Միսաք Մեծարենց

Ջուրէն դարձին

Երբ բլուրն ի վար
աղբիւրէն դարձին,
իր վարսքի խուրձին
մէջը սողոսկի
նուրբ մատիկն ոսկի
արեւի լոյսին.
հիր սափորն ուսին
երբ բըլուրն ի վար
աղբիւրէն դարձին,
մեղմով ծածանի
լաչակն հողմավար՝
թեւով թռչունի.
ու ծիածանի
թոյրով պսպըղայ
աչքն իր գեղանի.
եւ երբոր ցնծայ
հնչիւնը՝ ծնծղայ
զարդոսկիներուն.
տենչանքով անհուն
հոգիս պիտ' ըղձայ
գանձեր՝ զոր չունի։
Ծարաւ շիղին պէս
պիտ' ըղձայ անի,
երկու կաթիլ ջուր
շուրթերուն իր կէզ։
Եւ իր ճակատին՝
զովացքը ցրտին,
ճակատին կըրակ՝
զովացքը ցրտին,
կարմիր սափորի
ջուրին սառնորակ
ցօղովը բերրի՝
կակաչ ձեռքերու...։
Ա՜հ, այս իրիկուն
սափորն իր ուսին
աղբիւրէն դարձին՝
սիրոյս անանուն
ջերմ սարսուռներով
կը դողայ սօսին...։

Յատուկ Երաժշտություն
Հին Օրերի Երգը
Տիգրան Մանսուրյան

Հին Օրերի Երգը

Լեռներում, 1972թ․
Լեռներում, 1972թ․
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից