավային կողմը խփած մի վրանի առաջ բազմությունը խիստ շատ էր և պարողների ու դահիրա խփողների եռանդը զգալի կերպով գերազանցում էր մյուս խմբերին։ Սերգոն դիմեց այդ կողմը։ Հենց ա՛յն միջոցին, որ նա յուր վիզը երկարացրավ խմբի պարողները դիտելու, դահիրան խփում էր մի բարձրահասակ, գեղեցկակազմ և նուրբ ու գրավիչ դեմքով աղջիկ։ Նա թեպետ հարուստ տանից չէր երևում, բայց հագնված էր բավական ճաշակով։ Նրա ամբողջ շարժվածքը ազնվական և հրապուրիչ էր. դեմքի ժպիտը քաղցրը և կախարդող. Յուր փափուկ մատները ա՛յնպես ճարպկությամբ էին թրթռում դահիրայի վրա, որ ամբողջ խմբակի աչքերը ավելի նրա ձեռների վերա էին հառած, քան թե պարողների։ Երկար նա խաղաց դահիրան և մի քանի պարողներ հետզհետե հաջորդեցին միմյանց։

Հիմա հերթը Նինուցինն է. էլ պարող չլինի, ձայնը բարձրացրեց խմբակի մեջ մի հաստ ուսերով և բարձրահասակ տիկին, որը, ինչպես երևում էր, խմբակի պարապետուհին էր։ Նա ձեռքը դեպի խառնված կանանց կողմը ձգելով, բռնեց մի խիստ շքեղ հագնված, բայց ո՛չ այնքան գեղեցիկ տիկնոջ ձեռքից և սկսավ զոռով ներս քաշել նրան։

Չեմ կարող, աստված վկա, չեմ կարող, ընդդիմանում էր շքեղ հագնված տիկինը։

Չի լինիլ, քո արևը գիտենա, չի լինիլ, պիտիս պար գա, պնդում էր նրան պարապնտուհին։

Վա՛, քեզ ասում եմ չեմ կարող, ես պարել չգիտեմ։

Է՜, լավ. նազ մի անիլ, թե աստվածդ կսիրես. եթե կուզես կասեմ, որ հարմոնն էլ քու խաթրին մեր Մաշոն ածի. դու խո գիտես նա ինչպես լավ է ածում:

Մաշոն մեզ ծանոթ գեղեցիկ դեմքով և գեղեցիկ դահիրա խփող աղջիկն էր։ Պարապետուհին նրան նշան արավ և Մաշոն դահիրան տվավ յուր կողքին կանգնած մի ուրիշ աղջկան և ինքը սկսավ հարմոնը։ Անշունչ գործիքը կարծես իսկույն նոր հոգի և կենդանություն ստացավ Մաշոյի ձեոքում։ Մինչև այժմ հանդիսատեսներին դահիրան էր գրավում, այժմ էլ բոլորի աչքերը շուռ եկան հարմոնի վրա: Նրա սպիտակ ըստեղուքները այնպես արագ և փափուկ ոստոստում էին գեղեցիկ աղջկա ճարտար մատների տակ, որ լեզգինկան՝ պար չիմացող անդամների մեջ էլ գրգիռ էր զաթեցնում:

Մաշոյի հարմոն ածելը վերջապես ամոքեց համառ Նինուցիի սիրտը և նա բարեհաճեց պարել «միմիայն Մաշոյի խաթեր համար»:

Բայց շատ քրքրվող տիկնոջ պարն էլ իսկի մի զատ չէր հադիսատեսներից ոչ ոքին նա ոչինչ գոհություն չպատճառեց յուր պարով, բացի պարապետուհուց, որ խիստ ամուր ծափահարում էր նրան՝ անընդհատ «տաք-տաշի տաշ-տաշի» բացականչելով, իսկ պարապետուհվոյն իրեն ձայնակցում էին մի քանի հին պառավներ, որոնք նույնպես իմանում էին, որ Նինուցին խիստ հարուստ և բախտավոր տան հարսն է: Վերջապես նա էլ դուրս գնաց և ասպարեզը մնաց ազատ:

Պարապետուհին ձեռքերն այս ու այն կողմ է ձգում, սրան էր քաշում, նրան էր քաշում, բայց ոչ ոք հանձն չէր առնում պարել, որովհետև մնացել էին միայն հարսներն ու աղջիկերքը, որոնք ի ներքուստ թեպետ մեռնում են պարելու համար, բայց արտհաքուստ սուտ համեստությունից ստիպված, այնպես են կեղծում, որ իբր թե չեն կամենում պարել: Դրա պատճառն այն է, որ շատերն խնդրեն որ գրեթե զոռով ներս գցեն իրանց, որ հետո ասեն թե՝ «ես սկի չէի ուզում, համա խիստ զոռեցին»: Բայց խիստ շատ է վրդովվում այդպիսին, երբ տեսնում է, թև մինչև յուր բանը շինելը՝ հանկարծ մի անկյունից դեդաներից մինը գդելով ներս ձգեց յուր տգեղ դեմքով ու կոպիտ հագուստով աղջկանը: Վայ ինձ. այդպիսի դեպքերում ես բնավ չեմ ծափահարում. և եթե դահիրան իմ ձեռքումը լինել, կամ վայր կընկներ և կամ լեզգինկայի փոխարեն ես կսկսեյի «երի, երի, չոբան երի» ածիլ, որով միայն արջերնու կապիկներն են պարում: Ուրիշ պար է իհարկե, Երբ ասպարեզ է մտնում ամբողջ խմբի սիրելին, այդ ժամանակ ծափահարությունն էլ սրտաբուխ է, հիացմունքն էլ։

Վերջապես պարողների այս ընդհանուր ճգնաժամի միջոցին, չգիտեմ, ո՞ր աստծու օրհնածն էր, հանկարծ ձայն տվավ. «Հիմի էլ հերթը Մաշոյինն է»: Այդ ձայնը կարծես էլեկտրական ազդեցություն արավ ամբողջ շրջապատի վերա: Բոլորն էլ միաբերան գոՉեցին. «Մա՛շոն, Մա՛շոն»: Իսկ մեր ծանոթ Սերգոն, որ մինչև այն հափշտակվել և ընդարմացել էր գեղեցիկ աղջկա դաշնահարությամբ, քնից զարթածի նման այնպես բարձր «Մաշո» կանչեց, որ բոլորն էլ երեսները դեպի իրեն դարձրին, իսկ հեգնասեր աղջիկներից մի քանիսը մինչև անգամ ծիծաղեցին նրա վերա: Երիտասարդը իսկույն կարմրեց և գլուխը թաքցրավ ընկերոջ ետքում: Բայց պետք է խոստովանել, որ միայն նրա ձայնն էր, որ կարողացավ ազդել պարապետուհու վերա, թե չէ անպիտան պառավը էլի կպել էր մի ինչ-որ փոդրաթչի Ծղալոբի մեծ քթավոր կնկա օձիքից և նրան էր ուզում ներս քաշել՝ ի ցավ և ի վիշտ շրջապատող երիտասարդների։

Այսքան ձայների և աչքերի առաջ՝ անկարելի էր, որ Մաշոն անտարբեր մնար․ իսկույն մի վարդագույն կարմրություն պատեց նրա երեսը, և նա աշխատեց ծածկվիլ վրանի ետքում․ բայց պարապետուհին վրա հասավ։ - «Մի՛ փախչիր, պտիս պարի»,- ասաց նա և ձեռքիցը բռնելով քաշեց դեպի իրեն։

Դահիրան ու հարմոնը ձեռք առին երկու ուրիշ աղջիկներ, որոնք նույնպես վարպետ դաշնահարներ էին և խիստ տակտով սկսան «լեզգինկան»: Գեղեցիկ Մաշոն ասպարեզ իջավ, ուրախության ձայները և ծափահարությունները օդը թնդացրին: Հանդիսատեսների խումբը հետզհետե սկսավ ստվարանալ, իսկ ուրիշ կողմերում պարերը դադարեցին: Մաշոն սկսավ պարել. բայց ի՞նչպես էր պարում. իհարկե դժվար է նկարագրել. արժեր, որ իմ ընթերցողները անձաբ ներկա լինեին այնտեղ: Նրա քնքշիկ ոստյունները, մերթ հապճեպ և մերթ ծանր շրջադարձը, նրա թրթռուն պտույտները և վերջապես գողտրիկ ձեռների շարժումները այնքան ճարտար, այնքան հաշված և գրավիչ էին, որ անկարելի էր չհիանալ նրանով։ Ամբողջ քառորդ ժամ նա պարեց, բայց երբ վերջի պտույտը ավարտելով կամեցավ շրջապատից դուրս գա, իրմով կախարդված և սիրահարված խմբակը ոչ մի տեղից ճանապարհ չտալով ընդհանուր աղաղակներով ու ծափահարությամբ ստիպեց նրան կրկին պարել։ Մաշոն ընդդիմանալ չկարողացավ և սկսավ նորից յուր պարը, բայց խեղճը չափից դուրս վաստակած լինելով, շատ փոքր ժամանակ կարողացավ հաճույք պատճառել յուր խմբակին, և մի քանի պտույտներից ետ շառագունած և քրտնաթոր թողեց ասպարեզը։

Դաշնահարությունը իսկույն դադարեց, որովհետև նրանից հետո էլ ո՞վ կհանդգներ պարել, կամ ո՞վ մտիկ կտար այդ պարողին։

Ալեքսի, քո տունը չքանդվի. սա ո՞ւմ աղջիկն է. սա ինսա՞ն է, թե հրեշտակ, հիացմամբ հարցրավ Սերգոն յուր հարևան երիտասարդից, երբ պարողների խումբը ցրվեցավ։

Չգիտեմ, Սերգո, ես էլ քեզ էի ուզում հարցնել։

Է՜հ, ի՞նչ դառաւվ... դժգոհությամբ պատասխանեց Սերգոն և անցավ ուրիշ կողմ, որ գուցե կարողանար մի ուրիշ ծանոթից իմանալ այդ բանը։


Դժբախտաբար այնպիսի բազմաճանաչ ծանոթներ էլ չկային և եղածներն էլ, մի որոշ բան ասել չկարողացան նրան։ Իսկ կանանց մոտենալ և հարցնել Սերգոն ամաչում էր, մանավանդ, երբ նկատել էր, որ մի քանի աղջիկներ յուր վերա մատնացույց անելով` «ա՛յ, սա էր Մաշո կանչողը» ասելով, կրկին ծիծաղել էին։

Այսուամենայնիվ երիտասարդը եկեղեցու բակից շուտով չհեռացավ, և անընդհատ պտույտներ անելով աշխատում էր որքան կարելի է շատ անգամ տեսնել գեղեցիկ Մաշոյին։

Վերջինս էլ կարծեմ նկատել էր այդ բանը, և թեպետ յուր սիրուն հայացքներին շատ չէր արժանացնում Սերգոյին, այսուամենայնիվ պատահած ժամանակ, եթե մի անգամ աչքի տակովը նայում էր նրան խեղճ երիտասարդը, հարյուր անգամ գնում էր էն կյանքը ու մեկ էլ ետ գալիս։

Իսկի չծիծաղես մեր Սերգոյի վերա, սիրելի ընթերցող։ Սա կյանքի մեջ հաճախ պատահող ա՛յն երևույթներից մինն Է, որ միանգամից վճռում է մարդու բախտը դեպի երջանկություն կամ դեպի կործանումն, և սրան անվանում են սիրահարություն: Եթե երբևիցե սիրահարվել ես, դու անշուշտ կկարեկցես խեղճ Սերգոյին, որովհետև իսկույն կնկատես, որ նրա մեջ էլ արդեն սկզբնավորվում է այդ քաղցր հիվանդությունը. բայց եթե մինչև այսօր այդ ցավի համը առած չես, կուզենայի (ներիր անկեղծությանս) է որ դու առանց ղալմաղալի դուրս գայիր իմ ընթերցողների շարքից, ես կամենում եմ, որ ավելի զգայուն մարդիկ լսեն իմ պատմությունը։

Արեգակը վաղուց մայր էր մտել, մութը հետզհետե կոխում էր, և ուխտավորներից շատերը պատրաստվում էին հեռանալ դեպի իրենց տները։ Սերգոյի տնից ոչ ոք այստեղ չլինելով, յուր համար էլ անհարմար էր երկար դեգերել այս ու այն ընտանիքի շուրջը. ուստի երբ տեսավ, որ Մաշոն էլ պատրաստվում է մի ինչ որ ընտանիքի հետ դուրս գնալու, ինքն էլ ուղղեց յուր քայլերը դեպի տուն։

Դ

Դեդի ջան, ո՞վ էր ա՛յն սիրուն աղջիկը, որ այնպես լավ պարում ու դահիրա էր խփում, հարցրավ Սերգոն մորը, տուն մտնելով։

Ի՞նչ աղջիկ, ո՞րտեղ։

Վա, չտեսա՞ր, Խոջիվանքում...

Որդի, ինչե՞ր ես հարցնում, հնա՞րքով ես ընկել, ի՞նչ է, ե՞րբ եմ Խոջիվանքում եղել:

Սերգոն նոր մտաբերեց, որ, իրավ, յուր դեդին այսօր այնտեղ չէր։

Ա՜խ, գլուխս բոլորովին կորցրել եմ, ինքն իրենից տրտնջաց նա և ապա դառնալով մորը, շարունակեց, դեդի, այսօր Խոջիվանքում մի աղջիկ տեսա, մի աղջիկ, որ ասես թե աստղերիցն էր ներքև իջել. տե՛ր աստված, այնպես էլ բան կլինե՞ր, օ՜, հո՜, հո՜, մի սիրուն էր, մի դահիրա էր խփում, մի հարմոն էր ածում, մի պարոն էր, որ ինձ իստակ գժվեցրեց էլի... ախ, դեդի, բաս դու նրանց չե՞ս ճանաչում:

Որդի, որ չեմ տեսել ի՞նչպես կարող եմ ճանաչել:

Ա՛խ, էլի ասում է չեմ տեսել. բաս մեր Հավլաբարումը չես իմանում, թե ով է ամենից սիրունը, նա կլինի էլհ:

Վա, սիրուն աղջկեք շատ, ես ինչպես իմանում, թե որն է քո ասածը:

Հա՛, մոռացել էի. անունն էլ Մաշո է:

Որդին, Մաշո անունով մեր Հավլաբարում քի՞չ աղջկերք կան. ա՛յ, ղազազ Արութինի աղջկա անունն էլ Մաշո է. հալաբ Սաքոյի աղջկա անունն էլ Մաշո է, մեր Փեփելի քրոջ աղջկա անունն էլ Մաշո է... Հա՛, քիչ էր մնացել, որ մոռանայի զառափ Կակուլու քրոջ անունն էլ Մաշո է, էլ ո՞ր մեկն ասեմ...

Հենց այս վերջի խոսքերի վերա էր Սաբեթը, երբ խարազ Օհանի տղան ներս մտավ:

Օ՜, այս ի՞նչ լավ եղավ, որ դու եկար, Սանդրո ջան, ուրախությամբ բացականչեց Սերգոն, ախր դու այսօր մի ժամանակ աչքովս ընկար Խոջիվանքում, դո՞ւն էլ այնտեղ էիր, այնպես չէ՞:

Բա՛ս, ես էլ այնտեղ էի, մատաղ էլ ունեինք: ի՞նչ է, դո՞ւն էլ կայիր:

Հապա՛:

Ի՞նչ է ասում. տո հեր օրհնած, մի կմոտենայիր է՜, ո՞նց պատահեց, որ ես քեզ չտեսի:

Լավ, Սանդրո ջան, այդ թողի՛ր, առաջ մի ինձ ասա՛, թե ո՞ր էր այն լավ դահիրա խփող ու պարող սիրուն աղջիկը:

Ո՞րը, Մաշո՞ն:

Հա՛, հա՛, Մաշոն, ես նրան հոգուն մեռնեմ. յարաբ նա ի՞նչ աղջիկ էր:

Տո, քո թշնամու քույրն է, չ՞ես ճանաչում:

Ի՞նչպես թե իմ թշնամու.Դարչոյի՞...

Բա՛ս: Թե ախպեր ես, սիրտս մի՛ տրաքացնիլ, ղո՞րթ նրա քույրն է։

Վա, քո արևը, նա է, սո՞ւտ եմ ասում։ Ամա, հախ աստծու, ոսկի աղջիկ է, ոսկի։

Այս հայտնությունը կարծես թե Սերգոյի գլխին կայծակ իջեցրավ, նա շփոթվեցավ և ընկավ մտատանջության մեջ:

Ա՛յ, դեդի, եթե Սերգոն այսպես թշնամություններ չաներ Դարչոյի հետ, Մաշոն նրա համար կուզեինք, դարձավ Սանդրոն Սաբաթին, նա մի անգին աղջիկ է, ու լավ էլ իրար սազ կգային:

Ի՞նչ անեմ, որդի, Սերգոն իրեն էլ խայտառակեց, ինձ էլ, բաս ես չէի՞ ուզիլ, տխրությամբ հարեց Սաբեթը:

Բայց Սերգոն այդ ժամանակ խորասուզվել էր մտածմունքների անհատակ ծովի տակ:

Հա՛, ի՞նչ պատահեց քեզ. բաններդ մոշլա էլա՞ն, կատակով ընդհատեղ նրան Սանդրոն:

Վա՛յ իմ մեղքը. ես իմ ձեռքով իմ տունը քանդել եմ, էլ ի՞նչ հույս կարող եմ ունենալ … ինքն իրրեն խոսում էր Սերգոն և գլուխը շարժում:

Ի՞նչ պատահեց քոզ, ո՛րդի, ինչի՞ վերա ես ինքդդ քեզ հետ խոսում, հարցրավ Սաբաթը անհանգստությամբ: Սերգոն ոչինչ չպատասխանեց և շարունակում էր ինքն իրեն մռթմռթալ: Բայց մի քանի վայրկյանից հետո հանկարծ տեղիցը վեր թռավ և բացականչեց.

 Դե՛դի, ես գնում եմ Դարչոյենց տուն...

Ինչո՞ւ համար, որդի, ի՞նչ պատահեց:

Ոչինչ. գնում եմ, որ չոքեմ Դարչոյի առաջ, նրա ոտքերը համբուրեմ, մեղա գամ իմ գործած անիրավությունների համար և հաշտվիմ նրա հետ...

Բայց այսպես անժամանա՞կ...

Վնաս չունի, եթե նրանք ինձ դուրս կանեն, էլի ետ կգամ, ասաց նա և շտապով գդակը վերցնելով դուրս գնաց:

Սանդրոն ու Սամբեթը մնացին շվարած:

Ե

Դարչոն յուր մոր և քրոջ հետ նստած դեռ թեյ էր խմում, երբ հանկարծ Սերգոն ներս մտավ: Սարսափը տիրեց ամբողջ ընտանիքն. Դարչոն ու Մաշոն անգիտակցաբար տեղերներից վեր թռան և պաշտպանողական դիրք բռնեցին. Քեթևանը մինչև անգամ մի թեթև ճիչ արձակեց: Բայց Սերգոն թույլ չտվավ, որ նրանց երկյուղը շարունակվի. նա մի քանի քայլ առաջանալով հանկարծ չոքեց Դարչոյի առաջ և անկեղծ սրտից բխած աղաչավոր ձայնով ասաց. «Դա՛րչո, քո հոգուն մեռնեմ. եկա որ մեղա գամ քեզ մոտ, և իմ գործած անիրավությունների համար թողություն խնդրում քեզանից: Ես մեղավոր եմ քո առաջ. ես այդ խոստովանում եմ. բայց դու ազնիվ տղա ես. ինձ պետք է ներս և պետք է հաշտվես ինձ հետ, թե կուզես ոտքդ էլ կհամբուրեմ...»: Այս ասելով նա մինչև անգամ խոնարհեց, որ Դարչոյի ոտքը համբուրե: Դարչոն զարմացած ետ քաշվեց. նա այդ բոլորից ոչինչ չէր հասկանում, նա չէր հավատում յուր աչքերին:

Դարչո ջան, զարմանում ես հա՛, կրկին խոսեց Սերգոն, իրավունք ունիս, ե՛ղբայր, իրավունք ունիս ինձ չհավատալու: Աստծուց թաքուն չէ, քազանից ի՞նչ թաքցնեմ ես քեզ հետ մինչև այժմ արյան թշնամի էի, և կամենում էի քեզ ոչնչացնել. այս դու ինքդ էլ գիտես. բայց այսօր մի բան պատահեց, որ ինձ սաստիկ զղջալ տվավ իմ բոլոր արածների վերա. ես այժմ ինձ չեմ ներում, բայց աղաչում եմ քեզ դու ների՛ր և հաշտվի ինձ հետ…

Դարչոն մոտեցավ յուր նախկին ընկերոջը և նրա ձեռքից բռնելով.

Վեր կա՛ց, Սերգո, մենք կանգնած է՛լ միմյանց կարող ենք լսել, ասաց նա և երբ վերջինս ոտքի ելավ, շարունակեց. Ճշմարիտն ասա, Սերգո, սրտով կամենում ես հաշտվե՞լ ինձ հետ, թե՞ էլի մի չարություն ունիս մտքումդ:

Դարչո ջան, ես ոչնչով չեմ երդվում, բայց հավատացիր, որ անկեղծ սրտով կամենում եմ հաշտվել քեզ հետ. իմ խիղճը տանջում է ինձ, ես կամենում եմ ազատվել այդ տանջանքից…

Լավ, ես հավատում եմ և հաշտվում եմ քեզ հետ. ես քեզ ներում եմ, ես մոռանում եմ քո գործածները, դու ոչինչ թշնամություն չես արել ինձ… Այս ասելով նա ձեռը մեկնեց Սերգոյին և երկուսը միասին իրար գրկելով համբուրվեցան, երկուսի աչքերն էլ ուրախությունից լցվեցան արտասուքով։

Քեթևանը նույնպես մոտեցավ նրանց, ուրախությամբ գրկեց երկուսին էլ, ճակատները համբուրեց, և ապա դառնալով Սերգոյին ասաց.

Սերգո ջան, էլի մի բան ինձ համար մութ է։ Մինչև այսօր ինչ միջոցներ որ գործ դրինք, մենք քո սիրտը շահել չկարողացանք։ Մի ինձ ասա տեսնեմ, թե այժմ ի՞նչ պատահեց քեզ, որ հանկարծ այդպես փոխվեցար։

Սերգոն սկսավ մանրամասնաբար պատմել նրանց այն ամենը, ինչ որ այն օրը ինքը տեսել և զգացել էր։ Նա պատմեց ամեն ինչ անկեղծությամբ և առանց քաշվելու. Նա հայտնեց և այն, թե քանի՜ քանի՜ անգամ ինքն իրեն անիծել էր, որ Մաշոյի նման աղջկա եղբոր հետ նա այն աստիճան տմարդությամբ էր վարվել, ուստի և մինչև այն րոպեն յուր խիղճը անգթաբար տանջում է իրեն։

Այստեղ մայր և որդի հասկացան, որ երբեմն իրենց փափագած այդ թանկագին հաշտությունը շնորհել են նրանց միմիայն Մաշոյի գեղեցկությունը և շնորհքը…

Մի ստահակ սիրտ, որ երբեմն չէր ընկճվում ո'չ մայրական արտասուքների, ո'չ արդարադատության, ո՛չ քահանայի և ոչ անձնվեր մտերմության առաջ, այսօր նա ծունր է դնում գեղեցկության ոտքերի մոտ…

Եվ մի՞թե բնությունը անարդարությամբ է վարվում այստեղ. բնավ։ Եթե գեղեցկության համար սահման որոշենք միմիայն մարդկային դեմքը, մենք նրանից խլած կլինենք յուր մեծ զորությունը,. բայց եթե գեղեցկությունը արտափայլում է և՛ սրտի, և՛ հոգվո, և՛ մտաց, և՛ բարուց, մեջ, այն ժամանակ նա հայտնվում է իբրև մի ամենակարող ուժ, որի առաջ, առանց բացառության, պիտի խոնարհեն բոլոր ապստամբ, բայց զգայուն ոգիները…

Սերգոն յուր պատմությունը վերջացնելուց ետ ամենայն պարզությամբ հայտնեց և յուր միտքը, որնա կամենում էր Մաշոյի հետ ամուսնանալ:

Այս առաջարկութունը մի փոքր շվարացրեց թե՛ Քեթևանին և թե՛ Դարչոյին: ԵՎ իրավ, ի՞նչպես կարող էին նրանք մի այդպիսի շուտափույթ վճիռ կայացնել իրենց աղջկա ապագայի մասին: Բայց ամեն դժվարություն լուծեց ինքը՝ գեղեցիկ Մաշոն: Երբ Քեթևանն ու Դարչոն Սերգոյի առաջարկության պատասխանեցին թե՝ «այդ բանը պետք է դեռ Մաշոյից հարցնենք և առաջուց նրա հաճությունը առնենք», Մաշոն, որ մինչև այն ծածկված էր ինքնաեռի ետքում, առաջ անցավ և լուրջ ու վճռական ձայնով ասաց. «Ես համաձայն եմ»:

Եթե այդպես է, աստված շնորհավոր անի, ասաց Քեթևանը, ես չեմ ընդդիմանում:

Աստված շնորհավոր անի, կրկնեց Դարչոն և սեղմեց Սերգոյի ձեռքը: Մի քառորդ ժամից ետ Դարչոյի և Սերգոյի հին ու նոր համփսոնները և ազգականները հավաքվեցան այդտեղ: Սազանդարները կարծես գետնի տակից բուսան: Եկավ այդտեղ և տեր-Մինասը, որ երիտասարդ զույգերի նշանը օրհնեց և այնուհետև քեֆը սկսավ: Բայց ի՜նչ քեֆ: Մի կողմից երկարամյա խռովության վերանալը և երկու բարեկամների հաշությունը, և մյուս կողմից գեղեցիկ զույգերի նշանադրությունը: Կարող եք այժմ երևակայել, թե ինչ տեսակ քեֆ պետք է լիներ մեր թիֆլիսցի քաջերի հնարածը:

Շշեր էին, որ հաջորդում էին միմյանց և կենացներ, որոնք դատարկվում էին մեկը մյուսի ետևից: Երգերին ու պարերին խո չափ ու սահման չկար: Հավլաբարի ա՛յն թաղը, ուր Դարչոյենց տունն էր, ամբողջ գիշեր թնդում էր ուրախության ձայներից: Շատ ընտանիքներ էլ, որոնք այդ քեֆին մասնակից չէին, այնուամենայնիվ ստիպվեցան մասնակցողների հետ հազիվ առավոտը քնել, որովհետև սրանց աղաղակները կատարելապես խանգարում էին նրանց: Առավոտյան դեմ ամեն բան հանդարտ էր: Այսօր ճաշից հետո ես պատահեցի տեր-Մինասին, որ պատմեց, թե մեզ հայտնի զույգի պսակը այս երեկո պիտի կատարե: Ես շատ ուրախացա: Եվ թեպետ չեմ ճանաչում ոչ իմ հերոսին և ոչ հերոսուհուն, այսուամենայնիվ ես անկեղծ և ուրախ սրտով շնորհավորում եմ նրանց միությունը և երկար ու երջանիկ օրեր եմ մաղթում նրանց համար։

Յատուկ Երաժշտություն
Մեղեդի
Առնո Բաբաջանյան

Մեղեդի