Հուսիկ Արա

Թեբեական

Նա իմ ննջարանը մտավ խարխափ ու անորոշ՝
որպես կեսգիշեր,
և հեռացավ առավոտի քայլերով՝ պաղլույս ու դեռ անարև։

Քաղաք, միշտ մուտք ու վերադարձ,
ո՞ւր տարար առավոտս հենց նոր տեսած․
ես փնտրել եմ նրան ամբողջ մի կյանք,
սպասել բոլոր ժամերի մեջ`
վստահելով այս հանդիպմանը առանց պայման։

Ամեն օր քո մեջ շրջած այգի,
չտեսա՞ր նրան․
իմ աչքերն ուներ,
իմ մարմնի գույնն ու
իմ հայացքով էր․
անհնար էր շփոթել նրան։

Փողոցներ, որ խնամքով պահում եք ոտնահետքերս,
և կամուրջներ՝ կախված ջրանցքներին,
իմ խոսքն է նրա լեզուն,
իմ բառն է նրա շուրթերին,
և ամեն սեթևեթն իմ բանաստեղծությունն է․
չէիք կարող չճանաչել։

Նրա ափերի մեջ իմ սիրտն է,
իսկ մատների տակ բարակում է հոգիս,
և իմ սպասման երկար արյունն է հագուստին․
դուք պե՛տք է ետ պահեիք նրան,ՙ
ծառուղում ու նստարանին համբուրվող զույգեր։

Ի՜նչ ճամփաների հիմա դիմեմ ես՝
արևածա՞գ, թե՞ մայրամուտ,
որ մինչև օրը և ժամս վերջին տեղ հասնեմ։

Իսկ դու, քաղաքի դարպասը հսկող
թեբեական հայացքով կույր գուշակ,
ասում ես՝ քո ննջարանը գնա,
եթե նա է, կգա առավոտի քայլերով,
որ չի գնացել։

Յատուկ Երաժշտություն
Ալ Այլուղս
Կոմիտաս

Ալ Այլուղս

Արա Գեղեցիկ և Շամիրամ
Արա Գեղեցիկ և Շամիրամ
Խաղա առցանց