Լիլ Արամի

Երեսփոխան

Վերջին անգամ մորաքրոջս պահած ուսանողական տարում ինձ տեսածները դրսում հանդիպելիս ասում են՝ շատ ես նիհարել, զանգում եմ մորս՝ թթու դնելու ձևերը հարցնեմ, ասում է մի քիչ չաղացիր, պատահաբար հանդիպում եմ ատամները վերջին շրջանում ուղղած դասընկերոջս, նայում է դեմքիս ու անամոթի պես մյուսների ներկայությամբ «վա՜յ» տալիս, թե էս ոնց եմ չոռոտել, ծերացել, հետո նորից է ոտքից գլուխ զննում, ստորին շուրթը վերևի ուղղված ատամներով կրծում, թե ՝«հը՜, լրիվ կմախք ես դարձել»։ Հիմնականում բանի տեղ չեմ դնում ու կիպ տաբատ էլ չեմ հագնում։ Բայց արի ու տես, որ մի օր էնպես մի քամի արեց, որ բարակ, կախված լվացքի պես փռփռացի։ Երևանի քամիներն ամաչկոտ են, չեզոք, աջները քաշած, մի երկու տեղ աննկատ պտտվում են, հավեսները հանում-գնում։ Երբեք չես լսի՝ ձայնը բարձրացնեն։ Մարզում այլ է. բոլորի գործն իրենց գործն է, ով ուր գնա հետևներից պտտվում են, հսկում, պետք եղած տեղն օդ բարձրացնում, հետո էլ գոռգռալով զարկվում սրա-նրա տներին, թե տեսա՞ք, չէ դուք տեսա՞ք։ Հիմա էդ մարզային քամիներից մեկն էլ տերևի նման ինձ փչեց, երբ Ադիսի հետ բարձրանում էինք սարի գլխին՝ ծառի ստվերում շունչ քաշող մի սրբատեղի։
Ադիսն անընդհատ թեքվում էր, թե՝
-Հը՞։ Կձգե՞ս։

Ու քանի որ հասցրել էի գլուխ գովել, թե սարի աղջիկ եմ, ես որ բարձրանու՜մ էի, ոչխար էի քշում, հին գերեզմաններ շրջայց էի իրականացնում դասընկերներիս համար, դու ու՞ր էիր, հիմա ստիպված ոտքս կախ գցելու համար պիտի սարի գլխին բուսնած մի անհետաքրիր քարով կամ անպտուղ թփով հիանայի, մոտենայի հոտոտելու, հետաքրքրվեի՝ ինչ սորտ է, կովկասյան Սրնգենու նման է, թե արևելյան Ծորենի է հիշեցնում, մինչև մի լավ շունչ քաշեի ու Ադիսին հպարտ նայելով հայտարարեի՝ շարունակե՜նք, շարունակե՜նք։

Սրբատեղին փոքր մատուռ էր, կողքին՝ իրենից մեծ տաղավար՝ սեղանով, նստարանով ու տեր հայրով։
Մեզ տեսավ, դեմքին ծուռ-մուռ փակցրեց հազար մարդ տեսած մաշված ժպիտն ու թե՝
-Տուրի՞ստ եք, չէ՞։
-Չէ տեղացի ենք։

Փակցված ժպիտն աջ կողմից պոկվեց, բայց նա անտագնապ ամրացրեց այն ու անցավ պլան բ-ին.

-Հա՜, ուրեմն երևանցի եք, եկել հասել եք էստեղ, հա՜։

-Երևանցի չենք, էստեղից ենք։
-Ինձ համար բոլորն էլ երևանցի են, առաջացեք, այ՝ բա՜րով եք եկել։
Ափալ- թափալ եկավ քաշքշեց, մուտքի մոտ մի անգամ էլ կպցրեց պոկված ժպիտը, բրթբրթեց, տարավ ներս։ Աջով ինձ բրթեց, ձախով՝ Ադիսին։

-Հա՜յր մեր... այս վայրը կառուցվել է... հա՜յր մեր...և ի պատիվ նրա... հա՜յր մեր...

Հետո խաչը տվեց բերանիս ու ճակատիս, նորից խառնված շրջվեց, գրաբարյան տեքստերի սխալ կիրառումներով ապացուցեց իր հոգևորական լինելը՝ հաշվի չառնելով՝ «Գրաբարի» առաջին միջանկյալին Հանանյանն ինն էր նշանակել, իսկ երկրորդին՝ նկատել բացակայությունս։
Հետո էդ պատմելու ընթացքում քրտնեց ու ժպիտի նկարն էլի դեմքից պոկվեց ու քանի որ քրտինքը հա՜ հոսում էր, էլ չկարղացավ փակցնել, աչքերը տեղավորեց մատուռի բոլոր անկյուններում, շարունակեց.

-էստեղ էլ, դե գիտեք, ի՜նչ թողնեք՝ թողնեք, այ էստեղ։ Ինչ տաք՝ տաք, այ էստեղ։ Ոչ ոք չի կարող ստիպել, այ էստեղ, ինչ մտքներովդ անցնում է, այ էստեղ։

Գումարը թողեցինք։ Հետո իրեն մի հարց տվեցի, նայեց մատուռի քարերից մեկին ու պատասխանեց, հետո էլի բան հարցրի, նայեց մատուռի պատուհանին ու պատասխանեց, ասացի մի հարց էլ տամ, էս անգա՞մ ուր կնայի։ Էս անգամ էլ դոշին նստած միջատ գտավ, համ փորձեց բռնել, համ՝ պատասխանեց։Վերջում էլ իբրև նվեր՝ բացատրեց՝ ոնց հասնենք մատուռի անմիջապես առջևում գտնվող բնական աղբյուրի մոտ ու ոնց խմենք էդ բուժիչ ջրից, որ չբեր չմնանք, որ քաղցկեղ չընկնենք ու հղիանանք։ Ադիսը չէ էլի՝ ես։

Կռացա, ասացի. «Էս՝ ես, էս էլ` դու, աղբյուր ջան, ինչ կա՝ կա, անցած լինի, ես քեզ՝ Ծովինար, դու ինձ՝ մեկ ու կես բուռ ջուր»։

Յատուկ Երաժշտություն
Չինար ես
Կոմիտաս

Չինար ես

Կնոջ պրոֆիլը, 1961 թ
Կնոջ պրոֆիլը, 1961 թ
Խաղա առցանց