Լեռ Կամսար
Պետական բարություն
Ամերիկան սաստիկ բարի էր դարձել:
Երազումս, իհարկե:
Դես ու դեն մարդիկ ուղարկեց, որ աշխարհում մի խեղճ ազգ ճարեն բերեն, ինքը լավություն անի դրան:
Գնացին մարդիկ, երկար ման եկան և Հայաստանը վերցրին բերին Ամերիկայի մոտ ասելով.
-Աշխարհում սրանից ավելի անբախտ ազգ չկա. ինչ անելու ես սրան արա:
Ամերիկան, որի սիրտը այնքան բարություն էր լցվել, որից սկսել էր նեղվել, անմիջապես գիրկն առավ այս փոքրիկ երկիրը ու հարցրեց.
-Անունդ ի՞նչ է, բալիկ:
-Հայաստան:
-Ինչո՞ւմ է ձեր թշվառությունը, մի պատմիր տեսնեմ:
-Իմ թշվառությունը անպատմելի է, հայրիկ: Աչք բացինք-չբացինք միշտ ավեր, միշտ կոտորած: Լենգ Թեմուրը մտնում ավերում գնում, Չինգիզ Խանն էր ներս մտնում, մեզ հանում բերդից վայր գլորում անդունդ: Շահ Աբասը մեզ լցրեց Արաքսը՝ կեսը ջուրը տարավ Կասպից ծով, կեսը ինքը տարավ Պարկաստան:
Սրա վրա Ամերիկան կանչեց իր ռազմական մինիստր Մակնամարային և ասաց.
-Երկու մեծ ատոմային ռումբ կպատրաստես. մեկը Լենգ Թեմուրի, մյուսը Չինգիզ Խանի գլխին նետելու:
-Հիմա նրանք չկան, վաղուցվա բան է պատմածս, - ասաց Հայաստանը:
-Ափսո՜ս: Եթե լինեին, ես կբռնեի երկուսի ականջից և գլուխներն այնպես կզարկեի իրար, որ աչքերը դուրս թռչեին իրենց կապիճներից:
-Նրանք չկան, բայց հիմա նրանցից վատը կա, - ասաց Հայաստանը, փաղաքշելով իր հայրիկին, - նրա ականջից բռնիր: Թաթար բռնակալները, երբ իմ ժողովրդին բերդից վայր էին գլորում, վերջի գլորվածները ողջ էին մնում: Բայց այս նոր թշնամին մեզ բերդից այնպես ցած գլորեց, որ շնչավոր չպրծավ:
-Բռնեմ պիտի նրա ականջից,- ասաց Ամերիկան տեղից վեր թռչելով: - Չասե¬՞ս նրա անունը:
-Նրա անունը Թուրքիա է:
-Ափսո՜ս, որ Թուրքիա է... Եթե Թուրքիա չլիներ, ես գիտեի ինչպես պիտի ոլորեի նրա ականջները: Բայց, ախր, Թուրքիան... ակա՜նջ չունի:
Այստեղ Հայաստանի սրտում կասկած ծագեց, վասնզի Թուրքիան ականջ ուներ, մինչև անգամ շատ մեծ սովորականից ...
-Ականջ չունի՝ քթիցը բռնիր:
-Մի հարցնեմ, տեսնեմ քիթ ունի՞:
-Քիթ չունի՝ մի ուրիշ տեղից բռնիր, հայրիկ ջան, մի տեղից բռնիր վերջապես: Նրա կատարածը անուն չունի, այնքան զարհուրելի բան արեց:
-Կիմանամ այդ մասին, - ասաց Ամերիկան, - դու քո անցյալից պատմիր:
-Իմ անցյալից ի՞նչ պատմեմ: Մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն էինք պատմության մեջ: Կատարելով Քրիստոսի պատվերը, մի երես Հունաստանին էինք դարձրել, մյուսը՝ Պարսկաստանին, որոնք անխնա հարվածում էին: Վերջում մեր թշնամիները շատացան, դարձան տասներկու: Իսկ մենք որովհետև միայն երկու երես ունեինք, չկարողացանք մեծ վարդապետի պատվերը կատարել:
-Զարմանալի է, որ Աստված չէր նախատեսել այդ հանգամանքը և համապատասխան քանակով երեսներ չէր տվել քեզ, փոքրիկս: Աստված ամենագետ է և պիտի հաշվի առներ քո թշնամիների թիվը քեզ ստեղծելիս: Շարունակիր:
-Ի՞նչ շարունակեմ, Աստված վայրի աշխարհակալների տունը քանդի, որ ինձ այս օրին գցեցին:
Այս միջոցին ներս մտավ հետախուզական բաժնի պետը և Ամերիկայի ականջին մի բան փսփսաց:
Սրա վրա Ամերիկան այլայլվեց, սփրթնեց և վեր կենալով տեղից սպառնական հարցրեց Հայաստանին.
-Դու Արտաշես կամ Տիգրան Մեծ անունով թագավորներ ունեցե՞լ ես պատմության մեջ:
-Ունեցել ենք, - պատասխանեց Հայաստանը վախեցած:
-Իսկ դրանք ամենամեծ աշխարահակալներն են եղել: Նրանք արշավել են, հասել մինչև Պաղեստին, ճանապարհին արցունք ու ավեր սփռելով: Շահ Աբասի ժամանակ էլի հայերի կեսը թափվել են Կասպից ծով՝ ազատվել են, իսկ Արտաշես աշխարհակալի և Տիգրան Մեծի օրոք բոլոր հրեաները բերվել են գերի և ձուվլել: Աշխարհակալի լավը կլինի՞... Ա՜, ուրեմն դու ունեցել ես այդպիսի թագավորներ: Եվ հետո էլ եկել, ուզում ես ազատվել բռնակալների լծից, հրամայում ես բռնել սրա-նրա ականջից: Եթե այս բանը չիմանայի, ուրեմն, պիտի բռնեի խեղճ Թուրքիայի ականջից և մեղանչեի արդարության դեմ: Քեզանից են ծնվել առաջին աշխարհակալները, նրանց հետևել են աշխարհի բոլոր մյուս աշխարհակալները: Եվ որպեսզի հեռու մնաս նման թագավորներից, բարի եղիր ականջներդ ինձ դարձնել, որ ամբողջ ուժովս ոլորեմ:
Եվ ոլորեց՝ ասելով.
-Երբ ուժեղ ես՝ աշխարհակալ ես, երբ թույլ ես՝ արդարություն ես որոնում: Ե՞րբ պիտի հասկանաս, որ դա աշխարհի օրենքն է:
Ասաց ու դուրս արեց իր «բալիկին»:
Հայաստանը գնում էր հուսախաբ և մտքում կշտամբում էր աշխարհակալ թագավորներին:
-Ի՞նչ հիմարություն: Երկու թագավորի պատճառով լեզուս կարճացավ: Ասենք՝ այստեղ ես եմ մեղավոր: Ասա, ա՜յ Հայաստան, եթե չես կարող սկզբից մինչև վերջ տիրել աշխարհին, ինչո՞ւ երկու թագավորով աշխարհակալություն ես անում: Այդ նշանակում է պաս ուտել՝ ժաժիկ ուտել...
Անտիպ 1963թ.