Լևոն Խեչոյան
Այգին
Ելենն աշխատելու ժամանակ ցանկապատի տակ թումբ նկատեց։ Երկաթե ատամներով փոցխը դրեց, գնաց կողքին կանգնեց՝ թմբի բարձրությունը փորին հասավ։
Նա իր դեմ՝ նորածագ պայծառ լույսի եւ թանձր ստվերների մեջ, ավելի ուշ տեսավ՝ արեւածաղկի հատիկների մեծության, հողի երեսին շաղ եկող, սեւ պեծկլտացող մեջքերով մրջյուններ, որոնք գետնի տակից զարկող ջրի նման դուրս էին թափվում։ Ելենը չշարժվեց, նայում էր, թե ինչպես են նրանք թմբի բարձունքից իջնելուց հետո որոշակի կարգ պահպանելով միավորվում՝ անանձրեւ կարծր հողի վրա բացած հունով հոսում այգու խորքերը։ Նա այդպես որոշ ժամանակ կանգնած մնաց, հետո գնաց նրանց ետեւից։
Չհասած խնձորենիներին՝ ուշադրություն դարձրեց արձագանքին, որն ուղեկցում էր իր բոլոր քայլերին դեռ այն պահից, երբ երկաթե ատամներով փոցխը դրեց, գնաց, թմբի կողքին կանգնեց։ Ելենն առավոտյան լռության մեջ, միաժամանակ, կրծող հազարավոր մրջյուններից ելնող ձայնի արձագանքն էր լսել։ Նա մի ծառից բռնեց, մտածեց, որ նրանք շատ են վերեւ֊ներքեւում։ Քաղաքապետարանի երկու աշխատակից իրենց ձեռքով երկաթե դարպասի դռան սողնակը բացելով՝ ներս էին մտել,բարեւելով եկան։ Տանը, երբ Ելենը գույքահարկը վճարեց, նկատեց, որ անդորրագիրը լրացնող տղայի մի ձեռքը հաշ մանդամ է։
Այնուհետեւ դարպասի դուռը կրկին իրենք բացել֊փակելով՝ գնացին։
Սաղարթախիտ ծառն ամբողջովին տերեւազուրկ էր։ Ելենը տարբեր կողմերից եկող ստորգետնյա անցուղիներ տեսավ։ Մերկ ճյուղերի ոստերին գնդված՝ դեղնակարմիր խեժ էր բոցկլտում։ Նա նկատեց,որ մրջյունները երթուգալով, քանոնի ճշգրտությամբ ուղիղ, արմատից մինչեւ գագաթը ածելու պես կտրել են ծառի կեղեւը։ Նրանց շարասյունը բացվածքի միջով շարժվելիս կարգապահության էր ենթարկվում՝ մի եզրով կեռ ծնոտների մեջ տերեւաթերթեր բռնածներն էին գալիս, մյուսով՝ բեռներն արդեն մրջնանոց հասցրածները վերադառնում։ Ելենը ծառի կողքին կանգնեց, որը՝ փորը սեղմած, չորս կողմը ձկնկիթ շաղ տված կապտավուն ձկան նման, խոտերի մեջ կիսակարմիր խնձոր էր թափել, նրանց վրա կնճիթավոր ճպուռներ, կանաչաթեւ ճանճեր էին շրջում։ Մտածեց, որ տարվա այդ ամսին խնձորները թթու են լինում։ «Տեսնես մրջյունների ինչին է պետք՝ ծառն այդպես դատարկելը», մտքում ասաց Ելենը։
Նա զարմանում էր՝ նրանք իր այգում առանց իրեն հաշվի առնելու՝ անտարբեր, արագ անցնում էին կողքով։
Ելենը հանկարծ սկսեց բահով, խոնավության եւ արմտիքի հոտ ունեցող, մրջնանոցը քանդել։ Երբ կանգնեց, նկատեց, որ մըրջյունների մնացած մասը հեռանում է այգու խորքերը, դեսուդեն փախչելով՝ ներծծվում ամենուր։
Բահը գցեց տանից լսվող հեռախոսազանգն ընկալելուց հետո։ Լսափողը վերցնելու պահին գլխի ընկավ, որ զանգը շատ երկար է հնչել։ Հակոբի մոր հետ խոսեց։ Նա հարցնում էր՝ արդյո՞ք Ելենն էլի լուր չունի Հակոբից։ Կամ՝ արդյո՞ք հեռախոսով որեւէ բան պարզել հնարավոր չէ։
Ելենն ասաց, որ կամ զանգերն են անպատասխան մնում, կամ էլ լավագույն դեպքում, եթե այնտեղ լսափողը վերցնում էլ են՝ ինչ֊որ բան հասկանալն անհնար է։
Նա մայրուղով անցնող խոշոր բեռնատարի շարժիչի հռնդյունից սթափվեց, մտածեց, որ մի քիչ էլ նստած մնար՝ կքներ, բայց դրսում արդեն մութ էր, գլխի ընկավ, որ լավ էլ բազմոցին երկար քնած էր եղել։
Ելենը հեռախոսը ծնկներին դրեց, հեռուստահաղորդում դիտելով՝ մի քանի ընկերուհիների հետ շատ խոսեց։ Վերջում նրանք Հակոբի վերաբերյալ համարյա նույն հարցերը տվեցին։ Ելենը մեխանիկորեն անգիր արած միանման նախադասու թյուններով պատասխանեց։
Նա առավոտյան այգի գնաց։ Տեսավ՝ մրջյունները դարձյալ դուրս են գալիս գետնի տակից, իրար պոչի շարվելով՝ հոծ մարմին դառնում, արեւի տակ շողշողալով՝ առվի նման հոսում են դեպի ծառերը։
Ելենը գազօջախին եռացող թեյնիկն արագ քայլքով տարավ՝ քլթքլթացող ամբողջ ջուրը դատարկեց մրջնանոցի անցքից ներս։ Տպավորված էր՝ միանգամից ամենուր տիրող լռությունից։ Նա աղմուկն ավելի ուշ՝ թեյինկի կափարիչը խոտերի մեջ ընկնելու հետ լսեց, մտածեց, որ կարող է՝ հենց կափարիչի խոտերի մեջ գլորվելն էր։
Տեսավ, թե ինչպես են մրջյունները ուրիշ անցքերից դուրս թափվում։ Մի քանիսը տեղ չհասցրած տերեւաթերթերն են դեռ բռնած՝ բնազդով իրենց հետ դեսուդեն փախցնում։
Ելենը դատարկ թեյնիկը գցեց՝ լցնելուց ետադարձ գոլորշին ձեռքն էր այրել։ Նա հասցրեց նկատել իր ստվերը, որը կիսով ցանկապատին էր թռել, մյուս կեսով ցատկել էր ավտոտնակի պատին։Կրկին լսեց նույն աղմուկը, որը քիչ առաջ թեյնիկի կափարիչը խոտերի մեջ գլորվելուն էր նմանեցրել։ Այգու կեռնեխը խխունջ որոնելով՝ շրջում էր թփերի տակ։
Նա ձեռքի երեսին այրվածքի համար քսուք քսեց։ Բազկաթոռի մեջ ոտքերը տակը ծալած՝ ծխախոտ ծխելով սուրճ խմեց։ «Ոչ կեռնեխն էր, ոչ էլ խոտերի մեջ գլորված թեյնիկի կափարիչը՝ պարանի վրայի լվացքին զարկող քամին է աղմկում», գլխի ընկավ Ելենը։ Նա սպիտակ ակացիաների կողքով անցավ, մի շուրթը կոնքին դրած՝ պլաստիկե թասի մեջ հավաքեց սպիտակեղենը։
Քնելուց առաջ լազերային նվագարկիչի ձայնը մինչեւ վերջ բարձրացրած՝ մի շատ լավ օպերա լսեց։
Ելենը բազկաթոռի մեջ գիշերվա երեքին֊չորսին արթնացավ, լսեց, թե ինչպես է ցեմենտի գործարանից՝ ամայի դաշտերի ու մանր բլուրների միջով երկաթգծերին զարկվելով, հեռանում հարյուր հազարավոր տոննանոց ծանր գնացքը, ամառային չոր հողը դողէրոցքով եւ լուսադեմի նոսր օդը ալիքվելով՝ արձագանքում էին նրա հռնդոցին։
Անկողին տեղափոխվելու ճանապարհին խոհանոցում ջուր խմեց, այդ ընթացքում վերջնականապես արթնացավ, հասկացավ, որ ոչ թե գնացքը՝ իրականում փոթորկոտ քամին է անցնում քաղաքամերձ կարմիր լճի վրայով։
Նա միջքաղաքային կոդ հավաքեց՝ Հակոբի հետ կապվելու համար, համաչափ ազդանշաններ գնացին, սակայն այնտեղ լսափողը չվերցրեցին։
Ելենն անկողնում երկար գիտակցում էր, որ չի կարողանում քնել։ Առավոտյան, մայրուղուն զուգահեռ, ջրատարի խանդակ փորող բուլդոզերի շերեփով քարերի վրա թխկթխկացնելուց արթնացավ։ Նա ծխելով ու սուրճի բաժակը ձեռքին՝ գնաց այգի։ Մրջյունները, թելի վրա շարված ուլունքների նման, ուղղագիծ ձգվել էին ծառից մինչեւ թումբը։ Նրանք, ծնոտների մեջ բարձր բռնած, տերեւաշերտեր էին տանում, արեւի տակ փայլատակում էր սեւ օբսիդիանե կողերը։
Ելենը մտքի մեջ ասաց․ «Ինչի՞ են դատարկում այգին», զարմանում էր՝ («Ինչու՞ են եկել»)։ Նա հայելու դեմ մազերը սանրելու հետ՝ մտքով կրակ անցկացրեց, միաժամանակ, հրկիզման մասին մտածեց։ Բայց լավ չէր հիշում, թե տանը բենզին ունեին, սակայն սպիտակ նավթ ունենալը՝ հաստատ գիտեր։
Ելենը փողոցում առանձին֊առանձին մի քանի ծանոթների հանդիպեց, զրուցեցեին։ Նրանցից մեկը մինչեւ լուսակիրը ուղեկցեց։ Հարցնում էր, թե հո փոստ չի գնում, որ առավոտյան ինքն արդեն եղել է։ Հայտնեց, որ իմացել է՝ գիշերը տարբեր տեղերից չորս֊հինգ հեռագրեր է ստացվել՝ գուցե այնտեղից էլ լինի։ Ելենը մտածեց, որ Հակոբից հեռագիր ստանալը քիչ հավանական է, ասաց, թե շատ ուրիշ գործեր ունի, բայց հենց հարմար պահ գտավ, փոստ էլ կմտնի։ Մինչեւ ավտոբուսի կանգառը ծանոթը կողքով էր քայլում։
Անասնաբուժական դեղատունը թունաքիմիկատների խանութի հետ նկարչական դպրոցի կողքին՝ չորս քարերի վրա դրված «Ուրալ» մեքենայից հանված թափքում էր գտնվում։ Ելենը խանութին եւ ծառին կից, մի քառակուսի մետրանոց, մետաղե ցանցով ցանկապատի մեջ պառկած՝ քնկոտ նոխազին նկատեց։
Սա ի՞նչ է անում այստեղ, հետաքրքրվեց նա։
Անասնաբուժական դեղատան եւ թունաքիմիկատների խանութի տերը պատասխանեց, որ գյուղերից բերվող այծերին հղիացնելու համար է պահվում։
Հասկանալի է, ասաց Ելենը։
Այծերին արտասահմանյան սպերմայով արհեստական բեղմնա վորելը գյուղացու վրա թանկ է նստում։ Հիմա այծի պանիրն ու այծ պահելը մոդա է դարձել։
Ելենը զարմանում էր, թե ինչ պարտադիր էր՝ անասնա բուժական դեղատան տիրոջ այդքան մանրամասնորեն գյուղացու դժվարությունների, այծերին թանկ կամ էժան սպերմայով բեղմնավորելու եւ մոդայիկ պանրի մասին իրեն պատմելը։
Այդպես նրանք մի որոշ ժամանակ խոսում էին։ Նոխազը երբեմն֊երբեմն աչքերն էր բացում, հոնի հատիկների նման կարմիր վառվող բիբերով չորս կողմը դիտում։ Ելենը միայն այդ ժամանակ նկատեց՝ մետաղալարե ցանկապատին կարկատանի պես կպցրած, կանաչ գուաշով գրված ստվարաթղթե ցուցանակը, որ հայտարարում էր՝ «Չմոտենալ՝ խփող է»։
Նա նախազգուշացումը կարդալուց հետո տեսավ նոխազի ոչ սովորական՝ համաչափ ետ շրջված սլացիկ պոզերը։
Այնուհետեւ, աշխատակցուհին, որ Ելենի ծանոթն էր, գյուղատնտեսը դուրս եկավ։
Հասմիկն ասաց, որ ոչ թումբ քանդելը, ոչ էլ եռացրած ջուրն է օգնում։
Անասնաբուժական դեղատան եւ թունաքիմիկատների խանութի տերը գնաց ներս։ Ելենը ցանկապատի ցանցից բռնեց։
Հասմիկն ասաց, Նրանց մանրությանը նայելով՝ երբեմն մեզ թվում է, թե բույնը մոտերքում է։ Այնինչ՝ նրանց հասնել ոչ միշտ է հնարավոր… Ելենը ներսից տղամարդու եւ կնոջ խոսակցության ձայներ լսեց, երբ կենտրոնացավ, Հասմիկը բացատրեց, որ ավագ աղջկան սակավամտության պատճառով դպրոց չի տվել՝ առավոտից իրիկուն հեռուստացույցի ալիքներն է ետ֊առաջ տալիս։ Աղջկան ամեն օր աշխատանքի բերելը խանութի տիրոջ հետ կոնֆլիկտի պատճառ է։
Այնուհետեւ Հասմիկն ասաց, Իրականում նրանց բույնը գտնել, գրեթե չի հաջողվում, հատկապես, երբ այն կարող է բետոնե կառույցի հիմքերի տակ կամ տասը մետր խորության վրա լինել, երբեմն՝ նույնիսկ հողաշերտեր կտրելով, գրունտային ջրերին են հասնում։ Թեյնիկով եռացրած ջուր լցնելը կամ բահով թումբ քանդելը ծիծաղելի է անգամ։ Ելենը չընդհատեց։
Հասմիկը պարզաբանեց, որ նման դեպքերում միայն նրանց մի չնչին մասն է ոչնչացվում, իսկ այդ ընթացքում, մյուս ստվար զանգվածը հարյուր, հարյուր հիսուն մետր հեռու է․ «Ձեր տան կողքի մայրուղու տակով անցել՝ հարեւանի այգու ունեցվածքը բերելու է գնացել»։ Հասմիկը բացատրեց՝ ծառից ծառ, այգուց այգի ինչ բարդ կառույցներով ստորգետնյա անցուղիներ են ձգում, որոնք կարելի է իսկական լաբիրինթոսի հետ համեմատել։
Նա ներսում խանութի տիրոջը վճարեց թունաքիմիկատների համար։ Այդ ժամանակ էլ տեսավ փոքրիկ գլխով, կոճակի պես շրջանաձեւ դեմքով երեխային։
Ելենը դրսում կանգնած մնաց մետաղե ցանցով ցանկապատի մոտ՝ բաց դռնով նայում էր կիսամութ դեղատան ներսը՝ այն հավանական տեղին, որտեղ դեռ նստած կլիներ սակավամիտ երեխան՝ բութ մատը ծծելով։
Նա շուկայից մի երկու կիլոգրամ լոլիկ գնեց, վաճառողուհու հետ երկար խոսեցին։
Ելենը երբ աղցան էր պատրաստում, միջանցքում հեռախոսը զնգում էր։ Նա գնում էր, որ լսափողը վերցնի, սակայն արդեն գիտեր, որ այնտեղից է։ Ելենը ճիշտ էր գուշակել՝ նրանք էլ էին հաստատում, որ այդպես է։ Ինչքան էլ նա ցանկանում էր՝ իր տված հարցերին կոնկրետ պատասխան ստանալ, իզուր էր, չնայած, որ այդ ամենը Հակոբի հետ էր կապված։ Պարզապես այնտեղին հասկանալն անհնար էր։
Այդ ընթացքում Հասմիկը եկավ, թակեց մետաղե դարպասները։ Ելենը դուրս եկավ, Հասմիկը ցատկեց թափքից, երկուսով բացեցին ճռնչացող դռները, նա սանձից բռնած՝ ձիուն քաշեց ներս, ֆուրգոնը մտավ, Ելենը դարպասները տեղը դրեց, գնաց ետեւից։ Հասմիկը արձակել՝ տնքտնքացող ձիուն արածելու համար տանում էր այգու խորքը, դնչկալի մի կողմից բացած սանձի կաշեփոկով կապում էր ծառից։ Վերադարձավ, գնաց ֆուրգոնի ետեւը, կիսաշրջազգեստը հանեց։ Ելենը եկավ, արմունկով հենվեց անիվին։ Հասմիկը կռացավ՝ բանվորական տաբատը հագնելու։ Ելենը նկատեց դեռահասի հետույքը։ Հասմիկը ուղղվեց, մազափունջը դեմքից ետ գցեց։
Տպավորվել էր՝ կարմիր,առաձգական վարտիքից դուրս մնացած ազդրերի փայլատակած ճերմակը։ Ելենին քսվելով անցավ, ֆուրգոնի հակառակ կողմից անվաճաղերը ոստնելով՝ մագլցեց վեր։ Երկու հարյուրական լիտրանոց տակառների մեջ պահեց ծորակին միացրած ռետինե փողրակը։ Ելենը նստեց բետոնե ելուստին։ Հասմիկը ֆուրգոնի փայտե նստատեղի տակից ցելոֆանե տոպրակը հանեց։ Սպիտակ դեղափոշին հավասար բաժնեմասերով տակառների մեջ էր դատարկում՝ անասնա բուժական դեղերի վատ առեւտրից գանգատվելով, միաժամանակ, թունաքիմիկատը լուծելու համար, հարիսա եփող խոհարարի նման՝ փայտով փայլատակող ջուրը տակառների մեջ անընդհատ կլոր էր պտտեցնում։
Ելենը հարցրեց, Ինչի՞ են այգին դատարկում, ի՞նչ են ուզում։
Հասմիկը ութ հարյուր լիտր նեոցեդոլով թունավորած ջուրը մրջնանոցի անցքից ներս հոսեցրեց։ Անցավ մյուս մետաղե տակառի ետեւը, ռետինե փողրակը կախեց մեջը, ասաց, որ նրանք էլ կենսատարածք են ցանկանում ունենալ։ Ապրելու տեղի համար են եկել։ Նա ցամաքած փողրակի ծայրը բերանը դնելուց առաջ լավ սրբեց ափի մեջ ու մի քանի անգամ քաշեց։ Ելենն ասաց, որ զգույշ մնա։ Հասմիկը շտկվեց, մեջքով դարձավ նրա կողմը, թքեց խոտերի մեջ, հավատացրեց, որ դեռ երբեք այդպիսի բան չի պատահել, որ անգամ մի կաթիլ ջուր կուլ տա։ Պարզաբանեց, որ ռետինը տհաճ համ ունի, փողրակն է լեղի։
Այնուհետեւ Ելենին ասում էր, որ մրջյունները մարդու չափ հինեն, ո՞վ գիտի՝ երկրագնդի որ կետից են սկսել շարժվել․ անհաշվելի դարերի ընթացքում հարյուր հազարավոր կիլո մետրեր են կտրել, ո՞վ գիտի՝ քանի օվկիանոսներ են լողա ցել, քանի անապատներով են անցել, քանի սերունդներ են կորցրել ճանապարհներին, որ հասնեն այստեղ։
Ելենն ուզում էր ինչ֊որ բան ասել, սակայն չէր կարողանում ընդհատել՝ մեկ տակառների, մեկ էլ ֆուրգոնի ետեւն էր անցնում։ Այդ ընթացքում հեռվում մի քանի անգամ ձիու փայծաղը ղռղռաց։
Հասմիկը Ելենին թմբի մոտ կանչեց․ մրջյունը բրնձահատիկի չափ սպիտակ թրթուրը բերանին փախչում էր։ Ասաց, որ հասցրել են, եթե իրենք չմիջամտեին՝ մի քանի օրից նոր մրջյուն կծնվեր, մի ուրիշ ընտանիք կստեղծվեր, երկրորդ, երրորդ մրջնանոցները կբուսնեին այգում։ Այն ժամանակ ավելի դժվար էր լինելու առաջն առնելը։
Այգու խորքից վրնջաց ձին։ Հասմիկը գնաց այնտեղ ու նրա սանձափոկի մեջ խճճված ոտքն արձակեց։ Երբ նա վերադարձավ, Ելենն արդեն հիշել էր՝ ինչ էր ուզում ասել մրջյունների մասին։
Եթե եկել են, ըստ երեւույթին նրանց համար ոչ մի օրենք գոյություն չունի, ասաց նա։ Բայց որտեղ էին նրանք, երբ իրենցից էլ առաջ այստեղ առաջացավ ջուրը եւ հողը։ Փոշեհատիկ էին, երբ հորիզոնում աճում էր մեծ լեռը։ Ընդհանրապես չկային, երբ կառուցվում էր իրենց առանձնատունը։ Ուր էին, երբ Հակոբի հետ մշակեցին հողը։ Աներեւակայելի հեռուներում էին, երբ այգու վրայով առաջին անգամ անցան տան էլեկտրալարերը։ Որտեղ էին, երբ այստեղ սկսվեց կյանքը։
Ելենն իր դիմաց մրջյուններ տեսավ, որոնք գետնի տակից բոլոր անցքերով դուրս էին նետվում։ Փախչում էին՝ սպիտակ բոժոժները բերաններն առած։ Վերջից ելնողները թրթուրներն էին փախցնում, սակայն նրանք կամ բեռի ծանրությունից, կամ թունաքիմիկատի ազդեցությունից կորցրել էին հավասարակշռությունը․ հանկարծ իրենք իրենց առանցքի շուրջն էին դարձ֊դարձիկ պտտվում։ Ելենն սկսեց նայել, թե ինչպես են մրջյուններն ընկնում, ինչպես են դուրս ելնողներն անընդհատ նվազում․ հետո միանգամից դադարեց շարժումը։