Մարո Մարգարյան
Զրույց հայրենիքի հետ
Երգը
Զանգուն խփում է ափերին,
Խփում է նա ու խշխչում.
Այգիների համար` քնած
Անքուն սիրո երգ է հյուսում:
Մերթ կանգնում է, կանգնած մնում.
Մերթ պտույտ է տալիս տեղում,
Մերթ փրփրած ծառս է լինում,
Հորդում է ողջն ու հեղեղում։
Հասկանում եմ քեզ, իմ Զանգու,
Խոսք չես գտնում երգիդ հարմար,
Սրտում շատ կա, քան թե հանդում
Ու խփում ես քեզ քարեքար
Ուզում ես դու ամբողջ ուժով
Մեծ աշխարհին սիրտդ բանալ,
Եվ ուզում ես, և ուզում ես,
Որ քարն անգամ քեզ հասկանա:
Փարվել ես դու շիկնած հողին,
Փոքրիկ ողկույզ – իմ խաղողի
Տերևներ ես վրադ քաշել
Իբր դու չես, իբր չկաս,
Իբր այդպես համարեք թե
Մի ողկույզ է կյանքին պակաս,
Բայց որքան էլ խոր թաքնվես՝
Ձեռքը մարդու գտնում է քեզ
Եվ գնում է արևի տակ
Հիացմունքով պարզ ու շիտակ,
Ա՜խ, մարդկանց էլ թե փնտրեին
Ստվերներում թաքնված խոր՝
Կլինեին գուցե ոմանք
Ավելի թանկ ու բախտավոր:
ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Եթե մի օր ես դառնայի
Տասնութ-քսան տարեկան,
Ու փնտրեի ես կարոտով
Նորից ընկեր-բարեկամ։
Կգտնեի նորից ես ձեզ,
Կդառնայի ձեզ ընկեր,
Սիրտս նետած ձեր ճամփեքին
Կկիսեի կյանք ու սեր:
Հուզումներով ջերմ ու խորին
Աղմուկներով` իմ եռուն,
Կքայլեի ձեզ հետ մեկտեղ
Դեպի կյանքի ջինջ հեռուն:
Կվիճեի ճամփին հաճախ,
Մեկ ծիծաղով արցունքաջաղ
Մեկ աղմուկով սրտավառ,
Կկռվեի հաճախ ձեզ հետ,
Սխալվել եմ, կասեի,
Կափսոսայի ես նեղսրտած,
Կորավ կյանքս, կասեի։
Ու թե նորից ևս դառնայի
Տասնութ-քսան տարեկան,
Թե ընտրեի կյանքի համար
Նորից ընկեր-բարեկամ,
Նորից ես ձեզ կգտնեի
Հարազատներ թանկագին,
Դուք աղմկոտ և հուզաշատ
Ուղեկիցներ իմ կյանքի:
Էն ուր բոյով
Բարդիներն են կանգնած պահակ,
Էն ուր ցածրիկ
Փշատենին է գլխահակ,
Ուր արևոտ դդումներն են
Կտուրներին կարգով շարած,
Ուր սրտագին ոսկեվազն է
Մայրամուտով հողին փարած,
Ուր ոնց շարժվես,
Ուր էլ գնաս,
Այգու մեջ ես գտնում դու քեզ.
Ուր ոնց շարժվես,
Ուր էլ գնաս
Գտնում է քեզ արևը կեզ,
Ուր սեզն այրող կրակի մեջ
Սառնաղբյուրն է շաղակրատում
Եվ անցորդի համար հոգնած
Բամին վերից թութ է թափում։
Ցածրակտուր,
Իմ հայրենի տունն է այնտեղ,
Իմ մանկության ընկերների՝
Ճնճղուկների բույնն է այնտեղ
Ու թե մի օր ես մոռանամ
Մոր գրկի պես այդ հողը տաք.
Ոչ մի լավ բան
Դուք ինձանից
Չսպասեք ու
չհավատաք.
ՀԱՅՐԵՆԻՔ
Առաջ մայրիկն էիր միայն
Սիրուն մայրիկն ու գիրկն իր տաք,
Հետո տունն,
մեր բակը լայն,
Հետո առուն աղմկաշատ.
Հետո դարձար դպրոցը մեր,
Դարձար ակումբ, թաղ ու փողոց,
Դարձար ճերմակ ինստիտուտներ
Պարտեզներ լի կանաչ շողով.
Դարձար ծաղկող գյուղ ու քաղաք,
Դարձար անծիր հերկած հողեր,
Գործարաններ բազմաղաղակ,
Գրքեր խորունկ, երգի տողեր
Ու ճամփաներ դարձար երկար
Եվ այգիներ մրգով ներկած,
Մարգեր դարձող ավազ ու հող
Հետո դարձար դու Երևան,
Հասար մինչև Մոսկվա լուսե,
Խոր ստեպներ արձակ ու լայն
Անծայրածիր մեծ ու վսեմ,
Տաք իմ երկիր՝ այրված ու շեկ,
Այրված քարեր ու դուք իմ ծարավ,
Տարածվեցիք աշխարհով մեկ
Տարածվեցիք հյուսիս, հարավ,
Դու լեռներից՝ իմ բարձրաբերձ
Հեռուները հասար տուն...
Այդքան անհուն ու այդքան մեծ
Իմ կյանքի մեջ մտար մաս-մաս:
Առաջ մայրիկն էիր միայն,
Սիրուն մայրիկն ու գիրկն իր տաք
Հիմա դարձել ես անսահման
Բազմահնչյուն ու բազմերանգ,
Բայց դու էլի մայրիկի պես,
Մայրիկի պես սիրուն ու թանկ.
Թողնեմ ես մի պահ իմ շռայլ սերը
Եվ անցուդարձը ողջ աշխարհի,
Երգեմ մայրիկիս մաշված մատները.
Հայացքը հոգնած, դեմքը՝ բարի.
Թողնեմ ես մի պահ իմ շռայլ սերը,
Ուրախ ցերեկը մեր փողոցի,
Երգեմ հոգնած մոր անքուն գիշերը՝
Չոքած առջևը օրորոցի
Եվ ամենօրյա լուռ այն հոգսերը,
Որոնք մանրունք են միշտ անվանում
Եվ որոնց համար՝ վաստակողները
Ոչ մի աստիճան չեն ստանում.
Որ անսկիզբ են, անվերջ են, անծայր,
Անձև, աննկատ ու անանուն,
Որով իր տան մեջ ամեն մի մայր
Աշխարհն է ուսին առած տանում։
Թողնեմ ես երգի բոլոր ձևերը,
Մարդկանց հույզերը, կոչումն ու դերը.
Թողնեմ արևն ու աշխարհը լայն
Անհատնում սերը,
Ամենավերը
Աշխարհում այն
ՁՅՈՒՆ
Ձյուն է գալիս
Թեթև, թեթև,
Մաքուր, ինչպես
Մանկան երազ.
Աստղ է դառնում
Արծաթաթև
Ու թափվում է,
Թափվում վրաս.
Տես, ինչքան է
Եկել, եկել,
Ողջ աշխարհը
Ճերմակ ներկել
Տես, ինչպես է
Անափ դարձել,
Աշխարհը ողջ
Գիրկը առել.
Բայց չի հանել
Նա ոչ մի ձայն,
Նա ոչ մի ձայն,
Ու որքան ծառ
Պիտի ծաղկի
Որքան արտեր
Կանաչաչուք,
Որքան սերմ է
Ծլում հիմա,
Որքան կանաչ
Տերև ու թուփ,
Երեքնուկներ
Քրոջ նման,
Սրտամորմոք
Ու սիրած ուփ,
Որքան հյութեղ
Մրգեր հակինթ,
Որքան անուշ
Գոհար ու գինդ.
Ու չի հանի
Նա ոչ մի ձայն,
Նա ոչ մի ձայն,
Միշտ այդպես է.
Այդպես է նա,
Ծով բարիքներ
Կտա հողին,
Լուռ կհալչի
Ու կգնա:
Ձյուն է գալիս
Թեթև, թեթև,
Մաքուր, ինչպես
Մանկան երազ.
Աստղ է դառնում
Արծաթաթև
Ու թափվում է
Թափվում վրաս:
Փայլում է ձյունի փաթիլը փոքրիկ
Մեղմ արևի տակ,
Փայլում է ջրի կաթիլը փոքրիկ
Մեղմ արևի տակ:
Թող կյանքդ լինի
Ձյունի մի փաթիլ,
Մաքուր, սպիտակ.
Թող կյանքդ լինի
Հոսուն ու հստակ
Կաթիլ-կաթիլներով է
Իմ սիրագորով Զանգուն հորդառատ.
Չէ որ այդ
փաթիլ-փաթիլներով է
Մասիսի ճերմակ հրդեհը վառած,
Չգիտեմ՝ դաժան պատմություններից,
Թե զինվորով են շատ վախեցրել ինձ,
-
Գիտեմ, որ փոքրուց, փոքրուց ահաբեկ՝Սարսափում էի ես զինվոր բառից:Զինվոր ասելիս ես կարծում էիԻնչ-որ մարդակերպ մի կոշտ արարած՝Անսիրտ, անհոգի, անդեմ, անանունԾանր սապոգներ ու շինել հագած:Հետո մեծացա, մեծացա մի քիչԻմացա ես, որ հայրեր են նրանք,Հայրեր են նրանք ու հորեղբայրներԾանր սապոգներ ու շինել հագած.Հետո մեծացա, մեծացա մի քիչԵվ իմացա, որ ընկեր են նրանք,Ընկեր են նրանք ու թանկ եղբայրներԾանր սապոգներ ու շինել հագած:Տարիներ անցան տեսա կյանք ու զենքԿյանքով իմացա, իմացա էլի,Որ բոլորս էլ զինվորներ ենք մենքԲայց առանց սապոգ, առանց շինելի
Վարդի է նման փոքրիկ Նվարդը
Նա նոր է հասել չորրորդ դասարան,
Այսօր դասն իրենց շատ խորն ու բարդ է,
Այսօր դասը՝ խիստ հուզել է նրան:
Ընկեր Արուսը՝ ասել է, գրիր,
Թե ինչ ես ատում կյանքում՝ ավելի,
Նա էլ գրել է շատ պարզ
-- Պատերազմը չար ու սարսափելի
Իսկ դու պատերազմ տեսել ես, Նվարդ,
Պատմիր դու ինչ որ գիտես այդ մասին
Պատասխանել է Նվարդն անշտապ,
Այդ երկար տևող ու
Կյանքում պատերազմ ինքս չեմ տեսել,
Պատմել այդ մասին ոչինչ չեմ կարող,
Բայց իմ հայրիկին քույրիկս էլ, ես էլ
Ճանաչում ենք լոկ լուսանկարով,
Նա նոր է հասել՝ չորրորդ դասարան,
Այսօր դասն իրենց շատ խորն ու բարդ է,
Այսօր դասը խիստ հուզել է նրան:
Այգի ունես թե կանաչած,
Մոլախոտից հողն ազատիր,
Թե դատավոր ես անաչառ,
Օտարի պես որդուդ դատիր.
Որքան էլ լավ սերմեր ցանես,
Վատ արմատներ դեռ կան հողում.
Որքան էլ լավ գործը տանես
Դեռ կա փորձանք ու ձախողում.
Քեզ են նայում հերոսների
Շարքերն անմահ առած դարեր.
Որ նետվել են կրակի մեջ
Ու քեզ համար կյանք են վառել
Որ մնացել են աշխարհում
Որպես խղճի կշռաքարեր.
Այգի ունես թե կանաչած
Արմատներից՝ վերջ տուր վատին
Թե դատավոր՝ ես անաչառ
Օտարի պես որդուդ դատիր.
ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐ
1
Ասել ամեն ինչ հարթ է ու դյուրին,
Մեկ է, ինձ ոչ ոք չի հավատալու,
Ասեմ բոլորը ժպտում են լռին,
Մեկ է, ինձ ոչ ոք չի հավատալու:
Խառնել եմ հաճախ ես չարն ու բարին.
Ինչպես բոլորդ, իմ հարազատներ,
Ու սիրտս հաճախ կպել է քարին,
Ինչպես բոլորիդ, իմ հարազատներ.
Հեշտ չեմ հասել ես այս ջինջ օրերին
Այս իմաստախոր, այս լուսե դարին,
Ինչպես բոլորդ, իմ հարազատներ.
Բայց երախտապարտ հացածի պես,
Ցավով եմ փակում ես ամեն տարին,
Ինչպես բոլորդ, իմ հարազատներ
Եվ ուզում եմ ես ապրել անսխալ.
Մնացած կյանքով անշեղ, անվրեպ,
Վերջին ուժերս տամ իմ աշխարհին
Ինչպես բոլորդ, իմ հարազատներ
2
Հաճախ այնպես հոգնում եմ ես
Ու ծերանում ասես մեկեն,
Ու թվում է, շատ հեռվից եմ,
Անչափ հեռվից այստեղ եկել։
Ու թվում է, ուժերս ամեն
Թողել եմ ես ողջ իմ ճամփին,
Եվ անուժ եմ հասել այստեղ
Այս օրերին թարմ ու անգին.
Բայց մի մանկան ուրախ մի կանչ,
Մի ծաղկող ծառ, հատիկ ցորեն,
Դառնում եմ այլ ու անճանաչ
Ծնվում եմ ես ասես նորեն:
Ու չեմ կարող թեկուզ մի պահ,
Մնալ մենակ չորս պատի մեջ,
Երբ հիշում եմ, որ աշխարհն այս,
Իմն է անափ, իմն է անվերջ.
Եվ ուզում եմ բացվեն բոլոր
Փեղկ ու տանիք, դուռ ու պատեր,
Ու կանչեմ ես աշխարհով մեկ՝
Ես չեմ փոխվի,
Չեմ ծերանա,
Ես չեմ հոգնի, հարազատներ.
Աչքի են ընկնում ճերմակ թելերը,
Կյանք իմ փոթորկուն ու սրտաբուխ.
Չէ որ լոկ երեկ, միայն երեկ էր
Դեռատի էիր թեթև ու թուխ.
Ու ցավ չէ այնքան, որ արդեն թեքել
Ու կարճանում է կյանքի ուղին,
Ցավ է, որ նոր ես դու խելքի եկել
Եվ հազիվ ես դու քայլում ուղիղ
Ցավ է, որ կյանքը քանի գալիք է
Ոչ գին գիտես, ոչ կշիռ ու չափ
Երբ ճանաչում ես քո անելիքը
Հոգնած ես արդեն և ուժաթափ
Եվ մնացած քիչ այս թանկ օրերին
Նախատում ես քեզ ինքդ հիմա,
Որ օրերն անգին քամուն ես տվել
Հատիկ չունեցող հարդի նման
Եվ ուզում ես դու գոռալ ու կանչել,
Հասկացնել բոլոր ջահելներին,
Բայց գիտես նրանք չեն հասկանա քեզ,
Քանի չեն հասել այս օրերին
ԱՌԱՋԻՆ ԲԱՐԵԿԱՄԻՍ
Ինչ որ գրում ես միշտ այն չէ կարծես,
Միշտ քիչ է անչափ սրտում եղածից.
Հոգուդ կրակը հրկիզում է քեզ,
Երգի մեջ փոքրիկ կայծեր են հազիվ։
Նայում ես կյանքին, նայում ես երգին,
Ու երգը կյանքից այնքան է աղքատ.
Ամենահարուստ երգը պոետի
Իր հոգու համար թարգմանիչ է վատ։
Բայց դու, ընթերցող, ջերմ ու երգասեր,
Կհասկանաս և փոքր այս կրակից,
Թե ինչեր եմ ես ուզում քեզ ասել,
Թե ինչու այդքան հարազատ ես ինձ.
Չէ որ չեմ կարող չհաղորդել քեզ՝
Ցերեկն իմ դժվար, գիշերն իմ անքուն,
Թե բանաստեղծ եմ, թե երգիչ եմ ես,
Դու իմ առաջին ընկերն ես կյանքում
Փնտրում ես դու,
Փնտրում ես դու,
Որոնում ես կարոտակեզ,
Հետաձգում ես կյանքը քո,
Խոստումներ ես տալիս դու քեզ:
Դժգոհում ես միշտ այսօրից,
Հույս ես դնում վաղվա վրա,
Գոտեպնդում ես քեզ նորից,
Բորբոքում ես նորից կրակ.
Ինչ ստեղծել ես դու կյանքում,
Համարում ես չնչին ու վատ,
Համարում ես քեզ անարժան
Օրերին այս աղմկաշատ,
Ու պահանջում ես դու քեզանից
Տալ աշխարհին շատ ավելին,
Աչքդ հառում ես կարոտով
Միշտ ամենից բարձր ու վերին
Ջանք ես թափում գիշեր-ցերեկ,
Առանց քո շուրջը նայելու,
Առանց օրերն ափսոսալու,
Առանց ոչինչ խնայելու,
Ու նորից վեր, ու նորից վեր,
Նորից իղձեր ու երազանք,
Ու ամեն օր նոր իղձերով,
Նոր կարոտով սկսվող կյանք։
Բայց ում դիմես, ում բողոքես,
Եվ ի՞նչ ասես ժամանակին,
Որ անտարբեր, հանգիստ ու լուռ
Ձյուն է մաղում քո կրակին,
Թեև միշտ կա իղձը մարդու
Անափ, անհուն
Եվ կրակն այդ մարդու հոգու՝
Այրվում է և ձյուների տակ
ԽՈՀ
Աշնան այգու կատարներն են
Ասես հեռվից դեղնին տալիս,
Աշնան առվի երգ հիշեցնող
Ինչ-որ թախծոտ ձայն է գալիս
Բայց ոչ, շոգից հալչող ամառ,
Չես հեռանա դատարկ ու լուռ,
Կյանք եմ դրել ես քեզ համար
Ու չեմ թողնի անցնես իզուր.
Բարիք պիտի տա աշխարհին
Ամեն տողն իմ այրվող երգի,
Մեր ոչ մի թիզ հողի վրա
Չկա աշուն առանց բերքի
ՀՈՒՇԵՐ
Նստած եմ մենակ
խաղաղ հարկիս տակ
Հարազատներիս եմ լուռ հիշում
Կրակի վրա թեյամանը տաք
Ինչ-որ մտերիմ երգ է խշշում,
Եվ հիշեցնում է խուլ խրճիթը մեր
Գյուղի հեռավոր մի ծայրամասում
Նստած է նանը ճախարակի տակ
Արտասվում է լուռ ու երգ է ասում.
Մերթ նստում է նա ասեղը ձեռքին
Ծակում է մատներն ու աճապարում.
Քանդելով հորս շապիկը վերջին
Եղբորս համար բլուզ է կարում.
Մերթ ծունկի եկած օջախի առաջ
Սևերով պատած կորչում է ծխում՝
Բորբոքում է լուռ կրակը վառած
Եղբորս համար բլիթ է թխում,
Նա է կարևոր՝
Դե, ես աղջիկ եմ,
յոլա կգնամ.
տան միակ սյունը,
Մեծ նանի ավագ
տղայի տղան,
Մեծ նանի ավագ
ուրախությունը
Խեղճ ավագ տղա կորած պարտքերում,
Խեղճ իմ նան վերջին արցունքը քամած
Վլտանում եմ, ես այրվում եմ հիմա,
Որ ապրուստն այսքան հեշտ է ինձ համար,
Որ ապրում եմ ես արձակ պալատում
Գալիքի բոլոր բարձունքներն իմ դեմ,
Որ այդ ամենը պատրաստել եք դուք
Եվ դուք այդ մասին ոչինչ չգիտեք:
Նստած եմ մենակ
խաղաղ հարկիս տակ
Հարազատներիս եմ լուռ հիշում,
Կրակի վրա թեյամանը տաք
Ինչ-որ մտերիմ երգ է խշշում,
ԲՆԱՆԿԱՐ
Իմ սրտին հայոց քարտեզի վրա
Ամենամոտը մեր գյուղի կետն է,
Իսկ նրան կիսող գիծն օլոր-մոլոր
Իմ աղմկարար «Ղրուչայ» գետն է:
Կես կիլոմետր ափից մինչև ափ
Մեջտեղում ցամաք մի բարակ առու.
Արևն է այստեղ ամենից շռայլ՝
Գիրկն է առնում ողջ ու անսիրտ վառում:
Ծանր դեղձերով կախված ճյուղի տակ
Հենակ է խփում այգեգործ Գևոն,
Կանգնել է դեմը մի փռչոտ աղջիկ
Կարմրած քիթը սրբում է թևով:
Ներքև մեծ նանը լվացք է փռել
Լողացնում է թուխ խումբը թոռների.
Կողքից անցնում է մի փոքրիկ իշուկ
Ոտքերը ծռած ահավոր բեռից.
Ձորի մոտ չափից ավել բեռնված
Շրջվել է սայլը խոտի դեզն ուսին,
Շվար նստել է աղետի առաջ,
Չիբուխ է քաղում սայլապան Մոսին:
Հին հարազատներ դուք իմ տխրաշուք,
Աշխարհը արդեն ուրիշ է դարել,
Ձեր սրտամորմոք խեղճությամբ եք դուք
Մեծ երազներն իմ սրտի մեջ վառել
Օրորում է մայրը որդուն՝
--Շուտ մեծացիր, Մոսկվա գնամ.
Մանուկներն են ապա երգում՝
-Մեծ եմ արդեն, Մոսկվա գնամ
Բանվոր տղան մեր նորարար՝
-Գյուտս անեմ, Մոսկվա գնամ,
Կոլխոզնիկը սերմերն առած՝
Արտս ցանեմ, Մոսկվա գնամ:
Եվ տարիքոտ մի ինժեներ՝
Ուշ չէ քանի, Մոսկվա գնամ.
Գիտնական մի հոգնած ու ծեր
Վերջին անգամ Մոսկվա գնամ,
Ու աշխարհի ամեն ծայրից,
Որպես լույսի արևի տենչ,
Որպես անհուն կարոտի կանչ,
Մոսկվա գնամ, Մոսկվա գնամ.
Բայց դու գիտես, աշխարհը ողջ
Չի կարող գալ ու քեզ հասնել.
Դու ես գալիս մեզ ընդառաջ,
Լցվում մեր տուն ու կյանքը մեր,
Եվ գալիս ես, որքան գալիս,
Այնքան նոր տենչ, իղձ ես տալիս,
Այնքան անթիվ ճամփա բացող,
Այնքան զորեղ ու սլացող,
Այնքան պայծառ, այնքան խորին,
Երջանկությունը բոլորի
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
(Իմ աշխարհին)
Ում լինեմ ես շնորհակալ,
Այս լավ, այս մեծ բախտի համար
Այս լուռ, խաղաղ լուսաբացի,
Այս դաշտերի անծայրածիր,
Այս վեր ելնող հայրենի տան,
Այս անհատնում հարստության
Ողջ մարդկության ու դարերի
Երազներից ասես քամած,
Ում լինեմ ես շնորհակալ
Այս լավ, այս մեծ բախտի համար,
Որ ծնվել եմ ես այս հողում՝
Այս աշխարհում արևամերձ,
Որ ծնվել եմ օրերին այն
Սրահալած ու հողմածեծ.
Որ ծնվել է Հոկտեմբերը,
Հոկտեմբերը մեր փրկարար
Հալել-ձուլել մեզ էլ իր հետ
Ու դարձրել մաքուր ու ճերմակ,
Որ ծնվել է Իլյիչն անգին
Ու անհնար գործ է արել,
Որ առաջնորդը իմաստուն,
Նախնիների բարիքն առել,
Հավաքել է իր ափի մեջ
Բազմապատկել հազար անգամ,
Որ վառել է ողջ աշխարհի
Օջախները բոլոր հանգած,
Լցրել կյանքով շեներն ամեն
Կիսախարխուլ ու խոշտանգած,
Որ այրվում է աշխարհն ամբողջ
Մեծ վերելքի հրդեհներով,
Ու հասնում է ցոլքը նրա
Պաղ բևեռից մինչև բևեռ,
Որ փարվել են ծով ու գետեր
Կոմունիզմը աշխարհ բերող,
Որ գետերին այդ ընդառաջ
Օվկիանոսներ են գալու դեռ
Որ այս երկրին, այս աշխարհին,
Օրերին այս սրտանվեր
Տաք երգեր եմ ձոնում ես էլ
Սիրուց այրվող, սիրուց քամած,
Որ իմ ելնող լուսե ճամփին
Կանգնել ես դու ամենից վեր,
Ում լինեմ ես շնորհակալ
Այս լավ, այս մեծ բախտի համար:
«Փշատենի» ժողովածուից
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ղազարոս Սարյան
Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար
Հայոց լեռներ, 1964
Խաղա առցանց